ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
9 հուլիսի 2019 թվականի N 1871-Լ
ՓՈԽՊԱՏՎԱՍՏՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԵՆԴԱՆԻ ԴՈՆՈՐԻՑ ԼՅԱՐԴԻ ԲԻԼԹԸ ՎԵՐՑՆԵԼՈՒ, ՎԵՐՑՎԱԾ ԼՅԱՐԴԻ ԲԼԹԻ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ԼՅԱՐԴԻ ԲԼԹԻ ՓՈԽՊԱՏՎԱՍՏՄԱՆ/ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19.3 հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը,
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել`
1) Փոխպատվաստման նպատակով կենդանի դոնորից լյարդի բիլթը վերցնելու կլինիկական ուղեցույց»-ը` համաձայն Հավելված 1-ի,
2) «Փոխպատվաստման նպատակով վերցված լյարդի բլթի մշակման կլինիկական ուղեցույց»-ը` համաձայն Հավելված 2-ի,
3) «Լյարդի բլթի փոխպատվաստման/տեղադրման կլինիկական ուղեցույց»-ը` համաձայն Հավելված 3-ի,
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի Հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լ. Բաբախանյանին`
ապահովել սույն հրամանի տեղադրումը առողջապահության նախարարության պաշտոնական կայքում:
3. Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների տնօրեններին` սույն հրամանով հաստատված ուղեցույցները ընդունել ի գիտություն:
Ա. ԹՈՐՈՍՅԱՆ
ԻՐՏԵԿ |
Սույն հրամանի նախաբանի համաձայն այն ընդունել է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19.3 հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի համաձայն: Նշված կետով անորոշ թվով բուժաշխատողի վրա պարտականություն է դրվում կատարել պացիենտի վարման գործելակարգերով սահմանված պահանջները` հաշվի առնելով կլինիկական ուղեցույցները: Պացիենտի վարման գործելակարգերը և կլինիկական ուղեցույցները հաստատում է Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանվում է, որ նորմատիվ իրավական ակտ` Հայաստանի Հանրապետության ժողովրդի, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված մարմինների կամ պաշտոնատար անձանց ընդունած գրավոր իրավական ակտ, որը պարունակում է վարքագծի պարտադիր կանոններ անորոշ թվով անձանց համար: Իսկ նույն մասի 6-րդ կետով սահմանվում է, որ ներքին իրավական ակտ` նորմատիվ իրավական ակտի հիման վրա և դրան համապատասխան ընդունված իրավական ակտ, որը սահմանում է վարքագծի կանոն այն անձանց խմբի համար, որոնք դա ընդունող մարմնի հետ աշխատանքային կամ վարչական հարաբերությունների մեջ են կամ օգտվում են դա ընդունող մարմնի ծառայություններից կամ աշխատանքներից: Քանի որ բժիշկները ՀՀ առողջապահության նախարարության հետ չունեն և չեն կարող ունենալ աշխատանքային կամ վարչական հարաբերություններ կամ չեն օգտվում նախարարության ծառայություններից կամ աշխատանքներից, ապա մեր կարծիքով, իրավական առումով սույն հրամանի պահանջները չեն կարող տարածվել բժիշկների վրա, որի հետևանքով խնդրահարույց կլինի սույն հրամանի պահանջների չկատարման համար համապատասխան բժիշկներին պատասխանատվության ենթարկելու մասին ցանկացած որոշում: Քանի որ սույն հրամանի պահանջները ոչ թե տարածվում են հրամանում նշված անձանց, այլ անորոշ թվով անձանց վրա, ապա այն կարող էր ընդունվել միայն նորմատիվ ակտի ձևով: |
Հավելված 1
Հաստատված է
ՀՀ առողջապահության նախարարի
9 հուլիսի 2019 թվականի
թիվ 1871-Լ հրամանով
ՓՈԽՊԱՏՎԱՍՏՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԵՆԴԱՆԻ ԴՈՆՈՐԻՑ ԼՅԱՐԴԻ ԲԻԼԹԸ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ
1. Նպատակը
Վերցնել/հեռացնել կենդանի դոնորի լյարդի աջ կամ ձախ բիլթը (այսուհետ դոնոր-հեմիհեպատէկտոմիա)` փոխպատվաստման նպատակով:
2. Անհրաժեշտ պարագաներ
. Լյարդի մասնահատման համար անհրաժեշտ վիրահատական տարբեր գործիքներ և պարագաներ` ընդհանուր վիրաբուժական, անոթային, միկրովիրաբուժական
. Մասնահատված լյարդի մշակման համար վիրահատական թիմ և անհրաժեշտ պարագաներ
3. Գործողությունների նկարագրություն`
. Կենդանի դոնորի մոտ վիրահատական մուտքը աջ կողաղեղին զուգահեռ (3-4 մատ ցած), թեք և մինչև թրաձև ելուն հասնող միջային կտրվածքն է: Որովայնահատումից հետո տեղադրվում են հատուկ լայնիչներ, որոնք վիրահատական դաշտն առավել հարմարավետ են դարձնում: Հեռացվում են լյարդի կլոր և մանգաղաձև կապանները: Կատարվում է խոլեցիստէկտոմիա: Հեպատոդուոդենալ կապանի հաստության մեջ կատարվում է լյարդի դրունքի էլեմենտների դիսեկցիա: Առանձին ռետինե ժապավենների վրա են վերցվում աջ և ձախ դռներակները, աջ և ձախ լյարդային զարկերակները, աջ և ձախ լեղատար ծորանները: Այնուհետև անջատվում է հեպատոկավալ կապանը: Հեպատոկավալ կապանը հատելիս անհրաժեշտ է առավելագույնս զգույշ լինել, քանի որ կապանով լյարդից դեպի սիներակ են անցնում բազմաթիվ մանր և միջին երակներ, որոնց անգամ չնչին վնասումն առաջացնում է առատ արյունահոսություն: Հեպատոկավալ կապանում առկա կարճ լյարդային երակները աջից հատվում են երկու լիգատուրաների միջև: Կլիպավորումից պետք է խուսափել սիներակի կողմից, քանի որ հետվիրահատական շրջանում երակային ճնշման բարձրանալուց հետո կլիպները կարող են դուրս թռչել: Կատարվում է լյարդային երակների դիսեկցիա: Հատվում են պսակաձև կապանի առաջային թերթիկը և աջ եռանկյունաձև կապանը: Կապանները կարելի է առանձնացնել մատով, որն անցկացվում է ստոծանու ու պսակաձև կապանի միջև: Հատկապես անհրաժեշտ է զգուշանալ ստոծանու անոթները վնասելուց և կատարել կայուն հեմոստազ: Սիներակի բնից վերև ու ներքև Կելլիի սեղմիչով առանձնացվում է աջ լյարդային երակը (այն առանձնացվում է միջին ու ձախ լյարդային երակներից): Նրա շուրջն անցկացվում է ռետինե լարան: Լյարդի մոբիլիզացիան ավարտելուց հետո աջ լյարդային զարկերակի վրա դրվում է ատրավմատիկ անոթային սեղմիչ (բուլդոգ), որից անմիջապես հետո ի հայտ է գալիս դեմարկացիոն գիծը, որից հետո դիաթերմակոագուլյացիայով հատվում է լյարդի պատյանը: Նախքան հեմիհեպատէկտոմիան կատարվում է լյարդի ներվիրահատական ՈՒՁՀ, որոշվում են անոթային կառուցվածքները, հատուկ ուշադրություն է դարձվում միջին լյարդային երակին և նրա ճյուղերի ընթացքին: Դոնորի անվտանգությունը ապահովելու համար ցանկալի է աջակողմյան հեմիհեպատէկտոմիան կատարելիս պահել դոնորի միջին լյարդային երակը: Լյարդը մասնահատելու համար առավելապես օգտագործվում է CUSA (Ultrasonic Surgical Aspirator) սարքը կամ պղնձապատ ծայրերով բիպոլյար կոագուլյատոր: Լյարդի պարենխիման աստիճանաբար հատելով` իրականացվում է մանրազնին հեմոստազ` ինտրահեպատիկ մանր անոթների կոագուլյացիա, միջին անոթների կապում, կլիպերի տեղադրում, հեմոստատիկ ցանցերի և սպունգերի կիրառում: Սիներակի ու լյարդի միջև կարելի է անցկացնել ժապավեն և բարձրացնել լյարդը` ապահովելով առավելագույն էքսպոզիցիա: Որպես այլընտրանք` վիրաբույժը կարող է դնել իր ձախ ձեռքը սիներակի ու լյարդի միջև: Ամեն մի հայտնաբերված լյարդային ծորան կամ անոթ ( > 3 մմ) կապվում է ու հատվում: Այսպիսով, անջատվում է լյարդի պարենխիման, որից հետո, սեղմիչներով սեղմված, հատվում են սկզբում աջ լյարդային լեղատար ծորանը, այնուհետև` աջ լյարդային զարկերակը, աջ դռներակը, և վերջում հատվում է աջ լյարդային երակը: Ի դեպ, աջ լյարդային երակի հատումը կարելի է իրականացնել անոթ կարող գործիքով, կամ սիներակի կողմից` սեղմիչից վեր, դրվում է անընդհատ կար` պրոպիլենային 4-0 թելով: Պարտադիր պայման է դոնորի լյարդի պարենխիմայի մանրակրկիտ ու անվտանգ հատումը, որը հնարավորություն կտա կանխարգելելու ներվիրահատական և հետվիրահատական բարդությունները: Դիֆուզ արյունահոսության դեպքում մասնահատված մակերեսին դրվում է թանզիֆե տամպոն, որից հետո մի քանի րոպեների ընթացքում ստեղծվում է թույլ ճնշում: Լյարդի կտրվածքի վրա ամեն մի արյունահոսող հատված պետք է կարով կապվի: Վիրահատության ավարտին տամպոնը հեռացվում է, և լյարդի հատված մակերեսը` ուշադիր զննվում: Լեղու արտահոսքի տեղերը (որոնք համապատասխանում են տամպոնի վրայի դեղին կետերին) կարվում են PDS 4-0 կամ PDS 5-0 կարանյութով:
. Այսպիսով, վերջում հատելով աջ լյարդային երակը` վերջնականապես անջատվում է լյարդի աջ բիլթը, և տրանսպլանտն անմիջապես տեղափոխվում է Կուստադիոլի (Custadiol) լուծույթով լցված պարկի մեջ, որը տեղադրված է սառցե սարքի տարայի մեջ: Անհրաժեշտ է առավելագույնս նվազեցնել տրանսպլանտի իշեմիայի փուլը: Դռներակի անոթով կատարվում է տրանսպլանտի պերֆուզիա Կուստադիոլի լուծույթով, գնահատվում են երակային անոթների տրամաչափերը, արհեստական անոթով երակային համակարգին են միացվում հիմնականում 5 մմ և ավելի տրամագիծ ունեցող սեգմենտար երակային անոթները, որից հետո տրանսպլանտն արդեն պատրաստ է փոխպատվաստման համար:
. Դոնորի մոտ հեմիհեպատէկտոմիան իրականացնելուց հետո տեղադրված սեղմիչներից վեր պոլիպրոպիլենային 4.0 կամ 5.0 թելով դրվում են անընդհատ կարեր աջ (ձախ) լյարդային երակի, աջ (ձախ) դռներակի, աջ (ձախ) լյարդային զարկերակի և աջ (ձախ) լյարդային լեղատար ծորանի վրա: Ստուգվում է հեմոստազը: Լյարդի վերքային մակերեսին տեղադրվում է տամպոն, մանրամասն զննվում է լյարդի հատված մակերեսը: Արյունահոսության դեպքում անհրաժեշտ է դադարեցնել արյունահոսությունը, իսկ լեղահոսության դեպքում կարել բացված սեգմենտար լեղատար ծորանի ծայրատը: Առանձին կտրվածքներով դրենավորվում են վերլյարդային և ստորլյարդային տարածությունները: Հյուսվածքների ամբողջականությունը վերականգնվում է շերտ առ շերտ, հանգույցակարերով:
4. Վերահսկում
. Լյարդի ընտրության հարցը որոշվում է նախապես` հաշվի առնելով դոնորի նախնական բժշկական հետազոտությունների, և հատկապես, համակարգչային շերտագրման և վոլյումոմետրիայի տվյալները: Ըստ այդմ պլանավորվում է նախատեսվող վիրահատական միջամտության մարտավարությունը:
. Լյարդի դրունքում էլեմենտների դիսեկցիան կատարելիս անհրաժեշտ է աջ և ձախ լյարդային զարկերակների, աջ և ձախ դռներակների, աջ և ձախ լեղատար ծորանների մանրակրկիտ դիսեկցիա կատարել, խուսափել դոնորի մոտ մնացող անոթների և լեղատար ծորանի վնասումից:
. Կենդանի դոնորի մոտ աջակողմյան հեմիհեպատէկտոմիա կատարելիս անհրաժեշտ է զգուշությամբ անջատել աջ լյարդային երակը սիներակից, խուսափելով միջին լյարդային երակի վնասումից: Միջին լյարդային երակը անվտանգության նկատառումներով պետք է մնա դոնորի մոտ:
. Մասիվ արյունահոսությունից խուսափելու նպատակով անհրաժեշտ է հեպատոկավալ կապանը անջատելիս կապանում առկա մանր անոթները նախքան հատելը կապել և կլիպավորել:
. Անոթային սեղմանները կրկնակի ստուգել` անոթները կտրելուց առաջ:
. Տեսադաշտը պահել մաքուր` հնարավոր արյունահոսության օջախների, լեղահոսության օջախների հայտնաբերման և լրացուցիչ կարերի տեղադրման նպատակով:
5. Բարդություններ
. Արյունահոսություն,
. Հեռացվող լյարդի բլթի մեխանիկական վնասում,
. Մնացող լյարդի բլթի սնուցման խանգարում,
. Հարակից օրգանների վնասում:
Հավելված 2
Հաստատված է
ՀՀ առողջապահության նախարարի
9 հուլիսի 2019 թվականի
թիվ 1871-Լ հրամանով
ՓՈԽՊԱՏՎԱՍՏՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՎԵՐՑՎԱԾ ԼՅԱՐԴԻ ԲԼԹԻ ՄՇԱԿՄԱՆ ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑԸ
6. Նպատակը` Նախապատրաստել մասնահատված/հեռացված դոնորական լյարդը մինչ նրա տեղադրելը (իմպլանտացիան) ռեցիպիենտին:
1) պերֆուզիոն հեղուկով «լվանալ» կամ հեռացնել լյարդում կուտակված արյունը` լյարդի դռներակով պերֆուզիոն մեթոդով, մինչև մաքուր հեղուկի ստացումը,
2) մաքրել ճարպային բջջանցքից լյարդային անոթները` պատրաստելով նրանց հետագա բերանակցմանը ռեցիպիենտի անոթների հետ,
3) նախապատրաստել հեռացված լյարդի լեղատար ծորանը բիլիար անաստամոզին:
7. Անհրաժեշտ պարագաներ`
. Վիրահատական գործիքների հավաքածու
. ստերիլ սեղանիկ
. ստերիլ մետաղական սկուտեղ (տարա)
. նախապես ստերիլ ֆիզիոլոգիական լուծույթով պատրաստված սառույց
. սառույցը մանրացնելու համար ստերիլ մուրճ
. տարբեր տրամաչափի փափուկ պատերով խողովակներ (անոթային կանյուլաներ պերֆուզիան իրականացնելու համար)
. կոնսերվացիայի համար նախատեսված նախապես սառեցված հեղուկ (Custodiol)
8. Գործողությունների նկարագրություն
Անմիջապես վիրասրահում, որտեղ կատարվում է դոնորական լյարդի բլթի հեռացում/լյարդի մասնահատում, նախապես` մինչև դոնորի լյարդի անոթների փակելը և հատելը, պատրաստվում է սեղանիկ (ստերիլ պայմաններում), որի վրա տեղադրվում է ստերիլ սառույցով լցված տարա: Տրանսպլանտն անջատելուց հետո այն տեղափոխվում է օրգանների կոնսերվացիայի համար նախատեսված հատուկ հեղուկով` Կուստադիոլի (Custadiol) լուծույթով լցված պոլիէթիլենային տոպրակի մեջ, վերջինս էլ տեղադրվում է սառույցով լցված տարայի մեջ: Տարան պետք է ունենա այնպիսի խորություն որպեսզի լյարդը լիարժեք ընկղմված լինի Կուստադիոլի լուծույթի մեջ: Դռներակի մեջ տեղադրվում է փափուկ պատերով (ատրավմատիկ) խողովակ (կանյուլա), որի միջոցով ներարկվում է (Custodiol): Դռներակի անոթով կատարվում է տրանսպլանտի պերֆուզիա Կուստադիոլի լուծույթով (ջերմային ռեժիմ` +4-0 C): Հեղուկը տրվում է որոշակի ճնշման տակ, որը չպետք է գերազանցի նորմալ զարկերակային ճնշման ցուցանիշները: Անհրաժեշտ է առավելագույնս նվազեցնել տրանսպլանտի իշեմիայի փուլը: Լյարդի դռներակով լուծույթի ներարկման ժամանակ նկատվում է հեղուկի արտահոսք լյարդային երակներից, որը սկզբնական շրջանում լինում է արյունային բնույթի, սակայն աստիճանաբար հեղուկը պետք է դառնա անգույն և թափանցիկ, իսկ լյարդն ամբողջովին գունազրկված: Կենդանի դոնորից փոխպատվաստման դեպքում եթե լյարդի բլթում որոշ տեղամասեր լվացումից հետո դեռևս մնում են գունազրկված, անհրաժեշտ է բացել լյարդի տվյալ տեղամասն անոթավորող սեգմենտար ճյուղերի վրա տեղադրված կլիպերը կամ հանգույցները, քանի որ հակառակ դեպքում լյարդի այդ հատվածը կմնա լցված արյունով` և կբերի համապատասխան հատվածում` արյունամատակարարման խանգարման:
Լյարդի «լվացումից» հետո կատարվում է լյարդի անոթների մշակում: Անոթների մշակումը իրենից ներկայացնում է անոթների մոբիլիզացիա այնպիսի երկարությամբ, որը թույլ կտա հեշտությամբ իրականացնել անոթների հետագա բերանակցումը ռեցիպիենտի անոթների հետ: Անոթների մոբիլիզացիայի ժամանակ կատարվում է անոթների մանրակրկիտ զննում և եթե նրանց վրա առկա են լյարդի հեռացման ժամանակ կապված անոթային ճյուղեր, կատարվում է այդ ճյուղերի հերմետիկության ստուգում:
Լյարդի երակային համակարգի, դռներակի և զարկերակի նախապատրաստումից հետո իրականացվում է լեղատար ծորանի/լեղածորանի «մշակումը»: Լեղածորանի վրայից նույնպես հեռացվում են ավելորդ ճարպային հյուսվածքները` չվնասելով լեղածորանի սնուցումը:
Տրանսպլանտի նախապատրաստումից (մշակումից) հետո մինչև նրա տեղադրելը ռեցիպիենտին, թողնվում է սառույցով լցված ստերիլ կուստադիոլի լուծույթով տարայի մեջ` +4-0 C պայմաններում:
9. Վերահսկում
. Պետք է խուսափել լյարդի բլթի ուղիղ հպումից սառույցի հետ:
. Լյարդի սեգմենտար երակային անոթավորման առանձնահատկությունները հաշվի առնելով կենդանի դոնորից լյարդի բլթի փոխպատվաստման ժամանակ խորհուրդ է տրվում նախապատրաստման փուլում կատարել առանձին սեգմենտար երակների ծայրատների բերանակցում` ձևավորելով մեկ ընդհանուր երակային ցողուն կամ արհեստական անոթով սեգմենտար երակները միացնել լյարդային երակին:
. Կենդանի դոնորից լյարդի բլթի փոխպատվաստման դեպքում հեմիհեպատէկտոմիայից հետո եթե առկա են մեկից ավելի լյարդային զարկերակի կամ դռներակի ճյուղեր, խորհուրդ է տրվում նախապատրաստման փուլում կատարել ծայրատների բերանակցում` ձևավորելով մեկ ընդհանուր համանուն ցողուն:
. Կենդանի դոնորից լյարդի բլթի փոխպատվաստման դեպքում հեմիհեպատէկտոմիայից հետո եթե առկա են մեկից ավելի լեղատար ծորաններ, խորհուրդ է տրվում նախապատրաստման փուլում կատարել ծայրատների բերանակցում` ձևավորելով մեկ ընդհանուր լեղատար ցողուն:
. Դիակային դոնորից լյարդի բլթի փոխպատվաստման դեպքում խորհուրդ է տրվում հեպատէկտոմիան իրականացնել առավելագույնս լյարդի դրունքից դիստալ (հնարավորինս բիֆուրկացիայի մակարդակներից հեռու):
. Անհրաժեշտ է հնարավորինս կրճատել լյարդի սառը իշեմիայի փուլը:
10. Բարդություններ
. Լյարդի ոչ լիարժեք «լվացում»:
. Լյարդի զարկերակի, երակային համակարգի, դռներակի մեխանիկական վնասում:
. Լյարդի մեխանիկական վնասում:
Հավելված 3
Հաստատված է
ՀՀ առողջապահության նախարարի
9 հուլիսի 2019 թվականի
թիվ 1871-Լ հրամանով
ԼՅԱՐԴԻ ԲԼԹԻ ՓՈԽՊԱՏՎԱՍՏՄԱՆ/ՏԵՂԱԴՐՄԱՆ ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ
11. Նպատակը` Ռեցիպիենտի լյարդի տեղում աջ թուլակողում տեղադրել դոնորի լյարդի աջ կամ ձախ բիլթը (օրթոտոպիկ դիրք): Դոնորական լյարդի բլթի լյարդային երակը (սեգմենտար երակային համակարգին արհեստական անոթով միացված կամ առանձին) բերանակցվում է ռեցիպիենտի ստորին սիներակի հետ, դոնորի լյարդի բլթի դռներակը բերանակցվում է ռեցիպիենտի դռներակի հետ, դոնորի լյարդի բլթի լյարդային զարկերակը բերանակցվում է ռեցիպիենտի լյարդային զարկերակի հետ, իսկ դոնորի լյարդի բլթի լեղատար ծորանը հիմնականում բերանակցվում է ռեցիպիենտի լեղածորանի հետ, երբեմն ձևավորվում է բիլիոդիգեստիվ անաստամոզ:
12. Անհրաժեշտ պարագաներ
. Լյարդի բլթի փոխպատվաստման համար անհրաժեշտ վիրահատական տարբեր գործիքներ և պարագաներ` ընդհանուր վիրաբուժական, անոթային, միկրովիրաբուժական
. Ներվիրահատական ՈՒՁՀ
13. Գործողությունների նկարագրություն
- Ռեցիպիենտի մոտ վիրահատական մուտքը կատարվում է երկկողմանի ենթակողային և մինչև թրանման ելուն հասնող միջնակ կտրվածքով: Վիրահատական մուտքի իրականացման ժամանակ անհրաժեշտ է հետևել հեմոստազի մանրակրկիտ պահպանմանը, հատկապես լյարդի ցիռոզով հիվանդների շրջանում պետք է հաշվի առնել, որ առկա է ենթամաշկային երակների տարածուն ցանց: Վնասված լյարդի հեռացումը մեծամասամբ առավել դժվար իրագործվող փուլն է: Լյարդի ուռուցքային փոփոխությունների դեպքում սա պայմանավորված է արտահայտված հեպատոմեգալիայով: Ցիռոզի դեպքում, չնայած լյարդի չափսերի զգալի փոքրացմանը, հեպատէկտոմիան բարդանում է կապաններում և դրունքում երակային կոլատերալների, հանգույցների առկայությամբ, ինչպես նաև որովայնի խոռոչի վերին հարկում նորմալ տեղագրական-անատոմիական հարաբերության փոփոխությամբ, արյան մակարդիչ համակարգի գործունեության խանգարմամբ: Կապանային ապարատի հատումը սկսում են կլոր և մանգաղաձև կապաններից, իսկ հետո հատվում են եռանկյունաձև և ձախ պսակաձև կապանները: Հաջորդ փուլը լյարդտասներկումատնյաաղիքային կապանի դիսեկցիան է. կատարվում է դռներակի, լյարդային զարկերակի, լեղածորանի առանձնացում: Դռներակը և լյարդային զարկերակը առանձնացնելու համար անհրաժեշտ է այն հարանոթային հյուսվածքից լրիվ ազատել, մինչդեռ լեղածորանը անջատելու դեպքում վերջինիս առանձնացնել ցանկալի չէ: Դեպի լյարդտասներկումատնյաաղիքային կապանի էլեմենտներ մուտքի ստեղծումը կարող է շատ դժվար լինել: Էլեմենտների առանձնացմանը կարող են խանգարել մեծացած ավշային հանգույցները, որոնք պարունակում են մեծաթիվ երակային և լիմֆատիկ կոլատերալներ, ինչպես նաև նախկինում կրած վիրաբուժական միջամտություններից հետո առաջացած կպումները: Լյարդի սեփական զարկերակն առանձնացվում է մինչև պարենխիման: Լյարդային զարկերակի աջ և ձախ ճյուղերը պետք է կապվեն հնարավորինս դիստալ հատվածներում: Ռետինե ժապավեններով առանձնացվում են լեղածորանը (դեղին), աջ և ձախ լյարդային զարկերակները (կարմիր) ու աջ և ձախ դռներակները (կապույտ): Լյարդտասներկումատնյաաղիքային կապանի էլեմենտների մոբիլիզացիայից հետո հատում են աջ պսակաձև կապանը և մոբիլիզացնում լյարդի աջ բիլթը: Արտահայտված ֆիբրոզի, երակային կոլատերալների ձևավորման, հատկապես լյարդի չափսերի փոքրացման պայմաններում նշված միջամտությունը զգալի դժվարություններ է առաջացնում և հաճախ բարդանում է լյարդի պարենխիմայից դիֆուզ արյունահոսությամբ: Այս միջամտությունից հետո հասանելի է դառնում ստորին սիներակի` լյարդից հետ գտնվող հատվածը: Հետագա գործողությունները պայմանավորված են լյարդի իմպլանտացիայի տեխնիկայով` դասական կամ Piggy-back:
. Լյարդի օրթոտոպիկ փոխպատվաստման դասական եղանակ: Ստորին սիներակի հետլյարդային բաժինը մոբիլիզացվում է ռետրոկավալ ամբողջ տարածությունում` երիկամային զարկերակից մինչև ստոծանի: Առանցքային պահ է աջ մակերիկամային երակի առանձնացումն ու հատումը, որը ոչ անմիջականորեն է մտնում ստորին սիներակի մեջ: Ստորին սիներակը նախապատրաստելուց հետո սեղմվում են դռներակն ու սիներակը (պրոքսիմալ և դիստալ), իրականացվում է հեպատէկտոմիա: Անհրաժեշտ է հաշվի առնել, որ ստորին սիներակը սեղմելիս նվազում է դեպի սիրտ գնացող արյան ծավալը, հետևաբար կտրուկ կարող է ընկնել զարկերակային ճնշումը, նվազել կենսական կարևոր օրգանների արյունամատակարարումը:
. Piggyback տեխնիկան: Այս տեխնիկան հնարավորություն է տալիս լյարդն առանձնացնել ստորին սիներակի հետլյարդային բաժնից, հատկապես այն դեպքում, երբ հիպերտրոֆիայի ենթարկված պոչավոր բիլթը (1-ին սեգմենտ) շրջապատում է ստորին սիներակը: Պոչավոր բիլթը դրենավորող բոլոր մանր լյարդային երակները և լրացուցիչ աջ լյարդային երակները առանձին կապվում են և հատվում վարից վեր ուղղությամբ մինչև հիմնական լյարդային երակների մակարդակը: Piggyback տեխնիկայի առավելությունն այն է, որ ռեցիպիենտի ստորին սիներակն ամբողջությամբ չի սեղմվում փակվում: Սեղմվում են լյարդային երակները և դռներակը, իրականացվում է հեպատէկտոմիա, այնուհետև լյարդային երակների ծայրերը միավորվում են, ձևավորվում է բերանակցում դոնորական լյարդի ստորին սիներակի վերլյարդային հատվածի հետ: Տրանսպլանտի ստորին սիներակի ենթալյարդային հատվածը կարվում է: Որոշ դեպքերում, երբ աջ լյարդային երակը ունենում է կաուդալ տեղադրություն, անհնար է լինում այն կարի մեջ վերցնելը: Այդ դեպքում վերջինս շրջանցում են շրջանաձև և հատում 2 սեղմակների միջև, այնուհետև կարում ստորին սիներակի կողմերն անընդհատ կարով: Միևնույն ժամանակ աջ լյարդային երակի հատումը հնարավորություն է տալիս տեղաշարժելու լյարդը ձախ, և անվտանգ մեկուսացնելու միջին ու ձախ լյարդային երակները:
- Այսպիսով, հեպատէկտոմիան (էքսպլանտացիան) իրականացնելուց հետո կատարվում է տրանսպլանտի տեղադրում: Սկսվում է անոթային բերանակցումների ձևավորումը: Սկզբում կատարվում է սիներակային անաստամոզի ձևավորումը ստորին սիներակ-աջ (ձախ) լյարդային երակի անաստամոզի ձևավորում: Այնուհետև իրականացվում է դռներակային անաստամոզի ձևավորումը, հետո` լյարդային զարկերակի անաստամոզի ձևավորումը, և վերջում` բիլիոբիլիար ռեկոնստրուկցիան:
- Անոթները կարվում են անընդհատ կարով հիմնականում 5.0 կամ 6.0 պրոլենով: Անոթների անաստամոզը ձևավորելուց հետո ստուգվում է հեմոստազը: Կատարվում է նաև դռներակի և լյարդային զարկերակի անոթների դուպլեքս հետազոտություն, որը հնարավորություն է տալիս գնահատել բերանակցող անոթում արյան հոսքը: Դռներակի և լյարդային զարկերակի անոթների անաստամոզների ձևավորելուց և բերանակցող անոթների արյան հոսքը գնահատելուց հետո կատարվում է բիլիար ռեկոնստրուկցիան, որն ունի երկու եղանակ` աջ (ձախ) լյարդային ծորան-լեղածորանային (բիլիոբիլիար) անաստամոզի ձևավորում (այն առավել նախընտրելի է և ֆիզիոլոգիական) և հեպատիկոյեյունոանաստամոզի ձևավորում: Բիլիոբիլիար ռեկոնստրուկցիան հիմնականում կատարվում է հանգույցակարերով` PDS 5.0 կամ 6.0: Վերջում ևս մեկ անգամ ստուգվում է հեմոստազը, բիլիոստազը: Առանձին կտրվածքներով դրենավորվում են ստորլյարդային, վերլյարդային շրջանները և փոքր կոնքը:
Վերահսկում
. Հեմոդինամիկ տվյալների վերահսկում հատկապես սիներակը գործիքով փակելու և բացելու ժամանակ:
. Պարբերաբար` լյարդի անոթների պուլսացիայի վերահսկում
. Տեղադրված լյարդի բլթի լեցունության վերահսկում` պալպատոր
. Տեղադրված լյարդի բլթի գույնի վերահսկում մինչ վիրահատության ավարտը
14. Բարդություններ
. Արյունահոսություն
. Տրանսպլանտի անոթների թրոմբոզ
. Փոխպատվաստված լյարդի բլթի ստորպատիճային հեմատոմա
. Փոխպատվաստված լյարդի բլթի սուր մերժում