040.0012.180111
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
13 հունվարի 2011 թվականի N 12-Ն
ԶԵՆՔԻ ԱՌԵՎՏՐԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ԶԵՆՔԻ ԱՌԵՎՏՐԻ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄԻ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ և 17-րդ հոդվածի 2-րդ մասերին, 43-րդ հոդվածի 2-րդ մասի` լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների աղյուսակի 1-ին բաժնի 6-րդ կետին, ինչպես նաև «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) զենքի առևտրի լիցենզավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) զենքի առևտրի լիցենզիա ստանալու մասին դիմումի ձևը` համաձայն N 2 հավելվածի.
3) զենքի առևտրի լիցենզիայի ձևը` համաձայն N 3 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:
(վերնագիրը, նախաբանն ու տեքստը փոփ. 18.05.2023 թիվ 748-Ն որոշում)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 18-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2001 թվականի հունվարի 13-ի
N 12-Ն որոշման
ԿԱՐԳ
ԶԵՆՔԻ ԱՌԵՎՏՐԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական և ծառայողական զենքի առևտրի լիցենզիա (այսուհետ` լիցենզիա) տալու կարգը, ժամկետները, լիցենզիա ստանալու համար դիմած իրավաբանական անձանց (այսուհետ` դիմումատու) ներկայացվող պարտադիր պահանջներն ու պայմանները, ինչպես նաև լիցենզիա ստանալու համար ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերը:
2. Զենքի առևտրի լիցենզավորման հարաբերությունները կարգավորվում են «Լիցենզավորման մասին» և «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքներով ու սույն կարգով:
(2-րդ կետը փոփ. 18.05.2023 թիվ 748-Ն որոշում)
3. Հայաստանի Հանրապետությունում զենքի առևտրի լիցենզավորումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը (այսուհետ` լիցենզավորող մարմին):
(3-րդ կետը փոփ. 18.05.2023 թիվ 748-Ն որոշում)
4. Լիցենզիա ստանալու համար լիցենզավորող մարմին դիմելու իրավունք ունեն իրավաբանական անձինք:
5. (5-րդ կետն ուժը կորցրել է 23.10.13 թիվ 1144-Ն որոշում)
6. Լիցենզիա տալու համար գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով:
7. Լիցենզավորված իրավաբանական անձինք պարտավոր են գործունեություն իրականացնել միայն լիցենզիայում նշված վայրում:
II. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
8. Ելնելով զենքի հաշվառման, պահպանման ապահովման, ինչպես նաև զենքի առևտրի իրականացնողների և օգտագործողների կյանքի, առողջության, պետության և հասարակության շահերի պաշտպանության անհրաժեշտությունից` զենքի առևտրի լիցենզիա ստանալու համար իրավաբանական անձինք պարտավոր են զենքի առևտրի իրականացման վայրում ունենալ զենք և փամփուշտներ պահելու համար նախատեսված զետեղարաններ (այսուհետ` զետեղարան):
9. Զետեղարանները պետք է համապատասխանեն տեխնիկական ամրացվածության հետևյալ պահանջներին`
1) շենքերի պետերը, միջնորմները, առաստաղը, հատակը պետք է լինեն կապիտալ կառուցված, քարե շարվածքի հաստությունը պետք է լինի առնվազն 360 մմ, պատերի բետոնե բլոկները` առնվազն 200 մմ, երկաթբետոնե ծածկերը` առնվազն 180 մմ, երկշերտ բետոնե բլոկները` յուրաքանչյուրը 90 մմ.
2) սույն կետի 1-ին ենթակետի պահանջներին չհամապատասխանող կառույցի հատվածները պետք է պատվեն առնվազն 16 մմ տրամագծով երկաթե ձողերից պատրաստված 150x150 մմ-ից ոչ ավելի չափի վանդակաշարով.
3) ներքին պատերը կառուցելու ժամանակ թույլատրվում է օգտագործել զուգավորված բետոնե միջնապատային սալեր (յուրաքանչյուրը` առնվազն 80 մմ հաստությամբ)` նրանց միջև սույն կետի 2-րդ ենթակետի պահանջներին համապատասխանող վանդակաշար անցկացնելով: Պատերի ամրացման համար թույլատրվում է օգտագործել այլ նյութեր, որոնք իրենց տեխնիկական բնութագրերով չեն զիջում նշված կառուցվածքներին.
4) ինժեներական ցանցերի համար նախատեսված, ինչպես նաև օդափոխիչ հորանցքերն ու պատերի անցքերը պետք է փակվեն առնվազն 16 մմ հաստությամբ երկաթե ձողերից պատրաստված 50x50 մմ չափի վանդակաշարով.
5) դռների խորշերը պետք է սարքավորվեն`
ա. առնվազն 3 մմ հաստությամբ երկաթե դռնով, որն ամրացվում է պարագծով և անկյունագծով` պատերի` առնվազն 3 մմ հաստությամբ, և կողերի` առնվազն 50 մմ լայնությամբ երկաթե պրոֆիլով,
բ. առնվազն 16 մմ հաստությամբ ձողերով և 150 x 150 մմ-ից ոչ ավելի վանդակների չափերով պատրաստված վանդակապատ դռնով, որը նույնպես ամրացվում է պարագծով և անկյունագծով: Դռան խորշի շրջանակը պատրաստվում է պատերի` առնվազն 5 մմ հաստությամբ, և կողերի` առնվազն 100 մմ լայնությամբ երկաթե պրոֆիլից.
6) երկաթե վանդակապատ դռան փողերը յուրաքանչյուր հատման և պրոֆիլների հետ միացման տեղերում պետք է լինեն եռակցված, իսկ դռների խորշի շրջանակները պետք է լինեն պատերի մեջ 80 մմ խորությամբ ամրացված և ցեմենտապատված.
7) մուտքի հիմնական դուռը պետք է ունենա ներքին երկու փական, իսկ վանդակապատ դուռը` մեկ կախովի կամ ներքին փական, ծխնիների հուսալի կառուցվածք և ամրություն: Մուտքի դուռը պետք է լրացուցիչ սարքավորված լինի կնքման համար հարմարանքով.
8) զենքի առևտուր իրականացնելու համար նախատեսված շինության և զետեղարանների պատուհանները պետք է ծածկված լինեն առնվազն 16 մմ տրամագծով երկաթյա ձողերից պատրաստված` 150 x 150 մմ-ից ոչ ավելի չափի վանդակաշարով.
9) զետեղարանը պետք է համապատասխանի հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջներին, սարքավորված լինի հրդեհաշիջման միջոցներով և ազդանշանային համակարգով` ձայնային կամ լուսային ազդանշանը պահպանության դիտակետին միացնելով կամ շենքի արտաքին մասին ամրացնելով: Ազդանշանային սարքավորումների էլեկտրասնուցման համակարգը պետք է ունենա պահեստային էլեկտրասնուցման աղբյուր.
10) զենքի առևտուր իրականացնելու համար նախատեսված շինության և զետեղարանների բոլոր մուտքերի դռները պետք է ունենան ազդանշանային համակարգ և լինեն լուսավորված:
9.1. Զենքի առևտուր իրականացնելու համար նախատեսված շինության բոլոր մուտքերին, ինչպես նաև անմիջականորեն զենքի վաճառք իրականացնելու համար նախատեսված տարածքներում պետք է տեղադրված լինեն անընդմեջ բարձր որակի (HD) տեսաձայնագրություն իրականացնող սարքեր` օրվա մութ ժամերին նկարահանելու և տեսաձայնագրությունն առնվազն 10 օր պահպանելու հնարավորությամբ: Տեսաձայնագրող սարքը զենքի առևտուր իրականացնելու համար նախատեսված շինության դրսի կողմից պետք է տեղադրված լինի այնպես, որպեսզի հնարավորություն տա նկարահանելու և հետևելու զենքի առևտուր իրականացնելու համար նախատեսված շինության (դրսի կողմից) մուտքի մոտ կատարվող գործողություններին: Մյուս տեսաձայնագրող սարքը պետք է տեղադրված լինի անմիջականորեն զենքի վաճառք իրականացնելու համար նախատեսված սրահում` այնպես, որպեսզի հնարավորություն տա նկարահանելու և հետևելու առևտրի սրահում կատարվող գործողություններին: Զենքի առևտուր իրականացնելու համար նախատեսված շինության մուտքի դռան երկու կողմից պետք է փակցված լինեն «Տարածքը և դրա շրջակայքը տեսագրվում են» բովանդակությամբ հայտարարություններ:
(9.1-ին կետը լրաց. 19.06.14 թիվ 621-Ն որոշում)
III. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ
10. Լիցենզիա ստանալու համար դիմումատուն լիցենզավորող մարմին է ներկայացնում`
1) լիցենզիա ստանալու մասին դիմում.
2) (2-րդ ենթակետն ուժը կորցրել է 31.01.13 թիվ 72-Ն որոշում)
3) (3-րդ ենթակետն ուժը կորցրել է 31.01.13 թիվ 72-Ն որոշում)
4) լիցենզավորող մարմնի կամ համապատասխան լիցենզիա ունեցող անձի կողմից տրված փորձագիտական եզրակացությունը սույն կարգով սահմանված պահանջների կամ պայմանների ապահովման վերաբերյալ.
5) զենքի առևտուր իրականացնելու համար նախատեսված շինության սեփականության կամ օգտագործման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը, ինչպես նաև շինության վարձակալության կամ անհատույց օգտագործման պայմանագրի պատճենը.
6) շինության պահպանությունն իրականացնելու մասին կնքված պայմանագրի պատճենը.
7) զենքին և ռազմամթերքին առնչվելու իրավասություն ունեցող անձանց նշանակելու մասին դիմումատուի հրամանների, այդ անձանց անձնագրերի պատճենը և զենքի տիրապետումը խոչընդոտող հիվանդությունների և վիճակների բացակայության մասին բժշկական եզրակացությունը և բժշկական տեղեկանքների պատճենները` նարկոլոգիական և հոգեբուժական բժշկական հաստատություններում հաշվառման մեջ չգտնվելու վերաբերյալ.
8) (8-րդ ենթակետն ուժը կորցրել է 06.02.14 թիվ 94-Ն որոշում)
9) (9-րդ ենթակետն ուժը կորցրել է 06.02.14 թիվ 94-Ն որոշում)
10) գործունեության վայրում հսկիչ-դրամարկղային մեքենա գրանցված լինելու մասին հարկային մարմնի կողմից տրված տեղեկանքը:
(10-րդ կետը փոփ. 31.01.13 թիվ 72-Ն, 06.02.14 թիվ 94-Ն, 18.05.2023 թիվ 748-Ն որոշումներ)
11. Լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը կարող են լիցենզավորող մարմնին հանձնվել առձեռն կամ փոստով կամ էլեկտրոնային համակարգի միջոցով:
IV. ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
12. Լիցենզավորող մարմինն ստուգում է դիմումատուի կողմից դիմումին կից ներկայացված տեղեկությունների համապատասխանությունը սույն կարգի 9-րդ կետում նշված պահանջներին: Լիցենզիա ստանալու դիմումում կամ կից փաստաթղթերում ոչ էական թերությունների (վրիպակների, ոչ իրավաբանական անճշտությունների, թվաբանական սխալների և նման այլ բացթողումների) առկայության, ինչպես նաև փաստաթղթերը թերի լինելու դեպքում լիազոր մարմինը դրանք հայտնաբերելու պահից 2 աշխատանքային օրվա ընթացքում առաջարկում է հայտատուին 5 աշխատանքային օրվա ընթացքում վերացնել թերությունները` նախազգուշացնելով «Լիցենզավորման մասին» օրենքի 29-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված հետևանքի մասին: Լիցենզավորող մարմինը, դիմումատուի կողմից սույն կարգի 10-րդ կետում նշված բոլոր փաստաթղթերը ներկայացվելուց հետո` 23 աշխատանքային օրվա ընթացքում, տրամադրում է լիցենզիան:
(12-րդ կետը փոփ. 18.05.2023 թիվ 748-Ն որոշում)
13. Լիցենզիան տրվում է անժամկետ:
(13-րդ կետը փոփ. 18.05.2023 թիվ 748-Ն որոշում)
14. Լիցենզիա ստանալու մասին դիմումը մերժվում է, եթե`
1) ներկայացված փաստաթղթերը թերի են, ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված և սահմանված ժամկետում այդ թերությունները չեն վերացվել.
2) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրության ու սույն կարգի պահանջներին.
3) դիմումատուն օրենքի կամ իր կանոնադրության համաձայն իրավունք չունի զբաղվելու զենքի առևտրով.
4) ապահովված չեն սույն կարգով սահմանված պահանջները կամ պայմանները.
5) օրենքով նախատեսված են այլ դեպքեր:
(14-րդ կետը փոփ. 18.05.2023 թիվ 748-Ն որոշում)
15-20. (15-20-րդ կետերն ուժը կորցրել են 23.10.13 թիվ 1144-Ն որոշում)
21. Լիցենզավորված իրավաբանական անձինք լիցենզավորող մարմին են ներկայացնում եռամսյակային հաշվետվություններ` լիցենզավորող մարմնի սահմանած ձևին համապատասխան:
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2001 թվականի հունվարի 13-ի
N 12-Ն որոշման
Ձև
______________________________________________________
______________________________________________________
(իրավաբանական անձի անվանումը և
______________________________________________________
(գտնվելու վայրը, հեռախոսահամարը)
______________________________________________________
(գործունեության իրականացման վայրը, հեռախոսահամարը)
______________________________
(պետական գրանցման համարը)
ԴԻՄՈՒՄ
ԶԵՆՔԻ ԱՌԵՎՏՐԻ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Խնդրում եմ ինձ տալ զենքի առևտրի լիցենզիա ___________________________
(նշել զենքի տեսակը)
_____________________________________________________________________
Լիցենզավորման պայմաններին ու պահանջներին ծանոթացել եմ և պարտավորվում եմ պահպանել դրանք:
Կից ներկայացնում եմ հետևյալ փաստաթղթերը`
1. _________________________________________ 2. _________________________________________ 3. _________________________________________ 4. _________________________________________ 5. _________________________________________ ..._________________________________________ 10._________________________________________
Դիմումատու ___________________ ________________________________
(ստորագրությունը) (պաշտոնը, անունը, ազգանունը)
_____ ___________ 20 թ.
(2-րդ հավելվածը փոփ. 31.01.13 թիվ 72-Ն, 30.06.16 թիվ 691-Ն որոշումներ)
Հավելված N 3
ՀՀ կառավարության
2001 թվականի հունվարի 13-ի
N 12-Ն որոշման
Ձև
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ԼԻՑԵՆԶԻԱ
ԶԵՆՔԻ ԱՌԵՎՏՐԻ
Սերիա - ԶԱՌ N ________
Իրավաբանական անձի
անվանումը _________________________________
_________________________________
_________________________________
Գտնվելու վայրը (հասցեն) _________________________________
_________________________________
_________________________________
Գործունեության իրականացման
վայրը (հասցեն) _________________________________
_________________________________
_________________________________
Գործողության ժամկետը` _________________________________
ՀՀ ոստիկանության պետ __________________ ____________________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
Կ.Տ. _____ ___________ 20 թ.
(3-րդ ձևը փոփ. 18.05.2023 թիվ 748-Ն որոշում)