Սեղմել Esc փակելու համար:
«ԱՐՓԱ-ՍԵՎԱՆ» ԹՈՒՆԵԼԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԱՐՓԱ-ՍԵՎԱՆ» ԹՈՒՆԵԼԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ ԳՆԱՀԱՏՈՂ ՄԻ ...

 

 

041.0212.060503

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 մայիսի 2003 թվականի N 212-Ն

 

i

«ԱՐՓԱ-ՍԵՎԱՆ» ԹՈՒՆԵԼԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ ԳՆԱՀԱՏՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 133-Ն որոշման 2-րդ կետի «ա» ենթակետին համապատասխան`

1. Հաստատել «Արփա-Սևան» թունելի տեխնիկական վիճակը գնահատող միջգերատեսչական հանձնաժողովի կանոնադրությունը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-ԻՆ

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

վարչապետի 2003 թվականի

մայիսի 6-ի N 212-Ն որոշման

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ «ԱՐՓԱ-ՍԵՎԱՆ» ԹՈՒՆԵԼԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ ԳՆԱՀԱՏՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. «Արփա-Սևան» թունելի տեխնիկական վիճակը գնահատող միջգերատեսչական հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով) ստեղծվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի «Արփա-Սևան» թունելի անհետաձգելի հիմնանորոգման և վերակառուցման աշխատանքները կազմակերպելու, դրա հետագա անխափան շահագործման և տեխնիկական վիճակի բարելավման միջոցառումների մասին» N 133-Ն որոշմամբ:

2. Հանձնաժողովն իր աշխատանքներն իրականացնելիս ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ:

 

2. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

3. Հանձնաժողովի գործունեության հիմնական խնդիրներն են`

ա) «Որոտան-Արփա-Սևան» թունելների շահագործման վարչություն» պետական հիմնարկի կողմից արձանագրված թերությունների մասին ակտերի հիման վրա «Արփա-Սևան» թունելի և դրա հիդրոտեխնիկական կառուցվածքների ընթացիկ տեխնիկական վիճակի գնահատումը.

բ) «Արփա-Սևան» թունելի և դրա հիդրոտեխնիկական կառուցվածքների պահպանման ու շահագործման բարելավման միջոցառումների մասին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտե տեղեկատվություն ներկայացնելը.

գ) առաջիկայում կատարվելիք աշխատանքների առաջնահերթության և ժամանակացույցի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտե առաջարկություններ ներկայացնելը:

 

3. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

4. Հանձնաժողովը, ելնելով իր գործունեության հիմնական խնդիրներից, իրականացնում է հետևյալ գործառույթները`

ա) «Որոտան-Արփա-Սևան» թունելների շահագործման վարչություն» պետական հիմնարկի կողմից «Արփա-Սևան» թունելի և դրա հիդրոտեխնիկական կառուցվածքների տեխնիկական վիճակի հետազննման արդյունքների հիման վրա կազմված` թերությունների մասին ակտերի վերաբերյալ մասնագիտական եզրակացություն տալը.

բ) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին «Արփա-Սևան» թունելի և դրա հիդրոտեխնիկական կառուցվածքների հիմնանորոգման ու վերակառուցման աշխատանքների տարեկան ծրագրերի և ըստ փուլերի դրանց իրականացման ժամանակացույցի վերաբերյալ մասնագիտական եզրակացություն տալը.

գ) «Արփա-Սևան» թունելի հիմնանորոգման և վերակառուցման տարեկան ծրագրերով նախատեսված աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի պատվիրման համար կազմված տեխնիկական առաջադրանքի հաստատում.

դ) «Արփա-Սևան» թունելի և դրա հիդրոտեխնիկական կառուցվածքների տեխնիկական վիճակի հետազննման արդյունքներով կազմված` թերությունների մասին ակտերի հիման վրա փաստացի կատարված աշխատանքների վերաբերյալ փորձագիտական եզրակացություն տալը` պատվիրատուի կողմից դրանք ընդունվելու, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտե, այնուհետև` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացվելու համար.

ե) «Արփա-Սևան» թունելի և դրա հիդրոտեխնիկական կառուցվածքների տեխնիկական վիճակի հետազննման ընթացքում, ըստ անհրաժեշտության, հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու համար նաև շահագրգիռ նախարարությունների և կազմակերպությունների համապատասխան մասնագետներին հրավիրելը.

զ) «Արփա-Սևան» թունելի և դրա հիդրոտեխնիկական կառուցվածքների տեխնիկական վիճակի բարելավման նպատակով ներկայացված առաջարկությունների վերաբերյալ քննարկումների կազմակերպում և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտե դրանց կիրառման մասին կարծիք ներկայացնելը:

 

4. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

5. Հանձնաժողովի գործունեությունը կազմակերպվում է նիստերի, խորհրդակցությունների և արտագնա ստուգայցերի միջոցով: Նիստերը հրավիրվում են ըստ անհրաժեշտության, հանձնաժողովի նախագահի կամ հանձնաժողովի առնվազն յոթ և ավելի անդամների առաջարկությամբ, բայց առնվազն յուրաքանչյուր երեք ամիսը մեկ անգամ:

6. Հանձնաժողովի աշխատանքները ղեկավարում է հանձնաժողովի նախագահը, իսկ նրա բացակայության դեպքում` հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ` հանձնաժողովի անդամներից մեկը:

7. Հանձնաժողովի նիստի օրակարգը կազմում է հանձնաժողովի քարտուղարը` հաշվի առնելով հանձնաժողովի անդամներից ստացված առաջարկությունները: Օրակարգը հաստատվում է հանձնաժողովի որոշմամբ:

8. Հանձնաժողովի քարտուղարը հանձնաժողովի նիստի հրավիրման, դրա անցկացման տեղի ու ժամանակի մասին նիստի հրավիրման օրվանից ոչ ուշ, քան երեք օր առաջ տեղեկացնում է հանձնաժողովի անդամներին` նրանց տրամադրելով նիստի օրակարգը և քննարկվելիք հարցերին վերաբերող նյութերը:

9. Հանձնաժողովի նիստերն ու նրա կողմից ընդունված որոշումները համարվում են իրավազոր` նիստին հանձնաժողովի առնվազն յոթ անդամի մասնակցության դեպքում:

10. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցած հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:

11. Հանձնաժողովի նիստերին խորհրդակցական ձայնի իրավունքով կարող են հրավիրվել նաև Հայաստանի Հանրապետության այլ շահագրգիռ նախարարությունների և կազմակերպությունների համապատասխան մասնագետները` հանձնաժողովի նախագահի կամ հանձնաժողովի անդամների նախաձեռնությամբ:

12. Հանձնաժողովի որոշումները ձևակերպվում են արձանագրությամբ:

13. Արձանագրությունն ստորագրում են հանձնաժողովի նախագահը և հանձնաժողովի անդամ` «Որոտան-Արփա-Սևան» թունելների շահագործման վարչություն» պետական հիմնարկի աշխատողը: Հատուկ կարծիքի առկայության դեպքում այն գրավոր ներկայացվում է հանձնաժողովի նախագահին և կցվում արձանագրությանը:

14. Հանձնաժողովի նախագահը`

ա) հրավիրում է հանձնաժողովի նիստերն ու նախագահում դրանք.

բ) կազմակերպում և համակարգում է հանձնաժողովի աշխատանքները.

գ) ստորագրում է հանձնաժողովի նիստի որոշումները և արձանագրությունները, հանձնաժողովի գործունեությանն առնչվող անհրաժեշտ փաստաթղթերը:

15. Հանձնաժողովի անդամները`

ա) մասնակցում են հանձնաժողովի նիստերին և իրականացնում հանձնաժողովի առջև դրված խնդիրների լուծման հետ կապված աշխատանքները.

բ) պարտավոր են 5-օրյա ժամկետում ներկայացնել նիստի արձանագրության վերաբերյալ իրենց կարծիքները.

գ) հանձնաժողովի նիստին հարգելի պատճառով չմասնակցելու դեպքում նախապես տեղեկացնում են հանձնաժողովի նախագահին:

16. Հանձնաժողովի քարտուղարը`

ա) նախապատրաստում է հանձնաժողովի նիստերը.

բ) հանձնաժողովին է տրամադրում նրա գործունեությանը վերաբերող նյութերն ու ընթացիկ տեղեկատվությունը.

գ) կազմում է հանձնաժողովի նիստերի արձանագրությունները և դրանք 5-օրյա ժամկետում ներկայացնում նիստին մասնակցած հանձնաժողովի անդամներին:

 

5. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

17. Հանձնաժողովի գործունեությունը դադարում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

18. Հանձնաժողովի գործունեությանն առնչվող փաստաթղթերը և մյուս նյութերը հանձնաժողովի գործունեության դադարումից հետո ենթակա են պահպանման` «Որոտան-Արփա-Սևան» թունելների շահագործման վարչություն» պետական հիմնարկում:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
06.05.2003
N 212-Ն
Որոշում