(ուժը կորցրել է 08.04.2021 թիվ 519-Ն որոշում)
i
040.1082.290812
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
23 օգոստոսի 2012 թվականի N 1082-Ն
i
ԱԽՏԱԲԱՆԱԱՆԱՏՈՄԻԱԿԱՆ ՀԵՐՁՈՒՄՆԵՐԻ` ՆԵՐԱՌՅԱԼ ՊԱՐՏԱԴԻՐ ԿԱՐԳՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԱԽՏԱԲԱՆԱԱՆԱՏՈՄԻԱԿԱՆ ՀԵՐՁՈՒՄՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի N 715 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել ախտաբանաանատոմիական հերձումների` ներառյալ պարտադիր կարգով իրականացվող ախտաբանաանատոմիական հերձումների անցկացման կարգը` համաձայն հավելվածի:
i
2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի նոյեմբերի 6-ի «Ախտաբանաանատոմիական հերձումների անցկացման կարգը հաստատելու մասին» N 715 որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2012 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 29-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2012 թվականի օգոստոսի 23-ի
N 1082-Ն որոշման
ԿԱՐԳ
ԱԽՏԱԲԱՆԱԱՆԱՏՈՄԻԱԿԱՆ ՀԵՐՁՈՒՄՆԵՐԻ` ՆԵՐԱՌՅԱԼ ՊԱՐՏԱԴԻՐ ԿԱՐԳՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԱԽՏԱԲԱՆԱԱՆԱՏՈՄԻԱԿԱՆ ՀԵՐՁՈՒՄՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետությունում ախտաբանաանատոմիական հերձումների` ներառյալ պարտադիր կարգով իրականացվող ախտաբանաանատոմիական հերձումների անցկացման կարգը:
2. Ախտաբանաանատոմիական հերձումները (այսուհետ` հերձում) կատարվում են բժշկական օգնության և սպասարկման համապատասխան տեսակի համար լիցենզավորված հաստատությունում (այսուհետ` հաստատություն)` համապատասխան որակավորում ունեցող մասնագետ-բժիշկների կողմից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և սույն կարգին համապատասխան:
II. ՀԵՐՁՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
3. Հիվանդանոցային հաստատություններում մահացած հիվանդների դիակները ենթակա են պարտադիր հերձման` բացառությամբ այն դեպքերի, երբ մահացածի ընտանիքի անդամները գրավոր հրաժարվում են հերձումից կամ էլ դա մահացողի` կենդանության օրոք գրավոր ձևակերպված կամքն է:
4. Հերձումից հրաժարվելու դեպքում հիվանդանոցային հաստատության ղեկավարը, իսկ նրա բացակայության դեպքում` համապատասխան պատասխանատու անձը (այդ թվում` հերթապահ բժիշկը) կատարում է համապատասխան գրառում` հիվանդության պատմության մեջ նշելով հերձում չկատարելու պատճառը:
5. Հերձումից հրաժարվելն արգելվում է`
1) երբ պարտադիր են հերձումները, մասնավորապես`
ա. երբ հիվանդը մահացել է հիվանդանոցային հաստատություն ընդունվելուց հետո` առաջին 24 ժամվա ընթացքում,
բ. վարակիչ հիվանդությունների կամ դրանց առկայության կասկածի դեպքում,
գ. չարորակ նորագոյացություններից մահվան դեպքերում, երբ բացակայում է ախտորոշման հյուսվածքաբանական հաստատումը (վերիֆիկացիան),
դ. շուրջծննդյան (պերինատալ) մահացության դեպքում,
ե. հղիների, ծննդկանների և ծննդաբերների մահվան (մայրական մահացության) դեպքերում,
զ. Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած` շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկի հետևանքով անձի մահվան դեպքում,
է. հանկարծամահության դեպքում` անկախ տարիքից և մահը վրա հասնելու պայմաններից, եթե առկա է մահացածի ընտանիքի անդամների կամ մահացածի մշտական բնակության վայրի համայնքի ղեկավարի բողոքը.
2) երբ անհրաժեշտ է դատաբժշկական փորձաքննությունը կատարել հերձման միջոցով, մասնավորապես`
ա. երբ մահացածի անձը ճանաչված չէ,
բ. երբ ախտորոշումը հայտնի չէ, ընդ որում` անկախ տարիքից և բժշկական հաստատությունում գտնվելու տևողությունից,
գ. երբ բժշկական անձնակազմի նկատմամբ բողոք է ներկայացվել իրավապահ մարմիններ,
դ. բռնի մահվան դեպքում` սպանություն, ինքնասպանություն, ինչպես նաև դժբախտ պատահարի դեպքում (մեխանիկական վնասվածքներ, մեխանիկական շնչահեղձություն, թունավորումներ, էլեկտրահարություն, ծայրահեղ բարձր ջերմաստիճանի, ճառագայթային էներգիայի ազդեցություն),
ե. բռնի մահվան կասկածի դեպքում` անկախ պայմաններից և մահը վրա հասնելու պահից,
զ. մանկասպանության կասկածի դեպքում,
է. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգի խախտմամբ` հղիության արհեստական ընդհատման (աբորտ) դեպքում:
6. Եթե մահը հաջորդել է սույն կարգի 5-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված դեպքերին կամ, եթե ցուցումներ կան նշված պատճառներից որևէ մեկի հնարավորության մասին, ապա հիվանդանոցային հաստատության ղեկավարը, իսկ նրա բացակայության դեպքում` պատասխանատու անձը (այդ թվում` հերթապահ բժիշկը) պարտավոր է յուրաքանչյուր նման դեպքի մասին անհապաղ տեղեկատվություն ներկայացնել իրավապահ մարմիններ` կատարելով համապատասխան գրանցում:
7. Եթե մահը տեղի է ունեցել շտապ օգնության մեքենայում, ապա հերձումը կատարվում է սույն կարգով նախատեսված ընթացակարգին համապատասխան:
8. Եթե մահը տեղի է ունեցել տանը, և առկա են սույն կարգի 5-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված հիմքերը, կամ տանը տեղի ունեցած հանկարծամահության դեպքում, եթե առկա է մահացածի ազգականների կամ մահացածի բնակության վայրի համայնքի ղեկավարի բողոքը, տարածքային ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական հաստատությունը պարտավոր է արձանագրել մահվան փաստը և շտապ օգնության դիակային բրիգադի միջոցով կազմակերպել դիակի տեղափոխումն ու հերձումը` սույն կարգին համապատասխան:
9. Հերձումը կազմակերպվում է մահվանը հաջորդող 24 ժամվա, իսկ շուրջծննդյան (պերինատալ) մահացության դեպքում` 12 ժամվա ընթացքում, բնական լուսավորության պայմաններում:
10. Հերձում կատարելու համար բժշկական հաստատության ղեկավարը, իսկ նրա բացակայության դեպքում` համապատասխան պատասխանատու անձը (այդ թվում` հերթապահ բժիշկը) պետք է դիակը հիվանդության (ծննդաբերության) պատմության հետ միասին ուղարկի ախտաբանաանատոմիական բաժանմունք` ոչ շուտ, քան կենսաբանական մահվան գրանցումից 2 ժամ հետո` բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերի:
11. Հիվանդության (ծննդաբերության) պատմությունը պետք է վերջնականապես ձևակերպված ու ստորագրված լինի համապատասխան բաժնի վարիչի և բուժող բժշկի, իսկ նրանց բացակայության դեպքում` հերթապահ բժշկի կողմից: Հիվանդության պատմության քարտի շապիկի վրա պետք է գրանցված լինեն բոլոր ախտորոշումները (հիմնական հիվանդությունը, ուղեկցող հիվանդությունները) և տեղեկություններ կատարված բժշկական միջամտությունների մասին:
12. Հիվանդության (ծննդաբերության) պատմության մեջ պետք է արտացոլված լինի մահվան մանրամասն էպիկրիզը, ինչպես նաև պետք է կցվի հիվանդանոցային հաստատության ղեկավարի որոշումը հերձում կատարելու մասին:
13. Հերձման ժամանակ արգելվում են մարմնի բաց մասերի խեղումները (այլանդակումները):
14. Հերձման տվյալները պարտադիր գրանցվում են մահացածների հաշվառման քարտադարանում` ըստ օրգանների և հիվանդագիտական (նոզոլոգիական) ձևերի:
15. Հերձմանը մասնակցում են հիվանդի բուժող բժիշկը, բաժնի վարիչը, դեպքին առնչվող այլ մասնագետներ:
16. Մահացածի ընտանիքի անդամներն իրավունք ունեն ծանոթանալու հերձման մասին եզրակացությանը:
III. ՀԵՐՁՈՂ ԱԽՏԱԲԱՆԱԱՆԱՏՈՄԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ, ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
17. Ախտաբանաանատոմն իրավունք ունի`
1) հերձումն իրականացնելու համար հիվանդանոցային հաստատությունից պահանջելու անհրաժեշտ պայմաններ (տարածք, գործիքային սարքավորումներ, արտահագուստ և այլն).
2) բուժող բժիշկների հետ համատեղ քննարկելու հերձման և հյուսվածքաբանական (հիստոլոգիական) հետազոտության արդյունքները.
3) մեթոդական խորհրդատվությամբ օգնելու բուժող բժիշկներին:
18. Ախտաբանաանատոմը պարտավոր է`
1) հերձումից հետո կազմել արձանագրություն` նշելով մահացածի ազգանունը, անունը, հայրանունը, սեռը, տարիքը, մասնագիտությունը, բժշկական հաստատություն ընդունվելու, մահվան և հերձման տարեթվերը, ամսաթիվն ու ժամը, կլինիկական ախտորոշումը, օպերատիվ միջամտության անվանումը, դրա տարեթիվն ու ամսաթիվը, հիմնական կլինիկական ախտանիշները, բուժման հիմնական միջոցները, գործիքային ու լաբորատոր հետազոտությունների, ինչպես նաև դիակի հյուսվածքաբանական, մանրէաբանական և մյուս քննությունների արդյունքները.
2) ձևակերպել վերջնական ախտաբանաանատոմիական ախտորոշումը, որում պետք է արտացոլվեն հիմնական հիվանդությունը, հիվանդության բարդությունները, ուղեկցող հիվանդությունները և ախտաբանական վիճակները.
3) կազմել ախտաբանաանատոմիական եզրակացություն` սահմանելով մահվան հիմնական և նպաստող պատճառները.
4) ընդհատել հերձումը, եթե հերձման ընթացքում առաջանում է բռնի մահվան կասկած, և կազմել արձանագրություն` հիմնավորելով դատաբժշկական փորձաքննության անհրաժեշտությունը.
5) ձեռնարկել համապատասխան միջոցներ մահացածի մարմինն ու օրգաններն անփոփոխ պահելու և հետագա դատաբժշկական փորձաքննությանը տրամադրելու համար.
6) ընդհատված հերձման մասին հայտնել բժշկական հաստատության ղեկավարին` իրավապահ մարմիններին անհապաղ տեղեկացնելու համար:
19. Հերձումից հետո ախտորոշումը և եզրակացությունը գրանցվում են հիվանդության (ծննդաբերության) պատմության մեջ:
20. Հերձման մասին արձանագրությունն ստորագրում է ախտաբանաանատոմը:
i
21. Մահվան դեպքում բժշկական հաստատության կողմից մահվան մասին բժշկական վկայականը պատրաստվում է բժշկական վկայականների էլեկտրոնային միասնական համակարգի միջոցով` բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 11-ի N 1156-Ն որոշմամբ սահմանված դեպքերի:
(21-րդ կետը փոփ. 10.11.16 թիվ 1136-Ն որոշում)
22. Ախտաբանաանատոմի կողմից սույն կարգի խախտումն առաջացնում է պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: