ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ
դատարանի որոշում ԵԿԴ/0426/02/13 2014 թ.
Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/0426/02/13
Նախագահող դատավոր` Դ. Խաչատրյան
Դատավորներ` Ն. Տավարացյան
Ս. Միքայելյան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Ե. Խունդկարյանի
մասնակցությամբ դատավորներ Գ. Հակոբյանի
Վ. Աբելյանի
Ս. Անտոնյանի
Վ. Ավանեսյանի
Ա. Բարսեղյանի
Մ. Դրմեյանի
Է. Հայրիյանի
Տ. Պետրոսյանի
Ե. Սողոմոնյանի
2014 թվականի մայիսի 08-ին
դռնբաց դատական նիստում, քննելով «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.10.2013 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Արա Խաչատրյանի ընդդեմ «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի (այսուհետ` Բանկ)` վնասը հատուցելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Արա Խաչատրյանը պահանջել է Բանկից հօգուտ իրեն բռնագանձել 805.000 ՀՀ դրամ` որպես պատճառված վնասի հատուցում, և 300.000 ՀՀ դրամ` որպես փաստաբանի վարձատրության գումար:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Էդ. Ավետիսյան) (այսուհետ` Դատարան) 03.07.2013 թվականի վճռով հայցը բավարարվել է` վճռվել է Բանկից հօգուտ Արա Խաչատրյանի բռնագանձել 805.000 ՀՀ դրամ` որպես պատճառված վնասի հատուցում, և 100.000 ՀՀ դրամ` որպես փաստաբանի վարձատրության գումար:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 30.10.2013 թվականի որոշմամբ Բանկի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 03.07.2013 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բանկը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Արա Խաչատրյանը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ, 447-րդ, 912-րդ, 915-րդ և 916-րդ հոդվածները, կիրառել է «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքը, որը չպետք է կիրառեր, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ, 6-րդ, 47-րդ, 48-րդ և 53-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել գործի նյութերը, որի արդյունքում անտեսել է, որ քարտային գործարքների դեպքում հաշվում եղած դրամական միջոցները տնօրինվում են ոչ թե բանկին տրվող հաճախորդի կարգադրությամբ, այլ էլեկտրոնային միջոցներով, սարքերով կարգադրելիս դրանց համար ընդունելի գաղտնաբառով, որը հասու է միայն հաճախորդին: Էլեկտրոնային միջոցները և դրանք սպասարկող պրոցեսինգային համակարգը, ստուգելով գործարքում կիրառվող քարտի տվյալները, համարում է գործարքը պատշաճ և բանկին տալիս է անվիճարկելի, պարտադիր կատարման հրահանգ` հաստատված գործարքի գումարի փոխանցման մասին: Քննարկվող բոլոր գործարքների կատարման պահին բանկը որևէ կասկած չի ունեցել այլ անձի կողմից Արա Խաչատրյանի քարտի տվյալներով և գաղտնաբառով գործարք կատարելու մասին:
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Արա Խաչատրյանը, ստորագրելով 16.04.2012 թվականին կնքված թիվ MC11/01587 վճարային քարտի տրամադրման և սպասարկման պայմանագիրը, իրազեկվել է և տվել է իր համաձայնությունը պայմանագրի անբաժանելի մասը հանդիսացող «Վճարային քարտերով ծառայությունների մատուցման պայմաններ և կանոններ»-ին (այսուհետ` Կանոններ), որի 3.2.2. կետի համաձայն` քարտապանը պարտավոր է չտրամադրել իր քարտը և/կամ PIN կոդը որևէ այլ անձի օգտագործման նպատակով, PIN կոդը որևէ այլ անձի հայտնի դառնալու կասկածի դեպքում անմիջապես այդ մասին տեղյակ պահել բանկին, իսկ քարտով այլ անձի կողմից գործարք կատարելը կամ կատարման փորձը համարվում է քարտի անօրինական օգտագործում: Նույն Կանոնների 5.6. կետի համաձայն` բանկը պատասխանատվություն չի կրում այն վնասի համար, որը հասցվել է քարտապանին քարտը կորցնելու, հափշտակության կամ մեկ այլ անձի կողմից անօրինական օգտագործման և քարտապանի կողմից քարտի գործողությունը կասեցնելու միջև ընկած ժամանակահատվածում, ինչպես նան քարտապանի` նշված Կանոնների պահանջները չկատարելու հետևանքով:
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ գործարքները ճիշտ ծածկագրով կատարված լինելու մասին Դատարանին ներկայացված ապացույցները և Արա Խաչատրյանի պնդումը, որ այդ գործարքները չեն կատարվել իր կողմից, արդեն իսկ բավարար և պատշաճ ապացույց են քարտը երրորդ անձանց կողմից անօրինական օգտագործված լինելու մասին:
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ անօրինական գործարքների մասին Արա Խաչատրյանը Բանկին տեղեկացրել է ոչ թե անմիջապես, այլ բոլոր գործարքների ավարտից հետո` 13.07.2012 թվականին` ժամը 11:35-ին:
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ քարտապանի կողմից քարտի վերաբերյալ իրեն հայտնի գաղտնի տեղեկատվությունը կամ քարտն այլ անձանց վստահելը գործնականում անվերահսկելի է Բանկի կողմից: Դրանով էլ պայմանավորված` վերը նշված Կանոնների 5.6. կետում սահմանվել է Բանկի պատասխանատվությունը բացառող պայման:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 30.10.2013 թվականի որոշումը և այն փոփոխել` հայցը մերժել:
2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
Վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման, քանի որ սույն գործով հաստատվել է, որ քարտը չի կորել, չի հափշտակվել և այլ անձի կողմից անօրինական կերպով չի օգտագործվել: Քարտը գտնվել է քարտապանի մոտ, քարտապանը գտնվել է Երևանում, և այն չէր կարող օգտագործվել Թաիլանդում:
Քարտապանը կատարել է իր պարտականությունը` կասկածելի գործարքները կատարվելուց անմիջապես հետո այդ մասին տեղեկացրել է Բանկին:
Բանկի ենթադրությունն այն մասին, որ քարտն օգտագործվել է Թաիլանդում երրորդ անձի կողմից, անհիմն է:
Անտրամաբանական է նաև Բանկի դիրքորոշումը` կապված «քարտի օգտագործում» և «քարտային տվյալների օգտագործում» հասկացությունները նույնացնելու հետ:
Բացի այդ, Բանկի կողմից սահմանված հաճախորդի նույնականացման միջոցները բավարար հուսալի չեն և հնարավորություն են ընձեռում հաճախորդի կամքից անկախ նրա միջոցների օգտագործումն այլ անձանց կողմից, ապա նման գործողությունների հետևանքով հաճախորդին պատճառված վնասի հատուցման ռիսկը պետք է կրի Բանկը:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) Բանկի և Արա Խաչատրյանի միջև 16.04.2012 թվականին կնքվել է վճարային քարտի տրամադրման և սպասարկման թիվ MC11/01587 պայմանագիրը (այսուհետ` Պայմանագիր), որի համաձայն` Բանկն Արա Խաչատրյանին տրամադրել է MC GOLD վճարային քարտը, որը վերջինս պարտավորվել է օգտագործել Պայմանագրի անբաժանելի մասը հանդիսացող Կանոններով սահմանված կանոններին համապատասխան (հատոր 1-ին, գ.թ. 12, 13).
2) Բանկի և Արա Խաչատրյանի միջև 17.04.2012 թվականին կնքվել է վարկային գծի տրամադրման թիվ AC12/03738 պայմանագիրը, որի համաձայն` Բանկը պարտավորվել է Արա Խաչատրյանի քարտային հաշիվը վարկավորելու միջոցով վերջինիս տրամադրել առավելագույնը 1.000.000 ՀՀ դրամ սահմանաչափով վարկային գիծ (հատոր 1-ին, գ.թ. 17,18).
3) Արա Խաչատրյանին 27.08.2012 թվականին տրամադրված թիվ 3384 գրությամբ Բանկը հայտնել է, որ Թաիլանդի թագավորության Բանգկոկ քաղաքում 13.07.2012 թվականին` ժամը 11:14-ին, 11:15-ին, 11:32-ին, 11:33-ին և 11:34-ին բանկոմատներից կատարվել են 10.150-ական թաիլանդական բատի` ընդհանուր 50.750 թաիլանդական բատի չափով գործարքներ (կանխիկացումներ) (հատոր 1-ին, գ.թ. 23).
4) Բանկի կողմից 31.07.2012 թվականին տրամադրված քարտային հաշվի թիվ 0712 քաղվածքի համաձայն` այդ գործարքներից յուրաքանչյուրի դիմաց ելքագրվել է 133.006,65 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 34).
5) Արա Խաչատրյանը նշված գործարքների մասին Բանկին ծանուցել է 13.07.2012 թվականին` ժամը 11:35-ին.
6) Արա Խաչատրյանի դիրքորոշման համաձայն` վերը նշված գործարքների կատարման ժամանակ վճարային քարտը գտնվել է իր մոտ, որևէ մեկին չի հայտնել դրա գաղտնի կոդը (PIN կոդ), կասկածելի կայքերում չի գրանցվել (հատոր 1-ին, գ.թ. 97-111):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելը բխում է օրենքի միատեսակ կիրառության ապահովման գործառույթից և գտնում, որ սույն գործով արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն ունեն նմանատիպ գործերով միասնական դատական պրակտիկա ձևավորելու համար:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ բանկի և հաճախորդի միջև համապատասխան պայմանագրի առկայության դեպքում հաճախորդի հաշվից գումարներ տալու և հաշվով այլ գործառնություններ իրականացնելու վերաբերյալ հաճախորդի կարգադրությունները բանկի կողմից կատարելու պարտականության հարցին ընդհանրապես, ինչպես նաև անդրադառնալ և գնահատման առարկա դարձնել այն դեպքերը, երբ այդ կարգադրությունները տրվել են էլեկտրոնային միջոցներով և հավաստվել ծածկագրի օգտագործմամբ:
i
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 912-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` բանկային հաշվի պայմանագրով բանկը պարտավորվում է ընդունել և հաճախորդի (հաշվի տիրոջ) բացած հաշվի վրա մուտքագրել մուտք եղող դրամական միջոցները, կատարել հաշվից փոխանցումներ կատարելու, համապատասխան գումարներ տալու և հաշվով այլ գործառնություններ իրականացնելու վերաբերյալ հաճախորդի կարգադրությունները:
Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` բանկն իրավունք չունի որոշել և վերահսկել հաճախորդի դրամական միջոցների օգտագործման ուղղությունները կամ սահմանել օրենքով կամ բանկային հաշվի պայմանագրով չնախատեսված այլ սահմանափակումներ իր դրամական միջոցները սեփական հայեցողությամբ տնօրինելու նրա իրավունքների նկատմամբ:
i
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 915-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` հաճախորդի անունից դրամական միջոցներ փոխանցելու և վճարելու կարգադրություններ անելու` անձանց իրավունքները հաճախորդը հավաստում է օրենքով, դրան համապատասխան բանկային կանոններով ու բանկային հաշվի պայմանագրով նախատեսված փաստաթղթերը բանկին ներկայացնելու միջոցով:
Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` պայմանագրով կարող է նախատեսվել հաշվում եղած դրամական միջոցներն էլեկտրոնային միջոցներով և այլ փաստաթղթերով տնօրինելու իրավունքների հավաստում` դրանցում օգտագործելով հաճախորդի ստորագրության, ծածկագրերի, նշանաբանների և այլ միջոցների նմանօրինակները, որոնք հավաստում են, որ կարգադրությունն արել է դրա համար լիազորված անձը:
Նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ բանկի և հաճախորդի միջև համապատասխան պայմանագրի առկայության դեպքում բանկը պարտավոր է կատարել էլեկտրոնային միջոցներով (բանկոմատներ, PՕS-տերմինալներ և այլն), ծածկագրի օգտագործմամբ հավաստված հաճախորդի կարգադրությունները` կապված հաշվից փոխանցումներ կատարելու, համապատասխան գումարներ տալու և հաշվով այլ գործառնություններ իրականացնելու հետ: Ընդ որում, բանկը պարտավոր է կատարել ոչ միայն հաճախորդի, այլ նաև նման կարգադրություններ տալու համար լիազորված անձի կարգադրությունները` որպես դրանք տալու համար լիազորության առկայության հավաստիք ընդունելով նաև էլեկտրոնային միջոցներում օգտագործված հաճախորդի ծածկագիրը:
Բացի այդ, այդ կարգադրությունները կատարելիս բանկն իրավունք չունի որոշել և վերահսկել հաճախորդի դրամական միջոցների օգտագործման ուղղությունները կամ իր դրամական միջոցները սեփական հայեցողությամբ տնօրինելու նրա իրավունքների նկատմամբ սահմանել օրենքով կամ բանկային հաշվի պայմանագրով չնախատեսված այլ սահմանափակումներ:
i
«Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի «ժա» մասի համաձայն` նույն օրենքի և դրա հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի իմաստով վճարային քարտը դեբետային, վարկային, էլեկտրոնային քսակի կամ միջազգային պրակտիկայում ընդունված այլ տեսակի քարտի ձևով վճարային գործիք է, որն օգտագործվում է կանխիկ դրամ ստանալու կամ անկանխիկ եղանակով վճարումներ կատարելու, ինչպես նաև վճարային քարտ թողարկողի սահմանած այլ գործառնություններ կատարելու համար:
Նույն հոդվածի «ե» կետի համաձայն` նշված օրենքի և դրա հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի իմաստով վճարային գործիքը թղթային, էլեկտրոնային, ձայնային (կամ այլ եղանակով ներկայացված) հաղորդագրություն է, փաստաթուղթ կամ համաձայնություն, որը, անկախ օգտագործման, կիրառման կամ իրականացման ձևից ու եղանակից, հնարավորություն է ընձեռում դրա տիրապետողին և (կամ) օգտագործողին կատարելու վճարումներ:
Նշված հոդվածի վերլուծությունից նաև հետևում է, որ վճարային քարտը որոշակի էլեկտրոնային հաղորդագրություն պարունակող վճարային գործիք է. այդ քարտի օգտագործում է համարվում դրա միջոցով կանխիկ դրամ ստանալը, անկանխիկ եղանակով վճարումներ կատարելը կամ վճարային քարտ թողարկողի սահմանած այլ գործառնությունները կատարելը: Ընդ որում, վճարային քարտի (դրա վրա առկա հաղորդագրության) օգտագործման հնարավորությունը` անկախ այն օգտագործելու ձևից և եղանակից, ընձեռվում է ոչ միայն բանկի հաճախորդին, այլ նաև տվյալ վճարային քարտը տիրապետողին և (կամ) օգտագործողին:
Սույն վեճի նկատմամբ վերոնշյալ մեկնաբանությունների կիրառումը.
Սույն գործով Արա Խաչատրյանը, իր հայցի հիմքում դնելով նաև այն հանգամանքները, որ Բանկը, Պայմանագրի 2.2.1. կետի հիմքով ունենալով իրեն տրամադրված MC GՕLD վճարային քարտի և քարտային հաշվի ՀՀ օրենսդրության ու վճարային համակարգերի և նույն պայմանագրի պահանջներին համապատասխան պատշաճ սպասարկումն ապահովելու պարտավորություն, իր հաշվից 665.033,25 ՀՀ դրամի դուրս գրումն իրականացրել է առանց վերը նշված վճարային քարտի (քարտը եղել է իր մոտ) և բանկին անհայտ անձի տված կարգադրության հիման վրա` խախտելով օրենքի պահանջը և իր սեփականության իրավունքը` պահանջել է Բանկից բռնագանձել դրա հետևանքով իրեն պատճառված վնասը:
Դատարանը, պատճառաբանելով, որ Արա Խաչատրյանի հաշվում առկա 665.033,25 ՀՀ դրամն այլ անձի է փոխանցվել առանց նրա կարգադրության` վերջինիս զրկելով հաշվում առկա դրամական միջոցներն անարգել տնօրինելու իրավունքից, մինչդեռ Պայմանագրի 2.2.1 կետի համաձայն` Բանկը պարտավորվել է ապահովել քարտի և քարտային հաշվի պատշաճ սպասարկումը ՀՀ օրենսդրության, վճարային համակարգերի և պայմանագրի պահանջներին համապատասխան, Արա Խաչատրյանը քարտը չի կորցրել, այն գտնվել է նրա մոտ, և այլ անձ չէր կարող դրանով գործարք կատարել, իսկ Բանկը որևէ կերպ չի պարզաբանել, թե ինչ հիմքեր ունի պնդելու, որ տեղի է ունեցել քարտի օգտագործում մեկ այլ անձի կողմից, և ինչպես դա կարող էր տեղի ունենալ այն դեպքում, երբ գործարքները կատարվել են Թաիլանդում, իսկ Արա Խաչատրյանն այդ պահին գտնվել է Հայաստանում, և քարտը գտնվել է նրա մոտ, գտել է, որ հայցը ենթակա է բավարարման:
Վերաքննիչ դատարանը, պատճառաբանելով, որ Բանկը որևէ ապացույց չի ներկայացրել Դատարան` հիմնավորելու մեկ այլ անձի կողմից քարտի անօրինական օգտագործման փաստը, որպիսի փաստի ապացուցման պարտականությունը և դրա վերաբերյալ ապացույցի բացակայության հետևանքով ծագած բացասական հետևանքները կրում է վերջինս, Արա Խաչատրյանը կասկածելի գործարքների կատարման մասին Բանկին տեղեկացրել է դրանց կատարումից անմիջապես հետո` 11:35-ին, գտել է, որ Բանկի կողմից սահմանված հաճախորդի նույնականացման միջոցների բավարար հուսալի չլինելու և հաճախորդի կամքից անկախ նրա միջոցներն այլ անձանց կողմից օգտագործելու հնարավորություն ընձեռված լինելու դեպքերում նման գործողությունների հետևանքով հաճախորդին պատճառված վնասի հատուցման ռիսկը պետք է կրի Բանկը:
Վերոնշյալ դիրքորոշման համատեքստում գնահատելով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ:
Կողմերի միջև կնքված Պայմանագրի 2.2.1 կետի համաձայն` Բանկը պարտավորվել է ապահովել քարտի և քարտային հաշվի պատշաճ սպասարկումը ՀՀ օրենսդրության, վճարային համակարգերի և Պայմանագրի պահանջներին համապատասխան: Նույն Պայմանագրի 1.2 կետի համաձայն` Պայմանագրով չկարգավորված հարցերը կարգավորվում են Կանոններով:
Կանոնների 3.1.1 կետի համաձայն`քարտապանն իրավունք ունի իր քարտային հաշվի վճարային լիմիտի սահմաններում քարտի կիրառմամբ բանկոմատներից և կանխիկի տրամադրման կետերից ստանալ կանխիկ միջոցներ կամ քարտեր սպասարկող առևտրի և սպասարկման կետերում կատարել անկանխիկ վճարումներ:
Սույն գործի փաստերի համաձայն` Արա Խաչատրյանին տրամադրված MC GOLD վճարային քարտի տվյալներով Թաիլանդի թագավորության Բանգկոկ քաղաքում 13.07.2012 թվականին` ժամը 11:14-ին, 11:15-ին, 11:32-ին, 11:33-ին և 11:34-ին բանկոմատներից կատարվել են 10.150-ական` ընդհանուր 50.750 թաիլանդական բատի չափով գործարքներ (կանխիկացումներ), որոնցից յուրաքանչյուրի դիմաց ելքագրվել է 133.006,65 ՀՀ դրամ:
Կանոնների համաձայն` գաղտնի կոդը (PIN կոդ) թվային կոդ է, որը տրվում է քարտապանին հատուկ փակ ծրարով և օգտագործվում է նրա կողմից բանկոմատներից ու սահմանված դեպքերում POS-տերմինալներից կանխիկ միջոցներ ստանալու և առևտրի սպասարկման կետերում անկանխիկ վճարումներ կատարելու նպատակով:
Գաղտնի կոդի նշված հասկացությունը մեկնաբանելով դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից ելնելով` Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ բանկոմատներից կանխիկ միջոցներ ստանալու համար անհրաժեշտ պայման է PIN կոդի օգտագործումը:
Հիմք ընդունելով այն, որ վերը նշված գործարքները կատարվել են բանկոմատներից, ուստի սույն վեճի նկատմամբ կիրառելով նշված մեկնաբանությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այդ գործարքներն իրականացվել են PIN կոդի օգտագործմամբ:
Բանկը, ունենալով Արա Խաչատրյանին տրամադրված վճարային քարտի նաև Կանոնների պահանջներին համապատասխան պատշաճ սպասարկում ապահովելու պարտավորություն, կատարել է էլեկտրոնային միջոցով (բանկոմատներով) իրականացված, ծածկագրի (PIN կոդի) օգտագործմամբ հավաստված կարգադրությունը` կապված քարտային հաշվի վճարային լիմիտի սահմաններում վճարային քարտի կիրառմամբ բանկոմատներից կանխիկ գումարներ տալու հետ: Ընդ որում, Բանկն իր այդ պարտավորությունը կատարել է` հավաստիանալով, որ այդ կարգադրությունն արել է հաճախորդը կամ դրա համար լիազորված անձը` առանց հաճախորդի դրամական միջոցների օգտագործման ուղղությունները որոշելու և վերահսկելու, այլ սահմանափակումներ սահմանելու, քանի որ առաջին դեպքում, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 915-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերի համաձայն, դա եղել է Բանկի պարտավորությունը, իսկ երկրորդ դեպքում վերջինս դրա իրավունքը չի ունեցել:
Կանոնների 3.2.2 կետի համաձայն` քարտապանը պարտավոր է չտրամադրել իր քարտը և (կամ) PIN կոդը կամ գաղտնաբառը որևէ այլ անձի օգտագործման նպատակով, PIN կոդը որևէ այլ անձի հայտնի դառնալու կասկածի դեպքում անմիջապես այդ մասին տեղյակ պահել Բանկին: Քարտով այլ անձի կողմից գործարք կատարելը կամ կատարման փորձը համարվում է քարտի անօրինական օգտագործում:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տեղի է ունեցել Արա Խաչատրյանին տրամադրված վճարային քարտի օգտագործում: Ընդ որում, այդ քարտն օգտագործվել է անօրինական, քանի որ սույն գործի փաստերի համաձայն` չի հաստատվել, որ Պայմանագրի իմաստով քարտապան Արա Խաչատրյանը Թաիլանդի թագավորության Բանգկոկ քաղաքում 13.07.2012 թվականին Բանկին տվել է բանկոմատներից համապատասխան գումարներ տալու կարգադրություններ կամ նման կարգադրություններ է տվել դրա համար Արա Խաչատրյանի լիազորած անձը: Այսինքն` գործարքները կատարվել են այլ անձի կողմից:
Վերոնշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունն այն մասին, որ Բանկը որևէ ապացույց չի ներկայացրել Դատարան` հիմնավորելու մեկ այլ անձի կողմից քարտի անօրինական օգտագործման փաստը, որպիսի փաստի ապացուցման պարտականությունը և դրա վերաբերյալ ապացույցի բացակայության հետևանքով ծագած բացասական հետևանքները կրում է վերջինս, անհիմն է:
Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությանը, որ Արա Խաչատրյանը կասկածելի գործարքների կատարման մասին Բանկին տեղեկացրել է դրանք կատարելուց անմիջապես հետո` 11:35-ին, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն Բանկի վերաքննիչ բողոքը մերժելու հիմք հանդիսանալ չէր կարող հետևյալ պատճառաբանությամբ:
Կանոնների 3.1.7 կետի համաձայն` քարտապանն իրավունք ունի պահանջել ժամանակավորապես դադարեցնել (բլոկավորել) քարտային հաշվով իրականացվող գործառնությունները` քարտի դարձերեսին զետեղված հեռախոսահամարով Բանկին (համակարգին) նման հրահանգ տալու միջոցով` ճիշտ պատասխանելով անձի հաստատման համար անհրաժեշտ բանկի աշխատակցի կողմից տրվող հարցերին:
Նույն Կանոնների 5.1 կետի համաձայն` քարտի կորստի, հափշտակության կամ մեկ այլ անձի կողմից անօրինական օգտագործման դեպքում քարտապանը պարտավոր է քարտի դարձերեսին զետեղված հեռախոսահամարով կամ բանկի համար ընդունելի կապի այլ միջոցով անմիջապես ծանուցել բանկին (համակարգին) այդ մասին` հայտնելով իր նշանաբառը, որի արդյունքում քարտի գործողությունը կասեցվում է:
Սույն գործի փաստերի համաձայն` բանկոմատներից գործարքները կատարվել են ժամը 11:14-ին, 11:15-ին, 11:32-ին, 11:33-ին և 11:34-ին, իսկ Արա Խաչատրյանն այդ գործարքների մասին Բանկին ծանուցել է 13.07.2012 թվականին` ժամը 11:35-ին:
Նույն Կանոնների 5.6 կետի համաձայն` Բանկը պատասխանատվություն չի կրում այն վնասի համար, որը հասցվել է քարտապանին քարտը կորցնելու, հափշտակության կամ մեկ այլ անձի կողմից անօրինական օգտագործման և քարտապանի կողմից քարտի գործողությունը կասեցնելու միջև ընկած ժամանակահատվածում, ինչպես նաև քարտապանի կողմից Կանոնների պահանջները չկատարելու հետևանքով:
Նույն Կանոնների 6.2 կետի համաձայն` Բանկը պատասխանատվություն չի կրում Կանոններով սահմանված իր իրավունքներն իրականացնելու հետևանքով քարտապանի կրած վնասների համար:
Նկատի ունենալով այն հանգամանքը, որ տեղի է ունեցել այլ անձի կողմից քարտի անօրինական օգտագործում, քարտն անօրինական օգտագործվել է մինչև քարտի գործողության կասեցումը, Արա Խաչատրյանը կատարված գործարքներից միայն վերջինը կատարվելուց հետո է ծանուցել Բանկին` մինչ այդ կատարված գործարքների մասին Բանկին չծանուցելու հետևանքով խախտելով Կանոնների 5.1 կետի պահանջը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նման պայմաններում Բանկը պատասխանատու չէ Արա Խաչատրյանին պատճառված վնասի համար:
Վերոգրյալ պատճառաբանությունների լույսի ներքո Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանների` Արա Խաչատրյանի հայցի բավարարման վերաբերյալ եզրահանգումները գործում առկա ապացույցների սխալ գնահատման արդյունք են, որն էլ ազդել է սույն գործի ելքի վրա:
Նշված պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.10.2013 թվականի որոշումը և այն փոփոխել. Արա Խաչատրյանի հայցն ընդդեմ «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի` վնասը հատուցելու պահանջի մասին, մերժել:
2. Արա Խաչատրյանից հօգուտ «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի բռնագանձել 24.150 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար վճարված պետական տուրքի գումար, և 24.150 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար վճարված պետական տուրքի գումար:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Ե. Խունդկարյան
Դատավորներ` Գ. Հակոբյան
Վ. Աբելյան
Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Է. Հայրիյան
Տ. Պետրոսյան
Ե. Սողոմոնյան