i
(ուժը կորցրել է 27.12.98 ՀՕ-187 օրենք)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Օրինագիծն ընդունված է ՀՀ Գերագույն խորհրդի
կողմից «17» հունվարի 1995թ. Հ.Ն-1131-I
ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ
i
ԳԼՈՒԽ 1. |
Ընդհանուր դրույթներ |
Հոդված 1. Գույքահարկը սույն օրենքով սահմանվող սուբյեկտներին սեփականության կամ լրիվ (մասնակի) տնտեսավարման իրավունքով պատկանող նյութական օբյեկտ հանդիսացող գույքի համար պետական բյուջե գանձվող պարտադիր վճար է:
Հողի հարկի հետ կապված իրավահարաբերությունները կարգավորվում են ՀՀ օրենսդրական այլ ակտերով:
ԳԼՈՒԽ 2. |
Գույքահարկ վճարողները և հարկման օբյեկտները |
i
Հոդված 2. Գույքահարկ վճարողներ են «Հայաստանի Հանրապետությունում սեփականության մասին» ՀՀ օրենքով սահմանված սեփականության իրավունքի սուբյեկտները, որոնց ՀՀ տարածքում սեփականության կամ լրիվ (մասնակի) տնտեսավարման իրավունքով պատկանում է սույն օրենքով որոշվող նյութական օբյեկտ հանդիսացող գույք (հարկման օբյեկտ):
Հոդված 3. Հարկման օբյեկտներ են`
i
ա) «Ձեռնարկությունների և ձեռնարկատիրական գործունեության մասին» ՀՀ օրենքով սահմանված կազմակերպական իրավական տեսակի բոլոր ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, ինչպես նաև բանկերի (այսուհետ` ձեռնարկություններ) հաշվեկշիռներում (հաշվետվություններում) արժեքային արտահայտությամբ հաշվառված գույքը, բացառությամբ այն գույքի, որի կազմը սահմանում է ՀՀ կառավարությունը` ՀՀ Գերագույն խորհրդի նախագահության համաձայնությամբ.
i
բ) ՀՀ քաղաքացիների, օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց (այսուհետ` քաղաքացիներ) սեփականության իրավունքով պատկանող բնակելի տները, բնակարանները, ամառանոցները, ավտոտնակները, կացարաններն ու շինությունները, այլ կառույցները (այսուհետ` շինություններ), դրանց ընդհանուր արժեքը ՀՀ օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի չափը 850 անգամ գերազանցող մասով, բայց ոչ պակաս, քան ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով նվազագույն աշխատավարձի սահմանված չափի 300-պատիկը գերազանցող մասից, անասունները` ՀՀ Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությամբ ՀՀ կառավարության կողմից սահմանված նորմաները գերազանցող մասով, անիվավոր և թրթուրավոր մեքենաները, այլ ինքնագնաց մեքենաներն ու մեխանիզմները:
Քաղաքացիների կողմից շինությունները ձեռնարկություններին օգտագործման հանձնելու դեպքում, հարկման օբյեկտ է հանդիսանում դրանց լրիվ արժեքը:
Հայաստանի Հանրապետությունում հարկման օբյեկտ հանդիսացող գույքի գնահատման կարգը սահմանում է ՀՀ կառավարությունը` ՀՀ Գերագույն խորհրդի նախագահության համաձայնությամբ:
( խմբ. 25.10.95թ. օրենքով)
ԳԼՈՒԽ 3. |
Գույքահարկի դրույքաչափերը |
Հոդված 4. Գույքահարկը հաշվարկվում է հետևյալ տարեկան դրույքաչափերով.
ա) ձեռնարկությունների համար` հարկման օբյեկտ հանդիսացող գույքի միջին տարեկան արժեքի 0.2%-0.8%: Հարկի կոնկրետ դրույքաչափերը սահմանում է ՀՀ կառավարությունը` ՀՀ Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությամբ.
բ) քաղաքացիների համար`
- շինությունների գնահատված արժեքի չհարկվող մասը գերազանցող գումարի 0.2%-ի չափով.
- օդային փոխադրամիջոցների շարժիչի հզորության յուրաքանչյուր ձիաուժի դիմաց` ՀՀ օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի 3%-ի չափով կամ հզորության յուրաքանչյուր կվտ-ի դիմաց` 4.08%-ի չափով.
- ջրային փոխադրամիջոցների շարժիչի հզորության յուրաքանչյուր ձիաուժի դիմաց` ՀՀ օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի 1.5%-ի չափով կամ հզորության յուրաքանչյուր կվտ-ի դիմաց` 2.04% -ի չափով.
- անիվավոր և թրթուրավոր մեքենաների, այլ ինքնագնաց մեքենաների և մեխանիզմների շարժիչի հզորության յուրաքանչյուր ձիաուժի դիմաց` ՀՀ օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի 1.0%-ի չափով կամ հզորության յուրաքանչյուր կվտ-ի դիմաց` 1.36%-ի չափով.
- սույն օրենքի 3-րդ հոդվածի «բ» կետով նախատեսված կարգով սահմանված նորմաները գերազանցող անասնագլխաքանակի համար` ՀՀ օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի 25 %-ի չափով:
( խմբ. 25.10.95թ. օրենքով)
ԳԼՈՒԽ 4. |
Գույքահարկի հաշվարկման կարգը և վճարման ժամկետները |
Հոդված 5. Ձեռնարկությունները գույքահարկը հաշվարկում են ինքնուրույնաբար և հաշվարկները ներկայացնում հարկային մարմիններին եռամսյակային և տարեկան հաշվապահական հաշվետվությունների (հաշվեկշիռների) հետ միասին: Հարկի գումարը ենթակա է վճարման բյուջե` եռամսյակային հաշվապահական հաշվետվությունների (հաշվեկշիռների) ներկայացման համար սահմանված օրվան հաջորդող հնգօրյա, իսկ տարեկանի համար` տասնօրյա ժամկետում:
Հոդված 6. Քաղաքացիները գույքահարկը հաշվարկում են ինքնուրույնաբար, հիմք ընդունելով տվյալ տարվա հուլիսի 1-ի դրությամբ համապատասխան մարմիններում հաշվառված գույքը, ինչպես նաև` ՀՀ հարկային պետական տեսչության մարմինների կողմից հաշվարկված և մինչև յուրաքանչյուր տարվա սեպտեմբերի 1-ը իրենց հանձնված վճարման ծանուցագիրը: Հարկի գումարը վճարվում է հավասար մասերով` մինչև հաշվետու տարվա նոյեմբերի 15-ը և մինչև հաջորդ տարվա ապրիլի 15-ը:
Սույն օրենքի համաձայն հարկային արտոնության իրավունք ունեցող քաղաքացիները ՀՀ հարկային պետական տեսչության մարմիններին ներկայացնում են համապատասխան փաստաթղթեր:
Ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող գույքի համար գույքահարկը հաշվարկվում է բաժնեմասերին համապատասխան:
Քաղաքացիների ընդհանուր բաժնային կամ համատեղ սեփականություն հանդիսացող գույքի համար գույքահարկը վճարվում է նրանց կողմից առանձին կամ մասնակիցների որոշմամբ` նրանցից մեկի կողմից:
Գույքահարկը հաշվարկվում է գույքի սեփականության իրավունքի ծագման պահին հաջորդող ամսից: Գույքի օտարվելու դեպքում, նախկին սեփականատիրոջ կողմից հարկը վճարվում է տվյալ տարվա հունվարի 1-ից մինչև օտարման ամիսը ներառյալ:
Հոդված 7. Ժառանգական գույքի համար հարկը հաշվարկվում և վճարվում է ժառանգության ընդունման ամսին հաջորդող ամսից:
Հոդված 8. Քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող գույքի գույքագրում և գրանցում իրականացնող համապատասխան պետական մարմինները պարտավոր են գույքահարկի հաշվարկման համար անհրաժեշտ տվյալներ հաղորդել ՀՀ հարկային պետական տեսչության մարմիններին:
ԳԼՈՒԽ 5. |
Գույքահարկի արտոնությունները |
i
Հոդված 9. Գույքահարկից ազատվում են`
i
- բյուջետային հիմնարկների և կազմակերպությունների գույքը.
- բացառապես գյուղատնտեսական արտադրանքի արտադրության, վերամշակման և պահպանման, ձկների բուծման, որսի ու վերամշակման համար օգտագործվող գույքը.
- պրոթեզաօրթոպեդիկ նշանակության գույքը.
- նոր ստեղծված ձեռնարկությունների գույքը` դրանց պետական գրանցումից հետո մեկ տարի ժամկետով, բացառությամբ այն ձեռնարկությունների, որոնց նկատմամբ չի տարածվում «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածով սահմանված արտոնությունը.
- գիտության (գիտահետազոտական, փորձարարական-կոնստրուկտորական, նախագծային-հետախուզական և այլն) կարիքների համար օգտագործվող գույքը.
- բացառապես կրթության, մշակույթի և սպորտի կարիքների համար օգտագործվող գույքը (բացի պրոֆեսիոնալ սպորտի և վճարովի կրթական համակարգի գույքի).
- բնակարանային-կոմունալ (բացի հյուրանոցների) ծառայություններ մատուցող ձեռնարկությունների գույքը.
- ձեռնարկությունների հաշվեկշիռներում արտացոլված բնակարանային-կոմունալ և սոցիալ-մշակութային նշանակության գույքը.
- ՀՀ կառավարության որոշումների համաձայն պետական պաշարներ ստեղծելու համար օգտագործվող գույքը.
- բնապահպանական և հակահրդեհային անվտանգության նշանակության գույքը.
- հաղորդակցության ճանապարհները (ներառյալ ավտոճանապարհները), կապի և էներգա-հաղորդման գծերը, ինչպես նաև դրանց անմիջական շահագործումն ապահովելու նպատակով օգտագործվող գույքը:
Հոդված 10. ՀՀ օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի չափի մինչև 1000-ապատիկը կազմող մասով` շինությունների համար գանձվող գույքահարկից ազատվում են հետևյալ քաղաքացիները`
- առաջին և երկրորդ խմբի բոլոր հաշմանդամները.
- առաջին և երկրորդ համաշխարհային պատերազմների հաշմանդամները, այն անձինք, ովքեր հաշմանդամ են դարձել ՀՀ-ն և նախկին ԽՍՀՄ-ը պաշտպանելիս կամ զինվորական ծառայության այլ պարտականություններ կատարելիս վիրավորվելու, ռամաճակատում ձեռք բերած հիվանդության հետևանքով.
- հաշմանդամ դարձած նախկին պարտիզանները, ՀՀ-ն և նախկին ԽՍՀՄ-ը պաշտպանելիս զոհվածի ընտանիքի անդամները.
- ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողները, նրանց ընտանիքների անդամները, ՀՀ զինված ուժերի սպաները և ենթասպաները.
- առաջին և երկրորդ համաշխարհային պատերազմների, ՀՀ կամ նախկին ԽՍՀՄ շահերը պաշտպանելու նպատակով ծավալված մարտական գործողությունների մասնակիցները, նախկին ԽՍՀՄ հերոսի կոչումով, «Փառքի» երեք աստիճանների շքանշաններով պարգևատրված անձինք և նրանց ընտանիքների անդամները.
- երկկողմանի ծնողազուրկ երեխաները` մինչև այն տարվա ավարտը, որի ընթացքում լրանում է երեխաների 18, իսկ ցերեկային ուսուցման ուսանողների և սովորողների` 24 տարեկան հասակը:
ԳԼՈՒԽ 6. |
Եզրափակիչ դրույթներ |
Հոդված 11. Վճարողների և հարկային մարմինների իրավունքների, պարտականությունների, ինչպես նաև սույն օրենքի խախտման պատասխանատվության հարցերը կարգավորվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
i
Հոդված 12. Առանձին վճարողների կամ վճարողների խմբի համար ՀՀ կառավարությունը` ՀՀ Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությամբ կարող է սահմանել գույքահարկի հաստատագրված վճարումներ, այլ դրույքաչափեր ու չափեր, հաշվարկման ու վճարման այլ կարգ և արտոնություններ:
( խմբ. 25.10.95թ. օրենքով)