Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 30.1-ՐԴ ՀՈԴ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 30.1-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ,»ԳՈՒՅՔԱՀ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում
Քաղաքացիական գործ թիվ
ԵԿԴ/0254/04/14
2017թ.
Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/0254/04/14  
Նախագահող դատավոր` Լ. Գրիգորյան
                  Դատավորներ` Ն. Բարսեղյան
                                              Մ. Հարթենյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

Նախագահությամբ Ե. Խունդկարյանի
մասնակցությամբ դատավորներ Ե. Սողոմոնյանի
Ս. Անտոնյանի
Վ. Ավանեսյանի
Ա. Բարսեղյանի
Մ. Դրմեյանի
  Գ. Հակոբյանի
Ն. Տավարացյանի

 

2017 թվականի հուլիսի 20-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Երևան համայնքի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.08.2016 թվականի որոշման դեմ` ըստ դիմումի «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբ» ՓԲԸ-ի (այսուհետ` Բանկ) ընդդեմ Էդուարդ Թախունցի` սնանկ ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Բանկը պահանջել է Էդուարդ Թախունցին ճանաչել սնանկ:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 28.07.2015 թվականի վճռով դիմումը բավարարվել է:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Կ. Պետրոսյան) (այսուհետ` Դատարան) 14.03.2016 թվականի որոշմամբ հաստատվել է Էդուարդ Թախունցի պահանջների վերջնական ցուցակը:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 26.08.2016 թվականի որոշմամբ Երևան համայնքի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 14.03.2016 թվականի որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Երևան համայնքը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 30.1-րդ հոդվածը, «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը բողոքի մերժման հիմքում նշել է, որ Երևան համայնքն իր խախտված իրավունքները վերականգնելու ուղղությամբ 09.12.2015 թվականին է դիմում ներկայացրել դատարան, հետևաբար պատասխանողի մոտ գույքահարկի գծով հարկային պարտավորությունները կարող էին առաջանալ 2015 թվականին նախորդող 3 տարիների համար, այսինքն` Երևան համայնքի կողմից բաց է թողնվել մինչև 2012 թվականը գոյացած հարկային պարտավորությունների պահանջի նկատմամբ դատարան դիմելու օրենքով սահմանված վաղեմության ժամկետը: Մինչդեռ Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ «Հարկերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» թիվ ՀՕ-96-Ն ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելուց հետո` 28.04.2012 թվականից սկսած «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանվել է 10 տարվա վաղեմության ժամկետ:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «Վերաքննիչ դատարանի 26.08.2016 թվականի որոշումը մասնակի` Երևան համայնքի պահանջը 1.397.081 ՀՀ դրամի չափով հաստատելու մասով բեկանել, այդ մասով կայացնելով նոր` Էդուարդ Թախունցի պարտատերերի վերջնական ցուցակում Երևան համայնքին 2.185.345 ՀՀ դրամի չափով պարտատեր ընդգրկելու մասին դատական ակտ»:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Երևան համայնքը 09.12.2015 թվականին Դատարան պահանջ է ներկայացրել սնանկ ճանաչված Էդուարդ Թախունցի նկատմամբ 2.185.345 ՀՀ դրամի չափով (գործի հավելվածի հատոր 1-ին, գ.թ. 22-23):

2) Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի 26.06.2015 թվականի թիվ 281488709955121532 տեղեկանքի համաձայն` Էդուարդ Թախունցին սեփականության իրավունքով պատկանող, Աբովյան թիվ 16/3, բնակարան թիվ 27 հասցեում գտնվող շինության գույքահարկի գծով հարկային պարտավորությունը 2012-2015 թվականների համար կազմում է 541.198 ՀՀ դրամ (գործի հավելվածի հատոր 1-ին, գ.թ. 25):

3) Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի 26.06.2015 թվականի թիվ 281488714695121542 տեղեկանքի համաձայն` Էդուարդ Թախունցին սեփականության իրավունքով պատկանող, Աբովյան թիվ 16/3, բնակարան թիվ 33 հասցեում գտնվող շինության գույքահարկի գծով հարկային պարտավորությունը 2011-2015 թվականների համար կազմում է 245.311 ՀՀ դրամ (գործի հավելվածի հատոր 1-ին, գ.թ. 26):

4) Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի 26.06.2015 թվականի թիվ 281488736538121552 տեղեկանքի համաձայն` Էդուարդ Թախունցին սեփականության իրավունքով պատկանող, Աբովյան թիվ 16/3, բնակարան թիվ 19 հասցեում գտնվող շինության գույքահարկի գծով հարկային պարտավորությունը 2010-2015 թվականների համար կազմում է 534.798 ՀՀ դրամ (գործի հավելվածի հատոր 1-ին, գ.թ. 27):

5) Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի 26.06.2015 թվականի թիվ 281488701005121612 տեղեկանքի համաձայն` Էդուարդ Թախունցին սեփականության իրավունքով պատկանող, Աբովյան թիվ 16/3, բնակարան թիվ 30, թիվ 31 հասցեում գտնվող շինությունների գույքահարկի գծով հարկային պարտավորությունը 2011-2015 թվականների համար կազմում է 415.605 ՀՀ դրամ(գործի հավելվածի հատոր 1-ին, գ.թ. 28):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վճռաբեկ բողոքի վարույթ ընդունումը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ստորադաս դատարանի կողմից «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 30.1-րդ հոդվածի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որն ազդել է գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ այն հարցին, թե արդյո՞ք մինչև 2012 թվականը կատարված հարկային օրենսդրության խախտումների համար կարող են առաջանալ գույքահարկի գծով հարկային պարտավորություններ, եթե տվյալ իրավախախտումները հայտնաբերվել են 2015 թվականին:

i

«Հարկերի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում սահմանված հարկատեսակ է տեղական հարկ հանդիսացող գույքահարկը:

i

«Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն` գույքահարկը սեփականության իրավունքով նույն օրենքի 3-րդ հոդվածում նշված անձանց պատկանող հարկվող օբյեկտ համարվող գույքի համար նույն օրենքով սահմանված կարգով և չափով համապատասխան բյուջեներ վճարվող ուղղակի հարկ է, որը կախված չէ հարկ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից:

i

«Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գույքահարկ վճարող են համարվում (...) Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները, ինչպես նաև քաղաքացիություն չունեցող անձինք, որոնց Հայաստանի Հանրապետության տարածքում պատկանում է նույն օրենքի 4-րդ հոդվածով սահմանված հարկվող օբյեկտ համարվող գույքը (...):

i

«Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` նույն օրենքի իմաստով գույքահարկով հարկվող օբյեկտ են համարվում շենքերը և շինությունները (...)` բնակելի նշանակության շինությունները:

i

«Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ֆիզիկական անձանց համար գույքահարկի հաշվետու ժամանակաշրջան է համարվում օրացուցային տարին:

i

«Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` ֆիզիկական անձինք գույքահարկի տարեկան գումարը նույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով համապատասխան բյուջե են վճարում մինչև հաշվետու տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ (...):

Նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և համամասնությամբ գույքահարկի գումարը վճարվում է համայնքի վարչական տարածքում գտնվող շինությունների համար` հարկվող օբյեկտի գտնվելու վայրի համայնքի բյուջե, իսկ համայնքների վարչական տարածքներից դուրս գտնվող շինությունների համար` Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

i

«Հարկերի մասին» ՀՀ օրենքի 29.1-րդ հոդվածի համաձայն` հարկային պարտավորությունների գծով գումարների վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում հարկային մարմինը կամ տեղական ինքնակառավարման մարմինը որոշում է կայացնում հարկ վճարողից ժամանակին չվճարված գումարը գանձելու վերաբերյալ և այդ մասին պատշաճ ծանուցում վերջինիս (...):

i

«Հարկերի մասին» ՀՀ օրենքի 30.1-րդ հոդվածի` ներկայումս (28.04.2012 թվականից) գործող խմբագրության համաձայն` հարկային օրենսդրության խախտումներ հայտնաբերելու դեպքում հարկային պարտավորություններ չեն կարող առաջանալ, եթե տվյալ խախտումը հայտնաբերվել է այն կատարելու տարվան անմիջապես հաջորդող երեք տարին լրանալուց հետո, բացառությամբ «Գույքահարկի մասին» և «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերի (...):

«Հարկերի մասին» ՀՀ օրենքի 30.1-րդ հոդվածի` մինչև 28.04.2012 թվականը գործող խմբագրության համաձայն` հարկային օրենսդրության խախտումներ հայտնաբերելու դեպքում հարկային պարտավորություններ չեն կարող առաջանալ, եթե տվյալ խախտումը հայտնաբերվել է այն կատարելու տարվան անմիջապես հաջորդող երեք տարին լրանալուց հետո:

«Հարկերի մասին» ՀՀ օրենքի 30.1-րդ հոդվածի վերոգրյալ փոփոխությունները կատարվել են 21.03.2012 թվականին ընդունված և 28.04.2012 թվականին ուժի մեջ մտած ««Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» թիվ ՀՕ-96-Ն ՀՀ օրենքով:

i

«Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի` 28.04.2012 թվականից գործող խմբագրությամբ 17-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` նույն օրենքով սահմանված գույքահարկի վճարման գծով խախտումներ հայտնաբերվելու դեպքում գույքահարկի գծով հարկային պարտավորություններ չեն կարող առաջանալ, եթե տվյալ խախտումը կատարելուց հետո անցել է տասը տարի:

«Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածը վերոգրյալ բովանդակությամբ 4-րդ մասով լրացվել է 21.03.2012 թվականին ընդունված և 28.04.2012 թվականին ուժի մեջ մտած ««Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» թիվ ՀՕ-94-Ն ՀՀ օրենքով:

Երվանդ Ոսկանյանն ընդդեմ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի գործով անդրադառնալով 2008, 2009, 2010 և 2011 թվականներին կատարված հարկային օրենսդրության խախտումների համար գույքահարկի գծով հարկային պարտավորություններ առաջանալու հնարավորությանն այն դեպքում, եթե տվյալ իրավախախտումները հայտնաբերվել են 2015 թվականին, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է հետևյալը.

1. որպես ընդհանուր կանոն` հարկային օրենսդրության խախտման համար հարկային պարտավորությունների առաջացման վաղեմության ժամկետը երեք տարի է, որի հաշվարկման սկիզբն իրավախախտման կատարման տարվան անմիջապես հաջորդող տարին է,

2. որպես բացառություն ընդհանուր կանոնից` գույքահարկի գծով հարկային օրենսդրության խախտման համար հարկային պարտավորությունների առաջացման վաղեմության ժամկետը տասը տարի է, որի հաշվարկման սկիզբն իրավախախտման կատարման պահն է,

3. հարկային պարտավորությունների առաջացման վաղեմության թե՛ ընդհանուր, թե՛ հատուկ ժամկետների հաշվարկման անհրաժեշտությունը ծագում է հարկային իրավախախտման հայտնաբերման պահին, քանի որ հարկային պարտավորությունների առաջացումը պայմանավորված է վաղեմության ժամկետի` տվյալ իրավախախտման հայտնաբերման պահին լրացած լինելու կամ չլինելու հանգամանքով:

ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ ««Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» թիվ ՀՕ-96-Ն և »»Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» թիվ ՀՕ-94-Ն ՀՀ օրենքների` ժամանակի մեջ գործողության իրավակիրառ պրակտիկան պետք է ընթանա հետևյալ ուղղությամբ. նշված օրենքները տարածվում են դրանց ուժի մեջ մտնելուց` 28.04.2012 թվականից հետո հայտնաբերված հարկային օրենսդրության խախտումների նկատմամբ, և քննարկվող օրենքների` ժամանակի մեջ գործողության կանոնի բովանդակությունը հանգում է հետևյալին.

1. եթե գույքահարկի գծով հարկային օրենսդրության խախտումը կատարվել է և իրավասու վարչական մարմնի կողմից հայտնաբերվել է մինչև 28.04.2012 թվականը, ապա այդ դեպքում կիրառելի է «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 30.1-րդ հոդվածի` մինչև 28.04.2012 թվականը գործող խմբագրությամբ սահմանված իրավարգավորումը.

2. եթե գույքահարկի գծով հարկային օրենսդրության խախտումը կատարվել է և իրավասու վարչական մարմնի կողմից հայտնաբերվել է 28.04.2012 թվականից հետո, ապա այդ դեպքում կիրառելի է «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 30.1-րդ հոդվածի` ներկայումս (28.04.2012 թվականից) գործող խմբագրությամբ և «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի` 28.04.2012 թվականից գործող խմբագրությամբ 17-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված իրավակարգավորումը.

3. եթե գույքահարկի գծով հարկային օրենսդրության խախտումը կատարվել է մինչև 28.04.2012 թվականը, սակայն իրավասու վարչական մարմնի կողմից հայտնաբերվել է 28.04.2012 թվականին կամ դրանից հետո, ապա այդ դեպքում վաղեմության ժամկետների վերաբերյալ տարբեր ժամանակաշրջաններում գործող օրենսդրական կարգավորումների կիրառման հարցը պետք է լուծվի` հիմք ընդունելով այն հանգամանքը, թե 28.04.2012 թվականի դրությամբ հարկային օրենսդրության խախտումը կատարելու տարվան անմիջապես հաջորդող երեք տարվա ժամկետը լրացած եղել է, թե` ոչ. այսպես`

- եթե գույքահարկի գծով հարկային օրենսդրության խախտումը կատարվել է մինչև 28.04.2012 թվականը, սակայն իրավասու վարչական մարմնի կողմից հայտնաբերվել է 28.04.2012 թվականին կամ դրանից հետո, և 28.04.2012 թվականի դրությամբ հարկային օրենսդրության խախտումը կատարելու տարվան անմիջապես հաջորդող երեք տարվա ժամկետը լրացած է եղել, ապա այդ իրավախախտման համար հարկային պարտավորություններ առաջադրելիս կիրառվում է «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 30.1-րդ հոդվածի` մինչև 28.04.2012 թվականը գործող խմբագրությամբ սահմանված իրավարգավորումը,

i

- եթե գույքահարկի գծով հարկային օրենսդրության խախտումը կատարվել է մինչև 28.04.2012 թվականը, սակայն իրավասու վարչական մարմնի կողմից հայտնաբերվել է 28.04.2012 թվականին կամ դրանից հետո, և 28.04.2012 թվականի դրությամբ հարկային օրենսդրության խախտումը կատարելու տարվան անմիջապես հաջորդող երեք տարվա ժամկետը լրացած չի եղել, ապա այդ իրավախախտման համար հարկային պարտավորություններ առաջադրելիս կիրառվում է «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 30.1-րդ հոդվածի` ներկայումս (28.04.2012 թվականից) գործող խմբագրությամբ և «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի` 28.04.2012 թվականից գործող խմբագրությամբ 17-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված իրավակարգավորումը (տե՛ս, Երվանդ Ոսկանյանն ընդդեմ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի թիվ ՎԴ/0721/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2017 թվականի որոշումը):

 

Սույն գործի փաստերի համաձայն` Երևան համայնքը 09.12.2015 թվականին Դատարան պահանջ է ներկայացրել սնանկ ճանաչված Էդուարդ Թախունցի նկատմամբ 2.185.345 ՀՀ դրամի չափով: Պահանջին կից ներկայացված` Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի կողմից տրված տեղեկանքների համաձայն` Էդուարդ Թախունցի` գույքահարկի գծով հարկային պարտավորությունները տարբեր շինությունների մասով գոյացել են 2010-2015 թվականների ընթացքում, որը հայտնաբերվել է 26.06.2015 թվականին:

Դատարանը 14.03.2016 թվականի որոշմամբ Էդուարդ Թախունցի պահանջների վերջնական ցուցակում Երևան համայնքի կողմից ներկայացված պահանջը հաստատել է մասնակի` չհաստատված մասի նկատմամբ կիրառելով մինչև 28.04.2012 թվականը գործող խմբագրությամբ «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 30.1-րդ հոդվածը և պատճառաբանելով, որ Էդուարդ Թախունցի մոտ գույքահարկի գծով հարկային պարտավորություններ կարող էին առաջանալ 2015 թվականին նախորդած 3 տարիների համար:

Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը մերժելիս արձանագրել է, որ մինչև 28.04.2012 թվականը գործող կանոնակարգմամբ` այն դեպքում, երբ հարկային օրենսդրության խախտումը հայտնաբերվում է այն կատարելու տարվան անմիջապես հաջորդող երեք տարին լրանալուց հետո, հարկային պարտավորություններ առաջանալ չեն կարող: Միաժամանակ, մինչև փոփոխություններ կամ լրացումներ նախատեսող իրավական ակտի ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա օրենքի ուժով տարածելի են մինչև վերջինիս ուժի մեջ մտնելը գործող նորմերը: ՈՒստի, գույքահարկի գծով մինչև 2012 թվականը ծագած հարաբերությունների նկատմամբ կիրառելի է մինչև 28.04.2012 թվականը գործող խմբագրությամբ «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 30.1-րդ հոդվածի 1-ին պարբերությունը:

 

Մինչդեռ վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.

Սույն գործով նկատի ունենալով, որ գույքահարկի գծով Էդուարդ Թախունցի կողմից հարկային օրենսդրության խախտումը կատարվել է մինչև 28.04.2012 թվականը, իրավասու մարմնի կողմից խախտումը հայտնաբերվել է 28.04.2012 թվականից հետո, և 28.04.2012 թվականի դրությամբ հարկային օրենսդրության խախտումը կատարելու տարվան անմիջապես հաջորդող երեք տարվա ժամկետը լրացած չի եղել, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Էդուարդ Թախունցի իրավախախտման համար հարկային պարտավորություններ առաջադրելիս պետք է կիրառվեր «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 30.1-րդ հոդվածի` ներկայումս (28.04.2012 թվականից) գործող խմբագրությամբ և «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի` 28.04.2012 թվականից գործող խմբագրությամբ 17-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված իրավակարգավորումը, ինչն անտեսվել է ստորադաս դատարանների կողմից: ՈՒստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նման պարագայում սույն գործով առկա է նոր քննության անհրաժեշտություն` կապված գույքահարկի պարտավորության նկատմամբ կիրառված օրենքով սահմանված վաղեմության ժամկետի հաշվարկման և ըստ այդմ գույքահարկի գծով պարտավորության չափի որոշման հետ` հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը` Էդուարդ Թախունցի պահանջների վերջնական ցուցակը Երևան համայնքի պահանջի մասով հաստատելու մասով, նոր քննության ուղարկելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.08.2016 թվականի որոշումը և գործը` Էդուարդ Թախունցի պահանջների վերջնական ցուցակը Երևան համայնքի պահանջի մասով հաստատելու մասով, ուղարկել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ե. Խունդկարյան
Դատավորներ` Ե. Սողոմոնյան
Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
Ն. Տավարացյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
20.07.2017
N ԵԿԴ/0254/04/14
Որոշում