Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ 2018-2022 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ 2018-2022 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՏՎԱՍՏԱՆՅ ...

 

 

040.0489.170418

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 ապրիլի 2018 թվականի N 489-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2018-2027 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹԵՐԻ, ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՕԺԱՆԴԱԿ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ, ՀԱԿԱՌԵՏՐՈՎԻՐՈՒՍԱՅԻՆ ԴԵՂԵՐԻ, ՀԱԿԱՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶԱՅԻՆ ԴԵՂԵՐԻ, 2019-2027 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՈՒՂՂԱԿԻ ԱԶԴՈՂ ՀԱԿԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐԻ, ՀԵՄՈՖԻԼԻԱՅԻ ԲՈՒԺՄԱՆ ԴԵՂԵՐԻ ԵՎ ՄԵԹԱԴՈՆԻ, 2021-2027 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶԻ ԱԽՏՈՐՈՇՄԱՆ ԹԵՍՏ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐԻ, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-Ի ԱԽՏՈՐՈՇՄԱՆ ԹԵՍՏ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐԻ ԵՎ ՀԱԿԱՈՒՌՈՒՑՔԱՅԻՆ ԴԵՂԵՐԻ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

Հիմք ընդունելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ախտորոշման, կանխարգելման և բուժման, տուբերկուլոզի ախտորոշման և բուժման, վիրուսային հեպատիտի կանխարգելման և բուժման, հեմոֆիլիայի բուժման և ուռուցքային հիվանդությունների բուժման համար համապատասխանաբար ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ախտորոշման թեստ հավաքածուների, հակառետրովիրուսային դեղերի, մեթադոնի, տուբերկուլոզի ախտորոշման թեստ հավաքածուների և հակատուբերկուլոզային դեղերի, ուղղակի ազդող հակավիրուսային դեղամիջոցների, հեմոֆիլիայի բուժման դեղերի և հակաուռուցքային դեղերի մրցակցային կարգով ձեռքբերման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) գնման առարկա մատակարարող միջազգային գնումների գործակալների (այսուհետ` գնումների գործակալներ) ցանկը` համաձայն N 2 հավելվածի:

(1-ին կետը փոփ. 12.09.2019 թիվ 1264-Ն, 15.04.2021 թիվ 580-Ն որոշումներ)

2. Սահմանել, որ`

1) Հայաստանի Հանրապետության 2018-2027 թվականների կարիքների համար Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Թոքաբանության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից հակառետրովիրուսային դեղերի և հակատուբերկուլոզային դեղերի, 2019-2027 թվականների կարիքների համար Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից ուղղակի ազդող հակավիրուսային դեղամիջոցների, մեթադոնի, հեմոֆիլիայի բուժման դեղերի, 2021-2027 թվականների կարիքների համար ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ախտորոշման թեստ հավաքածուների, տուբերկուլոզի ախտորոշման թեստ հավաքածուների և հակաուռուցքային դեղերի յուրաքանչյուր խմբաքանակի գնումներն իրականացվելու են N 1 հավելվածով սահմանված կարգով.

2) 2018-2027 թվականների կարիքների համար Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից պատվաստումների ազգային օրացույցով նախատեսված, նախազորակոչիկների և զորակոչիկների համար պատվաստանյութերը և պատվաստումների համար օժանդակ պարագաները կարող են ձեռք բերվել ՄԱԿ-ի մանկական հիմնադրամից «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն.

3) սույն որոշման համաձայն իրականացվող գնման գործընթացներում հայտի և (կամ) պայմանագրի և (կամ) կանխավճարի և (կամ) որակավորման ապահովում կարող է չներկայացվել, ընդ որում, կանխավճարի չափը կարող է լինել պայմանագրի գնի հարյուր տոկոսը.

4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մայիսի 2-ի N 502-Ն որոշման դրույթները կարող են չտարածվել սույն որոշմամբ սահմանված գնման գործընթացների վրա.

5) սույն որոշման շրջանակներում գնման ենթակա հակառետրովիրուսային և հակատուբերկուլյոզային դեղերը, ինչպես նաև ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և տուբերկուլոզի ախտորոշման թեստ հավաքածուները պետք է ունենան Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախաորակավորում կամ գրանցված լինեն միջազգային մասնագիտական կազմակերպությունների անդամ որևէ երկրում.

6) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից իմունականխարգելման ազգային ծրագրի շրջանակներում կատարվող` պատվաստանյութերի և օժանդակ պարագաների մատակարարման և ծառայությունների մատուցման գործարքներն իրականացվում են անհատույց:

(2-րդ կետը փոփ. 12.09.2019 թիվ 1264-Ն, 15.04.2021 թիվ 580-Ն որոշումներ)

3. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի միջև գնումների փոխըմբռնման հուշագրի (այսուհետ` հուշագիր) օրինակելի ձևին` համաձայն N 3 հավելվածի:

4. Լիազորել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության կառավարության անունից, անհրաժեշտության դեպքում, վերակնքել Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 489-Ն որոշման N 3 հավելվածով սահմանված հուշագիրը:

5. Լիազորել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Թոքաբանության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեններին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության կառավարության անունից, անհրաժեշտության դեպքում, կնքել փոխըմբռնման հուշագրեր գնումների գործակալների հետ` վերջիններիս կողմից առաջարկվող ձևաչափով:

(5-րդ կետը փոփ. 15.04.2021 թիվ 580-Ն որոշում)

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

(որոշումը խմբ. 19.07.18 թիվ 799-Ն որոշում)

(վերնագիրն ու նախաբանը փոփ. 12.09.2019 թիվ 1264-Ն որոշում)

(վերնագիրն ու նախաբանը խմբ. 15.04.2021 թիվ 580-Ն, 07.07.2022 թիվ 1022-Ն որոշումներ)

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2018 թվականի ապրիլի 12-ի

N 489-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-Ի ԱԽՏՈՐՈՇՄԱՆ, ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԵՎ ԲՈՒԺՄԱՆ, ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶԻ ԱԽՏՈՐՈՇՄԱՆ ԵՎ ԲՈՒԺՄԱՆ, ՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԵՊԱՏԻՏԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԵՎ ԲՈՒԺՄԱՆ, ՀԵՄՈՖԻԼԻԱՅԻ ԲՈՒԺՄԱՆ ԵՎ ՈՒՌՈՒՑՔԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՈՒԺՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԱԲԱՐ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-Ի ԱԽՏՈՐՈՇՄԱՆ ԹԵՍՏ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐԻ, ՀԱԿԱՌԵՏՐՈՎԻՐՈՒՍԱՅԻՆ ԴԵՂԵՐԻ, ՄԵԹԱԴՈՆԻ, ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶԻ ԱԽՏՈՐՈՇՄԱՆ ԹԵՍՏ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐԻ ԵՎ ՀԱԿԱՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶԱՅԻՆ ԴԵՂԵՐԻ, ՈՒՂՂԱԿԻ ԱԶԴՈՂ ՀԱԿԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐԻ, ՀԵՄՈՖԻԼԻԱՅԻ ԲՈՒԺՄԱՆ ԴԵՂԵՐԻ ԵՎ ՀԱԿԱՈՒՌՈՒՑՔԱՅԻՆ ԴԵՂԵՐԻ ՄՐՑԱԿՑԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ

(վերնագիր փոփ. 12.09.2019 թիվ 1264-Ն 15.04.2021 թիվ 580-Ն որոշումներ)

 

1. Յուրաքանչյուր տարի յուրաքանչյուր խմբաքանակ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման, ախտորոշման և բուժման, տուբերկուլոզի ախտորոշման և բուժման, վիրուսային հեպատիտի կանխարգելման և բուժման, հեմոֆիլիայի բուժման և ուռուցքային հիվանդությունների բուժման համար համապատասխանաբար մեթադոնի, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ախտորոշման թեստ հավաքածուների և հակառետրովիրուսային դեղերի, տուբերկուլոզի ախտորոշման թեստ հավաքածուների, հակատուբերկուլոզային դեղերի, ուղղակի ազդող հակավիրուսային դեղամիջոցների, հեմոֆիլիայի բուժման դեղերի և հակաուռուցքային դեղերի (այսուհետ` գնման առարկա) համար Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Թոքաբանության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ` պատվիրատուներ) և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը սույն որոշման N 2 հավելվածով սահմանված գնման առարկա մատակարարող միջազգային գնումների գործակալներին (այսուհետ` գնումների գործակալներ) առաջարկում են ներկայացնել գնային առաջարկներ` սահմանելով դրանք ներկայացնելու վերջնաժամկետ: Սահմանված ժամկետում գնումների գործակալներից ստացված գնային առաջարկներն ամփոփելուց հետո իրականացվում է գնման մրցակցային ընթացակարգ (անհրաժեշտության դեպքում «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջներին համապատասխան): Ընդ որում, մրցակցային գնման ձևի ընտրությունը կախված է գնումների գործակալների կողմից սահմանված ժամկետում տրամադրված գնային առաջարկներից նվազագույնի վավերականության ժամկետից:

(1-ին կետը փոփ. 12.09.2019 թիվ 1264-Ն, 15.04.2021 թիվ 580-Ն որոշումներ)

2. Պատվիրատուների կողմից սույն կարգի 1-ին կետով սահմանված գնման մրցակցային ընթացակարգն իրականացվելիս որպես առավելագույն նախահաշվային գին ընդունվում է գնումների գործակալների կողմից սահմանված ժամկետում ներկայացված նվազագույն գնային առաջարկը` հաշվի առնելով գնման առարկայի մաքսազերծման և տեղափոխման հետ կապված ծախսերը, ընդ որում, կարող են հիմք ընդունվել նախորդ տարվա ընթացքում միևնույն գնման առարկաների մաքսազերծման և տեղափոխման հետ կապված փաստացի ծախսերը:

3. Գնման այն առարկաների մասով, որոնց վերաբերյալ սահմանված ժամկետում գնումների գործակալներից որևէ գնառաջարկ չի ստացվում, վերջիններիս գնման ընթացակարգն իրականացվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության (այսուհետ` նախարարություն) կողմից:

4. Յուրաքանչյուր գնման առարկայի համար գնումների գործակալների և իրականացվող գնման ընթացակարգի բնութագրերը պետք է լինեն նույնը:

5. Սույն կարգի 1-ին կետով սահմանված հակառետրովիրուսային դեղերի և հակատուբերկուլոզային դեղերի գնման մրցակցային ընթացակարգերի իրականացմանը զուգահեռ նախարարությունը նախաձեռնում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման գործընթաց` պատվիրատուներից յուրաքանչյուրի կողմից կազմակերպվող մրցակցային գնման ընթացակարգերի համար սահմանված հակառետրովիրուսային դեղերի և հակատուբերկուլոզային դեղերի առավելագույն նախահաշվային գների հանրագումարը որպես դրամաշնորհ տրամադրելու մասին: Առավելագույն նախահաշվային գումարների հիմք է գնումների գործակալների կողմից տրված նվազագույն գնառաջարկներով հաշվարկված հավանական գնման ընդհանուր ծավալը:

(5-րդ կետը փոփ. 12.09.2019 թիվ 1264-Ն, 15.04.2021 թիվ 580-Ն որոշումներ)

6. Սույն կարգի 1-ին կետի համաձայն իրականացված գնման մրցակցային ընթացակարգի արդյունքում չափաբաժինները չկայացած հայտարարվելու դեպքում դրանք պատվիրատուների և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից կարող են ձեռք բերվել «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն: Ընդ որում, սույն կետով սահմանված գնման դեպքում գնման գինը չի կարող ավելի լինել սույն կարգի 2-րդ կետում նշված նախահաշվային գներից:

(6-րդ կետը փոփ. 12.09.2019 թիվ 1264-Ն որոշում)

7. Սույն կարգի 1-ին և 6-րդ կետերով սահմանված գնման ընթացակարգերի շրջանակներում ձևավորված տնտեսված և (կամ) չծախսված նախարարության կողմից կամ Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից տրամադրված դրամաշնորհային միջոցները կարող են չվերադարձվել միայն հետագայում նույն գնման առարկաների ձեռքբերման համար կազմակերպվող գնման ընթացակարգերի համար տրամադրվող դրամաշնորհներում վերահաշվարկ կատարելու պայմանով: Ընդ որում, նկարագրված գնման առարկաների ձեռքբերումը կարող է իրականացվել միայն նախարարության կողմից տրված գրավոր համաձայնության հիման վրա:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2018 թվականի ապրիլի 12-ի

N 489-Ն որոշման

 

ՑԱՆԿ

ԳՆՄԱՆ ԱՌԱՐԿԱ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՂ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐԻ

 

._____________________________________________________________________.

|NN |                        Անվանումը                                |

|ը/կ|                                                                 |

|___|_________________________________________________________________|

|1. |Միավորված ազգերի կազմակերպության    |The United Nations          |

|   |մանկական հիմնադրամ                  |Children's Fund (UNICEF)    |

|___|____________________________________|____________________________|

|2. |Միավորված ազգերի կազմակերպության    |The United Nations          |

|   |զարգացման ծրագիր                    |Development Programme (UNDP)|

|___|____________________________________|____________________________|

|3. |Դեղորայքի ապահովման միջազգային      |International Dispensary    |

|   |ասոցիացիա                           |Association (IDA)           |

|___|____________________________________|____________________________|

|4. |Դեղամիջոցներով ապահովման գլոբալ     |The Global Drug Facility    |

|   |մեխանիզմ                            |(GDF)                       |

|___|____________________________________|____________________________|

|5. |Մատակարարման շղթաների կառավարման    |The Partnership for Supply  |

|   |գործընկերություն                    |Chain Management (PFSCM)    |

|___|____________________________________|____________________________|

|6. |Քրոուն էյջընթս                      |Crown agents                |

|___|____________________________________|____________________________|

|7. |Միավորված ազգերի կազմակերպության    |United Nations Office       |

|   |ծրագրային ծառայությունների          |for Project Services        |

|   |գրասենյակ                           |(UNOPS)                     |

|___|____________________________________|____________________________|

|8. |Այ + սոլյուշնս                      |i+solutions                 |

._____________________________________________________________________.

 

(2-րդ հավելվածը փոփ. 12.09.2019 թիվ 1264-Ն, 15.04.2021 թիվ 580-Ն որոշումներ)

 

______________________________

ԻՐՏԵԿ - NN 2, 3 և 4 հավելվածները չեն բերվում

 

-----------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
ՀՀ կառավարություն
12.04.2018
N 489-Ն
Որոշում