600.0025.030402
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
3 ապրիլի 2002 թվականի N 25
i
«ԵՐԿՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՍՊԱՌՈՂԻ ԵՎ ՆՐԱ ԵՆԹԱՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՍՊԱՌՎԱԾ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՔԱՆԱԿԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԻ» ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի 4-րդ կետով և հիմք ընդունելով ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 1999 թվականի նոյեմբերի 30-ի N 55 որոշումը, ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հաստատել «Երկսակագնային համակարգում սպառողի և նրա ենթասպառողների կողմից սպառված էլեկտրաէներգիայի քանակի հաշվառման կարգը» (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
ԿԱՐԳ
ԵՐԿՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՍՊԱՌՈՂԻ ԵՎ ՆՐԱ ԵՆԹԱՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՍՊԱՌԱԾ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՔԱՆԱԿԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ
Սույնով սահմանվում է երկսակագնային համակարգում սպառողի և նրա ենթասպառողների կողմից սպառած էլեկտրաէներգիայի քանակի հաշվառման կարգը միաժամանակ երկսակագնային և միասակագնային հաշվառքի սարքեր օգտագործելու դեպքում:
1. Եթե սպառողը և բոլոր ենթասպառողները օգտվում են երկսակագնային հաշվիչներից, ապա`
- Սպառողի ցերեկային ժամերին օգտագործած էլեկտրաէներգիայի քանակը որոշվում է սպառողի երկսակագնային հաշվիչով գրանցված` ցերեկային ժամերին օգտագործված էլեկտրաէներգիայի քանակի և ենթասպառողների երկսակագնային հաշվիչներով գրանցված` ցերեկային ժամերին օգտագործված էլեկտրաէներգիայի գումարային քանակի տարբերությամբ:
- Նույն սկզբունքով հաշվարկվում է գիշերային ժամերին օգտագործված էլեկտրաէներգիայի քանակը:
2. Եթե սպառողը և ենթասպառողների մի մասն են օգտվում երկսակագնային հաշվիչներից (մյուս մասն օգտվում է միասակագնային հաշվիչներից), ապա սպառողի օգտագործած էլեկտրաէներգիայի քանակը ցերեկային և գիշերային ժամերի համար հաշվարկվում է հետևյալ կերպ.
ա) հաշվարկի համար ընդունվում է, որ միասակագնային հաշվիչներով գրանցված ամբողջ էլեկտրաէներգիան օգտագործվել է ցերեկային ժամերին.
- սպառողի ցերեկային ժամերին օգտագործած էլեկտրաէներգիայի քանակը որոշվում է նրա երկսակագնային հաշվիչով գրանցված` ցերեկային ժամերին օգտագործված էլեկտրաէներգիայի քանակի և ենթասպառողների երկսակագնային հաշվիչներով գրանցված` ցերեկային ժամերին օգտագործված էլեկտրաէներգիայի և միասակագնային հաշվիչներով գրանցված էլեկտրաէներգիայի գումարային քանակի տարբերությամբ.
- սպառողի գիշերային ժամերին օգտագործած էլեկտրաէներգիայի քանակը որոշվում է նրա երկսակագնային հաշվիչով գրանցված` գիշերային ժամերին օգտագործված էլեկտրաէներգիայի քանակի և ենթասպառողների երկսակագնային հաշվիչներով գրանցված` գիշերային ժամերին օգտագործված էլեկտրաէներգիայի գումարային քանակի տարբերությամբ.
բ) եթե սպառողի ցերեկային ժամերին օգտագործած էլեկտրաէներգիայի քանակը ա) կետում բերված մեթոդով հաշվարկելիս ստացվում է բացասական մեծություն, ապա`
- ընդունվում է, որ սպառողը ցերեկային ժամերին էլեկտրաէներգիա չի օգտագործել, հետևաբար դրա համար չի վճարում.
- սպառողի գիշերային ժամերին օգտագործած էլեկտրաէներգիայի քանակը որոշվում է նրա երկսակագնային հաշվիչով գրանցված էլեկտրաէներգիայի գումարային քանակի և ենթասպառողների երկսակագնային հաշվիչներով գրանցված ամբողջ (գումարային) էլեկտրաէներգիայի և միասակագնային հաշվիչներով գրանցված էլեկտրաէներգիայի գումարային քանակի տարբերությամբ:
3. Եթե սպառողը օգտվում է միասակագնային, իսկ ենթասպառողները` երկսակագնային և միասակագնային հաշվիչներից, ապա`
- սպառողի օգտագործած էլեկտրաէներգիայի քանակը հաշվարկվում է որպես սպառողի միասակագնային հաշվիչով գրանցված էլեկտրաէներգիայի քանակության և ենթասպառողների բոլոր հաշվիչներով գրանցված էլեկտրաէներգիայի գումարային քանակների տարբերություն: