Սեղմել Esc փակելու համար:
ԴԵՂԱՅԻՆ ԱԼԵՐԳԻԿ ՄԱՇԿԱՅԻՆ ՓՈՐՁԵՐԻ ԿԱՏԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԴԵՂԱՅԻՆ ԱԼԵՐԳԻԿ ՄԱՇԿԱՅԻՆ ՓՈՐՁԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

17 սեպտեմբերի 2019 թվականի N 2548-Ա

 

ԴԵՂԱՅԻՆ ԱԼԵՐԳԻԿ ՄԱՇԿԱՅԻՆ ՓՈՐՁԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19.3 հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի թիվ 728-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետը,

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել «Դեղային ալերգիկ մաշկային փորձերի կատարման գործելակարգը»` համաձայն Հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Ակ. Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-Ի Էլեկտրոնային առողջապահության ներդրման բաժնի ղեկավար Ծաղկանուշ Սարգսյանին` սույն հրամանի հաստատումից հետո, սեղմ ժամկետում ապահովել գործելակարգի մուտքագրումը միասնական էլեկտրոնային առողջապահության համակարգ:

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լիլիթ Բաբախանյանին` ապահովել սույն հրամանի տեղադրումը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պաշտոնական կայքում:

4. Հայաստանի Հանրապետության բժշկական կազմակերպությունների տնօրեններին` սույն հրամանով հաստատված գործելակարգը ընդունել ի գիտություն:

5. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Լևոն Հակոբյանին:

 

Ա. ԹՈՐՈՍՅԱՆ

 

ԻՐՏԵԿ

  Սույն հրամանի նախաբանի համաձայն այն  ընդունել է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19.3 հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի համաձայն: Նշված կետով անորոշ թվով բուժաշխատողի վրա պարտականություն է դրվում կատարել պացիենտի վարման գործելակարգերով սահմանված պահանջները` հաշվի առնելով կլինիկական ուղեցույցները: Պացիենտի վարման գործելակարգերը և կլինիկական ուղեցույցները հաստատում է Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը:

  «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանվում է, որ նորմատիվ իրավական ակտ` Հայաստանի Հանրապետության ժողովրդի, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված մարմինների կամ պաշտոնատար անձանց ընդունած գրավոր իրավական ակտ, որը պարունակում է վարքագծի պարտադիր կանոններ անորոշ

թվով անձանց համար: Իսկ նույն մասի 5-րդ կետով սահմանվում է, որ անհատական իրավական ակտ` նորմատիվ իրավական ակտի հիման վրա և դրան համապատասխան ընդունված գրավոր իրավական ակտ, որը սահմանում է վարքագծի կանոն կամ առաջացնում է փաստական հետևանքներ և վերաբերում է միայն դրանում անհատապես նշված անձի կամ անձանց:

Քանի որ սույն հրամանի պահանջները ոչ թե տարածվում են հրամանում նշված անձանց, այլ անորոշ թվով անձանց վրա, ապա այն կարող էր ընդունվել միայն նորմատիվ ակտի ձևով:

Քանի որ սույն հրամանն ընդունվել է անհատական ակտի ձևով, ապա «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն պարտադիր կարող է լինել միայն այն բուժաշխատողների համար, ում սույն հրամանն առձեռն կամ օրենքով սահմանված այլ կարգով պատշաճ իրազեկել է: Իսկ այն անձինք, որոնց պատշաճ չի իրազեկվել հնարավոր չի լինի ենթարկել պատասխանատվության, քանի որ նրանց մասով հրամանը պատշաճ չիրազեկվելու հետևանքով նրանց մասով ուժի մեջ չի մտել: 

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

2019 թվականի սեպտեմբերի 17-ի

N 2548-Ա հրամանի

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ ԴԵՂԱՅԻՆ ԱԼԵՐԳԻԿ ՄԱՇԿԱՅԻՆ ՓՈՐՁԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ

 

1. Ապացուցողական բժշկության տվյալների համաձայն` դեղային ալերգիկ մաշկային փորձերը, որոնք նախկինում կիրառվել են, այժմ արգելվում են, քանի որ տարբեր տեսակի ենթամաշկային փորձերը հավաստի չեն և կարող են առաջացնել անցանկալի, սուր, կյանքին վտանգ ներկայացնող ռեակցիաներ, հատկապես այն անձանց մոտ, որոնց մոտ նախկինում եղել են ալերգիկ, անաֆիլակտիկ ռեակցիաներ:

2. Ներկայումս կիրառվող ժամանակակից դեղային ալերգիկ փորձերն են.

1) ապլիկացիոն պատչ (patch-testing).

2) մաշկային պրովոկացիոն դեղաչափավորված փորձեր (provocation test)` ենթամաշկային, ներմաշկային և բերանացի ներընդունման (per oral) ուղիներով:

3. Յուրաքանչյուր դեղի համար կա մշակված գործելակարգ-սխեմա, որը կիրառվում է ալերգոլոգի կողմից միայն մասնագիտացված այն բաժանմունքներում, որտեղ կան առաջին անհետաձգելի բժշկական օգնության, իսկ անհրաժեշտության դեպքում ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման միջոցառումների իրականացման հնարավորություն, քանի որ տվյալ փորձի/թեստի ժամանակ կարող են առաջանալ անցանկալի, սուր, ընդհուպ մինչև կյանքին սպառնացող ռեակցիաներ:

4. Պրովոկացիոն դեղաչափավորված թեստը կատարվում է միայն այն դեպքերում, երբ հնարավոր չէ փոխարինել կասկածվող դեղային խումբը այլ խմբի հետ, ինչպես նաև, եթե նախկինում (անամնեզում) եղել է դեղի նկատմամբ զարգացած, հաստատված ալերգիկ ռեակցիա/գերզգայնություն, ընդ որում կլինիկական ախտանիշները վերանալուց 4-6 շաբաթ անց:

5. Դեղի հետ պատճառական կապի հաստատման համար ոսկե ստանդարտ է համարվում պրովոկացիոն դեղաչափավորված թեստը` կասկածվող դեղի օրգանիզմ լիարժեք-ամբողջական բուժիչ դեղաչափի ներմուծմամբ:

6. Եթե հիվանդը չի նշում նախկինում ունեցած ալերգիկ ռեակցիայի մասին, դեղային փորձ չպետք է կատարել:

 

Գրականություն`

 

1. International Consensus (ICON) On Drug Allergy, 2014

2. BSACI guidelines for the management of drug allergy, R.Mirakian, P.W.Ewan, S.R.Durham et al., Clinical and Experimental allergy, 39, p. 4361, 2008

 

Կազմել են`

 

Արմինե Հակոբյան, ԵՊԲՀ-ի կլինիկական ալերգոլոգիայի ամբիոնի դոցենտ

Նարինե Միրզոյան ԵՊԲՀ-ի կլինիկական ֆարմոկոլոգիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր

Մելանյա Բաղդասարյան ԵՊԲՀ-ի կլինիկական ֆարմոկոլոգիայի ամբիոնի դոցենտ

 

 

pin
Առողջապահության նախարարություն
17.09.2019
N 2548-Ա
Հրաման