020.0036.280197
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ
i
1954 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-ԻՆ ՓԱՐԻԶՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
28 հունվարի 1997 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Ստեփանյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Հ. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,
մասնակցությամբ` դիմող կողմի ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության և սպորտի նախարարի տեղակալ Ս. Լուսիկյանի,
դատարանում քննարկման համար հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետը, 101 հոդվածի 1 կետը, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետը.
դռնբաց նիստում քննեց 1954 թվականի դեկտեմբերի 19-ին Փարիզում ստորագրված «Եվրոպական մշակութային կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան` Եվրոպական մշակութային կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը քննության առնելու և որոշում ընդունելու մասին:
Լսելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Հ. Խաչատրյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Ս. Լուսիկյանի բացատրությունները, հետազոտելով կոնվենցիայի նորմերի բովանդակությունը, դիմումին կից ներկայացված տեղեկանքները և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
Եվրոպական մշակութային կոնվենցիան ստորագրվել է 1954 թվականի դեկտեմբերի 19-ին` Փարիզում, Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների կառավարությունների կողմից:
Կոնվենցիայի նպատակն է եվրոպական մշակույթի պահպանմանն ու զարգացմանն ուղղված ընդհանուր քաղաքականության մշակումը, եվրոպական մշակութային ժառանգության հարստացումը, մշակութային արժեքների տեղաշարժի, փոխանակման ազատության ապահովումը և այլն:
Կոնվենցիան պարտավորեցնում է յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի ձեռնարկել միջոցներ Եվրոպայի ընդհանուր մշակութային ժառանգության մեջ իր ազգային ավանդը ներդնելու, իր քաղաքացիների կողմից մյուս Պայմանավորվող պետությունների լեզուների, պատմության և քաղաքակրթության ուսումնասիրումը կազմակերպելու ուղղությամբ:
Կոնվենցիան նախատեսում է եվրոպական նշանակություն ունեցող մշակութային գործունեությանն աջակցելուն ուղղված համաձայնեցված գործելակերպի ստեղծման համար Պայմանավորվող կողմերի` միմյանց հետ խորհրդակցելու անհրաժեշտությունը:
Կոնվենցիան բովանդակում է դրույթներ անձանց և մշակութային արժեքների տեղաշարժը դյուրացնելու, ինչպես նաև Պայմանավորվող կողմերի հսկողության տակ գտնվող` Եվրոպայի ընդհանուր մշակութային ժառանգության մասերի պահպանումը և դրանց հաղորդակցվելու պատշաճ հնարավորությունն ապահովելու վերաբերյալ:
Միևնույն ժամանակ կոնվենցիան Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի համար պայմաններ է նախատեսում երկկողմանի հարաբերություններ հաստատելու, ինչպես նաև ազգային օրենսդրության պահանջները լրիվ ծավալով կիրառելու համար:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
i
1. Եվրոպական մշակութային կոնվենցիայում (19 դեկտեմբերի 1954 թվական) ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
28 հունվարի 1997թ.
ՍԴՈ - 36