Սեղմել Esc փակելու համար:
1992 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

1992 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ...

 

 

020.0053.250497

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

1992 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 25 ապրիլի 1997թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Հ. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,

մասնակցությամբ` դիմող կողմի ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Ա. Պետրոսյանի և նիստին հրավիրվածներ` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Մ. Ալեքսանյանի ու Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության իրավապայմանագրային վարչության պետ Շ. Ավագյանի,

քննության համար հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետը, 101 հոդվածի 1 կետը, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետը,

դռնբաց նիստում քննեց «1992 թվականի նոյեմբերի 27-ին Մոսկվայում ստորագրված` Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի հիմնադրման մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան` Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի հիմնադրման մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը քննության առնելու և որոշում ընդունելու վերաբերյալ:

Լսելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Հ. Խաչատրյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Ա. Պետրոսյանի բացատրությունները, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Մ. Ալեքսանյանի պարզաբանումները, հետազոտելով համաձայնագրի նորմերի բովանդակությունը, դիմումին կից ներկայացված տեղեկանքները և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի հիմնադրման մասին համաձայնագիրն ստորագրվել է 1992 թվականի նոյեմբերի 27-ին` Մոսկվայում, մի կողմից` ԱՄՆ, ՌԴ և Ճապոնիայի, մյուս կողմից` Ատոմային էներգիայի Եվրաընկերակցության և Եվրոպական տնտեսական ընկերակցության միջև:

Համաձայնագրի նպատակն է մշակել, հաստատել, ֆինանսավորել և վերահսկել խաղաղ նպատակներով օգտագործման համար նախատեսված գիտատեխնիկական նախագծերը, խնդիր դնելով աջակցել համաձայնագրին միացած երկրների` զենքի հետ առնչվող գիտնականներին և մյուս մասնագետներին, հնարավորություն ընձեռել նրանց իրենց ունակություններն և գիտելիքները խաղաղ գործունեության մեջ արդյունավետ վերակողմնորոշելու համար: Իր առջև դրված խնդիրներն իրագործելու նպատակով Կենտրոնն աջակցում է միջազգային և ազգային գիտատեխնիկական հիմնահարցերի լուծմանը, որը նպատակաուղղված է միջուկային անվտանգության ապահովմանը:

Համաձայնագրին միացող ԱՊՀ պետությունները, համաձայնագրի 13 հոդվածի համաձայն, ստանձնում են համաձայնագրի 8, 9 (ր), 10, 11 և 12 հոդվածներում ամրագրված պարտավորությունները:

1994 թվականի սեպտեմբերի 14-ի թիվ 429 որոշմամբ ՀՀ կառավարությունն արդեն իսկ միացել է համաձայնագրին, որը միջպետական է: Սակայն «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի կնքման, վավերացման և չեղյալ հայտարարման մասին» ՀՀ օրենքի 14 հոդվածի համաձայն ՀՀ կառավարությունը միջազգային պայմանագրերին Հայաստանի Հանրապետության միանալու մասին որոշումներ ընդունում է միայն միջկառավարական և միջգերատեսչական` վավերացման ոչ ենթակա պայմանագրերի վերաբերյալ: Տվյալ պարագայում ՀՀ կառավարությունը գերազանցել է իր լիազորությունները:

Ելնելով գործի քննության արդյունքներից և հիմք ընդունելով այն հանգամանքները, որ Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի հիմնադրման մասին համաձայնագրի դրույթները նպաստավոր պայմաններ են ապահովում Հայաստանում գիտական ներուժի արդյունավետ օգտագործման համար, հնարավորություն են ստեղծում ՀՀ տարածքում զենքի հետ առնչվող գիտնականներին, այլ անձանց արդյունավետ իրականացնելու ՀՀ Սահմանադրության 36 հոդվածով նախատեսված գիտական, տեխնիկական ստեղծագործության ազատության և գիտության նվաճումներից օգտվելու իրավունքը, դրանով իսկ ապահովելով նաև ՀՀ Սահմանադրության 4 հոդվածի պահանջների կատարումը,

ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. 1992 թվականի նոյեմբերի 27-ին Մոսկվայում ստորագրված` Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի հիմնադրման մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

25 ապրիլի 1997թ.

ՍԴՈ - 53

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
25.04.1997
N ՍԴՈ-53
Որոշում