15.11.2022 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2022 թվականի հոկտեմբերի 26-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. 2004 թվականի նոյեմբերի 9-ի Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 178-րդ հոդվածում`
1) 3-րդ մասի վեցերորդ պարբերությունը «նախատեսված» բառից հետո լրացնել «կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած» բառերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.
«3.1. Պետական և տեղական ինքնակառավարման մարմին չհամարվող բյուջետային հիմնարկների աշխատողներին բարձրլեռնային բնակավայրերում աշխատելու համար սույն հոդվածի 3-րդ մասի վեցերորդ պարբերությամբ սահմանված լրավճար վճարելու կարգը և չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Սույն մասի իմաստով` բարձրլեռնային բնակավայրերի շարքին են դասվում ծովի մակերևույթից 2000 և ավելի մետր բարձրության վրա գտնվող բնակավայրերը, որոնց ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
Հոդված 2.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2. Սույն օրենքի ընդունմամբ պայմանավորված` համապատասխան ենթաօրենսդրական իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` երեք ամսվա ընթացքում:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2022 թ. նոյեմբերի 11 Երևան ՀՕ-387-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 14 նոյեմբերի 2022 թվական: