Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ Կ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒ ...

12.09.2002 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   13.06.2002  -ից մինչեւ   12.09.2002  -ը:
 

(ուժը կորցրել է 26.07.02 թիվ 110-Ն որոշում)

i

120.0009.161000

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 օգոստոսի 2000 թվականի թիվ 9

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 10 հոդվածի գ) կետով սահմանված դրույթով, Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

Հաստատել Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության կանոնադրությունն ու կենտրոնական ապարատի կառուցվածքը (կցվում են):

 

Հաստատված է

ՀՀ վիճակագրության Պետական խորհրդի

2000թ. օգոստոսի 15-ի թիվ 09

որոշմամբ

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1.1. Սույն կանոնադրությունը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում պետական վիճակագրության կազմակերպման հարաբերություններում ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության խնդիրների լուծմանն ուղղված ինստիտուցիոնալ, սուբորդինացիոն և կոորդինացիոն գործառույթների իրականացման կարգը, ինչպես նաև Ծառայության ղեկավար մարմինների և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների լիազորությունները:

1.2. Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունը (այսուհետ` Ծառայություն) հանրային շահին ուղղված գործառույթներ իրականացնող մարմին է, որն իր խնդիրներն իրականացնելիս անկախ է Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից:

Պետական վիճակագրությունն իրականացվում է Ծառայության և նրա տարածքային ու գործառնական ստորաբաժանումների կողմից:

Ծառայությունն իրականացնում է պետական վիճակագրական աշխատանքը և համակարգում է այն Հայաստանի Հանրապետության տարածքում:

Ծառայության և նրա ստորաբաժանումների կառավարման բարձրագույն մարմինը ՀՀ վիճակագրության պետական խորհուրդն է (այսուհետ Խորհուրդ), որն իրականացնում է պետական վիճակագրության բնագավառում քաղաքականության մշակումը, երկարաժամկետ միջոցառումների նախագծումը, կարգավորումը, կազմակերպումը, պետական վիճակագրական աշխատանքների ծրագրի իրագործման նկատմամբ վերահսկողությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում պետական վիճակագրական աշխատանքների ծրագրով նախատեսված վարչական վիճակագրության համակարգումը:

1.3. Ծառայությունն ունի Հայաստանի Հանրապետության հիմնարկի կարգավիճակ: Ծառայությունը ստեղծվում, վերակազմակերպվում և լուծարվում է օրենքով: Ծառայությունն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքով, այլ օրենքներով, իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ:

1.4. Ծառայության կենտրոնական գրասենյակի գտնվելու վայրն է` ք. Երևան, Հանրապետության պողոտա, կառավարական տուն 3:

1.5. Ծառայության կրճատ անվանումն է`

հայերեն` ՀԱՅՎԻՃ և (կամ) ԱՎԾ (ՀՀ ԱՎԾ)

ռուսերեն` APMCTAT և (կամ) HCC (HCC PA)

անգլերեն` ARMSTAT և (կամ) NSS (NSS RA)

 

1.6. Ծառայության խորհրդանշանը հետևյալն է` (չի բերվում)

 

1.7. Խորհրդանշանն իրենից ներկայացնում է կենտրոնում սպիտակ, բաց կապույտ ֆոնով և աջ վերնամասում ստվեր պարունակող ուղղանկյուն պատկեր: Խորհրդանշանի մեջ գրաֆիկական սև գծապատկերով արտացոլված է Արարատ լեռը, որի ձախ և աջ մասերում սև տառերով արտացոլված են հայերեն ՀՎ և անգլերեն SA տառերը, որոնք արտահայտում են «Հայաստանի վիճակագրություն» և «Statistics Armenia» բառերի հապավումները:

 

2. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

2.1. Տնտեսական և հասարակական գործընթացների ու դրանց արդյունքների վերաբերյալ վիճակագրական տեղեկատվության համակարգի կազմակերպումը, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, իրավաբանական անձանց, պետական հիմնարկներին ու միջազգային կազմակերպություններին, ինչպես նաև հանրությանը սահմանված կարգով տեղեկատվությամբ ապահովումը:

2.2. Միջազգային կազմակերպությունների կողմից ընդունված չափանիշներին համապատասխան վիճակագրության միասնական մեթոդաբանության ապահովումը:

2.3. Պետական վիճակագրական ռեգիստրի վարումը:

2.4. Վիճակագրական աշխատանքների կազմակերպման համար անհրաժեշտ տեխնիկատնտեսական և սոցիալական տեղեկատվության դասակարգիչների վարումը:

2.5. Վիճակագրական տեղեկատվական աղբյուր հանդիսացող փաստաթղթերի ձևերի մշակման համակարգումը:

2.6. Միջգերատեսչական տեղեկատվական ռեսուրսների համադրելիության նպատակով, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաև պետական վիճակագրական աշխատանքների ծրագրում նշված կազմակերպություններին վիճակագրական տեղեկատվության սեփական բազաներ ստեղծելուն աջակցությունը:

2.7. Օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով մարդահամարների անցկացումը:

 

3. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

3.1. Կատարում է պետական վիճակագրական աշխատանքներ` Պետական վիճակագրական աշխատանքների ծրագրով (այսուհետ` Ծրագիր) սահմանված կարգով:

3.2. Համատարած հաշվառմամբ, ընտրանքային հետազոտությունների միջոցով, ինչպես նաև հավաքագրված (այդ թվում վարչական ռեգիստրներից ստացված) տվյալների օգտագործմամբ, Խորհրդի կողմից սահմանված մեթոդների, ընտրանքի և անցկացման կարգին համապատասխան իրականացնում է դիտարկումներ:

Խորհրդի կողմից սահմանված ձևի փաստաթղթերի միջոցով հավաքագրում է վիճակագրական տեղեկատվություն:

Օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով իրականացնում է մարդահամարներ:

3.3. Վարում է վիճակագրական տեղեկություններ տրամադրողների վիճակագրական ներքին ռեգիստրներ:

3.4. Ստեղծում և վարում է բիզնես (ձեռնարկատիրական)-ռեգիստր:

3.5. Ստանում, մշակում, ամփոփում և հրապարակում է Ծրագրին համապատասխան հավաքագրված վարչական տեղեկատվությունը:

3.6. Ստանում է հավաստի վիճակագրական տվյալներ վիճակագրական տեղեկություններ տրամադրողներից` օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով:

3.7. Պայմանագրային հիմունքներով վիճակագրական տեղեկություններ տրամադրողներից ստանում է անհրաժեշտ վիճակագրական տվյալներ, այդ թվում քաղաքացիներից նրանց սոցիալ-ժողովրդագրական վիճակի, ինչպես նաև տնային տնտեսությունների վերաբերյալ:

3.8. Պատրաստում և ներկայացնում է համապատասխան եզրակացություններ և առաջարկություններ սոցիալ-տնտեսական և ժողովրդագրական գործընթացների վերլուծության հիման վրա:

3.9. Պարզաբանում է վիճակագրական տեղեկատվության և տվյալների ոչ ճիշտ օգտագործման և մեկնաբանման դեպքերը:

3.10. Ներդնում է վիճակագրական տեղեկություններ ստանալու համար Խորհրդի կողմից հաստատված վիճակագրական հաշվետվությունների ձևերը:

3.11. Սահմանված կարգով իրականացնում է ստուգումներ, խախտումների հայտնաբերման դեպքում դրանց վերացման նպատակով տալիս անհրաժեշտ հրահանգներ և կատարում համապատասխան ուղղումներ սկզբնական և ամփոփ վիճակագրական տվյալներում:

3.12. Ծրագրից դուրս պայմանագրային հիմունքներով մատուցում է վիճակագրական, վերլուծական, տեղեկատվական, հրատարակչական և ծառայության խնդիրներից բխող այլ ծառայություններ օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով:

3.13. Կնքում է համագործակցության պայմանագրեր այլ պետությունների վիճակագրություն իրականացնող մարմինների և միջազգային վիճակագրական կազմակերպությունների հետ օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով:

3.14. Այլ մարմինների հետ համատեղ աշխատանքներ է կատարում հանրապետությունում միջազգային չափանիշներին համապատասխան ազգային հաշիվների համակարգի մշակման և ներդրման ուղղությամբ` վիճակագրական արժեմեծությունների համապատասխանությունն ու համադրելիությունն ապահովելու նպատակով:

3.15. Ապահովում է պետական ամփոփ վիճակագրական տեղեկատվության մատչելիությունը:

 

4. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

4.1. Ծառայությունն իրեն վերապահված լիազորությունների շրջանակում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով.

ա) Հայաստանի Հանրապետության անունից ձեռք է բերում և իրականացնում է գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ և պարտականություններ, դատարանում հանդես է գալիս որպես հայցվոր և պատասխանող.

բ) Հայաստանի Հանրապետության անունից տիրապետում, օգտագործում և տնօրինում է իրեն ամրակցված պետական գույքը.

գ) ընդհանրացնում է օրենսդրական ակտերի կիրառման պրակտիկան վիճակագրության ոլորտում, մշակում է առաջարկություններ օրենսդրության կատարելագործման վերաբերյալ և դրանց նախագծերը ներկայացնում է Խորհրդին.

դ) սահմանված կարգով մասնակցում է Ծառայության լիազորությունների մեջ մտնող հարցերի վերաբերյալ միջազգային պայմանագրերի նախագծերի մշակմանը և քննարկմանը, կնքում պայմանագրեր, համաձայնագրեր և օրենքով ու այլ իրավական ակտերով սահմանված այլ փաստաթղթեր.

ե) Ծառայության ոլորտի կառավարման բոլոր հարցերի քննարկումն ու լուծումը իրականացվում է միանձնյա ղեկավարման սկզբունքի հիման վրա, բացառությամբ Խորհրդի լիազորություններին վերապահված հարցերից.

զ) ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով վերահսկում է Ծառայության տարածքային և գործառնական ստորաբաժանումների տնօրինությանը հանձնված գույքի օգտագործումը, ինչպես նաև համաձայնություն է տալիս այդ գույքն օտարելու կամ վարձակալության տալու համար.

է) համակարգում է համակարգի ղեկավար կադրերի մասնագիտական որակավորման բարձրացման աշխատանքները.

ը) պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ իրականացնում է համագործակցություն վիճակագրության բնագավառում.

թ) դիտարկումների համար անհրաժեշտ վիճակագրական հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու դեպքում տասնհինգ օրվա ընթացքում կատարում է գրավոր նախազգուշացում: Սահմանված ժամկետից հաշվետվությունները մեկ ամսից ավելի ուշացնելու և գրավոր նախազգուշացման ներկայացումից տասնհինգ օրվա ընթացքում հաշվետվությունը չներկայացնելու կամ սահմանված կարգի խախտումով (ոչ արժանահավատ տվյալներ, դրանց ոչ ամբողջականորեն արտացոլում և այլ աղավաղումներ) ներկայացնելու (անկախ ժամկետից) համար վիճակագրական հաշվետվություններ ներկայացնողներին օրենքով սահմանված կարգով ներկայացնում է պատասխանատվության.

ժ) անցկացնում է փորձաքննություն վիճակագրության և հաշվառման հարցերի վերաբերյալ.

ժա) խնդիրներից բխող սույն կանոնադրությամբ սահմանված գործառույթների իրականացման նպատակով իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ:

 

5. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

5.1. Խորհրդի կողմից սահմանված կարգով ապահովում է վիճակագրական գաղտնիք պարունակող տեղեկությունների պատշաճ պահպանումը:

5.2. Ապահովում է վիճակագրական գաղտնիք հանդիսացող տվյալների առանց դրանք ներկայացնողի համաձայնության չտարածելու մեխանիզմի աշխատանքը:

5.3. Իրավաբանական անձի, պետական հիմնարկի և ֆիզիկական անձի դիմումով տրամադրում է տվյալների բանկում գտնվող նրանց վերաբերյալ տեղեկություններ:

5.4. Անվճար ապահովում է պետական վիճակագրական տեղեկություններ տրամադրողներին վիճակագրական հաշվետվությունների ձևերով և հրահանգներով, նրանց տեղյակ է պահում վիճակագրական հաշվետվությունների ներկայացման ժամկետների պարբերականության և ներկայացվող պահանջների մասին:

 

6. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

6.1. ՀՀ վիճակագրության պետական խորհուրդը

 

6.1.1. Խորհուրդը բաղկացած է յոթ անդամից: Խորհրդի անդամները պաշտոնի նշանակվում և ազատվում են «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածով սահմանված կարգով:

6.1.2. Խորհուրդը`

ա) հաստատում է պետական վիճակագրական աշխատանքների եռամսյա ծրագրի նախագիծը.

բ) հաստատում է պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագիրը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաստատումից հետո մեկամսյա ժամկետում.

գ) վերահսկում է պետական վիճակագրական աշխատանքների ծրագրի կատարումը և հաստատում տարեկան ծրագրի կատարման հաշվետվությունը.

դ) հաստատում է Ծառայության, նրա տարածքային և գործառնական ստորաբաժանումների կանոնադրությունը և կառուցվածքը.

ե) սահմանում է Ծրագրի հիման վրա իրականացվող դիտարկումների մեթոդները, ցուցանիշների հաշվարկման մեթոդաբանությունը, ընտրանքը և անցկացման կարգը.

զ) սահմանում է Ծրագրով նախատեսված դիտարկումների անցկացման համար տեղեկությունների հավաքագրման ներկայացման կարգը.

է) սահմանում է Ծրագրով նախատեսված վարչական տեղեկատվության հավաքագրման մեթոդաբանությունը և փաստաթղթերի ձևերը.

ը) սահմանում է Ծրագրով նախատեսված աշխատանքների կատարման համար պետական վիճակագրական տեղեկությունների հավաքագրման (տրամադրման) վիճակագրական փաստաթղթերի ձևերը և դրանց լրացման հրահանգները, ինչպես նաև ընդունում վիճակագրության բնագավառի այլ իրավական ակտեր օրենքով նախատեսված դեպքերում.

թ) հաստատում է դիտարկումների վերաբերյալ այլ փաստաթղթերի և տեղեկանքների տեսակներ.

ժ) սահմանում է բիզնես ռեգիստրի վարման համար անհրաժեշտ այլ լրացուցիչ ցուցանիշների ցանկը.

ժա) հաստատում է Խորհրդի աշխատակարգը.

ժբ) Ծառայության նախագահի ներկայացմամբ նշանակում և ազատում է Ծառայության նախագահի տեղակալներին.

ժգ) հաստատում է վիճակագրական գաղտնիք պարունակող տեղեկությունների պահպանման կարգը.

ժդ) սահմանում է վիճակագրական տեղեկատվության հրապարակման ձևերը.

ժե) իրականացնում է օրենքով նախատեսված այլ լիազորություններ:

6.1.3. Առանձին գործառնությունների իրականացման համար ստեղծում է գործառնական ստորաբաժանումներ և առանձին գործառնական լիազորություններ է վերապահում Ծառայության տարածքային ստորաբաժանումներին:

6.1.4. Հանրության հետ փոխադարձ կապի սերտացման, վիճակագրական տեղեկատվության սպառողների պահանջարկի առավել ընդգրկուն ուսումնասիրման, գիտա-մեթոդաբանական, կազմակերպչական և այլ հարցերի լուծման ժամանակ հանրային կարծիքի հաշվառման գործընթացը կարգավորելու նպատակով կարող է ստեղծել հասարակական հիմունքներով գործող գիտա-մեթոդաբանական խորհուրդ, որի կազմավորման և գործունեության կարգը սահմանվում է Խորհրդի կողմից:

6.1.5. Խորհրդի անդամների միջև ֆունկցիոնալ պարտականությունները բաշխվում են ըստ հետևյալ բնագավառների

ժողովրդագրություն, սոցիոլոգիա և հասարակական գործունեություն,

տարածքային կառավարում և տեղական ինքնակառավարում,

ֆինանսավարկային և բանկային գործունեություն,

բնապահպանություն,

ձեռնարկատիրական գործունեության կառավարում,

տեղեկատվական տեխնոլոգիաներ:

6.1.6. Խորհրդի անդամը`

ա) Խորհրդի աշխատակարգով սահմանված կարգով ներկայացնում է առաջարկություններ Խորհրդի նիստի հրավիրման և դրա օրակարգի նախագծերի վերաբերյալ.

բ) համակարգում է գործունեության իրեն վերապահված կոնկրետ ոլորտի աշխատանքները վիճակագրական գործառույթների գծով և պատասխանատվություն է կրում Խորհրդի կողմից իր վրա դրված պարտականությունների կատարման համար.

գ) կարող է հանձնարարականներ տալ իրեն ենթակա գործունեության կոնկրետ ոլորտի մեջ ներառվող կառուցվածքային ստորաբաժանումներին, ինչպես նաև իրեն վերապահված գործառութային պարտականությունների գծով` այլ ստորաբաժանումներին.

դ) իրականացնում է Խորհրդի կողմից իրեն վերապահված այլ լիազորություններ:

 

6.2. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԸ

 

6.2.1. Ծառայության նախագահը նշանակվում և ազատվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից 6 տարի ժամկետով:

Ծառայության նախագահը միաժամանակ հանդիսանում է ՀՀ Վիճակագրության պետական խորհրդի նախագահը:

6.2.3. Ծառայության նախագահը`

i

ա) կազմակերպում է պետական վիճակագրական աշխատանքների ծրագրի կատարումը.

բ) ներկայացնում է Ծառայությունը ներքին և արտաքին հարաբերություններում.

գ) ղեկավարում է Ծառայության ընթացիկ գործունեությունը.

դ) նշանակում և ազատում է Ծառայության աշխատակազմի աշխատակիցներին, տարածքային և գործառնական ստորաբաժանումների ղեկավարներին.

ե) սահմանում է իր տեղակալի, Ծառայության տարածքային և գործառնական ստորաբաժանումների ղեկավարների իրավասությունը. անհրաժեշտության դեպքում պատվիրակում է սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունները.

զ) Ծառայության անունից կնքում է պայմանագրեր.

է) Խորհրդի հաստատմանն է ներկայացնում Ծառայության, նրա գործառնական ու տարածքային ստորաբաժանումների կանոնադրությունը և կառուցվածքը.

ը) ստեղծում է ժամանակավոր և մշտական գործող աշխատանքային խմբեր, հանձնաժողովներ` սահմանելով դրանց գործառույթները.

թ) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, տալիս հանձնարարականներ.

ժ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կիրառում է խրախուսման միջոցներ և նշանակում է կարգապահական տույժեր Ծառայության աշխատակազմի աշխատակիցների, գործառնական և տարածքային ստորաբաժանումների ղեկավարների, համակարգի այլ աշխատողների նկատմամբ` խորհրդակցելով համապատասխան ստորաբաժանման գործունեությունը համակարգող Խորհրդի անդամի, իր տեղակալի և Ծառայության աշխատակազմի ղեկավարի հետ: Կիրառում է խրախուսման միջոցներ նաև պետական վիճակագրական աշխատանքների իրականացման գործում էական մասնակցություն ցուցաբերած մասնագետների նկատմամբ.

ժա) հրավիրում և վարում է Խորհրդի նիստերը.

ժբ) ստորագրում է Խորհրդի որոշումները և նիստերի արձանագրությունները.

ժգ) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում Ծառայության աշխատակազմի ղեկավարի` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրահանգները, կարգադրությունները և ցուցումները, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի.

ժդ) վերահսկողություն է իրականացնում հիմնարկին ամրակցված կամ օգտագործման հանձնված պետական սեփականության պահպանության նկատմամբ.

ժե) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ.

ժզ) իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ:

(6.2.3 կետը փոփ. 03.04.02 թիվ 106 որոշում)

i

6.2.4. Ծառայության նախագահի բացակայության դեպքում նրան փոխարինում է Ծառայության նախագահի տեղակալը, իսկ Խորհրդի աշխատանքների գծով` Խորհրդի նախագահի կարգադրությամբ` Խորհրդի անդամներից մեկը:

(6.2.4 կետը խմբ. 03.04.02 թիվ 106 որոշում)

 

6.3. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ

 

i

6.3.1. Ծառայության նախագահի տեղակալը նշանակվում և ազատվում է Խորհրդի կողմից` Ծառայության նախագահի ներկայացմամբ:

6.3.2. Ծառայության նախագահի տեղակալը`

ա) փոխարինում է Ծառայության նախագահին` նրա բացակայության դեպքում.

բ) Խորհրդի որոշումներով և Նախագահի հանձնարարությամբ համակարգում է Ծառայության աշխատանքները.

գ) Ծառայության խնդիրներին համապատասխան իրականացնում է վիճակագրական հաշվետվությունների հաշվառման, վերահսկման ստուգման, ինչպես նաև խախտումների հայտնաբերման դեպքում համապատասխան ներգործության միջոցներ կիրառելու աշխատանքների համակարգումը.

դ) իրականացնում է Ծառայության նախագահի մոտ քննարկվելիք հարցերի նախնական քննարկումները.

ե) Խորհրդի որոշումներով և Նախագահի հանձնարարությամբ համագործակցում է պետական և այլ մարմինների հետ.

զ) Խորհրդի որոշումներով և Նախագահի հանձնարարությամբ համակարգում է զարգացման և այլ համապատասխան ծրագրերի մշակումը.

է) առաջարկություններ է ներկայացնում նախագահին նրա իրավասությանը վերաբերող հարցերով.

ը) Խորհրդի որոշումներով և Նախագահի հանձնարարությամբ կազմակերպում է Ծառայությունում օրենքների և այլ իրավական ակտերի պահանջների ճշգրիտ կատարման աշխատանքները և դրանց նկատմամբ վերահսկողությունը.

թ) Խորհրդի որոշումներով և Նախագահի հանձնարարությամբ իրականացնում է Ծառայության աշխատակազմի աշխատանքների կատարման համար նորմատիվ-տեխնիկական ապահովման կազմակերպումը.

ժ) կատարում է նախագահի այլ հանձնարարականներ:

(6.3 կետը խմբ. 03.04.02 թիվ 106 որոշում)

 

6.4. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԸ

 

i

6.4.1. Ծառայության աշխատակազմի ղեկավարը (այսուհետ` աշխատակազմի ղեկավար) քաղաքացիական ծառայող է: Աշխատակազմի ղեկավարը պաշտոնի նշանակվում և ազատվում է «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն:

6.4.2. Աշխատակազմի ղեկավարը`

ա) կազմակերպում է Ծառայության աշխատակազմի գործունեությունը և ղեկավարում Ծառայության կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքները.

բ) իր լիազորությունների շրջանակում առաջարկություններ է ներկայացնում Նախագահին Ծառայության աշխատակազմի կառուցվածքային, տարածքային և գործառնական ստորաբաժանումների պետերին պաշտոնից ազատման վերաբերյալ` օրենքով սահմանված հիմքերի առկայության պայմաններում.

գ) իր լիազորությունների շրջանակում արձակում է կարգադրություններ, տալիս հրահանգներ, ցուցումներ.

դ) օրենքով իրավական այլ ակտերով և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է Ծառայությանը ամրակցված գույքը.

ե) կազմակերպում է Ծառայության բյուջեի նախագծի նախապատրաստման աշխատանքները.

զ) իր լիազորությունների շրջանակում ապահովում է կապը պետական և այլ մարմինների հետ.

է) իր լիազորությունների շրջանակում կազմակերպում է Ծառայությունում օրենքների և այլ իրավական ակտերի պահանջների ճշգրիտ կատարման աշխատանքները և դրանց նկատմամբ վերահսկողությունը.

ը) Ծառայության նախագահին առաջարկություններ է ներկայացնում Ծառայության աշխատակազմի աշխատողների, տարածքային և գործառնական ստորաբաժանումների ղեկավարների նկատմամբ խրախուսանքի և կարգապահական ներգործության միջոցների կիրառման հարցում.

թ) իրականացնում է Ծառայության աշխատակազմի աշխատանքների կատարման համար նորմատիվ-տեխնիկական ապահովման կազմակերպումը.

ժ) ապահովում է համագործակցությունը Հայաստանի Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, Կառավարության, նախարարությունների, գերատեսչությունների և պետական կառավարման այլ մարմինների աշխատակազմերի հետ.

ժա) կազմակերպում է համակարգի աշխատողների վերապատրաստման և ատեստավորման հարցերի հետ կապված միջոցառումները.

ժբ) վերահսկում է Ծառայության աշխատակազմի գործավարության և տեխնիկական սպասարկման աշխատանքները.

ժգ) Նախագահի հետ համատեղ ստորագրում է խորհրդակցությունների ու քննարկումների արձանագրությունները.

ժդ) Նախագահի ստորագրությանն է ներկայացնում նախագահի հրամանները, հանձնարարականները, կարգադրությունները և թղթակցությունը:

6.4.3. Աշխատակազմի ղեկավարի բացակայության դեպքում Նախագահի հրամանով նրան փոխարինում է այլ պաշտոնյա:

(6.4 կետը խմբ. 03.04.02 թիվ 106 որոշում)

 

6.5. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԸ

 

i

6.5.1. Վարչության պետը նշանակվում է նախագահի կողմից` Ծառայության աշխատակազմի ղեկավարի ներկայացմամբ և Խորհրդի համապատասխան անդամի համաձայնությամբ:

(6.5.1 կետը փոփ. 03.04.02 թիվ 106 որոշում)

6.5.2. Վարչության պետը կարող է ունենալ տեղակալ:

6.5.3. Վարչության պետի բացակայության դեպքում կամ նրա կողմից իր պաշտոնեական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում նրա պարտականությունները կատարում է նրա տեղակալը (կամ տվյալ վարչության բաժիններից մեկի պետը):

6.5.4. Վարչության պետը պատասխանատու է վարչության աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու և կոորդինացնելու, վարչության բաժինների գործունեության և հանձնարարված աշխատանքների կատարման համար:

6.5.5. Վարչության պետը`

ա) կազմակերպում է վարչության բաժինների, ինչպես նաև առանձին աշխատակիցների միջև ֆունկցիոնալ պարտականությունների բաշխումը.

բ) հանձնարարականներ է տալիս վարչության բաժնի պետերին և աշխատակիցներին.

գ) միջոցներ է ձեռնարկում աշխատանքային և կատարողական կարգապահությունն ապահովելու, վիճակագրական գաղտնիք հանդիսացող տեղեկությունների պահպանման ուղղությամբ:

 

6.6. ԲԱԺՆԻ ՊԵՏԸ

 

i

6.6.1. Բաժնի պետը նշանակվում է նախագահի կողմից Ծառայության աշխատակազմի ղեկավարի ներկայացմամբ և Խորհրդի համապատասխան անդամի համաձայնությամբ:

Ծառայության նախագահի տեղակալ-ծառայության աշխատակազմի ղեկավարի անմիջական ենթակայության բաժնի պետը նշանակվում է Նախագահի կողմից` Ծառայության աշխատակազմի ղեկավարի ներկայացմամբ:

(6.6.1 կետը փոփ. 03.04.02 թիվ 106 որոշում)

6.6.2. Բաժնի պետը`

ա) պատասխանատու է բաժնի գործունեության համար.

բ) կազմակերպում է բաժնի աշխատակիցների միջւ ֆունկցիոնալ պարտականությունների բաշխումը.

գ) հանձնարարականներ է տալիս բաժնի աշխատակիցներին.

դ) միջոցներ է ձեռնարկում աշխատանքային և կատարողական կարգապահությունն ապահովելու, վիճակագրական գաղտնիք հանդիսացող տեղեկությունների պահպանման ուղղությամբ:

 

6.7. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

i

6.7.1. Ծառայության կենտրոնական ապարատի վարչություններն ու բաժինները (բացառությամբ վարչության կազմում գտնվող բաժինների) գործում են Խորհրդի կողմից հաստատված դրույթներին համապատասխան:

(6.7.1 կետը փոփ. 03.04.02 թիվ 106 որոշում)

i

6.7.2. Ծառայության աշխատակազմի կառուցվածքը հաստատվում է Խորհրդի կողմից որպես սույն կանոնադրության բաղկացուցիչ մաս` ըստ վիճակագրական և քաղաքացիական ծառայության գործառույթների նկարագրերի (հավելվածը կցվում է):

(6.7.2 կետը խմբ. 03.04.02 թիվ 106 որոշում)

6.7.3 կառուցվածքը հետևյալն է`

i

1. Նախագահի աշխատակազմ

2. Մակրոտնտեսական ցուցանիշերի վիճակագրության վարչություն

3. Մարդահամարի վարչություն *

4. Տեղեկատվական ռեսուրսների կառավարման և տեխնոլոգիաների վարչություն

5. Տնային տնտեսությունների հետազոտությունների բաժին

6. Սոցիալական ոլորտի և բնապահպանության վիճակագրության բաժին

7. Զբաղվածության և աշխատանքի վարձատրության բաժին

8. Մարդահամարի և ժողովրդագրության բաժին

9. Գների և միջազգային համադրումների բաժին

10. Վիճակագրական աշխատանքների մեթոդաբանության բաժին

11. Վճարային հաշվեկշռի և արտաքին առևտրի բաժին

12. Արդյունաբերության բաժին

13. Շինարարության բաժին

14. Գյուղատնտեսության բաժին

15. Տրանսպորտի և կապի ծառայությունների բաժին

16. Առևտրի և այլ ծառայությունների բաժին

17. Պարենային ապահովության տեղեկատվության բաժին

18. Բիզնես ռեգիստրի բաժին

19. Միջազգային վիճակագրական համագործակցության բաժին

20. Ամփոփ վիճակագրության, հրատարակությունների և մարկետինգի բաժին

21. Տպագրա-կազմարարական և պատճենահանման աշխատանքների բաժին

22. Վիճակագրական հաշվետվությունների հաշվառման և վերահսկման բաժին

23. Ֆինանսա-հաշվային բաժին

24. Տնտեսական բաժին

25. Տարածքային ստորաբաժանումների կողմից տեղեկատվության հավաքագրման գործընթացի ֆինանսատնտեսական պլանավորման և կոորդինացման բաժին

26. Կադրերի բաժին

27. Առաջին բաժին

28. Ընդհանուր բաժին

 

* ՀՀ 2001 թվականի մարդահամարի աշխատանքներն ավարտելուց հետո ենթակա է լուծարման:

(6.7.3 կետը խմբ. 04.10.01 թիվ 74, 18.12.01 թիվ 99 որոշումներ)

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «16»  10  2000 Թ. ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12000118

 

 

pin
Վիճակագրության պետական խորհուրդ
15.08.2000
N 9
Հրաման