(ուժը կորցրել է 10.12.2020 թիվ 2002-Ն որոշում)
i
040.0938.300712
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
26 հուլիսի 2012 թվականի N 938-Ն
i
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՖՈՆԴԻ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՇԻՎ ԲԱՑԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ԴՐԱ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ մասին, «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերին, «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանն իրեն սպասարկող` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետարանի ստորաբաժանումում բացել արտաբյուջետային միջոցների հաշիվ:
2. Սահմանել սննդամթերքի անվտանգության ոլորտի լիազոր մարմնի նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների օգտագործման կարգը` համաձայն հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
(նախաբանը փոփ. 08.09.16 թիվ 931-Ն որոշում)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 30-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2012 թվականի հուլիսի 26-ի
N 938-Ն որոշման
ԿԱՐԳ
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՖՈՆԴԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
i
1. Սույն կարգով կարգավորվում են «Սննդամթերքի անվտանգության մասին» և «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով (այսուհետ` օրենք) նախատեսված Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (այսուհետ` ծառայություն) նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների օգտագործման կարգի հետ կապված հարաբերությունները:
(1-ին կետը փոփ. 08.09.16 թիվ 931-Ն որոշում)
i
2. Ծառայության աշխատողների նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի (այսուհետ` ֆոնդ) միջոցները գոյանում են օրենքով սահմանված կարգով` ներմուծվող սննդամթերքի և (կամ) կենդանական ծագման մթերքի զննման և ուղեկցող փաստաթղթերին համապատասխանության որոշման ու հաշվառման համար տնտեսավարող սուբյեկտներից գանձված վճարներից, կենդանական ծագման սննդամթերք արտադրող սննդի շղթայի օպերատորին գործունեության եզրակացություն տրամադրելու համար գանձված վճարներից և տնօրինվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
(2-րդ կետը փոփ. 08.09.16 թիվ 931-Ն որոշում)
i
3. Սույն կարգի իմաստով ծառայության աշխատողներ են համարվում ծառայության պետը, ծառայության քաղաքացիական ծառայողները, քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնները ժամկետային աշխատանքային պայմանագրով զբաղեցնող անձինք և ծառայության հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձինք, տեխնիկական սպասարկում իրականացնող անձինք:
(3-րդ կետը փոփ. 07.02.13 թիվ 90-Ն որոշում)
i
4. Ֆոնդում գոյացած միջոցների 50 տոկոսն օգտագործվում է ծառայության աշխատողների նյութական խրախուսման, իսկ 50 տոկոսը` ծառայության համակարգի զարգացման և հսկիչ գնումների ֆինանսավորման համար:
(4-րդ կետը փոփ. 08.09.16 թիվ 931-Ն որոշում)
5. Ծառայության աշխատողների նյութական խրախուսման համար նախատեսված միջոցների կեսը բաշխվում է ծառայության աշխատողների միջև` նրանց ամսական դրամական բավարարմանը համամասնորեն, և վճարվում է յուրաքանչյուր ամիս: Յուրաքանչյուր ամսվա համար այդ միջոցները հաշվարկվում և վճարվում են մինչև համապատասխան ամսվան հաջորդող ամսվա 15-ը` բացառությամբ սույն կարգի 10-րդ կետով նախատեսված դեպքի:
6. Ծառայության աշխատողների նյութական խրախուսման համար նախատեսված միջոցների մյուս կեսը կարող է տրամադրվել առանձին աշխատողների` որպես դրամական պարգևատրում` ծառայողական պարտականությունները և հատուկ առաջադրանքները գերազանց կատարելու համար:
7. Սույն կարգի 6-րդ կետում նշված միջոցների բաշխումն իրականացնելու նպատակով ծառայության պետի հրամանով ստեղծվում է 5 անձից բաղկացած հանձնաժողով:
8. Առանձին աշխատողների դրամական պարգևատրման վերաբերյալ ծառայության պետին, իր իրավասությանը վերաբերող հարցերի սահմաններում, առաջարկությունները ներկայացնում է ծառայության աշխատակազմի ղեկավարը, իսկ աշխատակազմի ղեկավարին` ծառայության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը: Մինչև դրամական պարգևատրման մասին որոշման ընդունումը ծառայության պետը կամ աշխատակազմի ղեկավարն ստանում են հանձնաժողովի եզրակացությունը:
9. Եթե սույն կարգի 6-րդ կետով նախատեսված միջոցները չեն օգտագործվում տվյալ բյուջետային տարվա ընթացքում, ապա մնացորդային գումարը բաշխվում է սույն կարգի 5-րդ կետով սահմանված կարգով և 10-րդ կետով սահմանված ժամկետում:
10. Տարվա վերջին ամսվա համար դրամական պարգևատրումները բաշխվում են տվյալ բյուջետային տարվա վերջին 5 օրվա ընթացքում:
11. Ծառայության աշխատողների նյութական խրախուսման համար նախատեսված միջոցներից չեն տրամադրվում այն աշխատողներին, ում նկատմամբ նախկինում կիրառվել է կարգապահական տույժ, որը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մարված կամ հանված չէ:
12. Ծառայության համակարգի զարգացման համար նախատեսված ֆոնդի միջոցներն օգտագործվում են աշխատողների ծառայողական պարտականությունների կատարման ծախսերի փոխհատուցման և համակարգի զարգացման, մասնավորապես, հսկիչ գնումների ֆինանսավորման, ծառայության տեխնիկական վերազինման, շինությունների և տրանսպորտային միջոցների ձեռքբերման, վերանորոգման, պահպանման, վարձակալության, գույքի և այլ սարքավորումների գնման, ծառայության զարգացմանը և խնդիրների ու գործառույթների իրականացմանն ուղղված այլ միջոցառումների ֆինանսավորման նպատակով:
13. Ֆոնդի միջոցների հաշվին համակարգի զարգացմանն ուղղված ծախսերը, կապված ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման հետ, կատարվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
14. Տվյալ բյուջետային տարվա ընթացքում չօգտագործված միջոցները փոխանցվում են հաջորդ տարի` նույն նպատակով օգտագործելու համար:
15. Բյուջետային տարվա ավարտից հետո 2 ամսվա ընթացքում ծառայության աշխատակազմի ղեկավարը ծառայության պետին է ներկայացնում հաշվետվություն նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների օգտագործման մասին: