Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ-ՈՒՄ ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ, ...

 

04.11.2023 -

 

040.0238.150316

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 փետրվարի 2016 թվականի N 238-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ, ԴՈԿՏՈՐԱՆՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՀԱՅՑՈՐԴՈՒԹՅԱՆ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 20-Ի N 662 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ» ենթակետով, «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասով և 21-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում ասպիրանտուրայի ընդունելության և ուսուցման, դոկտորանտուրայի և հայցորդության ձևակերպման կարգը` համաձայն հավելվածի:

1.1. Սույն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 5-րդ կետի 2-րդ ենթակետի և 13-րդ կետի` օտար լեզու ու ինֆորմատիկա և տեղեկատվահաղորդակցական հիմունքներ առարկաների ատեստավորման վկայականի կամ դրան համապատասխան տեղեկանքի պահանջները չեն տարածվում 2020/2021 ուսումնական տարվա ասպիրանտուրա ընդունելության վրա:

(1.1-ին կետը լրաց. 21.05.2020 թիվ 810-Ն որոշում)

2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հուլիսի 20-ի «Հայաստանի Հանրապետությունում ասպիրանտուրայում և դոկտորանտուրայում ուսուցման կարգը հաստատելու մասին» N 662 որոշումը` բացառությամբ որոշմամբ հաստատված կարգի 6-րդ և 7-րդ կետերի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, և դրա գործողությունը տարածվում է դրանից հետո ընդունվածների և ձևակերպվածների վրա:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 15-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2016 թվականի փետրվարի 25-ի

N 238-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ, ԴՈԿՏՈՐԱՆՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՀԱՅՑՈՐԴՈՒԹՅԱՆ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների (այսուհետ` հաստատություններ) ասպիրանտուրայի ընդունելության և ուսուցման, դոկտորանտուրայի և հայցորդության ձևակերպման հետ կապված հարաբերությունները:

2. Յուրաքանչյուր ուսումնական տարվա սկզբից առնվազն 6 ամիս առաջ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը (այսուհետ` նախարարություն) հաստատություններից ստացած հայտերի հիման վրա, սահմանված կարգով, Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում համապատասխան ուսումնական տարվա ասպիրանտուրա ու դոկտորանտուրա ընդունելության տեղերը և առկա ուսուցմամբ ասպիրանտուրա ու դոկտորանտուրա ընդունելության տեղերի բաշխումը:

3. Ասպիրանտուրայում, դոկտորանտուրայում և հայցորդության համակարգում սույն կարգով չկարգավորվող հարաբերությունները կարող են կարգավորվել տվյալ հաստատության սահմանած կանոնակարգով:

 

II. ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆԸ

 

4. Մրցութային կարգով ասպիրանտուրա են ընդունվում մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճան, իսկ բժշկական մասնագիտություններով` բժշկի որակավորում, կլինիկական ուղղվածությամբ բժշկական մասնագիտությունների դեպքում` բժիշկ-մասնագետի որակավորում ունեցողները:

5. Ասպիրանտուրա ընդունվելու համար անձի կամ նրա լիազորած անձի կողմից դիմումը տրվում է հաստատության ղեկավարի անունով` կցելով հետևյալ փաստաթղթերը`

1) բակալավրի և մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի կամ օրդինատորի դիպլոմի ու դրանց հավելվածների պատճենները (օտարերկրյա պետություններում բարձրագույն կրթություն ստացածների համար` փաստաթուղթ նրանց կրթության համարժեքության մասին).

2) օտար լեզվի ատեստավորման վկայականը կամ դրան համապատասխան տեղեկանքը (սահմանված ներքին շեմով` բալային գնահատմամբ).

3) ընտրված մասնագիտությամբ հրատարակված առնվազն մեկ գիտական աշխատանքի պատճենը կամ գիտական ռեֆերատ` առնվազն 20 տպագրական էջի սահմաններում.

4) ինքնակենսագրություն և երեք լուսանկար (3x4 չափսի).

5) քաղվածք աշխատանքային գրքույկից (առկայության դեպքում):

(5-րդ կետը փոփ. 03.02.2022 թիվ 123-Ն որոշում)

6. Ասպիրանտուրայի ընդունելությունը` առկա ուսուցմամբ և պետության կողմից ուսանողական նպաստի ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (այսուհետ` անվճար) իրականացվում է տվյալ տարվա ժամանակահատվածի զորակոչը կազմակերպելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախատեսված ժամկետներում:

(6-րդ կետը փոփ. 03.02.2022 թիվ 123-Ն որոշում)

7. Պետության կողմից ուսանողական նպաստի ձևով ուսման վարձի մասնակի զեղչի կիրառման իրավունքով (այսուհետ` վճարովի) տեղերի համար ասպիրանտուրայի ընդունելությունն իրականացվում է հաստատության սահմանած ժամանակահատվածում:

8. Ասպիրանտուրայի ընդունելության կազմակերպման համար հաստատության ղեկավարի հրամանով ստեղծվում է ընդունող հանձնաժողով` հաստատության ղեկավարի կամ տեղակալի նախագահությամբ:

9. Ասպիրանտուրայի ընդունելության մասնագիտական քննության անցկացման համար հաստատության ղեկավարի հրամանով ստեղծվում են մասնագիտական քննական հանձնաժողովներ (այսուհետ` հանձնաժողով):

10. Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են տվյալ մասնագիտական բնագավառի գիտական աստիճան կամ գիտական կոչում ունեցող երեքից հինգ մասնագետ:

11. Ասպիրանտուրայի ընդունելության մասնագիտական քննության անցկացման ժամանակացույցը հաստատում է հաստատության ղեկավարը և տեղեկացնում է նախարարությանը:

12. Հաստատության հայտարարությունների համար նախատեսված վայրում փակցվում և (կամ) տեղադրվում է պաշտոնական կայքէջում մասնագիտական քննության`

1) անցկացման օրվա, տեղի և ժամի վերաբերյալ տեղեկատվությունը` քննությունն սկսելուց յոթ աշխատանքային օր առաջ.

2) հարցաշարը` մասնագիտական քննությունից առնվազն մեկ ամիս առաջ.

3) ընթացակարգային պահանջները, որոնք հաստատվում են հաստատության ղեկավարի կողմից:

13. Դիմորդին մասնագիտական քննությանը մասնակցելու թույլտվությունը տալիս է հաստատության ընդունող հանձնաժողովը` օտար լեզվից ստացած համապատասխան միավորը հավաստող վկայականի և (կամ) տեղեկանքի առկայության դեպքում, ինչպես նաև ընդունելության մասնագիտությանը համապատասխան գիտական ռեֆերատի մասին մասնագիտական ամբիոնի (սեկտորի, դեպարտամենտի) կամ գիտական ստորաբաժանման գրավոր դրական գրախոսականի կամ գրախոսվող գիտական ամսագրերում հրատարակված գիտական աշխատանքների մասին հաստատված ցուցակի դեպքում:

(13-րդ կետը փոփ. 03.02.2022 թիվ 123-Ն որոշում)

14. Ստորև նշված օտար լեզուներից որևէ մեկից ստացած անհրաժեշտ նվազագույն միավոր է համարվում`

1) անգլերենից` «TOEFL» (iBT) (այԲիԹի)` 46 և «IELTS» (ԱՅԼԹՍ)` 5.5 միավորը.

2) ֆրանսերենից` «TCF» (ԹիՍիէՖ)` 200 միավորը.

3) գերմաներենից` «on DaF» (օն ԴաՖ)` 60 միավորը:

15. Այն դիմորդները, որոնց համար մասնագիտական առարկաներ են անգլերենը, ֆրանսերենը կամ գերմաներենը, քննություն են հանձնում այլ օտար լեզվից:

16. (16-րդ կետն ուժը կորցրել է 03.02.2022 թիվ 123-Ն որոշում)

17. Մասնագիտական քննության հարցաշարը, որն ընդգրկում է նախորդ աստիճանների ծրագրային նյութը, կազմվում է հաստատության մասնագիտական ամբիոնների (դեպարտամենտների), գիտական ստորաբաժանման կամ հանձնաժողովի կողմից և հաստատվում է հաստատության ղեկավարի կողմից:

18. Մասնագիտական քննությունից երկու աշխատանքային օր առաջ` հրապարակված հարցաշարից կազմվում են հարցատոմսեր (առաջադրանքներ), որոնք հաստատվում են հանձնաժողովի նախագահի ստորագրությամբ և հաստատության կնիքով: Հարցատոմսերը յուրաքանչյուր տարի վերանայվում են:

19. Ելնելով մասնագիտության առանձնահատկությունից` մասնագիտական քննության անցկացման ձևը (գրավոր կամ բանավոր) սահմանում է ընդունող հանձնաժողովը:

20. Բանավոր քննությունը ձայնագրվում է, և արդյունքները պահպանվում են հրապարակվելուց հետո առնվազն 24 ժամ:

21. Մասնագիտական քննության արդյունքները գնահատվում են 20 (քսան) միավորանոց սանդղակով: Քննությունը համարվում է հանձնված, եթե դիմորդն ստացել է առնվազն տասներեք միավոր:

22. Գիտելիքների գնահատման մասին որոշումն ընդունվում է հանձնաժողովի յուրաքանչյուր անդամի կողմից նշանակված գնահատականների միջին թվաբանականը:

23. Դիմորդը քննության է ներկայանում անձը հաստատող փաստաթղթով:

24. Մասնագիտական քննության բողոքարկման ընթացակարգային պահանջներն են`

1) դիմորդը կարող է մասնագիտական քննության գնահատականը բողոքարկել հանձնաժողովին` արդյունքները հրապարակվելուց հետո մեկ ժամվա ընթացքում, հանձնաժողովի նախագահին ներկայացնելով գրավոր բողոքը, որը քննարկվում է նույն օրը.

2) բողոքարկմանը մասնակցում են հաստատության վարչական անձնակազմի (դեկան կամ ուսումնամեթոդական ստորաբաժանման ներկայացուցիչ)` տվյալ հանձնաժողովի անդամ չհանդիսացող աշխատողը և հաստատության ուսանողական կամ երիտասարդ գիտնականների խորհրդի ներկայացուցիչը, որոնց թեկնածությունները նախապես հաստատվում են հաստատության ղեկավարի կողմից.

3) դիմորդի ներկայությամբ ուսումնասիրվում և քննարկվում է գրավոր աշխատանքը, իսկ բանավոր քննության դեպքում լսվում է ձայնագրությունը: Բողոքարկման արդյունքում բաց քվեարկությամբ, հանձնաժողովի անդամների և ներգրավված անձանց ձայների պարզ մեծամասնությամբ, կայացվում է որոշում`

ա. գնահատականը թողնել անփոփոխ,

բ. գնահատականը բարձրացնել.

4) ընդունված որոշման վերաբերյալ կազմվում է արձանագրություն, որն ստորագրվում է հանձնաժողովի նախագահի, հաստատության վարչական անձնակազմի, ուսանողական կամ երիտասարդ գիտնականների խորհրդի ներկայացուցչի և դիմորդի կողմից: Նշված անձանցից որևէ մեկից ընդունված որոշմանն անհամաձայնություն հայտնելու դեպքում գրավոր ներկայացվում է հատուկ կարծիք, որը կցվում է արձանագրությանը.

5) գնահատականի փոփոխման դեպքում կազմվում է համապատասխան արձանագրություն.

6) մասնագիտական քննության գնահատականը կարող է բողոքարկվել դատարանում` օրենքով սահմանված կարգով:

25. Մասնագիտական քննության վերահանձնում չի թույլատրվում:

26. Ասպիրանտուրայի մասնագիտական քննության արդյունքն ուժի մեջ է տվյալ ուսումնական տարվա տվյալ հաստատության ընդունելության քննության ընթացքում:

27. Ասպիրանտուրա ընդունվում է մասնագիտական քննությունից առավելագույն միավոր ստացած անձը:

28. Մասնագիտական քննությունից ստացած հավասար գնահատականների դեպքում հաշվի են առնվում հետևյալ ցուցանիշները` ըստ հերթականության`

1) մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի կամ օրդինատորի ընդհանուր միջին որակական գնահատականը.

2) բակալավրի և մագիստրոսի ընդհանուր միջին որակական գնահատականի գումարը.

3) հրատարակված գիտական աշխատանքների թիվը.

4) միջազգային կամ հանրապետական ուսանողական առարկայական մրցույթներում կամ օլիմպիադաներում ստացած դիպլոմները կամ միջազգային գիտաժողովներին մասնակցությունը (զեկուցումները):

29. Ընդունող հանձնաժողովը մրցույթի արդյունքների հիման վրա ընդունում է որոշում յուրաքանչյուր դիմորդի վերաբերյալ:

30. Ասպիրանտուրա ընդունվելու կամ մրցույթով չանցնելու վերաբերյալ որոշման մասին դիմորդներն իրազեկվում են մասնագիտական քննությունից հետո յոթ աշխատանքային օրվա ընթացքում:

31. Ասպիրանտների հրամանագրումը կատարվում է հաստատության ղեկավարի հրամանով` ասպիրանտի հետ կնքելով համապատասխան պայմանագիր:

32. Առկա ուսուցման ձևով և անվճար հիմունքներով ասպիրանտուրա ընդունվածներին տրվում է սահմանված չափի պետական կրթաթոշակ` ընդունման օրվանից:

 

III. ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՅՈՒՄ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ

 

33. Ասպիրանտուրայում ուսուցումն իրականացվում է առկա և հեռակա ձևերով, անվճար և վճարովի հիմունքներով: Առկա ձևով ուսուցման տևողությունը չի գերազանցում 3 տարին, իսկ հեռակա ձևով ուսուցման տևողությունը` 4 տարին:

34. Ասպիրանտուրայում ուսուցման լրիվ բեռնվածությունը համարժեք է 180 կրեդիտային միավորի, որը բաղկացած է երկու փոխկապակցված մասերից` կրթական և հետազոտական:

35. Ասպիրանտն ուսման ընթացքում պետք է`

1) հանձնի ուսումնական ծրագրով (պլանով) նախատեսված քննությունը (քննությունները) և ստուգարքը (ստուգարքները) (այդ թվում` մասնագիտական քննությունը), կուտակի համապատասխան կրեդիտներ, ավարտի ատենախոսությունը և համապատասխան հաստատությունում անցկացնի ատենախոսության նախնական քննարկում.

2) ունենա հաստատության գիտական խորհրդի կողմից հաստատված աշխատանքային պլան, գիտական ղեկավար և առնվազն 36 ժամ գիտամանկավարժական կամ հետազոտական ծանրաբեռնվածություն:

36. Ասպիրանտուրայում առկա ուսուցման ձևով ուսանելու ժամանակը համարվում է գիտամանկավարժական ստաժ:

37. Յուրաքանչյուր գիտական ղեկավար կարող է միաժամանակ ունենալ 5-ից ոչ ավելի ասպիրանտ և հայցորդ:

38. Եթե հաստատությունում հնարավոր չէ իրականացնել կրեդիտային համակարգով ներդրված դասընթացները, ապա այդ ուսուցումը պայմանագրային հիմունքներով կարող է իրականացվել այլ հաստատությունում` ուղարկող կազմակերպության միջոցների հաշվին:

39. Հաստատության սահմանած կարգով ասպիրանտն ըստ աշխատանքային պլանի տարեկան մեկ անգամ ատեստավորվում է ամբիոնի, բաժնի (սեկտոր, լաբորատորիա) կողմից: Բուհի համապատասխան ամբիոնում, ֆակուլտետի խորհրդում, կազմակերպության գիտական ստորաբաժանումներում, գիտական (գիտատեխնիկական) խորհրդում պարբերաբար լսվում և քննարկվում են ասպիրանտների ու նրանց գիտական ղեկավարների հաշվետվությունները:

40. Սույն կարգի 39-րդ կետով նախատեսված ատեստավորում չանցած ասպիրանտը հաստատության ղեկավարի հրամանով ազատվում է ասպիրանտուրայից:

41. Գիտական հետազոտություններ կատարելիս` ասպիրանտն օգտվում է հաստատության գիտական սարքավորումներից, լաբորատորիաներից, համակարգչային տեխնիկայից, գրադարաններից, գործուղումների իրավունքից, հանրակացարանից և այլն:

42. Հաստատությունից հեռացված ասպիրանտը կարող է վերականգնվել ասպիրանտուրայում` վճարովի հիմունքով ուսումը շարունակելու համար:

43. Ատենախոսությունը չպաշտպանած ասպիրանտին, իր ցանկությամբ, անվճար տրվում է հաստատության կողմից սահմանված ակադեմիական տեղեկանք` ասպիրանտի կամ նրա լիազորած անձի կողմից դիմումը հաստատության ղեկավարին ներկայացվելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում:

44. Առկա ուսուցմամբ ասպիրանտին ուսման ընթացքում տարեկան տրվում է երկամսյա արձակուրդ` կրթաթոշակի պահպանմամբ:

45. Հաստատության ղեկավարը կարող է արտաբյուջետային միջոցների հաշվին սահմանել հավելավճար:

46. Ասպիրանտների գիտական ղեկավարների աշխատանքի վարձատրությունը կատարվում է հաստատության կողմից` մեկ ասպիրանտի համար տարեկան 50 ժամ հաշվարկով:

47. Հաստատության ղեկավարը կարող է արտաբյուջետային միջոցների հաշվին ասպիրանտի գիտական ղեկավարի աշխատավարձին հավելավճար սահմանել:

 

IV. ԴՈԿՏՈՐԱՆՏՈՒՐԱ

 

48. Դոկտորանտուրայի տևողությունը չի գերազանցում 3 տարին:

49. Դոկտորանտուրայում ձևակերպվում են այն անձինք, ովքեր ունեն գիտությունների թեկնածուի գիտական աստիճան և ներկայացնում են գիտական, տնտեսական կամ սոցիալ-մշակութային նշանակություն ունեցող հիմնարար և (կամ) կիրառական հետազոտությունների ծրագիր (նախագիծ):

50. Դոկտորանտուրայում ձևակերպվելու համար անձի կամ նրա լիազորած անձի կողմից դիմումը տրվում է համապատասխան հաստատության ղեկավարի անունով` կցելով հետևյալ փաստաթղթերը`

1) գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի վկայագրի պատճենը (այլ երկրներում գիտական աստիճանի վկայագիր ստացածների համար` նաև կոմիտեի կողմից տրված համապատասխանեցման հավաստագիրը).

2) դոկտորական ատենախոսության պլանը.

3) ինքնակենսագրություն և 3 լուսանկար (3x4 չափսի).

4) հրատարակված գիտական աշխատությունների, գյուտերի և հայտնագործությունների, ինչպես նաև կատարված գիտահետազոտական աշխատանքների հաշվետվությունների ցանկը:

(50-րդ կետը փոփ. 02.11.2023 թիվ 1901-Ն որոշում)

51. Համաձայն հաստատության սահմանած կարգի` հաստատության ղեկավարի հրամանով դոկտորանտը ձևակերպվում է դոկտորանտուրայում, և նրա հետ կնքվում է պայմանագիր:

52. Դոկտորանտի համար սահմանված ժամկետում դոկտորանտը պետք է կատարի դոկտորական ատենախոսության պլանով նախատեսված աշխատանքները` ավարտի ատենախոսությունը և համապատասխան հաստատությունում անցկացնի ատենախոսության նախնական քննարկում:

53. Դոկտորանտը կարող է ունենալ գիտական խորհրդատու, ով հաստատվում է գիտական (գիտատեխնիկական) խորհրդի և նշանակվում հաստատության ղեկավարի կողմից:

54. Հաստատության գիտական (գիտատեխնիկական) խորհուրդը, դոկտորանտների ծրագրին համապատասխան, տարեկան մեկ անգամ լսում է դոկտորանտի հաշվետվությունը:

55. Գիտական հետազոտություններ կատարելիս` դոկտորանտն օգտվում է հաստատության գիտական սարքավորումներից, լաբորատորիաներից, համակարգչային տեխնիկայից, գրադարաններից, գործուղումների իրավունքից, հանրակացարանից և այլն:

56. Դոկտորանտների գիտական խորհրդատուների աշխատանքի վարձատրությունը կատարվում է հաստատության կողմից սահմանված կարգով և չափով:

 

V. ՀԱՅՑՈՐԴՈՒԹՅՈՒՆ

 

57. Հայցորդը մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճան, իսկ բժշկական մասնագիտություններով` բժշկի որակավորում, կլինիկական ուղղվածությամբ բժշկական մասնագիտությունների դեպքում` բժիշկ-մասնագետի որակավորում ունեցող անձ է:

58. Հաստատություններում հայցորդությունն իրականացվում է վճարովի և անվճար հիմունքներով, տվյալ հաստատության սահմանած կարգով, որի տևողությունը չի գերազանցում 5 տարին:

59. Հայցորդ ձևակերպվելու համար անձի կամ նրա լիազորած անձի կողմից դիմումը տրվում է հաստատության ղեկավարի անունով` կցելով հետևյալ փաստաթղթերը`

1) մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի կամ օրդինատորի դիպլոմի և դրա հավելվածի պատճենները (օտարերկրյա պետություններում բարձրագույն կրթություն ստացածների համար` փաստաթուղթ նրանց կրթության համարժեքության մասին).

2) հրատարակված գիտական աշխատությունների ցուցակը կամ ընտրած մասնագիտությունից գիտական ռեֆերատ.

3) ինքնակենսագրություն և երեք լուսանկար (3x4 չափսի).

4) քաղվածք աշխատանքային գրքույկից (եթե դիմողն աշխատում է):

60. Հաստատության սահմանած կարգի համաձայն հայցորդը ձևակերպվում է հաստատության ղեկավարի հրամանով, և նրա հետ կնքվում է պայմանագիր:

61. Հայցորդի լրիվ բեռնվածությունը համարժեք է 180 կրեդիտային միավորի, որը բաղկացած է երկու փոխկապակցված մասերից` կրթական և հետազոտական:

62. Հայցորդը պետք է հանձնի ուսումնական ծրագրով (պլանով) նախատեսված քննությունը (քննությունները) և ստուգարքը (ստուգարքները) (այդ թվում` մասնագիտական քննությունը), կուտակի համապատասխան կրեդիտներ, ավարտի ատենախոսությունը և համապատասխան հաստատությունում անցկացնի ատենախոսության նախնական քննարկում:

63. Հայցորդը տարեկան մեկ անգամ, հաստատության սահմանած կարգով, ատեստավորվում է հաստատության ամբիոնի, բաժնի (սեկտոր, լաբորատորիա) կողմից:

64. Գիտական հետազոտություններ կատարելիս` հայցորդն օգտվում է հաստատության գիտական սարքավորումներից, լաբորատորիաներից, համակարգչային տեխնիկայից, գրադարաններից, գործուղումների իրավունքից, հանրակացարանից և այլն:

65. Ատենախոսությունը չպաշտպանած հայցորդին, իր ցանկությամբ, անվճար տրվում է հաստատության կողմից սահմանված ձևի ակադեմիական տեղեկանք` հաստատության ղեկավարին հայցորդի կամ նրա լիազորած անձի կողմից դիմումը ներկայացվելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում:

66. Հաստատության ղեկավարը կարող է սահմանված կարգով կատարել հայցորդի գիտական ղեկավարի վարձատրությունը (տարեկան առնվազն 30 ժամ):

 

 

pin
ՀՀ կառավարություն
25.02.2016
N 238-Ն
Որոշում