Սեղմել Esc փակելու համար:
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ Կ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ
ՀՐԱՄԱՆ

 

Թիվ 36-Լ

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի 2023 թվականի մարտի 14-ի «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 4-Լ հրամանի 1-ին կետով հաստատված հավելվածի 19-րդ կետի 5-րդ ենթակետի`

(նախաբանը փոփ. 11.04.2023 թիվ 11-Լ հրաման)

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել Ոստիկանության պարեկային ծառայության կանոնագիրքը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

    ԳՆԴԱՊԵՏ                                Վ. ՂԱԶԱՐՅԱՆ

 

23 սեպտեմբերի 2020թ.

ք. Երևան

 

Հավելված

ՀՀ ոստիկանության պետի

23.09.2020թ.

թիվ 36-Լ հրամանի

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կանոնագրքով սահմանվում են Հայաստանի Հանրապետության ոստիկանության պարեկային ծառայության (այսուհետ` Պարեկային ծառայություն) կողմից պարեկային ծառայության իրականացման կազմակերպման և իրականացման ձևերը, ինչպես նաև հասարակական կարգի և ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովելիս, հանցագործություններն ու իրավախախտումները հայտնաբերելիս, կանխելիս, խափանելիս և բացահայտելիս, քաղաքացիներին (այդ թվում օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց) աջակցելիս և արտակարգ իրավիճակներում Պարեկային ծառայության շարային ստորաբաժանման ծառայողի (այսուհետ` պարեկային ծառայող) կողմից իրականացվող գործողությունները:

2. Պարեկային ծառայությունը կազմակերպվում է շուրջօրյա` Պարեկային ծառայության շարային ստորաբաժանումներից (գունդ, գումարտակ, վաշտ, դասակ և այլն) նշանակված պարեկային կարգախմբերի միջոցով` հերթափոխի սկզբունքով:

3. Ոստիկանության` օրենքով նախատեսված խնդիրներն իրականացնելիս պարեկային ծառայությունը`

1) ապահովում է հասարակական կարգի պահպանությունը, հասարակական անվտանգությունը, այդ թվում` ջրային ավազաններում և առափնյա հատվածներում և ճանապարհային երթևեկության անվտանգությունը,

2) իր իրավասության սահմաններում` հասարակական վայրերում հայտնաբերում, կանխում, խափանում, բացահայտում է հանցագործությունները,

3) ապահովում է քրեական վարույթն իրականացնող մարմինների կողմից կատարվող դատավարական գործողությունների և դրանց մասնակցող անձանց անվտանգությունը, այդ թվում հանցագործության դեպքի վայրի պահպանությունը,

4) իր իրավասության սահմաններում հասարակական վայրերում կանխում, հայտնաբերում, խափանում է ոստիկանության քննությանը ենթակա վարչական իրավախախտումները (այսուհետ` վարչական իրավախախտում) և կիրառում է օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցներ:

(3-րդ կետը փոփ. 11.04.2023 թիվ 11-Լ հրաման)

4. Պարեկային ծառայության գործունեության իրավական հիմքն են «Ոստիկանության մասին» ու «Ոստիկանությունում ծառայության մասին», «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքները, Հայաստանի Հանրապետության ոստիկանության Պարեկային ծառայության կանոնադրությունը և այլ իրավական ակտեր:

5. Պարեկային ծառայության իրականացումը ոստիկանության խնդիրների կատարման եղանակներից է, որն ապահովվում է`

1) պարեկային ծառայողների կողմից իրենց տեղամասերում օպերատիվ իրավիճակի իմացությամբ, քաղաքացիների հետ սերտ համագործակցությամբ,

2) ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքները և օրինական շահերն այլոց ապօրինի միջամտություններից զերծ պահելով,

3) հանցագործությունների և վարչական իրավախախտումների վերաբերյալ ստացված ահազանգերի անմիջական հակազդման, դրանց կանխման ու խափանման ուղղությամբ պարեկային կարգախմբերի ակտիվ գործողություններով,

4) հանցագործության դեպքերով քրեական վարույթի ընթացքում վարույթն իրականացնող մարմիններին դատավարական գործողությունների կատարման ժամանակ ցուցաբերված աջակցությամբ,

5) ծառայողների արդյունավետ և ճիշտ տեղաբաշխմամբ, կարգախմբերի փոխհամագործակցության ու ղեկավարման համակարգի կատարելագործմամբ, տրանսպորտային և կապի միջոցների ճիշտ և նպատակային օգտագործմամբ,

6) ծառայության կազմակերպման գործում մարտավարական հնարքների և տեխնիկական միջոցների ներդրմամբ,

7) ոստիկանության մյուս ծառայությունների հետ անմիջական համագործակցությամբ,

8) պարեկային ծառայողների գործնական և բարոյական հատկանիշների նկատմամբ բարձր պահանջկոտության ցուցաբերմամբ, ծառայության նկատմամբ մշտական հսկողության կազմակերպմամբ,

9) երդմանը հավատարիմ մնալու, ծառայողական պարտքը կատարելու, մշտական պատրաստակամությամբ և անձնվիրությամբ հասարակական կարգի ապահովման համար պատասխանատվության բարձրացմամբ, իրավախախտների նկատմամբ անհանդուրժողական վերաբերմունքով, մասնագիտական որակավորման կատարելագործմամբ:

(5-րդ կետը փոփ. 12.09.2022 թիվ 35-Լ հրաման)

 

2. ՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

2.1. Պարեկային ծառայության կազմակերպման հիմքերը

 

6. Ոստիկանությունում պարեկային ծառայություն իրականացնում են Ոստիկանության Պարեկային ծառայության շարային ստորաբաժանումների ծառայողները: Ոստիկանության առջև դրված խնդիրների պատշաճ կատարումն ապահովելու նպատակով պարեկային ծառայության կարող են ներգրավվել նաև ոստիկանության այլ ստորաբաժանումների ծառայողները, ներառյալ Պարեկային ծառայության ոչ շարային ստորաբաժանումների ծառայողները: Պարեկային ծառայության ներգրավված ոստիկանության այլ ստորաբաժանումների ծառայողների և Պարեկային ծառայության ոչ շարային ստորաբաժանումների ծառայողների վրա տարածվում են սույն կանոնագրքով նախատեսված դրույթները:

7. Պարեկային ծառայողը ենթարկվում է Ոստիկանության պարեկային ծառայության պետին, նրա տեղակալներին, ենթակա շարային ստորաբաժանումների հրամանատարներին, իր անմիջական հրամանատարներին:

8. Պարեկային ծառայության կազմակերպման և իրականացման ընթացքում, ինչպես նաև հանցագործություններին և այլ իրավախախտումների կանխման, խափանման և բացահայտման պարտականությունները կատարելիս` հերթափոխի ընթացքում, պարեկային ծառայողը կատարում է նաև Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի հանձնարարությունները (այսուհետ` Օպերատիվ կառավարման կենտրոն), որն իրավասու է պարեկային ծառայողին ներգրավել Պարեկային ծառայության խնդիրների կատարումից բխող գործողություններին և այդ կապակցությամբ տալ համապատասխան հանձնարարություններ, փոխել պարեկային ծառայողի ծառայության իրականացման վայրը (երթուղին կամ տեղամասը)` հաշվի առնելով առանձին տեղամասերում առկա իրավիճակը:

(8-րդ կետը փոփ. 11.04.2023 թիվ 11-Լ հրաման)

9. Պարեկային ծառայություն կատարելու համար Պարեկային ծառայության կազմակերպման բաժնի կողմից սահմանվում է երթուղի (տեղամաս), որի սահմանները որոշվում են` ելնելով կոնկրետ պայմաններից, տեղանքից և օպերատիվ իրավիճակից:

(9-րդ կետը փոփ. 11.04.2023 թիվ 11-Լ հրաման)

10. Պարեկային ծառայողի տեխնիկական հագեցվածության ու սպառազինության մեջ ներառվում են`

1) լուսարձակ,

2) գրիչ, մատիտ, քանոն, նոթատետր,

3) թղթի թերթեր (A4 ֆորմատի),

4) տակտիկական գոտի,

5) ձեռնաշղթա,

6) մահակ (ծալվող կամ հասարակ),

7) պղպեղային օդամղիչ,

8) ատրճանակ` երկու պահեստային պահունակով,

9) հեռաչափ,

10) ձեռքի դյուրակիր թվային ռադիոկայան,

11) համազգեստի վրա կրվող շարժական տեսախցիկ,

12) GPS/3G ընդունիչ սարք,

13) պաշտպանիչ ձեռնոց,

14) ինքնաձիգ (անհրաժեշտության դեպքում),

15) էլեկտրապարպիչ սարք,

16) տակտիկական ժիլետ,

17) թվային սարքերի լրացուցիչ մարտկոցներ,

18) համազգեստի վրա կրվող GPS սարքի լիցքավորիչ

19) զրահաբաճկոն (անհրաժեշտության դեպքում).

20) ջրային փչովի բաճկոնակ (ջրային պարեկության դեպքում):

(10-րդ կետը փոփ. 11.04.2023 թիվ 11-Լ հրաման)

11. Պարեկային ծառայողը ծառայության ընթացքում կրում է ոստիկանության ծառայողի համազգեստ, և իր մոտ ունենում է ծառայողական վկայական և ոստիկանության ծառայողի կրծքանշան:

 

2.2. Աշխատանքային ընթացակարգերի սկիզբն ու ավարտը

 

12. Պարեկային ծառայության յուրաքանչյուր օր, ծառայության անցնելուց առաջ, կատարվում է անձնակազմի նախապատրաստում, հրահանգավորում ու կարգախմբի բաշխում:

13. Իր ծառայողական պարտականությունները կատարելու համար պարեկային ծառայողն աշխատանքի է ներկայանում իր հերթափոխի սկզբից առնվազն 30 րոպե առաջ: Ժամանելիս զեկուցում է հերթապահին և իր հրամանատարին` վերջինիս դիմելով ըստ կոչման: Հրահանգավորումն անցկացնելուց առաջ զենքերի հերթապահ բաժանմունքի աշխատակիցը պարզում է պարեկային ծառայողի ինքնազգացողությունն ու ծառայության իրականացմանը խանգարող այլ հանգամանքներ, տրամադրում է զենքը, հանդերձանքը, անհատական տեսախցիկը, կապի, անհատական պաշտպանության և հատուկ միջոցները, որի մասին պարեկային ծառայողը ստորագրում է կարգախմբերի ծառայության գրքում:

14. Զենքի լիցքավորումը կատարվում է հրահանգով և օպերատիվ հերթապահի կամ ստորաբաժանման հրամանատարի հսկողության ներքո` դրա համար հատուկ հատկացված վայրում:

15. Ծառայողական պարտականությունների կատարման ավարտից կես ժամ առաջ պարեկային կարգախմբերը` ղեկավարի համաձայնությամբ, վերադառնում են տեղաբաշխման վայր: Ըստ անհրաժեշտության այն պարեկային ծառայողները, որոնք պետք է ծառայության անցնեն, ընդունում են տրանսպորտային միջոցները (լողամիջոցը) նախորդ հերթափոխից, այդ գործընթացի դիտարկումն ու վերահսկողությունը իրականացնում է հերթապահ մասը, որը նաև ստուգում է տրանսպորտային միջոցի սարքին լինելը, վառելիքի քանակը, սարքավորումները և այլ տեխնիկական բնութագրեր:

(15-րդ կետը փոփ. 11.04.2023 թիվ 11-Լ հրաման)

16. Իրենց պարտականությունների կատարումն ավարտած պարեկային ծառայողները պետք է զենքերի հերթապահ բաժանմունք հանձնեն զենքը և հատուկ միջոցները, ինչպես նաև հերթապահ մասին փոխանցեն հերթապահության ընթացքում կազմած փաստաթղթերը:

17. Դասակների ղեկավարները զեկուցում են հրահանգավորում անցկացնող անձանց` պարեկային ծառայողների, պատրաստ լինելու մասին:

 

2.3. Անձնակազմի ստուգումն ու հրահանգավորումը

 

18. Ծառայողական պարտականությունները ստանձնելուց առաջ իրականացվում է պարեկային կարգախմբերի անձնակազմի ստուգում և հրահանգավորում:

19. Անձնակազմի ստուգում և հրահանգավորում կարող են իրականացնել Պարեկային ծառայության պետը և նրա տեղակալները, Պարեկային ծառայության ենթակա շարային ստորաբաժանումների հրամանատարները և նրանց տեղակալները, ինչպես պարեկային ծառայություն իրականացնող ոստիկանության ծառայողների անմիջական հրամանատարները:

20. Հրահանգավորողը պարտավոր է`

1) ստուգել պարեկային ծառայողների պատրաստվածությունը և վերացնել հայտնաբերված թերությունները.

2) ստուգել պարեկային ծառայողների արտաքին տեսքը, համազգեստ կրելու կանոնները պահպանելը, բացառել սահմանված կարգի խախտմամբ, այդ թվում` վնասված կամ անխնամ ծառայողական համազգեստ կրող ոստիկանության ծառայողի կողմից պարեկային ծառայության իրականացումը,

3) ըստ անհրաժեշտության` ստուգել պարեկային ծառայողների` իրենց իրավունքների և պարտականությունների իմացությունը, հրազենի և հատուկ միջոցների կիրառման կանոններին տիրապետելը.

4) ստուգել պարեկային ծառայողի անհատական տեսախցիկի և ռադիոկապի միջոցների սարքինությունը.

5) ստուգել պարեկային ծառայողների բարոյահոգեբանական վիճակը և խնդիրների հայտնաբերման դեպքում թույլ չտալ ոստիկանության համապատասխան ծառայողին ստանձնել պարեկային ծառայության իրականացումը.

6) պարեկային ծառայողներին ծանոթացնել իրենց տեղամասի օպերատիվ իրավիճակին:

21. Անձնակազմի ստուգումը և հրահանգավորումն ավարտվում է անձնակազմի տեղաբաշխմամբ և ծառայողական պարտականությունները ստանձնելու հրամանով:

 

3. ՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՁԵՎԵՐՆ ՈՒ ԵՂԱՆԱԿՆԵՐԸ

 

22. Պարեկային ծառայության իրականացման ձևերն են`

1) տրանսպորտային միջոցով,

1.1) լողամիջոցով,

2) հետիոտն:

(22-րդ կետը փոփ. 11.04.2023 թիվ 11-Լ հրաման)

23. Պարեկային կարգախմբում ընդգրկվում են առնվազն երկու պարեկային ծառայող:

24. Պարեկային կարգախմբի ավագը նշանակվում է անմիջական ղեկավարի կողմից` հաշվի առնելով պարեկային ծառայողի պաշտոնը և կոչումը:

25. Պարեկային ավտոմոբիլներն ունեն գունագրաֆիկ երանգավորում, կահավորված են հետևյալ տեխնիկական սարքերով ու միջոցներով`

1) ռադիոկապի ստացիոնար սարք,

2) ավտոմեքենայի GPS սարք,

3) բարձրախոս, ցուցաձող,

4) լուսաձայնային ազդանշանային համակարգ,

5) լուսարձակ (ավտոմեքենայի համար),

6) ամուր դյուրակիր համակարգիչ (պլանշետ)` իր լիցքավորիչով,

7) արագաչափ,

8) LTE երթուղիչ (router)

9) ավտոհամարանիշներ նույնականացնող տեսախցիկ,

10) ալկոմետր,

11) ապակիների մգեցվածության աստիճանի ստուգման սարք,

12) թերմոտպիչ,

13) դեպքի վայրի պահպանման համար անհրաժեշտ սարքավորումներ, այդ թվում հատուկ գունագրաֆիկ ժապավեն` դեպքի վայր հանդիսացող տարածքի սահմանազատման համար,

14) զրահաբաճկոն,

15) մուտքի գործիքներ,

16) նախազգուշացման գործիքներ,

17) դեպքի վայրի զննության արդյունքում վերցված իրերի կամ նմուշների պահման տոպրակ,

18) ճանապարհային ոզնի,

19) կրակմարիչ,

20) անհետաձգելի առաջին օգնության դեղատուփ,

21) համազգեստի վրա կրվող տեսախցիկի լիցքավորիչ (ամրակ),

22) 12-220Վ փոխակերպիչ,

23) դյուրակիր ռադիոկապի լիցքավորիչ:

25.1. Պարեկային լողամիջոցներն ունեն գունագրաֆիկ երանգավորում, կահավորված են հետևյալ տեխնիկական սարքերով ու միջոցներով`

1) ռադիոկապի ստացիոնար սարք.

2) լողամիջոցի GPS սարք.

3) բարձրախոս, ցուցաձող.

4) լուսաձայնային ազդանշանային համակարգ.

5) լուսարձակ (լողամիջոցի համար).

6) ամուր դյուրակիր համակարգիչ (պլանշետ)` իր լիցքավորիչով.

7) LTE երթուղիչ (router)

8) ալկոմետր.

9) թերմոտպիչ.

10) դեպքի վայրի պահպանման համար անհրաժեշտ սարքավորումներ, այդ թվում հատուկ գունագրաֆիկ ժապավեն` դեպքի վայր հանդիսացող տարածքի սահմանազատման համար.

11) զրահաբաճկոն և ջրային փչովի բաճկոնակ.

12) օդամղիչ սարք.

13) մուտքի գործիքներ.

14) նախազգուշացման գործիքներ.

15) դեպքի վայրի զննության արդյունքում վերցված իրերի կամ նմուշների պահման տոպրակ.

16) կրակմարիչ.

17) փրկարարական միջոցներ.

18) ջրասուզակի հանդերձանք.

19) պարան.

20) անհետաձգելի առաջին օգնության դեղատուփ.

21) համազգեստի վրա կրվող տեսախցիկի լիցքավորիչ (ամրակ).

22) 12-220Վ փոխակերպիչ.

23) դյուրակիր ռադիոկապի լիցքավորիչ.

24) տեսանկարահանող սարք:

(25.1-ին կետը լրաց. 11.04.2023 թիվ 11-Լ հրաման)

26. Ծառայություն իրականացնող պարեկային տրանսպորտային միջոցում (լողամիջոցում) տեղադրված տրանսպորտային միջոցի գտնվելու վայրը և այլ սարքավորումներով երթևեկության ուղղությունը ցույց տվող սարքավորումը և պարեկային ծառայության իրականացման հսկողական տեսախցիկը միացվում են ծառայության դուրս գալու պահին և չեն անջատվում (հսկողական տեսախցիկը` բացառությամբ ընդմիջման ժամանակի) մինչև ծառայության ավարտը:

(26-րդ կետը փոփ. 12.09.2022 թիվ 35-Լ, 11.04.2023 թիվ 11-Լ հրամաններ)

27. Ծառայության ընթացքում պարեկային տրանսպորտային միջոցում (լողամիջոցում) տեղադրված սարքերի աշխատանքի խափանման դեպքում պարեկային ծառայողը պարտավոր է այդ մասին անհապաղ տեղեկացնել Օպերատիվ կառավարման կենտրոն, իր անմիջական հրամանատարին և նրանց հանձնարարությամբ վերադառնալ շարային ստորաբաժանում` տեխնիկական թերությունները վերացնելու համար:

(27-րդ կետը փոփ. 12.09.2022 թիվ 35-Լ հրաման)

28. Ծառայության ընթացքում տեսաձայնագրումը, տեսանկարահանումը և լուսանկարահանումն իրականացվում են միայն ծառայողական (ոչ անձնական) տեխնիկական միջոցներով:

29. Պարեկային ծառայողը Պարեկային ծառայության պետի, նրա տեղակալի, անմիջական հրամանատարի կամ Օպերատիվ կառավարման կենտրոնի հանձնարարության հիման վրա կամ Օպերատիվ կառավարման կենտրոն տեղեկացնելուց հետո (բացառությամբ երթուղու կամ տեղամասի աննշան փոփոխությունների) կարող է փոխել իր երթուղին (տեղամասը) հետևյալ դեպքերում`

1) հարևան տեղամասերում երթևեկության խոչընդոտների կամ վտանգների վերացման համար անհետաձգելի միջոցներ ձեռնարկելու համար,

2) իրավախախտում կատարած կամ հետախուզման մեջ գտնվող անձին հայտնաբերելու, հետապնդելու, բռնելու կամ արգելանքի վերցնելու, ինչպես նաև իրավախախտին ոստիկանության վարչական շենք կամ պետական մարմնի այլ վարչական տարածք տեղափոխելու նպատակով,

3) արգելանքի տակ դրված տրանսպորտային միջոցները պահպանվող հատուկ տարածք փոխադրելու նպատակով,

4) այլ պարեկային կարգախմբերին կամ ոստիկանության այլ ստորաբաժանումներին աջակցելիս,

5) տրանսպորտային միջոցները (լողամիջոցները) հետապնդելիս,

5.1) անհրաժեշտության դեպքում լողամիջոցներն ափ կամ լողամիջոցների կանգատեղի տեղափոխելիս,

5.2) լողամիջոցները կամ ջրային ավազանում կամ առափնյա հատվածում կորած անձանց որոնելիս, ափից հեռացած և օգնության կարիք ունեցող անձանց ափ տեղափոխելիս,

6) իրավախախտումների կամ պատահարների ժամանակ տուժածներին օգնություն ցուցաբերելիս,

7) ճանապարհատրանսպորտային պատահարի կամ այլ դեպքի վայրը պահպանելիս,

8) հրդեհի և տարերային աղետների հետևանքների վերացման համար միջոցներ ձեռնարկելիս,

9) պարեկային ծառայողի ինքնազգացողության վատթարացման դեպքում,

10) ծառայության ընթացքում տրանսպորտային միջոցի (լողամիջոցի) կամ սարքերի աշխատանքը խափանվելու դեպքում,

11) ընդմիջման ժամին սնունդ ընդունելու նպատակով,

12) անհետաձգելի այլ դեպքերում:

(29-րդ կետը փոփ. 12.09.2022 թիվ 35-Լ, 11.04.2023 թիվ 11-Լ հրամաններ)

30. Տրանսպորտային միջոցով (լողամիջոցով) պարեկային ծառայությունն իրականացվում է բացահայտ:

(30-րդ կետը փոփ. 11.04.2023 թիվ 11-Լ հրաման)

31. Բացահայտ եղանակով պարեկային ծառայությունն իրականացվում է հատուկ գունագրաֆիկ երանգավորում ունեցող, առկայծող փարոսիկներով և ձայնային ազդանշաններով կահավորված տրանսպորտային միջոցներով (լողամիջոցներով):

(31-րդ կետը փոփ. 11.04.2023 թիվ 11-Լ հրաման)

32. Ավտոմոբիլով պարեկային ծառայությունն իրականացվում է հետևյալ մեթոդներով`

1) ճանապարհային երթևեկության հսկողության նպատակով երթուղու տարածքում տեղաշարժ,

2) ճանապարհի դժվարանցանելի կամ վտանգավոր հատվածներում ճանապարհային երթևեկության մասնակիցների համար տեսանելի վայրում կարճաժամկետ կայանում` հաշվի առնելով իրավիճակի բացառիկ բնույթը:

32.1. Մոտոցիկլով պարեկային ծառայությունն իրականացվում է երթևեկության բարձր ինտենսիվություն ունեցող ավտոմոբիլային ճանապարհներին կամ անհրաժեշտությունից ելնելով:

(31.2-ին կետը լրաց. 12.09.2022 թիվ 35-Լ հրաման)

32.2. Մոտոցիկլերն ունեն գունագրաֆիկ երանգավորում և կահավորված են հետևյալ տեխնիկական սարքերով ու միջոցներով`

1) ավտոմեքենայի GPS սարք,

2) բարձրախոս, ցուցաձող,

3) լուսաձայնային ազդանշանային համակարգ,

4) լուսարձակ,

5) ամուր դյուրակիր համակարգիչ (պլանշետ)` իր լիցքավորիչով

6) ալկոմետր,

7) ապակիների մգեցվածության աստիճանի ստուգման սարք

8) թերմոտպիչ,

9) դեպքի վայրի պահպանման համար անհրաժեշտ սարքավորումներ, այդ թվում հատուկ գունագրաֆիկ ժապավեն` դեպքի վայր հանդիսացող տարածքի սահմանազատման համար,

10) դեպքի վայրի զննության արդյունքում վերցված իրերի կամ նմուշների պահման տոպրակ,

11) կրակմարիչ,

12) անհետաձգելի առաջին օգնության դեղատուփ,

13) համազգեստի վրա կրվող տեսախցիկի լիցքավորիչ (ամրակ),

14) 12-220Վ փոխակերպիչ,

15) դյուրակիր ռադիոկապի լիցքավորիչ:

(32.2-րդ կետը լրաց. 12.09.2022 թիվ 35-Լ հրաման)

33. Հետիոտն կարգախմբի կողմից պարեկային ծառայությունն իրականացվում է մարդաշատ վայրերում տեղաշարժվելով` ըստ նախապես հաստատված և տվյալ կարգախմբին կցված տեղամասի:

34. Ուղղաթիռներով կամ անօդաչու թռչող սարքերով պարեկային ծառայությունը կազմակերպվում է երթևեկության բարձր ինտենսիվություն ունեցող միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներին, ինչպես նաև ջրային պարեկային ծառայություն իրականացնելիս` ըստ անհրաժեշտության:

(34-րդ կետը փոփ. 11.04.2023 թիվ 11-Լ հրաման)

35. Ուղղաթիռների միջոցով կամ անօդաչու թռչող սարքի կիրառմամբ կարող են իրականացվել ճանապարհային երթևեկության նկատմամբ հսկողությունը, մեծ թվով տրանսպորտային միջոցների մասնակցությամբ զանգվածային հրապարակային միջոցառումների ժամանակ անվտանգության ապահովումն ու տրանսպորտային միջոցների հետախուզումը, ինչպես նաև ենթադրյալ ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն կատարելու մեջ կասկածվող անձանց հետապնդման նպատակով և ջրային պարեկային ծառայություն իրականացնելիս:

(35-րդ կետը փոփ. 11.04.2023 թիվ 11-Լ հրաման)

36. Ուղղաթիռներով կամ անօդաչու թռչող սարքի կիրառմամբ պարեկային ծառայության իրականացման թույլտվությունը տրվում է Պարեկային ծառայության պետի կողմից` վաշտի հրամանատարի գրավոր առաջարկության հիման վրա:

37. Օպերատիվ իրավիճակի բարդությամբ պայմանավորված` անհետաձգելի դեպքերում, ուղղաթիռներով կամ անօդաչու թռչող սարքի կիրառմամբ պարեկային ծառայության իրականացումը թույլատրվում է վաշտի հրամանատարի բանավոր առաջարկության հիման վրա, իսկ պարեկային ծառայության իրականացման անհրաժեշտության մասին 24 ժամվա ընթացքում գրավոր տեղեկացվում է Պարեկային ծառայության պետին:

38. Ուղղաթիռներով կամ անօդաչու թռչող սարքի կիրառմամբ պարեկային ծառայության իրականացման համար կազմվում է առանձին աշխատանքային ժամանակացույց, որում նշվում են աշխատանքային օրերն ու ժամերը, պարեկության տեղն ու ժամանակը: Աշխատանքային ժամանակացույցի մեկ օրինակը հանձնվում է Ոստիկանության պետին:

39. Պարեկային ծառայողը ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և հրազեն գործադրում է «Ոստիկանության մասին» օրենքով նախատեսված դեպքերում և կարգով:

 

4. ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԵՎ ՈՒԺԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՈՒՄԸ

 

40. Պարեկային ծառայության իրականացման վայրում ոստիկանության անձնակազմը և ուժերը տեղակայվում են ըստ սահմանված տեղամասերի` ծառայողների օրական քանակին համապատասխան:

41. Տեղամասերի մշակումն իրականացվում է Պարեկային ծառայության վարչակազմի իրավասու ենթակառուցվածքային ստորաբաժանման կողմից` իրավասու ստորաբաժանման ներկայացմամբ` հաշվի առնելով տվյալ տարածքի առանձնահատկությունները, այդ թվում` բնակչության խտությունը, երթևեկելի և հետիոտն հատվածների բաշխվածությունը, երթևեկության ինտենսիվությունը, ուրբանիզացիայի մակարդակը, առևտրային, սպորտային և զվարճանքի վայրերի առկայությունը, իսկ ջրային ավազաններում` ափերի ծանրաբեռնվածությունը հասարակական օբյեկտներով, մշակութային օջախների, մերձափնյա բնակելի հատվածների, լողափերի և հանգստի գոտիների առկայությունը, ափից հեռավորությունը, ինչպես նաև իրավախախտումների տարածքային վիճակագրությունը:

(41-րդ կետը փոփ. 11.04.2023 թիվ 11-Լ հրաման)

42. Պարեկային ծառայության վարչակազմի իրավասու ենթակառուցվածքային ստորաբաժանման կողմից կարգախմբերի համար մշակված տեղամասերի պլանը հաստատվում է Պարեկային ծառայության պետի կողմից:

43. Պարեկային ծառայությունն իրականացվում է շուրջօրյա` առավելագույնը 12 ժամ տևողությամբ հերթափոխերով: Հերթափոխերի քանակը որոշում է Պարեկային ծառայության պետը` ելնելով ծառայողական խնդիրների իրականացման անհրաժեշտությունից:

(43-րդ կետը փոփ. 25.06.2021 թիվ 30-Լ հրաման)

44. Ըստ պարեկային տեղամասերի կարգախմբերի` աշխատանքային գրաֆիկը սահմանվում է ստորաբաժանման ղեկավարի կողմից:

 

5. ՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

45. Պարեկային ծառայողն իր ծառայողական պարտականությունները կատարելիս լիազորված է`

1) պահանջել քաղաքացիներից պահպանել հասարակական կարգն ու անվտանգությունը` բացատրելով իրենց գործողությունների հակաօրինական բնույթը, իսկ նման պահանջին չենթարկվելու դեպքում օրենքով սահմանված կարգով կիրառել ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ կամ հրազեն.

2) իրավախախտում կատարած լինելու վերաբերյալ հիմնավոր կասկած ունենալու դեպքում` քաղաքացիներից պահանջել ներկայացնել իրենց անձը հաստատող և անհրաժեշտ այլ փաստաթղթերը.

2.1) իրավախախտում կատարած լինելու հիմնավոր կասկածի դեպքում բարձրախոսով հայտարարելու կամ այլ հասկանալի եղանակով կանգնեցնել և տիրապետողի, իսկ վերջինիս բացակայության դեպքում` երկու ընթերակաների ներկայությամբ զննել լողամիջոցը, փոխադրվող բեռը, իրականացնել նավավարի սթափության վիճակի զննություն,

3) ժամանակավորապես սահմանափակել կամ արգելել տրանսպորտի երթևեկությունը և հետիոտնի շարժը, ինչպես նաև պարտավորեցնել քաղաքացիներին մնալ որոշակի տարածքներում կամ օբյեկտներում, փողոցներում և ճանապարհներին` իրենց կյանքի, առողջության կամ գույքի պաշտպանության ապահովման կամ քննչական, դատավարական և օպերատիվ հետախուզական գործողություններ կատարելու, ինչպես նաև վարույթն իրականացնող մարմիններին այդպիսի գործողությունների կատարմանն աջակցելու համար` այդ մասին անմիջապես տեղեկացնելով վերադասության կարգով.

3.1) ժամանակավորապես սահմանափակել կամ արգելել լողամիջոցներ վարելը, ջրային տարածք մուտք գործելը կամ ջրային կամ ափամերձ տարածքում գտնվող անձանց շարժը` իրենց կամ այլոց կյանքի կամ առողջության պաշտպանության նպատակով` անհրաժեշտության դեպքում լողամիջոցները անձամբ վարելով կամ քարշակման եղանակով տեղափոխելով ափ կամ լողամիջոցների կանգատեղի.

4) հանցագործություն կատարելու մեջ կասկածվող անձանց հետապնդելիս, հանցագործություն կատարվելու կամ կատարված լինելու, ինչպես նաև դժբախտ պատահարի մասին բավարար տվյալների առկայության դեպքում, վթարների, համաճարակների, զանգվածային անկարգությունների ժամանակ քաղաքացիների և հասարակական անվտանգության ապահովման անհրաժեշտության, ինչպես նաև անհետաձգելի այլ դեպքերում մուտք գործելու բնակարաններ, շինություններ, տարածքներ, հողամասեր, այդ թվում` արգելքները վերացնելու միջոցով,

5) կազմել վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ,

6) իրականացնել վարչական ձերբակալում, անձնական զննություն, կիրառել Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով նախատեսված այլ միջոցներ,

7) քաղաքացիներից և պաշտոնատար անձանցից վերցնել ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ հայտնաբերված ակնհայտ կեղծիքի հատկանիշներ պարունակող փաստաթղթերը, առանց համապատասխան թույլտվության պահվող քաղաքացիական շրջանառությունից հանված առարկաները, նյութերը և իրերը,

8) իրականացնել օրենքով սահմանված այլ գործողություններ:

(45-րդ կետը փոփ. 11.04.2023 թիվ 11-Լ հրաման)

46. Պարեկային ծառայողը կարող է լքել իրեն հատկացված տեղամասում ծառայության վայրը պարեկային ծառայության այլ նպատակների և խնդիրների իրականացման նպատակով, մասնավորապես.

1) Պարեկային ծառայության ղեկավարի, նրա տեղակալի, անմիջական հրամանատարի կամ Օպերատիվ կառավարման կենտրոնից ստացված հրահանգի հիման վրա, այն դեպքերում, երբ հարևան տեղամասերում անհրաժեշտ է լրացուցիչ կարգախմբերի միջոցով ոստիկանական ուժերի ներգրավումը` հասարակական կարգի և հասարակական անվտանգության ապահովման, հանցագործությունների և այլ իրավախախտումների կանխման և խափանման, ինչպես նաև ոստիկանության այլ նպատակների իրականացման համար.

2) ենթադրյալ հանցանք կատարած անձին բռնելու և արգելանքի վերցնելու նպատակով.

3) հակաօրինական արարք կատարած անձանց արգելանքի վերցնելիս ոստիկանության վարչական շենք կամ պետական մարմնի այլ վարչական տարածք տեղափոխելու նպատակով.

4) կարգախմբի կազմում ներառված պարեկային ծառայողի ինքնազգացողության վատթարացման դեպքում.

4.1 անհրաժեշտության դեպքում լողամիջոցներն ափ կամ լողամիջոցների կանգատեղի տեղափոխելիս, ինչպես նաև լողամիջոցները կամ ջրային ավազանում կամ առափնյա հատվածում կորած անձանց որոնելիս, ափից հեռացած և օգնության կարիք ունեցող անձանց ափ տեղափոխելիս.

5) ծառայության անհրաժեշտությամբ պայմանավորված այլ անհետաձգելի դեպքերում:

(46-րդ կետը փոփ. 11.04.2023 թիվ 11-Լ հրաման)

47. Սույն կանոնագրքով և այլ ակտերով սահմանված դեպքերում պարեկային ծառայողի կողմից ծառայության վայրը թողնելու յուրաքանչյուր դեպքում պարեկային ծառայություն իրականացնող կարգախումբն անմիջապես կապ է հաստատում և դրա մասին տեղեկացնում Օպերատիվ կառավարման կենտրոնի հերթապահին, ստանում համաձայնություն, այդ մասին տեղեկացնում անմիջական հրամանատարին` հայտնելով նաև ծառայության վայրը թողնելու պատճառները:

48. Պարեկային ծառայություն իրականացնող շարային ստորաբաժանման հրամանատարը պարտավոր է`

1) յուրաքանչյուր կարգախմբի կողմից ծառայողական պարտականությունները ստանձնելուց առաջ անցկացնել անձնակազմի ստուգում և հրահանգավորում.

2) թույլ չտալ ծառայողական պարտականությունների կատարումը ստանձնել ոչ պատշաճ արտաքինով կամ առողջական խնդիրներ ունեցող պարեկային ծառայողին.

49. Պարեկային ծառայողն իր ծառայողական պարտականությունները կատարելիս պարտավոր է`

1) պահպանել օրինականությունը, պաշտպանել քաղաքացիների իրավունքներն ու օրինական շահերը և դրանք սահմանափակել բացառապես օրենքով ուղղակիորեն սահմանված դեպքերում և կարգով` ներկայացնելով սահմանափակման հիմքերն ու պատճառները.

2) քաղաքացիներին դիմելիս պարտադիր պատվի առնել, վերջիններիս հասկանալի ձևով ներկայանալ` հայտնելով պաշտոնը, կոչումը, ազգանունը և ստորաբաժանումը, ինչպես նաև քաղաքացու խնդրանքով ներկայացնել նաև ոստիկանության ծառայողի անհատական կրծքանշանի հերթական համարը.

3) պահպանել ոստիկանի ծառայողական կարգապահությունը, ինչպես նաև քաղաքացիների հետ շփման ընթացքում էթիկայի և բարեվարքության կանոններն ու բարեհամբույր վերաբերմունքը, աջակցել վերջիններիս իրենց դիմելու դեպքում, ինչպես նաև ուղղորդել, եթե քաղաքացու դիմումը կամ խնդրանքը դուրս է իրենց ծառայողական պարտականություններից.

4) ծառայության ընթացքում քաղաքացիների նկատմամբ դրսևորել հարգալից ու հոգատար վարվելակերպ, ոստիկանության ծառայողին վայել վստահ գործելաոճ.

5) խնամքով վերաբերվել քաղաքացիների փաստաթղթերին, բացառել դրանցում որևէ նշում կատարելը, իսկ ներկայացված փաստաթղթերում ցանկացած այլ իրերի առկայության դեպքում` անմիջապես վերադարձնել դրանք ներկայացրած անձին.

6) ենթադրյալ հանցանքի մասին տեղեկություններ ստանալու կամ հայտնաբերելու դեպքում` այդ մասին անմիջապես զեկուցել Օպերատիվ կառավարման կենտրոն և ձեռնարկել օրենքով սահմանված միջոցները այն կանխելու կամ խափանելու նպատակով,

7) հանցագործության կատարման վերաբերյալ ֆիզիկական անձանցից հաղորդումներ ստանալու դեպքում` միջոցներ ձեռնարկել պարզելու տեղեկացնող տվյալները, ինչպես նաև գրանցել ստացված հաղորդումը և անմիջապես զեկուցել Օպերատիվ կառավարման կենտրոն, միջոցներ ձեռնարկել ենթադրյալ հանցանք կատարող անձանց հայտնաբերելու և արգելանքի վերցնելու, տուժողներին օգնություն ցույց տալու, վկաներին պարզելու համար.

8) առաջին օգնություն ցույց տալ հանցագործություններից, այլ իրավախախտումներից կամ պատահարներից տուժած անձանց, ինչպես նաև այն անձանց, ում կյանքին կամ առողջությանը վտանգ է սպառնում.

9) ճանապարհատրանսպորտային պատահարների վայրում ձեռնարկել օրենքով սահմանված անհրաժեշտ միջոցներ` պատահարի պատճառների և հանգամանքների պարզման համար և տեղում առաջին օգնություն ցույց տալ քաղաքացիներին.

10) տիրապետել տեղամասի օպերատիվ իրադրությանը, առևտրային կետերի և նյութական արժեքների կուտակման այլ վայրերի դիրքերին` դրանց նկատմամբ հնարավոր հանցավոր ոտնձգություններին օպերատիվ արձագանքելու համար.

11) հայտնաբերել վարչական իրավախախտումները, բացահայտել դրանց կատարմանը նպաստող հանգամանքները, իրենց իրավունքների սահմաններում միջոցներ ձեռնարկել այդ հանգամանքների վերացման համար,

12) մինչև դեպքի վայրի զննություն իրականացնող անձի` դեպքի վայր ժամանումը իրականացնել դեպքի վայրի պահպանություն, դեպքի վայրում աջակցել անհետաձգելի քննչական գործողություններին, ներառյալ իրավախախտում կատարած անձի հետապնդմանն ու հայտնաբերմանը, կատարել դեպքի վայրի զննություն իրականացնողի հանձնարարությունները,

13) իր կամ մեկ այլ անձի կողմից գտնված փաստաթղթերը և գույքը համապատասխան զեկուցագրով ներկայացնել մոտակա ոստիկանության տարածքային ստորաբաժանում` զեկուցագրում նշելով դրանց նկարագրությունը և գտած անձի տվյալները,

14) ուշադրություն դարձնել կոնֆլիկտային իրավիճակներին, իրավախախտների հնարավոր հայտնվելու վայրերին, ճանապարհներին կամ այլ վտանգավոր վայրերում խաղացող երեխաներին, ճանապարհային երթևեկությանը խանգարող անձանց, կասկածելի աղմուկներին, օբյեկտներում և շենքերում կրակի կամ ծխի հայտնվելուն` անհրաժեշտության դեպքում արձագանքելու համար

15) կորած կամ մոլորված երեխաներին հասցնել բնակության վայր, փոխանցել ծնողներին կամ այլ օրինական ներկայացուցչին, իսկ դրա անհնարինության դեպքում` մոտակա ոստիկանության տարածքային ստորաբաժանում,

16) բժշկական հիմնարկներ հասցնել ոչ սթափ վիճակում հասարակական վայրերում գտնվող այն անձանց, ովքեր գտնվում են անօգնական վիճակում, կորցրել են ինքնուրույն տեղաշարժվելու, շրջապատում կողմնորոշվելու ունակությունը կամ կարող են վնաս պատճառել շրջապատին,

17) աջակցել վարորդներին տրանսպորտային միջոցների անսարքությունները տեղում վերացնելու, դրա անհնարինության դեպքում տրանսպորտային միջոցը երթևեկելի մասից տեղափոխելու կամ այդ նպատակով միջոցառումներ ձեռնարկելու համար, երբ չի իրականացնում հատուկ կամ կոնկրետ գործառույթներ,

18) պարբերաբար հերթափոխից հետո զեկուցել պարեկության ընթացքում նկատված երթևեկության վտանգների, չերևացող ճանապարհային նշանների գծանշումների և վնասված ենթակառուցվածքների մասին,

19) տեղեկացնել երթևեկության մասնակիցներին ճանապարհին արձանագրված վտանգների, վարորդների համար անսպասելի ռիսկերի և ճանապարհի անանցանելիության մասին,

20) իրականացնել օրենսդրությամբ և սույն կանոնագրքով սահմանված այլ պարտականություններ:

49.1. Սույն հավելվածի 49-րդ կետում նշվածներից բացի, ջրային ավազանում և առափնյա հատվածում իր ծառայողական պարտականությունները կատարելիս պարեկային ծառայողը պարտավոր է`

1) ջրասուզման անհրաժեշտության դեպքում կարգախմբի մյուս պարեկին հանձնել իր տեխնիկական հագեցվածության կամ սպառազինության մեջ ներառված այն միջոցները, որոնք ջրի մեջ ընկղմվելու հետևանքով կարող են խափանվել,

2) ջրային ավազաններում և առափնյա հատվածներում` լողափերում, հանգստյան գոտիներում, իրականացնել հասարակական կարգի պահպանություն, օպերատիվ կերպով արձագանքել իրավախախտումներին և պատահարներին,

3) սպառնացող վտանգի մասին տեղեկություն ստանալուց անմիջապես հետո բարձրախոսի միջոցով կամ հասկանալի այլ ձևերով այդ մասին տեղեկացնել ջրային ավազանում և առափնյա հատվածում գտնվող անձանց,

4) ուշադրություն դարձնել ջրային վտանգավոր հատվածներում լողացող կամ ափամերձ տարածքում անզգույշ վարք դրսևորող անձանց վրա, օգնության կանչ լսելիս կամ օգնության ցուցաբերման անհրաժեշտության կասկածի դեպքում շտապ մոտենալ, անհրաժեշտության դեպքում ցուցաբերել անհետաձգելի օգնություն,

5) ափ տեղափոխել լողամիջոցի խափանման, նավաբեկության կամ այլ պատճառներով ափից հեռացած այն անձանց, որոնք սեփական ուժերով ափ վերադառնալու հնարավորություն չունեն,

6) օպերատիվ կերպով համագործակցել փրկարար ծառայության, ոստիկանության այլ ստորաբաժանումների և շտապ օգնության ծառայության հետ,

7) ձեռնարկել որոնողական աշխատանքներ` ջրային ավազանում և ափամերձ տարածքում կորած անձանց հայտնաբերման ուղղությամբ` այդ մասին անհապաղ տեղեկացնելով փրկարար ծառայության համապատասխան ստորաբաժանմանը, աջակցել փրկարար ծառայության կողմից իրականացվող որոնողական և փրկարարական աշխատանքներն,

8) ապօրինի ձկնորսության, որսի կամ ծառահատման դեպքերի կանխարգելման և հայտնաբերման նպատակով, ինչպես նաև այդպիսի դեպքեր հայտնաբերելիս համագործակցել ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի հետ,

9) լողամիջոցն անձամբ վարելով կամ քարշակման միջոցով տեղափոխել ափ, եթե անձի կողմից լողամիջոց վարելը կարող է վտանգել իր և/կամ այլ անձանց կյանքը և առողջությունը և նավավարն ի վիճակի չէ կամ հրաժարվում է լողամիջոցը հասցնել ափ,

10) սահմանափակել լողամիջոցի շահագործումը, եթե դա անհրաժեշտ է անձանց կյանքը և առողջությունը պաշտպանելու համար,

11) անձանց կյանքին և առողջությանը սպառնացող վտանգի դեպքում ժամանակավորապես սահմանափակել կամ արգելել ջրային ավազանում լողալը, ինչպես նաև սահմանափակել ափամերձ հատվածում գտնվողների շարժը:

(49.1-ին կետը լրաց. 11.04.2023 թիվ 11-Լ հրաման)

50. Պարեկային ծառայողները պարտավոր են աշխատանքի ավարտին արդյունքների և տեղի ունեցած միջադեպերի մասին տեղեկացնել իրենց անմիջական հրամանատարին:

51. Պարեկային ծառայողն իր առջև դրված խնդիրների պատշաճ կատարման նպատակով պետք է իմանա`

1) գործող օրենսդրությունը և իր գործունեությանն առնչվող այլ ակտերը, ինչպես նաև դրանց թարմացումները.

2) իր տեղամասի սահմանների ճանապարհները, փակուղիները և շրջանցումները, որպեսզի կարողանա հետապնդել և կանխել իրավախախտում կատարած անձանց փախուստը.

3) հետախուզման մեջ գտնվող անձանց, հափշտակված իրերի և տրանսպորտային միջոցների արտաքին տարբերակիչ հատկանիշները.

4) Օպերատիվ կառավարման կենտրոնի հետ կապի և տեղեկատվության փոխանցման եղանակներն ու կանոնները.

5) իր տեղամասի սահմաններում գտնվող ոստիկանության և այլ ծառայությունների ստորաբաժանումների, բժշկական կենտրոնների, ավտոկայանատեղիների և ծառայությունների մատուցման այլ կետերի, ինչպես նաև հարևան տեղամասերում գտնվող կարգախմբերի տեղակայման վայրերը.

5.1) ջրային պարեկության դեպքում` նաև իր կողմից սպասարկվող տեղամասում գտնվող լողափերը, հանգստի գոտիները, լողամիջոցների կանգատեղիները, ափերին մոտենալու անվտանգ հատվածները, լողալու գոտիները և դրանց սահմանները, ինչպես նաև իր կողմից սպասարկվող տեղամասի այլ առանձնահատկությունները:

(51-րդ կետը փոփ. 11.04.2023 թիվ 11-Լ հրաման)

52. Պարեկային ծառայողին ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում արգելվում է`

1) ծառայողական տրանսպորտային միջոցով (լողամիջոցով) տեղափոխել ծառայության հետ առնչություն չունեցող անձանց կամ իրեր.

2) առանց Օպերատիվ կառավարման կենտրոնի հետ համաձայնեցման շեղվել սահմանված երթուղուց (տեղամասից) կամ փոխել աշխատանքային գրաֆիկը.

3) արգելանքի վերցված անձանց թողնել առանց հսկողության.

4) ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում` ընդմիջման ժամից դուրս, սնվել կամ կատարել ցանկացած այլ գործողություն, որը կապված չէ իր առջև դրված խնդիրների կատարման հետ կամ անաչառ դիտորդի մոտ կարող է կասկածի տակ դնել պարեկային ծառայողի կարգապահությունը, ինչպես նաև Պարեկային ծառայության արդյունավետությունն ու հեղինակությունը,

5) անհարկի զրուցել քաղաքացիների հետ, ոչ նպատակային օգտագործել տրանսպորտային միջոցն (լողամիջոցը) ու դրան ամրացված միջոցները,

6) այլ անձանց տիրապետմանը հանձնել ծառայողական տրանսպորտային միջոցը (լողամիջոցը) և իրեն ամրակցված զենքը, տեխնիկական սարքավորումներն ու հատուկ միջոցները:

(52-րդ կետը փոփ. 11.04.2023 թիվ 11-Լ հրաման)

53. Քաղաքացու կողմից պարեկային ծառայողին կաշառքի ակնարկի կամ որևէ նյութական առավելության տրամադրման դեպքում պարեկային ծառայողը պարտավոր է անմիջապես նախազգուշացնել նման ակնարկը հնչեցրած քաղաքացուն կաշառք տալու համար սահմանված քրեական պատասխանատվության մասին:

 

5.1. Հասարակության հետ հաղորդակցությունը

 

54. Պարեկային ծառայողի գործունեությունը հիմնվում է օրենքի գերակայության, մարդու պատիվը և արժանապատվությունը հարգելու, օրենքի առջև հավասարության, մարդասիրության, հրապարակայնության և թափանցիկության սկզբունքների վրա:

55. Բնակչության հետ սերտ համագործակցությունն ու արդյունավետ հաղորդակցությունը կնպաստի անվտանգության ապահովման, իրավախախտումների կանխարգելման, հանցավորության մակարդակի իջեցման նպատակով:

 

5.2. Պարեկային ծառայողների վարքը քաղաքացիների հանդեպ

 

56. Տարբեր իրավիճակներում պարեկային ծառայողի մարտավարական հասունությունը, գործողությունների գրագիտությունը, որոնք թույլ են տալիս նրան հաջողությամբ լուծելու հասարակական կարգի պահպանության և հանցավորության հետ պայքարի հարցերը, նշանակալից չափով որոշվում են` քաղաքացիների հետ իր փոխհարաբերությունները ճիշտ կառուցելու նրա ունակությամբ: Քաղաքացիների հետ փոխհարաբերություններում պարեկային ծառայողը պետք է դրսևորի քաղաքավարություն և նրբազգացություն:

 

5.3. Պարեկային ծառայողի` քաղաքացուն դիմելու կարգն ու տոնայնությունը

 

57. Պարեկային ծառայողը պետք է քաղաքացուն դիմի հարգանքով, «Դուք»-ով, իր պահանջներն ու դիտողությունները ներկայացնի համոզիչ ձևով: Քաղաքացուն դիմելիս պետք է նրան ողջունի, որից հետո, ձեռքը հպելով գլխարկին, բարձրաձայնի իր ազգանունն ու կոչումը: Եթե քաղաքացիներն են դիմում պարեկային ծառայողին, ապա նա նույնպես պարտավոր է ձեռքը հպել գլխարկին, ուշադիր լսել նրանց և միջոցներ ձեռնարկել` վերջիններիս հայտարարությունների հետ կապված: Եթե քաղաքացու հարցադրումը դուրս է պարեկային ծառայողի իրավասությունների շրջանակից, ապա պարեկային ծառայողը, չանտեսելով նրան, պետք է քաղաքացուն օգնի խորհրդով, իսկ անհրաժեշտության դեպքում` բացատրի, թե ուր է պետք դիմել` դրված հարցը լուծելու համար:

58. Քաղաքացիներին դիմելիս անթույլատրելի են`

1) արհամարհական տոնը, կոպտությունը, գոռոզությունը,

2) դիտողությունների հեգնական կամ անքաղաքավարի շարադրումը,

3) մարդու արժանապատվությունը վիրավորող արտահայտությունները կամ ռեպլիկները,

4) սպառնալիքները, խրատները կամ անարդարացի նախատումները,

5) անիրավացի մեղադրանքներ ներկայացնելը.

6) սպառնացող կամ վիրավորող ժեստերն ու նշանները:

59. Քաղաքացիների հետ զրուցելիս պարեկային ծառայողները պարտավոր են դրսևորել հանգստություն և խոհեմություն: Նրանք չպետք է կոպտությանը կոպտությամբ պատասխանեն և իրենց գործողություններում առաջնորդվեն անձնական անբարյացակամ զգացմունքներով:

60. Երբ իրավախախտում կատարած անձը ոստիկանի դիտողություններին գրգռված է արձագանքում, ապա պետք է նրան ժամանակ տալ հանդարտվելու և բացատրություն խնդրել` նրա հակաիրավական գործողությունների վերաբերյալ: Պարզաբանել նրա վարքի հակաօրինական բնույթը` հղում կատարելով համապատասխան իրավական նորմերին:

61. Դեռահասների հանդեպ պարեկային ծառայողները պետք է վարվեն նույնքան հարգալից, որքան մեծահասակների հանդեպ: Երեխաներին դիտողություններն արվում են` հաշվի առնելով նրանց հոգեբանությունն ու ընկալելու հնարավորությունը:

62. Պարեկային ծառայողը պետք է մշտական կապի մեջ լինի իր գործողությունների տարածքում բնակվող բնակչության հետ, երկխոսության մեջ մտնի կուտակումների վայրում գտնվող մարդկանց հետ (զբոսայգիներում, պուրակներում, մետրոպոլիտենի մուտքերի մոտ), լինի բարյացակամ և պոզիտիվ:

 

5.4. Պարեկային ծառայողի ծառայության ընթացքն այլ անձանց կողմից տեսաձայնագրելու կամ լուսանկարահանելու հետ կապված իրավիճակների ընդհանուր կանոնները

 

63. Պարեկային ծառայության իրականացման ընթացքում պարեկային ծառայողն իրավունք չունի պահանջել քաղաքացիներից դադարեցնել տեսաձայնագրումը կամ լուսանկարահանումը, ինչպես նաև ուղիղ հեռարձակումները` նկատի ունենալով մարդու` ազատ գործելու սահմանադրական իրավունքը, ինչպես նաև այն, որ «Ոստիկանության մասին» օրենքով հրապարակայնությունը ոստիկանության գործունեության սկզբունքներից է, իսկ պարեկային ծառայողը հաշվետու հանրային ծառայող է:

64. Սույն կանոնագրքի 63-րդ կետից բացառություն կարող է արվել, եթե այդպիսի գործողությունները`

1) ողջամտորեն խախտում են այլ անձանց իրավունքները (օրինակ` այլ անձի անձնական տվյալներն առանց վերջինիս համաձայնության հասանելի է դարձնում անորոշ թվով անձանց և այլն),

2) խոչընդոտում են ծառայողական պարտականությունների իրականացմանը (օրինակ` դեպքի վայրում ապացույցների նկարահանումները և այլն),

3) վտանգում են նկարահանողի կամ այլ անձանց կյանքը կամ առողջությունը (օրինակ` ճանապարհի երթևեկելի բանուկ մասերում է իրականացնում նկարահանումը և այլն):

65. Նման դեպքերում պարեկային ծառայողը կարող է պահանջել այդ անձանցից տեսաձայնագրումը, լուսանկարահանումը կամ ուղիղ հեռարձակումը իրականացնել առավել մեծ հեռավորությամբ կամ ցանկացած այլ պայմաններում, որպեսզի չառաջանա սույն կանոնագրքի 64-րդ կետով նկարագրված պայմաններից մեկը:

 

5.5. Ֆիզիկական ուժի գործադրումը

 

66. Իրավախախտումները կանխելու կամ խափանելու, իրավախախտներին բռնելու և ոստիկանություն ներկայացնելու, ոստիկանության ծառայողի օրինական պահանջներին չենթարկվելու կամ դիմադրություն ցույց տալու դեպքերում, ինչպես նաև ինքնապաշտպանության նպատակով ոստիկանության ծառայողն իրավունք ունի իրավախախտների նկատմամբ գործադրել ֆիզիկական ուժ (այդ թվում` ձեռնամարտի հնարքներ), ինչպես նաև ձեռքի տակ գտնվող անհրաժեշտ առարկաներ, եթե ոչ ուժային միջոցները չեն ապահովում ոստիկանության վրա դրված պարտականությունների կատարումը:

67. Պարեկային ծառայողներն իրավունք ունեն գործադրել ֆիզիկական ուժ, այդ թվում մարտական հատուկ հնարքներ` սեփական և այլ անձանց անվտանգությունն ապահովելու, իրավախախտումների կանխման, ինչպես նաև իրավախախտում կատարած անձանց բռնելու նպատակով, եթե այլ եղանակով հնարավոր չէ արդյունավետ կերպով իրականացնել պարեկային ծառայողի գործառույթները:

68. Ֆիզիկական ուժի գործադրումն ակնհայտ հղի և սահմանափակ կարողություններով անձանց, անչափահասների ու ծերերի նկատմամբ արգելվում է, բացառությամբ այն դեպքերի, երբ վերջիններս իրականացնում են զինված կամ խմբակային հարձակում, ոստիկանին ցույց են տալիս զինված դիմադրություն, որի հետևանքով վտանգվում է ոստիկանության ծառայողի կամ այլ անձանց կյանքը կամ առողջությունը:

69. Գործադրված ֆիզիկական ուժի արդյունքում անձանց ստացած վնասվածքների կամ մահվան դեպքում պարեկային ծառայողն անմիջապես զեկուցում է այդ մասին անմիջական հրամանատարին:

 

5.6. Հատուկ միջոցների գործադրումը

 

70. Ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում հանցավորության դեմ պայքարի, հասարակական կարգի և հասարակական անվտանգության ապահովման նպատակով պարեկային ծառայողն իրավունք ունի գործադրել նաև ոստիկանության սպառազինության մեջ գտնվող և իրեն ամրակցված հատուկ միջոցներ:

71. Պարեկային ծառայողը հատուկ միջոցի կիրառման իրավասություն ունի բացառապես նման հատուկ պատրաստվածություն անցնելու դեպքում:

72. Պարեկային ծառայողները ծառայողական պարտականությունները կատարելիս իրավունք ունեն գործադրել իրենց տրամադրության տակ գտնվող հատուկ միջոցները`

1) քաղաքացիների և ոստիկանության ծառայողի վրա կատարվող հարձակումը խափանելիս.

2) ոստիկանության ծառայողին կամ հասարակական կարգի պահպանության և հանցագործությունների դեմ տարվող պայքարին աջակցող, իրենց հասարակական կամ ծառայողական պարտականությունները կատարող անձանց նկատմամբ ցուցաբերվող դիմադրությունը խափանելիս կամ նրանց օրինական պահանջներին չենթարկվելու դեպքում.

3) իրավախախտման պահին բռնված և փախուստի փորձ կատարող անձանց բռնելիս.

4) երբ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ տվյալ անձը կամ անձինք պատրաստվում են զինված դիմադրություն ցույց տալ.

5) իրավախախտում կատարած անձանց Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով նախատեսված հիմքերով ոստիկանություն բերելիս կամ ձերբակալելիս, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված հիմքերով ձերբակալելիս, ձերբակալված և կալանավորված անձանց ուղեկցելիս կամ նրանց պահպանելիս, երբ վերջիններիս վարքագիծը հիմք է տալիս ենթադրելու, որ նրանք կարող են դիմել փախուստի, վնաս պատճառել իրենց կամ շրջապատին, դիմադրություն ցույց տալ ոստիկանության ծառայողին կամ չենթարկվել նրա օրինական պահանջներին.

6) առևանգված, ապօրինաբար ազատությունից զրկված և բռնի կերպով պահվող անձանց ու զավթված բնակարանները, շինությունները, տարածքներն ու տրանսպորտային միջոցներն ազատելիս.

7) տրանսպորտի, կապի և այլ կազմակերպությունների աշխատանքը կազմալուծող զանգվածային անկարգություններն ու խմբակային գործողությունները խափանելիս.

8) ավտոտրանսպորտային միջոցը կանգնեցնելիս, երբ վարորդն ակնհայտորեն չի ենթարկվում ոստիկանության ծառայողի` տրանսպորտային միջոցը կանգնեցնելու պահանջին.

9) հանցագործություն կատարող կամ կատարած անձանց հայտնաբերելիս:

73. Հատուկ միջոցների բոլոր տեսակները կարող են գործադրվել նաև սույն կանոնագրքի 77-րդ կետով նախատեսված դեպքերում:

 

5.7. Հրազենի գործադրումը (կիրառումը) և օգտագործումը

 

74. Պարեկային ծառայողները կարող են պահել, կրել և օգտագործել ծառայողական հաշվեցուցակային զենք:

75. Պարեկային ծառայողի կողմից հրազենի գործադրում է համարվում նրա կողմից նպատակաուղղված կրակոցի արձակումը:

76. Պարեկային ծառայողը ծայրահեղ դեպքերում իրավունք ունի զենք կիրառել հետևյալ դեպքերում`

1) ոստիկանի անհրաժեշտ պաշտպանության, նրա նկատմամբ հարձակումը հետ մղելու նպատակով,

2) անձանց կյանքի և առողջության պաշտպանության, նրանց հարձակումներից պաշտպանելու նպատակով,

3) պատանդ վերցված անձանց ազատելու նպատակով, եթե նրանց կյանքին կամ առողջությանը վտանգ է սպառնում,

4) պահպանվող օբյեկտների, շարասյուների, բնակելի շենքերի, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կամ հանրային այլ օբյեկտների նկատմամբ իրականացվող հարձակումները հետ մղելու, ինչպես նաև դրանց գրավման դեպքում ազատելու նպատակով,

5) ծանր կամ առանձնապես ծանր, ինչպես նաև զենքի գործադրմամբ այլ ենթադրյալ հանցանք կատարող անձի հանցավոր գործողությունները խափանելու և նրան արգելանքի վերցնելու նպատակով,

6) արգելանքի տակ գտնվող զինված անձի փախուստի դեպքում` դիմադրություն ցույց տալիս, ինչպես նաև այլ զինված անձանց, որոնք զենքի գործադրմամբ սպառնում են ոստիկանի կյանքին կամ առողջությանը,

7) բացառիկ դեպքերում ենթադրյալ հանցանք կատարած անձին հետապնդելիս տրանսպորտային միջոցը կանգնեցնելու նպատակով վնասելու համար, եթե զենքի նման գործադրման արդյունքում վարորդն այլ անձանց, այդ թվում պարեկային ծառայողների կյանքի կամ առողջության համար վտանգ չի ստեղծի:

77. Պարեկային ծառայողն իրավունք ունի մերկացնել և մարտական վիճակի բերել հրազենը, եթե գտնում է, որ կոնկրետ հանգամանքներում կարող է սույն կանոնագրքի 76-րդ կետով սահմանված իրավիճակների վրա հասնելու հետևանքով հրազենի գործադրման անհրաժեշտություն առաջանալ:

78. Հրազենի գործադրումից առաջ պարեկային ծառայողի կողմից բանավոր և հասկանալի կերպով պետք է այդ մասին նախազգուշացում հնչի: Բացառություն կարող են կազմել այն դեպքերը, երբ հրազենի անհապաղ գործադրումը կարող է պայմանավորված լինել պարեկային ծառայողի կամ այլ անձանց կյանքի կամ առողջությանը սպառնացող և այլ կերպ անկանխելի իրադրությամբ:

79. Արգելվում է հրազենի գործադրումը բոլոր այն դեպքերում, երբ դրա հետևանքով ակնհայտորեն կարող են տուժել նաև հրազենի գործադրման հիմքերի և պատճառների հետ կապ չունեցող այլ անձինք:

80. Բոլոր դեպքերում հրազենի գործադրումից անմիջապես հետո պարեկային ծառայողն այդ մասին զեկուցում է անմիջական հրամանատարին և Օպերատիվ կառավարման կենտրոն:

 

5.8. Կարգախմբի իր գործընկեր-ծառայողի, հրամանատարների և այլ մարմինների հետ գործողությունների համակարգումը

 

81. Պարեկային ծառայության աշխատանքի արդյունավետությունը կախված է կարգախմբի իր գործընկերոջ, հրամանատարի, Օպերատիվ կառավարման կենտրոնի, տեղական ինքնակառավարման և պետական մարմինների հետ համագործակցությունից և հաղորդակցությունից:

82. Պարեկային ծառայողն առաջին հերթին պետք է մշտական հաղորդակցման մեջ լինի կարգախմբի իր գործընկերոջ հետ, որոշումները պետք է համատեղ ընդունվեն, նրանք մշտապես պետք է գտնվեն միմյանց տեսադաշտում, ծառայողներից մեկի կողմից ավտոմեքենան լքելու դեպքում մյուսը պետք է հետևի նրան` անհրաժեշտության դեպքում օգնություն ցուցաբերելու համար: Կարգախմբի գործընկերներն առանց ծայրահեղ անհրաժեշտության չպետք է միմյանցից մեծ տարածությամբ հեռանան:

83. Հետապնդման ու արգելանքի վերցնելու գործողության իրականացման ընթացքում պետք է բաշխեն գործառույթները` միևնույն գործողությունները չկատարելու համար:

84. Պարեկային ծառայողը ռադիոկապի միջոցով մշտապես կապ է պահպանում անմիջական հրամանատարի և Օպերատիվ կառավարման կենտրոնի հետ: Յուրաքանչյուր ժամային պարբերականությամբ հայտնում է իր գտնվելու վայրի և տարածքում տիրող իրավիճակի մասին: Անմիջական հրամանատարի և Օպերատիվ կառավարման կենտրոնի համաձայնեցմամբ հայտնում է ընդմիջման գնալու մասին և արձանագրում ժամը: Անմիջական հրամանատարը հսկողություն է իրականացնում պարեկային ծառայողի կողմից ընդմիջման ժամանակահատվածի պահպանման նկատմամբ:

85. Օպերատիվ կառավարման կենտրոնի միջոցով և անձամբ կապի մեջ է ոստիկանության տարածքային ստորաբաժանման հետ` անհրաժեշտության դեպքում իրավախախտմանը համակարգված արձագանքելու համար:

 

6. ՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ

 

6.1. Հաղորդում ընդունելը

 

86. Պարեկային ծառայողների կողմից հանցագործությունների, վարչական իրավախախտումների և պատահարների վերաբերյալ հաղորդումներն ընդունվում և դրանց ընթացքը տրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 1495-Ն որոշմամբ սահմանված կարգով` հաշվի առնելով նաև սույն կանոնագրքով սահմանված առանձնահատկությունները:

87. Պարեկային կարգախմբի կողմից ստացված իրավախախտումների և պատահարների վերաբերյալ հաղորդումները ռադիոկապով անմիջապես փոխանցվում են Օպերատիվ կառավարման կենտրոն:

88. Պարեկային կարգախմբի հետագա գործողությունները համակարգվում են Օպերատիվ կառավարման կենտրոնի կողմից:

89. Պարեկային ծառայողը կատարված հանցագործության մասին հաղորդում ստանալու դեպքում պարզում է`

1) հանցագործության կատարման վայրը, ժամանակը և դեպքի հանգամանքները.

2) տեղեկություններ կասկածյալի մասին (բնութագրող նշանները).

3) տեղեկություններ վկաների մասին.

4) տեղեկություններ տուժածների և նրանց վիճակի մասին.

5) հաղորդում տվողի անունը, հայրանունը, ազգանունը և բնակության վայրը:

90. Ըստ իրավիճակի և անհրաժեշտության` պարեկային ծառայողն անհրաժեշտ նշումներ է անում իր նոթատետրում:

91. Հանցագործությունների մասին ֆիզիկական անձանց բանավոր հաղորդումները պարեկային կարգախմբի կողմից ընդունվում և ամրագրվում են հանցագործության մասին բանավոր հաղորդում ընդունելու վերաբերյալ արձանագրության (այսուհետ` արձանագրություն) մեջ, որում նշվում են`

1) հաղորդում ներկայացնողի անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան թիվը, բնակության (հաշվառման) վայրի և ծառայողական հասցեն, հեռախոսահամարը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները, նրա առնչությունը հանցագործությանը և իրազեկության աղբյուրը, ստորագրությունը, առկայության դեպքում` էլեկտրոնային փոստի հասցեն, իրավախախտման կամ պատահարի նկարագրությունը` առաջին դեմքով, օրը, ամիսը, տարեթիվը, ժամը, վայրը,

2) 16 տարին լրացած անձի կողմից հանցագործության մասին հաղորդում ներկայացնելու դեպքում` սուտ մատնության համար քրեական պատասխանատվության մասին գրավոր նախազգուշացված լինելու մասին նշումը,

3) հաղորդում ընդունողի անունը, ազգանունը, պաշտոնը, կոչումը, ստորագրությունը, արձանագրությունը կազմելու վայրը, օրը, ամիսը, տարեթիվը, ժամը, րոպեն,

4) կտրոն-ծանուցագիր ստանալու մասին տվյալները:

92. Հաղորդում ներկայացնողի կողմից հայերենին չտիրապետելու դեպքում` հաղորդումն ընդունվում է հայերենին և այն օտար լեզվին տիրապետող, համապատասխան որակավորում ունեցող թարգմանչի մասնակցությամբ, որին տիրապետում է հաղորդում ներկայացնող անձը: Հաղորդում ներկայացնող անձը հաղորդումը շարադրում է այն լեզվով, որին ինքը տիրապետում է, ինչին հաջորդում է արձանագրությունում թարգմանչի կատարած թարգմանության շարադրումը, որը հաստատվում է թարգմանչի կողմից: Այս դեպքում հաղորդումն ամրագրվում է միայն իրավասու ստորաբաժանումում կամ ոստիկանության տարածքային մարմնում հանցագործության մասին բանավոր հաղորդում ընդունելու վերաբերյալ արձանագրության մեջ:

93. Եթե հանցագործության մասին հաղորդում ներկայացնող անձը հայտնում է իր տվյալները, սակայն հրաժարվում է ստորագրել պարեկային ծառայողի կազմած արձանագրությունը, ապա պարեկային ծառայողն այդ մասին նշում է կատարում արձանագրության մեջ` հնարավորության դեպքում արտացոլելով հրաժարման պատճառները, ստորագրում այն և ներմուծում հաղորդումների գրանցման ավտոմատացված տեղեկատվական համակարգ:

94. Նոր կատարված կամ կատարվող հանցագործությունների մասին հաղորդումներ ստանալիս, կարգախումբն անմիջապես ժամանում է հանցագործության կատարման վայր և դրա մասին զեկուցում Օպերատիվ կառավարման կենտրոն:

 

6.2. Դեպքի վայրի պահպանությունը

 

95. Հանցագործության կատարման վայրում պարեկային ծառայողները մինչև օպերատիվ խմբի և քննիչի ժամանումը պարտավոր են`

1) միջոցներ ձեռնարկել հանցագործության կանխման համար,

2) կազմակերպել ենթադրյալ հանցանք կատարած անձանց հետապնդումը և ձերբակալումը,

3) օգնություն ցույց տալ տուժածներին, անհրաժեշտության դեպքում` կանչել շտապ օգնություն կամ փրկարար ծառայություն,

4) հայտնաբերել վկաների, պարզել ականատեսների անձը,

5) խստորեն պահպանել դեպքի վայրը և ապացույցները,

6) զեկուցել Օպերատիվ կառավարման կենտրոն և գործել նրա հրահանգների համաձայն:

96. Ժամանելով դեպքի վայր` պարեկային ծառայողներն անմիջապես շրջափակում են դեպքի վայրը և անցկացնում հատուկ գունագրաֆիկ ժապավեններ` արգելելով այլ անձանց մուտքը շրջափակված տարածք: Դեպքի վայրի շրջափակումից հետո սույն կանոնագրքի 95-րդ կետում նշված այլ գործողությունների հերթականությունը կախված է կատարված հանցագործության բնույթից, կարգախմբի կազմից և ստեղծված իրավիճակի բնույթից:

 

------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
Ոստիկանություն (Ներքին գործերի նախարարություն)
23.09.2020
N 36-Լ
Հրաման