ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
22 մարտի 2004 թվականի թիվ 1
i
«ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 5-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 5-ՐԴ ՄԱՍԻ ԵՎ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 5-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն, անհատ ձեռնարկատերերը (ձեռներեցները) սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտի տարեկան չափը մինչև 1200000 դրամի դեպքում սոցիալական վճարումներ են կատարում հաշվարկման օբյեկտի 15 տոկոսի չափով, բայց ոչ պակաս 60 հազար դրամից: Նույն մասի 2-րդ պարբերության համաձայն անհատ ձեռնարկատերերը (ձեռներեցները) 2003թ. հունվարի 1-ից պարտավոր են յուրաքանչյուր ամսվա համար վճարել նվազագույն սոցիալական վճար` 5000 դրամի չափով, մինչև հաջորդ ամսվա 15-ը` անկախ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու կամ չիրականացնելու հանգամանքից:
Օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն անհատ ձեռնարկատերերը (ձեռներեցները) տարվա համար հաշվարկված սոցիալական վճարների և Օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ կետի 2-րդ մասով նախատեսված սոցիալական վճարների տարբերությունը լիազոր մարմին են փոխանցում (վճարում) հաջորդ տարվա մարտի 1-ից ոչ ուշ:
ՀՀ արդարադատության նախարարության կողմից 23.05.2003թ. պետական գրանցում ստացած ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահի 19.05.2003թ. «Անհատ ձեռնարկատիրոջ տարեկան եկամուտների մասին» հայտարարագրի ձևը, «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների հաշվարկման, կատարված ծախսերի և վճարումների մասին» ձև ՀՇ-1» հաշվետվության ձևն ու այն լրացնելու կարգը, «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների հաշվարկման, կատարված ծախսերի և վճարումների օրինականության ստուգման մասին» և «Վարձու աշխատողի աշխատանքի ընդունումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ձևակերպելու ճշտությունը ստուգելու մասին» ակտերի ձևերը հաստատելու վերաբերյալ թիվ 82-Ն հրամանով հաստատված թիվ 2 հավելվածի 1.3. կետի համաձայն` հաշվետու տարվա ընթացքում պետական գրանցում ստացած ապահովադրի համար հաշվետու տարի է համարվում նրա պետական գրանցման օրվանից մինչև տվյալ տարվա վերջը ընկած ժամանակաշրջանը:
Օրինակ. եթե անհատ ձեռնարկատերը (ձեռներեցը) պետական գրանցում է ստացել 2003թ. մայիս ամսին, ապա նրա համար հաշվետու ժամանակաշրջան է համարվում մայիսից-դեկտեմբեր ընկած ժամանակահատվածը և այդ ամիսների ընթացքում ձեռնարկատերը անկախ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու հանգամանքից յուրաքանչյուր ամսվա համար վճարելու է նվազագույն սոցիալական վճար` 5 հազար դրամի չափով: 8 ամիսների համար նրա վճարած սոցիալական վճարի նվազագույն չափը չի կարող պակաս լինել 40 հազար դրամից: Տվյալ դեպքում եթե անհատ ձեռներեցի սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտի տարեկան չափի 15 տոկոսը պակաս է 40000 դրամից, ապա ձեռներեցը վճարում է 40 հազար դրամ սոցիալական վճար, իսկ եթե ավելի է 40 հազար դրամից, ապա սոցիալական վճարը վճարվում է եկամտի 15 տոկոսի չափով: