041.0125.150201
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
15 փետրվարի 2001 թվականի N 125
i
ԻՋԵՎԱՆ-ՀՐԱԶԴԱՆ ԵՐԿԱԹԳԾԻ ՍՈՂԱՆՔԱՅԻՆ ՏԵՂԱՄԱՍԻՆ ՀԱՐՈՂ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի օգոստոսի 17-ի «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի զարգացման հիմնախնդիրների մասին» N 492 որոշման հավելվածի «Քաղաքաշինություն» մասի 1-ին կետի` Իջևան-Հրազդան երկաթգծի 69-րդ կիլոմետրի տեղամասին հարող Հաղարծին գյուղի բնակելի տարածքի, ինչպես նաև տրանսպորտային կառուցվածքների անվտանգությունն ապահովելու նպատակով`
1. Տավուշի մարզպետին`
ա) կազմակերպել սողանքային լանջին հարող ավտոմայրուղու և Աղստև գետի հատվածը անընդհատ թափվող հողից պաշտպանելու համալիր միջոցառումների տեխնիկատնտեսական հիմնավորման նախագծի մշակում.
բ) կազմակերպել երկաթգծի պաստառից վերև գտնվող սողանքային լանջի ստացիոնար ռեժիմային դիտարկումներ` սողանքային լանջի դինամիկան հսկելու և գնահատելու նպատակով.
գ) սույն կետի «ա» ենթակետով նախատեսված աշխատանքների արդյունքների հիման վրա, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության հետ համատեղ` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն 2002 թվականին նախագծահետազննական ու շինարարական աշխատանքների իրականացման վերաբերյալ:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` սույն որոշման 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերով նախատեսված միջոցառումների կատարման համար Տավուշի մարզպետարանին համապատասխան գումար հատկացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն ֆինանսավորման աղբյուրների վերաբերյալ:
3. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը` սույն որոշման 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերով նախատեսված աշխատանքների իրականացման ընթացքում Տավուշի մարզպետարանին ցուցաբերել անհրաժեշտ տեխնիկական օժանդակություն:
4. Սույն որոշմամբ նախատեսված աշխատանքների կատարման վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության վրա: