01.01.2024 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2018 թվականի մարտի 23-ին
ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. |
Օրենքի կարգավորման առարկան |
1. Սահմանադրության 159-րդ հոդվածին հոդվածին համապատասխան` սույն օրենքը սահմանում է պետական կառավարման համակարգի մարմինների շրջանակը, կազմավորման կարգը, ինչպես նաև կարգավորում է այդ մարմինների հետ կապված այլ հարաբերություններ:↩
(1-ին հոդ. խմբ. 21.01.20 ՀՕ-3-Ն օրենք)
Հոդված 2. |
Պետական կառավարման համակարգի մարմինները |
1. Սահմանադրության 159-րդ հոդվածին համապատասխան` պետական կառավարման համակարգի մարմիններն են նախարարությունները, ինչպես նաև Կառավարությանը, վարչապետին և նախարարություններին ենթակա մարմինները:
Հոդված 3. |
Նախարարությունը |
1. Նախարարությունը մշակում և իրականացնում է իրեն վերապահված գործունեության ոլորտում Կառավարության քաղաքականությունը:
i
2. Նախարարությունների ցանկը սահմանվում է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
Հոդված 4. |
Կառավարությանը ենթակա մարմինը |
1. Կառավարությանը ենթակա մարմինն ապահովում է Կառավարության քաղաքականության` օրենքով իրեն վերապահված առանձին ուղղության իրականացումը, ինչպես նաև աջակցում է իրեն վերապահված ուղղության շրջանակներում Կառավարության քաղաքականության մշակմանը:
2. Կառավարությանը ենթակա մարմիններն են`
1) Կադաստրի կոմիտեն. ↩
2) Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն.
3) Պետական եկամուտների կոմիտեն.
4) Վիճակագրական կոմիտեն.
5) Քաղաքաշինության կոմիտեն.
6) Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը.
7) Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը.
8) Կրթության տեսչական մարմինը.
9) Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը.
10) Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը.
11) Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը:
(4-րդ հոդ. փոփ. 01.07.19 ՀՕ-107-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք)
i
Հոդված 5. |
Վարչապետին ենթակա մարմինները |
1. Վարչապետին ենթակա մարմինները գործում են ազգային անվտանգության, պետական վերահսկողության, պետական պահպանության և արտաքին հետախուզության ոլորտներում: ↩ ↩ ↩
2. Վարչապետին ենթակա մարմիններն են`
1) Ազգային անվտանգության ծառայությունը.
2) (2-րդ կետն ուժը կորցրել է 30.12.2022 թվականից` 16.12.22 ՀՕ-458-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) օրենք) ↩
3) Պետական վերահսկողական ծառայությունը:
4) Արտաքին հետախուզության ծառայությունը:
5) Պետական պահպանության ծառայությունը:
(5-րդ հոդ. փոփ. 16.12.22 ՀՕ-458-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ), 23.12.22 ՀՕ-601-Ն, 23.12.22 ՀՕ-611-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) օրենքներ)
Հոդված 6. |
Նախարարությանը ենթակա մարմինը |
1. Նախարարությանը ենթակա մարմինը գործում է նախարարությանը վերապահված գործունեության ոլորտի շրջանակներում և ապահովում է նախարարության իրավասությանը վերապահված գործունեության ոլորտի առանձին ուղղությունների իրականացումը:
2. Նախարարությանը ենթակա մարմիններն են`
1) Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը.
2) Քրեակատարողական ծառայությունը.
3) Պրոբացիայի ծառայությունը.
4) Փրկարար ծառայությունը.
5) Միասնական սոցիալական ծառայությունը.↩
6) Պետական արարողակարգի ծառայությունը.
7) Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը. ↩
8) Ջրային կոմիտեն.
9) (9-րդ կետն ուժը կորցրել է 09.06.2023 թվականից` 03.05.23 ՀՕ-157-Ն օրենք) ↩
10) Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն.
11) Զբոսաշրջության կոմիտեն.
12) Զինված ուժերի գլխավոր շտաբը.
13) Ռազմարդյունաբերության կոմիտեն.
14) Պետական գույքի կառավարման կոմիտեն.
15) (15-րդ կետն ուժը կորցրել է 09.06.2023 թվականից` 03.05.23 ՀՕ-157-Ն օրենք) ↩
16) Էկոպարեկային ծառայությունը. ↩
17) Լեզվի կոմիտեն.
18) (18-րդ կետն ուժը կորցրել է 01.06.2022 թվականից` 21.01.22 ՀՕ-5-Ն օրենք)↩
19) Ոստիկանությունը
20) Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն:
i
3. Նախարարությանը ենթակա մարմնի ենթակայությունը համապատասխան նախարարությանը սահմանում է Կառավարությունը:
(6-րդ հոդ. փոփ. 03.02.21 ՀՕ-71-Ն, 21.01.22 ՀՕ-5-Ն (օրենքն ունի անցումային դրույթ), 16.12.22 ՀՕ-458-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ), 03.05.23 ՀՕ-157-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ), 22.11.23 ՀՕ-368-Ն օրենքներ)
Հոդված 7. |
Պետական կառավարման համակարգի մարմնի կազմավորման կարգը և կանոնադրությունը |
1. Պետական կառավարման համակարգի մարմինն ստեղծվում, վերակազմակերպվում, և դրա գործունեությունը դադարեցվում է օրենքով:
i
2. Կառավարությանը ենթակա մարմնի ղեկավարին վարչապետի առաջարկությամբ նշանակում և ազատում է Կառավարությունը, բացառությամբ տեսչական մարմնի ղեկավարի, որի նշանակումն ու ազատումը կարգավորվում են «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
3. Կառավարությանը ենթակա մարմնի ղեկավարի տեղակալին ղեկավարի առաջարկությամբ նշանակում և ազատում է վարչապետը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:
4. Վարչապետին ենթակա մարմնի ղեկավարին նշանակում և ազատում է վարչապետը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:
5. Վարչապետին ենթակա մարմնի ղեկավարի տեղակալին ղեկավարի առաջարկությամբ նշանակում և ազատում է վարչապետը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:
6. Նախարարությանը ենթակա մարմնի ղեկավարին համապատասխան նախարարի առաջարկությամբ նշանակում և ազատում է վարչապետը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:
7. Նախարարությանը ենթակա մարմնի ղեկավարի տեղակալին ղեկավարի առաջարկությամբ նշանակում և ազատում է համապատասխան նախարարը, բացառությամբ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալների: ↩
8. Նախարարության, ինչպես նաև նախարարությանը ենթակա մարմնի աշխատողների քանակը, համապատասխան նախարարի առաջարկությամբ, սահմանում է վարչապետը: Կառավարությանը և վարչապետին ենթակա մարմինների աշխատողների քանակը սահմանում է վարչապետը:
9. Նախարարության կանոնադրությունը հաստատում է վարչապետը` համապատասխան նախարարի առաջարկությամբ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ: ↩
10. Կառավարությանը և վարչապետին ենթակա մարմնի կանոնադրությունը հաստատում է վարչապետը:
11. Նախարարությանը ենթակա մարմնի կանոնադրությունը հաստատում է համապատասխան նախարարը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:
12. Նախարարության հաստիքացուցակը հաստատում է համապատասխան նախարարը:
13. Կառավարությանը և վարչապետին ենթակա մարմնի հաստիքացուցակը հաստատում է տվյալ մարմնի ղեկավարը:
14. Նախարարությանը ենթակա մարմնի հաստիքացուցակը տվյալ մարմնի ղեկավարի առաջարկությամբ հաստատում է համապատասխան նախարարը:
15. Պետական կառավարման համակարգի մարմնի կանոնադրությունը, ի թիվս այլնի, ներառում է պետական կառավարման համակարգի մարմնի`
1) անվանումը և գտնվելու վայրը,
2) կառավարման և ղեկավարման կազմակերպումը,
3) կառուցվածքը:
i
16. Պետական կառավարման համակարգի մարմնի կանոնադրության օրինակելի ձևը սահմանում է Կառավարությունը:
(7-րդ հոդ. փոփ. 07.07.22 ՀՕ-337-Ն օրենք)
Հոդված 7.1. |
Վարչապետին կամ Կառավարությանը ենթակա մարմինների, մարզպետների վարչական ակտերի բողոքարկումը |
1. Վարչապետին կամ Կառավարությանը սույն օրենքով նախատեսված ենթակա մարմինների և դրանց պաշտոնատար անձանց, ինչպես նաև մարզպետների վարչական ակտերը, գործողությունները կամ անգործությունը կարող են բողոքարկվել ակտն ընդունած մարմին կամ դատական կարգով:
(7.1-ին հոդ. լրաց. 21.01.20 ՀՕ-3-Ն օրենք)
i
Հոդված 8. |
Արտաքին գործերի բնագավառում պետական կառավարման համակարգի մարմինների փոխգործակցությունը |
1. Արտաքին գործերի բնագավառում պետական կառավարման համակարգի մարմինների փոխգործակցության կարգը կարող է սահմանվել Կառավարության որոշմամբ:
Հոդված 9. |
Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:
2. Կառավարությունն իր կազմավորումից հետո` մեկամսյա ժամկետում, սահմանում է պետական կառավարման համակարգի մարմնի կանոնադրության օրինակելի ձևը:
3. Սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահից այդ պահի դրությամբ գործող հետևյալ մարմինները գործում են սույն օրենքով նախատեսված ենթակայության շրջանակներում` որպես պետական կառավարման համակարգի մարմիններ`
1) Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն գործում է որպես Պետական եկամուտների կոմիտե.
2) Կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեն գործում է որպես Քաղաքաշինության կոմիտե.
3) Կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեն գործում է որպես Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտե.
4) Ազգային վիճակագրական ծառայությունը գործում է որպես Վիճակագրական կոմիտե.
5) Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն գործում է որպես Կադաստրի կոմիտե.↩
6) Կառավարության առընթեր ազգային անվտանգության ծառայությունը գործում է որպես Ազգային անվտանգության ծառայություն.
7) Կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը գործում է որպես Ոստիկանություն.
8) արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը գործում է որպես Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն.
9) արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը գործում է որպես Քրեակատարողական ծառայություն.
10) արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայությունը գործում է որպես Պրոբացիայի ծառայություն.
11) գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը գործում է որպես Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին.
12) արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայությունը գործում է որպես Փրկարար ծառայություն.
13) աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունը գործում է որպես Սոցիալական ապահովության ծառայություն.
14) արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալությունը գործում է որպես Պետական արարողակարգի ծառայություն.
15) տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայությունը գործում է որպես Միգրացիոն ծառայություն.
16) էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեն գործում է որպես Ջրային կոմիտե.
17) շրջակա միջավայրի նախարարության անտառային պետական կոմիտեն գործում է որպես Էկոպարեկային ծառայություն. ↩
18) կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեն գործում է որպես Գիտության կոմիտե.
19) Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը գործում է որպես Քաղաքացիական ավիացիայի կոմիտե.
20) տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեն գործում է որպես Զբոսաշրջության կոմիտե.
21) պաշտպանության նախարարության կառավարման ոլորտում գործող Զինված ուժերի գլխավոր շտաբը գործում է որպես Զինված ուժերի գլխավոր շտաբ.
22) Ռազմարդյունաբերության պետական կոմիտեն գործում է որպես Ռազմարդյունաբերության կոմիտե.
23) Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը գործում է որպես Պետական գույքի կառավարման կոմիտե.
24) կրթության և գիտության նախարարության «Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման հանձնաժողով» գործակալությունը գործում է որպես Բարձրագույն որակավորման կոմիտե.
25) կրթության և գիտության նախարարության լեզվի պետական տեսչությունը գործում է որպես Լեզվի կոմիտե.
26) գնումների բողոքարկման խորհրդի յուրաքանչյուր անդամ շարունակում է պաշտոնավարել որպես գնումների հետ կապված բողոքներ քննող անձ մինչև սույն հոդվածի 9-րդ մասով սահմանված ժամկետում նշանակում կատարելը:
4. Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո` երկամսյա ժամկետում, հաստատվում են սույն օրենքի 4-6-րդ հոդվածներում թվարկված պետական կառավարման համակարգի համապատասխան մարմինների, բացառությամբ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի, կանոնադրությունները, և սահմանվում է աշխատողների քանակը: Մինչ այդ շարունակում են գործել սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված մարմինների կանոնադրությունը և աշխատողների քանակը սահմանող, ինչպես նաև ոլորտային գործունեությունը կանոնակարգող իրավական ակտերը` այնքանով, որքանով չեն հակասում Սահմանադրությանը և օրենքներին:
5. Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված մարմինների կամ նրանց ղեկավարների կողմից մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելն ընդունված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը պահպանում են իրենց ուժը մինչև համապատասխան ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի ընդունումը:
6. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված մարմինների ղեկավարները և նրանց տեղակալները սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո շարունակում են պաշտոնավարել մինչև սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետի ավարտը, որից հետո նշանակվում կամ ազատվում են պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից:
7. Պետական վերահսկողական ծառայության ղեկավարը, նրա տեղակալը նշանակվում են սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո` երկամսյա ժամկետում: Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո մինչև Պետական վերահսկողական ծառայության կազմավորումը Հայաստանի Հանրապետության Նախագահի վերահսկողական ծառայության աշխատակիցները շարունակում են պաշտոնավարել Կառավարության, իսկ վարչապետի աշխատակազմի կազմավորումից հետո` վարչապետի աշխատակազմում, որից հետո նշանակվում կամ ազատվում են պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից:
8. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի (այսուհետ` Ծառայություն) քաղաքացիական ծառայողները շարունակում են պաշտոնավարել մինչև Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի անվանացանկի և քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերի հաստատումը: Անվանացանկի և քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերի հաստատումից հետո Ծառայության քաղաքացիական ծառայողներն օրենքով սահմանված կարգով վերանշանակվում են առանց մրցույթի և ժամկետային աշխատանքային պայմանագրեր կնքելու, բացառությամբ աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների քաղաքացիական ծառայողների: Աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների քաղաքացիական ծառայողները կարող են օրենքով սահմանված կարգով վերանշանակվել հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներում` հավասարազոր կամ ավելի ցածր պաշտոններում: Պաշտոններում չնշանակված քաղաքացիական ծառայողները սահմանված կարգով գրանցվում են կադրերի ռեզերվում:↩
9. Գնումների հետ կապված բողոքներ քննող անձի պաշտոնում նշանակումը կատարվում է սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո` մեկ տարվա ընթացքում:
10. Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության նախագահի գլխավոր ռազմական տեսչությունը մինչև վարչապետի աշխատակազմի կազմավորումը և տեսչության կարգավիճակին վերաբերող իրավական ակտերի ընդունումը գործում է Կառավարության աշխատակազմում, իսկ վարչապետի աշխատակազմի կազմավորումից հետո` վարչապետի աշխատակազմում` Կառավարության կողմից տեսչության համար սահմանված խնդիրների և գործառույթների շրջանակներում:
11. Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո մինչև Անվտանգության խորհրդի գրասենյակի կազմավորումը Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարության աշխատակիցները շարունակում են պաշտոնավարել Կառավարության, իսկ վարչապետի աշխատակազմի կազմավորումից հետո` վարչապետի աշխատակազմում, որից հետո նշանակվում կամ ազատվում են պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից:
(9-րդ հոդ. փոփ. 10.06.19 ՀՕ-64-Ն, 01.07.19 ՀՕ-107-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ), 22.11.23 ՀՕ-368-Ն օրենքներ)
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Ս. Սարգսյան |
2018 թ. մարտի 30 Երևան ՀՕ-260-Ն
|