040.1151.271014
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2 հոկտեմբերի 2014 թվականի N 1151-Ն
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 16-րդ մասին և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին ու 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան, ինչպես նաև հիմք ընդունելով «Աղետի գոտու վերականգնման համալիր ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի օգոստոսի 15-ի ՀՕ-203 օրենքի 5-րդ գլխի 5.1-ին բաժնի դրույթները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի N 432 որոշման 1-ին կետով հաստատված կարգի դրույթների համաձայն` երկրաշարժի հետևանքով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքում անօթևան մնացած` բնակարանի արտահերթ ստացման իրավունք ունեցողների ցուցակում ընդգրկված ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովման ծրագրի (այսուհետ` ծրագիր) շահառու ճանաչված` ծրագրի շրջանակներում բնակարանային պայմանները չբարելաված անձանց (ընտանիքների) բնակարանային խնդիրները լուծել բնակարանների գնման վկայագրերի (այսուհետ` վկայագիր) միջոցով բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու համար ֆինանսական աջակցության տրամադրմամբ:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված` վկայագրի միջոցով բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու համար ֆինանսական աջակցություն ստանալու իրավունք ունեցող անձանց (ընտանիքներին) վկայագրերի և դրանց միջոցով բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու համար ֆինանսական աջակցության տրամադրման գործընթացների իրականացումը վերապահել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին:
3. «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի NN 1 և 4 հավելվածներում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1414-Ն որոշման NN 1, 5 և 11 հավելվածներում կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն NN 1, 2, 3 և 4 հավելվածների:
4. Սույն որոշման 1-ին կետով նախատեսված վկայագրերի միջոցով բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու համար ֆինանսական աջակցություն տրամադրելու նպատակով, որպես ֆինանսական աջակցություն, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանին հատկացնել 1,500,000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ կապիտալ դրամաշնորհներ» հոդվածով):
5. Գաղտնի:
6. Գաղտնի:
7. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին` սույն որոշման 4-րդ կետով հատկացված գումարի` մինչև 2014 թվականի դեկտեմբերի 26-ը չօգտագործված միջոցները մինչև 2014 թվականի դեկտեմբերի 27-ը, որպես կանխավճար, փոխանցել այդ նպատակով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետարանում բացված արտաբյուջետային (ավանդային) հաշվին:
i
8. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի անվամբ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետարանում բացել արտաբյուջետային (ավանդային) հաշիվ` մինչև 2016 թվականի հոկտեմբերի 1-ը ժամկետով, սույն որոշման 4-րդ կետով կատարված հատկացումների ֆինանսավորումը 2015 թվականի ընթացքում իրականացնելու նպատակով:
(8-րդ կետը փոփ. 18.12.14 թիվ 1426-Ն, 06.08.15 թիվ 906-Ն, 19.11.15 թիվ 1363-Ն որոշումներ)
9. Սահմանել, որ`
1) վկայագրի միջոցով ֆինանսական աջակցություն ստանալու իրավունք ունեցող անձանց (ընտանիքներին) վկայագիրը տրամադրվում է նրանց կողմից մինչև 2015 թվականի հունվարի 30-ը Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին ներկայացված դիմումի հիման վրա` զբաղեցված ոչ հիմնական շինությունը կամ ժամանակավոր կացարանը բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելուց հետո Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի նոյեմբերի 26-ի N 1402-Ն որոշման 2-րդ կետի 5.1-ին, 5.2-րդ և 6-րդ ենթակետերի դրույթների համաձայն բնակությունից ազատելու և քանդելու պայմանով.
2) վկայագրում բնակարանի (բնակելի տան) ձեռքբերման ժամկետ է ամրագրվում վկայագիրը տրամադրելու օրվանից հաշված 6 ամիս` առանց ժամկետի երկարաձգման հնարավորության.
3) վկայագրում ամրագրված ժամկետում բնակարան (բնակելի տուն) ձեռք չբերելու դեպքում վկայագիրը համարվում է մարված: Վկայագիր ստացած, սակայն բնակարան (բնակելի տուն) ձեռք չբերած, կամ տրամադրվող` բնակարանի գնման վկայագրից հրաժարված, կամ սույն կետի 1-ին ենթակետով սահմանված ժամկետում վկայագիր ստանալու համար Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին դիմում չներկայացրած անձանց (ընտանիքների) բնակարանային խնդիրների լուծման նկատմամբ սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի շրջանակներում պետական պարտավորությունները համարվում են դադարեցված, սակայն այդ անձանց (ընտանիքների) համար պահպանվում է պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովման այլ ծրագրերի շրջանակներում բնակարանային պայմանների բարելավման իրավունքը:
(9-րդ կետը փոփ. 18.12.14 թիվ 1426-Ն որոշում)
10. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին`
1) սույն որոշման 1-ին կետում նշված անձանց (ընտանիքներին)`
ա. վկայագրերը տրամադրել Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի N 432 որոշման 1-ին կետով հաստատված կարգի 18-րդ կետով նախատեսված հերթականության համաձայն,
բ. վկայագրերը և դրանց միջոցով բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու համար ֆինանսական աջակցությունը տրամադրել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի N 309-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգով սահմանված ընթացակարգին համապատասխան, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի և վկայագրի միջոցով աջակցություն ստանալու իրավունք ունեցող անձանց (ընտանիքների) միջև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` վկայագրի միջոցով բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու համար ֆինանսական աջակցություն ստանալու մասին կնքված պայմանագրի հիման վրա.
2) տրամադրվող վկայագրերում նշվող ֆինանսական աջակցության չափի հաշվարկման ժամանակ հիմք ընդունել` Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի N 309-Ն որոշման հավելվածի 9.1-ին կետով սահմանված նորմաներին համապատասխան Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի հրամաններով հաստատված` ծրագրի շահառու ճանաչված անձանց (ընտանիքներին) հասանելիք բնակարանի (սենյակների թվով) մակերեսը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից 2014 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ հրապարակված` Գյումրի քաղաքում բազմաբնակարան շենքերի բնակարանների ընդհանուր մակերեսի մեկ քառ. մետրի` 2014 թվականի օգոստոս ամսվա ընթացքում ձևավորված շուկայական միջինացված գնի տվյալները:
11. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո տասնօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին տրամադրել սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի շահառու ճանաչված` Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի հրամաններով հաստատված ցուցակներում ընդգրկված անձանց (ընտանիքների) միասնական ցուցակը:
12. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-ԻՆ
----------------------------------------------------
ԻՐՏԵԿ - NN 1, 2, 3 և 4 հավելվածները չեն բերվում