ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ քաղաքացիական գործերով Քաղաքացիական գործ թիվ 3-1640(ՎԴ)
վերաքննիչ դատարանի վճիռ 2006թ.
Նախագահող դատավոր` Ն. Հովսեփյան
Դատավորներ` Գ. Մատինյան
Լ. Գրիգորյան
Քաղաքացիական գործ թիվ 06-1438/2006թ.
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻ
Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻ
Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ
Ս. ԳՅՈՒՐՋՅԱՆԻ
Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ
Վ. ԱԲԵԼՅԱՆԻ
2006 թվականի սեպտեմբերի 28-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Բորիս Մկրտչյանի ներկայացուցիչ Տիգրան Աթանեսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 20.04.2006 թվականի վճռի դեմ` ըստ Բորիս Մկրտչյանի դիմումի ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Մարաշ տարածքային ստորաբաժանման (այսուհետ` Կադաստր)` պետական մարմնի ապօրինի գործողությունները վիճարկելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Բ. Մկրտչյանը խնդրել է օրենքին հակասող ճանաչել Երևանի Նար-Դոսի փողոցի թիվ 74/1 հասցեում գտնվող առանձնատան և հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման մերժումը և պարտավորեցնել Կադաստրին գրանցելու սեփականության իրավունքն այդ գույքի նկատմամբ:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 15.02.2006 թվականի վճռով դիմումը բավարարվել է:
ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 20.04.2006 թվականի վճռով դիմումը մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բորիս Մկրտչյանի ներկայացուցիչը:
Կադաստրի կողմից վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով`
i
1) Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ Սահմանադրության 8-րդ հոդվածը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 1-ին արձանագրության 1-ին հոդվածը, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 24-րդ և 43-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով:
Կադաստրը, ապօրինի հրաժարվելով գրանցել Բորիս Մկրտչյանի սեփականության իրավունքը Երևանի Նար-Դոսի փողոցի թիվ 74/1 հասցեում գտնվող տան նկատմամբ, փաստացի զրկել է նրան իր սեփականությունը տնօրինելու իրավունքից:
i
2) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 205-րդ հոդվածի պահանջը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է նրանով, որ Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ գործով պատասխանող է Կադաստրի ղեկավար Վ. Հովակիմյանը, մինչդեռ վերաքննիչ բողոքը բերել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Ա. Մուսայանը:
Վճռաբեկ բողոք բերած անձը խնդրել է ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 20.04.2006 թվականի վճիռը բեկանել:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) Օրջոնիկիձեի շրջսովետի գործկոմի 09.07.1954 թվականի թիվ 43 որոշմամբ թույլատրվել է Երևանի Նար-Դոսի փողոցի թիվ 74 տան բնակիչ Ռուբեն Մկրտչյանին քանդելու իր հին բնակարանը և տեղում կառուցել նոր բնակարան: Ըստ կառուցման նախագծի` թույլատրվել է կառուցել նկուղային հարկով երկհարկանի բնակելի տուն:
2) Օրջոնիկիձեի շրջսովետի գործկոմի 27.03.1987 թվականի թիվ 7/59 որոշման համաձայն` քննարկվել է Երքաղսովետի գործկոմի հաշվետեխնիկական բյուրոյի 27.12.1986 թվականի գրությունը Երևանի Նար-Դոսի փողոցի թիվ 74 տան բնակիչ Բորիս Մկրտչյանին հանգուցյալ հոր կողմից կառուցված շենքին ավարտական ակտ տալու մասին: Որոշվել է հանգուցյալ Ռ. Մկրտչյանի անվամբ տալ ավարտական ակտ, նշված հասցեում կառուցված 4 բնակելի սենյակները 88,5քմ մակերեսով ճանաչել բնակելի օրինական, 112,8քմ մակերեսով օժանդակները` օժանդակ-օրինական:
3) Ռուբեն Մկրտչյանի մահից հետո 1977 թվականի մայիսի 6-ին նրա գույքի նկատմամբ հավասար բաժիններով ժառանգներ են հանդիսանում տղաները` Բորիս Ռուբենի Մկրտչյանը և Արտուշ Ռուբենի Մկրտչյանը, որոնք բնակվում են Երևանի Նար-Դոսի փողոցի թիվ 74 տանը:
4) Երքաղսովետի գործկոմի բնակարանային տնտեսության հաշվետեխնիկական բյուրոյի գլխավոր վարչության գրանցման վկայականի համաձայն` Երևանի Նար-Դոսի փողոցի թիվ 74 տան նկատմամբ Բորիս և Արտուշ Մկրտչյանների սեփականության իրավունքը գրանցվել է գրանցման գրքում թիվ 2631 համարով (գործ թիվ 2577):
5) Օրջոնիկիձեի շրջանի դատարանի` օրինական ուժի մեջ մտած 17.03.1988 թվականի վճռով ըստ հայցի Բորիս Մկրտչյանի ընդդեմ Արտուշ Մկրտչյանի` ժառանգաբար ստացած սեփական տան կեսի, մուտքի և հողամասի առանձնացման պահանջների մասին, որոշվել է Երևանի Նար-Դոսի փողոցի թիվ 74 տան` ըստ հատակագծի 1-ին հարկի երկու բնակելի սենյակները` յուրաքանչյուրը 19,2քմ մակերեսով, 7,7քմ մակերեսով միջանցքը և ըստ հատակագծի թիվ 4, 5, 6 օժանդակ մակերեսներն ու տան նկուղի կեսը սեփականության իրավունքով հատկացնել Բորիս Ռուբենի Մկրտչյանին: Օգտագործելու համար նրան հատկացվել է նաև տան բակում եղած հողամասի 2-րդ հատվածը` ըստ հատակագծի:
6) Տան 1/2 մասը սեփականության իրավունքով հաշվառված է Բորիս Մկրտչյանի անվամբ, իսկ մյուս 1/2 մասը` Արտուշ Մկրտչյանի անվամբ, համապատասխանաբար տարբեր հասցեներով:
7) Երևանի Նար-Դոսի փողոցի թիվ 74/1 հասցեում կադաստրի կողմից կատարված չափագրումների հիման վրա ընդհանուր հողամասի մակերեսը փաստացի կազմում է 297,35քմ, որից 21,9քմ մակերեսով զավթված հողամասի վրա առկա է 5,5քմ ինքնակամ պարիսպ:
8) Բորիս Մկրտչյանի կողմից օգտագործվում է նկուղային հարկի 42,7քմ մակերեսը և 1-ին հարկի 73,45քմ մակերեսը, որոնցից համապատասխանաբար 17,9քմ մակերեսը և 29,7քմ մակերեսն ընդհանուր` Արտուշ Մկրտչյանի հետ: Բնակելի տան 1-ին հարկն ամբողջությամբ սեփականության իրավունքով հաշվառված է Բորիս Մկրտչյանի անվամբ:
9) 08.09.2006 թվականին Բորիս Մկրտչյանը, դիմելով Կադաստր ներկայացրել է իր սեփականությունը հավաստող բոլոր փաստաթղթերը, վճարել է պետական գրանցման համար համապատասխան սահմանված վճարումը և խնդրել է գրանցել իր սեփականության իրավունքը:
10) Կադաստրի 13.09.2005 թվականի թիվ 4545 գրությամբ մերժվել է Բ. Մկրտչյանի դիմումը` Երևանի Նար-Դոսի փողոցի թիվ 74/1 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ իրավունքի գրանցումը «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի «ա» կետի պահանջներին համապատասխան, գրանցման համար ներկայացված փաստաթղթերն օրենքով սահմանված կարգին ոչ համապատասխան կազմված լինելու, այն է` զավթած հողամասի, ինքնակամ կառույցների օրինականությունը հաստատող փաստաթղթեր ներկայացված չլինելու, ինչպես նաև հարևանի համաձայնության բացակայության պատճառներով:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`
1) բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
Գործի փաստերի վերլուծությունը վկայում է այն մասին, որ Բ. Մկրտչյանը հանդիսանում է Երևանի Նար-Դոսի փողոցի թիվ 74/1 հասցեում գտնվող անշարժ գույքի սեփականատեր: Հետևաբար, նրա սեփականության իրավունքը ենթակա է պաշտպանության ՀՀ Սահմանադրության և օրենքների ուժով:
Սույն գործով Բ. Մկրտչյանի սեփականության իրավունքի գրանցման մերժման համար Կադաստրը հիմք է ընդունել «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի «ա» կետը: Կիրառելով օրենքի այս հոդվածը, Կադաստրն իր մերժումը հիմնավորել է գրանցման համար ներկայացված փաստաթղթերն օրենքով սահմանված կարգին ոչ համապատասխան կազմված լինելու հանգամանքով: Որպես նշված փաստաթղթերի` օրենքով սահմանված կարգին ոչ համապատասխան կազմված լինելու փաստարկ Կադաստրը նշել է զավթած հողամասի և ինքնակամ կառույցների օրինականությունը հաստատող փաստաթղթերի ներկայացված չլինելու, ինչպես նաև հարևանի համաձայնության բացակայության հանգամանքները:
i
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը և այլ գույքային իրավունքները, այդ իրավունքների սահմանափակումները, դրանց ծագումը, փոխանցումն ու դադարումը ենթակա են պետական գրանցման:
«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի համաձայն` պետական գրանցումը մերժվում է, եթե գրանցման համար ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին, այսինքն`
ա) չեն համապատասխանում օրենսդրությանը, կամ դրանցով խախտվել են օրենսդրության պահանջները, կազմված են օրենքով սահմանված կարգին ոչ համապատասխան,
բ) բացակայում է պետական գրանցման վճարի անդորրագիրը,
գ) ներկայացվել են մատիտով գրված, ջնջումներով, ուղղումներով, ինչպես նաև ոչ պատշաճ ձևակերպված փաստաթղթեր:
Արգելվում է այլ պատճառներով գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մերժումը, այդ թվում` աննպատակահարմարության պատճառաբանությամբ:
ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի համաձայն` ոչ ոք չի կարող կրել պարտականություններ, որոնք սահմանված չեն օրենքով:
Տվյալ դեպքում Կադաստրը միայն ծագած իրավունքները գրանցող պետական մարմին է և չի կարող անձանց համար սահմանել «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքով չնախատեսված փաստաթղթեր կամ հիմնավորումներ ներկայացնելու պարտականություններ:
i
«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 86-րդ հոդվածի առաջին մասի համաձայն` իրավական ակտը մեկնաբանվում է դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությամբ` հաշվի առնելով օրենքի պահանջները: Իրավական ակտի մեկնաբանությամբ չպետք է փոփոխվի դրա իմաստը:
«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածով սահմանված պետական գրանցման մերժման հիմքը, այն է` գրանցման համար ներկայացված փաստաթղթերն օրենքով սահմանված կարգին ոչ համապատասխան կազմված լինելը, պետք է մեկնաբանվի արտահայտության և դրանում պարունակվող բառերի տառացի նշանակությամբ` չփոփոխելով դրա իմաստը, չնեղացնելով կամ չընդլայնելով այն: Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գրանցման համար ներկայացված փաստաթղթերի` օրենքով սահմանված կարգին համապատասխան կազմված լինելու հանգամանքի ստուգումը պետք է հանգի փաստաթղթերի կազմի, դրանցից յուրաքանչյուրի ձևի և բովանդակության խնդիրներին, այլ ոչ թե այդ փաստաթղթերի հետ չառնչվող այլ փաստաթղթերի ուսումնասիրությանը, այդ փաստաթղթերից զատ այլ փաստաթղթեր ներկայացնելու պահանջին, որևէ սուբյեկտի` օրենքով չնախատեսված կարծիքին կամ եզրակացությանը հղելուն կամ որևէ սուբյեկտի (այդ թվում նաև` այլ վարչական մարմնի) իրավասության խնդիրներին:
Կադաստրին դիմելու կարգի և գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի վերաբերյալ կարգավորումը տրված է «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածում: Այս հոդվածը հղում է պարունակում նույն օրենքի 21-րդ հոդվածին, որտեղ սպառիչ սահմանված են այն փաստաթղթերը, որոնք անձը պարտավոր է ներկայացնել` իր իրավունքի պետական գրանցում պահանջելիս:
i
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 5-րդ հոդվածի (Ձևական պահանջները չարաշահելու արգելքը) համաձայն` վարչարարություն իրականացնելիս վարչական մարմիններին արգելվում է միայն ձևական պահանջների պահպանման նպատակով անձանց ծանրաբեռնել պարտականություններով կամ մերժել նրանց որևէ իրավունք տրամադրելը, եթե նրանց վրա դրված պարտականությունները բովանդակային առումով կատարված են: Նմանօրինակ ձևական պահանջների չարաշահման արգելք նախատեսված է նաև «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածում, համաձայն որի` արգելվում է այլ պատճառներով գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մերժումը, քան նրանց որոնք սահմանված են այդ օրենքով:
Սույն գործով հաստատված փաստերի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Բ. Մկրտչյանը ներկայացրել է իր սեփականության իրավունքը հավաստող բոլոր փաստաթղթերը, կատարել օրենքով սահմանված վճարումները, որի պայմաններում նրա սեփականության իրավունքը ենթակա էր պետական գրանցման և նման գրանցման մերժումը հակասում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 5-րդ և «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածների պահանջներին: Ավելին, Կադաստրի կողմից խախտվել է նաև անձի սեփականության իրավունքի գրանցման մերժման համար «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքով նախատեսված` օրենքի կամ նորմատիվային ակտի խախտման պարտադիր նշումներով մերժման պատճառների մասին տեղյակ լինելու իրավունքը:
ՀՀ Սահմանադրության 8-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և պաշտպանվում է սեփականության իրավունքը, իսկ 31-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու և կտակելու իր սեփականությունը:
ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի համաձայն` վավերացված միջազգային պայմանագրերը Հայաստանի Հանրապետության իրավական համակարգի բաղկացուցիչ մասն են կազմում: Եթե նրանցում սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են օրենքներով, ապա կիրառվում են պայմանագրի նորմերը: «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի առաջին արձանագրության առաջին հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք:
Սույն գործով Բ. Մկրտչյանի նկատմամբ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի սխալ կիրառումը խախտում է վերջինիս` ՀՀ Սահմանադրության 31-րդ և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի առաջին արձանագրության առաջին հոդվածով երաշխավորված սեփականության իրավունքը:
i
Այսպիսով, բողոքի սույն հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է որպես դատական ակտը բեկանելու բավարար հիմք ՀՀ քաղաքացիական դատավարություն օրենսգրքի 226-րդ հոդվածի ուժով:
2) բողոքը երկրորդ հիմքով անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ:
ՀՀ կառավարությանն առընթեր պետական կոմիտեի նախագահի տեղակալը նույն պետական մարմնի ներկայացուցիչն է, որն իր լիազորությունների շրջանակում ունեցել է բավարար լիազորություններ սույն գործով առաջին ատյանի դատարանի կայացրած վճռի դեմ վերաքննիչ բողոք բերելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել` բեկանել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 20.04.2006 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` այլ կազմով նոր քննության:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:
ՆԱԽԱԳԱՀՈՂ` Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ` Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆ Ս. ՍԱՐԳՍՅԱՆ Է. ՀԱՅՐԻՅԱՆ Ս. ԳՅՈՒՐՋՅԱՆ Ս. ԱՆՏՈՆՅԱՆ Վ. ԱԲԵԼՅԱՆ