ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
11 մայիսի 2018 թվականի N 464-Ա/2
i
ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՏՎՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասով և ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
Հաստատել գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու վերաբերյալ եզրակացություն տվող հանձնաժողովի գործունեության կարգը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
կրթության և գիտության նախարարի
պարտականությունները կատարող Վ. Մկրտչյան
Հավելված
Հայաստանի Հանրապետության
կրթության և գիտության նախարարի
2018 թ. մայիսի 11-ի
N 464-Ա/2 հրամանի
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՏՎՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու վերաբերյալ եզրակացություն (այսուհետ` եզրակացություն) տվող հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) գործունեության հետ կապված հարաբերությունները:
2. Հանձնաժողովը խորհրդակցական մարմին է, և նրա կայացրած եզրակացություններն ունեն խորհրդատվական բնույթ:
3. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշմամբ:
4. Հանձնաժողովի կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարը (այսուհետ` Նախարար)` ոչ պակաս, քան 11 անդամ, որում ընդգրկվում են ներկայացուցիչներ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունից ու Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունից, ինչպես նաև գիտության և կրթության բնագավառների հեղինակավոր մասնագետներ:
5. Հանձնաժողովն իր լիազորություններն իրականացնում է Հանձնաժողովի կազմի հաստատման պահից:
2. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ
6. Հանձնաժողովի հիմնական նպատակն է`
1) գերակայություն ճանաչված յուրաքանչյուր ոլորտի մասնագիտություններով բակալավրի (դիպլոմավորված մասնագետի, ինտեգրացված), մագիստրատուրայի և ասպիրանտուրայի կրթական ծրագրերով սովորող (կամ տվյալ ուսումնական տարվա շրջանակներում դիմորդ հանդիսացող) քաղաքացիների նշանակալի նվաճումների գնահատումը.
2) գնահատման անցկացման թափանցիկության և հրապարակայնության ապահովումը:
3. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
7. Հանձնաժողովը`
1) ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչությունից ստանում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար դիմած քաղաքացիների (այսուհետ` քաղաքացի) դիմումները և կից փաստաթղթերի բնօրինակներն ու դրանց պատճենները, որից հետո բնօրինակ փաստաթղթերը վերադարձվում են քաղաքացուն.
2) ստուգում է քաղաքացու կողմից ներկայացված փաստաթղթերի համապատասխանությունը ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածով սահմանված` գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու համար նախատեսված պայմաններին.
3) իրականացնում է քաղաքացու նշանակալի նվաճումների գնահատում` ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածով սահմանված` նշանակալի նվաճումների ցուցանիշների հաշվարկման մեթոդաբանությանը համապատասխան.
4) տալիս է քաղաքացիների նշանակալի նվաճումների գնահատման եզրակացություն` համաձայն Ձև 1-ի կամ Ձև 2-ի:
8. Հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով, որոնց անցկացման վայրի, օրվա և ժամի մասին ՀՀ կրթության և գիտության նախարարության իրավաբանական վարչության պատասխանատու աշխատակցի կողմից նիստ անցկացումից 5 օր առաջ տեղեկացվում է Հանձնաժողովի անդամներին, ինչպես նաև տեղակայվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության պաշտոնական կայքէջում: Նիստը համարվում է իրավազոր, եթե նիստին մասնակցում է Հանձնաժողովի անդամների կեսից ավելին:
i
9. Նիստերը հրավիրվում են դիմումների առկայության դեպքում` ամսվա ընթացքում առնվազն մեկ անգամ, ընդ որում, մինչև տվյալ տարվա մայիսի 1-ը ներկայացված դիմումների քննարկման մասով վերջին նիստը պետք է տեղի ունենա ոչ ուշ, քան մինչև տվյալ տարվա մայիսի 15-ը (իսկ 2018 թվականի համար` մինչև հունիսի 25-ը), իսկ մինչև տվյալ տարվա նոյեմբերի 1-ը ներկայացված դիմումների քննարկման մասով վերջին նիստը` ոչ ուշ, քան մինչև տվյալ տարվա նոյեմբերի 15-ը:
(9-րդ կետը փոփ. 18.06.2018 թիվ 612-Ա/2 հրաման)
10. Հանձնաժողովի նիստ կարող է հրավիրվել նաև նախարարի նախաձեռնությամբ` սույն կարգի 19-րդ կետում նշված հանձնաժողովի եզրակացության վերաբերյալ առարկության առկայության դեպքում, որի արդյունքում Հանձնաժողովի եզրակացությունը կարող է վերանայվել:
11. Հանձնաժողովի նիստերին մասնակցում է ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության ներկայացուցիչը, ով արձանագրում է նիստերը:
12. Հանձնաժողովի նիստերը տեսաձայնագրվում են: Հանձնաժողովի նիստին կարող են մասնակցել նաև դիմում ներկայացրած քաղաքացին կամ նրա ծնողները կամ նրա կողմից նշված այլ անձինք, սակայն յուրաքանչյուր քաղաքացու մասով` մեկ անձից ոչ ավելի: Հանձնաժողովի նիստերին կարող են ներկա գտնվել նաև հասարակական կազմակերպություններից ներկայացուցիչներ և լրագրողներ, որի վերաբերյալ վերջիններս մինչև նիստն սկսվելը տեղեկացնում են հանձնաժողովի նախագահին:
13. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից գերակայություն ճանաչված յուրաքանչյուր ոլորտի մասնագիտություններով բակալավրի (դիպլոմավորված մասնագետի, ինտեգրացված) կրթական ծրագրով սովորող (կամ տվյալ ուսումնական տարվա շրջանակներում դիմորդ հանդիսացող) քաղաքացիների նշանակալի նվաճումներ են համարվում հանձնաժողովին դիմելու օրվան նախորդող երեք տարվա ընթացքում`
1) քաղաքացու ստացած մրցանակները (ոսկե կամ արծաթե կամ բրոնզե մեդալներ) ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 7-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված` դպրոցականների առարկայական միջազգային օլիմպիադաներում`
2) քաղաքացու կողմից հայոց լեզու կամ հայ գրականություն կամ հայ ժողովրդի պատմություն առարկաներից դպրոցականների հանրապետական օլիմպիադաներում 1-ին տեղը գրաված լինելու հանգամանքը:
i
13.1 Գերակայություն ճանաչված յուրաքանչյուր ոլորտի մասնագիտություններով նշանակալի նվաճում է համարվում քաղաքացու` աշխարհի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատությունների ակադեմիական վարկանիշավորման http://www.shanghairanking.eom/# կայքի տվյալ տարվա ցանկերի առաջին հինգ տասնյակում ընդգրկված հաստատություններ բակալավրի (դիպլոմավորված մասնագետի, ինտեգրացված), մագիստրատուրայի և ասպիրանտուրայի կրթական ծրագրերով սովորելու կամ դիմորդ հանդիսանալու հանգամանքը` ուսման և կացության համար անհրաժեշտ ֆինանսական աղբյուրների (scholarship) վերաբերյալ փաստաթղթերի առկայությամբ:
(13.1-ին կետը լրաց. 18.06.2018 թիվ 612-Ա/2 հրաման)
14. Գերակայություն ճանաչված յուրաքանչյուր ոլորտի մասնագիտություններով մագիստրատուրայի և ասպիրանտուրայի կրթական ծրագրերով սովորող (կամ դիմորդ հանդիսացող) քաղաքացիների նշանակալի նվաճումները գնահատվում են ըստ`
1) դիմելու օրվան նախորդող երեք տարվա ընթացքում տվյալ մասնագիտության գծով միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում գիտական հրապարակումների, ինչպես նաև հայոց լեզվից կամ հայ գրականությունից կամ հայ ժողովրդի պատմությունից մենագրությունների կամ ստացած արտոնագրերի կամ գրանցված հեղինակային իրավունքների.
2) դիմելու օրվան նախորդող երեք տարվա ընթացքում տվյալ մասնագիտության գծով գիտաժողովների զեկույցների.
3) դիմելու օրվան նախորդող երեք տարվա ընթացքում ստացած գիտակրթական մրցանակների.
4) մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ընդունելության մրցույթների արդյունքների և ուսումնառության շրջանակներում միջին որակական գնահատականի (մագիստրատուրայի համար` բակալավրի, իսկ ասպիրանտուրայի համար` մագիստրոսի կրթական ծրագրով ուսումնառության շրջանակներում).
5) հանձնաժողովի հետ անցկացված հարցազրույցի:
i
15. Սույն կարգի 14-րդ կետով սահմանված նշանակալի նվաճումները հանձնաժողովի կողմից հաշվարկվում են բալային միավորների համակարգով` առավելագույնը 100 բալային միավորի սահմանաչափով, նշանակալի նվաճումների ցուցանիշների հաշվարկման մեթոդաբանության հիման վրա` համաձայն Ձևի: Հարցազրույցի արդյունքում հանձնաժողովի վերջնական գնահատականը ձևավորվում է բոլոր անդամների գնահատականների միջին թվաբանական գումարով: Հարցազրույցին քաղաքացին մոտիվացիոն ելույթ է ունենում, որի ընթացքում ներկայացնում է մասնագիտական հետաքրքրություններն ու հեռանկարները, ինչպես նաև ուսումը շարունակելու նպատակահարմարությունը, մասնագիտական գործունեության օգտավետությունը, որի վերաբերյալ հանձնաժողովի անդամները կարող են հարցեր տալ: Մոտիվացիոն ելույթը չպետք է գերազանցի 5 րոպեն` հանձնաժողովի անդամները հնարավորություն կունենան ծանոթանալ քաղաքացու փաստաթղթերի փաթեթին:
Հարցազրույցի գնահատում
Հարցազրույցի արդյունքները գնահատվում են հանձնաժողովի անդամների կողմից` հետևյալ չափանիշներով` վերլուծական կարողություններ, մոտիվացիա:
._____________________________________________.
| Չափանիշ |Առավելագույն միավոր|
| |___________________|
| | Մագ. | Ասպ. |
|_________________________|_________|_________|
|Վերլուծական կարողություն | 10 | 10 |
|_________________________|_________|_________|
|Մոտիվացիա | 10 | 10 |
|_________________________|_________|_________|
|Ընդհանուր | 20 | 20 |
._____________________________________________.
(15-րդ կետը փոփ. 18.06.2018 թիվ 612-Ա/2 հրաման)
16. Հանձնաժողովի կողմից եզրակացություններն ընդունվում են նիստին ներկա հանձնաժողովի անդամների ձայների 2/3-ով:
17. Յուրաքանչյուր նիստի ավարտից հետո եռօրյա ժամկետում Հանձնաժողովի եզրակացությունները, նիստի արձանագրությունը և ստացված դիմումներն ու կից փաստաթղթերը Հանձնաժողովը ներկայացնում է Նախարարին` 7 աշխատանքային օրվա ընթացքում, օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ մշակելու և շրջանառելու կամ դիմումը մերժելու համար` նշելով մերժման հիմքերը:
18. Հանձնաժողովի եզրակացությունները եռօրյա ժամկետում ուղարկվում են նաև դիմում ներկայացրած համապատասխան քաղաքացիներին:
19. Քաղաքացին կարող է հանձնաժողովի եզրակացության վերաբերյալ առարկություններ ներկայացել Նախարարին` եզրակացությունն ստանալու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում:
4. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ
20. Հանձնաժողովն իր կազմից ընտրում է Հանձնաժողովի նախագահ` Հանձնաժողովի անդամների ընդհանուր ձայների մեծամասնությամբ:
21. Հանձնաժողովի նախագահը`
1) ղեկավարում է Հանձնաժողովի աշխատանքները.
2) հրավիրում և վարում է Հանձնաժողովի նիստերը.
3) իրականացնում է հսկողություն գնահատման աշխատանքների նկատմամբ.
4) ստորագրում է Հանձնաժողովի անունից կազմվող գնահատման եզրակացությունը և նիստի արձանագրությունը.
5) Նախարարին է ներկայացնում Հանձնաժողովի եզրակացությունները, նիստի արձանագրությունը և ստացված դիմումներն ու կից փաստաթղթերը:
5. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄԸ
22. Հանձնաժողովի անդամը`
1) իրականացնում է քաղաքացու նշանակալի նվաճումների գնահատում.
2) մասնակցում է եզրակացություն տալու համար անցկացվող քվեարկությանը` քվեարկելով կողմ կամ դեմ.
3) ստորագրում է նիստի արձանագրությունը, իսկ հատուկ կարծիք ունենալու դեպքում ստորագրության կողքին գրառում է «Հատուկ կարծիքը կցվում է» բառերը:
Ձև 1
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Բակալավրի (դիպլոմավորված մասնագետի, ինտեգրացված) կրթական ծրագրով սովորող կամ դիմորդ ՀՀ քաղաքացի _______________________________________ը կարող է հավակնել պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքի` հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշմամբ սահմանված քաղաքացու`
. մրցանակ/ներ/ը դպրոցականների առարկայական միջազգային
օլիմպիադաներում __________________ առարկայից (ոսկե կամ արծաթե կամ
բրոնզե) մեդալ/ները/.
կամ
. 1-ին մրցանակ/ներ/ը դպրոցականների առարկայական հանրապետական
օլիմպիադաներում հայոց լեզու կամ հայ գրականություն կամ հայ ժողովրդի
պատմություն առարկաներից:
Հանձնաժողովի նախագահ` ______________________
(ստորագրություն)
« » __________________ 20__ թ.
Ձև 2
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
ԳԻՏՈՒԹՅԱՆ և ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Մագիստրատուրայի/ասպիրանտուրայի կրթական ծրագրով սովորող կամ դիմորդ ՀՀ քաղաքացի _________________________________________________________ը կարող է հավակնել պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքի` հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշմամբ սահմանված մեթոդաբանությամբ հաշվարկված գիտության և կրթության բնագավառում ունեցած նվաճումների հետևյալ ցուցանիշները`
1. Գիտական հրապարակումներ (հոդվածներ) _________________________ բալ
2. Գիտաժողովների զեկույցներ _________________________ բալ
3. Գիտակրթական մրցանակներ _________________________ բալ
4. Միջին որակավորման գնահատական _________________________ բալ
5. Հարցազրույց _________________________ բալ
Ընդամենը` _________________________ բալ:
Հանձնաժողովի նախագահ` _________________________
(ստորագրություն)
« » __________________ 20__ թ.