29.09.2020 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2020 թվականի սեպտեմբերի 16-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 9-ի աշխատանքային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 105-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.
«1.1. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում երեխային փաստացի խնամող` արձակուրդում չգտնվող անձի` մինչև մեկ տարեկան երեխա խնամելու ամբողջ ժամանակահատվածում աշխատանքի էական պայմանները չեն կարող փոփոխվել նվազ բարենպաստ պայմանների, բացառությամբ պաշտոնի անվանման և (կամ) տարակարգերի:»:
i
Հոդված 2. Օրենսգրքի 114-րդ հոդվածում 1-ին մասի 2.2-րդ կետից հանել «3-րդ,» բառը, իսկ «8-10-րդ» բառերը փոխարինել «8-րդ և 10-րդ» բառերով:
i
Հոդված 3. Օրենսգրքի 171-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ կետով.
«6) հայրության արձակուրդը:»:
i
Հոդված 4. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 176.1-ին հոդվածով.
«Հոդված 176.1. Հայրության արձակուրդը
1. Երեխայի ծնվելու օրվանից հետո` 30 օրվա ընթացքում, նորածնի հոր ցանկությամբ տրամադրվում է հինգ աշխատանքային օր տևողությամբ վճարովի արձակուրդ, որի յուրաքանչյուր օրվա համար գործատուն վճարում է աշխատողի միջին օրական աշխատավարձի չափով:»:
Հոդված 5. Օրենքի ուժի մեջ մտնելը
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2. Սույն օրենքի 3-րդ և 4-րդ հոդվածներն ուժի մեջ են մտնում 2021 թվականի հունվարի 1-ից:
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2020 թ. սեպտեմբերի 25 Երևան ՀՕ-415-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 28 սեպտեմբերի 2020 թվական: