ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
ԲԴԽ-88-Ո-Կ-19
ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԱՐՏԱՇԵՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
(2-րդ մաս)
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ` ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ`
նախագահությամբ`
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կ. Անդրեասյանի
մասնակցությամբ` անդամներ Ա. Աթաբեկյանի
Հ. Գրիգորյանի
Ե. Թումանյանցի
Էդ. Հովհաննիսյանի
Ն. Հովսեփյանի
Ք. Մկոյանի
Ա. Վարդանյանի
Վ. Քոչարյանի
Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և
կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամներ Հ. Շահնազարյանի
Է. Գյուրջյանի
Սնանկության դատարանի դատավոր Ա. Հովհաննիսյանի
քարտուղարությամբ` Թ. Ղուկասյանի
2023 թվականի նոյեմբերի 6-ին ք. Երևանում
Դատավորը նշել է նաև, որ «ՖՈՒԴՈ» Հ/Ձ ՍՊԸ-ի հայցը կարճելով` ընկերության որևէ իրավունք չի խախտվել: 09.04.2019 թվականին «Ռայվ Ինտերթրեյդ» ՍՊԸ-ի պարտատերերի ժողովի կողմից ընդունված գույքի վաճառքի ծրագրի հիման վրա կառավարչի կողմից կազմակերպած աճուրդը «ՖՈՒԴՈ» Հ/Ձ ՍՊԸ-ի ներկայացուցիչների կողմից բողոքարկվելով վերաքննիչ քաղաքացիական դատարան, այն բեկանվել է և որոշվել է անվավեր ճանաչել սնանկության գործով կառավարիչ Խաչիկ Ղահրամանյանի կողմից «Ռայվ Ինտերթրեյդ» ՍՊԸ-ի սնանկության գործի շրջանակներում ՀՀ, քաղաք Երևան, Շենգավիթ համայնք, Սմբատ Զորավար փողոց 55 հասցեում գտնվող անշարժ գույքի վերաբերյալ 20.12.2019 թվականի աճուրդը և որպես անվավերության հետևանք աճուրդում հաղթած անձի` Էդուարդ Լևոնի Աթոյանի հետ կնքված պայմանագիրը:
Դատավորը հայտնել է, որ տվյալ դեպքում դիմումատուի ոչ մի իրավունք չի խախտվել: Մասնավորապես թե՛ սնանկության գործով պարտապան «Ռայվ Ինտերթրեյդ» ՍՊԸ-ի, թե՛ «ՖՈՒԴՈ» Հ/Ձ ՍՊԸ-ի միակ հիմնադիր և տնօրեն հանդիսանում է հաղորդում ներկայացրած անձ Դավիթ Պետրոսյանը: Պարտապան «Ռայվ Ինտերթրեյդ» ՍՊԸ-ն ծանուցված է եղել սնանկության գործով պարտատերերի 09.04.2019 թվականի ժողովի մասին: «ՖՈՒԴՈ» Հ/Ձ ՍՊԸ-ն հնարավորություն է ունեցել օգտվելու «Սնանկության մասին» օրենքի 43-րդ հոդվածով սահմանված իրավունքներից: Հաղորդում ներկայացրած «ՖՈՒԴՈ» Հ/Ձ ՍՊԸ-ի տնօրեն Դավիթ Պետրոսյանն այժմ էլ հնարավորություն ունի օգտվելու «Սնանկության մասին» ՀՀ օրենքով ընձեռնված իր իրավունքներից:
Դատավորը հայտնել է, որ 25.03.2020 թվականի հայցադիմումի ընդունումը մերժելու մասին և 18.08.2022 թվականի գործի վարույթը կարճելու մասին որոշումները կայացրել է գործում եղած փաստաթղթերի ուսումնասիրման և օրենքների կիրառման արդյունքում և, հղում կատարելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 9-րդ մասին, միջնորդել է կարճել իր նկատմամբ հարուցված կարգապահական վարույթը:
Դատավորը, Խորհրդին ներկայացրած պատասխանով հայտնել է, որ Հանձնաժողովը, ուսումնասիրելով «ՖՈՒԴՈ» Հ/Ձ ՍՊԸ-ի տնօրեն Դավիթ Պետրոսյանի կողմից ներկայացված հաղորդումը 27.07.2023 թվականի որոշմամբ, իր նկատմամբ հարուցել է կարգապահական վարույթ: 14.08.2023 թվականին իր կողմից ներկայացվել է բացատրություն: 25.09.2023 թվականին Հանձնաժողովի աշխատակիցը զանգահարել է իրեն և խնդրել տրամադրել իր արձակուրդում գտնվելու վերաբերյալ տեղեկատվություն, ինչպես նաև խնդրել է ներկայացնել Դատարանի նախագահ Գ. Հովհաննիսյանի 22.06.2023 թվականի «Ամենամյա արձակուրդ տրամադրելու մասին» թիվ 19-Ա հրամանի օրինակը: Իր կողմից Հանձնաժողովին հասցեագրված 26.09.2023 թվականի գրությամբ տեղեկացրել է, որ 2023 թվականի հուլիսի 14-ից մինչև օգոստոսի 3-ը ներառյալ գտնվել է ամենամյա արձակուրդում, կից ներկայացրել է Դատարանի նախագահ Գ. Հովհաննիսյանի 22.06.2023 թվականի «Ամենամյա արձակուրդ տրամադրելու մասին» թիվ 19-Ա հրամանի պատճենը:
Դատավորը հայտնել է, որ Հանձնաժողովը 27.09.2023 թվականին որոշում է կայացրել «Կարգապահական վարույթի ժամկետը երկարաձգելու մասին», որով իր նկատմամբ 27.07.2023 թվականին հարուցված թիվ N-Կ-7/2023 կարգապահական վարույթի ժամկետը երկարաձգվել է մինչև 05.10.2023 թվականը:
09.10.2023 թվականին Դատավորը ստացել է Հանձնաժողովի նախագահ Սերգեյ Մարաբյանի կողմից 05.10.2023թ. թվագրված գրությունը, որով հայտնվել է, որ Հանձնաժողովը, ուսումնասիրելով «ՖՈՒԴՈ» Հ/Ձ ՍՊԸ-ի տնօրեն Դավիթ Պետրոսյանի հաղորդման առթիվ 27.07.2023 թվականին իր նկատմամբ հարուցված կարգապահական վարույթի նյութերը, 02.10.2023 թվականին որոշում է կայացրել կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ դիմել Բարձրագույն դատական խորհուրդ:
Դատավորը, վկայակոչելով Օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-4-րդ մասերը, 156-րդ հոդվածը հայտնել է, որ իրեն կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությունը ենթակա է կարճման, քանի որ վարույթը հարուցած մարմինը խախտել է դատավորի նկատմամբ կարգապահական վարույթի ընթացքի համար օրենքով սահմանված ժամկետները և ինքը համաձայն է այդ հիմքով վարույթի կարճմանը, մասնավորապես Հանձնաժողովը 27.07.2023 թվականի որոշմամբ, իր նկատմամբ հարուցել է կարգապահական վարույթ, 27.09.2023 թվականին Հանձնաժողովը որոշում է կայացրել «Կարգապահական վարույթի ժամկետը երկարաձգելու մասին», որով իր նկատմամբ 27.07.2023 թվականին հարուցված թիվ N-Կ-7/2023 կարգապահական վարույթի ժամկետը երկարաձգվել է մինչև 05.10.2023 թվականը:
Դատավորը գտել է, որ Հանձնաժողովի 27.09.2023 թվականի որոշումը կայացվել է օրենքի խախտմամբ:
Օրենսգրքի 147-րդ հոդվածով սահմանվել է, որ հարուցված կարգապահական վարույթի տևողությունը չի կարող երկու ամսից ավելի լինել, միևնույն ժամանակ օրենսդիրը հնարավորություն է տվել վարույթ հարուցող մարմնին միայն դատավորի բացակայությամբ պայմանավորված երկարաձգել կարգապահական վարույթի տևողությունը, այսինքն օրենսդիրը նման հնարավորություն է տվել որպեսզի դատավորը հնարավորություն ունենա Օրենսգրքի 147-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված իր իրավունքները լիարժեք իրացնել, տվյալ դեպքում ինքը դեռևս 14.08.2023 թվականին ներկայացրել է բացատրություն, ինչպես նաև վարույթ հարուցող մարմինը Դատավորի բացակայության հիմքերի և ժամանակահատվածի վերաբերյալ տեղեկատվությունը պետք է ստանար դատարանի նախագահի կողմից, այլ ոչ` դատավորի:
Ըստ Դատավորի` նման պայմաններում կարգապահական վարույթ հարուցած մարմինը խախտել է Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթի ընթացքի համար օրենքով սահմանված ժամկետը, որպիսի հանգամանքը ներկայացված միջնորդությունը կարճելու հիմք է:
Հաշվի առնելով վերոգրյալը` խնդրել է Խորհրդին իր նկատմամբ հարուցված կարգապահական վարույթը կարճել:
Միաժամանակ Դատավորը հայտնել է, որ թիվ ՍնԴ/0039/02/20 քաղաքացիական գործով դատական ակտ կայացնելիս ինքն առաջնորդվել և ղեկավարվել է ՀՀ օրենսդրությամբ և իր ներքին համոզմամբ:
09.04.2019 թվականին տեղի է ունեցել սնանկ ճանաչված «Ռայվ Ինտերթրեյդ» ՍՊԸ-ի պարտատերերի ժողովը, որտեղ քննարկվել է «Ռայվ Ինտերթրեյդ» ՍՊԸ-ի սնանկության գործով «ՖՈՒԴՈ» Հ/Ձ ՍՊԸ-ի սեփականության իրավունքով պատկանող և «Ռայվ Ինտերթրեյդ» ՍՊԸ-ի պարտավորությունների կատարման ապահովման համար «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ում գրավադրված անշարժ գույքի հրապարակային սակարկություններով վաճառքի ծրագրի հաստատման հարցը:
09.04.2019 թվականի ժողովին ծանուցված են եղել պարտատերերը, ինչպես նաև պարտապան «Ռայվ Ինտերթրեյդ» ՍՊԸ-ն:
17.05.2019 թվականին Սնանկության դատարանի որոշմամբ «Ռայվ Ինտերթրեյդ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարչին թույլատրվել է երրորդ անձ «ՖՈՒԴՈ» Հ/Ձ ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող, պարտապանի պարտավորությունների դիմաց «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ում գրավադրված անշարժ գույքը ներկայացնել հրապարակային սակարկություններով վաճառքի:
23.03.2020 թվականին «ՖՈՒԴՈ» Հ/Ձ ՍՊԸ-ն «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի, Երևանի քաղաքապետարանի, ՀՀ ՊԵԿ-ի և Խաչատուր Ղահրամանյանի դեմ հայց է ներկայացրել, որով խնդրել է թիվ ԵԿԴ/0258/04/17 սնանկության գործով 09.04.2019 թվականին «Ռայվ Ինտերթրեյդ» ՍՊԸ-ի երրորդ անձ «ՖՈՒԴՈ» Հ/Ձ ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի վաճառքի ծրագիրը հաստատելու մասին պարտատերերի ժողովի որոշումն անվավեր ճանաչել:
Դատավորը հայտնել է, որ հայցադիմումը մակագրվել է իրեն և 25.03.2020 թվականին որոշում է կայացրել «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին»` գտնելով, որ հայցվոր ընկերությունը հայց է ներկայացրել Սնանկության դատարան թիվ ԵԿԴ/0258/04/17 սնանկության գործով «Ռայվ Ինտերթրեյդ» ՍՊԸ-ի պարտատերերի ժողովի 09.04.2019 թվականի որոշումն անվավեր ճանաչելու մասին, մինչդեռ սնանկության վարույթի շրջանակներում պարտատերերի ժողովի ընդունած որոշումները ենթակա են բողոքարկման «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի կարգով` սնանկության գործի շրջանակներում, ուստի սույն քաղաքացիական գործը ենթակա չէ քննության քաղաքացիական դատավարության կարգով:
«ՖՈՒԴՈ» Հ/Ձ ՍՊԸ-ի ու «Ռայվ Ինտերթրեյդ» ՍՊԸ-ի միակ հիմնադիր և սեփականատերը հանդիսանում է նույն անձը` Դավիթ Պետրոսյանը:
Դատավորը նշել է, որ ըստ էության 09.04.2019 թվականին տեղի է ունեցած «Ռայվ Ինտերթրեյդ» ՍՊԸ-ի պարտատերերի ժողովի մասին «ՖՈՒԴՈ» Հ/Ձ ՍՊԸ-ն որպես գրավատու երրորդ անձ տեղյակ է եղել, և կարող էր 09.04.2019 թվականի պարտատերերի ժողովի որոշումը բողոքարկեր սնանկության վարույթի շրջանակներում, սակայն որևէ բողոք չի ներկայացրել: Սնանկության վարույթում ձևավորվել է այն պրակտիկան, որ գրավատու երրորդ անձանց դիմում-միջնորդությունները քննարկման առարկա են դառնում, ուստի դիմելու դեպքում այն կարող էր քննարկման առարկա դառնալ:
Հաշվի առնելով վերոգրյալը` Դատավորը Խորհրդին խնդրել է իր նկատմամբ հարուցված կարգապահական վարույթը կարճել:
4. Հարուցված կարգապահական վարույթի համար էական նշանակություն ունեցող հանգամանքները
4.1) Թիվ ՍնԴ/0039/02/20 քաղաքացիական գործով 23.03.2020 թվականին «ՖՈՒԴՈ» Հ/Ձ ՍՊԸ-ն «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի, Երևանի քաղաքապետարանի, ՀՀ ՊԵԿ-ի, Խաչատուր Ղահրամանյանի դեմ հայց է ներկայացրել Դատարան, որով խնդրել է թիվ ԵԿԴ/0258/04/17 սնանկության գործով պարտատերերի ժողովի 09.04.2019 թվականի «Ռայվ Ինտերթրեյդ» ՍՊԸ-ի սնանկության գործով երրորդ անձ «ՖՈՒԴՈ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի վաճառքի ծրագիրը հաստատելու մասին պարտատերերի ժողովի որոշումն անվավեր ճանաչել: Հայցադիմումը նույն օրը մակագրվել է Դատավորին:
4.2) 25.03.2020 թվականին կայացվել է «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշում, որով Դատավորը հղում է կատարել Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 126-րդ հոդվածի 1-ին մասին, «Սնանկության մասին» օրենքի 1-ին և 36-րդ հոդվածներին, ապա գտել է, որ. «Տվյալ դեպքում հայցվոր ընկերությունը հայց է ներկայացրել ՀՀ սնանկության դատարան թիվ ԵԿԴ/0258/04/17 սնանկության գործով «Ռայվ Ինտերթրեյդ» ՍՊԸ-ի պարտատերերի ժողովի 09.04.2019 թ.-ի որոշումը անվավեր ճանաչելու մասին: Սնանկության վարույթի շրջանակներում պարտատերերի ժողովի ընդունած որոշումների ենթակա են բողոքարկման «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի կարգով` սնանկության գործի շրջանակներում:
Հետևաբար Դատարանը գտնում է, որ սույն քաղաքացիական գործը ենթակա չէ քննության քաղաքացիական դատավարության կարգով:»:
4.3) «ՖՈՒԴՈ» Հ/Ձ ՍՊԸ-ի ներկայացուցիչների կողմից 06.04.2020 թվականին վերաքննիչ բողոք է ներկայացվել Վերաքննիչ քաղաքացիական դատարան, որը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (դատավոր` Լ. Գրիգորյան) 21.04.2020 թվականի որոշմամբ ընդունվել է վարույթ, իսկ 05.05.2020 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքը բավարարվել է, Դատարանի 25.03.2020 թվականի ՍնԴ/0039/02/20 հայցադիմումի ընդունումը մերժելու մասին որոշումը վերացվել է:
4.4) 05.05.2020 թվականի որոշմամբ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը նշել է. «Տվյալ դեպքում գործի նյութերով հիմնավորվել է այն հանգամանքը, որ Ընկերությունը, որը սնանկ ճանաչված անձի պարտավորությունների համար գրավադրել է իրեն սեփականության իրավունքով պատկանող գույքը, հայց է ներկայացրել Դատարան թիվ ԵԿԴ/0258/04/17 սնանկության գործով «Ռայվ Ինտերթրեյդ» ՍՊԸ-ի պարտատերերի ժողովի 09.04.2019 թ.-ի` Ընկերությանը պատկանող գրավադրված գույքն օտարելու ծրագիրը հաստատելու մասին որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին:», այնուհետև գտել է, որ. «Տվյալ դեպքում հայցադիմումը ներկայացվել է ոչ թե նշված հոդվածով սահմանված անձանց կողմից, այլ պարտապանի պարտավորությունների համար իր սեփական գույքը գրավ դրած անձի կողմից` իր սեփականատիրական շահերի պաշտպանությունն իրականացնելու նպատակով, ով չէր կարող ղեկավարվել վերը նշված նորմի կանոններով և դրանց համապատասխան բողոքարկեր վիճարկվող որոշումը, որպիսի պայմաններում վերջինս իրականացնելով ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված` դատարան դիմելու իրավունքից հայցադիմում է ներկայացրել Դատարան, սակայն վերջինս անտեսելով այն հանգամանքը, որ Ընկերությունը զրկված է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածով սահմանված նման որոշման բողոքարկման հնարավորությունից` անհիմն մերժել է հայցադիմումի ընդունումը:»:
4.5) Գործն ըստ էության չլուծող դատական ակտը վերացվելուց հետո թիվ ՍնԴ/0039/02/20 քաղաքացիական գործը 15.06.2020 թվականին ստացվել է Դատարանում, նույն օրը մակագրվել է Դատավորին, 19.06.2020 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ:
4.6) Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.02.2022 թվականի որոշման դեմ պատասխանողի ներկայացուցչի կողմից ներկայացվել է վճռաբեկ բողոք, որի վարույթ ընդունելը Վճռաբեկ դատարանի 25.05.2022 թվականի որոշմամբ մերժվել է: Դատավոր Գ. Հակոբյանը հայտնել է հատուկ կարծիք:
4.7) Գործն ըստ էության չլուծող դատական ակտը վերացվելուց հետո թիվ ՍնԴ/0039/02/20 քաղաքացիական գործը 15.08.2022 թվականին մուտքագրվել է Դատարան, և 16.08.2022 թվականին հանձնվել է Դատավորին:
4.8) Դատարանի կողմից թիվ ՍնԴ/0039/02/20 քաղաքացիական գործով 18.08.2022 թվականին որոշում է կայացվել գործի վարույթը կարճելու մասին: Նշված որոշմամբ Դատարանը գտել է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածով օրենսդիրը կառավարչին, պարտատերերին ու պարտապանին իրավունք է վերապահել բողոքարկելու «Սնանկության մասին» ՀՀ օրենքի կամ իրավական այլ ակտերի պահանջների խախտմամբ ընդունված որոշումը, իսկ դատարանն իրավունք ունի անվավեր ճանաչելու ժողովի որոշումը, եթե խախտվել են օրենքով կամ իրավական այլ ակտերով սահմանված դիմողի իրավունքները: Հակառակ դեպքում դատարանը դիմումը մերժում է: Նույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերությամբ սահմանված է դատավորի կողմից բողոքի քննման կարգը: Այսինքն` ստացվում է, որ հենց սնանկության վարույթում հենց սնանկության գործի շրջանակներում, և ոչ որպես առանձին քաղաքացիական գործ, կարող է բողոքարկվել գույքի վաճառքի ծրագիրը հաստատելու մասին պարտատերերի խորհրդի կամ պարտատերերի ժողովի որոշումը, և որ առանձին քաղաքացիական գործի շրջանակներում չի կարող վիճարկվել պարտատերերի խորհրդի կամ պարտատերերի ժողովի այն որոշումը, որով հաստատվել է գույքի վաճառքի ծրագիրը: Ելնելով վերոգրյալից` Դատարանը գտել է, որ ՍնԴ/0039/02/20 քաղաքացիական գործի վարույթն ենթակա է կարճման, քանի որ գործը ենթակա չէ քննության քաղաքացիական դատավարության կարգով:
4.9) «ՖՈՒԴՈ» Հ/Ձ ՍՊԸ-ի և սնանկության գործով կառավարչի կողմից 22.09.2022 թվականին կրկին վերաքննիչ բողոքներ են ներկայացվել Վերաքննիչ քաղաքացիական դատարան, որոնք 05.10.2022 թվականին ընդունվել են վարույթ, 20.01.2023 թվականին հրապարակված որոշմամբ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը (հետևյալ կազմով` նախագահող դատավոր Դավիթ Սերոբյան, դատավորներ` Մարգարիտա Հարթենյան, Տարոն Նազարյան) վերաքննիչ բողոքները բավարարել է` վերացրել է թիվ ՍնԴ/0039/02/20 քաղաքացիական գործով ՀՀ սնանկության դատարանի 18.08.2022 թվականի «Քաղաքացիական գործի վարույթը կարճելու մասին» որոշումը:
4.10) 20.01.2023 թվականի որոշմամբ Վերաքննիչ քաղաքացիական դատարանն արձանագրել է, որ «Ֆուդո» ՀՁ ՍՊԸ-ի կողմից «Ռայվ Ինտերթրեյդ» ՍՊԸ-ի պարտավորությունների համար իրեն սեփականության իրավունքով պատկանող գույքը գրավադրելու, թիվ ԵԿԴ/0258/04/17 սնանկության գործով «Ռայվ Ինտերթրեյդ» ՍՊԸ-ի պարտատերերի ժողովի 09.04.2019թ. «Ֆուդո» ՀՁ ՍՊԸ-ին պատկանող գրավադրված գույքն օտարելու ծրագիրը հաստատելու մասին որոշում կայացնելու և այդ որոշումը ոչ թե թիվ ԵԿԴ/0258/04/17 սնանկության գործով, այլ սույն գործի վարույթում որպես առանձին քաղաքացիական գործ քննելու համար հայց հարուցելու պայմաններում սույն քաղաքացիական գործի վարույթը կարճելը պարտատերերի ժողովի` գույքի վաճառքի ծրագիրը հաստատելու մասին որոշումը սնանկության վարույթում հարուցված առանձին քաղաքացիական գործի քննության շրջանակներում վիճարկվելու հնարավորության բացակայության պատճառաբանությամբ խախտում է «Ֆուդո» ՀՁ ՍՊԸ-ի դատարան դիմելու իրավունքն այն պատճառաբանությամբ, որ վերջինս, «Սնանկության մասին» օրենքի 36-րդ հոդվածի ուժով թիվ ԵԿԴ/0258/04/17 սնանկության գործով դատավարական կարգավիճակ չունենալու հիմքով պայմանավորված, զրկվել է իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանության համար պարտատերերի ժողովի` գույքի վաճառքի ծրագիրը հաստատելու մասին որոշումը թիվ ԵԿԴ/0258/04/17 սնանկության գործի շրջանակներում վիճարկելու իրավական հնարավորությունից, իր սեփականության պաշտպանության համար հարուցել է սույն քաղաքացիական գործը, ինչի հաշվառմամբ վերջինիս նկատմամբ չի կարող կիրառվել «Սնանկության մասին» օրենքի 36-րդ հոդվածով սահմանված` պարտատերերի ժողովի որոշումները միայն սնանկության կառավարչի, պարտատերերի ու պարտապանի կողմից բողոքարկելու հնարավորություն նախատեսող իրավանորմը: Արդյունքում, նշված նորմի կիրառմամբ «Ֆուդո» ՀՁ ՍՊԸ-ի` սեփականության իրավունքի` դատական կարգով պաշտպանությունը սահմանափակվել է, ինչի կապակցությամբ ի դեպ առկա է նաև Դատարանի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը վերացնելու մասին ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.03.2020թ. օրինական ուժի մեջ մտած որոշումը:
4.11) Թիվ ՍնԴ/0039/02/20 քաղաքացիական գործը բեկանումից հետո 29.03.2023 թվականին ստացվել է Դատարանում, մակագրվել է դատավոր Բագրատ Մկրտչյանին, 05.04.2023 թվականին քաղաքացիական գործն ընդունվել է վարույթ:
5. Հարուցված կարգապահական վարույթի շրջանակներում էական նշանակություն ունեցող իրավական հարցադրումները
Հաշվի առնելով Հանձնաժողովի կողմից միջնորդությամբ բերված փաստարկներն ու հիմնավորումները և դրանց դեմ Դատավորի կողմից ներկայացված բացատրությունը, պատասխանը` Խորհուրդը Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցը լուծելու համար էական է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրումներին.
5.1 արդյո՞ք թիվ ՍնԴ/0039/02/20 քաղաքացիական գործով Դատավորի կողմից թույլ է տրվել նյութական և/կամ դատավարական իրավունքի նորմի խախտում,
5.2 եթե այո, ապա արդյո՞ք թիվ ՍնԴ/0039/02/20 քաղաքացիական գործով կատարված/ենթադրյալ խախտումները կատարվել են դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ,
5.3 արդյո՞ք թիվ ՍնԴ/0039/02/20 քաղաքացիական գործով Դատավորի կողմից թույլ տրված նյութական և/կամ դատավարական իրավունքի նորմի խախտումները հանգեցրել են դատավորի վարքագծի կանոնի խախտման:
6. Խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումները
Հիմք ընդունելով այն, որ Դատավորի կողմից ներկայացվել է միջնորդություն` Հանձնաժողովի կողմից հարուցված կարգապահական վարույթը կարճելու մասին, Խորհուրդը գտնում է, որ առաջնահերթ պետք է անդրադառնալ ներկայացված միջնորդությանը:
Ուստի, քննության առնելով Հանձնաժողովի կողմից հարուցված կարգապահական վարույթը կարճելու մասին Դատավորի կողմից ներկայացված միջնորդությունը, Խորհուրդն արձանագրում է հետևյալը.
i
Օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հարուցված կարգապահական վարույթի տևողությունը մինչև կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելը չի կարող երկու ամսից ավելի լինել:
i
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն հոդվածի 1-ին մասում նշված ժամկետը կարող է վարույթ հարուցող մարմնի որոշմամբ դատավորի բացակայության (արձակուրդ, անաշխատունակություն, գործուղում, բացառությամբ այլ դատարան գործուղվելու և այլն) ժամանակահատվածով կարող է երկարաձգվել: Դատավորի բացակայության հիմքերի և ժամանակահատվածի վերաբերյալ տեղեկատվությունը վարույթ հարուցող մարմնին տրամադրում է համապատասխան դատարանի նախագահը:
Տվյալ դեպքում, ըստ Դատավորի, Հանձնաժողովը խախտել է իր նկատմամբ կարգապահական վարույթի ընթացքի համար օրենքով սահմանված ժամկետները, մասնավորապես Հանձնաժողովը Դատավորից ստանալով «Ամենամյա արձակուրդ տրամադրելու մասին» Սնանկության դատարանի նախագահ Գ. Հովհաննիսյանի 22.06.2023 թվականի թիվ 19 Ա հրամանի պատճենը, 27.09.2023 թվականին որոշում է կայացրել «Կարգապահական վարույթի ժամկետը երկարաձգելու մասին», որպիսի պայմաններում ըստ Դատավորի խախտվել է Օրենսգրքի 147-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դատավորի բացակայության հիմքերի և ժամանակահատվածի վերաբերյալ տեղեկատվությունը դատարանի նախագահից ստանալու մասին օրենսդրական պահանջը, այնինչ Խորհրդի գնահատմամբ վերոնշյալ օրենսդրական կարգավորումն ուղղված է դատավորի արձակուրդում, անաշխատունակության կամ գործուղման մեջ գտնվելու մասին տեղեկատվության առկայության պարագայում կարգապահական վարույթի տևողությունը համապատասխան ժամանակահատվածով երկարաձգելու միջոցով դատավորի համար կարգապահական վարույթում իր իրավունքների իրացման համար անհրաժեշտ պայմաններ ապահովվելուն, հետևաբար սույն պարագայում Դատավորի 14.07.2023 թվականից մինչև 03.08.2023 թվականն ամենամյա արձակուրդում գտնվելու մասին տեղեկատվությունը հենց Դատավորից ստանալն ինքնին չի հանդիսանում այնպիսի հանգամանք, ինչը Խորհրդին հնարավորություն կտա Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդության քննության կարճման միջոցով կասկածի տակ առնել Հանձնաժողովի կողմից ներկայացված միջնորդության իրավաչափությունը:
Ամփոփելով վերոշարադրյալը` Խորհուրդը գալիս է եզրահանգման, որ Դատավորի կողմից ներկայացված կարգապահական վարույթը կարճելու մասին միջնորդությունը ենթակա է մերժման:
Քննության առնելով Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը, լսելով Հանձնաժողովի ներկայացուցիչների դիրքորոշումները, ուսումնասիրելով Դատավորի բացատրությունն ու պատասխանը, կարգապահական վարույթի նյութերը, ինչպես նաև հետազոտելով ապացույցները` Խորհուրդը գտնում է, որ ներկայացված միջնորդությունը ենթակա է բավարարման` հետևյալ պատճառաբանությամբ.
Խորհուրդն արձանագրում է, որ վարույթ հարուցող մարմնի կողմից կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդության հիման վրա Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը քննության է առնում Օրենսգրքի 152-րդ հոդվածում ամրագրված դրույթի պահանջներին համապատասխան, այն է` «Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը Բարձրագույն դատական խորհրդում կատարվում է միայն դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար միջնորդություն ներկայացնելու մասին որոշմամբ նշված կարգապահական խախտման սահմաններում»: Այդ կապակցությամբ Բարձրագույն դատական խորհրդի իրավական հետազոտման առարկան սահմանափակվում է միջնորդությամբ ներկայացված հիմքերի և հիմնավորումների շրջանակներում:
i
Օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի համաձայն` դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերն են`
1) արդարադատություն կամ որպես դատարան` օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտումը, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ.
2) դատավորի կողմից սույն օրենսգրքով սահմանված` դատավորի վարքագծի կանոնները խախտելը, բացառությամբ սույն օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով սահմանված կանոնի, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ:
i
Խորհուրդը հարկ է համարում արձանագրել, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքի առկայության ապացուցման պարտականությունը կրում է կարգապահական վարույթը հարուցած մարմինը: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` կարգապահական խախտման համար դատավորը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ սույն օրենսգրքով սահմանված կարգով` Բարձրագույն դատական խորհրդի` կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշմամբ: Դատավորի կողմից կատարված կարգապահական խախտման վերաբերյալ չփարատված կասկածները մեկնաբանվում են դատավորի օգտին:
Վերը նշված հոդվածի մեկնաբանությունից բխում է, որ տվյալ դեպքում վարույթ հարուցող մարմինն է կրում դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերի առկայությունն ապացուցելու պարտականությունը: Վարույթն իրականացնող մարմնի կողմից պետք է ձեռք բերվեն բավարար ապացույցներ, որոնք իրենց համակցության մեջ բավարար կլինեն դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար և կհաստատեն վերջինիս մեղքը: Այսինքն, գործով ձեռք բերված ապացույցների ոչ բավարար լինելու, դրանց հակասականության կամ բացակայության պայմաններում վարույթ հարուցող մարմինը պետք է կրի այդ պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու բոլոր անբարենպաստ հետևանքները:
Խորհուրդը, անդրադառնալով թիվ ՍնԴ/0039/02/20 քաղաքացիական գործի քննության ընթացքում իրավական որոշակիության սկզբունքի պահպանված լինել/չլինելու հարցին, հարկ է համարում արձանագրել հետևյալը.
i
Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
i
Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
i
Օրենսգրքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը պարտադիր են դրանց հասցեատերերի համար:
i
Օրենսգրքի 142-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն` արդարադատություն կամ որպես դատարան` օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս օրենքի մեկնաբանությունը, փաստերի և ապացույցների գնահատումն ինքնին չեն կարող հանգեցնել կարգապահական պատասխանատվության:
i
Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն օրենսգրքով սահմանված կանոնները կիրառելի են Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանում (այսուհետ` սնանկության դատարան) սնանկության գործի վարման և դրա շրջանակում առանձին քաղաքացիական գործերի քննության նկատմամբ, եթե այլ բան նախատեսված չէ «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
i
Նույն օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր անձ իրավունք ունի սույն օրենսգրքով սահմանված կարգով դիմելու դատարան` Սահմանադրությամբ, օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կամ պայմանագրով նախատեսված իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանության համար:
i
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` օրենքով նախատեսված դեպքերում այլ անձանց իրավունքների ու օրինական շահերի պաշտպանության համար դատարան դիմելու իրավունք ունեն օրենքով այդպիսի իրավունք կամ լիազորություն ունեցող անձինք:
i
Նույն օրենսգրքի 5-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` օրինական ուժի մեջ մտած դատական ակտը, ինչպես նաև դատարանի պահանջները կատարման համար պարտադիր են դրանց հասցեատերերի համար և ենթակա են կատարման Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:
i
Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` քաղաքացիական գործերը ենթակա են քննության առաջին ատյանի դատարանում, բացառությամբ «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերի (...):
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` քաղաքացիական են համարվում իրավունքի մասին վեճի հետ կապված բոլոր գործերը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի (այսուհետ` վարչական դատարան) կամ Սահմանադրական դատարանի իրավասությանը վերապահված գործերի:
i
Նույն օրենսգրքի 126-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` առաջին ատյանի դատարանը մերժում է հայցադիմումի ընդունումը, եթե` գործը ենթակա չէ քննության քաղաքացիական դատավարության կարգով:
i
Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում կարճում է գործի վարույթը, եթե` գործը ենթակա չէ քննության քաղաքացիական դատավարության կարգով:
i
Հայցադիմումը ներկայացնելու օրվա դրությամբ գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ժողովի որոշումներն ընդունվում են ժողովին ներկայացած, քվեարկության ձայնի իրավունք ունեցող պարտատերերի ձայների պարզ մեծամասնությամբ, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` կառավարիչը, պարտատերերն ու պարտապանն իրավունք ունեն եռօրյա ժամկետում դատարան բողոքարկելու սույն օրենքի, իրավական այլ ակտերի պահանջների խախտմամբ ընդունված ժողովի որոշումը: Դատարանն իրավունք ունի անվավեր ճանաչելու ժողովի որոշումը, եթե խախտվել են օրենքով կամ իրավական այլ ակտերով սահմանված դիմողի իրավունքները: Հակառակ դեպքում դատարանը դիմումը մերժում է:
Դատավորը բողոքը քննում է մեկշաբաթյա ժամկետում: Դատավորն իրավունք ունի ուժի մեջ թողնելու ժողովի որոշումը, եթե այդ պարտատիրոջ քվեարկության մասնակցելը չէր կարող ազդել քվեարկության արդյունքների վրա, և թույլ տրված խախտումներն էական չեն:
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված արդար դատաքննության իրավունքն անհրաժեշտ է մեկնաբանել Կոնվենցիայի նախաբանի լույսի ներքո, որն, ի թիվս այլոց, իրավունքի գերակայությունն ամրագրում է որպես Պայմանավորվող պետությունների ընդհանուր ժառանգության մաս: Իրավունքի գերակայության հիմնարար հայեցակետերից է իրավական որոշակիության սկզբունքը, որը պահանջում է inter alia, որպեսզի դատարանի կողմից որևէ հարցի կապակցությամբ կայացված վերջնական դատական ակտը կասկած չհարուցի (տե՛ս, Բրումարեսկուն ընդդեմ Ռումինիայի թիվ 28342/95 գանգատով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 28.10.1999 թվականի վճիռը, պարբ. 61):
Իրավունքի գերակայության բաղադրատարրերից է իրավական որոշակիության սկզբունքը, որն իր հերթին ենթադրում է res judicata սկզբունքի հարգում: Վերջինս էլ նշանակում է, որ որևէ կողմ իրավասու չէ պահանջել վերջնական և կատարման ենթակա վճռի վերանայում պարզապես գործը կրկին քննելու և վեճը նորից լուծելու նպատակով: Գործը վերանայելու` վերադաս դատարանի իրավասությունը պետք է իրականացվի դատական սխալները և արդարադատության իրականացման արդյունքում տեղ գտած թերությունները շտկելու, այլ ոչ թե նոր քննություն սկսելու նպատակով: Վերջնական կատարման ենթակա դատական ակտի վիճարկումը թույլատրելի է միայն էական անհետաձգելի հանգամանքների դեպքում (տե՛ս, Ռյաբիխն ընդդեմ Ռուսաստան ՄԻԵԴ-ի 24.07.2003 թվականի վճիռը, գանգատ թիվ 52854/99, կետ 51-52):
Այս սկզբունքը ենթադրում է, որ դատական գործով ընդունված վերջնական որոշումը, որպես իրավական որոշակիության արդյունք, ենթակա է հարգանքի (տե՛ս, Սահմանադրական դատարանի 20.07.2007 թվականի թիվ ՍԴՈ-709 որոշումը):
ՄԻԵԴ-ը մեկ այլ վճռով նշել է, որ պետությունը դատարան դիմելու իրավունքից օգտվելու համար կարող է սահմանել որոշակի պայմաններ, սակայն այդ սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը: Բացի դրանից, սահմանափակումը չի համապատասխանի Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին, եթե այն չհետապնդի իրավաչափ նպատակ, և եթե կիրառված միջոցների ու հետապնդվող նպատակի միջև չլինի համաչափության ողջամիտ հարաբերակցություն (տե՛ս Խալֆաուին ընդդեմ Ֆրանսիայի գործով ՄԻԵԴ-ի 14.03.2000 թվականի վճիռը, կետ 36):
Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում բազմիցս փաստել է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորված են անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքները, որոնց կարևոր բաղադրիչներից մեկը բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տե՛ս ի թիվս այլնի, «Ֆասթ Սփլայ» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ3/0347/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.03.2015 թվականի որոշումը, Վարդան Աբրահամյանն ընդդեմ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի թիվ ԵԴ/17609/02/18 քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 19.04.2019 թվականի որոշումը):
Տվյալ դեպքում թիվ ՍնԴ/0039/02/20 քաղաքացիական գործով 23.03.2020 թվականին «ՖՈՒԴՈ» Հ/Ձ ՍՊԸ-ն «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի, Երևանի քաղաքապետարանի, ՀՀ ՊԵԿ-ի, Խաչատուր Ղահրամանյանի դեմ հայց է ներկայացրել Դատարան, որով խնդրել է թիվ ԵԿԴ/0258/04/17 սնանկության գործով պարտատերերի ժողովի 19.04.2019 թվականի «Ռայվ Ինտերթրեյդ» ՍՊԸ-ի սնանկության գործով երրորդ անձ «ՖՈՒԴՈ» Հ/Ձ ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի վաճառքի ծրագիրը հաստատելու մասին պարտատերերի ժողովի որոշումն անվավեր ճանաչել: Հայցադիմումի ընդունումը Դատավորի 25.03.2020 թվականի որոշմամբ մերժվել է այն պատճառաբանությամբ, որ սնանկության վարույթի շրջանակներում պարտատերերի ժողովի ընդունած որոշումները ենթակա են բողոքարկման «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի կարգով` սնանկության գործի շրջանակներում: Հետևաբար Դատարանը գտել է, որ սույն քաղաքացիական գործը ենթակա չէ քննության քաղաքացիական դատավարության կարգով:
Վերաքննիչ քաղաքացիական դատարանը 05.05.2020 թվականի որոշմամբ բավարարել է «ՖՈՒԴՈ» Հ/Ձ ՍՊԸ-ի ներկայացուցիչների կողմից Դատարանի 25.03.2020 թվականի որոշման դեմ ներկայացված վերաքննիչ բողոքը և վերացրել նշված որոշումը: Ընդ որում, Վերաքննիչ քաղաքացիական դատարանը նշված որոշմամբ գտել է, որ հայցադիմումը ներկայացվել է (...) պարտապանի պարտավորությունների համար իր սեփական գույքը գրավ դրած անձի կողմից` իր սեփականատիրական շահերի պաշտպանությունն իրականացնելու նպատակով, ով (...) իրականացնելով ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված` դատարան դիմելու իրավունքից հայցադիմում է ներկայացրել Դատարան, սակայն վերջինս անտեսելով այն հանգամանքը, որ Ընկերությունը զրկված է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածով սահմանված նման որոշման բողոքարկման հնարավորությունից` անհիմն մերժել է հայցադիմումի ընդունումը:
Այնուհետև, գործն ըստ էության չլուծող դատական ակտը վերացվելուց հետո հայցադիմումը Դատավորի 19.06.2020 թվականի որոշմամբ ընդունվել է վարույթ, սակայն, 01.10.2021 թվականին Դատարանի կողմից որոշում է կայացվել հայցն առանց քննության թողնելու մասին, որը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից վերացվելուց հետո 15.08.2022 թվականին ստացվել է Դատարանում, նույն օրը մակագրվել Դատավորին, ապա ընդունվել է վարույթ:
18.08.2022 թվականին Դատարանը որոշում է կայացրել գործի վարույթը կարճելու մասին: Նշված որոշմամբ Դատարանը գտել է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածով օրենսդիրը կառավարչին, պարտատերերին ու պարտապանին իրավունք է վերապահել բողոքարկելու «Սնանկության մասին» ՀՀ օրենքի կամ իրավական այլ ակտերի պահանջների խախտմամբ ընդունված որոշումը, իսկ դատարանն իրավունք ունի անվավեր ճանաչելու ժողովի որոշումը, եթե խախտվել են օրենքով կամ իրավական այլ ակտերով սահմանված դիմողի իրավունքները: Հակառակ դեպքում դատարանը դիմումը մերժում է: Նույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերությամբ սահմանված է դատավորի կողմից բողոքի քննման կարգը: Այսինքն` ստացվում է, որ հենց սնանկության վարույթում հենց սնանկության գործի շրջանակներում, և ոչ որպես առանձին քաղաքացիական գործ, կարող է բողոքարկվել գույքի վաճառքի ծրագիրը հաստատելու մասին պարտատերերի խորհրդի կամ պարտատերերի ժողովի որոշումը, և որ առանձին քաղաքացիական գործի շրջանակներում չի կարող վիճարկվել պարտատերերի խորհրդի կամ պարտատերերի ժողովի այն որոշումը, որով հաստատվել է գույքի վաճառքի ծրագիրը:
Դատարանի 18.08.2022 թվականի որոշումը «ՖՈՒԴՈ» Հ/Ձ ՍՊԸ-ի և սնանկության գործով կառավարչի կողմից կրկին բողոքարկվել է Վերաքննիչ քաղաքացիական դատարան, որի արդյունքում 20.01.2023 թվականին հրապարակված որոշմամբ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը վերաքննիչ բողոքները բավարարել է` թիվ ՍնԴ/0039/02/20 քաղաքացիական գործով Սնանկության դատարանի 18.08.2022 թվականի «Քաղաքացիական գործի վարույթը կարճելու մասին» որոշումը վերացրել: Նշված որոշմամբ Վերաքննիչ քաղաքացիական դատարանն արձանագրել է, որ «ՖՈՒԴՈ» Հ/Ձ ՍՊԸ-ն իր սեփականության պաշտպանության համար հարուցել է սույն քաղաքացիական գործը, ինչի հաշվառմամբ վերջինիս նկատմամբ չի կարող կիրառվել «Սնանկության մասին» օրենքի 36-րդ հոդվածով սահմանված` պարտատերերի ժողովի որոշումները միայն սնանկության կառավարչի, պարտատերերի ու պարտապանի կողմից բողոքարկելու հնարավորություն նախատեսող իրավանորմը: Արդյունքում, նշված նորմի կիրառմամբ «ՖՈՒԴՈ» Հ/Ձ ՍՊԸ-ի` սեփականության իրավունքի` դատական կարգով պաշտպանությունը սահմանափակվել է, ինչի կապակցությամբ ի դեպ առկա է նաև Դատարանի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը վերացնելու մասին Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.03.2020 թվականի օրինական ուժի մեջ մտած որոշումը:
Այդպիսով, վերոգրյալ իրավական նորմերի և նշված փաստերի համակարգային վերլուծությամբ` Խորհուրդը գտնում է, որ Դատավորի կողմից հայցադիմումը ներկայացնելու օրվա դրությամբ գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» օրենքի 36-րդ հոդվածի կիրառմամբ, նախ` 25.03.2020 թվականի որոշմամբ մերժվել է հայցադիմումի վարույթ ընդունումը` քաղաքացիական գործը քաղաքացիական դատավարության կարգով քննության ենթակա չլինելու հիմքով, ապա, չնայած նշված որոշումը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.05.2020 թվականի որոշմամբ վերացված լինելու հանգամանքին, հայցադիմումը վարույթ ընդունելուց հետո 18.08.2022 թվականի որոշմամբ կրկին «Սնանկության մասին» օրենքի 36-րդ հոդվածի կիրառմամբ և նույնաբովանդակ պատճառաբանություններով կարճվել է գործի վարույթը` միևնույն` քաղաքացիական գործը քաղաքացիական դատավարության կարգով քննության ենթակա չլինելու հիմքով: Ընդ որում, այս որոշումը կրկին վերացվել է Վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից` ի թիվս այլնի արձանագրելով արդեն իսկ օրինական ուժի մեջ մտած վերադաս դատական ատյանի` դատարանի դատական ակտով հաստատված այն հանգամանքը, որ նախկինում արդեն իսկ նույն հիմքով վերացվել էր հայցադիմումի ընդունումը մերժելու մասին նույնպիսի պատճառաբանությամբ կայացված որոշումը:
Մասնավորապես` Վերաքննիչ քաղաքացիական դատարանը, քննության առնելով Դատարանի 18.08.2022 թվականի որոշման դեմ ներկայացված վերաքննիչ բողոքները, բավարարել է դրանք, կայացված որոշմամբ հետևության հանգելով, որ «Սնանկության մասին» օրենքի 36-րդ հոդվածի կիրառմամբ «ՖՈՒԴՈ» Հ/Ձ ՍՊԸ-ի` սեփականության իրավունքի` դատական կարգով պաշտպանությունը սահմանափակվել է, նշել է, որ այդ կապակցությամբ առկա է Դատարանի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը վերացնելու մասին Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.03.2020 թվականի օրինական ուժի մեջ մտած որոշումը:
Վերոգրյալի հաշվառմամբ` Խորհուրդն արձանագրում է, որ Դատարանը «Սնանկության մասին» օրենքի 36-րդ հոդվածի կիրառման ու մեկնաբանության արդյունքում կարճել է թիվ ՍնԴ/0039/02/20 քաղաքացիական գործի վարույթը, այն դեպքում, երբ նույն քաղաքացիական գործով նույնաբովանդակ պատճառաբանություններով և ըստ էության միևնույն հիմքով կայացված հայցադիմումի վարույթ ընդունումը մերժելու մասին իր որոշումը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.05.2020 թվականի որոշմամբ արդեն իսկ վերացվել էր:
Խորհուրդը հարկ է համարում ընդգծել, որ գործի վարույթը կարճելիս թիվ ՍնԴ/0039/02/20 քաղաքացիական գործի նկատմամբ տարածվել են հայցադիմումը ներկայացնելու օրվա դրությամբ գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» օրենքի դրույթները, որպիսի պայմաններում, նույն գործով արդեն իսկ առկա էր վերադաս դատական ատյանի օրինական ուժի մեջ մտած միջանկյալ դատական ակտ` «Սնանկության մասին» օրենքի 36-րդ հոդվածի կիրառման ու այդ հիմքով գործը քաղաքացիական դատավարության կարգով քննության ենթակա չլինելու հարցի վերաբերյալ:
Խորհուրդը հարկ է համարում արձանագրել նաև, որ 18.08.2022 թվականի որոշման մեջ առկա չէ որևէ հիմնավորում կամ ծանրակշիռ փաստարկ` վերադաս դատական ատյանի կողմից կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտում արտահայտած իրավական դիրքորոշումներից շեղվելու մասին, որը կարող էր արտահայտվել նախկինում այդ մասին կայացրած` հայցադիմումի ընդունումը մերժելու մասին որոշումը վերացնելու մասին Վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշման և գործի վարույթը կարճելու մասին որոշման իրավական դիրքորոշումների համադրման, դրանց առանձին-առանձին անդրադառնալու կամ որևէ կերպ նախկինում իրավահաստատված իրողությունից շեղվելու մասին այլ հիմնավորումներ ներկայացվելու միջոցով, հետևաբար Դատավորը պարտավոր էր գործել իրավական որոշակիության սկզբունքի տիրույթում` ապահովելով հայցվորի օրինական շահերի արդյունավետ պաշտպանության տեսանելի, որոշակի և բարձր չափանիշներ:
Հաշվի առնելով վերոգրյալը` Խորհուրդն արձանագրում է, որ Դատավորը, թիվ ՍնԴ/0039/02/20 քաղաքացիական գործով 25.03.2020 թվականի որոշմամբ մերժելով հայցադիմումի վարույթ ընդունումը, ապա նշված որոշումը վերացվելուց հետո 18.08.2022 թվականի որոշմամբ նույն հիմքով կարճելով գործի վարույթը, չի պահպանել իրավական որոշակիության սկզբունքը` առանց որևէ ծանրակշիռ փաստարկի անտեսելով օրինական ուժի մեջ մտած վերադաս դատական ատյանի դատական ակտերի օրինականության և պարտադիրության սկզբունքը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի, 63-րդ հոդվածի 1-ին մասի, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի, Օրենսգրքի 8-րդ հոդվածի 1-ին մասի, 13-րդ հոդվածի, Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 3-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, 5-րդ հոդվածի 5-րդ մասի, 126-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 182-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սնանկության մասին» օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 8-րդ կետերի, 70-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերի դրույթների խախտման:
Խորհուրդն արձանագրում է, որ Դատավորի կողմից թույլ տրված խախտումները կատարվել են կոպիտ անփութությամբ` հետևյալ պատճառաբանությամբ.
Օրենսգրքի 142-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` սույն գլխի իմաստով` արարքը համարվում է դիտավորությամբ կատարված, եթե դատավորը գիտակցել է իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը: Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն` սույն գլխի իմաստով` արարքը համարվում է կոպիտ անփութությամբ կատարված, եթե դատավորը չի գիտակցել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը, թեև տվյալ իրադրությունում ակնհայտորեն կարող էր և պարտավոր էր դա անել:
Վերը նշված իրավանորմերի տրամաբանությունից բխում է, որ օրենսդրի կողմից արդարադատություն կամ որպես դատարան` օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտման վարքագծի առումով առանձնացվել են մեղքի դրսևորման երկու ձևեր` դիտավորություն և կոպիտ անփութություն:
Խորհուրդն արձանագրում է, որ դատավորի կարգապահական պատասխանատվության տեսանկյունից մեղքը դատավորի վերաբերմունքն է իր կողմից կատարված արարքի նկատմամբ:
Միաժամանակ որոշելու համար Դատավորի մեղքի ձևը` Խորհուրդը գտնում է, որ Դատավորն իրեն վերագրվող խախտումները կատարել է կոպիտ անփութությամբ, քանի որ չի գիտակցել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը, թեև տվյալ իրադրությունում ակնհայտորեն կարող էր և պարտավոր էր դա անել:
Դատարանի նման վարքագծի դրսևորումն անկողմնակալ դիտորդի տեսանկյունից կարող է ողջամտորեն կասկած հարուցել նաև Դատարանի անկախության ու անաչառության հարցում, դրանով իսկ նվազեցնելով հանրության վստահությունը դատական իշխանության նկատմամբ:
Վերոգրյալի հիման վրա` Խորհուրդն արձանագրում է, որ Դատավորը, թիվ ՍնԴ/0039/02/20 քաղաքացիական գործով 25.03.2020 թվականին կայացրած հայցադիմումի վարույթ ընդունումը մերժելու մասին որոշումը վերացվելուց հետո 18.08.2022 թվականի որոշմամբ նույն հիմքով կարճելով ՍնԴ/0039/02/20 քաղաքացիական գործի վարույթը, բավարար չափով չի պատճառաբանել վերադաս ատյանի կողմից կայացված և օրինական ուժի մեջ մտած որոշումներով արտահայտված իրավական դիրքորոշումներից շեղվելը:
Խորհուրդը Դատավորի նկատմամբ կարգապահական տույժի տեսակն ընտրելիս հաշվի է առնում այն հանգամանքը, որ վերջինս հստակ չի վերլուծել և գնահատման չի արժանացրել օրենսդրական իրավակարգավորումները: Խորհուրդն արձանագրում է նաև, որ Դատավորն իր գործունեության ընթացքում երբևէ չի ունեցել որևէ տույժ:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 6-րդ մասով, 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով, 149-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 154-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով և 155-րդ հոդվածով` Խորհուրդը,
ՈՐՈՇԵՑ
1. Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի միջնորդությունը` Սնանկության դատարանի դատավոր Արտաշես Հովհաննիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, բավարարել: Սնանկության դատարանի դատավոր Արտաշես Հովհաննիսյանին հայտարարել նախազգուշացում:
2. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կ. Անդրեասյան
Անդամներ` Ա. Աթաբեկյան
Հ. Գրիգորյան
Ե. Թումանյանց
Էդ. Հովհաննիսյան
Ն. Հովսեփյան
Ք. Մկոյան
Ա. Վարդանյան
Վ. Քոչարյան
Հրապարակվել է ԲԴԽ կայքէջում (www.court.am)` 27 նոյեմբերի 2023 թվական: