(ուժը կորցրել է 15.03.03 թիվ 98-Ն որոշում)
i
041.0816.041200
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
4 դեկտեմբերի 2000 թվականի N 816
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի նոյեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը վերակազմավորելու մասին» N 733 որոշման 2-րդ կետի «ա» ենթակետին համապատասխան`
Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կանոնադրությունը և կենտրոնական ապարատի կառուցվածքը (կցվում են):
Հաստատված է
ՀՀ վարչապետի 2000 թ.
դեկտեմբերի 4-ի N 816 որոշմամբ
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը (այսուհետև` վարչություն) Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական մարմին է` գերատեսչության կարգավիճակով, որն իրականացնում է քաղաքացիական ավիացիայի բնագավառի կառավարումը:
2. Վարչությունը գործում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան և իր առջև դրված խնդիրները լուծելու նպատակով իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունները:
Վարչությունն իր իրավասությունների սահմաններում Հայաստանի Հանրապետության անունից իր գործողություններով կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ ու պարտականություններ, ինչպես նաև հանդես գալ դատարանում:
3. Վարչությունն իր իրավասությունների սահմաններում ընդունում է գերատեսչական նորմատիվ ակտեր:
4. Վարչությունն ունի Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի պատկերով և իր անվամբ կնիք, դրոշմակնիք, ձևաթուղթ:
5. Վարչության կենտրոնական ապարատի պահպանման և գործունեության համար անհրաժեշտ ծախսերի ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:
II. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
6. Վարչության հիմնական խնդիրներն են`
ա) օդային փոխադրումների զարգացման պետական ծրագրերի մշակումն ու իրագործումը.
բ) քաղաքացիական ավիացիայի համակարգում գիտատեխնիկական զարգացման քաղաքականության իրականացումը.
գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորություններին համապատասխան` քաղաքացիական ավիացիայի և օդային տարածքի օգտագործման կազմակերպման վերաբերյալ իրավական ակտերի նախագծերի մշակումը.
դ) իր իրավասության սահմաններում թռիչքների ապահովման համակարգերի և միջոցների, օդանավակայանների շահագործման միասնական նորմերի ու կանոնների սահմանումը.
ե) թռիչքների և ավիացիոն անվտանգության նորմերի, ավիացիոն տեխնիկայի, օդանավակայանների, օդային տարածքի օգտագործման, օդային երթևեկության միջոցների, համակարգերի, կապի և տեղեկատվության բնագավառում սահմանված ստանդարտների, նորմերի ու կանոնների պահպանման վերահսկումը.
զ) սահմանված կարգով օդանավերին, օդանավակայաններին, ավիաընկերություններին (անկախ սեփականության ձևից), ավիացիոն այլ գործառույթներ իրականացնողներին համապատասխան հավաստագրեր տալը.
է) օդային երթևեկության կառավարման մարմինների կողմից օդանավերի, վերգետնյա սարքավորումների, ռադիոտեխնիկական միջոցների և օդանավակայանների շահագործման կանոնների պահպանման վերահսկումը.
ը) հանրապետության տարածքում ավիացիոն պատահարների քննությունը, իսկ հանրապետության տարածքից դուրս տեղի ունեցած ավիացիոն պատահարների քննություն անցկացնող հանձնաժողովների աշխատանքներին մասնակցելու համար մասնագետների առանձնացումը.
թ) բոլոր քաղաքացիական ավիացիոն պատահարների հաշվառումը.
ժ) օդաչվական մասնագետների պատրաստման, որակավորման կարգերի շնորհման, օդանավերի հրամանատարների պատրաստման նորմատիվների սահմանումն ու համապատասխան կարգերի շնորհումը.
ժա) քաղաքացիական ավիացիայի օդանավերի և օդանավակայանների գրանցամատյանի վարումը.
ժբ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացիական ավիացիայի բնագավառում սակագնային քաղաքականության իրականացումը.
ժգ) քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության շահերը ներկայացնելը.
ժդ) քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունն ու նրանց որոշումների կատարման նկատմամբ վերահսկողության իրականացումը համակարգի կազմակերպություններում.
ժե) օրենսդրությամբ սահմանված կարգով օդային տրանսպորտի աշխատանքների կազմակերպման գործունեության լիցենզիաներ տալու չափանիշների սահմանումը և լիցենզիաներ, ինչպես նաև շահագործողի վկայական տալը.
ժզ) վթարային իրավիճակում հայտնված կամ աղետի ենթարկված օդանավերի որոնման աշխատանքների վերաբերյալ կանոնների մշակումը, հաստատումը և քաղաքացիական ավիացիայի համակարգում այդ աշխատանքների ղեկավարումը.
ժէ) իր իրավասության սահմաններում օդային տարածքի օգտագործման պետական կարգավորման իրականացումը.
ժը) օդային փոխադրումների շուկայի ուսումնասիրումը, դրա օգտագործման արդյունավետության բարձրացումը:
7. Վարչությունն իր հիմնական խնդիրներին համապատասխան իրականացնում է հետևյալ գործառույթները`
ա) սահմանված պահանջներին անհամապատասխանության փաստերի հայտնաբերման դեպքում դադարեցնում է օդանավերին, օդանավակայաններին, օդային ուղիներին, թռիչքների ապահովման հետ կապված ծառայություններին, օդային երթևեկության կառավարման մարմիններին տրված հավաստագրերի գործողությունը.
բ) սահմանված կարգով դադարեցնում է ավիացիոն անձնակազմի վկայականների գործողությունը.
գ) իր իրավասության սահմաններում ուսումնասիրում և համաձայնություն է տալիս օդանավակայանների շրջակայքում կառուցվելիք բարձրահարկ շենքերի ու կառույցների շինարարական նախագծերին.
դ) հսկողություն իրականացնելու նպատակով վարչության համապատասխան մասնագետներին և ներկայացուցիչներին մասնակից է դարձնում Հայաստանի Հանրապետությունում գրանցված ավիաընկերությունների թռիչքներին.
ե) սահմանված կարգով թույլատրում (արգելում) է քաղաքացիական օդանավերի մուտքը Հայաստանի Հանրապետության օդային տարածք, ինչպես նաև դրանց վայրէջքը Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում.
զ) թռիչքների անվտանգության կանոնների, ինչպես նաև ավիացիոն անվտանգության կանոնների պահպանման վերահսկողության նպատակով քաղաքացիական ավիացիայի բնագավառում գործող ընկերություններում (անկախ սեփականության ձևից) անցկացնում է ստուգումներ և գործող նորմատիվների պահանջների խախտումների հայտնաբերման դեպքում, ըստ անհրաժեշտության, դադարեցնում է տվյալ գործառույթի հետագա իրականացումը, տալիս խախտումների վերացման մասին համապատասխան հանձնարարականներ և պահանջում դրանց կատարումը.
է) հաստատում է թռիչքաբժշկական փորձագիտական և բարձրագույն որակավորման հանձնաժողովների կանոնադրությունները և կազմը, կազմակերպում դրանց որոշումների նկատմամբ բողոքարկումների քննարկումը.
ը) քաղաքացիական ավիացիայի բնագավառում գործող կազմակերպություններից (անկախ սեփականության ձևից) սահմանված կարգով ստանում է իր առջև դրված խնդիրների իրականացման համար անհրաժեշտ տեղեկություններ.
թ) իր իրավասության սահմաններում քաղաքացիական ավիացիայի բնագավառում գործող կազմակերպությունների համար (անկախ սեփականության ձևից) սահմանում է բնագավառում պարտադիր կիրառման ենթակա հաղորդագրությունների ձևերն ու ցանկը, ինչպես նաև դրանց ապահովման կարգը.
ժ) վերահսկում և հաշվառում է չվերթների իրականացման կանոնավորությունը Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում` անկախ օդանավի պատկանելությունից:
III. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
8. Վարչության համակարգը ներառում է ենթակա հիմնարկների և կազմակերպությունների ամբողջությունը:
9. Վարչությունը`
ա) սույն կանոնադրությամբ սահմանված խնդիրներն ու գործառույթներն իրականացնում է իրեն վերապահված լիազորությունների սահմաններում` չխախտելով համակարգի հիմնարկների և կազմակերպությունների` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ինքնուրույնությունը.
բ) պետական կառավարման մյուս մարմինների հետ իրականացնում է գործարար կապեր ու համագործակցություն` միջճյուղային հարցերի ուսումնասիրման և դրանց լուծման համար.
գ) ընդհանրացնում է բնագավառի օրենսդրական ակտերի կիրառման պրակտիկան, մշակում Հայաստանի Հանրապետության օրենսդրության կատարելագործման վերաբերյալ առաջարկություններ և դրանք սահմանված կարգով ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն.
դ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մասնակցում է վարչության իրավասությունների մեջ մտնող հարցերի վերաբերյալ միջազգային պայմանագրերի (համաձայնագրերի) նախագծերի մշակմանն ու քննարկմանը, կնքում միջազգային պայմանագրեր.
ե) կազմակերպում է կենտրոնական ապարատի և համակարգի աշխատողների մասնագիտական որակավորման բարձրացման, նրանց վերապատրաստման, կենտրոնական ապարատի աշխատողների ատեստավորման, համակարգում ղեկավար կադրերի ընտրության, վերապատրաստման և տեղաբաշխման աշխատանքները.
զ) անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության նախարարությունների և գերատեսչությունների հետ համատեղ արձակում է հրամաններ, համագործակցում պետական կառավարման տարածքային մարմինների հետ.
է) կազմակերպում է քաղաքացիների և իրավաբանական անձանց նամակների (բողոքներ, դիմումներ) ժամանակին քննարկումը, հասնելով դրանցում բարձրացված հարցերի ճիշտ և արդարացի լուծմանը, ինչպես նաև միջոցներ է ձեռնարկում նամակներում հաղորդվող` վարչության համակարգի աշխատանքներում տեղ գտած թերությունների վերացման համար:
10. Վարչությունը գլխավորում է պետը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:
Վարչության պետի տեղակալներին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը` խորհրդակցելով վարչության պետի հետ:
11. Վարչության պետը`
ա) պատասխանատվություն է կրում վարչության առջև դրված խնդիրների և գործառույթների կատարման համար.
բ) կատարում է վարչության պետի տեղակալների պարտականությունների բաշխում, սահմանում վարչության կենտրոնական ապարատի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների իրավասությունների սահմանները.
գ) արձակում է հրամաններ, որոնց կատարումը պարտադիր է վարչության համակարգի հիմնարկների և կազմակերպությունների համար.
դ) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում հիմնարկների և կազմակերպությունների` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող հրամաններն ու կարգադրությունները.
ե) հաստատում է վարչության կենտրոնական ապարատի կառուցվածքային ստորաբաժանումների, համակարգի հիմնարկների, ինչպես նաև 100 տոկոս պետական մասնակցությամբ կազմակերպությունների կանոնադրությունները.
զ) Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում վարչության կանոնադրությունը, կենտրոնական ապարատի կառուցվածքը, աշխատողների թիվը, կոլեգիայի կազմը.
է) ղեկավարում է վարչության կոլեգիայի նիստերը.
ը) աշխատանքի նշանակում և աշխատանքից ազատում է վարչության կենտրոնական ապարատի աշխատողներին.
թ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տալիս է լիազորագրեր.
ժ) սահմանված կարգով խրախուսում կամ կարգապահական պատասխանատվության է ենթարկում վարչության աշխատողներին.
ժա) պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է համակարգի կազմակերպությունների ղեկավարներին` տնօրեններին և նրանց տեղակալներին.
ժբ) հաստատում է ավիացիոն պատահարների քննությունն անցկացնող հանձնաժողովների կազմը և գործունեության կարգը:
12. Վարչության պետի բացակայության ժամանակ, նրա հանձնարարությամբ, պետի պարտականությունները կատարում է առաջին տեղակալը կամ տեղակալներից մեկը:
13. Վարչությունում ստեղծվում է կոլեգիա, որի կազմի մեջ մտնում են վարչության պետը (նախագահ), նրա տեղակալները` ի պաշտոնե, վարչության համակարգի այլ ղեկավար աշխատողներ:
14. Վարչության կոլեգիան իր պարբերաբար անցկացվող նիստերում քննության է առնում ոլորտի գործունեության ու զարգացման հիմնական հարցերը, քննարկում համակարգի կազմակերպությունների գործնական ղեկավարման, կատարողական կարգապահության ստուգման, ղեկավար կադրերի ընտրության ու տեղաբաշխման հարցերը, կարևորագույն հրամանների և հրահանգների նախագծերը, լսում վարչության կառուցվածքային ստորաբաժանումների, համակարգի կազմակերպությունների հաշվետվությունները:
Կոլեգիայի որոշումներն իրագործվում են, որպես կանոն, վարչության պետի հրամաններով: Վարչության պետի և կոլեգիայի անդամների միջև ծագած տարաձայնությունների դեպքում պետը կենսագործում է իր որոշումը, ծագած տարաձայնությունների մասին զեկուցելով Հայաստանի Հանրապետության վարչապետին, իսկ կոլեգիայի անդամներն իրենց հերթին կարող են իրենց կարծիքը հայտնել Հայաստանի Հանրապետության վարչապետին:
15. Կոլեգիայի նիստերին մասնակցելու համար կարող են հրավիրվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի համապատասխան ստորաբաժանման պատասխանատու աշխատողը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության նախարարությունների, գերատեսչությունների, պետական կառավարման մարմինների, մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցների ու այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ:
16. Գիտության և տեխնիկայի զարգացման հիմնական ուղղությունների վերաբերյալ առաջարկությունները քննության առնելու, ճյուղում գիտականորեն հիմնավորված միասնական տեխնիկական քաղաքականություն իրականացնելու, տնտեսավարման շուկայական ձևերն արմատավորելու վերաբերյալ հանձնարարություններ մշակելու նպատակով վարչությունում ստեղծվում է գիտատեխնիկական խորհուրդ` բաղկացած մասնագետներից, գիտական փորձագետներից (այդ թվում` օտարերկրյա), ինչպես նաև գիտատեխնիկական ընկերությունների և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներից:
Գիտատեխնիկական խորհրդի կազմը և աշխատանքային կանոնակարգը հաստատում է վարչության պետը:
Հաստատված է
ՀՀ վարչապետի 2000 թ.
դեկտեմբերի 4-ի N 816 որոշմամբ
i
ԿԱՌՈՒՑՎԱԾՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ
Գլխավոր վարչության պետի աշխատակազմ
Թռիչքների անվտանգության տեսչություն
Թռիչքային աշխատանքների կազմակերպման բաժին
Ինժեներաավիացիոն ապահովման բաժին
Օդային տարածքի կազմակերպման բաժին
Օդանավակայանային գործունեության կարգավորման բաժին
Լիցենզավորման և փոխադրումների կարգավորման բաժին
Արտադրատնտեսական վերլուծությունների բաժին
Ֆինանսահաշվային բաժին
Իրավապայմանագրային բաժին Ավիացիոն անվտանգության բաժին Առաջին բաժին Զինվորական մոբիլիզացիայի բաժին
(կառուցվածքը խմբ. 30.07.01 թիվ 565 որոշում)