ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
16 փետրվարի 2005 թվականի թիվ 1
i
ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԲԱՆԿԱՅԻՆ ԱՎԱՆԴՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԵՐԱՇԽԱՎՈՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԵՎ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ ԱՎԱՆԴԱՏՈՒՆԵՐԻՆ ՀԱՅՏՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասով` հրապարակայնություն ապահովելու նպատակով ավանդների հատուցման երաշխավորման պայմանների և կարգի մասին ավանդատուին գրավոր տեղեկացնելու, Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի պարտականության վերաբերյալ ավանդատուին ծանուցում տրամադրելու նպատակով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը պարզաբանում է.
«Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 25-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ծանուցումը բանկերը պետք է տրամադրեն սկսած ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի` Օրենքով սահմանված կարգով ստեղծման պահից և պարտադիր հանձնեն բոլոր նոր այն ավանդատուներին, որոնց բանկային ավանդի պայմանագրի ժամկետը լրանալու է ոչ շուտ, քան 2005 թվականի հուլիսի 1-ը կամ անժամկետ (ցպահանջ) է: Ծանուցումը նշված ավանդատուներին հանձնվում է նրանց հետ ավանդի վերաբերյալ գործարքը կնքելու պահին: Բանկերը կարող են գրավոր ծանուցման համար Օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասով պահանջվող դրույթները պատշաճ կերպով արտացոլել ավանդատուի հետ կնքվող համապատասխան պայմանագրում: Ընդ որում, պայմանագրի` բանկում և ավանդատուի մոտ մնացող օրինակների վրա պետք է հստակ երևա, որ ավանդատուն ծանոթացել է ծանուցմանը վերաբերող դրույթներին:
Միևնույն ժամանակ, սկսած ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի ստեղծման պահից` բանկերը պարտավոր են Օրենքով սահմանված կարգով նշված ծանուցումն անմիջապես տրամադրել յուրաքանչյուր առկա այն ավանդատուներին.
ա) որոնց բանկային ավանդի պայմանագրի ժամկետը լրանալու է ոչ շուտ, քան 2005 թվականի հուլիսի 1-ը կամ անժամկետ (ցպահանջ) է, և որոնք ներկայացրել են նշված ծանուցումը ստանալու պահանջ.
բ) որոնք ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի ստեղծման պահից հետո իրենց ավանդի հետ կապված գործարք իրականացնելու նպատակով ներկայացել են բանկ:
Սույն պարզաբանման իմաստով «բանկային ավանդ» հասկացությունը համապատասխանում է «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի սահմանմանը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ
2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 21-ԻՆ