020.0035.280197
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ
i
ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ՃՅՈՒՂԵՐԻ ՄԻՋԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՑԻԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ԱՋԱԿՑԵԼՈՒ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՈՒ ՄԵԽԱՆԻԶՄԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
28 հունվարի 1997 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Ստեփանյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Հ. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,
մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Վ.Ավանեսյանի,
ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով և 101 հոդվածի 1 կետով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 25 հոդվածի 1 կետով և 56 հոդվածով,
դռնբաց նիստում քննեց «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների ձեռնարկությունների ու ճյուղերի միջև արտադրական կոոպերացիայի զարգացմանն աջակցելու ընդհանուր պայմանների ու մեխանիզմի մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան` Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների ձեռնարկությունների ու ճյուղերի միջև արտադրական կոոպերացիայի զարգացմանն աջակցելու ընդհանուր պայմանների ու մեխանիզմի մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը քննության առնելու և որոշում ընդունելու վերաբերյալ:
Լսելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Ստեփանյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Վ. Ավանեսյանի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների ձեռնարկությունների ու ճյուղերի միջև արտադրական կոոպերացիայի զարգացմանն աջակցելու ընդհանուր պայմանների ու մեխանիզմի մասին համաձայնագիրն ստորագրվել է 1993 թվականի դեկտեմբերի 23-ին` Աշգաբադում:
Համաձայնագիրը կնքվել է անսահմանափակ ժամկետով:
Համաձայնագրի նպատակն է պահպանել և համակողմանիորեն զարգացնել արտադրական կոոպերացիայի ոլորտում անդամ պետությունների միջև ձևավորված տնտեսական կապերը:
Համաձայնագրով Կողմերը պարտավորվում են գործուն միջոցներ կիրառել սեփականության բոլոր ձևերի ձեռնարկությունների միջև արտադրական կոոպերացիայի և մասնագիտացման խորացման ուղղությամբ և աջակցել համատեղ ձեռնարկությունների ստեղծմանը:
Ըստ համաձայնագրի արտադրական կոոպերացիայի ոլորտում համագործակցությունը պետք է կարգավորվի տնտեսական սուբյեկտների միջև կնքված պայմանագրերով:
Համաձայնագրի անբաժանելի մասն է կազմում 1994 թվականի ապրիլի 15-ին Մոսկվայում կնքված «ԱՊՀ մասնակից պետությունների ձեռնարկությունների և ճյուղերի միջև արտադրական կոոպերացիայի զարգացմանն աջակցելու ընդհանուր պայմանների ու մեխանիզմի մասին համաձայնագրի իրականացման մեխանիզմի մասին» արձանագրությունը:
Արձանագրությունն ստորագրվել է Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների ձեռնարկությունների ու ճյուղերի միջև արտադրական կոոպերացիայի զարգացմանն աջակցելու ընդհանուր պայմանների ու մեխանիզմի մասին համաձայնագրի իրականացման արդյունավետ մեխանիզմներ ստեղծելու նպատակով:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
i
1. Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների ձեռնարկությունների ու ճյուղերի միջև արտադրական կոոպերացիայի զարգացմանն աջակցելու ընդհանուր պայմանների ու մեխանիզմի մասին 1993 թվականի դեկտեմբերի 23-ին Աշգաբադում ստորագրված համաձայնագրում և դրա անբաժանելի մասը կազմող արձանագրությունում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
28 հունվարի 1997թ.
ՍԴՈ - 35