(ուժը կորցրել է 14.10.04 թիվ 669-Ն որոշում)
i
041.0575.020801
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
2 օգոստոսի 2001 թվականի N 575
i
«ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱ ԵՎ ԿԱՍԿԱԴ» ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հուլիսի 16-ի «Երևանի Հյուսիսային պողոտայի կառուցապատման ծրագրի իրականացման միջոցառումների մասին» N 645 որոշմանը համապատասխան`
Հաստատել «Հյուսիսային պողոտա և կասկադ» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կառավարման խորհրդի կանոնադրությունը և անհատական կազմը (կցվում են):
Հաստատված է
ՀՀ վարչապետի 2001 թ.
օգոստոսի 2-ի N 575
որոշմամբ
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ «ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱ ԵՎ ԿԱՍԿԱԴ» ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. «Հյուսիսային պողոտա և կասկադ» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կառավարման խորհուրդը (այսուհետև` խորհուրդ) հասարակական հիմունքներով աշխատող մարմին է: Խորհուրդն ստեղծվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հուլիսի 16-ի «Երևանի Հյուսիսային պողոտայի կառուցապատման ծրագրի իրականացման միջոցառումների մասին» N 645 որոշման համաձայն:
2. Խորհուրդն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, Հայաստանի Հանրապետության կառավարության և համապատասխան միջազգային կամ օտարերկրյա վարկատու կամ դրամաշնորհ տրամադրող կազմակերպության միջև ստորագրված ծրագրի համաձայնագրով և սույն կանոնադրությամբ:
3. Խորհրդի և ծրագրի բոլոր մասնակիցների միջև հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, ծրագրի համաձայնագրերով և սույն կանոնադրությամբ:
4. Խորհրդի լրիվ անվանումն է` «Հյուսիսային պողոտա և կասկադ» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կառավարման խորհուրդ:
II. ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ, ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
5. Խորհրդի գործունեության հիմնական նպատակը «Հյուսիսային պողոտա և կասկադ» ծրագրերի իրականացման կառավարումն է:
6. Խորհուրդը հանդես չի գալիս որպես ծրագիրն իրականացնող կազմակերպության կառավարման մարմին:
7. Խորհրդի խնդիրներն են`
ա) ծրագիր իրականացնող գրասենյակի (այսուհետև` ԾԻԳ) գործունեության նկատմամբ վերահսկողությունը.
բ) ծրագրի նախապատրաստական փուլում կանխավճարի կամ դրամաշնորհի առկայության դեպքում այդ միջոցների ծախսման նկատմամբ վերահսկողությունը.
գ) ԾԻԳ-ի մշակած ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների տարեկան ժամանակացույցի և ծրագրի բյուջեի քննարկումն ու հաստատումը.
դ) ծրագրով նախատեսված և խորհրդի կողմից հաստատված ծրագրի շրջանակներում աշխատանքների իրականացման ժամանակացույցին ու ծրագրի բյուջեին համապատասխան` խորհրդի սահմանած կարգով և ձևով հաշվետվությունների հաստատումը.
ե) ծրագրի` հաստատված տարեկան աշխատանքների ժամանակացույցի և բյուջեի հիման վրա ապրանքների, սարքավորումների ձեռքբերման, խորհրդատվական ծառայությունների մատուցման, նախագծային, շինարարական և վերահսկողական աշխատանքների կատարման նպատակով անցկացվող մրցույթների արդյունքների հաստատումը.
զ) ծրագրի շրջանակներում տնտեսված միջոցների օգտագործման, ինչպես նաև միջոցների վերաբաշխման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարություն առաջարկություններ ներկայացնելը` համաձայնեցնելով Երևանի քաղաքապետի և (կամ) վարկատու կազմակերպության հետ (եթե ծրագիրը վարկային միջոցներ է ներառում).
է) ԾԻԳ-ի կողմից ներկայացվող հաշվետվություններում հայտնաբերված խախտումների և թերությունների վերացման համար համապատասխան միջոցների ձեռնարկման մասին որոշումների ընդունումը և դրանց կատարման նկատմամբ վերահսկողությունը.
ը) ծրագրի` հաստատված տարեկան աշխատանքային ժամանակացույցից և բյուջեից առկա շեղումների վերացման մասին որոշումների ընդունումը և դրանց կատարման նկատմամբ վերահսկողությունը.
թ) եթե ծրագիրը վարկային միջոցներ է ներառում, ապա վարկատու կազմակերպության մասնագետների յուրաքանչյուր այցի ժամանակ արտահերթ նիստ հրավիրելը և պատվիրակության հետ իրականացվող ծրագրի արդյունքները քննարկելը, ինչպես նաև արդյունքների մասին հիմնադրին զեկուցագիր ներկայացնելը.
ժ) ծրագրի ավարտից հետո ծրագրի արդյունքներն ամփոփելը և ծրագրի արդյունքների մասին Հայաստանի Հանրապետության կառավարություն զեկուցագիր ներկայացնելը:
8. ԾԻԳ-ի տնօրենը (ղեկավարը) ծրագրի իրականացման ընթացքում առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և, եթե առկա է, ապա` վարկային կամ դրամաշնորհային պայմանագրի դրույթներով ու խորհրդի որոշումներով:
9. Ծրագրի շրջանակներում առաջացող հարցերը, ԾԻԳ-ի տնօրենի ներկայացմամբ, մեկ շաբաթվա ընթացքում քննարկվում են խորհրդի նիստերում:
III. ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
10. Խորհուրդն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են առնվազն յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ` ծրագրի իրականացման ընթացքի և հաստատված աշխատանքային ժամանակացույցի կատարման մասին ԾԻԳ-ի տնօրենի զեկույցը լսելու ու քննարկելու նպատակով, ինչպես նաև արտահերթ նիստերի միջոցով` սույն կանոնադրությամբ սահմանված կարգով: Խորհրդի նիստերն արձանագրվում են:
11. Խորհուրդն իր արտահերթ նիստերը գումարում է ծրագրի իրականացման ընթացքում առաջացած հարցերի և խնդիրների լուծման նպատակով` խորհրդի նախագահի նախաձեռնությամբ, խորհրդի անդամների առնվազն 1/3-ի կամ ԾԻԳ-ի տնօրենի առաջարկությամբ:
12. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է խորհրդի անդամների կեսից ավելին:
13. Խորհրդի նիստը վարում է խորհրդի նախագահը, իսկ նախագահի բացակայության դեպքում` նրա հանձնարարությամբ` խորհրդի անդամներից մեկը: Խորհրդի որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում խորհրդի նախագահի ձայնը վճռորոշ է:
14. Խորհրդի նիստի օրակարգը կազմվում և համապատասխան փաստաթղթերի հետ միասին խորհրդի անդամներին է տրամադրվում նիստից 5 օր առաջ:
15. Հարցի քննարկման ընթացքում լրացուցիչ նյութեր կամ տեղեկատվություն պահանջվելու դեպքում հարցի քննարկումը տեղափոխվում է խորհրդի հաջորդ նիստ: ԾԻԳ-ի տնօրենը պարտավոր է ապահովել պահանջվող նյութերի տրամադրումը:
16. Խորհրդի նիստերն անցկացվում են խորհրդի նախագահի մոտ, եթե խորհրդի նախագահը նիստի անցկացման տեղի վերաբերյալ այլ որոշում չի ընդունում:
17. Յուրաքանչյուր նիստ սկսվում է նիստի օրակարգի հաստատմամբ և նախորդ նիստում ընդունված որոշումների կատարման ընթացքի մասին զեկուցմամբ:
18. Խորհրդի որոշումներն ստորագրում են խորհրդի նախագահը և քարտուղարը:
19. Խորհրդի նիստերին խորհրդակցական ձայնի իրավունքով կարող են մասնակցել հրավիրված պետական պաշտոնյաները:
20. Խորհրդի հաստատմանն են ներկայացվում ԾԻԳ-ի կազմած մրցույթի հայտահրավերը, ներկայացված մրցութային առաջարկների ամփոփ տեղեկանքը, անվավեր ճանաչված առաջարկների հիմնավորումները, մրցութային հանձնաժողովի` մրցույթի հաղթող ճանաչելու մասին որոշումը, նախատեսվող գնի հիմնավորումը (շինարարության նախահաշիվը, ապրանքների տվյալ օրվա մոտավոր միջին գները և այլն), նախատեսվող գնից բարձր գնառաջարկի հիմնավորումը:
21. Առանձնահատուկ դեպքերում (ելնելով աշխատանքների կարևորությունից` խորհրդի որոշմամբ) մրցութային առաջարկների փաթեթները կարող են բացվել հատուկ հրավիրված խորհրդի նիստում` պահպանելով մրցույթի անցկացման համար սահմանված բոլոր կանոնները:
22. Խորհրդի նիստերին մասնակցելու համար անհրաժեշտության դեպքում կարող են հրավիրվել օրակարգի հարցերին առնչվող համապատասխան կազմակերպության ներկայացուցիչները:
IV. ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԸ
23. Խորհրդի նախագահը Երևանի քաղաքապետն է:
24. Խորհրդի նախագահը`
ա) պատասխանատու է խորհրդի աշխատանքների արդյունավետ իրականացումը կազմակերպելու համար.
բ) ներկայացնում է խորհուրդը Հայաստանի Հանրապետության կառավարությունում և այլ կազմակերպություններում:
V. ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ
25. Խորհրդի կազմում ընդգրկվում են Երևանի քաղաքապետարանի պատասխանատու պաշտոնյաները և (կամ) քաղաքապետարանին ենթակա` ծրագրին առնչվող կազմակերպությունների ղեկավարները` առնվազն 5 մարդ, ԾԻԳ-ի տնօրենը, մեկական ներկայացուցիչ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմից, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունից:
26. Խորհրդի այն անդամը, որը համաձայն չէ խորհրդի ընդունած որոշմանը, ներկայացնում է իր գրավոր հատուկ կարծիքը, որը կցվում է որոշմանը և գրառվում խորհրդի նիստի արձանագրության մեջ:
27. Խորհրդի անդամը, եթե համաձայն չէ խորհրդի որոշմանը, խորհրդի նիստի արդյունքների մասին գրավոր զեկուցում է իր վերադասին:
28. Խորհրդի անդամների թեկնածություններն առաջարկում է Երևանի քաղաքապետը:
29. Խորհրդի անդամը հիմնական աշխատանքից ազատվելու պահից դադարում է հանդիսանալ խորհրդի անդամ:
30. Խորհրդի անդամի պարտականությունները կարող են դադարեցվել Երևանի քաղաքապետի առաջարկությամբ` Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:
31. Խորհրդի անհատական կազմը հաստատվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:
VI. ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ
32. Խորհրդի քարտուղարին նշանակում է նախագահը` խորհրդի կազմից:
33. Խորհրդի քարտուղարը`
ա) արձանագրում է խորհրդի նիստերը և դրանց հիման վրա կազմում որոշումների նախագծեր.
բ) նախապատրաստում է նիստի օրակարգին վերաբերող նյութերը և կազմակերպում դրանց տրամադրումը խորհրդի անդամներին.
գ) հետևում է խորհրդի որոշումների կատարմանը և խորհրդի նիստում զեկուցում դրանց կատարման ընթացքի մասին.
դ) վարում է խորհրդի աշխատանքների հետ կապված գործավարությունը.
ե) գրանցում է խորհրդի անդամների ներկայացրած գրավոր հատուկ կարծիքները.
զ) կազմակերպում է խորհրդի որոշումների հաշվառումը, համարակալումը և որոշումների պատճենները տրամադրում խորհրդի անդամներին.
է) խորհրդի որոշումները և նիստի արձանագրություններն ուղարկվում են համապատասխան նախարարություններ ու գերատեսչություններ:
VII. ԽՈՐՀՐԴԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ
34. Խորհրդի կանոնադրության մեջ փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու վերաբերյալ առաջարկությունները` համապատասխան հիմնավորումներով, խորհրդի որոշմամբ ներկայացվում են Հայաստանի Հանրապետության վարչապետին:
VIII. ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ
35. Խորհրդի գործունեությունը դադարում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:
Հաստատված է
ՀՀ վարչապետի 2001 թ.
օգոստոսի 2-ի N 575
որոշմամբ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ «ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱ ԵՎ ԿԱՍԿԱԴ» ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ
Ռ. Նազարյան - Երևանի քաղաքապետ (խորհրդի նախագահ)
Ն. Սարգսյան - Երևանի քաղաքապետի տեղակալ - գլխավոր
ճարտարապետ (նախագահի տեղակալ)
Ս. Օհանյան - ՀՀ կառավարության աշխատակազմի քաղաքաշինության
և բնական ռեսուրսների վարչության պետ
Ռ. Ալավերդյան - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ
Դ. Ավետիսյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Ս. Թովմասյան - ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի
կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ
Ս. Բայբուրտյան - «Հյուսիսային պողոտա և կասկադ» ԾԻԳ-ի տնօրեն
Գ. Մինասյան - Երևանի քաղաքապետարանի իրավաբանական
վարչության պետ
Ա. Զուրաբյան - Երևանի Կենտրոն թաղային համայնքի ղեկավար