ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/2028/02/10
դատարանի որոշում 2012 թ.
Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/2028/02/10
Նախագահող դատավոր` Ս. Միքայելյան
Դատավորներ` Ն. Տավարացյան
Դ. Խաչատրյան
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական
պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Ե. Խունդկարյանի
մասնակցությամբ դատավորներ Ե. Սողոմոնյանի
Վ. Աբելյանի
Ս. Անտոնյանի
Վ. Ավանեսյանի
Ա. Բարսեղյանի
Մ. Դրմեյանի
Գ. Հակոբյանի
Է. Հայրիյանի
Տ. Պետրոսյանի
2012 թվականի մարտի 23-ին
դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ ֆինանսների նախարարության (այսուհետ` Նախարարություն) և Երևանի քաղաքապետի (այսուհետ` Քաղաքապետ) վճռաբեկ բողոքները ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.06.2011 թվականի որոշման դեմ` ըստ «Օթյակ» ՓԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն) հայցի ընդդեմ «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի (այսուհետ` Կազմակերպություն), ՀՀ Կառավարության, Երևանի քաղաքապետարանի (այսուհետ` Քաղաքապետարան), վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ Նախարարության` վճարված 33.352.300 ՀՀ դրամ ավելացված արժեքի հարկի և 10.500.000 ՀՀ դրամ շահութահարկի, ինչպես նաև այդ գումարների նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված կարգով տոկոսների` սկսած 25.05.2008 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը, բռնագանձման պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է բռնագանձել Կազմակերպությունից, ՀՀ Կառավարությունից և Քաղաքապետարանից իր կողմից վճարված 33.352.300 ՀՀ դրամ ավելացված արժեքի հարկը և 10.500.000 ՀՀ դրամ շահութահարկը, ինչպես նաև այդ գումարների նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված կարգով տոկոսներ` սկսած 25.05.2008 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (դատավոր` Ա. Մելքումյան) (այսուհետ` Դատարան) 17.03.2011 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` վճռվել է Հայաստանի Հանրապետությունից` ի դեմս ՀՀ Կառավարության, հօգուտ Ընկերության բռնագանձել 43.852.300 ՀՀ դրամ` որպես պատճառված վնասի և վերադարձման ենթակա անհիմն հարստացման գումար, ինչպես նաև այդ գումարի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկված տոկոսներ` հաշվարկը կատարելով սկսած 05.05.2008 թվականից մինչև նշված գումարն Ընկերությանը փաստացի վերադարձնելու օրը: Մնացած մասով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 30.06.2011 թվականի որոշմամբ ՀՀ Կառավարության` ի դեմս Նախարարության, և Երևան համայնքի վերաքննիչ բողոքները մերժվել են, և Դատարանի 17.03.2011 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոքներ են ներկայացրել Նախարարությունը և Քաղաքապետը:
Վճռաբեկ բողոքների պատասխան է ներկայացրել Ընկերությունը:
2. Նախարարության վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1-ին հոդվածի 6-րդ կետը, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը սեփական նախաձեռնությամբ առանձին քննարկման առարկա է դարձրել 05.05.2008 թվականի «Անշարժ գույքը պետության և հասարակության կարիքների համար վերցնելու և դրա դիմաց փոխհատուցում վճարելու մասին» պայմանագրի` «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետի պահանջին հակասելու հանգամանքը և այդ տրամաբանությամբ եզրակացրել է, որ քաղաքացիաիրավական պայմանագրով չեն կարող կարգավորվել այնպիսի հարաբերություններ, որոնց իրավական կարգավորումը սահմանված է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրությամբ: Այսինքն` Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքի փաստարկներից դուրս այլ փաստարկի քննության փաստով դուրս է եկել վերաքննության սահմաններից, ինչպես նաև սահմանազանցել է իր լիազորությունները, և դա այն պարագայում, երբ Դատարանում գործի քննության ընթացքում նշված պայմանագրի անվավերության պահանջը կողմերից որևէ մեկը չի բարձրացրել:
Վերաքննիչ դատարանը, արծարծելով 05.05.2008 թվականի «Անշարժ գույքը պետության և հասարակության կարիքների համար վերցնելու և դրա դիմաց փոխհատուցում վճարելու մասին» պայմանագրի անվավերության հանգամանքը, հղում է կատարել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1-ին հոդվածի 6-րդ կետին: Մինչդեռ, Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ նշված նորմն ուղղակիորեն վերաբերում է առաջացման պահից պետաիշխանական ենթակայություն ենթադրող, բնույթով վարչական, ֆինանսական, հարկային, էությամբ ամբողջովին հանրային այն հարաբերություններին, որոնք ծագել են որպես այդպիսիք և որոնց նկատմամբ, բնականաբար, քաղաքացիական իրավունքի նորմերը ենթակա չեն կիրառման, իսկ սույն գործով կողմերի միջև ի սկզբանե վերոգրյալ պայմանագրի ուժով առաջացել են հավասարության ու կամքի ինքնավարության հատկանիշներով բնութագրվող քաղաքացիական հարաբերություններ, որոնք ենթակա են կարգավորման բացառապես քաղաքացիական իրավունքի նորմերով: Բացի այդ, 05.05.2008 թվականի «Անշարժ գույքը պետության և հասարակության կարիքների համար վերցնելու և դրա դիմաց փոխհատուցում վճարելու մասին» պայմանագիրը` դրանում առկա գնին վերաբերող դրույթին հավելվող` Վերաքննիչ դատարանի մատնանշած «այդ թվում` ավելացված արժեքի հարկը» պայմանի մասով ոչ թե հակասում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1-ին հոդվածի 6-րդ կետին, այլ միանգամայն համապատասխանում է պայմանագրի գինը գործարքում ամրագրելու վերաբերյալ նույն օրենսգրքով սահմանվող պահանջին:
Վերաքննիչ դատարանն ընդհանրապես չի անդրադարձել հայցագնի բաղկացուցիչ մասը կազմող շահութահարկի գումարի վերաբերյալ Նախարարության ներկայացրած փաստարկներին և որևէ կերպ չպատճառաբանելով դրանց հիմնավոր կամ անհիմն լինելը` Դատարանի վճիռն այդ մասով ևս թողել է անփոփոխ: Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը պարտավոր էր որոշման մեջ անդրադառնալ Դատարանի վճռի դեմ Նախարարության ներկայացրած վերաքննիչ բողոքի բոլոր փաստարկներին և պատճառաբանել, թե դրանցից որոնք են իր համար ընդունելի և որոնք` ոչ:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 30.06.2011 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:
2.1. Քաղաքապետի վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի 2-րդ մասը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածը, 44-րդ հոդվածի 5-րդ կետը, 51-րդ հոդվածի 1-ին կետը, սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 305-րդ հոդվածը, սխալ է կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1-ին հոդվածի 6-րդ կետը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ օրենքին չհամապատասխանող գործարքն առոչինչ է միայն օրենքով ուղղակի սահմանված դեպքում: Մինչդեռ, տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը, եզրակացնելով, որ 05.05.2008 թվականի «Անշարժ գույքը պետության և հասարակության կարիքների համար վերցնելու և դրա դիմաց փոխհատուցում վճարելու մասին» պայմանագրի 1.1-րդ կետը հակասում է «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներին, և այն մի մասով դիտելով որպես առոչինչ` չի մատնանշել այն իրավական հիմքը, մասնավորապես` նշված օրենքի այն հոդվածը, որը սահմանում է, որ ավելացված արժեքի հարկի ներառումը պայմանագրի գնի մեջ առոչինչ պայման է: Նման պարագայում 05.05.2008 թվականի «Անշարժ գույքը պետության և հասարակության կարիքների համար վերցնելու և դրա դիմաց փոխհատուցում վճարելու մասին» պայմանագրի վերոգրյալ պայմանն օրենքի ուժով չի կարող գնահատվել որպես առոչինչ, այլ այն առնվազն կարող է լինել վիճահարույց, սակայն Ընկերությունն իր կողմից հարուցված հայցի շրջանակներում այդ պայմանը չի վիճարկել:
Վերաքննիչ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1-ին հոդվածի 6-րդ կետը, եկել է այն հետևության, որ քաղաքացիաիրավական պայմանագրով չեն կարող կարգավորվել այնպիսի հարաբերություններ, որոնց իրավական կարգավորումը սահմանված է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրությամբ: Մինչդեռ, 05.05.2008 թվականի «Անշարժ գույքը պետության և հասարակության կարիքների համար վերցնելու և դրա դիմաց փոխհատուցում վճարելու մասին» պայմանագրի մասնակիցները միմյանց նկատմամբ վարչական կամ այլ իշխանական ենթակայության վրա հիմնված գույքային հարաբերությունների մեջ չեն գտնվել, քանի որ վերջիններիս միջև ծագած իրավահարաբերությունները հավասարության և կամքի ինքնավարության հատկանիշներով բնութագրվող պայմանագրային հարաբերություններ են:
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Կազմակերպության ներկայացուցիչը գործի նախնական քննության ընթացքում միջնորդություն է ներկայացրել Դատարան` «Արթին Էնթրփրայս» ՍՊԸ-ի ներկայացուցչին որպես վկա հրավիրելու և հարցաքննելու վերաբերյալ, որի ցուցմունքով կարող էր ապացուցվել այն փաստը, որ Ընկերությանը պատկանող գույքի գնահատման արժեքը ներառել է նաև ավելացված արժեքի հարկը: Մինչդեռ, Դատարանը, բավարարելով այդ միջնորդությունը և որոշում կայացնելով նշված ընկերության ներկայացուցչին որպես վկա հրավիրելու և հարցաքննելու մասին, չի հարցաքննել վկային` վերջինիս Դատարան չներկայանալու պատճառով, իսկ գործում առկա չէ որևէ ապացույց նրա` հարգելի պատճառով Դատարան չներկայանալու վերաբերյալ: Միաժամանակ Դատարանը չի ձեռնարկել միջոցներ անհարգելի պատճառով Դատարան չներկայացած վկային բերման ենթարկելու և հարցաքննելու ուղղությամբ: Արդյունքում Դատարանը վճիռը կայացրել է գործի համար էական նշանակություն ունեցող ապացույցի բացակայության պայմաններում:
Վերոգրյալ հիմնավորմամբ անհիմն է նաև Վերաքննիչ դատարանի հետևությունը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսների հաշվեգրման վերաբերյալ:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 30.06.2011 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:
2.2. Վճռաբեկ բողոքների պատասխանի փաստարկները
Նախարարության վճռաբեկ բողոքում ներկայացվել է փաստարկ այն մասին, որ Վերաքննիչ դատարանը դուրս է եկել վերաքննիչ բողոքում նշված փաստարկների սահմաններից և քննության առարկա է դարձրել 05.05.2008 թվականի «Անշարժ գույքը պետության և հասարակության կարիքների համար վերցնելու և դրա դիմաց փոխհատուցում վճարելու մասին» պայմանագրի հակասությունը «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետին: Մինչդեռ, նշված փաստարկն անհիմն է և չի բխում քաղաքացիական դատավարության օրենսդրության դրույթներից:
Նախարարության կողմից սխալ է մեկնաբանվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1-ին հոդվածի 6-րդ կետի էությունը, քանի որ այնքանով, որ վերոգրյալ պայմանագրով սահմանվել է «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի կանոններին հակառակ պայման, այն չի կարող առաջ բերել իրավական հետևանքներ և այդ հարաբերության նկատմամբ ուղղակիորեն կիրառելի են հարկային օրենսդրության պահանջները: Հետևաբար, իմաստազուրկ է վճռաբեկ բողոքի այն փաստարկը, որ տվյալ դեպքում պայմանագրի անվավերության պահանջ չի ներկայացվել:
Ինչ վերաբերում է Նախարարության այն փաստարկին, որ Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել շահութահարկին, ապա նշված փաստարկը ևս հիմնազուրկ է, քանի որ Նախարարության վերաքննիչ բողոքից պարզ է դառնում, որ վերջինս շահութահարկի վերաբերյալ Դատարանի վճռում տրված իրավական գնահատականների դեմ որևէ առարկություն չի ներկայացրել, այսինքն` Դատարանի կողմից այդ մասով ներկայացված իրավական վերլուծությունը վերաքննիչ բողոքում չի վիճարկվել, և նման պայմաններում Վերաքննիչ դատարանը չէր կարող դուրս գալ վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների շրջանակից:
Սույն վճռաբեկ բողոքի պատասխանը վերաբերում է նաև Քաղաքապետի բերած վճռաբեկ բողոքի փաստարկներին:
3. Վճռաբեկ բողոքների քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքների քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) Հայաստանի Հանրապետությունը` ի դեմս Քաղաքապետի, որի անունից լիազորագրի հիման վրա հանդես է եկել Կազմակերպությունը` ի դեմս տնօրենի («Կողմ-1»), և Ընկերությունը` ի դեմս տնօրենի (»Կողմ-2»), ղեկավարվելով «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքով և ՀՀ Կառավարության 01.11.2007 թվականի թիվ 1607-Ն որոշմամբ, 05.05.2008 թվականին կնքել են «Անշարժ գույքը պետության և հասարակության կարիքների համար վերցնելու և դրա դիմաց փոխհատուցում վճարելու մասին» պայմանագիրը, որի 1.1-րդ կետի համաձայն` «Կողմ-2»-ը «Կողմ-1»-ին փոխանցում է սեփականության իրավունքով իրեն պատկանող Երևանի Նալբանդյան փողոցի 130-րդ շենքի դիմաց (Գետառ գետի վրա) գտնվող 98,8քմ, 71,3քմ ընդհանուր մակերեսներով շինությունները, 54,8քմ ընդհանուր մակերեսով շվաքարանը և 446քմ մակերեսով վարձակալության իրավունքով պատկանող հողատարածքը (այսուհետ` Օբյեկտ) ...:
Օբյեկտի շուկայական արժեքը կազմում է 174.012.000 ՀՀ դրամ, որի հիմքում ընկած է «Արթին Էնթրփրայս» ՍՊԸ-ի կողմից 04.05.2008 թվականին կազմված գնահատման հաշվետվությունը: «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված և շուկայական արժեքին ավելացվող 15 տոկոս գումարը կազմում է 26.101.800 ՀՀ դրամ, ընդամենը` 200.113.800 ՀՀ դրամ (փոխհատուցման գումար), այդ թվում` ավելացված արժեքի հարկը:
Նույն պայմանագրի 2.2-րդ կետի համաձայն` պայմանագրի 1.1-րդ կետում նշված «Կողմ-2»-ին հասանելիք գումարից Օբյեկտի շուկայական արժեքը` 174.012.000 ՀՀ դրամը` ներառյալ ավելացված արժեքի հարկը, վճարվում է պայմանագիրը կնքելուց և հաշիվ-ապրանքագրերը «Կողմ-1»-ին ներկայացնելուց հետո հինգ բանկային օրվա ընթացքում:
Նույն պայմանագրի 2.3-րդ կետի համաձայն` «Կողմ-2»-ին հասանելիք գումարից «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված և շուկայական արժեքին ավելացվող 15 տոկոս գումարը` 26.101.800 ՀՀ դրամը` ներառյալ ավելացված արժեքի հարկը, վճարվում է կողմերի կամ նրանց լիազոր ներկայացուցիչների կողմից Օբյեկտի ընդունման-հանձնման ակտը ստորագրելուց և հաշիվ-ապրանքագիրը «Կողմ-1»-ին ներկայացնելուց հետո հինգ բանկային օրվա ընթացքում (հատոր 1-ին, գ.թ. 7-9):
2) Ընկերության կողմից 05.05.2008 թվականի «Անշարժ գույքը պետության և հասարակության կարիքների համար վերցնելու և դրա դիմաց փոխհատուցում վճարելու մասին» պայմանագիրը չի վիճարկվել:
3) «Արթին Էնթրփրայս» ՍՊԸ-ի 04.05.2008 թվականի գնահատման հաշվետվության եզրափակիչ մասի համաձայն` գնահատվող անշարժ գույքի շուկայական արժեքը 04.05.2008 թվականի դրությամբ կազմում է` շենք-շինությունների արժեքը` 158.915.237 ՀՀ դրամ, հողի արժեքը` 15.096.618 ՀՀ դրամ, ընդամենը` 174.011.855 ՀՀ դրամ, կլորացված` 174.012.000 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 54-67):
4) 06.05.2008 թվականի թիվ 1 հաշվի համաձայն` Կազմակերպությունն Ընկերությանը վճարել է 174.012.000 ՀՀ դրամ` ներառյալ 29.002.000 ՀՀ դրամ ավելացված արժեքի հարկը, իսկ 15.05.2008 թվականի թիվ 2 հաշվի համաձայն` Կազմակերպությունն Ընկերությանը վճարել է 26.101.800 ՀՀ դրամ` ներառյալ 4.350.300 ՀՀ դրամ ավելացված արժեքի հարկը (հատոր 1-ին, գ.թ. 74-75):
5) 20.05.2008 թվականի վճարման թիվ 4 և թիվ 5 հանձնարարագրերի համաձայն` Ընկերությունը վճարել է համապատասխանաբար 29.002.000 ՀՀ դրամ և 4.350.300 ՀՀ դրամ ավելացված արժեքի հարկ, իսկ 27.06.2008 թվականի վճարման թիվ 013 հանձնարարականի և 12.12.2008 թվականի վճարման թիվ 14 հանձնարարագրի համաձայն` Ընկերությունը վճարել է համապատասխանաբար 10.000.000 ՀՀ դրամ և 500.000 ՀՀ դրամ շահութահարկ (հատոր 1-ին, գ.թ. 13-16):
6) Վճռաբեկ դատարանը, քննելով թիվ ՎԴ/2575/05/09 վարչական գործով ՀՀ Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Մյասնիկյանի հարկային տեսչության (այսուհետ` Տեսչություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 11.12.2009 թվականի վճռի դեմ` ըստ Տեսչության հայցի ընդդեմ Ընկերության` 22.454.300 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին, 27.05.2010 թվականի որոշմամբ գտել է, որ 05.05.2008 թվականի «Անշարժ գույքը պետության և հասարակության կարիքների համար վերցնելու և դրա դիմաց փոխհատուցում վճարելու մասին» պայմանագրի հիման վրա Ընկերության կողմից ստացված 200.113.800 ՀՀ դրամը շահութահարկով հարկման ենթակա չէ («Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական գործերով որոշումների ընտրանի» (2009-2010)-Եր.: Ամարաս, 2011, էջ` 536-540):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
i
Քննելով վճռաբեկ բողոքները նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք հիմնավոր են մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.
«Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` սեփականությունը կարող է օտարվել` ձեռքբերողի և օտարման ենթակա սեփականության սեփականատիրոջ միջև կնքվող պայմանագրի համաձայն: Այս դեպքում կողմերի համաձայնությամբ են միայն որոշվում օտարվող սեփականության դիմաց տրվող համարժեք փոխհատուցման չափը, ձևը, կարգը, ժամկետները, պայմաններն ու կողմերի պատասխանատվությունը ...:
«Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` օտարվող սեփականության դիմաց սեփականատիրոջը վճարվում է համարժեք փոխհատուցում: Համարժեք է համարվում օտարվող գույքի շուկայական արժեքից տասնհինգ տոկոս ավելի գումարը:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` օտարվող սեփականության շուկայական արժեքը բաց և մրցակցային շուկայում սեփականություն հանդիսացող գույքի վաճառողի և գնորդի գիտակցաբար, արդարացի առևտրի պայմանների պահպանմամբ և օրինական գործողությունների արդյունքում ձևավորվող, գույքի վաճառքի առավել հավանական գինն է:
Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն` սեփականության օտարման հետ կապված օտարվող սեփականության սեփականատիրոջ համար պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից այդ կապակցությամբ առաջացող ֆինանսական պարտավորությունները (հարկեր, տուրքեր, պարտադիր վճարներ) հատուցում է ձեռքբերողը:
«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին պարբերության համաձայն` ԱԱՀ վճարողներ են համարվում օրենքով սահմանված կարգով ինքնուրույն տնտեսական (ձեռնարկատիրական) գործունեություն վարող և նույն օրենքի 6 հոդվածում թվարկված գործարքներ (գործառնություններ) իրականացնող ֆիզիկական և իրավաբանական անձինք, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները (այսուհետ` անձինք), բացառությամբ նույն հոդվածով և նույն օրենքի 3-րդ հոդվածով սահմանված դեպքերի:
«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին պարբերության համաձայն` ԱԱՀ-ով հարկվող գործարքներ (գործառնություններ) են համարվում` ապրանքների մատակարարումը` գործարք, որն իրականացվում է ապրանքների (այդ թվում` արտադրանքի և անշարժ գույքի) սեփականության իրավունքը` հատուցման դիմաց այլ անձի փոխանցելու միջոցով:
«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին պարբերության համաձայն` ԱԱՀ-ով հարկվող շրջանառությունը որոշվում է հետևյալ կարգով. ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման դեպքերում (բացառությամբ նույն հոդվածով սահմանված դեպքերի) ԱԱՀ-ով հարկվող շրջանառություն է համարվում դրանց արժեքը դրամական արտահայտությամբ (ներառյալ` այդ արժեքին օրենքով միացվող այլ վճարումները)` առանց ԱԱՀ-ի, որը գնորդը պետք է վճարի մատակարարին որպես հատուցում:
Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարումը կատարվում է ձեռքբերողի և օտարման ենթակա սեփականության սեփականատիրոջ միջև կնքվող պայմանագրի հիման վրա, որն իր բնույթով քաղաքացիաիրավական է, քանի որ օտարվող սեփականության դիմաց տրվող համարժեք փոխհատուցման չափը, ձևը, կարգը, ժամկետները, պայմաններն ու կողմերի պատասխանատվությունը որոշվում են բացառապես նրանց համաձայնությամբ:
Սույն գործի փաստերի համաձայն` Կազմակերպության և Ընկերության միջև 05.05.2008 թվականին կնքված «Անշարժ գույքը պետության և հասարակության կարիքների համար վերցնելու և դրա դիմաց փոխհատուցում վճարելու մասին» պայմանագրի 1.1-րդ կետով Ընկերությանը պատկանող Երևանի Նալբանդյան փողոցի 130-րդ շենքի դիմաց (Գետառ գետի վրա) գտնվող 98,8 քմ, 71,3 քմ ընդհանուր մակերեսներով շինությունների, 54,8 քմ ընդհանուր մակերեսով շվաքարանի և 446 քմ մակերեսով վարձակալության իրավունքով պատկանող հողատարածքի շուկայական արժեքը կողմերի միջև որոշվել է 174.012.000 ՀՀ դրամ, որին «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված շուկայական արժեքին ավելացվող 15 տոկոս գումարը կազմել է 26.101.800 ՀՀ դրամ, ընդամենը` 200.113.800 ՀՀ դրամ (փոխհատուցման գումար), այդ թվում` ավելացված արժեքի հարկը:
Վերոգրյալից հետևում է, որ 200.113.800 ՀՀ դրամ գումարն օտարվող սեփականության դիմաց սեփականատիրոջը վճարվող համարժեք փոխհատուցման գումարն է: Հետևաբար, անհիմն է Նախարարության պատճառաբանությունն այն մասին, որ կողմերի միջև 05.05.2008 թվականին կնքված «Անշարժ գույքը պետության և հասարակության կարիքների համար վերցնելու և դրա դիմաց փոխհատուցում վճարելու մասին» պայմանագրի 1.1-րդ կետի 2-րդ պարբերության համաձայն` 200.113.800 ՀՀ դրամ գումարի մեջ ներառվել է նաև հարկման ենթակա ավելացված արժեքի հարկը:
Բացի այդ, Վճռաբեկ դատարանը, քննելով թիվ ՎԴ/2575/05/09 վարչական գործով Տեսչության վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 11.12.2009 թվականի վճռի դեմ` ըստ Տեսչության հայցի ընդդեմ Ընկերության` 22.454.300 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին, 27.05.2010 թվականի որոշմամբ գտել է, որ 05.05.2008 թվականի «Անշարժ գույքը պետության և հասարակության կարիքների համար վերցնելու և դրա դիմաց փոխհատուցում վճարելու մասին» պայմանագրի հիման վրա Ընկերության կողմից ստացված 200.113.800 ՀՀ դրամը շահութահարկով հարկման ենթակա չէ: Նույն որոշմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ գործի փաստերի համաձայն` սեփականատիրոջ գույքը ոչ թե վաճառվում է նրա ձեռնարկատիրական գործունեության շրջանակներում` անձնական շահերից ելնելով, այլ իրացվում է պետության և հասարակության կարիքների դիմաց` վճարվելով փոխհատուցում, որը ոչ թե սեփականատիրոջ եկամուտն է, այլ գույքի նկատմամբ ունեցած սեփականության իրավունքի դադարեցման դիմաց տրվող համարժեք փոխարինում:
Ավելին, նշված գործով Վճռաբեկ դատարանը նշել է նաև, որ «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածով հստակ սահմանված է, որ սեփականության օտարման հետ կապված առաջացող ֆինանսական պարտավորությունները, մասնավորապես` հարկերը, հատուցում է ձեռքբերողը, հետևաբար Ընկերությունը փոխհատուցման գումարից շահութահարկ չպետք է վճարի: Բացի այդ, վերոգրյալ օրենքով սահմանված սկզբունքներից է նաև, որ գերակա հանրային շահից ելնելով` սեփականության օտարումը չպետք է չհիմնավորված վնաս պատճառի սեփականատիրոջը:
Ինչ վերաբերում է «Անշարժ գույքը պետության և հասարակության կարիքների համար վերցնելու և դրա դիմաց փոխհատուցում վճարելու մասին» պայմանագրի առոչինչ լինելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հիմնավորումներին, ապա այդ մասով վճռաբեկ բողոքը հիմնավոր է, քանի որ «Անշարժ գույքը պետության և հասարակության կարիքների համար վերցնելու և դրա դիմաց փոխհատուցում վճարելու մասին» պայմանագրի առոչնչության հետ կապված պահանջ չի ներկայացվել, և հետևաբար, նշված պայմանագրի իրավաչափության հետ կապված իրավական հարցերը դուրս են սույն գործի քննության շրջանակներից:
Այնուհանդերձ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործի վարույթը ենթակա է կարճման հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1-ին հոդվածի 6-րդ կետի համաձայն` մեկ կողմի` մյուսի վարչական կամ այլ իշխանական ենթակայության վրա հիմնված գույքային` ներառյալ հարկային, ֆինանսական ու վարչական հարաբերությունների նկատմամբ քաղաքացիական օրենսդրությունը և այլ իրավական ակտերը չեն կիրառվում, եթե այլ բան նախատեսված չէ օրենսդրությամբ:
«Հարկերի մասին» ՀՀ օրենքի 5-րդ գլխով (33-35-րդ հոդվածներ) սահմանվում է հարկային պարտավորություններից ավել բյուջե վճարված գումարները (գերավճարները) հարկ վճարողին վերադարձնելու կարգը:
Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ քաղաքացիական օրենսդրությունը մեկ կողմի` մյուսի վարչական կամ այլ իշխանական ենթակայության վրա հիմնված գույքային` ներառյալ հարկային, ֆինանսական ու վարչական հարաբերությունների նկատմամբ կիրառելի չէ, իսկ հարկային պարտավորություններից ավել բյուջե վճարված գումարները (գերավճարները) հարկ վճարողին վերադարձնելու հետ կապված հարաբերություններն իրենց բնույթով հարկային (վարչական) հարաբերություններ են, որոնք կարգավորվում են հարկային օրենսդրությամբ:
Տվյալ դեպքում Ընկերության պահանջը վերաբերում է ավելացված արժեքի հարկի և շահութահարկի գծով ավել վճարված գումարների բռնագանձմանը, որպիսի հարաբերությունները կարգավորվում են «Հարկերի մասին» ՀՀ օրենքով և դուրս են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի կարգավորման շրջանակներից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 15-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացիական բոլոր գործերն ընդդատյա են առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը կարճում է գործի վարույթը, եթե վեճը ենթակա չէ դատարանում քննության:
Նշված նորմերից հետևում է, որ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններին ընդդատյա են միայն քաղաքացիական գործերը, իսկ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան այլ բնույթի, այդ թվում նաև` հարկային գործի ներկայացման դեպքում վերջինս պարտավոր է կարճել այդպիսի գործի վարույթը:
Հետևաբար, Ընկերության ներկայացրած 33.352.300 ՀՀ դրամ ավելացված արժեքի հարկը և 10.500.000 ՀՀ դրամ շահութահարկը, ինչպես նաև այդ գումարների նկատմամբ բանկային տոկոսները բռնագանձելու պահանջն ընդդատյա չէ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին, և այդ գործի վարույթը ենթակա է կարճման:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի «գ» ենթակետի համաձայն` պետական տուրքը ենթակա է վերադարձման մասնակի կամ լրիվ տվյալ գործով վարույթը կարճելու կամ հայցն առանց քննության թողնելու դեպքում, եթե գործը ենթակա չէ դատարանում քննության, կամ հայցվորը չի պահպանել տվյալ կատեգորիայի գործի համար վեճը լուծելու սահմանված նախնական արտադատարանական կարգը, կամ հայցը ներկայացրել է անգործունակ անձը, ինչից հետևում է, որ սույն գործով պետական տուրքի հարցն օրենքի ուժով համարվում է լուծված:
Վճռաբեկ դատարանը Կազմակերպության ներկայացուցչին որպես վկա հրավիրելու և հարցաքննելու վերաբերյալ Քաղաքապետի վճռաբեկ բողոքի փաստարկին չի անդրադառնում, քանի որ սույն որոշման պատճառաբանություններից ելնելով` տվյալ փաստարկը սույն գործի լուծման համար չունի որևէ էական նշանակություն:
Նշված պատճառաբանություններով հերքվում են նաև վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքների հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին կետի և 240-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և սույն գործի վարույթը կարճելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքները բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.06.2011 թվականի որոշումը և գործի վարույթը կարճել:
2. Պետական տուրքի հարցը համարել լուծված:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Ե. Խունդկարյան
Դատավորներ` Ե. Սողոմոնյան
Վ. Աբելյան
Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
Է. Հայրիյան
Տ. Պետրոսյան
շնg