16.10.2023 -
040.1067.211016
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
13 հոկտեմբերի 2016 թվականի N 1067-Ն
ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԻ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածը, «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետը և 25-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել պետական սեփականություն հանդիսացող գույքի նվիրաբերության կարգը` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ պետական սեփականություն հանդիսացող գույքի նվիրաբերության պայմանագրերը Հայաստանի Հանրապետության անունից կնքում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեն (այսուհետ` կոմիտե):
(2-րդ կետը փոփ. 05.10.2023 թիվ 1711-Ն որոշում)
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2016 թվականի հոկտեմբերի 13-ի
N 1067-Ն որոշման
ԿԱՐԳ
ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԻ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ
1. Պետական սեփականություն հանդիսացող գույքի նվիրաբերության կարգով (այսուհետ` կարգ) կարգավորվում են Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով պատկանող անշարժ կամ շարժական գույքը (այսուհետ` պետական գույք) (բացառությամբ` հողամասերի, դրամական միջոցների, բնակելի նշանակության շենք, շինությունների, պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների, «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերով սահմանված գույքի) իրավաբանական և ֆիզիկական անձանց նվիրաբերման գործընթացը կազմակերպելու հետ կապված հարաբերությունները, եթե Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ այլ բան նախատեսված չէ:
(1-ին կետը փոփ. 05.10.2023 թիվ 1711-Ն որոշում)
2. Սույն կարգին համապատասխան պետական գույքը կարող է նվիրաբերվել քաղաքացիներին, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողներին, դաստիարակչական հիմնարկներին, սոցիալական պաշտպանության ու նույնանման այլ հաստատություններին, բարեգործական, գիտական և ուսումնական հաստատություններին (բացառությամբ` Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 10-ի N 805-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի նոյեմբերի 21-ի N 1306-Ն որոշումներով սահմանված դեպքերի), հիմնադրամներին, թանգարաններին ու մշակույթի այլ հաստատություններին, հասարակական և կրոնական կազմակերպություններին, համայնքներին, ինչպես նաև օտարերկրյա անձանց և պետություններին (այսուհետ` նվիրաբերության սուբյեկտ):
3. Նվիրաբերության սուբյեկտներ հանդիսացող քաղաքացիների խմբերն են`
1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ չհամարվող այն քաղաքացիները, որոնք Հայաստանի Հանրապետությունում իրականացնում են բարեգործական միջոցառումներ և առաջարկություն են ներկայացրել այդ բնագավառում ծրագրերը շարունակելու վերաբերյալ, կամ
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որոնք աջակցություն են ցուցաբերում խոցելի` նպաստառու կամ հատուկ խնամքի կարիք ունեցող քաղաքացիների խմբերին, և
3) սույն կարգի 4-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված ոլորտներում սույն կարգի 5-րդ կետով սահմանված հանրօգուտ ծրագրերի իրականացման բնագավառում ունեն առնվազն 3 տարվա փորձ:
4. Պետական գույքը նվիրաբերությամբ տրվում է նվիրաբերության սուբյեկտներին (բացառությամբ համայնքների), եթե`
1) նվիրաբերության սուբյեկտների կողմից առաջարկվող ծրագրերը վերաբերում են բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելուն, դաստիարակչական հիմնարկների, սոցիալական պաշտպանության ու նույնանման այլ հաստատությունների, բարեգործական, գիտական և ուսումնական հաստատությունների գործունեությանը, և
2) նվիրաբերության սուբյեկտների կողմից առաջարկվող հանրօգուտ ծրագրերի իրականացումը նախատեսված է Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության ծրագրով:
(4-րդ կետը փոփ. 05.10.2023 թիվ 1711-Ն որոշում)
5. Հանրօգուտ ծրագրեր են համարվում այն ծրագրերը, որոնք իրականացվում են կրթական, գիտական, մշակութային, մարզական, բնապահպանական, առողջապահական, սոցիալական և բարեգործության ոլորտներում և նպատակաուղղված են բնակչության 50 և ավելի թվից բաղկացած խմբերին աջակցելու համար:
6. Հանրօգուտ ծրագրերի գնահատման ցուցանիշներն են`
1) հանրօգուտ ծրագրի շրջանակներում իրականացվող` բարեգործությունից օգտվող անձանց թիվը, այդ թվում` ծրագրի առանձին տարիների կտրվածքով.
2) հանրօգուտ ծրագրի շրջանակներում իրականացվող բարեգործության ընդհանուր ծավալը` արժեքային արտահայտությամբ, այդ թվում` ըստ տարիների.
3) հանրօգուտ ծրագրի շրջանակներում իրականացվելիք ներդրումների ծավալը.
4) հանրօգուտ ծրագրի ժամկետը.
5) հանրօգուտ ծրագրի իրականացման ընթացքում ակնկալվող արդյունքները:
7. Հանրօգուտ ծրագրերն իրատեսական լինելու մասին, սույն կարգի 6-րդ կետով սահմանված ցուցանիշներին համապատասխան, եզրակացություններ են տրամադրում տվյալ ոլորտը կարգավորող լիազորված պետական մարմինները:
8. Լիազոր մարմինն իր եզրակացությունը ներկայացնելիս 6-րդ կետում նշված յուրաքանչյուր ցուցանիշի վերաբերյալ տալիս է իր հիմնավորումը և եզրակացությունը 3-օրյա ժամկետում հրապարակում է իր պաշտոնական կայքում:
9. Հանրօգուտ ծրագրի իրականացման նվազագույն ժամկետը սահմանվում է 5 տարի:
10. Նվիրաբերվող պետական գույքը (բացառությամբ համայնքների) ենթակա է շուկայական գնահատման: Նվիրաբերվող պետական գույքի շուկայական գնահատման ծախսերը կատարվում են նվիրաբերության սուբյեկտների միջոցների հաշվին:
(10-րդ կետը փոփ. 05.10.2023 թիվ 1711-Ն որոշում)
10.1. Պետական գույքն առանց հանրօգուտ ծրագրի և գնահատման տրվում է նվիրաբերությամբ` նվիրաբերության սուբյեկտ համարվող համայնքներին, եթե այն`
1) օգտագործվելու է տվյալ մարզի սոցիալ-տնտեսական զարգացմանը համապատասխանող ծրագրի իրականացման համար.
2) ապահովելու է տեղական ինքնակառավարման մարմինների սեփական և պետության կողմից պատվիրակված լիազորությունների իրականացումը:
(10.1-ին կետը լրաց. 05.10.2023 թիվ 1711-Ն որոշում)
11. Պետական գույքը նվիրաբերության սուբյեկտներին տրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման հիման վրա:
12. Նվիրաբերությամբ պետական գույք ստանալու համար նվիրաբերության սուբյեկտը հայտով դիմում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտե (այսուհետ` կոմիտե)` հայտին կից ներկայացնելով`
1) նվիրաբերություն ստանալու համար նախատեսված պետական գույքի մասին տեղեկություններ (գտնվելու վայրը, տնօրինող պետական մարմինը, իսկ շարժական գույքի դեպքում` տվյալ գույքի բնութագրի մասին տվյալները` թողարկման և շահագործման տարին, մակնիշը, հզորությունը, ֆիզիկական չափերը, մաշվածության աստիճանը).
2) սույն կարգի 4-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված ոլորտներում առնվազն 3 տարվա գործունեություն ծավալելու մասին հաստատող փաստաթղթերը, լիցենզավորվող գործունեության դեպքում` գործող լիցենզիայի պատճենը, ծանուցման ենթակա գործունեության իրականացման դեպքում` լիազորված մարմնի կողմից տրված ծանուցման պատճենը, կատարված պայմանագրերի պատճենները, հաշվետվություն կատարված ներդրումների վերաբերյալ, նշված ոլորտներում գործունեության փորձ ունենալու մասին փաստաթղթերը.
3) տեղեկություններ իրականացված ծրագրերի և այդ բնագավառում ձեռք բերված արդյունքների մասին.
4) տեղեկություններ նախկինում իրականացված հանրօգուտ ծրագրերի վերաբերյալ.
5) սույն կարգի 4-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված ոլորտներում իրականացվող հանրօգուտ ծրագիրը:
13. Եթե պետական գույքն ամրացված է այլ պետական կառավարման համակարգի մարմնին կամ պետական ոչ առևտրային կազմակերպությանը, ապա սույն կարգի 12-րդ կետում նշված հայտը և դրան կից փաստաթղթերն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում կոմիտեն դիմում է համապատասխան պետական կառավարման համակարգի մարմնին և պետական ոչ առևտրային կազմակերպությանը` 5 աշխատանքային օրվա ընթացքում գույքի նվիրաբերության վերաբերյալ համաձայնություն ստանալու նպատակով:
14. Կոմիտեն սույն կարգի 12-րդ կետում նշված հայտը, իսկ սույն կարգի 13-րդ կետով նախատեսված դեպքում` համապատասխան պետական կառավարման համակարգի մարմնի համաձայնությունն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում դիմում է տվյալ ոլորտը կարգավորող լիազորված պետական մարմնին` 5 աշխատանքային օրվա ընթացքում, սույն կարգի 6-րդ կետով սահմանված` հանրօգուտ ծրագրերի գնահատման ցուցանիշների մասին եզրակացություններն ստանալու նպատակով:
15. Կոմիտեն սույն կարգի 14-րդ կետում նշված եզրակացությունն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում որոշում է ընդունում սույն կարգի 12-րդ կետում ներկայացված հայտն ընդունելու կամ մերժելու մասին և 5 աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին գրավոր տեղեկացնում է համապատասխան պետական կառավարման համակարգի մարմնին և նվիրաբերության սուբյեկտին:
16. Պետական կառավարման համակարգի մարմինը կամ կոմիտեն իրեն ամրացված գույքի մասով պետական գույքի նվիրաբերության համար համաձայնություն չի տալիս, եթե`
1) տվյալ պետական գույքն անհրաժեշտ է պետական կառավարման համակարգի մարմնի կամ պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրական գործառույթների իրականացման համար.
2) տվյալ պետական գույքի օգտագործմամբ կամ ներդրմամբ իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հավանության արժանացած որևէ այլ ծրագիր.
3) տվյալ պետական գույքը տրամադրված է վարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքով` բացառությամբ այն դեպքերի, երբ հայտ ներկայացրած նվիրաբերության սուբյեկտը տվյալ պետական գույքի վարձակալն է կամ օգտագործողը.
4) տվյալ պետական գույքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընդգրկված է պետական գույքի մասնավորեցման ծրագրերի ցանկերում.
5) չեն ներկայացվել սույն կարգի 12-րդ կետում նշված փաստաթղթերը:
17. Նվիրաբերության սուբյեկտի կողմից սույն կարգի 12-րդ կետով նախատեսված փաստաթղթերը թերություններով ներկայացնելու դեպքում կոմիտեն 5 աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան գրությամբ դրա մասին տեղեկացնում է նվիրաբերության սուբյեկտին, որը գրությունն ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում պետք է շտկի փաստաթղթերում առկա թերությունները:
18. Սույն կարգի 12-րդ կետով նախատեսված հայտը կոմիտեի կողմից մերժվում է, եթե`
1) չեն ապահովվել սույն կարգի 4-րդ կետով նախատեսված պահանջները.
2) սույն կարգի 17-րդ կետով սահմանված ժամկետում չեն շտկվել ներկայացված փաստաթղթերում առկա թերությունները.
3) սույն կարգի 15-րդ կետով նախատեսված դեպքում համապատասխան պետական կառավարման համակարգի մարմնը կամ կոմիտեն սույն կարգի 16-րդ կետի հիմքերով համաձայնություն չի տվել գույքի նվիրաբերության վերաբերյալ.
4) տվյալ պետական գույքն առանձնացվել է Հայաստանի Հանրապետության օրենքներով հաստատված պետական գույքի մասնավորեցման ծրագրերում ընդգրկված ընկերությունների գույքի կազմից.
5) սույն կարգի 16-րդ կետով նախատեսված մարմինների կողմից պետական գույքի նվիրաբերության վերաբերյալ համաձայնություն չտալու կամ սույն կարգի 7-րդ կետով նախատեսված մարմինների կողմից սույն կարգի 6-րդ կետով սահմանված` հանրօգուտ ծրագրերի գնահատման ցուցանիշների մասին բացասական եզրակացություն տրամադրելու դեպքերում:
19. Նվիրաբերությամբ պետական գույք ստանալու համար սույն կարգի 12-րդ կետում նշված հայտի վերաբերյալ դրական որոշում ընդունելուց հետո կոմիտեն եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում պետական գույքի նվիրաբերության մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ` նախատեսելով, որ նվիրաբերության սուբյեկտի ներկայացրած հանրօգուտ ծրագիրը համարվում է պայմանագրի անբաժանելի մասը:
20. Այն դեպքում, երբ պետական գույքն ամրացված է այլ պետական կառավարման համակարգի մարմնին կամ պետական ոչ առևտրային կազմակերպությանը, կոմիտեն երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում առաջարկություն տվյալ պետական գույքը կոմիտեին ամրացնելու մասին` այն նվիրաբերության սուբյեկտներին նվիրաբերելու նպատակով:
21. Պետական գույքը նվիրաբերելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը պետք է ներառի առնվազն հետևյալ տեղեկությունները`
1) նվիրաբերվող պետական գույքի նկարագիրը (անվանումը, գտնվելու վայրը, անշարժ գույքի դեպքում` մակերեսը (քառակուսի մետրով արտահայտված), գնահատված արժեքը).
2) տեղեկություններ նվիրաբերության սուբյեկտի (սուբյեկտների) մասին (անվանումը, գտնվելու վայրը), քաղաքացիների համար` նույնականացման քարտի տվյալները կամ անձնագրի տվյալները.
3) նվիրաբերվող պետական գույքի օգտագործման նպատակը և նվիրաբերության սուբյեկտի ներկայացրած հանրօգուտ ծրագրի հիմնական պայմանները.
4) անհրաժեշտության դեպքում` այլ տեղեկություններ:
22. Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է մերժել կամ թույլատրել պետական գույքի նվիրաբերությունը նվիրաբերության սուբյեկտներին` հաշվի առնելով օրենքով սահմանված կրթական, գիտական, մշակութային, մարզական, բնապահպանական, առողջապահական, սոցիալական, բարեգործական ոլորտներում իրականացվող քաղաքականության ուղղությունները և առաջնահերթությունները:
23. Պետական գույքը նվիրաբերելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո կոմիտեի և նվիրաբերության սուբյեկտի միջև կնքվում է պետական գույքի նվիրաբերության պայմանագիր:
24. Հանրօգուտ ծրագրի իրականացման ամբողջ ժամանակահատվածում նվիրաբերություն ընդունած նվիրաբերության սուբյեկտը վարում է հանրօգուտ ծրագրի իրականացման առանձին հաշվառում և դրա վերաբերյալ հանրօգուտ ծրագրի իրականացման յուրաքանչյուր տարվա ավարտից հետո երկամսյա ժամկետում ներկայացնում է հաշվետվություն:
25. Հաշվետվությունում պարտադիր կարգով պետք է արտացոլվեն ծրագրի տվյալ ժամանակահատվածի կատարողականը, այդ թվում` կատարված ներդրումների ծավալի, ժամկետի և ձեռք բերված արդյունքների գծով, որին պետք է կցվեն կատարումը հաստատող փաստաթղթերի պատճենները, ինչպես նաև ծրագրի կատարման վերաբերյալ մամուլի և լրատվության միջոցների գնահատականը, եթե այդպիսիք առկա են:
(հավելվածը փոփ. 05.10.2023 թիվ 1711-Ն որոշում)