01.10.2021 -
040.0623.200613
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
13 հունիսի 2013 թվականի N 623-Ն
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ, ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ԵՎ ԴԵՊՔԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել համապատասխանության գնահատման մարմինների նշանակման ընթացակարգը, չափանիշները և դեպքերը` համաձայն հավելվածի:
(1-ին կետը փոփ. 31.08.15 թիվ 991-Ն որոշում)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
(վերնագիրը փոփ. 31.08.15 թիվ 991-Ն որոշում)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2013 թվականի հունիսի 13-ի
N 623-Ն որոշման
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ, ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ԵՎ ԴԵՊՔԵՐԸ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն ընթացակարգով (այսուհետ` կարգ) և չափանիշներով կարգավորվում են տեխնիկական կանոնակարգերի (այսուհետ` ՏԿ) պահանջներին համապատասխանության գնահատման ծառայություն մատուցելու համապատասխանության գնահատման մարմնի (այսուհետ` ՀԳՄ) նշանակման չափանիշների և ընթացակարգերի հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև սահմանվում են նշանակման դեպքերը:
(1-ին կետը փոփ. 31.08.15 թիվ 991-Ն որոշում)
2. Նույն ՏԿ-ի պահանջների ապահովման համար կարող են նշանակվել մի քանի ՀԳՄ-ներ:
3. Սույն կարգում օգտագործվող հասկացություններն ունեն «Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածով սահմանված իմաստը:
II. ՀԳՄ-Ի ՆՇԱՆԱԿՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ԵՎ ԴԵՊՔԵՐԸ
4. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող են նշանակվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հավատարմագրված իրավաբանական այն անձինք, որոնք բավարարում են սույն կարգով սահմանված պահանջներին:
5. ՀԳՄ-ն պետք է իրականացնի «Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, ինչպես նաև համապատասխան ՏԿ-ով իրեն վերապահված համապատասխանության գնահատման այն բոլոր պահանջները, համաձայն որոնց հավակնում է դառնալ նշանակված մարմին` անկախ պահանջների իրականացման եղանակից:
6. Նշանակվելու համար ՀԳՄ-ն, համապատասխանության գնահատման յուրաքանչյուր ընթացակարգի, ինչպես նաև արտադրանքի յուրաքանչյուր տեսակի համար, որի համար նշանակվելու է, պետք է`
1) ունենա համապատասխանության գնահատման գործունեության իրականացման համար պատասխանատու և համապատասխան իրավասություն ունեցող, համապատասխանության գնահատման գործունեության բոլոր տեսակներն ընդգրկող տեխնիկական գիտելիքներ, մասնագիտական պատրաստվածություն և տվյալ ոլորտում փորձ ունեցող, կիրառվող ՏԿ-երի և դրանց համապատասխան փոխկապակցված ստանդարտների հիմնական պահանջների, ինչպես նաև ազգային օրենսդրության համապատասխան դրույթների վերաբերյալ համապատասխան գիտելիքներ, ինչպես նաև իրականացված գնահատման ապացույցներ հանդիսացող հաշվետվության, համապատասխանության սերտիֆիկատների տրամադրման և հաշվառման համար անհրաժեշտ հմտություն ունեցող աշխատակազմ (իր գործունեության ընթացքում` առնվազն 1500 փորձարկման արձանագրությունների և (կամ) առնվազն 500 համապատասխանության սերտիֆիկատների առկայություն) և զերծ լինի, մասնավորապես, համապատասխանության գնահատման գործունեության արդյունքներով հետաքրքրված անձանց կամ անձանց խմբերի կողմից առաջացած ցանկացած տեսակի ճնշումներից և ֆինանսական խրախուսանքներից, որոնք կարող են ազդել համապատասխանության գնահատման գործունեության արդյունքների կամ գնահատման վրա.
2) ունենա համապատասխանության գնահատման գործունեության հետ կապված տեխնիկական կարողություններ և միջոցներ, որոնք անհրաժեշտ են վարչական և տեխնիկական խնդիրների լուծման համար, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, նրան պետք է հասանելի լինեն անհրաժեշտ սարքավորումներն ու տարածքները.
3) լինի անկախ այն կազմակերպությունից կամ արտադրանքից, որին գնահատում է` հանդես գալով որպես համապատասխանության գնահատման երրորդ կողմ: ՀԳՄ-ն չպետք է ներկայացնի այնպիսի կազմակերպություն, որը ներգրավված է գնահատվող արտադրանքի նախագծման, արտադրման, առաքման, իրացման կամ վերանորոգման գործընթացներում, ինչպես նաև հանդես չգա որպես արտադրանքի նախագծող, արտադրող, մատակարար, տեղադրող, սեփականատեր կամ գնահատվող արտադրանքի վերանորոգման օպերատոր, կամ էլ որպես նշված կողմերից մեկի նշանակված լիազոր ներկայացուցիչ, անմիջականորեն ներգրավված չլինի համապատասխան արտադրանքի նախագծման, արտադրման կամ ստեղծման, շուկայահանման, տեղադրման, վաճառքի կամ վերանորոգման աշխատանքների մեջ: ՀԳՄ-ն, մասնավորապես, չպետք է ներգրավված լինի արտադրանքի համապատասխանության գնահատման հետ կապված այնպիսի գործունեության մեջ, որը կարող է ազդել իր անկողմնակալության կամ անկախության վրա: Այս դրույթները, մասնավորապես, կիրառվում են խորհրդատվական ծառայությունների տրամադրման համար:
(6-րդ կետը փոփ. 31.08.15 թիվ 991-Ն որոշում)
7. Համապատասխանության գնահատման նշանակված մարմինը (այսուհետ` ՀԳՆՄ) համապատասխանության գնահատման այն աշխատանքների իրականացման համար, որոնց կատարման համար ինքն իրավասություն չունի, կարող է կնքել ենթակապալի պայմանագրեր (համապատասխանության գնահատման գործունեությունը կարող է իրականացվել ենթակապալառուի կամ մասնաճյուղի կողմից` միայն հաճախորդի գրավոր համաձայնության դեպքում), սակայն ենթակապալառուին իրավունք չի տրվում հաստատել, կասեցնել կամ չեղյալ համարել համապատասխանության մասին որոշումը:
8. Եթե ՀԳՄ-ն համապատասխանության գնահատման աշխատանքների իրականացման համար կնքում է ենթակապալի պայմանագրեր կամ դիմում է իր մասնաճյուղերին, ապա ՀԳՆՄ-ն գրավոր երաշխավորում է, որ ենթակապալառուն կամ մասնաճյուղը բավարարում է (են) սույն կարգով սահմանված պահանջները, որ իր մասնաճյուղի կամ ենթակապալառուի առկայության դեպքում վերջիններիս գործունեությունը բացասաբար չի անդրադառնա համապատասխանության գնահատման գործունեության գաղտնիության, օբյեկտիվության կամ անկողմնակալության վրա և 5 աշխատանքային օրվա ընթացքում, բացառապես էլեկտրոնային և (կամ) գրավոր եղանակով, համակարգող մարմնին ծանուցում (ներկայացնում) է ինչպես գրավոր երաշխավորագիր, այնպես էլ ենթակապալառուի կամ մասնաճյուղի անձնակազմի որակավորման գնահատման, ինչպես նաև «Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա նրանց կողմից իրականացվող աշխատանքներին վերաբերող համապատասխան փաստաթղթեր:
9. ՀԳՆՄ-ն, անկախ ենթակապալառուի կամ մասնաճյուղերի գտնվելու վայրից, ամբողջովին պատասխանատվություն է կրում նրանց կողմից իրականացված աշխատանքների համար:
10. ՀԳՄ-ները Հայաստանի Հանրապետությունում գործող ապահովագրական ընկերությունների հետ պետք է կնքեն պատասխանատվության ապահովագրական պայմանագրեր:
11. ՀԳՄ-ն, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում, իր կողմից պատճառած վնասների համար պարտավոր է փոխհատուցել հայտատուին:
11.1. Տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության գնահատումն իրականացնում են համապատասխանության գնահատման համար նշանակված մարմինները հետևյալ դեպքերում`
1) եթե մասնակցելու են տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանման պետական վերահսկողության ժամանակ նմուշառված փորձանմուշների փորձարկումներին.
2) եթե իրականացնելու են համապատասխանության գնահատման ձև հանդիսացող ոչ պարենային և պարենային արտադրանքի գրանցում (պետական գրանցում).
3) եթե իրականացնելու են համապատասխանության հայտարարագրի գրանցում և (կամ) համապատասխանության նշանի տրամադրում:
(11.1-ին կետը լրաց. 31.08.15 թիվ 991-Ն որոշում)
11.2. Տեխնիկական կանոնակարգերին համապատասխան համապատասխանության գնահատման փաստաթղթեր (համապատասխանության հայտարարագրի, համապատասխանության սերտիֆիկատի, պետական գրանցման վկայականի, տեխնիկական կանոնակարգով սահմանված գնահատման այլ փաստաթղթի) գրանցելու կամ ստանալու համար հայտատուն համապատասխան տեխնիկական կանոնակարգով սահմանված փաստաթղթերի փաթեթը համապատասխանության գնահատման նշանակված մարմնին (այսուհետ` ՀԳՆՄ) ներկայացնում է և ՀԳՆՄ-ը համապատասխանության գնահատման փաստաթուղթը գրանցում կամ տրամադրում է էլեկտրոնային եղանակով` «Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am) հասանելի «Թույլատվական փաստաթղթեր (sw.gov.am)» համակարգի միջոցով:
(11.2-րդ կետը լրաց. 10.06.2021 թիվ 977-Ն որոշում)
11.3. Անհաղթահարելի ուժի առկայության, ինչպես նաև այլ երկրներ ներկայացնելու անհրաժեշտության դեպքերում սույն որոշման 11.2-րդ կետով սահմանված փաստաթղթերը կարող են ներկայացվել և գրանցվել կամ տրամադրվել թղթային եղանակով:
(11.3-րդ կետը լրաց. 10.06.2021 թիվ 977-Ն որոշում)
11.4. Հայտատուի կողմից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքներով ՀԳՆՄ-ները դիմելու օրվանից հետո ոլորտը կանոնակարգող համապատասխան օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում գրանցում կամ տալիս են համապատասխան տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության գնահատման փաստաթուղթը կամ պատճառաբանված որոշմամբ մերժում են հայտը:
(11.4-րդ կետը լրաց. 10.06.2021 թիվ 977-Ն որոշում)
11.5. Համապատասխանության գնահատման փաստաթղթի գրանցման կամ տրման մերժման մասին ծանուցումը հայտատուին տրամադրվում է «Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am) հասանելի «Թույլատվական փաստաթղթեր (sw.gov.am)» համակարգի միջոցով, բացառությամբ անհաղթահարելի ուժի առկայության դեպքերի, երբ դրանք կարող են տրամադրվել թղթային եղանակով:
(11.5-րդ կետը լրաց. 10.06.2021 թիվ 977-Ն որոշում)
11.6. Համապատասխանության գնահատման փաստաթղթի գործողության դադարեցման վերաբերյալ որոշումն ընդունվելու դեպքում հայտատուն համապատասխանության գնահատման փաստաթղթի գործողության դադարեցման վերաբերյալ ծանուցումը ՀԳՆՄ-ին է ներկայացնում «Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am) հասանելի «Թույլատվական փաստաթղթեր (sw.gov.am)» համակարգի միջոցով:
(11.6-րդ կետը լրաց. 10.06.2021 թիվ 977-Ն որոշում)
11.7. Տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության գնահատման փաստաթղթերի և համապատասխանության գնահատման մարմինների մասով ամբողջական տեղեկատվությունը հասանելի դարձնելու նպատակով Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան էլեկտրոնային հարթակի միջոցով պետք է ապահովվի հասանելիություն համապատասխանության գնահատման փաստաթղթերի և համապատասխանության գնահատման մարմինների ռեեստրներին:
(11.7-րդ կետը լրաց. 10.06.2021 թիվ 977-Ն որոշում)
III. ՆՇԱՆԱԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
12. ՀԳՄ-ն պետք է դիմի նշանակող մարմին հանդիսացող համակարգող մարմնին (Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն)` ՏԿ-երի նկատմամբ համապատասխանության գնահատման աշխատանքներ իրականացնելու համար:
(12-րդ կետը փոփ. 31.08.17 թիվ 1059-Ն որոշում)
13. Համակարգող մարմինը պետք է նշանակի միայն այն ՀԳՄ-ներին, որոնք բավարարում են սույն կարգով սահմանված պահանջները:
14. Համապատասխանության գնահատման մարմնի նշանակման համար նախատեսված փաստաթղթերի ձևերը (հայտերի ձևերը, նշանակման վկայականի ձևերը) սահմանում է համակարգող մարմինը:
15. Կոնկրետ ՏԿ-երով նախատեսված համապատասխանության գնահատման աշխատանքներ իրականացնելու համար նշանակման գործընթացում ՀԳՄ-ն, էլեկտրոնային ([email protected]) եղանակով համակարգող մարմին պետք է ներկայացնի համակարգող մարմնի կողմից հաստատված ձևին համապատասխան հայտ, որին պետք է կցվեն`
1) համապատասխանության գնահատման գործունեության նկարագիրը.
2) հավատարմագրման ազգային մարմնի կողմից տրված հավատարմագրման վկայագրի պատճենը.
3) համապատասխանության գնահատման մեկ կամ մի քանի ընթացակարգերի անվանումները, ինչպես նաև մեկ կամ մի քանի արտադրանքի անվանումները, որոնց համար ՀԳՄ-ն հայտարարում է իր տեխնիկական իրավասությունը:
(15-րդ կետը փոփ. 31.08.17 թիվ 1059-Ն որոշում)
16. Սույն կարգի 15-րդ կետով սահմանված փաստաթղթերում սխալներ, ջնջումներ, քերվածքներ, վրիպակներ հայտնաբերելու դեպքում համակարգող մարմինը դրա մասին մեկօրյա ժամկետում տեղեկացնում է հայտատուին և առաջարկում հնգօրյա ժամկետում վերացնել դրանք:
17. Սույն կարգի 16-րդ կետով սահմանված ժամկետում թերությունները չուղղելու, ինչպես նաև սույն կարգի 15-րդ կետով սահմանված փաստաթղթերը չներկայացնելու, ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված տեղեկատվություն ներկայացնելու դեպքում հայտը մերժվում է:
18. Սույն կարգի 6-րդ կետում նշված չափանիշներին համապատասխանությունը հավաստելու նպատակով ՀԳՄ-ն կարող է ներկայացնել իր աշխատողների և սարքավորումների, իրեն պատկանող տարածքների, իր հիմնադիրների, մասնակիցների վերաբերյալ այնպիսի տեղեկատվություն, որը նա անհրաժեշտ կհամարի:
19. Էլեկտրոնային եղանակով ներկայացվող փաստաթղթերը պետք է ներկայացվեն ՀԳՄ-ի ղեկավարի էլեկտրոնային ստորագրությամբ:
(19-րդ կետը փոփ. 31.08.17 թիվ 1059-Ն որոշում)
20. Ներկայացված հայտն ու հայտին կից փաստաթղթերն ստանալուց հետո 1 օրվա ընթացքում գրությամբ, համակարգող մարմինը տվյալ ՀԳՄ-ին պետք է տեղեկացնի ներկայացված հայտն ընդունելու մասին:
21. Ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության` սույն կարգով սահմանված պահանջների համապատասխանության, նշանակման ոլորտի սահմանման, ինչպես նաև նշանակման կասեցման կամ չեղյալ հայտարարման համար համակարգող մարմնի կողմից պետք է ստեղծվի աշխատանքային խումբ, որի կազմը և աշխատակարգը պետք է հաստատվի համակարգող մարմնի ղեկավարի հրամանով` կազմում ընդգրկելով համակարգող մարմնի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանման ներկայացուցիչներին և կանոնակարգող մարմնի ներկայացուցիչներին: Նշանակման ոլորտ է համարվում համապատասխանության գնահատման այն որոշակի ծառայությունները, որոնց իրականացման համար կամ նշանակման հարցում է արվել (հայտ է ներկայացվել), կամ արդեն իսկ իրականացվել է նշանակումը:
22. Սույն կարգի 6-րդ կետում նշված չափորոշիչներին համապատասխանությունը գնահատվում է առավելագույնը 5, նվազագույնը` 0 միավորների համակարգով` հիմնավորելով յուրաքանչյուր միավորի նշանակումն ըստ`
1) համապատասխանության գնահատման գործունեության նկարագրի.
2) աշխատակազմի`
ա. տեխնիկական գիտելիքների,
բ. մասնագիտական պատրաստվածության,
գ. տվյալ ոլորտի հմտությունների (փորձ).
3) տեխնիկական կարողությունների և միջոցների (այդ թվում` տարածքների և սարքավորումների առկայություն).
4) անկախության (սույն կարգի 6-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված չափանիշի շրջանակներում):
(22-րդ կետը փոփ. 31.08.15 թիվ 991-Ն որոշում)
23. Փաստաթղթերի ուսումնասիրությունն իրականացվում է 24 օրվա ընթացքում:
24. Եթե աշխատանքային խմբի կողմից հայտին կից փաստաթղթերի ուսումնասիրության և սույն կարգի 22-րդ կետով սահմանված կարգով գնահատման արդյունքում ընդհանուր գնահատականը կազմում է առնվազն 23 միավոր, և առանձին գնահատականներից որևէ մեկը ցածր չէ 3 միավորից, ապա Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության համապատասխան ստորաբաժանումը 2 օրվա ընթացքում, Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին ներկայացնում է տվյալ ՀԳՄ-ի նշանակման համար առաջարկ` համապատասխան ՏԿ-երի պահանջների համապատասխանության գնահատման գործունեություն իրականացնելու իրավունքի վերապահման մասին, և մեկօրյա ժամկետում համակարգող մարմնի ղեկավարն ընդունում է նշանակման մասին որոշում:
(24-րդ կետը փոփ. 31.08.17 թիվ 1059-Ն որոշում)
25. Եթե սույն կարգի 22-րդ կետով սահմանված կարգով գնահատման արդյունքում ընդհանուր գնահատականը ցածր է 23 միավորից, կամ առանձին գնահատականներից որևէ մեկը ցածր է 3 միավորից, ապա հայտը մերժվում է, և հայտատուին մերժման որոշման հետ միաժամանակ ներկայացվում են յուրաքանչյուր միավորի նշանակման հիմնավորումները:
26. Համակարգող մարմինը սույն կարգի 24-րդ կետով սահմանված որոշումն ընդունելուց հետո 3 օրվա ընթացքում պետք է տվյալ ՀԳՄ-ին տրամադրի նշանակման վկայական:
27. Համակարգող մարմինը ՀԳՆՄ-ին պետք է նշանակի մինչև 4 տարի ժամկետով, բայց ոչ ավելի քան հավատարմագրման վկայագրի գործողության ժամկետի ավարտը, նրան շնորհի նույնականացնող համար, և այն պետք է գրանցվի իր կողմից վարվող համապատասխանության գնահատման նշանակված մարմինների գրանցամատյանում, որի ձևը և վարման կարգը պետք է հաստատվի համակարգող մարմնի կողմից:
(27-րդ կետը փոփ. 18.09.14 թիվ 1021-Ն, 31.08.17 թիվ 1059-Ն որոշումներ)
28. Համապատասխանության գնահատման նշանակված մարմինների գրանցամատյանը պետք է մատչելի լինի հասարակության համար էլեկտրոնային և (կամ) այլ տարբերակով և հրապարակվի համակարգող մարմնի` յուրաքանչյուր եռամսյակը մեկ արդիականացվող պաշտոնական կայքում:
29. ՀԳՆՄ-ն նշանակվում է բացառապես իր կողմից ներկայացված հայտի շրջանակներում մեկ կամ մի քանի տեխնիկական կանոնակարգերին համապատասխան համապատասխանության գնահատում իրականացնելու համար:
(29-րդ կետը փոփ. 31.08.15 թիվ 991-Ն որոշում)
30. Համակարգող մարմինը յուրաքանչյուր ՀԳՆՄ-ի մասին տեղեկատվություն պետք է հրապարակի Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պաշտոնական կայքէջում` յուրաքանչյուր համապատասխանության գնահատման մարմնի նշանակման գործընթացի ավարտից և նշանակման որոշումն ընդունելուց հետո` ապահովելով հրապարակված տեղեկատվության արդիականությունը, ինչպես նաև ներառելով բոլոր փոփոխությունները:
(30-րդ կետը փոփ. 31.08.17 թիվ 1059-Ն որոշում)
31. Համակարգող մարմինը ՀԳՄ-ի նշանակումը մերժելու մասին որոշման ընդունման դեպքում հայտը ներկայացնելու օրվանից ոչ ուշ, քան 30 օրվա ընթացքում պետք է գրավոր տեղեկացնի հայտատուին` նշելով նշանակման մերժման համար հիմք հանդիսացած բոլոր հանգամանքների մասին:
32. ՀԳՆՄ-ները կարող են մասնակցել համապատասխան ստանդարտների մշակման աշխատանքներին:
IV. ՆՇԱՆԱԿՄԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ԿԱՄ ՉԵՂՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄԸ, ՆՇԱՆԱԿՄԱՆ ՈԼՈՐՏԻ ԸՆԴԼԱՅՆՈՒՄԸ ԿԱՄ ՓՈՓՈԽՈՒՄԸ
(վերնագիրը փոփ. 31.08.17 թիվ 1059-Ն որոշում)
33. Եթե համակարգող մարմինը հայտնաբերում է, որ ՀԳՆՄ-ն չի հետևում սահմանված չափանիշներին կամ չի իրականացնում իր պարտականությունները` համաձայն «Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և սույն կարգով սահմանված պահանջների, ապա համակարգող մարմինը որոշում է ընդունում նշանակման վկայականի գործողությունը կասեցնելու կամ չեղյալ հայտարարելու վերաբերյալ:
34. Սույն կարգի 33-րդ կետով սահմանված դեպքում նշանակումը կասեցվում է 30 օրով` դրա մասին եռօրյա ժամկետում ծանուցելով ՀԳՆՄ-ին և տեղեկացնելով կասեցման պատճառների մասին: Եթե ՀԳՆՄ-ն կասեցման մասին որոշումն ստանալուց հետո մինչև կասեցման ժամկետի ավարտը վերացնում է կասեցման համար հիմք հանդիսացած խախտումները, կասեցումը վերացվում է, հակառակ դեպքում` նշանակումը չեղյալ է հայտարարվում:
35. Նշանակման կասեցումը կամ չեղյալ հայտարարումն իրականացվում է նաև այն դեպքերում, եթե`
1) ՀԳՆՄ-ն ներկայացրել է համապատասխան դիմում.
2) առկա է իրավաբանական անձի լուծարում:
36. Սույն կարգի 33-րդ կետով սահմանված դեպքում համակարգող մարմինը նշանակման չեղյալ հայտարարման մասին որոշումն ընդունելուց հետո եռօրյա ժամկետում իր որոշման մասին պետք է գրավոր տեղեկացնի համապատասխան ՀԳՆՄ-ին:
37. Նշանակման կասեցման կամ չեղյալ հայտարարման արդյունք է հանդիսանում համապատասխան բնագավառում համապատասխանության գնահատման աշխատանքների դադարեցումը: Այն փաստաթղթերը, որոնք տրվել են այդ նշանակման կասեցման վերաբերյալ որոշման ընդունումից հետո կամ նշանակման չեղյալ հայտարարման մասին որոշումն ընդունելուց հետո, պետք է համարվեն անվավեր:
38. Համակարգող մարմինը նշանակման չեղյալ հայտարարելու մասին տեղեկությունը հրապարակում է Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պաշտոնական կայքում, որն արդիականացվում է յուրաքանչյուր եռամսյակը մեկ և դրա մասին տեղեկացնում է կանոնակարգող մարմնին:
(38-րդ կետը փոփ. 31.08.17 թիվ 1059-Ն որոշում)
39. Նշանակման կասեցման պատճառ հանդիսացող անհամապատասխանությունները պետք է վերացվեն ՀԳՆՄ-ի` համակարգող մարմնի հետ գրավոր համաձայնեցված ուղղիչ միջոցառումների միջոցով:
40. Նշանակման կասեցմանը բերած հանգամանքների վերացման դեպքում, 3 օրվա ընթացքում, համակարգող մարմնի կողմից կասեցումը վերացվում է:
41. ՀԳՆՄ-ի նշանակման կամ չեղյալ հայտարարումը չի ազդում այն փորձարկման արձանագրությունների կամ համապատասխանության սերտիֆիկատների վրա, որոնք տրվել են վերջիններիս կողմից նախքան նշանակման կասեցման կամ չեղյալ հայտարարման վերաբերյալ որոշման ընդունումը, եթե այլ բան նշված չէ դրանց վերաբերյալ ընդունված որոշումներում:
41.1. Համապատասխանության գնահատման նշանակված մարմինը համակարգող մարմնին կարող է ներկայացնել նշանակման ոլորտի ընդլայնման կամ փոփոխման հայտ, ինչի ներկայացման դեպքում իրականացվում է համապատասխանության գնահատման մարմնի նշանակման վկայականի վերաձևակերպում: Համապատասխանության գնահատման մարմնի նշանակման վկայականին կցվում է համակարգող մարմնի ղեկավարի կողմից հաստատված նշանակման ոլորտի ընդլայնման կամ փոփոխված նշանակման ոլորտի հավելվածը: Նշանակման ընդլայնման կամ փոփոխման վավերությունը սահմանվում է մինչև ՀԳՆՄ-ի նշանակման ժամկետի ավարտը:
(41.1-ին կետը լրաց. 31.08.17 թիվ 1059-Ն որոշում)
42. Նշանակման կասեցման կամ չեղյալ հայտարարման վերաբերյալ որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով:
42.1. ՀԳՄ-ի նշանակման մասին որոշումը կարող է բողոքարկվել համապատասխանության գնահատման մարմինների նշանակման բողոքարկման հանձնաժողով` որոշումն ստանալուց հետո 2 ամսվա ընթացքում:
(42.1-ին կետը լրաց. 31.08.17 թիվ 1059-Ն որոշում)
43. ՀԳՆՄ-ն նշանակման վկայականի գործողության ժամկետի լրանալուց 3 ամիս առաջ կարող է նորից ներկայացնել նոր նշանակման հայտ` սույն կարգով սահմանված ընթացակարգով: