ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
18 սեպտեմբերի 2020 թվականի N 26-Ն
ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՈՎ (COVID-19) ՀԻՎԱՆԴԻ ՀԵՏ ԱՆՄԻՋԱԿԱՆ ՇՓՎԱԾ (ԿՈՆՏԱԿՏԱՎՈՐ), ՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԳՈՏԻ ՄՈՒՏՔ ԳՈՐԾՈՂ ԵՎ ԴՈՒՐՍ ԵԿՈՂ, ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (COVID-19) ՏԵՍԱԿԵՏԻՑ ԱՆԲԱՐԵՆՊԱՍՏ ԵՐԿՐՆԵՐԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՄՈՒՏՔ ԳՈՐԾՈՂ ԱՆՁԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ՕԲՍԵՐՎԱՑԻԱՅԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքի 20.6-րդ հոդվածի 4-րդ մասը
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել` Կորոնավիրուսային հիվանդությունով (COVID-19) հիվանդի հետ անմիջական շփված (կոնտակտավոր), համաճարակային գոտի մուտք գործող և դուրս եկող, կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տեսակետից անբարենպաստ երկրներից Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործող անձանց նկատմամբ օբսերվացիայի կազմակերպման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից հետո` անմիջապես:
Ա. Թորոսյան
Հավելված
Առողջապահության նախարարի
2020 թվականի սեպտեմբերի 18-ի
N 26-Ն հրամանի
ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՈՎ (COVID-19) ՀԻՎԱՆԴԻ ՀԵՏ ԱՆՄԻՋԱԿԱՆ ՇՓՎԱԾ (ԿՈՆՏԱԿՏԱՎՈՐ), ՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԳՈՏԻ ՄՈՒՏՔ ԳՈՐԾՈՂ ԵՎ ԴՈՒՐՍ ԵԿՈՂ, ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (COVID-19) ՏԵՍԱԿԵՏԻՑ ԱՆԲԱՐԵՆՊԱՍՏ ԵՐԿՐՆԵՐԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՄՈՒՏՔ ԳՈՐԾՈՂ ԱՆՁԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ՕԲՍԵՐՎԱՑԻԱՅԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Օբսերվացիան բժշկական զննության, համաճարակաբանական դիտարկման, կանխարգելիչ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումների համալիր է, որը կիրառվում է կորոնավիրուսային հիվանդությունով (այսուհետ COVID-19) հիվանդի հետ անմիջական շփված (կոնտակտավոր)` մեկուսացված, ինքնամեկուսացված, համաճարակային գոտի մուտք գործող և դուրս եկող, COVID-19 տեսակետից անբարենպաստ երկրներից Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործող հիվանդության կասկածով անձանց նկատմամբ:
2. Օբսերվացիայի շրջանակներում ինքնամեկուսացված, մեկուսացված անձանց նկատմամբ բժշկական զննությունները իրականացվում են արտահիվանդանոցային կամ տնային պայմաններում, Առողջության առաջնային պահպանման օղակի (այսուհետ ԱԱՊ) կողմից` 14-օրյա ժամանակահատվածում:
2. ՕԲՍԵՐՎԱՑԻԱՅԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ ԻՆՔՆԱՄԵԿՈՒՍԱՑՄԱՆ ԵՎ ՄԵԿՈՒՍԱՑՄԱՆ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ ԱՆՁԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ
3. Օբսերվացիայի ենթակա անձը, բացառությամբ այն դեպքերի, երբ կարիք ունի բժշկական օգնության և սպասարկման, չի հաճախում աշխատանքի կամ ուսման վայր, հասարակական վայրեր, չի օգտվում հասարակական տրանսպորտից/տաքսիներից:
4. Ինքնամեկուսացված անձի հետ տանը մնում են միայն ընտանիքի անդամները: Ինքնամեկուսացված անձը ընտանիքի անդամներից բացի այլ անձանց հետ չի շփվում:
5. Եթե օբսերվացիայի ենթակա անձի ինքնամեկուսացման վայրում կան ընտանիքի այլ անդամներ, ապա նա առանձնանում է բացվող պատուհանով, լավ օդափոխվող սենյակում: Առանձին սենյակի բացակայության պայմաններում ապահովվում է հնարավորինս բնական օդափոխություն:
6. Օբսերվացիայի ենթակա անձը լվացարանից, լոգարանից օգտվելուց հետո այն մանրակրկիտ մաքրում է` լվացող ու մաքրող նյութերի օգտագործմամբ:
7. Օբսերվացիայի ենթակա անձի սպասքը, անկողնային պարագաները և այլ իրերը առանձնացվում են ընտանիքի մյուս անդամների իրերից: Իրերն օգտագործելուց հետո դրանք մանրակրկիտ լվացվում են լվացող ու մաքրող միջոցով (օճառ, լվացող հեղուկներ) և ջրով:
8. Օբսերվացիայի ենթակա անձի իրերի և անկողնային սպիտակեղենի լվացքի ժամանակ ապահովվում է ջրի հնարավորինս բարձր ջերմաստիճանը` լվացքի փոշու համադրությամբ, դրանք չորացվում և արդուկվում են թույլատրելի ամենաբարձր ջերմաստիճանով: Աղտոտված իրերի հետ գործ ունենալու դեպքում անհրաժեշտ է կրել մեկանգամյա ձեռնոցներ և գոգնոց: Չի թույլատրվում լվացքն ուղարկել լվացքատուն:
9. Օբսերվացիայի ենթակա անձի և տան մյուս անդամների միջև հնարավորինս ապահովվում է ֆիզիկական հեռավորության (առնվազն 1 մետր) պահպանումը` խուսափելով գրկախառնությունից, ձեռքսեղմումից, համբուրվելուց:
10. Օբսերվացիայի ենթակա անձը պահպանում է հազալու և փռշտալու հիգիենիկ վարվելակարգը` հազալիս և փռշտալիս փակել բերանը և քիթը մեկանգամյա անձեռոցիկով, վերջինս նետել աղբի պլաստիկ տոպրակի մեջ և անմիջապես լվանալ ձեռքերը:
11. Օգտագործած անձեռոցիկները, դիմակները և այլ կենցաղային աղբը հավաքվում է աղբի համար նախատեսված տոպրակներում: Վերջիններիս լցվելու դեպքում դրանք կապվում են, տեղադրվում մեկ այլ տոպրակի մեջ և կրկին կապվում, որից հետո աղբը հեռացվում է սենյակից` որպես կենցաղային աղբ:
12. Ձեռքերը հաճախակի լվացվում են օճառով և ջրով` առնվազն 20 վայրկյանի ընթացքում, և մանրակրկիտ չորացվում: Չլվացված ձեռքերով աչքերին, քթին և բերանին չեն դիպչում:
13. Ամբողջ տարածքի ախտահանումն իրականացնելու համար օգտագործվում է 70-90% սպիրտ կամ քլոր պարունակող ախտահանիչ միջոց: Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 24-րդ կետը` ախտահանման համար կիրառվում են միջոցներ, որոնք ունեն կից մեթոդական ուղեցույց` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանով հաստատված:
14. Օրական առնվազն 2 անգամ իրականացվում է խոնավ մաքրում` օգտագործելով սովորական մաքրող միջոցներ` առանձնակի ուշադրություն դարձնելով սանհանգույցին, լոգարանին, խոհանոցին: Մաքրում կատարելիս պահպանվում է հյուրասենյակ-խոհանոց-լոգարան-սանհանգույց հաջորդականությունը: Մաքրման աշխատանքների համար նախատեսված անձեռոցիկները, լաթերն օգտագործելուց հետո մանրակրկիտ լվացվում են լվացող միջոցներով և չորացվում են: Հնարավորության դեպքում օգտագործվում են միանգամյա օգտագործման անձեռոցիկներ, լաթեր:
15. Օրական առնվազն երկու անգամ, ինչպես նաև ըստ անհրաժեշտության, առավել հաճախ օգտագործվող մակերեսները` դռան բռնակներ, ծորակներ, սեղաններ, աթոռակի հենք և այլ մակերեսներ, ախտահանվում են 70-90% սպիրտով կամ քլորի հիմքով ախտահանիչ միջոցով, որն ունի կից մեթոդական ուղեցույց` հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանով:
16. Յուրաքանչյուր ախտահանումից հետո ձեռքերը լվացվում են օճառով և ջրով, այնուհետև ախտահանվում առնվազն 70% ալկոհոլի հիմքով ախտահանիչ միջոցով:
17. Ինքնամեկուսացման մեջ գտնվող անձի` հիվանդանոց տեղափոխելու դեպքում, ընտանիքի անդամները իրականացնում են հիմնական մաքրում և ախտահանում` 70-90% սպիրտով կամ քլորի հիմքով ախտահանիչ միջոցով` դրան կից մեթոդական ուղեցույցի ռեժիմներին համապատասխան:
18. Հիվանդության վատթարացման դեպքում` ջերմության բարձրացում, դժվարացած շնչառություն, ախտանշանների զարգացում կամ նոր ախտանշանների առաջացում, կապ է հաստատվում համապատասխան առողջության առաջնային պահպանման կազմակերպության բժշկի հետ: Անհետաձգելի դեպքերում դիմում են շտապ բժշկական օգնության ծառայություն` տեղեկացնելով ինքնամեկուսացման մեջ գտնվելու մասին:
19. Օբսերվացիայի ենթակա անձանց վերաբերյալ տեղեկատվությունը գրանցվում է էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական «ԱՐՄԵԴ» համակարգում` արտահիվանդանոցային վարակաբանական հսկողության պատուհանում:
20. Օբսերվացիայի ենթակա անձանց արտահիվանդանոցային վարակաբանական հսկողությունն ինքնամեկուսացման դեպքում իրականացվում է համապատասխան առողջության առաջնային պահպանման կազմակերպության բժշկի կողմից, մեկուսացման դեպքում` ըստ մեկուսացման վայրի կցված բժշկի կողմից` համագործակցելով տվյալ անձի առողջության առաջնային պահպանման բժշկի հետ:
21. Օբսերվացիայի առաջին օրը օբսերվացիայի ենթակա անձին տրամադրվում է հեռահար խորհրդատվություն` հեռախոսազանգի միջոցով, ինքնամեկուսացման, մեկուսացման պայմանների պահպանման, անձնական հիգիենայի, անհատական պաշտպանության միջոցների, կոնտակտավորի ինքնազգացողության և այլ հարցերի վերաբերյալ, ինչպես նաև իրականացվում է համաճարակաբանական վերհուշի հստակեցում:
22. Բժշկի կողմից հեռախոսազանգով խորհրդատվությունն իրականացվում է օրական առնվազն 2 անգամ և էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական «ԱՐՄԵԴ» համակարգում լրացվում է սույն հրամանով սահմանված ինքնամեկուսացված/մեկուսացված անձի ամենօրյա հսկողության հարցաթերթիկ (Ձև 1):
23. Այն դեպքերում, երբ ինքնամեկուսացած կամ մեկուսացված անձը նշում է COVID-19-ին բնորոշ ախտանշաններ` ջերմություն, հազ, կոկորդի ցավ, քթի փակվածություն, անաշխատունակություն, գլխացավ, մկանային ցավ կամ թուլություն և առավել ևս դժվարաշնչություն և/կամ արագացած շնչառություն, բժիշկն առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2020 թվականի ապրիլի 21-ի թիվ 1312-Լ և 2020 թվականի հունվարի 31-ի թիվ 336-Ա հրամաններով:
24. Ինքնամեկուսացման և մեկուսացման ավարտից հետո տրամադրվում է անաշխատունակության թերթիկ` համաձայն էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական «ԱՐՄԵԴ» համակարգի:
Ձև 1
ՀԱՐՑԱԹԵՐԹԻԿ
ԻՆՔՆԱՄԵԿՈՒՍԱՑՎԱԾ/ՄԵԿՈՒՍԱՑՎԱԾ ԱՆՁԻ ԱՄԵՆՕՐՅԱ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ
._____________________________________________________________________.
|Անուն, Ազգանուն, Հայրանուն -------------------- |
|_____________________________________________________________________|
|ՀԾՀ ---------------------------------------- |
|_____________________________________________________________________|
|Ծննդյան օր, ամիս, ամսաթիվ ----------------------------------------- |
|_____________________________________________________________________|
|Հարց | Պատասխան |
|_______________________________________|_____________________________|
|1. |Ինքնամեկուսացման/մեկուսացման |Օր |Ամիս |Տարի |
| | |__________|______|___________|
|___|___________________________________|__________|______|___________|
|2. |Ամսաթիվ |Օր |Ամիս |Տարի |
| | |__________|______|___________|
|___|___________________________________|__________|______|___________|
|3. |Ընդհանուր վիճակը/ |Լավ |Վատ |Շատ վատ |
| |ինքնազգացողությունը |__________|______|___________|
|___|___________________________________|__________|______|___________|
|4. |Ջերմություն |Մինչև 37 |37-38 |38-ից բարձր|
| | |__________|______|___________|
|___|___________________________________|__________|______|___________|
|5. |Ցավ կոկորդում |Այո |Ոչ |Նշումներ |
| | |__________|______|___________|
|___|___________________________________|__________|______|___________|
|6. |Գլխացավ |Այո |Ոչ |Նշումներ |
| | |__________|______|___________|
|___|___________________________________|__________|______|___________|
|7. |Մկանացավ |Այո |Ոչ |Նշումներ |
| | |__________|______|___________|
|___|___________________________________|__________|______|___________|
|8. |Հազ |Այո |Ոչ |Նշումներ |
| | |__________|______|___________|
|___|___________________________________|__________|______|___________|
|9. |Ընդհանուր թուլություն |Այո |Ոչ |Նշումներ |
| | |__________|______|___________|
|___|___________________________________|__________|______|___________|
|10.|Սրտխառնոց |Այո |Ոչ |Նշումներ |
| | |__________|______|___________|
|___|___________________________________|__________|______|___________|
|11.|Փորլուծություն |Այո |Ոչ |Նշումներ |
| | |__________|______|___________|
|___|___________________________________|__________|______|___________|
|12.|Համի զգացողության կամ հոտառության |Այո |Ոչ |Նշումներ |
| |կորուստ |__________|______|___________|
._____________________________________________________________________.
Պաշտոնական հրապարակման օրը` 24 սեպտեմբերի 2020 թվական: