(ուժը կորցրել է 29.06.02 թիվ 867 որոշում)
i
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
9 փետրվարի 1996 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
9 փետրվարի 1996 թ. թիվ 36
Հայաստանի Հանրապետությունում բժշկական
և դեղագործական գործունեության պետական
մասնագիտական լիցենզավորման մասին
Հայաստանի Հանրապետությունում բժշկական և դեղագործական գործունեության բարելավման և կանոնակարգման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետությունում բժշկական և դեղագործական գործունեությունը ենթակա է պետական մասնագիտական լիցենզավորման:
Պետական մասնագիտական լիցենզավորումը բժշկական և դեղագործական գործունեության որոշակի տեսակներով զբաղվելու իրավունքի հավաստումն է, որն ամրագրվում է սահմանված կարգով տրված լիցենզիայով:
2. Պետական մասնագիտական լիցենզավորման ենթակա են բժշկական և դեղագործական գործունեություն իրականացնող ձեռնարկությունները, հիմնարկները և կազմակերպությունները (անկախ սեփականության ձևից, կազմակերպական-իրավական տեսակից, գերատեսչական ենթակայությունից), ինչպես նաև ֆիզիկական անձինք` բժիշկները, պրովիզորները, միջին բուժաշխատողները և դեղագործները:
i
3. Հայաստանի Հանրապետությունում բժշկական և դեղագործական գործունեության պետական մասնագիտական լիցենզավորումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:
/փոփ. 24.06.96 թիվ 188 որոշում/
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության համակարգում ստեղծված պետական մասնագիտական լիցենզավորման կենտրոնական հանձնաժողովի որոշումները հաստատում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարը:
Լիցենզավորման ենթակա բժշկական և դեղագործական գործունեության տեսակները և ծավալները, լիցենզավորման չափանիշները սահմանում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը:
/փոփ. 24.06.96 թիվ 188 որոշում/
4. Սահմանել, որ լիցենզիան տրվում է մինչև 5 տարի ժամկետով:
Լիցենզիայի գործողության ժամկետը լրանալու, լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ այն անվավեր ճանաչելու դեպքերում սահմանված կարգով տրվում է նոր լիցենզիա:
5. Իրավաբանական և ֆիզիկական անձի կողմից իրականացվող լիցենզավորող գործունեության տեսակների քանակը չի սահմանափակվում:
6. Իրավաբանական և ֆիզիկական անձինք իրավունք ունեն իրականացնելու բժշկական և դեղագործական գործունեություն միայն տրված լիցենզիայով սահմանված շրջանակներում:
7. Լիցենզիայի տրման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ու չափով գանձվում է վճար և մուծվում պետական բյուջե:
8. Լիցենզիայի տրման մերժումը, ինչպես նաև դրա գործողության կասեցումը կամ անվավեր ճանաչումը կարող է գանգատարկվել դատական կարգով:
9. Լիցենզիայի տրման անհիմն մերժման կամ դրա տրման սահմանված ժամկետի խախտման հետևանքով իրավաբանական և ֆիզիկական անձանց պատճառված վնասը ենթակա է հատուցման Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված կարգով:
10. Իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից առանց համապատասխան լիցենզիայիկամ լիցենզիայով չսահմանված բժշկական ու դեղագործական գործունեությամբ զբաղվելն առաջացնում է պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
i
11. Մինչև սույն որոշման կիրարկումը սահմանված կարգով բժշկական և դեղագործական գործունեություն իրականացնող ֆիզիկական անձինք ենթակա են լիցենզավորման մինչև 2000 թվականի դեկտեմբերի 31-ը, իսկ իրավաբանական անձինք մինչև 2001 թվականի դեկտեմբերի 31-ը:
Մինչև նշված ժամկետների ավարտը պետական մասնագիտական լիցենզավորման գործընթացն իրականացվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հաստատած ժամանակացանկին համապատասխան:
/փոփ. 01.04.97 թիվ 59, խմբ. 31.03.98 թիվ 212, 30.05.00 թիվ 277 որոշումներ/
12. Հայաստանի Հանրապետության` առողջապահության նախարարությանը`
ա) եռամսյա ժամկետում ընդունել սույն որոշման 3-րդ կետի կիրարկումն ապահովող համապատասխան ակտեր.
բ) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հետ համատեղ եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել սույն որոշման 10-րդ կետից բխող` Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրության մեջ համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին առաջարկություն:
13. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի հունվարի 15-ից: