(ուժը կորցրել է 16.09.04 թիվ 109-Ն որոշում)
600.0010.220202
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
22 փետրվարի 2002 թվականի N 10
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՄԵԾԱԾԱԽ ՊԱՐՏԱԴԻՐ ՄԻԱՑՅԱԼ ՇՈՒԿԱՅԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածը, 17-րդ հոդվածի զ) ենթակետը, 39-րդ հոդվածը և 59-րդ հոդվածի 4-րդ կետը, ինչպես նաև ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի հունվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական շուկայի կառուցվածքի բարեփոխման մասին» N 3 որոշումը, ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի էլեկտրաէներգետիկական մեծածախ պարտադիր միացյալ շուկայի կառուցվածքը և գործառույթները (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի
2002 թ. փետրվարի 22-ի
N 10 որոշմամբ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՄԵԾԱԾԱԽ ՊԱՐՏԱԴԻՐ ՄԻԱՑՅԱԼ ՇՈՒԿԱՅԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.1. Հայաստանի էլեկտրաէներգետիկական մեծածախ պարտադիր միացյալ շուկան (այսուհետև` էլեկտրաէներգետիկական միացյալ շուկա` ԷՄՇ) հիմնադրվում է «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի, ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի (այսուհետև` ԷԿՀ) ընդունած իրավական ակտերի հիման վրա` շուկայի մասնակիցների կողմից հիմնադիր պայմանագրի ստորագրումից և այն ԷԿՀ-ում գրանցելուց հետո:
1.2. ԷՄՇ-ի հիմնադիր պայմանագրի կողմերը` շուկայի մասնակիցները, հետևյալ լիցենզավորված անձինք են.
ա) «Հրազդանի ՋԷԿ» փակ բաժնետիրական ընկերություն.
բ) «Երևանի ՋԷԿ» փակ բաժնետիրական ընկերություն.
գ) «ՀԱԷԿ» փակ բաժնետիրական ընկերություն.
դ) «Որոտանի ՀԷԿ-երի համալիր» փակ բաժնետիրական ընկերություն.
ե) «Սևան - Հրազդանյան կասկադ» փակ բաժնետիրական ընկերություն.
զ) «ՁորաՀԷԿ» փակ բաժնետիրական ընկերություն.
է) Էլեկտրաէներգիայի արտադրության լիցենզիա ունեցող այլ անձինք.
ը) «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերություն (այսուհետև` ԲԷՑ).
թ) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերություն:
1.3. ԷՄՇ-ի նոր մասնակիցների անդամակցության կարգը սահմանվում է շուկայի կանոններով և գործունեության լիցենզիաներով:
1.4. ԷՄՇ-ն գործում է որպես էլեկտրաէներգիայի միասնական շուկա, որտեղ բոլոր արտադրողներն ու ներմուծողները վաճառում են ամբողջ էլեկտրաէներգիան, իսկ գնորդները (այդ թվում` արտահանողները) գնում են այն` ԷԿՀ-ի կողմից սահմանված սակագներով և ԷՄՇ-ի կանոններով սահմանված կարգով: ԲԷՑ-ը և ԷՄՇ-ին լիցենզավորված ծառայություններ մատուցող կազմակերպությունները չեն կարող հանդես գալ որպես էլեկտրաէներգիայի (հզորության) գնորդ և (կամ) վաճառող:
1.5. Շուկայի մասնակիցների, ծառայություններ մատուցողների, արտահանողների և ներմուծողների փոխհարաբերությունները կանոնակարգվում են ԷԿՀ-ի հաստատած օրինակելի պարտադիր պայմանագրերով կամ պայմաններով:
1.6. ԷԿՀ-ն սահմանում է ԷՄՇ-ի գործունեության վերաբերյալ հաշվետվությունների և տեղեկատվությունների ԷԿՀ ներկայացման կարգն ու պատասխանատու անձանց:
1.7. Էլեկտրաէներգետիկական շուկայի գործունեության կանոնակարգմանը և դրա թափանցիկության ապահովմանն ուղղված` ԷՄՇ-ին մատուցվող լիցենզավորման ենթակա կենտրոնացված ծառայություններն են`
ա) համակարգի օպերատորի ծառայություն,
բ) հաշվառման և հաշվարկների իրականացման ծառայություն (այսուհետև` հաշվարկային ծառայություն),
գ) պայմանագրային ծառայություն,
դ) ԷՄՇ-ի ֆինանսական հոսքերի վարչարարի ծառայություն:
1.8. ԷՄՇ-ի գործունեության սկզբնական փուլում համակարգի օպերատորի, հաշվարկային և պայմանագրային ծառայությունները կիրականացվեն մեկ կազմակերպության (իրավաբանական անձ)` «Հայէներգո» ՓԲԸ-ի կողմից, որը կունենա 3 հարաբերական ինքնուրույն գործառնական ստորաբաժանում (հաշվարկային կենտրոն, պայմանագրային կենտրոն և համակարգի օպերատոր): Էներգետիկայի բնագավառի ընկերությունների ֆինանսական առողջացմանը, մասնավորապես, «Հայէներգո» ՓԲԸ-ի պարտքերի վերակառուցմանը և մարմանը զուգընթաց, բավարար նախադրյալների դեպքում նշված ծառայությունները կարող են իրականացվել առանձնացված կազմակերպությունների կողմից:
1.9. ԷՄՇ-ի ֆինանսական հոսքերի վարչարարական ծառայությունը կմատուցի ԷԿՀ-ի կողմից սահմանված կարգով ընտրված ֆինանսական հոսքերի վարչարարական ծառայություն իրականացնող առևտրային բանկը:
1.10. Շուկայական կառույցների, դրանց գործունեության իրավական դաշտի ձևավորմանը, էլեկտրաէներգիայի հաշվառման տեխնիկական համակարգի զարգացմանը, ինչպես նաև էլեկտրաէներգիայի հաշվեկշռող շուկայի ձևավորմանը համընթաց, աստիճանաբար կփոփոխվեն շուկայի կանոնները, կարգավորման շրջանակները և եղանակները:
1.11. Շուկայի ներդրման նախապատրաստական աշխատանքներին զուգընթաց, ՀՀ իրավասու պետական մարմինների կողմից պետք է մշակվի և ընդունվի էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների ֆինանսական առողջացման ծրագիր: Շուկայի ներդրման պահից ընկերությունների նախկին պարտավորությունները և ընթացիկ ֆինանսական հոսքերի կառավարումը կիրականացվեն առանձնացված:
2. ԷՄՇ-Ի ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄԸ
2.1.Հայաստանի Հանրապետության ներքին մեծածախ շուկայում էլեկտրաէներգիայի գնումը և վաճառքը իրականացվում են ԷՄՇ-ի հիմնադիր պայմանագրի հիման վրա (այսուհետև` ԷՄՇ-ի պայմանագիր):
2.2. Ներքին շուկայում էլեկտրաէներգիայի գնման ու վաճառքի քանակական ցուցանիշերը հաշվարկային ժամանակահատվածի համար սահմանվում են ԷՄՇ-ի մասնակիցների և պայմանագրային ծառայության լիցենզիա ունեցող անձի միջև կնքվող ԷՄՇ-ի պայմանագրի հավելվածներով:
2.3. Շուկայի մասնակիցների հարաբերությունները էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի լիցենզիա ունեցող անձի (կազմակերպության) հետ կանոնակարգվում են շուկային համակարգի օպերատորի ծառայությունների մատուցման պայմանագրով, որի օրինակելի ձևը (պարտադիր պայմանները) սահմանում է ԷԿՀ-ն, և նրանց լիցենզիաներով:
2.4. Շուկայի մասնակիցների հարաբերությունները հաշվարկային ծառայությունների լիցենզիա ունեցող անձի (կազմակերպության) հետ կանոնակարգվում են շուկային հաշվարկային ծառայությունների մատուցման պայմանագրով, որի օրինակելի ձևը (պարտադիր պայմանները) սահմանում է ԷԿՀ-ն, և նրանց լիցենզիաներով:
2.5. Շուկայի մասնակիցների հարաբերությունները պայմանագրային ծառայություններ մատուցող լիցենզավորված անձի հետ կանոնակարգվում են շուկային պայմանագրային ծառայությունների մատուցման պայմանագրով, որի օրինակելի պայմանները սահմանում է ԷԿՀ-ն, և նրանց լիցենզիաներով:
2.6. Շուկայի մասնակիցների հարաբերությունները ֆինանսական հոսքերի վարչարարության ծառայություններ մատուցող լիցենզավորված անձի հետ կանոնակարգվում են շուկային ֆինանսական հոսքերի վարչարարի (բանկի) ծառայությունների մատուցման պայմանագրով, որի օրինակելի պայմանները սահմանում է ԷԿՀ-ն և նրանց լիցենզիաներով:
3. ԷՄՇ-Ի ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
3.1. ԷՄՇ-ի մասնակիցների փոխհարաբերությունները կանոնակարգվում են ԷՄՇ-ի պայմանագրով, որը էլեկտրաէներգիայի ներքին շուկայի համար էլեկտրաէներգիայի առուվաճառքի միակ պայմանագիրն է:
3.2. ԷՄՇ-ի պայմանագրի կողմերը էլեկտրաէներգիա արտադրող, բաշխող ու հաղորդող ընկերություններն են:
3.3. ԷՄՇ-ի գործունեությունը հիմնված է հետևյալ սկզբունքների վրա.
ա) ԷՄՇ-ի յուրաքանչյուր մասնակցի` նախապես սահմանված հավասար պայմաններով գործունեություն իրականացնելու, սեփական շահերը ներկայացնելու և պաշտպանելու իրավունքների ապահովում,
բ) արտադրվող (ներկրվող) ամբողջ էլեկտրաէներգիայի պարտադիր առուվաճառք ԷՄՇ-ում,
գ) անմիջական ֆինանսական պատասխանատվություն ԷՄՇ-ի մասնակիցների միջև,
դ) Ֆինանսական հոսքերի կանոնակարգված կառավարում, դրանց կառավարման թափանցիկություն և վերահսկելիություն` ԷՄՇ-ի կանոններին համապատասխան,
ե) ԷՄՇ-ի նոր մասնակիցներին ներկայացվող պահանջները բավարարող անձանց համար ԷՄՇ մուտք գործելու հավասար իրավունք,
զ) ԷՄՇ-ի բոլոր պայմանագրերը և դրանց հավելվածներն ուժի մեջ են մտնում ԷԿՀ-ում գրանցվելուց հետո,
է) ԷՄՇ-ի մասնակիցների և համակարգի օպերատորի պատասխանատվության սահմանում համակարգի պլանավորման և կոորդինացման աշխատանքների համար,
ը) էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձի պատասխանատվության սահմանում` իր կանխատեսած ամսական գագաթնային բեռի և էլեկտրաէներգիայի պահանջարկի վերաբերյալ և ներկայացված հայտերի համար,
թ) արտահանման համար էլեկտրաէներգիայի վաճառքի իրականացում միայն ներքին շուկայի հագեցվածության դեպքում, երբ արտահանումը չի հակասում ներքին շուկայի սպառողների շահերին,
ժ) ԷՄՇ-ին մատուցվող ծառայությունների սակագների սահմանում և վերանայում ԷԿՀ-ի կողմից,
ժա) համակարգի օպերատորի, պայմանագրային կենտրոնի, հաշվարկային կենտրոնի, ֆինանսական հոսքերի վարչարարի և ԲԷՑ-ի համար խրախուսման մեխանիզմների նախատեսում` նրանց արդյունավետ գործունեությունը խթանելու նպատակով,
ժբ) վճարումները ԲԷՑ-ին կատարվում են ըստ սահմանված սակագների, հաշվի առնելով հաշվարկային ժամանակահատվածում հուսալիության և էլեկտրաէներգիայի հաղորդման կորուստների ցուցանիշերը,
ժգ) արտադրողները էլեկտրաէներգիան վաճառում են ԷՄՇ-ում` ԷԿՀ-ի կողմից յուրաքանչյուր արտադրողի համար սահմանված սակագներով կամ այդ սակագները չգերազանցող պայմանագրային գներով: Պատվիրված հզորության ամսական վճարները յուրաքանչյուր արտադրողի համար որոշվում են ըստ արտադրողի փաստացի պատրաստականության մակարդակների,
ժդ) էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձը ԷՄՇ-ի ֆինանսական հոսքերի վարչարարի ծառայություն իրականացնող բանկում բացում է տարանցիկ բանկային հաշիվ, որտեղ հավաքվում են իրացված էլեկտրաէներգիայի դիմաց բոլոր վճարները: Տարանցիկ հաշիվը կառավարում է ԷՄՇ-ի ֆինանսական հոսքերի վարչարարը` ԷԿՀ-ի կողմից սահմանված կարգով:
4. ԷՄՇ-Ի ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂՆԵՐԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
4.1. Էլեկտրաէներգիայի արտադրության լիցենզիա ունեցող անձն իրականացնում է.
ա) էլեկտրաէներգիայի (հզորության) արտադրություն և վաճառք ԷՄՇ-ում,
բ) արտադրող հզորությունների համաձայնեցված աշխատանքի ապահովում` ԷՄՇ-ի կանոններով սահմանված կարգով,
գ) հաջորդ տարի էլեկտրաէներգիա արտադրելու համար պատրաստի հզորությունների գրաֆիկի ներկայացում` ըստ ամիսների,
դ) պահանջահայտերին և համակարգի օպերատորի հրահանգներին համապատասխան էլեկտրաէներգիայի (հզորության) առաքում, ինչպես նաև պահուստային հզորության և լրացուցիչ համակարգային ծառայությունների ապահովում, եթե դա ամրագրված է պայմանագրով և լիցենզիայով,
ե) պայմանագրով պահանջվող պատրաստականության մակարդակի ապահովում,
զ) իր տնօրինության տակ գտնվող տեղակայանքների շահագործում, ԷՄՇ-ի կանոններին համապատասխան` վերանորոգման և զարգացման աշխատանքների պլանավորում և կոորդինացում,
է) ԷՄՇ-ի կանոններին համապատասխան` համակարգի օպերատորի հրահանգների կատարում:
4.2. Էլեկտրաէներգիա ներկրողներն իրականացնում են.
ա) էլեկտրաէներգիայի (հզորության) ներկրում և վաճառք ԷՄՇ-ում` պայմանագրով և լիցենզիայով սահմանված կարգով և պայմաններով,
բ) ներկրման գործառույթների հետ կապված` ՀՀ էլեկտրաէներգետիկական համակարգի և էլեկտրաէներգիայի հաղորդում իրականացնող արտասահմանյան երկրների համակարգերի միջև կարգավարման խնդիրների փոխհամաձայնեցում:
4.3. Էլեկտրաէներգիայի գնորդները (էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձը, արտահանողները) իրականացնում են.
ա) սահմանված կարգով էլեկտրաէներգիայի (հզորության) գնում` ԷՄՇ-ին նախապես պահանջահայտ ներկայացնելու միջոցով և վճարում` գնված էլեկտրաէներգիայի (հզորության) և ԷՄՇ-ի մատուցած բոլոր ծառայությունների համար,
բ) էլեկտրաէներգիայի պահանջարկի և բեռի գրաֆիկի կանխատեսումների ներկայացում` տարեկան և ամսական կտրվածքով (արտահանողները` արտահանման ժամանակահատվածին համապատասխան),
գ) իր տնօրինության տակ գտնվող տեղակայանքների շահագործում, ԷՄՇ-ի կանոններին համապատասխան` վերանորոգման և զարգացման աշխատանքների պլանավորում և կոորդինացում,
դ) ԷՄՇ-ի կանոններին համապատասխան` համակարգի օպերատորի հրահանգների կատարում:
4.4. ԲԷՑ-ն իրականացնում է.
ա) ԷՄՇ-ում գնվող և վաճառվող էլեկտրաէներգիայի (հզորության) անվտանգ և հուսալի հաղորդում` իր տնօրինության տակ գտնվող ցանցերով,
բ) իր տնօրինության տակ գտնվող տեղակայանքների շահագործում, ԷՄՇ-ի կանոններին համապատասխան` վերանորոգման և զարգացման աշխատանքների պլանավորում և կոորդինացում,
գ) ԷՄՇ-ի կանոններին համապատասխան` համակարգի օպերատորի հրահանգների կատարում:
4.5. Համակարգի օպերատորը.
ա) կազմակերպում և իրականացնում է կենտրոնացված կարգավարման գործընթացը` ԷՄՇ-ի կանոններին, համակարգի օպերատորի լիցենզիային և ներկրման ու արտահանման պայմանագրերին համապատասխան.
բ) հավաքագրում և հրապարակում է ԷՄՇ-ի գործունեության վերաբերյալ ԷՄՇ-ի կանոններով սահմանված տվյալները.
գ) վերլուծում է էլեկտրաէներգիայի առուվաճառքի (այդ թվում` արտահանման, ներկրման, փոխանակման և տարանցման)` առաջարկվող պայմանագրերի ազդեցությունը համակարգի գործունեության և ներքին շուկայի սպառողներին էլեկտրաէներգիայի մատակարարման հուսալիության ու անվտանգության վրա.
դ) համապատասխան կարգավարական տեղեկատվություն է ներկայացնում հաշվարկային և պայմանագրային կենտրոններ.
ե) ԷԿՀ-ի կողմից հաստատված կարգով անցկացնում է աշխատող և պահուստային արտադրական հզորությունների պատրաստականության ստուգումներ և անհրաժեշտ տվյալներ ներկայացնում հաշվարկային կենտրոն.
զ) էլեկտրաէներգետիկական համակարգի պլանավորման, կոորդինացման և կարգավարման գործընթացներում ապահովում է ԷՄՇ-ի կանոններում ամրագրված համակարգի հուսալիության ու անվտանգության ցուցանիշերը.
է) սահմանում և առաջադրում է համակարգային լրացուցիչ ծառայությունների անհրաժեշտ ծավալները և ապահովում դրանց կատարումը.
ը) համաձայնություն է տալիս ԷՄՇ-ում առուվաճառքի պայմանագրերով և (կամ) դրանց հավելվածներով սահմանված էլեկտրաէներգիայի (հզորության) մեծություններին և ապահովում կատարումը.
թ) էլեկտրաէներգետիկական համակարգում` համաձայն լիցենզիայի պայմանների և ԷՄՇ-ի կանոնների, իրականացնում է համակարգային նշանակության կառավարման և պաշտպանության սարքերի նախադրվածքների հաշվարկում, դրանք ԷՄՇ-ի մասնակիցներին առաջադրում և դրանց աշխատանքի հսկում.
ժ) ԷՇՄ-ի կանոններով սահմանված կարգով ԷԿՀ և ԷՇՄ առաջարկություններ է ներկայացնում էլեկտրաէներգետիկական համակարգի ընդլայնմանը, զարգացմանը, հուսալիության ու անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումների վերաբերյալ:
4.6. Պայմանագրային կենտրոնը.
ա) ԷՄՇ-ի կանոններով և պայմանագրով սահմանված կարգով իրականացնում է պայմանագրային գործակալի ծառայություններ, ներքին շուկայում ԷՄՇ-ի մասնակիցների կողմից գնման (վաճառքի) ցուցանիշերը սահմանող հավելվածների կնքում և ընթացիկ փոփոխությունների ձևակերպում ԷՄՇ-ի մասնակիցների հետ, դրանց կատարման վերլուծություն ու մոնիթորինգ և արդյունքները ներկայացնում շուկայի մասնակիցներին.
բ) ԷՄՇ-ի լիազորությամբ նրա անունից` որպես գործակալ, կնքում է ներմուծման և արտահանման, այդ թվում` էլեկտրաէներգիայի փոխանակման պայմանագրեր.
գ) ամսական կտրվածքով կազմակերպում է էլեկտրաէներգիայի ներքին և արտաքին շուկան` համագործակցելով համակարգի օպերատորի հետ և պարտադիր հաշվի առնելով նրա ցուցումները: Այդ նպատակով պայմանագրային կենտրոնը`
- էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձանցից ստանում է հաջորդ տարվա համար էլեկտրաէներգիայի և հզորությունների ամսական պահանջարկի տվյալները, այդ թվում` ամսական գագաթնային բեռի կանխատեսումները.
- արտադրողների (ներմուծողների) հետ համաձայնեցնում է պատվիրվող հզորությունների պատրաստականության մակարդակները և աշխատանքի գրաֆիկներն ըստ ամիսների` համակարգի, բաշխող ընկերության ու արտահանողների պահանջարկը բավարարելու նպատակով.
- ԷՇՄ-ի մասնակիցներից և ծառայություններ մատուցողներից ստանում է տեխնիկական անհրաժեշտ տվյալները և ցուցանիշերը.
- կատարում է էլեկտրաէներգիայի արտահանման ծավալների կանխատեսումներ.
- ԷԿՀ-ի համաձայնեցմանն է ներկայացնում էլեկտրաէներգիայի (հզորության) գնման (վաճառքի) հաջորդ տարվա կանխատեսումներն ըստ ամիսների.
- սահմանված կարգով ԷԿՀ-ի գրանցմանն է ներկայացնում հաջորդ տարվա յուրաքանչյուր ամսվա համար ԷՇՄ-ի մասնակիցների գնման և վաճառքի քանակական ցուցանիշերի վերաբերյալ ԷՄՇ-ի պայմանագրի հավելվածները.
- պայմանագրային կենտրոնը որևէ գույքային պարտավորություն չի ստանձնում ԷՄՇ-ի պայմանագրի հավելվածների և ներմուծման կամ արտահանման պայմանագրերի կատարման համար:
4.7. Հաշվարկային կենտրոնը.
ա) իրականացնում է ԷՄՇ-ի կենտրոնացված հաշվարկները` ԷՄՇ-ի կանոններին համապատասխան.
բ) շահագործում և սպասարկում է ԷՄՇ-ի գնվող (վաճառվող) էլեկտրաէներգիայի հաշվառքի ավտոմատացված համակարգը.
գ) կազմում է համակարգի էլեկտրաէներգիայի հաշվեկշիռները, ստուգում է առևտրային տվյալների հավաստիությունը, վերականգնում է հաշվառքի բացակայող տվյալները.
դ) հաշվարկում է փաստացի կորուստները, դրանց շեղումները հաշվարկային մեծություններից, ինչպես նաև ԷՄՇ-ի պայմանագրին համապատասխան առաջարկություններ է ներկայացնում ԷՄՇ-ի մասնակիցներին` կորուստների արդյունքում առաջացած վնասը փոխհատուցելու վերաբերյալ.
ե) հավաքագրում և մշակում է էլեկտրաէներգիայի արտադրության և հաղորդման տեխնիկական և առևտրային հաշվառքի տվյալները` կեսամսյա հաշվարկներ կատարելու համար.
- կես ամսվա արդյունքներով ԷՄՇ-ում գործարքներ կատարած յուրաքանչյուր անձի ներկայացնում է նախնական ապրանքագիր` հիմնված էլեկտրաէներգիայի առուվաճառքի և մատուցվող շուկայական ծառայությունների կանխատեսումների ամսական հաշվարկների վրա.
- յուրաքանչյուր ամսվա վերջի արդյունքներով ներկայացնում է վերջնական ապրանքագրեր` հիմնվելով էլեկտրաէներգիայի ամսական փաստացի առաքումների (գնումների), կանխավճարների և կատարված հաշվանցումների վրա.
- վերջնական հաշվարկները ներկայացնում է ԷՄՇ-ի մասնակիցներին, ԷՄՇ-ի բանկ և ԷԿՀ:
4.8. Ֆինանսական հոսքերի վարչարարը (ԷՄՇ-ի բանկը).
ա) կենտրոնացված կարգով կառավարում ԷՄՇ-ի ֆինանսական հոսքերը` ԷԿՀ-ի կողմից սահմանված կարգերով.
բ) սպասարկում է ԷՄՇ-ի մասնակիցների տարանցիկ հաշիվները` ԷԿՀ-ի կողմից սահմանված ֆինանսական հոսքերի կառավարման կանոնակարգերին համապատասխան, ապահովելով թափանցիկություն ԷՄՇ-ի բոլոր ֆինանսական գործարքներում:
5. ՀԱՄԱԿԱՐԳԻ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
ԷՄՇ-ի մասնակիցներն ու ծառայություններ մատուցող կազմակերպությունները, իրենց իրավասությունների և պարտավորությունների շրջանակներում, ԷՄՇ-ի կանոններով սահմանված կարգով մշակում և ԷԿՀ-ի հաստատմանն են ներկայացնում էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության և անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումներ: