ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
9 մարտի 2004 թվականի թիվ 1
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ (ՄԱՍՆԱՃՅՈՒՂ, ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆ) ՈՒՆԵՑՈՂ ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասին և 60-րդ հոդվածի 1-ին մասին, «Ոչ ռեզիդենտների շահութահարկի հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգի 3.1, 3.2 և 11.2 կետերին համապատասխան ոչ ռեզիդենտը հաշվետու տարվան հաջորդող ապրիլի 15-ից ոչ ուշ հարկային տեսչության մարմիններին է ներկայացնում տարեկան եկամուտների մասին հայտարարագիր, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ձևով հաշվապահական (ֆինանսական) հաշվետվություններ և կամայական (իր կողմից որոշված) ձևով հաշվետվություն իր գործունեության մասին: Հայտարարագրի մեջ ներառվում են հայաստանյան աղբյուրներից ստացված բոլոր եկամուտները:
«Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ և 20-րդ հոդվածներին, 23-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետին համապատասխան օտարերկրյա կազմակերպությունների առանձնացված ստորաբաժանումները (մասնաճյուղ, ներկայացուցչություն) տարեկան ֆինանսական հաշվետվությունները (հաշվապահական հաշվեկշիռ, ֆինանսական արդյունքների մասին հաշվետվություն, սեփական կապիտալում փոփոխությունների մասին հաշվետվություն, դրամական հոսքերի մասին հաշվետվություն, ֆինանսական հաշվետվություններին կից ծանոթագրություններ) ներկայացնում են պետական մարմիններ` օրենքով սահմանված կարգով:
Ստեղծված իրավիճակում տարաբնույթ են ընկալվում նշված իրավական ակտերի դրույթները` Հայաստանի Հանրապետությունում առանձնացված ստորաբաժանման (մասնաճյուղ, ներկայացուցչություն) միջոցով գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտի կողմից հարկային տեսչության մարմիններին ներկայացվող հաշվետվություններում և տարեկան հայտարարագրերում ներառվող տվյալների առումով:
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն իրավական ակտի պաշտոնական պարզաբանումը տրվում է իրավական ակտի պաշտոնական մեկնաբանման համար նախատեսված կանոններով, իսկ նշված օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն իրավական ակտի մեկնաբանությամբ չպետք է փոփոխվի դրա իմաստը:
Հաշվի առնելով վերը նշվածը պաշտոնապես պարզաբանում ենք`
Հայաստանի Հանրապետությունում առանձնացված ստորաբաժանման (մասնաճյուղ, ներկայացուցչություն) միջոցով գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտի կողմից հարկային տեսչության մարմիններին ներկայացվող հաշվապահական (ֆինանսական) հաշվետվություններում ներառվում են միայն այն տվյալները, որոնք անմիջականորեն վերաբերում են ոչ ռեզիդենտի Հայաստանի Հանրապետությունում առանձնացված ստորաբաժանմանը (այսինքն` չի պահանջվում այդ հաշվետվություններում ներառել ոչ ռեզիդենտի ամբողջ գործունեությանը վերաբերող տվյալներ), իսկ տարեկան եկամուտների մասին հայտարարագրում ներառվում են հայաստանյան աղբյուրներից ոչ ռեզիդենտի կողմից ստացված` հայտարարագրման ենթակա բոլոր եկամուտները:
i
2. «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 55-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի մասերի համաձայն, եթե ոչ ռեզիդենտն իր գործունեությունն իրականացնում է ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում, այլև նրա սահմաններից դուրս, չվարելով առանձնացված հաշվառում, ինչը թույլ չի տալիս որոշել առանձնացված ստորաբաժանման (մասնաճյուղ, ներկայացուցչություն) միջոցով իրականացված գործունեությունից առաջացած հարկվող շահույթը, ապա այն կարող է որոշվել հաշվարկի հիման վրա` հարկատուի և հարկային տեսչության մարմնի միջև համաձայնեցված եղանակով: Համաձայնեցված եղանակը հիմք է ծառայում հարկվող շահույթը որոշելիս, քանի դեռ չկա դրա փոփոխման համար բավարար ծանրակշիռ պատճառ:
Հայաստանի Հանրապետությունում առանձնացված ստորաբաժանման (մասնաճյուղ, ներկայացուցչություն) գործունեությունից ստացված հարկվող շահույթը կարող է որոշվել ոչ ռեզիդենտի համընդհանուր գործունեության հասույթում Հայաստանի Հանրապետությունում գործունեությունից ստացած ապրանքների (ծառայությունների) իրացումից ընդհանուր հասույթի տեսակարար կշռով, ինչպես նաև ոչ ռեզիդենտի համընդհանուր ծախսերում Հայաստանի Հանրապետությունում իրականացված գործունեության հետ կապված ծախսերի տեսակարար կշռով կամ ոչ ռեզիդենտի համընդհանուր անձնակազմում Հայաստանի Հանրապետությունում զբաղված անձնակազմի տեսակարար կշռով:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետությունում առանձնացված ստորաբաժանման (մասնաճյուղ, ներկայացուցչություն) միջոցով գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտի կողմից հարկային տեսչության մարմիններին ներկայացվող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ձևով հաշվապահական (ֆինանսական) հաշվետվություններում ներառվում են այն տվյալները, որոնք անմիջականորեն վերաբերում են ոչ ռեզիդենտի Հայաստանի Հանրապետությունում առանձնացված ստորաբաժանմանը, տարաբնույթ է ընկալվում վերը նշված դեպքերում հաշվապահական (ֆինանսական) հաշվետվություններում ներառվող ֆինանսական արդյունքների («Զուտ շահույթ (վնաս) մինչև շահութահարկի գծով ծախսի նվազեցումը») և հարկվող շահույթի համապատասխանության առումով:
Հաշվի առնելով վերը նշվածը պաշտոնապես պարզաբանում ենք`
եթե ոչ ռեզիդենտն իր գործունեությունն իրականացնում է ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում, այլև նրա սահմաններից դուրս, չվարելով առանձնացված հաշվառում, ինչը թույլ չի տալիս որոշել առանձնացված ստորաբաժանման (մասնաճյուղ, ներկայացուցչություն) միջոցով իրականացված գործունեությունից առաջացած հարկվող շահույթը, ապա հարկատուի և հարկային տեսչության մարմնի միջև համաձայնեցված եղանակով` հաշվարկի հիման վրա որոշվող հարկվող շահույթը (հարկային վնասը), որն արտացոլվում է ոչ ռեզիդենտի տարեկան եկամուտների մասին հայտարարագրում, չի կարող համապատասխանեցվել ոչ ռեզիդենտի առանձնացված ստորաբաժանման հաշվապահական (ֆինանսական) հաշվետվություններում ներառվող ֆինանսական արդյունքներին: