020.0052.180497
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ
i
ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 17-Ի «ԱՆԱՊԱՏԱՑՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ» ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
18 ապրիլի 1997թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Ստեփանյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Հ. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,
մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար Ս. Ավետիսյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց «Միավորված ազգերի կազմակերպության 1994 թվականի հունիսի 17-ի «Անապատացման դեմ պայքարի» կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան` Միավորված ազգերի կազմակերպության 1994 թվականի հունիսի 17-ի «Անապատացման դեմ պայքարի» կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանությ որոշում ընդունելու վերաբերյալ:
Լսելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Ստեփանյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար Ս. Ավետիսյանի բացատրությունները, հետազոտելով կոնվենցիան և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
Միավորված ազգերի կազմակերպության 1994 թվականի հունիսի 17-ի «Անապատացման դեմ պայքարի» կոնվենցիայի նպատակն է միջազգային համագործակցության և ընկերակցության մասին համաձայնագրերի հիման վրա և համալիր մոտեցման շրջանակներում պայքարել անապատացման դեմ և մեղմացնել երաշտի հետևանքներն այն երկրներում, որտեղ կան երաշտի և անապատացման երևույթներ: Նախատեսվում է մշակել երկարաժամկետ համալիր ռազմավարություն` նշված տարածաշրջանների համար, որն ուղղված կլինի ինչպես հողերի բերրիության բարձրացմանը, այնպես էլ հողային ու ջրային ռեսուրսների վերականգնմանը, պահպանմանը և կայուն ու ռացիոնալ օգտագործմանը:
Այդ նպատակներին հասնելու համար կոնվենցիան նախատեսում է գործողությունների ազգային և տարածաշրջանային ծրագրերի մշակում, համապատասխան տեղեկատվության փոխանակում, ֆինանսական ռեսուրսների հավաքագրման և օգտագործման մեխանիզմներ և այլն:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. Միավորված ազգերի կազմակերպության 1994 թվականի հունիսի 17-ի «Անապատացման դեմ պայքարի» կոնվենցիայում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
18 ապրիլի 1997թ.
ՍԴՈ - 52