Սեղմել Esc փակելու համար:
«ՎԱՆԱՁՈՐԻ Հ. ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՎԱՆԱՁՈՐԻ Հ. ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ...

 

 

040.0615.170616

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 մայիսի 2016 թվականի N 615-Ն

 

«ՎԱՆԱՁՈՐԻ Հ. ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ «ՎԱՆԱՁՈՐԻ Հ. ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասին, «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին և 10-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը` 26.210.02066) վերակազմավորել «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի (այսուհետ` ՎՊՀ):

2. Հաստատել ՎՊՀ-ի կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության անունից հանդես եկող պետական կառավարման լիազոր մարմին սահմանել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:

(3-րդ կետը փոփ. 21.11.2019 թիվ 1652-Ն որոշում)

4. ՎՊՀ-ի տնօրեն-ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար (այսուհետ` ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար) նշանակել Գուրգեն Կիպրոնի Խաչատրյանին (անձնագիր` AE 003827441, տրված` 26.01.2015 թ., 018-ի կողմից):

5. Առաջարկել ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել ՎՊՀ-ի պետական գրանցումը:

6. Սահմանել, որ «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության գիտական խորհուրդն իր գործունեությունը կարող է շարունակել մինչև հիմնադրամի գիտական խորհրդի ձևավորումը:

7. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված` Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող` սույն որոշման N 2 հավելվածում նշված անշարժ գույքը հետ վերցնել և թողնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինմանը:

8. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը հանձնված պետական սեփականություն հանդիսացող` սույն որոշման N 3 հավելվածում նշված գույքն անորոշ ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել ՎՊՀ-ին:

9. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշման 7-րդ և 8-րդ կետերում նշված գործընթացի ավարտից հետո եռամսյա ժամկետում ՎՊՀ-ի հետ կնքել «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքված անհատույց օգտագործման պայմանագրում սույն որոշումից բխող պայմանագրի փոփոխման մասին համաձայնագիր (այսուհետ` համաձայնագիր)` կատարելով սույն որոշումից բխող փոփոխություններ` դրանում նախատեսելով դրույթ այն մասին, որ պայմանագիրը կարող է լուծվել հիմնադրի կողմից` դրա մասին գրավոր ծանուցելով հիմնադրամին, և համաձայնագրի նոտարական վավերացման ու համաձայնագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման ՎՊՀ-ի միջոցների հաշվին:

10. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին`

1) սույն որոշումն ուժի մտնելուց հետո մեկամսյա ժամկետում`

ա. ապահովել «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով և անհատույց օգտագործման իրավունքով պատկանող գույքի, ինչպես նաև պարտավորությունների կազմի ճշտման գործընթացը,

բ. հաստատել «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության գույքի, այլ գույքային իրավունքների, ինչպես նաև պարտատերերին և պարտապաններին վերաբերող բոլոր (ներառյալ վիճարկվող) պարտավորությունների «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամին փոխանցման ակտը.

2) ՎՊՀ-ի պետական գրանցումից հետո եռամսյա ժամկետում`

ա. Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել ՎՊՀ-ի հոգաբարձուների խորհրդի կազմը,

բ. ապահովել «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող գույքը սեփականության իրավունքով ՎՊՀ-ին փոխանցելու հանձնման-ընդունման գործընթացը:

11. Սահմանել, որ ՎՊՀ-ն «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդն է, և նրան են անցնում վերակազմակերպված իրավաբանական անձի իրավունքներն ու պարտականությունները` փոխանցման ակտին համապատասխան:

12. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 17-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2016 թվականի մայիսի 19-ի

N 615-Ն որոշման

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ «ՎԱՆԱՁՈՐԻ Հ. ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամը (այսուհետ` ՎՊՀ) հիմնադրի որոշմամբ հիմնադրված և անդամություն չունեցող ոչ առևտրային կազմակերպություն է:

2. ՎՊՀ-ն «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության (պետական գրանցման համարը` 26.210.02066) իրավահաջորդն է (փոխանցման ակտին համապատասխան):

3. ՎՊՀ-ն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքին, «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, Հայաստանի Հանրապետության այլ իրավական ակտերին և սույն կանոնադրությանը համապատասխան:

4. ՎՊՀ-ի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության: Հայաստանի Հանրապետության անունից հանդես եկող պետական կառավարման լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն է (այսուհետ` լիազոր մարմին):

(4-րդ կետը փոփ. 21.11.2019 թիվ 1652-Ն որոշում)

5. ՎՊՀ-ի անվանումն է`

1) հայերեն լրիվ` «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամ.

2) հայերեն կրճատ` «ՎՊՀ» հիմնադրամ.

3) ռուսերեն լրիվ` ֆօնդ «Վանադզօրսկիյ գօսուդարստվեննիյ ունիվերսիտետ իմենի Օ. Տումանյանա».

4) ռուսերեն կրճատ` ֆօնդ «ՎԳՈՒ».

5) անգլերեն լրիվ` «Vanadzor State University after H.Tumanyan» Foundation.

6) անգլերեն կրճատ` «VSU» Foundation:

6. ՎՊՀ-ի գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Վանաձոր, 2021, Տիգրան Մեծի 36:

 

II. ՎՊՀ-Ի ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ

 

7. ՎՊՀ-ն իրավաբանական անձ է և գործում է անժամկետ:

8. ՎՊՀ-ն Հայաստանի Հանրապետությունում և դրանից դուրս կարող է ստեղծել մասնաճյուղեր ու ներկայացուցչություններ, ինչպես նաև հիմնարկներ, որոնք գործում են ՎՊՀ-ի հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատված կանոնադրություններին համապատասխան:

9. ՎՊՀ-ն ունի առանձնացված գույք, որը հաշվառվում է ինքնուրույն հաշվեկշռում, կարող է իր անունից ձեռք բերել և իրականացնել գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

10. ՎՊՀ-ն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով բացելու բանկային հաշիվներ Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների բանկերում` Հայաստանի Հանրապետության դրամով և (կամ) արտարժույթով:

11. ՎՊՀ-ի գործունեության ընթացքում ստացված ամբողջ եկամուտը և շահույթը պետք է օգտագործվեն նրա կանոնադրական նպատակների իրականացման համար:

12. ՎՊՀ-ն իր կանոնադրությանը համապատասխան`

1) օգտագործում է հիմնադրի կողմից ՎՊՀ-ին տրամադրված գույքը.

2) տնօրինում, օգտագործում և տիրապետում է սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը:

13. ՎՊՀ-ն կարող է ունենալ իր անվանումը պարունակող, Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով կլոր կնիք, դրոշմներ, ձևաթղթեր, ինչպես նաև անհատականացման այլ միջոցներ:

14. ՎՊՀ-ի իրավունքները կարող են սահմանափակվել միայն օրենքով նախատեսված դեպքերում:

15. Հիմնադիրը պատասխանատվություն չի կրում ՎՊՀ-ի պարտավորությունների համար, իսկ ՎՊՀ-ն պատասխանատվություն չի կրում իր հիմնադրի պարտավորությունների համար: ՎՊՀ-ն իր պարտավորությունների համար պատասխանատվություն է կրում իրեն պատկանող գույքով:

 

III. ՎՊՀ-Ի ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ

 

16. ՎՊՀ-ն կրթական, գիտահետազոտական և մշակութային ինքնավար, բարձրագույն ուսումնական հաստատություն է, որի գործունեությունը նպատակաուղղված է հայագիտական, բնագիտական, սոցիալ-տնտեսագիտական, հումանիտար գիտությունների և տեխնիկայի, մշակույթի տարբեր ուղղություններով կրթության, հիմնարար ու կիրառական գիտական հետազոտությունների և ուսումնառության կազմակերպմանը` հանրակրթական, միջին մասնագիտական, բարձրագույն մասնագիտական, հետբուհական մասնագիտական և լրացուցիչ կրթության մակարդակներում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված կարգով և կրթական ծրագրերով:

17. ՎՊՀ-ի նպատակն է`

1) անձի մտավոր, հոգևոր և բարոյական զարգացման պահանջմունքների բավարարումը` բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթություն ստանալու միջոցով.

2) գիտության տարբեր բնագավառներում գիտական, ուսումնամեթոդական և գիտամանկավարժական հետազոտությունների իրականացումը, հայագիտության բազմակողմանի զարգացումը.

3) գիտության, կրթության, տնտեսության և արվեստի զարգացումը` գիտամանկավարժական աշխատողների ու սովորողների գիտական հետազոտությունների և ստեղծագործական գործունեության միջոցով, ստացված արդյունքների օգտագործումը տնտեսության մեջ, հետազոտական և կրթական գործընթացներում.

4) բարձրագույն կրթությամբ գիտամանկավարժական աշխատողների պատրաստումը և վերապատրաստումը.

5) կրթության որակի ապահովումը և բարելավման համապատասխան համակարգի ներդրումը.

6) կրթության և գիտության ինտեգրացման հիման վրա ուսուցման բովանդակության կատարելագործումը, նոր և հեռանկարային մասնագիտությունների ու մասնագիտացումների համակարգերի մշակումը և արմատավորումը.

7) կրթական գործընթացի անընդհատության, թափանցիկության և հրապարակայնության ապահովումը.

8) սովորողին ազգային, բարոյական և համամարդկային արժեքների ոգով դաստիարակումը.

9) բնակչության շրջանում գիտելիքների տարածումը, նրա կրթական և մշակութային մակարդակի բարձրացումը.

10) սովորողների մեջ քաղաքացիական դիրքորոշման, հմտությունների և աշխատանքի նկատմամբ պատասխանատվության արմատավորումը ժողովրդավարական ու քաղաքացիական հասարակության կառավարման պայմաններում.

11) սովորողների ու աշխատողների առողջության պահպանման, կենցաղի, սննդի, հանգստի, ֆիզիկական և հոգևոր զարգացման անհրաժեշտ պայմանների ստեղծումը:

18. ՎՊՀ-ն իր կանոնադրական նպատակներն իրականացնելու համար օրենքով սահմանված կարգով իրավունք ունի`

1) իրականացնելու բարձրագույն, հետբուհական կրթություն, ինչպես նաև հանրակրթական, միջին մասնագիտական և լրացուցիչ կրթության ծրագրեր.

2) մշակելու և հաստատելու բարձրագույն ու հետբուհական մասնագիտական կրթության մասնագիտությունների և մասնագիտացումների ուսումնական պլաններն ու առարկայական ծրագրերը, հրատարակելու ուսումնական գրականություն և ուսումնամեթոդական ձեռնարկներ.

3) ինքնուրույն որոշելու ուսումնական գործընթացի կազմակերպման, կրթական տեխնոլոգիաների և սովորողների ընթացիկ ատեստավորման ձևերի, կարգի ու պարբերականության ընտրության հարցերը.

4) ըստ կրթական ծրագրերի` կազմակերպելու դիմորդների, այդ թվում` օտարերկրյա քաղաքացիների ընդունելությունը և ուսումնական գործընթացը.

5) կազմակերպելու մասնագետների որակավորման բարձրացման, վերապատրաստման և լրացուցիչ կրթության այլ ծրագրեր.

6) որոշելու իր կառուցվածքը, կառուցվածքային ստորաբաժանումների կառավարման կարգը, օրենքով սահմանված կարգով ստեղծելու, վերակազմակերպելու և լուծարելու ֆակուլտետներ, ամբիոններ, գիտահետազոտական ինստիտուտներ, կենտրոններ, քոլեջներ, ավագ դպրոցներ, այլ կառուցվածքային ստորաբաժանումներ, ինչպես նաև ստեղծելու տնտեսական ընկերություններ կամ լինելու դրանց մասնակիցը.

7) ինքնուրույն որոշելու բոլոր տարակարգերի աշխատողների հաստիքացուցակը, իրականացնելու աշխատողների ընտրությունը, նշանակումը, բաշխումը և ատեստավորումը` ներառյալ գիտամանկավարժական համակազմի համալրումը, պրոֆեսորադասախոսական համակազմի, գիտական և ուսումնական ստորաբաժանումների ղեկավարների պաշտոնների զբաղեցման կարգերը.

8) մշակելու ընտրովի պաշտոնների ու պրոֆեսորադասախոսական կազմի ընտրության ընթացակարգերը և անցկացնելու նրանց ընտրությունները.

9) սահմանելու և շնորհելու ՎՊՀ-ի պատվավոր կոչումներ, շքանշաններ, մեդալներ, մրցանակներ, անվանական կրթաթոշակներ, անվանակոչելու լսարաններ, ստորաբաժանումներ, անկյուններ.

10) իրականացնելու հրատարակչական, տպագրական գործունեություն.

11) իր կողմից կնքված պայմանագրերի ու համաձայնագրերի հիման վրա երկկողմանի ու բազմակողմանի կապեր իրականացնելու հանրապետության և օտարերկրյա համալսարանների, գիտական հիմնարկների, պետական մարմինների, այլ կազմակերպությունների, հաստատությունների, իրավաբանական և ֆիզիկական անձանց հետ, կատարելու տարատեսակ աշխատանքներ (մասնագետների պատրաստում, վերապատրաստում և որակավորման բարձրացում` ուսուցման բոլոր ձևերով, ուսանողների և ասպիրանտների ուսուցում, մասնագետների փոխանակում, գիտական, մշակութային-լուսավորչական և այլ գործունեություն, գիտական խորհրդակցությունների ու արշավախմբերի կազմակերպում և այլն), օտարերկրյա պետություններում ստեղծելու ստորաբաժանումներ և այլն.

12) ՎՊՀ-ի հիմնական և ձեռնարկատիրական գործունեության ընդլայնման նպատակով պայմանագրային կարգով ներգրավելու այլ անձանց կողմից տրամադրվող միջոցներ, ընդ որում, առանց հիմնադրի որոշման` բացառելու հիմնադրի կողմից ՎՊՀ-ի օգտագործմանը հանձնված գույքի, այդ թվում` շենքերի, շինությունների և հողատարածքների գրավադրումը, օտարումը կամ անհատույց օգտագործման հանձնումը.

13) իրեն օգտագործման իրավունքով տրամադրված գույքը հանձնելու վարձակալության` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Հանձնված գույքի վարձակալության ժամկետը չի կարող սահմանվել մեկ տարվանից ավելի` բացառությամբ հիմնադրի կողմից սահմանված դեպքի: Հանձնված գույքի վարձակալության հանձնման արդյունքում ստացված եկամուտները պետական սեփականություն են.

14) կառավարելու իր ֆինանսները, ինքնուրույն որոշելու իր ֆինանսական միջոցների օգտագործման ուղղությունները` ներառյալ իր աշխատողների վարձատրության և նյութական խրախուսման կարգը և չափերը, սահմանելու կրթաթոշակներ.

15) իրականացնելու օրենքով և իր կանոնադրությամբ չարգելված այլ գործունեություն:

19. ՎՊՀ-ն կարող է անձամբ զբաղվել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակներով`

1) հանրակրթական, միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական, լրացուցիչ կրթության կազմակերպում.

2) օտարերկրյա դիմորդների նախապատրաստական կրթության կազմակերպում.

3) մշակույթի բնագավառում կրթական գործունեության իրականացում.

4) գիտամանկավարժական կադրերի պատրաստում, վերապատրաստում, որակավորման բարձրացում.

5) գիտահետազոտական և գիտաարտադրական աշխատանքների իրականացում, դրանց արդյունքների առևտրայնացում.

6) խորհրդատվական, փորձագիտական ծառայությունների մատուցում.

7) հրատարակչական, տպագրական գործունեության ծավալում, դրա արդյունքների իրացում, գրքերի և այլ տպագրական նյութերի վաճառքի իրականացում.

8) իր կողմից հրատարակվող տպագիր և էլեկտրոնային միջոցներով գովազդի իրականացում.

9) կրթական և ուսումնական վճարովի դասընթացների կազմակերպում.

10) միջազգային ուսումնական և գիտատեխնիկական ծրագրերի իրականացում.

11) աշխատողների, սովորողների և այլ անձանց հանրային սննդի, հանգստի, բուժման, կենցաղի կազմակերպում ու սպասարկում.

20. ՎՊՀ-ում չեն թույլատրվում հասարակական-քաղաքական, հասարակական և կրոնական կազմակերպությունների, դրանց կազմակերպական կառույցների ստեղծումն ու գործունեությունը` բացառությամբ արհեստակցական, մասնագիտական, մշակութային, մարզական և շրջանավարտների կազմակերպությունների ու միությունների:

 

IV. ՎՊՀ-Ի ՇԱՀԱՌՈՒՆԵՐԸ

 

21. ՎՊՀ-ի շահառուները կրթական, գիտական, մշակութային, գիտաարտադրական բնագավառներին առնչվող ֆիզիկական ու իրավաբանական անձինք են:

 

V. ՎՊՀ-Ի ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

22. ՎՊՀ-ն պարտավոր է`

1) գործել Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին, ինչպես նաև իր կանոնադրությանը համապատասխան.

2) հրապարակել իր գործունեության մասին ամենամյա հաշվետվություն, օրենքով նախատեսված դեպքում նաև` ֆինանսական հաշվետվությունների աուդիտի եզրակացությունը.

3) օրենքով սահմանված կարգով վարել գործավարություն և հաշվապահական հաշվառում.

4) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և կարգով տեղեկատվություն ու հաշվետվություններ ներկայացնել պետական մարմիններին.

5) ապահովել սույն կետում նշված հաշվետվություններին ծանոթանալու մատչելիությունը.

6) իրականացնել օրենքով սահմանված այլ պարտականություններ:

 

VI. ՎՊՀ-Ի ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

 

23. ՎՊՀ-ն կառավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և սույն կանոնադրությանը համապատասխան` ինքնակառավարման հիման վրա:

24. ՎՊՀ-ի կառավարումը հիմնված է իր ինքնավարության վրա` միանձնյա և կոլեգիալ կառավարման սկզբունքների զուգակցմամբ, հիմնադրի, լիազոր մարմնի, ՎՊՀ-ի հոգաբարձուների խորհրդի, ՎՊՀ-ի գիտական խորհրդի և ռեկտորի գործառույթների իրականացմամբ:

25. ՎՊՀ-ն իր գործունեությունն իրականացնում է իր մարմինների միջոցով:

26. ՎՊՀ-ի կառավարման մարմիններն են`

1) հոգաբարձուների խորհուրդը.

2) տնօրեն (այսուհետ` ռեկտոր):

27. ՎՊՀ-ի կառավարման բարձրագույն և հսկողություն իրականացնող մարմինը հոգաբարձուների խորհուրդն է, որի լիազորությունների ժամկետը 5 տարի է: Հոգաբարձուների խորհուրդը ձևավորվում է ՎՊՀ-ի պրոֆեսորադասախոսական կազմի, սովորողների, հիմնադրի և լիազոր մարմնի ներկայացուցիչներից: ՎՊՀ-ի հոգաբարձուների խորհրդի անդամների թիվը 20 է:

(27-րդ կետը փոփ. 08.09.2021 թիվ 1448-Ն որոշում)

28. ՎՊՀ-ի պրոֆեսորադասախոսական կազմից հոգաբարձուների խորհրդի անդամության թեկնածուներ են առաջադրում ՎՊՀ-ի կառուցվածքային ստորաբաժանումները: ՎՊՀ-ի կառուցվածքային ստորաբաժանումներից առաջադրված թեկնածուներն ընտրվում են ՎՊՀ-ի գիտական խորհրդում և ներկայացվում լիազոր մարմին: Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված հոգաբարձուների խորհրդի անդամները կազմում են խորհրդի անդամների 25 տոկոսը:

29. ՎՊՀ-ի սովորողների ներկայացուցիչներից հոգաբարձուների խորհրդի անդամության թեկնածուներ են առաջադրում ֆակուլտետների, մասնաճյուղերի ուսանողական խորհուրդները: ՈՒսանողական խորհուրդների կողմից խորհրդի անդամության թեկնածու կարող է առաջադրվել բարձր առաջադիմություն և ակտիվ հասարակական դիրքորոշում ունեցող ցանկացած սովորող: ՈՒսանողական խորհուրդն ընտրում է ստորաբաժանումներից առաջադրված թեկնածուներին և ներկայացնում լիազոր մարմնին: Սովորողների կողմից ընտրված հոգաբարձուների խորհրդի անդամները կազմում են խորհրդի անդամների 25 տոկոսը և խորհրդի անդամի լիազորություններն իրականացնում են ՎՊՀ-ում իրենց սովորելու ժամանակահատվածում:

30. Հիմնադրի անունից հոգաբարձուների խորհրդի անդամներ է առաջադրում Հայաստանի Հանրապետության վարչապետը` պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանցից (խորհրդի կազմի 25 տոկոսը):

(30-րդ կետը փոփ. 08.09.2021 թիվ 1448-Ն որոշում)

31. Լիազոր մարմնի կողմից հոգաբարձուների խորհրդի անդամներ են առաջադրվում կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և տնտեսության տարբեր ոլորտների ներկայացուցիչներ (խորհրդի կազմի 25 տոկոսը):

(31-րդ կետը փոփ. 08.09.2021 թիվ 1448-Ն որոշում)

32. Առաջադրված անձանց թեկնածությունների հիման վրա հոգաբարձուների խորհրդի կազմը, լիազոր մարմնի ներկայացմամբ, հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:

33. Հոգաբարձուների խորհրդի անդամ կարող են լինել 18 տարին լրացած գործունակ ֆիզիկական անձինք, ովքեր չեն կարող լինել ՎՊՀ-ի այլ մարմնի անդամներ:

34. Հոգաբարձուների խորհրդի նախագահին ընտրում են հոգաբարձուների խորհրդի անդամները` խորհրդի անդամների կազմից (բացի ուսանողության ներկայացուցիչներից), հոգաբարձուների խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

35. ՎՊՀ-ի հոգաբարձուների խորհրդի անդամներն իրենց պարտականությունները կատարում են առանց վարձատրության` հասարակական հիմունքներով: Հոգաբարձուների խորհրդի անդամների համար կարող է սահմանվել փոխհատուցում` նրանց այն ծախսերի համար, որոնք կապված են հոգաբարձուների խորհրդի անդամի պարտականությունների կատարման հետ: Փոխհատուցման վճարման կարգը սահմանում է հոգաբարձուների խորհուրդը:

36. Հոգաբարձուների խորհրդի անդամներն իրավունք ունեն`

1) ներկայացնելու առաջարկություններ հոգաբարձուների խորհրդի նիստի օրակարգի և քննարկվող հարցերի վերաբերյալ.

2) նախապատրաստելու և հոգաբարձուների խորհրդի քննարկմանը ներկայացնելու հարցեր, առաջարկություններ, որոշումների նախագծեր.

3) ստանալու տեղեկություններ ՎՊՀ-ի գործունեությանը վերաբերող ցանկացած հարցի մասին.

4) ստանալու իրենց պարտականությունների կատարմամբ պայմանավորված ծախսերի փոխհատուցում:

37. Հոգաբարձուների խորհրդի անդամները պարտավոր են`

1) մասնակցել հոգաբարձուների խորհրդի նիստերին.

2) իրենց պարտականությունների կատարման ընթացքում գործել` ելնելով ՎՊՀ-ի շահերից:

38. Հոգաբարձուների խորհրդի անդամի լիազորությունը դադարում է`

1) իր դիմումի համաձայն.

2) լիազորությունների ժամկետի ավարտման դեպքում.

3) դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչվելու դեպքում.

4) եթե դադարել են ՎՊՀ-ի հոգաբարձուների խորհրդի անդամների ընդհանուր թվի կեսի կամ կեսից ավելիի լիազորությունները.

5) ըստ պաշտոնի առաջադրված լինելու դեպքում` պաշտոնից ազատվելու հետևանքով.

6) նրա մահվան դեպքում:

39. Հոգաբարձուների խորհրդի անդամի լիազորությունը դադարելու դեպքում նրա փոխարեն նոր անդամ նշանակվում է նախկին անդամի նշանակման կարգով` ոչ ուշ, քան հոգաբարձուների խորհրդի անդամի թափուր տեղ առաջանալու մասին ռեկտորի ծանուցումն ստանալու օրվանից հետո 30 օրվա ընթացքում: Հոգաբարձուների խորհրդի անդամի թափուր տեղ առաջանալու մասին տեղեկացված լինելու օրվանից ոչ ուշ, քան 10 օրվա ընթացքում ռեկտորը տեղեկացնում է հիմնադրին, հոգաբարձուների խորհրդի անդամներին նշանակած անձանց կամ մարմիններին, հիմնադրամի մարմիններին:

40. Հոգաբարձուների խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով: Հոգաբարձուների խորհրդի նիստերը գումարվում են տարեկան առնվազն մեկ անգամ հոգաբարձուների խորհրդի նախագահի կողմից: Հոգաբարձուների խորհրդի նիստերը կարող են հրավիրվել նաև հոգաբարձուների խորհրդի անդամների 1/3-ի պահանջով` հոգաբարձուների խորհրդի նախագահի կողմից` համապատասխան պահանջը ներկայացվելուց հետո 30 օրվա ընթացքում: Հոգաբարձուների խորհրդի նիստերը կարող են անցկացվել տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության այլ միջոցների կիրառմամբ, ինչպես նաև հարցման կարգով: Հոգաբարձուների խորհրդի որոշումներն ընդունվում են օրենքով սահմանված կարգով: Հոգաբարձուների խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է խորհրդի անդամների կեսից ավելին: Քվեարկության ժամանակ հոգաբարձուների խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք: Եթե հոգաբարձուների խորհրդի նիստում քննարկվում է խորհրդի որևէ անդամի կամ նրա հետ փոխկապակցված անձի գույքային կամ այլ շահերի վերաբերյալ հարց, ապա խորհրդի տվյալ անդամը քվեարկությանը չի մասնակցում:

41. Խորհրդի նիստերն արձանագրվում են:

42. Հոգաբարձուների խորհրդի իրավասություններն են`

1) իր աշխատակարգի հաստատումը.

2) ռեկտորի ընտրության կանոնակարգի մշակումը, հաստատումը, ընտրության կազմակերպումը, ռեկտորի ընտրության և լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին որոշումների ընդունումը.

3) ռեկտորի տարեկան հաշվետվության լսումն ու գնահատումը.

4) ՎՊՀ-ի գործունեության տարեկան և ռազմավարական ծրագրերի հաստատումը.

5) ՎՊՀ-ի կառուցվածքի հաստատումը.

6) ՎՊՀ-ի հաստիքացուցակի հաստատումը.

7) ՎՊՀ-ի եկամուտների ու ծախսերի տարեկան նախահաշվի և դրա փոփոխությունների, տարեկան ֆինանսական հաշվետվությունների ու ՎՊՀ-ի գործունեության մասին տարեկան հաշվետվությունների և տարեկան հաշվեկշռի հաստատումը.

8) տնտեսական ընկերությունների ստեղծման կամ դրանցում մասնակցության, ինչպես նաև մասնաճյուղերի, ներկայացուցչությունների և հիմնարկների ստեղծման ու դրանց կանոնադրությունների հաստատման մասին որոշման ընդունումը.

9) ՎՊՀ-ի գործունեության, այդ թվում` ֆինանսատնտեսական գործունեության վերահսկողությունը, ֆինանսական հաշվետվությունների աուդիտ իրականացնող անձի ընտրությունը.

10) հոգաբարձուների խորհրդի անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին որոշումների ընդունումը.

11) ռեկտորի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող հրամանների, հրահանգների և ցուցումների կասեցումը կամ դրանք ուժը կորցրած ճանաչելը.

12) իր որոշումների կատարման ընթացքի վերահսկումը.

13) ՎՊՀ-ի լուծարման հարցով դատարան դիմելու մասին որոշման ընդունումը.

14) ՎՊՀ-ի լուծարման հանձնաժողովի (լուծարողի) նշանակումը, լուծարման կարգի ու ժամկետների սահմանումը, լուծարման միջանկյալ հաշվեկշռի և լուծարման հաշվեկշռի հաստատումը.

15) ՎՊՀ-ի կանոնադրության մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու, կանոնադրության փոփոխության, նոր խմբագրությամբ կանոնադրություն հաստատելու մասին որոշումների ընդունումը.

16) ՎՊՀ-ի գույքի տնօրինման կարգի հաստատումը.

17) քսան միլիոն դրամի կամ դրան համարժեք այլ արտարժույթի սահմանաչափը գերազանցող պայմանագրերի հաստատումը.

18) օրենքով, սույն կանոնադրությամբ նախատեսված, ինչպես նաև հիմնադրամի մյուս մարմիններին օրենքով չվերապահված այլ լիազորությունների իրականացումը:

43. Հոգաբարձուների խորհրդի իրավասությանը պատկանող հարցերը չեն կարող փոխանցվել այլ մարմնի:

44. Հոգաբարձուների խորհուրդն իրավունք ունի ծանոթանալու ՎՊՀ-ի բոլոր փաստաթղթերին:

45. Հոգաբարձուների խորհրդի նախագահը`

1) հրավիրում է հոգաբարձուների խորհրդի նիստերը և նախագահում է դրանք.

2) ստորագրում է հոգաբարձուների խորհրդի որոշումները.

3) հոգաբարձուների խորհրդի համաձայնությամբ կարող է ստեղծել հանձնախմբեր և նշանակել դրանց նախագահներին, մասնավորապես, ՎՊՀ-ի` սույն կանոնադրությամբ նախատեսված ֆինանսատնտեսական գործունեության վերահսկման (ստուգում, ուսումնասիրում և այլն) և սույն կանոնադրության 42-րդ կետի 8-րդ, 9-րդ, 16-րդ ու 17-րդ ենթակետերով նախատեսված հարցերի նախնական քննարկում իրականացնելու և դրանց վերաբերյալ հոգաբարձուների խորհուրդ եզրակացություններ (տեղեկանքներ) ներկայացնելու համար.

4) կազմակերպում է հոգաբարձուների խորհրդի նիստերի արձանագրության վարումը.

5) հոգաբարձուների խորհրդի քննարկմանն է ներկայացնում հոգաբարձուների խորհրդի անդամների լիազորությունների դադարեցման մասին որոշման նախագիծն օրենքով նախատեսված դեպքերում.

6) ՎՊՀ-ի անունից ռեկտորի հետ կնքում է աշխատանքային պայմանագիր:

46. Հոգաբարձուների խորհրդի նախագահի բացակայության դեպքում նրա պարտականությունները, հոգաբարձուների խորհրդի որոշմամբ, կատարում է հոգաբարձուների խորհրդի անդամներից մեկը:

47. ՎՊՀ-ի գիտական խորհուրդը (այսուհետ` գիտական խորհուրդ) ձևավորվում է սույն կանոնադրության համաձայն: Այն ՎՊՀ-ի ուսումնամեթոդական, գիտահետազոտական ու գիտատեխնիկական գործունեությունը պլանավորող, համակարգող և կարգավորող կոլեգիալ մարմին է:

48. Գիտական խորհուրդը գործում է ռեկտորի նախագահությամբ: Գիտական խորհրդի լիազորությունների ժամկետը 5 տարի է: Գիտական խորհրդի նիստերը գումարվում են ուսումնական տարվա ընթացքում առնվազն 8 անգամ:

49. Գիտական խորհուրդը`

1) հաստատում է իր կանոնակարգը.

2) ռեկտորի ներկայացմամբ` հոգաբարձուների խորհրդին ներկայացնում է առաջարկություն կառուցվածքային ստորաբաժանումներ ստեղծելու, վերակազմակերպելու, լուծարելու վերաբերյալ.

3) հատկացված ընդհանուր չափաքանակների շրջանակներում քննարկում և ընդունում է որոշումներ ՎՊՀ-ի` ըստ կրթական ծրագրերի և մասնագիտությունների ընդունելության վերաբերյալ.

4) հաստատում է կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները (այդ թվում` օրինակելի), ՎՊՀ-ի և կառուցվածքային ստորաբաժանումների հիմնական գործունեությունը և ուսումնական գործընթացը կանոնակարգող այլ ներքին իրավական ակտեր.

5) քննարկում և հաստատում է կրթական ծրագրերը, ըստ մասնագիտությունների սահմանում է վճարաչափերը.

6) քննարկում է գիտական գործունեության գլխավոր և հեռանկարային ուղղությունները, լսում գիտական հաղորդումներ ՎՊՀ-ում կատարվող կարևորագույն գիտահետազոտական և գիտամեթոդական աշխատանքների արդյունքների մասին.

7) ընդունում է պատվավոր կոչումներ շնորհելու, մրցանակներ, անվանական և այլ կրթաթոշակներ տալու, ՎՊՀ-ի շքանշանով և մեդալով պարգևատրելու, հանրապետական ու միջազգային պարգևների և կոչումների համար թեկնածություններ ներկայացնելու, լսարաններ, ստորաբաժանումներ, անկյուններ անվանակոչելու մասին որոշումներ.

8) հաստատում է ֆակուլտետների դեկանների, ամբիոնների վարիչների և պրոֆեսորադասախոսական համակազմի ընտրությունների ընթացակարգերը.

9) շնորհում է գիտական կոչումներ, հաստատում ֆակուլտետների դեկանների, ամբիոնների վարիչների, պրոֆեսորադասախոսական համակազմի թափուր պաշտոնների տեղակալման մրցույթների արդյունքները.

10) ՎՊՀ-ի գործունեության բնագավառներին, նպատակներին և խնդիրներին համապատասխան լիազոր մարմին է ներկայացնում առաջարկություններ ՎՊՀ-ի գործունեության հիմնական ուղղությունների, այդ թվում` նոր մասնագիտություններով կրթական ծրագրեր իրականացնելու վերաբերյալ.

11) ռեկտորին ներկայացնում է առաջարկություններ ՎՊՀ-ի եկամուտների և ծախսերի տարեկան նախահաշվի նախագծի վերաբերյալ.

12) քննարկում է հանրապետության հասարակական, քաղաքական, կրթական, գիտական և մշակութային կյանքին ու կարևորագույն իրադարձություններին վերաբերող խնդիրներ, ըստ անհրաժեշտության ընդունում է հայտարարություններ.

13) քննարկում և հրատարակության է երաշխավորում մենագրություններ, դասագրքեր, ուսումնական ձեռնարկներ, ժողովածուներ և այլ նյութեր.

14) ըստ անհրաժեշտության ստեղծում է գիտական խորհրդին կից գործող մշտական և ժամանակավոր հանձնաժողովներ, սահմանում դրանց կառուցվածքը, կազմերի ձևավորման կարգը և աշխատակարգը.

15) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությունից և սույն կանոնադրությունից բխող այլ լիազորություններ:

50. Գիտական խորհրդի անդամների ընդհանուր թիվը չի կարող գերազանցել 40-ը, որի առնվազն 50 տոկոսն ընտրովի անդամներն են:

51. Գիտական խորհրդի կազմում ի պաշտոնե ընդգրկվում են ռեկտորը (գիտական խորհրդի նախագահ), պրոռեկտորները, գիտական քարտուղարը (գիտական խորհրդի քարտուղար), գլխավոր հաշվապահը, իրավաբանական բաժնի պետ, ֆակուլտետների դեկանները, ռեկտորի նշանակմամբ` այլ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ, ինչպես նաև ընտրովի անդամներ` գիտական խորհրդի կանոնակարգին համապատասխան: ՎՊՀ-ի գիտական խորհրդի անդամների թվի քսանհինգ տոկոսը սովորողներն են, որոնց առաջադրում են համապատասխան ֆակուլտետների ուսանողական խորհուրդները, իսկ ընտրությունն իրականացնում է ՎՊՀ-ի ուսանողական խորհուրդը:

52. Գիտական խորհրդի նիստը համարվում է իրավազոր` նրա անդամների 2/3-ի ներկայության դեպքում: Որոշումներն ընդունվում են խորհրդի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ, բաց քվեարկությամբ, եթե որոշում չի ընդունվում փակ, գաղտնի քվեարկության մասին: Գիտական խորհրդի նիստերը կարող են անցկացվել տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության այլ միջոցների կիրառմամբ, ինչպես նաև հարցման միջոցով:

53. Գիտական խորհրդի արտահերթ նիստերը կարող են հրավիրվել գիտական խորհրդի նախագահի առաջարկով, ինչպես նաև գիտական խորհրդի անդամների 1/3-ի պահանջով: Գիտական խորհրդի նախագահն արտահերթ նիստ հրավիրելու վերաբերյալ պահանջն ստանալուց հետո 10-օրյա ժամկետում պարտավոր է ապահովել նիստի գումարումը:

54. ՎՊՀ-ի ընթացիկ գործունեությունը ղեկավարում է ռեկտորը: Ռեկտորն իր իրավասության սահմաններում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանն ու սույն կանոնադրությանը համապատասխան, գործում է միանձնյա և լրիվ պատասխանատվություն է կրում ՎՊՀ-ի աշխատանքի արդյունքների համար:

55. Ռեկտորի իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ և նրա հետ կնքված աշխատանքային պայմանագրով:

56. ՎՊՀ-ի ռեկտորը`

1) ղեկավարում է ՎՊՀ-ի կրթական, գիտական, արտադրական, տնտեսական, ֆինանսական, միջազգային և այլ գործունեությունը.

2) կազմակերպում է ՎՊՀ-ի գիտական խորհրդի, կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքները` ապահովելով դրանց ներդաշնակ գործունեությունը.

3) հրավիրում է ՎՊՀ-ի գիտական խորհրդի, ռեկտորատի նիստերը.

4) տարեկան հաշվետվություն է ներկայացնում ՎՊՀ-ի հոգաբարձուների խորհրդին.

5) ՎՊՀ-ի հոգաբարձուների խորհրդի հաստատմանն է ներկայացնում եկամուտների և ծախսերի տարեկան նախահաշիվը, զարգացման ռազմավարական ծրագրերը, ՎՊՀ-ի կանոնադրության կամ դրանում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին որոշումների նախագծերը, ՎՊՀ-ի կառուցվածքը և հաստիքացուցակը.

6) կազմակերպում և ապահովում է ՎՊՀ-ի հոգաբարձուների խորհրդի և գիտական խորհրդի որոշումների կատարումը.

7) ՎՊՀ-ի հոգաբարձուների խորհրդի հաստատմանն է ներկայացնում կառուցվածքային ստորաբաժանումներ ստեղծելու, վերակազմակերպելու կամ լուծարելու վերաբերյալ նախագծեր.

8) ՎՊՀ-ի գիտական խորհրդի հաստատմանն է ներկայացնում կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները (այդ թվում` օրինակելի), կանոնակարգերը, այլ ներքին իրավական ակտեր.

9) սույն կանոնադրությանը համապատասխան` կազմավորում է ՎՊՀ-ի գիտական խորհուրդը և կառուցվածքային ստորաբաժանումների կոլեգիալ կառավարման մարմինները, սահմանում է աշխատողների լիազորությունները, պաշտոնեական պարտականությունները.

10) արձակում է ուսանողների ընդունելության, հեռացման, վերականգնման, համապատասխան արձակուրդ ձևակերպելու, խրախուսման միջոցներ և կարգապահական տույժեր կիրառելու, որակավորման աստիճան շնորհելու, ուսանողական նպաստ հատկացնելու և ՎՊՀ-ի գործունեությանը վերաբերող այլ հրամաններ.

11) աշխատանքի է ընդունում և աշխատանքից ազատում պրոռեկտորներին և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին, որոշում նրանց գործունեության ոլորտները և իրավասությունը.

12) պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում տնտեսական ընկերությունների, մասնաճյուղերի, ներկայացուցչությունների և հիմնարկների տնօրեններին, նրանց հետ կնքում աշխատանքային պայմանագրեր.

13) աշխատանքի է ընդունում և աշխատանքից ազատում աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և կարգապահական տույժեր, կազմակերպում է աշխատողների ատեստավորումը.

14) աշխատանքային պայմանագրեր է կնքում ընտրված դեկանների, ամբիոնների վարիչների և գիտամանկավարժական համակազմի աշխատողների հետ.

15) կնքում է մինչև քսան միլիոն դրամի կամ դրան համարժեք այլ արտարժույթի չափով պայմանագրեր: Նշված սահմանաչափը գերազանցող պայմանագրերը ենթակա են հաստատման` հոգաբարձուների խորհրդի կողմից.

16) արհեստակցական կազմակերպության նախագահի հետ կնքում է կոլեկտիվ պայմանագիր.

17) կասեցնում է ՎՊՀ-ի գիտական խորհրդի, ինչպես նաև կառուցվածքային ստորաբաժանումների կառավարման մարմինների այն որոշումները, որոնք չեն բխում նրանց իրավասությունից, հակասում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանն ու սույն կանոնադրությանը, և նշանակում է դրանց վերաքննարկում.

18) իր բացակայության ժամանակ ռեկտորի պարտականությունների կատարումը հանձնարարում է պրոռեկտորներից մեկին.

19) տալիս է ՎՊՀ-ի անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով, բանկերում բացում է հաշվարկային հաշիվներ.

20) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող և ՎՊՀ-ի այլ կառավարման մարմիններին չվերապահված լիազորություններ.

21) ձևավորում է ռեկտորին կից խորհրդատվական մարմիններ, սահմանում է դրանց կազմն ու լիազորությունները:

57. Ռեկտորի պաշտոնում կարող է ընտրվել Հայաստանի Հանրապետության այն գործունակ չափահաս քաղաքացին, որն ունի գիտական աստիճան և առնվազն հինգ տարվա ակադեմիական և գիտական գործունեության ստաժ:

(57-րդ կետը փոփ. 29.07.2021 թիվ 1248-Ն որոշումներ)

58. Ռեկտորն ընտրվում է բաց մրցույթով` հոգաբարձուների խորհրդի նիստում, գաղտնի քվեարկությամբ, 5 տարի ժամկետով: Ռեկտորի պաշտոնում ընտրված է համարվում այն թեկնածուն, ով հավաքել է խորհրդի ցուցակային կազմի 50 տոկոսից ավելի ձայն:

59. Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել ռեկտորի պաշտոնում:

60. Ռեկտորի ընտրության արդյունքները հաստատում է հիմնադիրը: Արդյունքներն անվավեր ճանաչելու դեպքում, համաձայն գործող կարգի, նշանակվում է ռեկտորի նոր ընտրություն: Եթե նույն թեկնածուն ընտրություններում հավաքում է խորհրդի անդամների ձայների առնվազն երկու երրորդը, ապա հիմնադիրը հաստատում է խորհրդի որոշումը:

61. Ռեկտոր ընտրված անձի լիազորությունները դադարեցվում են օրենքով սահմանված կարգով` հոգաբարձուների խորհրդի որոշմամբ, եթե`

1) նա դիմում է դրա մասին.

2) նա իր գրավոր համաձայնությամբ ընտրվել կամ նշանակվել է այլ պաշտոնում կամ անցել է իր պաշտոնի հետ անհամատեղելի այլ աշխատանքի.

3) ժամանակավոր անաշխատունակության հետևանքով նա ավելի քան չորս ամիս անընդմեջ չի ներկայացել աշխատանքի.

4) դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա նա ճանաչվել է անգործունակ, սահմանափակ գործունակ, անհայտ բացակայող կամ մահացած:

62. ՎՊՀ-ի ռեկտորատը ռեկտորին կից խորհրդակցական մարմին է, որը ձևավորվում է ՎՊՀ-ի ռեկտորի հրամանով: ՎՊՀ-ի հոգաբարձուների խորհրդի և ՎՊՀ-ի գիտական խորհրդի նիստերի միջև ընկած ժամանակահատվածում ռեկտորատը քննարկում է ՎՊՀ-ի գործունեության ոլորտներին վերաբերող հարցեր: Ռեկտորատի անվանական կազմը հաստատում է ՎՊՀ-ի ռեկտորը:

63. Պրոռեկտորներն իրականացնում են ՎՊՀ-ի գործունեության որոշակի ոլորտի անմիջական ղեկավարում` ռեկտորի հանձնարարություններին, հրամաններին և կարգադրություններին համապատասխան:

 

VII. ՎՊՀ-Ի ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼԸ

 

64. ՎՊՀ-ի կանոնադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարել, ձեռնարկատիրական գործունեության նոր տեսակներ սահմանել կարող է ինչպես ՎՊՀ-ի հիմնադիրը, այնպես էլ ՎՊՀ-ի հոգաբարձուների խորհուրդը` սույն կանոնադրությամբ սահմանված կարգով:

65. ՎՊՀ-ի կանոնադրության մեջ կատարվող փոփոխությունները չեն կարող վերաբերել ՎՊՀ-ի նպատակներին կամ շահառուներին:

 

VIII. ՎՊՀ-Ի ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

 

66. ՎՊՀ-ն ինքնուրույն է պլանավորում իր գործունեությունը, մշակում զարգացման հեռանկարները և ընդունում իր գործունեության վերաբերյալ որոշումներ:

67. ՎՊՀ-ի` այլ իրավաբանական և ֆիզիկական անձանց հետ գործունեության բոլոր հարաբերություններն իրականացվում են պայմանագրային հիմունքներով:

68. ՎՊՀ-ն ինքնուրույն է ընտրում իր կողմից կնքվող պայմանագրերի առարկան և պայմանները:

69. Իր կանոնադրական գործունեությունն իրականացնելիս ՎՊՀ-ն իրավունք ունի սեփական նախաձեռնությամբ ընդունելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող ցանկացած որոշում:

70. ՎՊՀ-ն ձեռնարկատիրական գործունեություն իրականացնում է միայն այն դեպքերում, երբ դա համապատասխանում է իր կանոնադրությանը կամ ծառայում իր կանոնադրական նպատակների իրականացմանը: ՎՊՀ-ն կարող է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնել ինքնուրույն կամ այդ նպատակով ստեղծել տնտեսական ընկերություններ, կամ լինել դրանց մասնակից: ՎՊՀ-ի կողմից իրականացվող (այդ թվում` անձամբ) ձեռնարկատիրական գործունեության տեսակները սահմանվում են ՎՊՀ-ի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ:

71. Հիմնադրի կողմից ՎՊՀ-ին` որպես հիմնադրի ներդրում հանձնված գույքը ՎՊՀ-ի սեփականությունն է, ՎՊՀ-ն այդ գույքն օգտագործում է իր կանոնադրությամբ սահմանված կարգով, եթե հիմնադրի որոշմամբ այլ բան նախատեսված չէ:

72. ՎՊՀ-ի սեփական միջոցներով ձեռք բերված գույքը և օրենքով սահմանված այլ աղբյուրներից ձևավորված գույքը ՎՊՀ-ի սեփականությունն են: ՎՊՀ-ն այդ գույքն օգտագործում է իր կանոնադրությամբ սահմանված կարգով:

73. Այլ քաղաքացիների, կազմակերպությունների կողմից որպես կամավոր գույքային ներդրում հանձնված գույքը, ներառյալ դրամական միջոցները, բաժնետոմսերը, այլ արժեթղթեր և մտավոր սեփականության նկատմամբ իրավունքները, ՎՊՀ-ի սեփականությունն են:

74. ՎՊՀ-ի սեփականությունը հանդիսացող և նրան օգտագործման հանձնված ընդհանուր ակտիվների արժեքի 20 տոկոսը գերազանցող գործարքները կնքվում են Հայաստանի Հանրապետության կառավարության համաձայնությամբ:

75. ՎՊՀ-ի սեփականությունը չի կարող օգտագործվել ի շահ ՎՊՀ-ի մարմինների անդամների, ինչպես նաև ՎՊՀ-ի աշխատողների, բացառությամբ աշխատողների աշխատավարձի և, ՎՊՀ-ի մարմինների անդամների պարտականությունների կատարմամբ պայմանավորված, փոխհատուցման ենթակա ծախսերի, ինչպես նաև այն դեպքերի, երբ ՎՊՀ-ի հիմնադիրը, ՎՊՀ-ի մարմինների անդամները, ինչպես նաև ՎՊՀ-ի աշխատողները կանոնադրությամբ նախատեսված շահառուներ են:

 

IX. ՎՊՀ-ՈՒՄ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄՆ ՈՒ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

 

76. ՎՊՀ-ում բարձրագույն կրթությունն իրականացվում է բակալավրի և մագիստրոսի հիմնական կրթական ծրագրերով, պետական կրթական չափորոշիչներին համապատասխան: ՎՊՀ-ն կարող է իրականացնել նաև հանրակրթական, միջին մասնագիտական, նախնական մասնագիտական, լրացուցիչ կրթական ծրագրեր նույնպես:

77. Սովորողների` ՎՊՀ ընդունելությունը և ուսուցման մեկ մակարդակից մյուսին անցումը կատարվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:

78. Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց` վճարովի հիմունքներով ուսուցումն իրականացվում է լիազոր մարմնի սահմանած կարգի համաձայն:

79. ՎՊՀ-ում կիրառվում է բարձրագույն կրթության աստիճանական համակարգ: ՈՒսուցման յուրաքանչյուր աստիճանի շրջանավարտին տրվում է համապատասխան որակավորում և ավարտական վկայական (դիպլոմ):

80. Լրացուցիչ մասնագիտական կրթական ծրագիրն ավարտած և ամփոփիչ ատեստավորումն անցած անձանց տրվում է ՎՊՀ-ի կողմից սահմանված նմուշի ավարտական փաստաթուղթ (վկայագիր, հավաստագիր):

81. ՎՊՀ-ում ուսուցումը կարող է իրականացվել առկա, հեռակա, դրսեկության և հեռավար ձևերով: Թույլատրելի է բարձրագույն և հետբուհական կրթություն ստանալու տարբեր ձևերի զուգակցումը:

82. ՎՊՀ-ի հիմնական կրթական ծրագրերով ուսումնառությունն իրականացվում է կրեդիտների կուտակման և փոխանցման համաեվրոպական համակարգի դրույթներին համապատասխան:

83. ՎՊՀ-ում գործում է ուսանողների գիտելիքների պարբերական ստուգման և գնահատման բազմագործոն համակարգ:

84. ՎՊՀ-ում գործում է որակի ներքին ապահովման և վերահսկման համակարգ, որի նպատակը կրթության որակի շարունակական բարելավումն է:

85. ՎՊՀ-ի ասպիրանտուրա ընդունելությունն իրականացվում է մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորման հիման վրա` ըստ դիմորդների մրցութային ընդունելության քննությունների արդյունքների, որի կարգը և մասնագիտությունների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

86. ՎՊՀ-ում իրականացվող գիտահետազոտական աշխատանքներին կարող են մասնակցել ՎՊՀ-ի աշխատողները և սովորողները, ինչպես նաև պայմանագրային հիմունքներով հրավիրված այլ մասնագետներ:

87. ՎՊՀ-ն կազմակերպում և անցկացնում է գիտաժողովներ, համաժողովներ, խորհրդակցություններ, սեմինարներ, հրատարակում է գիտական պարբերականներ, ժողովածուներ, մենագրություններ, դասագրքեր, ուսումնական ձեռնարկներ:

88. ՎՊՀ-ի ուսումնական և գիտական գործունեությունը ֆինանսավորվում է հետևյալ աղբյուրներից`

1) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից.

2) Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա հիմնարկների, կազմակերպությունների ու ֆիզիկական անձանց նվիրատվություններից, դրամաշնորհներից.

3) ՎՊՀ-ի վճարովի ծառայություններից ստացվող միջոցներից.

4) բարեգործական նպատակով տրամադրվող միջոցներից.

5) նախաձեռնողական հետազոտությունների համար նախատեսված միջոցներից.

6) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից:

89. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներով իրականացվող գիտահետազոտական, նախագծային, կոնստրուկտորական, փորձարարական և այլ աշխատանքների պլանավորումը, ֆինանսավորումը, հաշվետվությունն իրականացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

X. ՎՊՀ-Ի ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

90. ՎՊՀ-ի կառուցվածքը սահմանում է հոգաբարձուների խորհուրդը:

91. ՎՊՀ-ի կառուցվածքային ստորաբաժանումներն են ֆակուլտետները, ամբիոնները, կենտրոնները, քոլեջը, հենակետային վարժարանը (ավագ դպրոց), վարչությունները, բաժինները, լաբորատորիաները, կաբինետները, գիտական գրադարանը և այլ ստորաբաժանումներ:

92. ՎՊՀ-ի կառուցվածքային ստորաբաժանման կարգավիճակը և իրավասությունը սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ և ՎՊՀ-ի գիտական խորհրդի հաստատած կանոնակարգերով:

93. ՎՊՀ-ի ֆակուլտետը գործում է իր կանոնադրությանը համապատասխան:

94. Ֆակուլտետը, ելնելով իր կողմից իրականացվող ուսումնական, մանկավարժական, մեթոդական, գիտական, ուսումնաօժանդակ և ինժեներատեխնիկական աշխատանքներից, ըստ սահմանված չափանիշների, կազմում է իր հաստիքացուցակի նախագիծը և ներկայացնում ՎՊՀ-ի ռեկտորին:

95. Ֆակուլտետը կազմված է ամբիոններից, լաբորատորիաներից և ուսումնական, գիտական ու օժանդակ այլ ստորաբաժանումներից:

96. Ֆակուլտետի կառավարման մարմիններն են ֆակուլտետի գիտական խորհուրդը, դեկանատի խորհուրդը և դեկանը:

97. Ֆակուլտետի կառավարման կոլեգիալ մարմինը ֆակուլտետի գիտական խորհուրդն է, որի նախագահը ֆակուլտետի դեկանն է: Ֆակուլտետի գիտական խորհրդի կազմում ընդգրկվում են դեկանի տեղակալները, ֆակուլտետի ամբիոնների վարիչները, ֆակուլտետի արհմբյուրոյի նախագահը, պրոֆեսորներ, դոցենտներ, ոլորտի այլ մասնագետներ, սովորողներ: Ֆակուլտետի գիտական խորհրդի անդամների թվի 25 տոկոսը սովորողներն են, որոնց առաջադրումն ու ընտրությունն իրականացնում է ֆակուլտետի ուսանողական խորհուրդը:

98. Ֆակուլտետի գիտական խորհրդի, որպես կառավարման մարմնի կազմ, ձևավորման ու գործունեության կարգը սահմանվում են ֆակուլտետի օրինակելի կանոնադրությամբ:

99. Ֆակուլտետի գիտական խորհուրդը`

1) ՎՊՀ-ի ռեկտորին ներկայացնում է առաջարկություն ֆակուլտետի կառուցվածքում ամբիոններ և այլ կառուցվածքային ստորաբաժանումներ ստեղծելու, լուծարելու, վերակազմավորելու վերաբերյալ.

2) ընդունում է որոշում ֆակուլտետի կրթական, գիտական աշխատանքի, միջազգային կապերի և այլ հարցերի վերաբերյալ.

3) սահմանված կարգի համաձայն իրականացնում է ֆակուլտետի դեկանի ընտրությունը.

4) լսում է ֆակուլտետի դեկանի ամենամյա հաշվետվությունը և գնահատում նրա գործունեությունը.

5) ՎՊՀ-ի գիտական խորհրդի ընդունած օրինակելի կանոնադրության հիման վրա ընդունում է ֆակուլտետի կանոնադրությունը.

6) առաջադրում է ՎՊՀ-ի հոգաբարձուների խորհրդում և ՎՊՀ-ի գիտական խորհրդում ֆակուլտետի ներկայացուցիչների թեկնածուներին.

7) լուծում է ֆակուլտետի ուսումնական, գիտական աշխատանքի, միջազգային կապերի և այլ գործունեության հարցերը.

8) ՎՊՀ-ի ռեկտորին է ներկայացնում ֆակուլտետի ուսումնական պլանները` ՎՊՀ-ի գիտական խորհրդում հաստատելու համար.

9) լուծում է սույն կանոնադրությունից և ՎՊՀ-ի այլ ներքին իրավական ակտերից բխող` ֆակուլտետի ուսումնամեթոդական և գիտահետազոտական գործունեությանը վերաբերող այլ հարցեր:

100. Ֆակուլտետի գիտական խորհրդի նիստերը գումարվում են ուսումնական տարվա ընթացքում առնվազն 8 անգամ: Ֆակուլտետի գիտական խորհրդում որոշումներն ընդունվում են խորհրդի նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ կամ ֆակուլտետի կանոնադրությամբ այլ բան նախատեսված չէ: Ֆակուլտետի գիտաուսումնամեթոդական խորհրդի որոշումները պարտադիր են ֆակուլտետի աշխատողների և սովորողների համար:

101. Ֆակուլտետի գործունեությունը կազմակերպում և ղեկավարում է ֆակուլտետի դեկանը` իր իրավասության սահմաններում և սույն կանոնադրության համաձայն:

102. Ֆակուլտետի դեկան կարող է ընտրվել այն դոցենտը կամ պրոֆեսորը, որն ունի գիտությունների թեկնածուի կամ դոկտորի գիտական աստիճան:

103. Դեկանն ընտրվում է ֆակուլտետի գիտական խորհրդում` փակ, գաղտնի քվեարկությամբ` 5 տարի ժամկետով: Դեկանի պաշտոնում ընտրված է համարվում ֆակուլտետի գիտական խորհրդում ամենաշատ, բայց առնվազն մասնակիցների ձայների կեսից ավելի ձայներ հավաքած թեկնածուն: Ընտրությունների արդյունքների հիման վրա ընտրված դեկանին պաշտոնի է նշանակում ՎՊՀ-ի ռեկտորը և սահմանված կարգով կնքում է պայմանագիր` 5 տարի ժամկետով: Դեկանի ընտրությունը կազմակերպվում և իրականացվում է ՎՊՀ-ի գիտական խորհրդի կողմից հաստատված` դեկանների ընտրության կանոնակարգին համապատասխան:

104. Ֆակուլտետի դեկանը`

1) ղեկավարում է ֆակուլտետի կրթական, գիտական, արտադրական, միջազգային և այլ գործունեությունը.

2) ապահովում է ՎՊՀ-ի մարմինների և ֆակուլտետի գիտական խորհրդի որոշումների կատարումը.

3) ռեկտորի հաստատմանն է ներկայացնում դեկանի տեղակալների և ֆակուլտետի գիտական խորհրդի քարտուղարի թեկնածությունները.

4) սահմանված կարգով ռեկտորին ներկայացնում է առաջարկություն ուսանողներին հեռացնելու, վերականգնելու, կուրսից կուրս փոխադրելու վերաբերյալ.

5) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ, ֆակուլտետի կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

105. Ֆակուլտետի գիտական խորհրդի նիստերի միջև ընկած ժամանակահատվածում ֆակուլտետին առնչվող ընթացիկ հարցերը քննարկվում և լուծվում են դեկանատի խորհրդի նիստում, որին մասնակցում են դեկանը, դեկանի տեղակալը (տեղակալները), ֆակուլտետի կազմի մեջ մտնող ամբիոնների վարիչները, ֆակուլտետի գիտական խորհրդի քարտուղարը, ֆակուլտետի արհմբյուրոյի, ուսանողական խորհրդի և ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության նախագահները: Դեկանատի նիստերն արձանագրվում են:

106. Ամբիոնները (բաժինները, լաբորատորիաները) ֆակուլտետի ուսումնագիտական գործընթացի կազմակերպման կառուցվածքային հիմնական ստորաբաժանումներն են, որոնք գործում են սույն կանոնադրության և ֆակուլտետների ամբիոնների ու լաբորատորիաների կանոնադրությունների հիման վրա: Ամբիոնի գիտամանկավարժական կազմում ընդգրկվում են պրոֆեսորները, դոցենտները, ասիստենտները և դասախոսները:

107. ՎՊՀ-ի ամբիոնները կարող են լինել նաև համահամալսարանական, որոնց գործունեության անմիջական համակարգումը կատարվում է համապատասխան պրոռեկտորի կողմից:

108. Ամբիոնը գործում է սույն կանոնադրությանը և ֆակուլտետի կանոնադրությանը համապատասխան:

109. Ամբիոնը, ելնելով կատարվող մանկավարժական, գիտական, ուսումնաօժանդակ և ինժեներատեխնիկական աշխատանքների ծավալից ու ձևերից, ըստ սահմանված չափանիշների` մշակում է իր աշխատողների ուսումնական բեռնվածությունը:

110. ՎՊՀ-ի ամբիոնում պրոֆեսորադասախոսական կազմի աշխատանքի ընդունումը, նրանց և ՎՊՀ-ի միջև աշխատանքային հարաբերություններն իրականացվում են պայմանագրային հիմունքներով, մրցութային կարգով:

111. Ամբիոնը ղեկավարում է վարիչը, որն ընտրվում է ՎՊՀ-ի գիտական խորհրդի կողմից սահմանված կարգով, բաց մրցույթի հիման վրա, գաղտնի քվեարկությամբ, մինչև 5 տարի ժամկետով: Ընտրությունների արդյունքների հիման վրա ամբիոնի վարիչին պաշտոնի է նշանակում ռեկտորը: Ամբիոնի վարիչի ընտրությունը կազմակերպվում և իրականացվում է` ՎՊՀ-ի գիտական խորհրդի կողմից հաստատված ամբիոնի վարիչի ընտրության կանոնակարգին համապատասխան: Ամբիոնի վարիչի գործունեությունը համարվում է գիտամանկավարժական աշխատանք:

112. Ամբիոնի ուսումնագիտական գործունեությանը վերաբերող հիմնական հարցերը քննարկվում են ամբիոնի գիտամանկավարժական կազմի նիստում: Ամբիոնի ուսումնաօժանդակ համակազմի աշխատողներն ամբիոնի նիստին մասնակցում են խորհրդակցական ձայնի իրավունքով:

113. Ֆակուլտետի մյուս ստորաբաժանումների ձևավորման և գործունեության կարգը սահմանվում է ֆակուլտետի կանոնադրությամբ:

114. Կենտրոնը ՎՊՀ-ի կանոնադրական խնդիրների և գործառույթների իրագործման նպատակով ստեղծված կառուցվածքային ստորաբաժանում է, որի գործունեության կարգը սահմանում է ՎՊՀ-ի գիտական խորհուրդը:

115. ՎՊՀ-ում հանրակրթական ծրագրերով ուսուցումը կազմակերպվում է հենակետային վարժարանում (ավագ դպրոց), որը գործում է կանոնադրության հիման վրա: Հենակետային վարժարանի շրջանավարտներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրվում է ավարտական փաստաթուղթ:

116. ՎՊՀ-ում միջին մասնագիտական կրթական ծրագրերով ուսուցումը կազմակերպվում է ՎՊՀ-ի կազմում գործող քոլեջում, որը գործում է իր կանոնադրության հիման վրա: Քոլեջի շրջանավարտներին տրվում է միջին մասնագիտական կրթության ավարտական փաստաթուղթ (դիպլոմ) և դրա ներդիրը:

 

--------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
ՀՀ կառավարություն
19.05.2016
N 615-Ն
Որոշում