ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ
դատարանի որոշում թիվ ԵԿԴ/4072/02/14
Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/4072/02/14 2016թ.
Նախագահող դատավոր` Կ. Հակոբյան
Դատավորներ` Ա. Խառատյան
Տ. Նազարյան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական
պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Ե. Խունդկարյանի
մասնակցությամբ դատավորներ Ռ. Հակոբյանի
Ս. Անտոնյանի
Վ. Ավանեսյանի
Ա. Բարսեղյանի
Մ. Դրմեյանի
գ. Հակոբյանի
Տ. Պետրոսյանի
Ե. Սողոմոնյանի
Ն. Տավարացյանի
2016 թվականի ապրիլի 22-ին
դռնբաց դատական նիստում, քննելով «ՓԼԵՅ ԳՈԼԴ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) ներկայացուցիչ Կարինե Լալաբեկյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.10.2015 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Ընկերության ընդդեմ «ՊրոԿրեդիտ Բանկ» ՓԲԸ-ի (այսուհետ` Բանկ)` որոշակի գործողություն կատարելուն պարտադրելու և գումար բռնագանձելու պահանջների մասին
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է Բանկին պարտադրել իր հաշվին փոխանցել որպես վարկ տրամադրված 140.000 ԱՄՆ դոլարը, ինչպես նաև բռնագանձել այդ գումարի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածին համապատասխան վճարման ենթակա տոկոսները` սկսած 29.04.2014 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Էդ. Ավետիսյան) (այսուհետ` Դատարան) 02.07.2015 թվականի վճռով հայցը մերժվել է, Ընկերությունից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե բռնագանձվել է 1.310.000 ՀՀ դրամ` որպես պետական տուրք:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 20.10.2015 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 02.07.2015 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ, ինչպես նաև Ընկերությունից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե բռնագանձվել է 4.200 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, 140.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի նկատմամբ սկսած 29.04.2014 թվականից մինչև Վերաքննիչ դատարանի որոշման կայացման օրը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկված տոկոսագումարի 3%-ը` որպես ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.07.2015 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերության ներկայացուցիչը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 447-րդ, 1092-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ և 53-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել գործում առկա ապացույցները, որի հետևանքով անտեսել է, որ Բանկի և Ընկերության միջև կնքված գլխավոր վարկային պայմանագրի ու ենթավարկային պայմանագրի շրջանակներում Բանկը, տեղյակ լինելով, որ Ընկերությունը դեռևս գրավի առարկաները չի ներկայացրել և չի ձևակերպել, սեփական ռիսկով Ընկերության հաշվին է փոխանցել 140.000 ԱՄՆ դոլար` առանց Ընկերությանը տեղյակ պահելու:
Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ հետագայում Բանկը միակողմանի, ինքնակամ, առանց պայմանագրով նախատեսված կարգով Ընկերությանը պահանջ ներկայացնելու և տեղեկացնելու, դատարանի վճռի բացակայության պայմաններում վերջինիս հաշվին առկա ողջ գումարը հետ է գանձել` խախտելով նրա իրավունքները և վնաս պատճառելով նրան:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Դատարանը սխալ է մեկնաբանել Բանկի Տնօրինության 08.06.2010 թվականի որոշմամբ հաստատված Վարկավորման հիմնական պայմանների (այսուհետ` Վարկավորման հիմնական պայմաններ) 6.1 և Բանկի 26.12.2012 թվականի Տնօրինության նիստի թիվ 40 որոշմամբ հաստատված Բանկային ծառայությունների մատուցման հիմնական պայմանների (այսուհետ` Ծառայությունների մատուցման հիմնական պայմաններ) 13.5 կետերի դրույթները, քանի որ Բանկին իրավունք վերապահված չի եղել անակցեպտ կարգով Ընկերության հաշվից բռնագանձելու պարտավորության ողջ գումարը: Բանկն իրավունք է ունեցել Ընկերությունից պահանջելու անհապաղ վերադարձնել վարկի ամբողջ գումարը` հաշվարկված տոկոսների և տույժերի հետ միասին, որպիսի իրավունքի առկայությունը դեռևս բավարար չէր միակողմանի, անակցեպտ կարգով Ընկերության հաշիվները տնօրինելու համար:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նաև, որ Ծառայությունների մատուցման հիմնական պայմանների 13.5 կետը վերաբերում է անակցեպտ կարգով Ընկերության հաշվից ծառայության վճարները և միջնորդավճարները բռնագանձելուն: Նշված կետում սահմանվել է, որ անակցեպտ կարգով հաշվից բռնագանձում իրականացնելու համար անհրաժեշտ է հաճախորդի համաձայնությունը, որը բացակայում է:
Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ Վարկավորման հիմնական պայմանների 8.3 կետով Բանկին իրավունք էր վերապահված նույն պայմանների 6-րդ կետը խախտելու դեպքում դիմելու դատարան` օրենքով սահմանված կարգով բռնագանձում տարածելու համար:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 20.10.2015 թվականի որոշումը և փոփոխել այն` հայցը բավարարել:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) Բանկի և Ընկերության միջև 28.03.2014 թվականին կնքված գլխավոր վարկային պայմանագրի (այսուհետ` Գլխավոր վարկային պայմանագիր) 1.1 կետի համաձայն` Բանկը պատրաստակամություն է հայտնել Ընկերությանը մատչելի դարձնելու առավելագույնը 300.000.000 ՀՀ դրամի հաջորդական վարկեր, վարկային գծեր, օվերդրաֆտներ և Բանկում գործող այլ ֆինանսական ծառայություններ, իսկ նույն պայմանագրի 2.1 կետի համաձայն` Ընկերությունը պարտավորվել է 15 օրվա ընթացքում Բանկին գրավ դնել նույն կետում նշված թվով 4 անվանում գույքը, իսկ նշված պայմանը չկատարելու դեպքում Բանկին իրավունք է վերապահվել Ընկերությունից պահանջելու վաղաժամկետ կատարել վարկային պարտավորություններն ամբողջ ծավալով: Ընկերության կողմից վարկային պարտավորությունները վաղաժամկետ չկատարելու դեպքում Բանկին իրավունք է վերապահվել իր պահանջները բավարարելու Ընկերության գույքի հաշվին (գ.թ. 9).
2) Գլխավոր վարկային պայմանագրի 3.3 կետի բովանդակությունից բխում է, որ Վարկավորման հիմնական պայմաններն այդ պայմանագրի անբաժանելի մասն են (գ.թ. 9).
3) Գլխավոր վարկային պայմանագրի 3.4 կետի համաձայն` այդ պայմանագրից բխող բոլոր հարաբերությունները կարգավորվում են նշված պայմանագրի կնքման պահին գործող Բանկի ներքին իրավական ակտերին և ՀՀ գործող օրենսդրությանը համապատասխան (գ.թ. 9).
4) Ծառայությունների մատուցման հիմնական պայմանների 13.5 կետի համաձայն` Բանկն իրավունք ունի անակցեպտ կարգով Ընկերության հաշվից գանձելու բոլոր ծառայությունների դիմաց սահմանված վճարները, ՀՀ օրենսդրությամբ սահմանված այլ հիմքերով առաջացած պարտավորությունների գումարները..., ինչպես նաև երրորդ անձանց կողմից մատուցված ծառայությունների վճարները, որոնք կազմել են Ընկերությանը մատուցված ծառայությունների մաս (գ.թ. 12-14).
5) Վարկավորման հիմնական պայմանների 6.1 կետի համաձայն` Բանկը, անկախ ստորև նշված խախտման համար նախատեսված տույժերի կամ տուգանքների վճարման հանգամանքից, իրավունք ունի Ընկերությունից պահանջելու անհապաղ վերադարձնել վարկի ամբողջ գումարը` հաշվարկված տոկոսների, տույժերի և այլ վճարումների հետ միասին, եթե Ընկերության կողմից վարկային պայմանագրով, դրա հավելվածներով, Վարկավորման հիմնական պայմաններով, դրա կատարումն ապահովող պայմանագրերով, ինչպես նաև այլ պայմանագրերով նախատեսված և Ընկերության ու Բանկի միջև օրենքով նախատեսված այլ հիմքերով առաջացած որևէ պարտավորություն, պայման, դրույթ խախտվել է, չի ապահովվել կամ ոչ պատշաճ է կատարվել (գ.թ. 45).
6) Բանկի գործադիր տնօրենի` Ընկերության տնօրենին հասցեագրված 23.06.2014 թվականի թիվ 754 գրության համաձայն` Գլխավոր վարկային պայմանագրի 2.1 կետում նշված պարտավորությունն Ընկերությունը կատարել է ոչ պատշաճ` նույն կետում նշված թվով 4 անվանում գույքը 15 օրվա ընթացքում Բանկին գրավ չի դրել, որի հետևանքով վերջինս Ընկերության հաշվին առկա միջոցներից 29.04.2014 թվականին վաղաժամկետ մարել է վարկի գումարը: Այդ միջոցները բավարար չեն եղել վարկային պարտավորությամբ առաջացած պարտքն ամբողջությամբ մարելու համար (գ.թ. 15).
7) Բանկի և Ընկերության միջև 28.03.2014 թվականին կնքված ենթավարկային պայմանագրի համաձայն` Բանկն Ընկերությանը տրամադրել է 140.000 ԱՄՆ դոլար վարկ, որը Ընկերության հաշվին փոխանցել է 28.03.2014 թվականին (գ.թ. 10, 15):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
i
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` բանկի կողմից վարկի գումարի անակցեպտ կարգով հետ գանձման իրավունքի վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար: Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է նաև 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 447-րդ, 1092-րդ հոդվածները և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը խախտելու հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ վարկատուի կողմից անակցեպտ կարգով վարկառուի հաշվից գումարների գանձման հնարավորության հարցին:
i
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 887-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` վարկային պայմանագրով բանկը կամ այլ վարկային կազմակերպությունը (վարկատուն) պարտավորվում է պայմանագրով նախատեսված չափերով և պայմաններով դրամական միջոցներ (վարկ) տրամադրել փոխառուին, իսկ փոխառուն պարտավորվում է վերադարձնել ստացված գումարը և տոկոսներ վճարել դրանից:
Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` վարկային պայմանագրից բխող հարաբերությունների նկատմամբ կիրառվում են նույն օրենսգրքի 46 գլխում նախատեսված կանոնները, եթե այլ բան նախատեսված չէ նույն գլխի կանոններով և վարկային պայմանագրով:
Վկայակոչված հոդվածի վերլուծությունից բխում է, որ վարկային պայմանագրով վարկատուն ստանձնում է վարկառուին դրամական միջոցներ տրամադրելու պարտականություն, ինչպես նաև ձեռք է բերում իրավունք` պահանջելու հետ վերադարձնել այդ դրամական միջոցները և տոկոսներ վճարել դրանցից, իսկ վարկառուն, իր հերթին, ձեռք է բերում այդ միջոցներն ստանալու իրավունք և ստանձնում վարկատուին տոկոսներ վճարելու ու ստացված միջոցները վերադարձնելու պարտականություն: Միաժամանակ նշված հոդվածով ամրագրվել է, որ վարկային հարաբերությունների նկատմամբ փոխառության հարաբերությունները կարգավորող ՀՀ քաղաքացիական օրենսգրքի նորմերը կիրառելի են, եթե այլ բան նախատեսված չէ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի` վարկային հարաբերությունները կարգավորող նորմերով և բուն վարկային պայմանագրով: Այսինքն` վարկային հարաբերությունները կարգավորելու առումով օրենսդիրը նախապատվությունը տվել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի` վարկային հարաբերությունները կարգավորող նորմերին և վարկային պայմանագրին, որոնցով այլ բան նախատեսված չլինելու դեպքում միայն տվյալ հարաբերությունների նկատմամբ կարող են գործել փոխառության հարաբերությունները կարգավորող ՀՀ քաղաքացիական օրենսգրքի նորմերը:
Անդրադառնալով վարկային հարաբերությունների շրջանակներում վարկատուի կողմից վարկառուի դրամական միջոցների անակցեպտ գանձման հնարավորությանը` Վճռաբեկ դատարանը նախևառաջ հարկ է համարում նշել, որ անակցեպտ գանձումը, ընդհանրապես, բանկի կողմից հաճախորդի հաշվից դրամական միջոցների գանձումն է` առանց վերջինիս առանձին կարգադրության, սակայն պայմանով, որ հաճախորդն այդպիսի գանձման համաձայնությունը նախապես տվել է կողմերի միջև կնքված պայմանագրով:
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ո՛չ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի` վարկային հարաբերությունները կարգավորող նորմերով, ո՛չ նույն օրենսգրքի` փոխառության հարաբերությունները կարգավորող նորմերով նախատեսված չէ վարկառուի հաշվից վարկի գումարի անակցեպտ գանձման բանկի (վարկատուի) իրավունքը: Այդուհանդերձ, պայմանագրի ազատության սկզբունքից ելնելով և հիմք ընդունելով վարկային պայմանագրի առանձնահատկությունները, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդպիսի իրավունքը կարող է նախատեսված լինել վարկային պայմանագրով: Ընդ որում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վարկային պայմանագրով կարող է նախատեսված լինել ոչ միայն վարկառուի հաշվից որոշակի վճարների, այլև վարկի գումարի անակցեպտ գանձման բանկի իրավունքը: Սակայն ելնելով կողմերի հավասարության և քաղաքացիական իրավունքների անարգել իրականացման անհրաժեշտության սկզբունքներից` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ վարկի գումարն անակցեպտ գանձելու բանկի իրավունքը չի կարող լինել ինքնանպատակ, այլ պետք է պայմանավորված լինի որոշակի հանգամանքների վրա հասնելու փաստով (օրինակ` վարկառուի կողմից վարկային պայմանագրի պայմանների խախտմամբ), հակառակ դեպքում այդպիսի իրավունքը կհակասի վարկային հարաբերությունների բուն էությանը:
Վերոգրյալի հիման վրա անդրադառնալով սույն գործի փաստերին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
Գլխավոր վարկային պայմանագրի 2.1 կետի համաձայն` Ընկերությունը պարտավորվել է 15 օրվա ընթացքում Բանկին գրավ դնել նույն կետում նշված` թվով 4 անվանում գույքը: Նշված պայմանը չկատարելու դեպքում Բանկին իրավունք է վերապահվել Ընկերությունից պահանջելու վաղաժամկետ կատարել վարկային պարտավորություններն ամբողջ ծավալով, իսկ Ընկերության կողմից վարկային պարտավորությունները վաղաժամկետ չկատարելու դեպքում` իր պահանջները բավարարելու Ընկերության գույքի հաշվին:
Վարկավորման հիմնական պայմանների 6.1 կետի համաձայն` Բանկը, անկախ ստորև նշված խախտման համար նախատեսված տույժերի կամ տուգանքների վճարման հանգամանքից, իրավունք ունի Ընկերությունից պահանջել անհապաղ վերադարձնել վարկի ամբողջ գումարը` հաշվարկված տոկոսների, տույժերի և այլ վճարումների հետ միասին, եթե Ընկերության կողմից վարկային պայմանագրով, դրա հավելվածներով, Վարկավորման հիմնական պայմաններով, դրա կատարումն ապահովող պայմանագրերով, ինչպես նաև այլ պայմանագրերով նախատեսված և Ընկերության ու Բանկի միջև օրենքով նախատեսված այլ հիմքերով առաջացած որևէ պարտավորություն, պայման, դրույթ խախտվել է, չի ապահովվել կամ ոչ պատշաճ է կատարվել:
Ընկերությունը Գլխավոր վարկային պայմանագրի 2.1 կետում նշված իր պարտավորությունը, համաձայն Բանկի գործադիր տնօրենի 23.06.2014 թվականի թիվ 754 գրության, կատարել է ոչ պատշաճ, քանի որ նույն կետում նշված գույքն ամբողջությամբ Բանկում գրավ չի դրել: Նշված հանգամանքը Բանկի համար հիմք է հանդիսացել անակցեպտ կարգով Ընկերության հաշվից հետ գանձելու արդեն իսկ տրամադրված վարկի գումարը:
Սույն գործով Դատարանը, պատճառաբանելով, որ «Գլխավոր վարկային պայմանագրի 2.1 կետով նախատեսված է, որ Վարկառուն պարտավորվում է 15 օրվա ընթացքում Բանկին գրավ դնել պայմանագրի նույն կետով նախատեսված գույքը, ինչը չի կատարվել, այսինքն` Վարկառուի կողմից թույլ է տրվել Գլխավոր վարկային պայմանագրի հիշյալ կետի խախտում», «Գլխավոր վարկային պայմանագրի անբաժանելի մաս են կազմում «Վարկավորման հիմնական պայմանները», որն Ընկերության տնօրենն ստացել է 28.03.2014 թվականին», «Վարկավորման պայմանների 6.1 կետի համաձայն` Բանկն իրավունք ունի Վարկառուից պահանջելու անհապաղ վերադարձնել վարկի ամբողջ գումարը` հաշվարկված տոկոսների, տույժերի և այլ վճարների հետ միասին, եթե Վարկառուն թույլ է տվել Գլխավոր վարկային պայմանագրով նախատեսված որևէ պարտավորության, պայմանի խախտում», «ստորագրելով հաշվի բացման դիմում-պայմանագիրը` Ընկերությունը Բանկին թույլատրել է իր հաշիվներից գանձել բոլոր կիրառելի միջնորդավճարներն ու այլ վճարները», իսկ «Բանկային ծառայությունների մատուցման հիմնական պայմանների 13.5 կետով հստակ սահմանված է, որ Բանկն իրավունք ունի անակցեպտ կարգով գանձել հաճախորդի հաշվից բոլոր ծառայությունների դիմաց սահմանված վճարները, ինչպես նաև ՀՀ օրենսդրությամբ սահմանված այլ հիմքերով առաջացած պարտավորությունների գումարները, որոնք համաձայնեցված են Բանկի և հաճախորդի միջև», գտել է, որ Բանկի գործողությունը` կապված «Ընկերության հաշվից վերջինիս տրամադրված վարկի գումարի մեծ մասի անակցեպտ գանձումը, չի կարող որևէ պարագայում որակվել որպես անհիմն, անօրինական և պայմանագրով չնախատեսված հիմքերով անհիմն հարստացում»:
Վերաքննիչ դատարանը, Ընկերության վերաքննիչ բողոքը մերժելով և Դատարանի վճիռը թողնելով օրինական ուժի մեջ, ըստ էության, հիմնավոր է համարել դատարանի վերը նշված եզրահանգումները:
Մինչդեռ վերոնշյալ դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով ստորադաս դատարանների պատճառաբանություններին` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:
Նշված նորմի վերլուծությունից հետևում է, որ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի հաստատված լինելու հարցը դատարանը պարզում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները սույն գործում առկա ապացույցները չեն գնահատել բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ հետևյալ պատճառաբանությամբ.
Ծառայությունների մատուցման հիմնական պայմանների 13.5 կետի համաձայն` Բանկն իրավունք ունի անակցեպտ կարգով գանձելու Ընկերության հաշվից բոլոր ծառայությունների դիմաց սահմանված վճարները, ՀՀ օրենսդրությամբ սահմանված այլ հիմքերով առաջացած պարտավորությունների գումարները..., որոնք սահմանված են Սակագներով, կամ այլ կերպ համաձայնեցված են Բանկի և հաճախորդի միջև, ինչպես նաև երրորդ անձանց կողմից մատուցված ծառայությունների վճարները, որոնք կազմել են Ընկերությանը մատուցված ծառայությունների մաս:
i
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 447-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պայմանագրի պայմանները մեկնաբանելիս` դատարանը պետք է ելնի նրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից: Պայմանագրի պայմանի տառացի նշանակությունը պարզ չլինելու դեպքում այն սահմանվում է պայմանագրի մյուս պայմանների և պայմանագրի ամբողջական իմաստի հետ համադրելու միջոցով: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` եթե նույն հոդվածի 1-ին կետում պարունակվող կանոնները հնարավորություն չեն տալիս որոշել պայմանագրի բովանդակությունը, ապա պետք է պարզվի կողմերի իրական ընդհանուր կամքը` հաշվի առնելով պայմանագրի նպատակը: Ընդ որում, նկատի են առնվում բոլոր համապատասխան հանգամանքները` ներառյալ պայմանագրին նախորդող բանակցությունները և թղթակցությունը, կողմերի փոխադարձ հարաբերություններում հաստատված գործելակերպը, գործարար շրջանառության սովորույթները, կողմերի հետագա վարքը:
i
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ անդրադարձել է պայմանագրի մեկնաբանման հարցին և արձանագրել է, որ վերոնշյալ հոդվածն ամրագրում է պայմանագրի մեկնաբանության երեք կանոն` պայմանագրի մեկնաբանումը` ելնելով դրա բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից, պայմանագրի մեկնաբանումը` համադրելով այն պայմանագրի մյուս պայմանների և պայմանագրի ամբողջական իմաստի հետ, և պայմանագրի մեկնաբանումը կողմերի իրական ընդհանուր կամքը պարզելու միջոցով: Ընդ որում, այդ կանոնները կիրառվում են հաջորդաբար (տե՛ս «Կարատ» ՍՊԸ-ն ընդդեմ «Էգնա Շին» ՍՊԸ-ի թիվ ՇԴ1/0303/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.05.2011 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ծառայությունների մատուցման հիմնական պայմանների 13.5 կետի տառացի նշանակությունը Վճռաբեկ դատարանի համար պարզ է և հնարավորություն է տալիս որոշելու դրա բովանդակությունը, որպիսի հանգամանքները բավարար են այդ կետը մեկնաբանել` ելնելով դրանում առկա բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից:
Վճռաբեկ դատարանը, Ծառայությունների մատուցման հիմնական պայմանների 13.5 կետը դրանում առկա բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից ելնելով, մեկնաբանելու արդյունքում արձանագրում է, որ դրանով Բանկին իրավունք է վերապահվել անակցեպտ կարգով Ընկերության հաշվից գանձելու միայն Բանկի կողմից մատուցված բոլոր ծառայությունների դիմաց սահմանված վճարները, ՀՀ օրենսդրությամբ սահմանված այլ հիմքերով առաջացած պարտավորությունների գումարները, որոնք համաձայնեցված են Բանկի և հաճախորդի միջև, ինչպես նաև երրորդ անձանց կողմից մատուցված ծառայությունների վճարները, որոնք կազմել են Ընկերությանը մատուցված ծառայությունների մաս: Նշված կանոնը ներառված է «Միջնորդավճարներ և այլ վճարներ» վերտառությամբ բաժնում, որի 13.1 կետի համաձայն` հաճախորդը պարտավորվում է Բանկին միջնորդավճար վճարել մատուցված ծառայությունների դիմաց..., որի չափը որոշվում է Բանկի կողմից սահմանված համապատասխան սակագներով:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Բանկի կողմից անակցեպտ կարգով հետ գանձված գումարը, որն իրենից ներկայացրել է Ընկերությանը տրամադրված վարկի գումար, վերը նշված կանոնի իմաստով միջնորդավճար կամ այլ վճար չէր կարող հանդիսանալ: Բացի այդ, ինչպես արդեն իսկ նշվեց վերը, Գլխավոր վարկային պայմանագրի 2.1 կետով և Վարկավորման հիմնական պայմանների 6.1 կետով Գլխավոր վարկային պայմանագրով նախատեսված որևէ պարտավորություն, այդ թվում նաև` այդ պայմանագրի 2.1 կետում նշվածը չկատարելու դեպքում Բանկին իրավունք է վերապահվել Ընկերությունից պահանջելու վաղաժամկետ կատարել վարկային պարտավորություններն ամբողջ ծավալով` անհապաղ վերադարձնել վարկի ամբողջ գումարը` հաշվարկված տոկոսների, տույժերի և այլ վճարումների հետ միասին: Ընդ որում, Գլխավոր վարկային պայմանագրի 3.4 կետի համաձայն` պայմանագրի առնչությամբ կողմերի միջև ծագած վեճերը լուծվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Բանկի և Ընկերության միջև կնքված վարկային պայմանագրով կամ դրա անբաժանելի մասը կազմող պայմաններով նախատեսված չէ Ընկերության կողմից պայմանագրով նախատեսված պարտավորությունները չկատարելու դեպքում վերջինիս տրամադրված վարկի գումարն անակցեպտ հետ գանձելու Բանկի իրավունքը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1092-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` անձը, ով առանց օրենքով, այլ իրավական ակտերով կամ գործարքով սահմանված հիմքերի ուրիշ անձի (տուժողի) հաշվին ձեռք է բերել գույք կամ խնայել է այն (ձեռք բերողը), պարտավոր է տուժողին վերադարձնել անհիմն ձեռք բերած կամ խնայած գույքը (անհիմն հարստացումը), բացառությամբ նույն օրենսգրքի 1099-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:
ՀՀ վճռաբեկ դատարանը, իր` նախկինում կայացրած որոշումներից մեկում անդրադառնալով անհիմն հարստացման ինստիտուտին, փաստել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1092-րդ հոդվածից հետևում է, որ անհիմն հարստացման առկայության համար անհրաժեշտ է հետևյալ պայմանների միաժամանակյա առկայությունը.
1. անձը (ձեռք բերողը) այլ անձի (տուժողի) հաշվին պետք է ձեռք բերի կամ խնայի գույք, այսինքն` ձեռք բերողի մոտ գույքի ավելացումը պետք է պայմանավորված լինի տուժողի մոտ գույքի պակասեցմամբ,
i
2. գույքը պետք է ձեռք բերվի կամ խնայվի առանց օրենքով, այլ իրավական ակտերով կամ գործարքով սահմանված հիմքերի, այսինքն` հարստացումն անօրինական ձևով (տե՛ս Անժելիկա Գասպարյանն ընդդեմ Զելիմ Սիմոնյանի թիվ ԵԱՔԴ/0455/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը):
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով առկա է Բանկի կողմից անհիմն հարստացում, քանի որ վերջինիս մոտ 140.000 ԱՄՆ դոլարի ավելացումը պայմանավորված է Ընկերության մոտ նույն գումարի պակասեցմամբ, և Բանկը նշված գումարը ձեռք է բերել առանց օրենքով, այլ իրավական ակտերով կամ վարկային պայմանագրով կամ դրա անբաժանելի մասը կազմող պայմաններով սահմանված հիմքերի, որպիսի պարագայում նշված գումարը ենթակա էր Բանկից հետ գանձման, ինչը, սակայն, անտեսվել է ստորադաս դատարանների կողմից:
i
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1097-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` անհիմն դրամական հարստացման գումարի վրա ենթակա են հավելագրման ուրիշի միջոցներից օգտվելու համար տոկոսներ (հոդված 411) սկսած այն օրվանից, երբ ձեռք բերողն իմացել է կամ պետք է իմանար դրամական միջոցների ստացման կամ խնայման անհիմն լինելու մասին:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ուրիշի դրամական միջոցներն ապօրինի պահելու, դրանք վերադարձնելուց խուսափելու, վճարման այլ կետանցով դրանք օգտագործելու, կամ այլ անձի հաշվին անհիմն ստանալու կամ խնայելու դեպքերում այդ գումարին վճարվում են տոկոսներ: Տոկոսները հաշվարկվում են կետանցի օրվանից մինչև պարտավորության դադարման օրը` ըստ համապատասխան ժամանակահատվածների համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքների:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով արդեն իսկ հաստատված է, որ Բանկը 29.04.2014 թվականին անակցեպտ կարգով հետ է գանձել որպես վարկ տրամադրված գումարը, անակցեպտ հետգանձման արդյունքում առկա է անհիմն դրամական հարստացում, հետևաբար տվյալ դեպքում կիրառման ենթակա է նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված պատասխանատվությունը: Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսների հաշվարկը պետք է սկսվի 29.04.2014 թվականից, այն է` Բանկի կողմից վարկի գումարի անակցպետ հետգանձման օրվանից, քանի որ օրենքով, այլ իրավական ակտերով, վարկային պայմանագրով և դրա անբաժանելի մասը կազմող պայմաններով վարկի գումարի անակցեպտ հետգանձման իրավունք նախատեսված չլինելու դեպքում Բանկը պարտավոր էր հետգանձման պահից իմանալ, որ Ընկերության հաշվից անակցեպտ հետ գանձված դրամական միջոցները տնօրինում է առանց իրավական հիմքերի:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհիմն հարստացման առկայության պայմաններում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները 29.04.2014 թվականից ենթակա էին հաշվեգրման և Բանկից բռնագանձման, ինչը ևս անտեսվել է ստորադաս դատարանների կողմից:
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը հիմնավոր է համարում բողոք բերած անձի այն փաստարկը, որ Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 447-րդ, 1092-րդ հոդվածները և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետը:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 7-րդ ենթակետերի համաձայն` պետական տուրքը վճարվում է հայցադիմումների, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ ու վճռաբեկ բողոքների համար:
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի համաձայն` գույքային պահանջի գործերով առաջին ատյանի դատարաններ տրվող հայցադիմումների համար պետական տուրքը գանձվում է հայցագնի երկու տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքի 150 տոկոսից, նույն պահանջի գործերով դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոքների համար պետական տուրքը գանձվում է վերաքննիչ բողոքում նշված վիճարկվող գումարի 3 տոկոսի չափով, իսկ եթե վիճարկվում են առաջին ատյանի դատարանի կողմից բավարարված կամ չբավարարված պահանջներն ամբողջությամբ կամ բավարարված կամ չբավարարված պահանջները չեն վիճարկվում, ապա առաջին ատյանի դատարան հարուցված և բողոքարկվող հայցի հայցագնի 3 տոկոսի չափով, նույն պահանջի գործերով դատարանի դատական ակտերի դեմ բերված վճռաբեկ բողոքների համար հայցագնի 3 տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքի տասնապատիկից և ոչ ավելի բազային տուրքի հազարապատիկից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն, իսկ 3-րդ կետի համաձայն` վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն հոդվածի կանոններին համապատասխան:
Սույն գործով հայցադիմումը դատարան ներկայացնելիս Ընկերությունը վճարել է 20.000 ՀՀ դրամի չափով պետական տուրք: Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 22.09.2014 թվականի որոշմամբ պետական տուրքի չվճարված մասի վճարման ժամկետը հետաձգվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.07.2015 թվականի որոշմամբ Ընկերության միջնորդությունը բավարարվել է, և վերաքննիչ բողոքի համար սահմանված պետական տուրքի վճարումը հետաձգվել է:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 12.02.2016 թվականի որոշմամբ Ընկերության ներկայացուցչի միջնորդությունը բավարարվել է, և վճռաբեկ բողոքի համար սահմանված պետական տուրքի վճարումը հետաձգվել է:
Նման պայմաններում նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի հիմքով Բանկից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե ենթակա է բռնագանձման 2.800 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ (140.000 ԱՄՆ դոլար x 2%) և 140.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի նկատմամբ սկսած 29.04.2014 թվականից մինչև սույն որոշման կատարման պահը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկվելիք տոկոսագումարի 2%-ը` որպես հայցադիմումը դատարան ներկայացնելու համար սահմանված ու Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 22.09.2014 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար` Ընկերության կողմից հայցադիմումը դատարան ներկայացնելու համար նախապես վճարված 20.000 ՀՀ դրամի հաշվանցմամբ, 4.200 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ (140.000 ԱՄՆ դոլար x 3%) և 140.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի նկատմամբ սկսած 29.04.2014 թվականից մինչև սույն որոշման կատարման պահը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկվելիք տոկոսագումարի 3%-ը` որպես վերաքննիչ բողոք ներկայացնելու համար սահմանված և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.07.2015 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար, ինչպես նաև հաշվի առնելով գույքային պահանջի գործերով վճռաբեկ բողոքների համար «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածով նախատեսված` բազային տուրքի հազարապատիկը չգերազանցելու սահմանափակումը, միաժամանակ նկատի ունենալով, որ սույն գործով հայցագնի 3%-ը գերազանցում է բազային տուրքի հազարապատիկը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Բանկից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե ենթակա է բռնագանձման 1.000.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար սահմանված ու ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 12.02.2016 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար:
Սույն գործով նկատի ունենալով, որ Ընկերությունը հայցադիմումը դատարան ներկայացնելու համար վճարել է 20.000 ՀՀ դրամ, և վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ընկերության կողմից նախապես վճարված 20.000 ՀՀ դրամ պետական տուրքի գումարը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի հիմքով ենթակա է հատուցման Բանկի կողմից:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.10.2015 թվականի որոշումը և փոփոխել այն` «ՓԼԵՅ ԳՈՈՒԴ» ՍՊԸ-ի հայցը բավարարել: «ՊրոԿրեդիտ Բանկ» ՓԲԸ-ին պարտադրել «ՓԼԵՅ ԳՈՈՒԴ» ՍՊԸ-ի հաշվին փոխանցել որպես վարկ տրամադրված 140.000 ԱՄՆ դոլարը: «ՊրոԿրեդիտ Բանկ» ՓԲԸ-ից հօգուտ «ՓԼԵՅ ԳՈՈՒԴ» ՍՊԸ-ի բռնագանձել 140.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածին համապատասխան վճարման ենթակա տոկոսները` սկսած 29.04.2014 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը:
2. «ՊրոԿրեդիտ Բանկ» ՓԲԸ-ից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե բռնագանձել 2.800 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ և 140.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի նկատմամբ սկսած 29.04.2014 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկվելիք տոկոսագումարի 2%-ը` որպես հայցադիմումը դատարան ներկայացնելու համար սահմանված ու Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 22.09.2014 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար` հաշվանցելով Ընկերության կողմից հայցադիմումը դատարան ներկայացնելու համար նախապես վճարված 20.000 ՀՀ դրամը:
«ՊրոԿրեդիտ Բանկ» ՓԲԸ-ից հօգուտ «ՓԼԵՅ ԳՈՈՒԴ» ՍՊԸ-ի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես հայցադիմումը դատարան ներկայացնելու համար նախապես վճարված պետական տուրքի գումար:
«ՊրոԿրեդիտ Բանկ» ՓԲԸ-ից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե բռնագանձել 4.200 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ և 140.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի նկատմամբ սկսած 29.04.2014 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկվելիք տոկոսագումարի 3%-ը` որպես վերաքննիչ բողոք ներկայացնելու համար սահմանված և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.07.2015 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար:
«ՊրոԿրեդիտ Բանկ» ՓԲԸ-ից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե բռնագանձել 1.000.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար սահմանված ու ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 12.02.2016 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Ե. Խունդկարյան
Դատավորներ` Ռ. Հակոբյան
Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
Տ. Պետրոսյան
Ե. Սողոմոնյան
Ն. Տավարացյան