Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 10-ՐԴ, 61-ՐԴ ԵՎ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 10-ՐԴ, 61-ՐԴ ԵՎ 84-ՐԴ ՀՈԴՎԱԾՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության                         ԵԿԴ/0163/01/13

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Քրեական գործ թիվ ԵԿԴ/0163/01/13

Նախագահող դատավոր` Ե. Դարբինյան

    Դատավորներ`        Գ. Ավետիսյան

                       Ս. Չիչոյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը

(այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Դ. Ավետիսյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Ս. Օհանյանի

                                              Հ. Ասատրյանի

                                              Ս. Ավետիսյանի

                                              Ե. Դանիելյանի

                                              Ա. Պողոսյանի

                   քարտուղարությամբ           Հ. Պետրոսյանի

 

2014 թվականի օգոստոսի 15-ին

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Արտաշ Իլյայի Շաքարյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2014 թվականի հունվարի 16-ի որոշման դեմ ամբաստանյալ Ա. Շաքարյանի պաշտպան Հ. Դավթյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2013 թվականի ապրիլի 14-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի հատկանիշներով հարուցվել է թիվ 13144113 քրեական գործը:

Նախաքննության մարմնի 2013 թվականի ապրիլի 19-ի որոշմամբ Արտաշ Շաքարյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով:

2013 թվականի հունիսի 5-ին Ա. Շաքարյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:

2013 թվականի հունիսի 5-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 15117313 քրեական գործը:

2013 թվականի հունիսի 6-ին Ա. Շաքարյանը ձերբակալվել է:

2013 թվականի հունիսի 7-ին թիվ 13144113 քրեական գործը միացվել է թիվ 15117313 քրեական գործին:

Նախաքննության մարմնի 2013 թվականի հունիսի 7-ի որոշմամբ Ա. Շաքարյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 112-րդ հոդվածի 1-ին մասով: Նույն օրն Ա. Շաքարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

2013 թվականի օգոստոսի 24-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան):

i

2. Առաջին ատյանի դատարանը, դատական քննության արագացված կարգի կիրառմամբ, 2013 թվականի նոյեմբերի 5-ի դատավճռով Ա. Շաքարյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 112-րդ հոդվածի 1-ին մասով: Ամբաստանյալ Ա. Շաքարյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով պատիժ է նշանակվել ազատազրկում` 2 (երկու) տարի ժամկետով, իսկ 112-րդ հոդվածի 1-ին մասով` ազատազրկում` 3 (երեք) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի հիման վրա` պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով, Ա. Շաքարյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 4 (չորս) տարի ժամկետով:

3. Ամբաստանյալ Ա. Շաքարյանի և նրա պաշտպան Ա. Ավագյանի վերաքննիչ բողոքների հիման վրա քննության առնելով քրեական գործը` Վերաքննիչ դատարանը 2014 թվականի հունվարի 16-ին որոշում է կայացրել բողոքները մերժելու, Առաջին ատյանի դատարանի 2013 թվականի նոյեմբերի 5-ի դատավճիռը` օրինական ուժի մեջ թողնելու մասին:

4. Վերաքննիչ դատարանի 2014 թվականի հունվարի 16-ի որոշման դեմ ամբաստանյալ Ա. Շաքարյանի պաշտպան Հ. Դավթյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի 2014 թվականի մայիսի 12-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել:

 

2. Գործի փաստական հանգամանքները և վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Ամբաստանյալ Ա. Շաքարյանը դատապարտվել է այն բանի համար, որ նա «(...) գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ 2013թ. ապրիլի 13-ի գիշերը` ժամը 03:00-ի սահմաններում, որդու` Գոռ Շաքարյանի օժանդակությամբ, վերջինիս կողմից վարվող «Օպել» մակնիշի ավտոմեքենայով գնացել են Երևան քաղաքի Արմենակյան փողոցի թիվ 2/4 հասցեում գտնվող` «Ավալոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող շինարարական տարածք, որտեղ Ա. Շաքարյանն ապամոնտաժել և գաղտնի հափշտակել է ընկերությանը պատկանող զգալի չափի` 324.000 ՀՀ դրամ արժողության, աշտարակային կռունկի էլեկտրասնուցման 54 մետր էլեկտրական մալուխները:

Այնուհետև, 2013թ. հունիսի 5-ին Արտաշ և Գոռ Շաքարյանների մասնակցությամբ կատարված քննչական փորձարարության ավարտից հետո` ժամը 18:46-ին, «Ավալոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության պահակ Աբրիկ Բաբայանն Արմենակյան փողոցի թիվ 2/4 հասցեի մոտակայքում մոտեցել է Արտաշ և Գոռ Շաքարյաններին և կատարված հանցագործության համար նախատել վերջիններիս: Այդ կապակցությամբ Արտաշ և Գոռ Շաքարյանների ու Աբրիկ Բաբայանի միջև վիճաբանություն և ծեծկռտուք է սկսվել, որի ընթացքում Ա. Շաքարյանը գետնից վերցրած քարով հարվածել է Ա.Բաբայանի գլխի շրջանին և նրա առողջությանը դիտավորությամբ պատճառել ծանր վնաս» (տե՛ս քրեական գործ, հատոր 3, թերթ 72-73):

6. ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի տեղեկանքի համաձայն` Ա. Շաքարյանը Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2004 թվականի հուլիսի 7-ի դատավճռով մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել տուգանք (տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթ 174):

7. Առաջին ատյանի դատարանի դատավճռի ներածական մասում արձանագրված է, որ Ա. Շաքարյանը հանդիսանում է դատվածություն չունեցող անձ: Նույն դատավճռի պատճառաբանական մասում նշված է հետևյալը. «(...) Ամբաստանյալների նկատմամբ պատիժ նշանակելիս` պատիժների տեսակն ու չափը որոշելիս, դատարանը հաշվի է առնում ինչպես նրանց կատարած հանցագործությունների բնույթը, հանրության համար վտանգավորության աստիճանը և հետևանքները, այնպես էլ արագացված կարգով անցկացված դատական քննության ընթացքում ուսումնասիրված` նրանց անձը բնութագրող տվյալներն ու պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքները:

Որպես ամբաստանյալ Ա. Շաքարյանի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքներ` դատարանը հաշվի է առնում, որ նա ինքնակամ ներկայացել է ոստիկանության բաժին, համաձայնվեց մեղադրանքի հետ և զղջաց կատարած հանցանքների համար:

Որպես ամբաստանյալի անձը բնութագրող տվյալ` դատարանը հաշվի է առնում, որ նա բնութագրվում է դրական և որ նախկինում նույնպես կատարել է հանցագործություն:

Միաժամանակ, հաշվի առնելով ամբաստանյալ Ա. Շաքարյանի անձը բնութագրող տվյալները, դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով որակված` նրա կատարած հանցագործության համար նախատեսված նվազ խիստ պատժատեսակը չի կարող ապահովել պատժի նպատակները, և նա պետք է դատապարտվի ազատազրկման, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով նրա նկատմամբ պատիժ նշանակելիս` որպես պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք, հաշվի է առնում տուժողի վարքագծի հակաօրինականությունը, այսինքն` այն, որ նախահարձակ է եղել տուժողն ու դրանով է պայմանավորվել ամբաստանյալ Ա. Շաքարյանի կատարած հանցագործությունը:

Այսպիսով, դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Ա. Շաքարյանի նկատմամբ` որպես պատիժ պետք է նշանակվի ազատազրկում, որը նա պետք է կրի, ինչն անհրաժեշտ ու բավարար է նաև սոցիալական արդարությունը վերականգնելու և նրա կողմից նոր հանցագործությունների կատարումը կանխելու համար: (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 3, թերթ 72-73):

8. Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն` «(...) Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանը բավարար չափով ստուգման և գնահատության է ենթարկել կատարած հանցանքների հանրության համար վտանգավորության աստիճանն ու բնույթը, քրեական օրենսդրությամբ պահպանվող կոնկրետ հասարակական հարաբերության սոցիալական նշանակությունը, կյանքի և առողջության ու սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի ոլորտում պետության քրեական քաղաքականության ուղղվածությունը, ամբաստանյալ Ա. Շաքարյանի անձը բնութագրող տվյալները (նախկինում նույնպես կատարել է հանցագործություն)` ամբաստանյալի նկատմամբ նշանակելով պատիժ ազատազրկման ձևով:

(...)

Որպես ամբաստանյալի անձը բնութագրող տվյալ` դատարանը հաշվի է առել, որ նա բնութագրվում է դրական և որ նախկինում նույնպես կատարել է հանցագործություն:

Դատարանը ամբաստանյալ Ա. Շաքարյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով պատիժ նշանակելիս` որպես պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք, հաշվի է առել տուժողի վարքագծի հակաօրինականությունը:

Վերը նշված բոլոր հանգամանքներն էլ հաշվի առնելով` Դատարանն իրավացիորեն գտել է, որ ամբաստանյալ Ա. Շաքարյանն իր նկատմամբ նշանակված պատիժը պետք է կրի: (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 3, թերթ 120-123):

 

3. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

9. Բողոքի հեղինակի պնդմամբ` Առաջին ատյանի դատարանի դատավճիռն օրինական ուժի մեջ թողնելով` Վերաքննիչ դատարանը թույլ է տվել նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումներ, մասնավորապես, խախտվել են ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ, 48-րդ և 61-րդ հոդվածների, ինչպես նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ և 360-րդ հոդվածների պահանջները:

Ի հիմնավորումն վերոշարադրյալ փաստարկի` բողոքաբերը նշել է, որ ստորադաս դատարանները դատական ակտեր կայացնելիս որպես ամբաստանյալի անձը բացասաբար բնութագրող տվյալ են համարել նրա մարված դատվածությունը, և արագացված դատաքննության պայմաններում Ա. Շաքարյանի նկատմամբ նշանակել են ակնհայտ խիստ պատիժ:

Ստորադաս դատարանները որպես Ա. Շաքարյանի պատիժն ու պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքներ չեն գնահատել այն, որ վերջինս իրեն վերագրվող գողությունը կատարել է կյանքի ծանր հանգամանքների զուգորդման հետևանքով` ընտանիքի համար գոյատևման միջոց հայթհայթելու նպատակով: Բացի այդ, հափշտակված գույքը հետագայում վերադարձվել է տիրոջը: Ինչ վերաբերում է Ա.Բաբայանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելուն, ապա վեճը տեղի է ունեցել տուժողի անօրինական գործողությունների պատճառով` նա է նախահարձակ եղել և ծեծի ենթարկել քննչական փորձարարությանը մասնակցելու նպատակով շինարարական հրապարակ եկած հայր և որդի Շաքարյաններին` կոտրելով Ա. Շաքարյանի քթոսկրը: Միայն դրանից հետո է Ա. Շաքարյանը գետնից վերցրած քարով հարվածել Ա.Բաբայանի գլխին` որդուն և իրեն պաշտպանելու նպատակով: Ա. Շաքարյանն ամբողջությամբ ընդունել է իր մեղքը, տվել խոստովանական ցուցմունքներ, հատուցել է տուժողի բուժման ծախսերը:

Վերոնշյալ հանգամանքների վկայակոչմամբ` բողոքաբերը կարծիք է հայտնել, որ մալուխ գողանալու համար Ա. Շաքարյանի նկատմամբ նշանակված 2 տարի ժամկետով ազատազրկումն ակնհայտ խիստ պատիժ է, նկատի ունենալով, որ նրան մեղսագրված արարքի համար օրենքով նախատեսված է նաև տուգանքի ձևով պատիժ: Չնայած դրան` ստորադաս դատարանները չեն հիմնավորել հոդվածի սանկցիայով նախատեսված նվազ խիստ պատժատեսակը չկիրառելը, ինչպես նաև Ա. Շաքարյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու անթույլատրելիությունը:

10. Հիմք ընդունելով վերոգրյալը` բողոք բերած անձը խնդրել է պատժի մասով բեկանել Վերաքննիչ դատարանի 2014 թվականի հունվարի 16-ի որոշումը և Ա. Շաքարյանի նկատմամբ նշանակել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի սանկցիայով նախատեսված նվազ խիստ պատժատեսակ` տուգանք, կամ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա նրա նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել, երկու մեղադրանքների համակցությամբ մեղմ պատիժ սահմանել և Ա. Շաքարյանի նկատմամբ կիրառել «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2013 թվականի հոկտեմբերի 3-ի որոշումը:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

11. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելու նպատակն օրենքի միատեսակ կիրառության ապահովման սահմանադրական գործառույթի իրացումն է: Այս առումով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ մարված կամ հանված դատվածությունը պատիժ նշանակելիս հաշվի առնելու անթույլատրելիության կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր: ՈՒստի, անհրաժեշտ է համարում արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկայի ճիշտ ձևավորման համար:

12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ են արդյոք նախկինում հանցանք կատարած լինելը որպես հանցավորի անձնավորությունը բնութագրող հանգամանք դիտելու մասին ստորադաս դատարանների հետևություններն այն պայմաններում, երբ տվյալ հանցագործության համար Ա. Շաքարյանի դատվածությունը մարված է:

13. ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Հանցանք կատարած անձի նկատմամբ կիրառվող պատիժը և քրեաիրավական ներգործության այլ միջոցները պետք է լինեն արդարացի` համապատասխանեն հանցանքի ծանրությանը, դա կատարելու հանգամանքներին, հանցավորի անձնավորությանը, անհրաժեշտ և բավարար լինեն նրան ուղղելու և նոր հանցագործությունները կանխելու համար»:

ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Պատժի տեսակը և չափը որոշվում են հանցագործության` հանրության համար վտանգավորության աստիճանով և բնույթով, հանցավորի անձը բնութագրող տվյալներով, այդ թվում` պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքներով»:

Պատիժ նշանակելիս հանցավորի անձնավորությունը հաշվի առնելու անհրաժեշտության հարցին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Ս.Սարգսյանի գործով որոշման մեջ` իրավական դիրքորոշում արտահայտելով այն մասին, որ «(...) «հանցավորի անձնավորություն» եզրույթն ի տարբերություն «հանցագործության սուբյեկտ» եզրույթի, ավելի ընդարձակ է, և օժտված է սոցիալ-ժողովրդագրական, բարոյահոգեբանական և քրեաիրավական բնութագրերով: ՀՀ գործող քրեական օրենսդրության իմաստով «հանցավորի անձնավորություն» եզրույթը դիտարկվում է որպես քրեական պատասխանատվության և պատժի անհատականացման հիմք, հանցավորի անձը բնութագրող առանձին հատկանիշները և վարքագիծը օրենքում նախատեսված են որպես պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքներ, ինչպես նաև դատապարտյալին պատժից ազատելու նախապայման:

Հիմք ընդունելով (...) ՀՀ Սահմանադրության մեջ ամրագրված դրույթն այն մասին, որ մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները և ազատությունները բարձրագույն արժեքներ են (հոդված 3), մարդու արժանապատվությունը` որպես նրա իրավունքների և ազատությունների անքակտելի հիմք, հարգվում և պաշտպանվում է պետության կողմից (հոդված 14)` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պատժի անհատականացման ժամանակ հանցավորի անձը բնութագրող տվյալները հաշվի առնելու անհրաժեշտությունը պայմանավորված է ինչպես պատժի նպատակների իրականացման, այնպես էլ անձի արժանապատվության հարգման սահմանադրական պահանջի առկայությամբ» (տե՛ս Սերոբ Ֆրունզիկի Սարգսյանի գործով Վճռաբեկ դատարանի 2012 թվականի նոյեմբերի 1-ի թիվ ՍԴ/0109/01/12 որոշման 36-37-րդ կետերը):

Վերահաստատելով Ս.Սարգսյանի գործով որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պատասխանատվության և պատժի անհատականացման հիմք են ոչ միայն կատարված հանցագործության բնույթի և հանրային վտանգավորության աստիճանի, այլև հանցավորի անձը բնութագրող տվյալների` նրա սոցիալ-հոգեբանական, քրեաիրավական և մի շարք այլ հատկանիշների համակցության ճիշտ գնահատումը: Հանցավորի անձը բնութագրող տվյալներն էական նշանակություն ունեն քրեաիրավական ներգործության այս կամ այն միջոցի ընտրության համար, հետևաբար պատիժ նշանակելիս դատարանը պարտավոր է բացահայտել և օբյեկտիվորեն հաշվի առնել նրա ֆիզիոլոգիական և սոցիալական առանձնահատկությունները: Դատարանի նշված պարտականությունն ուղղակիորեն բխում է ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի տրամաբանությունից, որի համաձայն` պատժի նպատակը, սոցիալական արդարությունը վերականգնելուց բացի, դատապարտյալի ուղղումն է և նոր հանցագործությունների կանխումը:

Հանցավորի անձնավորությունը, նրա սոցիալապես էական նշանակություն ունեցող հատկանիշները բացահայտվում են վերջինիս վարքի, հասարակության մեջ նրա իրականացրած գործունեության միջոցով: Հետևաբար, պատասխանատվության անհատականացման համար անհրաժեշտ է իմանալ ոչ միայն այն պայմանները, որոնցում ձևավորվել է հանցավորի անձը, այլև նրա բարոյահոգեբանական և քրեաիրավական բնութագրերը, որոնք իրենց արտացոլումն են գտել արարքի, մասնավորապես, հանցագործության կատարման մեջ: Այս առումով, նախկինում հանցանք կատարած լինելն անշուշտ հանցավորի անձը բացասաբար բնութագրող հանգամանք է, ինչը սակայն չի նշանակում, որ անձի նախկին հանցավոր գործունեությունը յուրաքանչյուր դեպքում պետք է հաշվի առնվի նրա նկատմամբ նոր հանցագործության համար պատիժ սահմանելիս:

14. ՀՀ քրեական օրենսգրքի 22-րդ հոդվածի համաձայն`

i

«1. Հանցագործությունների ռեցիդիվ է համարվում դիտավորությամբ հանցանք կատարելն այն անձի կողմից, ով դատվածություն ունի նախկինում դիտավորությամբ կատարված հանցանքի համար:

(...)

4. Այն հանցանքի համար դատվածությունը, որը հանվել կամ մարվել է օրենքով սահմանված կարգով, ինչպես նաև այն հանցանքները, որոնք կատարվել են մինչև անձի տասնութ տարին լրանալը, ռեցիդիվը գնահատելիս հաշվի չեն առնվում»:

i

ՀՀ քրեական օրենսգրքի 67.1-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Հանցագործությունների ռեցիդիվի, վտանգավոր և առանձնապես վտանգավոր ռեցիդիվի դեպքում պատիժ նշանակելիս հաշվի են առնվում կատարված հանցագործությունների քանակը, բնույթը և ծանրությունը, այն հանգամանքները, որոնց հետևանքով նախկին պատիժը բավարար չի եղել մեղավորի ուղղման համար, ինչպես նաև նոր հանցագործության բնույթը, ծանրությունը և հետևանքները»:

ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի համաձայն`

i

«1. Անձը դատվածություն ունեցող է համարվում մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից մինչև դատվածությունը մարվելու կամ հանվելու պահը:

2. Դատվածությունը, սույն օրենսգրքին համապատասխան, հաշվի է առնվում հանցագործության ռեցիդիվի դեպքում և պատիժ նշանակելիս:

(...)

8. Դատվածությունը հանելը կամ մարելը վերացնում է դատվածության հետ կապված իրավական բոլոր հետևանքները: (...)»:

Վճռաբեկ դատարանը Ս. Աղախանյանի գործով որոշման մեջ իրավական դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ «(...) [ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի] վերլուծությունից հետևում է, որ դատվածությունը բնորոշվում է որպես անձի հանրային բարձր վտանգավորության մասին վկայող հանգամանք, հետևաբար դատվածություն ունեցող անձի համար նոր հանցագործություն կատարելու դեպքում ծագում են քրեաիրավական բնույթի բացասական հետևանքներ: Միևնույն ժամանակ, նախկինում դատվածություն ունենալը չի նշանակում, որն անձն իր ամբողջ կյանքի ընթացքում համարվում է հանրային բարձր վտանգավորություն ունեցող: Քրեական օրենքը նախատեսում է դատվածությունը հանելու կամ մարելու հնարավորություն, որի դեպքում անձը օրենքի տեսանկյունից համարվում է որևէ հանցանք չկատարած, ուստի և նրա դատվածությունը չի կարող առաջացնել քրեաիրավական բնույթի բացասական հետևանքներ, այդ թվում` չի կարող հաշվի առնվել նոր հանցագործության համար պատիժ նշանակելիս» (տե՛ս Սեյրան Կառլենի Աղախանյանի գործով Վճռաբեկ դատարանի 2013 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ ԱՎԴ/0082/01/12 որոշման 21-22-րդ կետերը):

Վերահաստատելով և զարգացնելով Ս. Աղախանյանի գործով որոշման մեջ ձևավորված իրավական դիրքորոշումը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատվածությունն անձի յուրահատուկ իրավական դրությունն է, որն առաջանում է մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից և տևում է մինչև դատվածությունը մարվելու կամ հանվելու պահը: Դիտավորյալ հանցագործության համար դատվածություն ունեցող անձի կողմից նոր դիտավորյալ հանցագործություն կատարելու դեպքում ծագում են քրեաիրավական բնույթի բացասական հետևանքներ, այդ թվում` պատիժ նշանակելիս դատարանը, պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներից բացի, ղեկավարվում է նաև հատուկ դրույթներով, որոնք նախատեսված են ՀՀ քրեական օրենսգրքի 67.1-րդ հոդվածով: Հիշատակված քրեաիրավական նորմը նախատեսում է հանցագործությունների ռեցիդիվի դեպքում պատիժ նշանակելու հատուկ կարգ, որով օրենսդիրն արդեն իսկ հաշվի է առել անձի կողմից նախկինում հանցանք կատարած լինելու հանգամանքը և հանցավորի համար նախատեսել է բացասական քրեաիրավական հետևանքներ:

Մյուս կողմից, քրեական օրենքը նախատեսում է դատվածությունը հանելու և մարելու կարգ, որի դեպքում վերացվում են դատվածության հետ կապված իրավական բոլոր հետևանքները: Օրենքով սահմանված կարգով հանված կամ մարված դատվածությունը ռեցիդիվը գնահատելիս հաշվի չի առնվում, ինչպես նաև չի կարող հաշվի առնվել անձի նկատմամբ նոր հանցագործության համար պատիժ նշանակելիս: Այսինքն` եթե պատիժը կրելուց հետո անձը դրսևորել է անբասիր վարքագիծ, և նրա դատվածությունը մարվել է կամ դատարանի համապատասխան որոշմամբ հանվել է, ապա նա քրեական օրենքի տեսանկյունից համարվում է նախկինում հանցագործություն չկատարած:

15. Սույն որոշման 13-րդ և 14-րդ կետերում շարադրված իրավանորմերը և իրավական դիրքորոշումները համադրելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ մարված կամ հանված դատվածության պայմաններում անձի կողմից նախկինում հանցանք կատարած լինելը որպես նրա անձը բացասաբար բնութագրող հանգամանք հաշվի առնելն անթույլատրելի է: Նախկինում հանցանք կատարած լինելը դիտելով որպես հանցավորի բարոյահոգեբանական և քրեաիրավական բնութագիր` դատարանը պարտավոր է այն ուղղակիորեն արտացոլել պատժի և պատասխանատվության անհատականացման ժամանակ: Մինչդեռ, մարված կամ հանված դատվածության պայմաններում անձը քրեական օրենքի իմաստով համարվում է հանցագործություն չկատարած, և նրա նախկին դատվածությունը քրեաիրավական հետևանք առաջացնել չի կարող, այդ թվում` չի կարող անդրադառնալ նոր հանցագործության համար նշանակվելիք պատժի վրա:

ՈՒստի, մարված կամ հանված դատվածության պայմաններում նախկինում հանցանք կատարած լինելը դիտելով որպես հանցավորի անձնավորությունը բացասաբար բնութագրող հանգամանք` դատարանը ոչ միայն կիմաստազրկի դատվածությունը հանելու, մարելու քրեաիրավական կառուցակարգերը, այլև կարող է խախտել պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքները:

16. Անդրադառնալով սույն գործի փաստական հանգամանքներին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ա. Շաքարյանը 2004 թվականի հուլիսի 7-ի դատավճռով մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և դատապարտվել տուգանքի (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը):

Առաջին ատյանի դատարանն իր դատավճռում արձանագրել է, որ Ա. Շաքարյանի դատվածությունը մարված է: Միևնույն ժամանակ, որպես Ա. Շաքարյանի անձը բնութագրող հանգամանք դատարանը հաշվի է առել այն, որ ամբաստանյալը նախկինում կատարել է հանցագործություն: Արդյունքում, Առաջին ատյանի դատարանը գտել է, որ ամբաստանյալ Ա. Շաքարյանի նկատմամբ պետք է նշանակել ազատազրկման ձևով պատիժ, որը նա պետք է կրի, ինչն անհրաժեշտ ու բավարար է սոցիալական արդարությունը վերականգնելու և նրա կողմից նոր հանցագործությունների կատարումը կանխելու համար (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը):

Վերաքննիչ դատարանն իր հերթին արձանագրել է, որ Առաջին ատյանի դատարանը բավարար չափով ստուգման և գնահատման է ենթարկել կատարված հանցագործությունների հանրային վտանգավորության աստիճանն ու բնույթը, ինչպես նաև ամբաստանյալի անձը բնութագրող տվյալները, մասնավորապես այն, որ նա նախկինում նույնպես կատարել է հանցագործություն, ինչի արդյունքում Ա. Շաքարյանի նկատմամբ նշանակել է ազատազրկման ձևով համաչափ պատիժ (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը):

Փաստորեն, Ա. Շաքարյանը նախկինում դատապարտված է եղել, և դատվածությունն օրենքով սահմանված կարգով մարվել է: Չնայած այդ հանգամանքին` Ա. Շաքարյանի նկատմամբ պատիժ նշանակելիս որպես նրա անձը բացասաբար բնութագրող տվյալ Առաջին ատյանի դատարանը հաշվի է առել այն, որ նա նախկինում հանցագործություն է կատարել, իսկ Վերաքննիչ դատարանն իրավաչափ է համարել դա:

17. Նախորդ կետում մեջբերված և վերլուծված փաստական տվյալները գնահատելով սույն որոշման 13-15-րդ կետերում շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նախկինում հանցանք կատարած լինելը որպես հանցավորի անձնավորությունը բնութագրող հանգամանք դիտելու մասին ստորադաս դատարանների հետևություններն այն պայմաններում, երբ տվյալ հանցագործության համար Ա. Շաքարյանի դատվածությունը մարված է, իրավաչափ չեն:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Ա. Շաքարյանի նկատմամբ պատիժ նշանակելիս Առաջին ատյանի դատարանը որպես հանցավորի անձը բնութագրող հանգամանք է դիտել այնպիսի փաստական տվյալ, որը որպես այդպիսին չէր կարող գնահատվել: Վերաքննիչ դատարանն իր հերթին իրավաչափ է համարել վերոգրյալը` դրանով իսկ խախտելով ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ, 61-րդ և 84-րդ հոդվածների պահանջները, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածի իմաստով քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառում է և հանգեցրել է նույն օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջներին չհամապատասխանող դատական ակտի կայացմանը:

Վերը նշված նյութական իրավունքի խախտումները, որոնք կարող էին ազդել պատժի մասով գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ, 406-րդ և 419-րդ հոդվածների համաձայն` հիմք են Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու և գործը նույն դատարան` նոր քննության ուղարկելու համար:

18. Ինչ վերաբերում է ամբաստանյալ Ա. Շաքարյանի նկատմամբ ակնհայտ խիստ պատիժ նշանակված լինելու վերաբերյալ բողոքաբերի փաստարկներին (տե՛ս սույն որոշման 9-րդ կետը), ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված հարցին հնարավոր է անդրադառնալ միայն սույն որոշման մեջ արձանագրված խախտումը վերացնելուց հետո:

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2014 թվականի հունիսի 10-ի թիվ ՀՕ-48-Ն օրենքի 12-րդ հոդվածը և հաշվի առնելով, որ սույն գործով վճռաբեկ բողոքը բերվել է մինչև 2014 թվականի հուլիսի 3-ը` Վճռաբեկ դատարանը ղեկավարվում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի` մինչև վկայակոչված օրենքի ուժի մեջ մտնելը (2014 թվականի հուլիսի 3-ը) գործող խմբագրությամբ:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Ամբաստանյալ Արտաշ Իլյայի Շաքարյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2014 թվականի հունվարի 16-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Դ. Ավետիսյան

Դատավորներ` Ս. Օհանյան

Հ. Ասատրյան

Ս. Ավետիսյան

Ե. Դանիելյան

Ա. Պողոսյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
15.08.2014
N ԵԿԴ/0163/01/13
Որոշում