09.01.2025 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ
ՀՐԱՄԱՆ
17 օգոստոսի 2022 թվականի N 849-Ն
ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԵԼԱՑՆՈՂ ԵՎ (ԿԱՄ) ՀԱՇՎԱՆՑՎՈՂ (ՊԱԿԱՍԵՑՎՈՂ) ԳՈՒՄԱՐԸ ՆՎԱԶԵՑՆՈՂ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԻ (ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՃՇՏՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԻ) ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 53-րդ հոդվածի 10.1-ին մասը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 702-Լ որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կանոնադրության 17-րդ կետի 16-րդ ենթակետով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Սահմանել «Հարկային պարտավորությունն ավելացնող և (կամ) հաշվանցվող (պակասեցվող) գումարը նվազեցնող հարկային հաշվարկների (այդ թվում` ճշտված հարկային հաշվարկների) ներկայացման կարգը» համաձայն` հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Ռ. Բադասյան
Հավելված
Հայաստանի Հանրապետության
պետական եկամուտների կոմիտեի
նախագահի
2022 թ. օգոստոսի 17-ի
N 849-Ն հրամանի
ԿԱՐԳ
ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԵԼԱՑՆՈՂ ԵՎ (ԿԱՄ) ՀԱՇՎԱՆՑՎՈՂ (ՊԱԿԱՍԵՑՎՈՂ) ԳՈՒՄԱՐԸ ՆՎԱԶԵՑՆՈՂ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԻ (ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՃՇՏՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԻ) ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են հարկային պարտավորությունն ավելացնող և (կամ) հաշվանցվող (պակասեցվող) գումարը նվազեցնող հարկային մարմին էլեկտրոնային եղանակով ներկայացվող այն հարկային հաշվարկների (այդ թվում` ճշտված հարկային հաշվարկների) ներկայացման հետ կապված հարաբերությունները, որոնք վերաբերում են այն հաշվետու ժամանակաշրջանին`
1) որը տվյալ հարկատեսակի գծով ստուգվել է հարկային մարմնի (իսկ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված դեպքերում` հարկային հաշվարկները այլ լիազոր մարմիններին ներկայացնելու դեպքում` այդ մարմնի) կողմից, բացառությամբ տրանսֆերային գնագոյացման հարկային հաշվարկների,
2) որի վերջին օրվանից անցել է երեք տարի, իսկ տրանսֆերային գնագոյացման հաշվարկի դեպքում` հինգ տարի.
3) որը տվյալ հարկատեսակի գծով արդեն ուսումնասիրվել է հարկային մարմնի կողմից` Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 349.1-ին հոդվածով սահմանված կարգով,
4) որը միասնական հաշվին մուտքագրման ենթակա գումարների հիմնավորվածության ուսումնասիրության նպատակով արդեն ուսումնասիրվել է հարկային մարմնի կողմից,
5) որի արդյունքներով առաջացած ավելացված արժեքի հարկի փոխհատուցվող գումարների մուտքագրումը միասնական հաշվին կատարվել է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 348-րդ հոդվածի 10-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած պարզեցված ընթացակարգով:
(1-ին կետը փոփ. 30.12.2024 թիվ 1739-Ն հրաման)
2. Սույն կարգի 1-ին կետում նշված դեպքերին վերաբերող` հարկային պարտավորությունն ավելացնող և (կամ) հաշվանցվող (պակասեցվող) գումարը նվազեցնող հարկային հաշվարկն (այդ թվում` ճշտված հարկային հաշվարկը) ընդունելու նպատակով, հարկ վճարողը` մինչև նշված հարկային հաշվարկի ներկայացումը` հարկային մարմին ներկայացնում է դիմում` սույն հավելվածի ձևին համապատասխան: Մինչև հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում դիմումի էլեկտրոնային տարբերակի տեղադրումը` դիմումը ներկայացվում է թղթային եղանակով:
3. Հարկ վճարողի դիմումում նշվում են այն հաշվետու ժամանակաշրջանը և հարկատեսակը, որոնց գծով նախատեսվում է հարկային մարմին ներկայացնել հարկային պարտավորությունն ավելացնող և (կամ) հաշվանցվող (պակասեցվող) գումարը նվազեցնող հարկային հաշվարկ (այդ թվում` ճշտված հարկային հաշվարկ): Ընդ որում, հարկ վճարողի դիմումում նշվում են այն հաշվետու ժամանակաշրջանի և հարկատեսակի գծով հարկային հաշվարկները, որոնց էլեկտրոնային տարբերակները առկա են հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում:
4. Հարկ վճարողի դիմումը հարկային մարմնում ստացվելու օրվանից երկու ամսվա ընթացքում հարկային մարմինը ճշտում է դիմումում նշված տեղեկատվության համապատասխանությունը սույն կարգի 1-ին և 3-րդ կետերում նշված պահանջներին, և, համապատասխանության դեպքում, կազմակերպում է ներկայացման ենթակա` հարկային պարտավորությունն ավելացնող և (կամ) հաշվանցվող (պակասեցվող) գումարը նվազեցնող հարկային հաշվարկի էլեկտրոնային եղանակով հարկային մարմին ընդունման ծրագրային ապահովումը: Սույն կարգի 1-ին կամ 3-րդ կետերում նշված որևէ պահանջին անհամապատասխանության դեպքում հարկ վճարողի դիմումը գրավոր հիմնավորմամբ մերժվում է հարկային մարմնի կողմից:
5. Հարկային հաշվարկի էլեկտրոնային եղանակով ընդունման ծրագրային ապահովումը պատրաստ լինելու և հարկային հաշվարկը էլեկտրոնային եղանակով ընդունելու հնարավորության առկայության վերաբերյալ հարկային մարմինը երկու աշխատանքային օրվա ընթացքում ծանուցում է հարկ վճարողին:
6. Սույն կարգի 5-րդ կետում նշված ծանուցումը ստանալուց հետո հարկ վճարողը կարող է ներկայացնել հարկային պարտավորությունն ավելացնող և (կամ) հաշվանցվող (պակասեցվող) գումարը նվազեցնող հարկային հաշվարկ (այդ թվում` ճշտված հարկային հաշվարկ), որի տվյալները ինքնաշխատ կերպով արտացոլվում են հարկ վճարողի անձնական հաշվի քարտում:
7. Որևէ հարկատեսակի գծով հարկային պարտավորությունն ավելացնող և (կամ) հաշվանցվող (պակասեցվող) գումարը նվազեցնող հարկային հաշվարկի (այդ թվում` ճշտված հարկային հաշվարկի) սույն կարգին համապատասխան էլեկտրոնային եղանակով ընդունման ծրագրային ապահովման առկայության մասին հարկ վճարողներին իրազեկումն իրականացվում է հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում տեղեկատվություն հրապարակելու միջոցով:
8. Հարկ վճարողներին սույն կարգի 7-րդ կետում նշված իրազեկումից հետո իրազեկմամբ նշված հարկատեսակին վերաբերող` հարկային պարտավորությունն ավելացնող և (կամ) հաշվանցվող (պակասեցվող) գումարը նվազեցնող հարկային հաշվարկները (այդ թվում` ճշտված հարկային հաշվարկները) հարկային մարմին կարող են ներկայացվել առանց սույն կարգի 2-րդ կետում նշված դիմումի ներկայացման:
Ձև
._____________________________________________________________________.
| ԴԻՄՈՒՄ | Փաստաթղթի հերթական համարը |
|ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆ | __________________________________ |
|ԱՎԵԼԱՑՆՈՂ ԵՎ (ԿԱՄ) ՀԱՇՎԱՆՑՎՈՂ | (լրացվում է հարկային մարմնի կողմից)|
|(ՊԱԿԱՍԵՑՎՈՂ) ԳՈՒՄԱՐԸ ՆՎԱԶԵՑՆՈՂ | |
|ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԱՐԿԻ (ԱՅԴ ԹՎՈՒՄ` | |
|ՃՇՏՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԱՐԿԻ) | |
|ԸՆԴՈՒՆՄԱՆ | |
|_______________________________|_____________________________________|
|1. Հարկ վճարողի հաշվառման |_____________________________________|
|համարը (ՀՎՀՀ) | |
|_______________________________|_____________________________________|
|2. Հարկ վճարողի անվանումը | |
|_______________________________|_____________________________________|
|3. Հարկ վճարողի գտնվելու վայրը | |
|_______________________________|_____________________________________|
|4. Հարկ վճարողի հեռախոսահամարը | |
._____________________________________________________________________.
Խնդրում եմ ընդունել___________________________________________________
(լրացվում է այն հաշվետու ժամանակաշրջանը, որի համար
նախատեսվում է ներկայացնել հարկային հաշվարկը)
հաշվետու ժամանակաշրջանի ______________________________________________
գծով` (լրացվում է հաշվարկի և հարկատեսակի անվանումը)
հարկային պարտավորությունն ավելացնող և (կամ) հաշվանցվող (պակասեցվող) գումարը նվազեցնող հարկային հաշվարկ(ներ)ը (այդ թվում` ճշտված հարկային հաշվարկ(ներ)ը):
Պաշտոնատար անձ ____________________________________________________
ստորագրությունը, անունը, ազգանունը
Պաշտոնական հրապարակման օրը` 17 օգոստոսի 2022 թվական: