Սեղմել Esc փակելու համար:
«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 33-ՐԴ ՀՈԴ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ վարչական                 Վարչական գործ թիվ ՎԴ/2730/05/19

    դատարանի որոշում                      2022 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/2730/05/19

Նախագահող դատավոր` Կ. Բաղդասարյան

    Դատավորներ`        Կ. Ավետիսյան

                       Ա. Թովմասյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող Ն. Տավարացյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

 

2022 թվականի փետրվարի 22-ին

գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ սոցիալական ապահովության ծառայության (այսուհետ` Ծառայություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 23.09.2020 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Սոնա Մարանգոզյանի ընդդեմ ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության, երրորդ անձ ՀՀ ֆինանսների նախարարության` պատասխանողին որոշակի գործողություններ կատարելուն, այն է` 16.05.2018 թվականից սկսած վերահաշվարկ կատարելուն և չվճարված 8 ամիսների համար վճարելուն պարտավորեցնելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Սոնա Մարանգոզյանը պահանջել է պարտավորեցնել Ծառայությանը կատարելու որոշակի գործողություններ, այն է` նշանակել կենսաթոշակ սկսած 16.05.2018 թվականից, կատարել վերահաշվարկ և վճարել չվճարված 8 ամիսների համար:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Գ. Առաքելյան) (այսուհետ` Դատարան) 06.08.2019 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 23.09.2020 թվականի որոշմամբ Սոնա Մարանգոզյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 06.08.2019 թվականին կայացրած վճիռը բեկանվել է և փոփոխվել` հայցը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ծառայությունը (ի պաշտոնե ներկայացուցիչ Ագնեսա Աղաբաբյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը խախտել է «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի համապատասխան դրույթները, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ և 27-րդ հոդվածները, 124-րդ հոդվածի 3-րդ մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

i

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով կենսաթոշակ նշանակելու վերաբերյալ անձի դիմումը մերժելու մասին որոշումը չվիճարկելու պայմաններում անձի կողմից կրկին ներկայացված դիմումով հարուցվում է նոր վարույթ, իսկ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասի իմաստով` այդ դեպքում կենսաթոշակ նշանակելու համար դիմելու օր պետք է համարվի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում կրկին դիմում ներկայացնելու օրը:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Սոնա Մարանգոզյանի կողմից կենսաթոշակի վերահաշվարկման Ծառայություն դիմելու օր պետք է համարվի նրա կողմից կրկին դիմում ներկայացնելու օրը, այն է` 11.01.2019 թվականը, քանի որ հայցվորի առաջին դիմումը ներկայացնելու արդյունքում Ծառայությունը մերժել է կենսաթոշակի նշանակումը, որպիսի վարչական ակտը հայցվորի կողմից բողոքարկվել է վերադասության կարգով, բողոքը մերժվել է, որից հետո հայցվորը չի վիճարկել կենսաթոշակ նշանակելու մերժումը: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 06.12.2018 թվականի թիվ ԵԴ/16752/02/18 վճռի առկայությամբ 11.01.2019 թվականին կենսաթոշակ նշանակելու դիմումով ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայությանը դիմելու հիմքով հարուցվել է նոր վարչական վարույթ, ուստի կենսաթոշակ ստանալու հայցվորի իրավունքը ծագել է հենց այդ պահից:

Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել գործում առկա մերժումներին և դրանց իրավաչափությանը:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի 23.09.2020 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 06.08.2019 թվականի վճռին:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1. Սոնա Մարանգոզյանը 16.05.2018 թվականին դիմում է ներկայացրել Ծառայության Արաբկիր տարածքային բաժնի պետին` խնդրելով իրեն նշանակել տարիքային աշխատանքային կենսաթոշակ և կենսաթոշակը վճարել կանխիկ եղանակով` Հայփոստի միջոցով (հատոր 2-րդ գ.թ. 40):

2. Ծառայության աշխատակազմի Արաբկիր սոցիալական ապահովության տարածքային բաժնի պետի 28.06.2018 թվականի թիվ 53/14-1236 գրությամբ մերժվել է կենսաթոշակ նշանակելու մասին Սոնա Մարանգոզյանի 16.05.2018 թվականի դիմումը` աշխատանքային ստաժի անբավարար լինելու հիմքով (հատոր 2-րդ գ.թ. 49-50):

3. Ծառայության աշխատակազմի Արաբկիր սոցիալական ապահովության տարածքային բաժնի պետի 28.06.2018 թվականի թիվ 53/14-1236 մերժման դեմ ներկայացված վերադաս բողոքի արդյունքում Ծառայության պետի առաջին տեղակալի 26.07.2018 թվականի թիվ Ապ/ԱրՄ-1/19312-18 գրությամբ բողոքը մերժվել է (հատոր 2-րդ գ.թ. 44-46):

4. Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԴ/16572/02/18 քաղաքացիական գործով 06.12.2018 թվականին կայացված վճռով, Սոնա Մարանգոզյանի դիմումը բավարարվել է և հաստատվել է իրավաբանական նշանակություն ունեցող այն փաստը, որ Սոնա Մարանգոզյանը 15.11.1978 թվականից մինչև 12.05.1986 թվականն ընկած ժամանակահատվածում աշխատել է «Ավտոմոտոսիրող» ընկերությունում (հատոր 1-ին գ.թ. 10-15):

5. Ծառայության պետի առաջին տեղակալի 11.03.2019 թվականի թիվ Ապ/ԼԼ-1/5252-19 գրության համաձայն` Սոնա Մարանգոզյանի երկրորդ դիմումի օրվանից` 11.01.2019 թվականից Սոնա Մարանգոզյանին նշանակվել է կենսաթոշակ: Սոնա Մարանգոզյանը 01.02.2019 թվականին դիմումով խնդրել է կատարել վերահաշվարկ և կենսաթոշակ նշանակել 16.05.2018 թվականի դիմումի հիման վրա, որը վերը նշված գրությամբ մերժվել է (հատոր 1-ին գ.թ. 16-20):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

 

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, այսինքն` Վերաքննիչ դատարանի «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի խախտման հետևանքով թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով կենսաթոշակ նշանակելու վերաբերյալ անձի դիմումը մերժելու մասին որոշումը դատական կարգով չվիճարկելու պայմաններում անձի կողմից կենսաթոշակ նշանակելու վերաբերյալ կրկին դիմում ներկայացնելու դեպքում «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի իմաստով, ո՞ր օրը պետք է համարվի կենսաթոշակ նշանակելու համար դիմելու օր:

i

«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն օրենքով սահմանված պայմանները բավարարելու դեպքում կենսաթոշակի իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացին, Հայաստանի Հանրապետության երկքաղաքացին, օտարերկրյա քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձը, եթե նույն օրենքով կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան սահմանված չէ: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն օրենքով կենսաթոշակի իրավունք ունեցող անձը կենսաթոշակ ստանալու իրավունք ունի, եթե օրենսդրությամբ սահմանված կարգով դիմել է կենսաթոշակ նշանակելու իրավասություն ունեցող մարմնի համապատասխան ստորաբաժանում, և նրան նշանակվել է կենսաթոշակ:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ նշել է, որ գույքային կամ անձնական ոչ գույքային իրավունքների ծագումը, փոփոխումը կամ դադարումը կապված է որոշակի հանգամանքների հետ, որոնց օրենքը տալիս է իրավական նշանակություն (իրավաբանական փաստեր): Մասնավորապես, «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը տարանջատել է «կենսաթոշակի իրավունք» և «կենսաթոշակ ստանալու իրավունք» հասկացությունները: Ընդ որում, դրանցից յուրաքանչյուրի ծագման համար նախատեսվել են տարբեր իրավաբանական փաստեր: Մասնավորապես` կենսաթոշակի իրավունքը ծագում է օրենքով նախատեսված որոշակի պայմանների առկայության դեպքում, իսկ կենսաթոշակ ստանալու իրավունքը` կենսաթոշակի իրավունքի առկայությամբ պայմանավորված` համապատասխան մարմին սահմանված կարգով դիմելու պարագայում (տե՛ս, Արարատ Ափոյանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության թիվ ՎԴ/6690/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.04.2015 թվականի որոշումը):

i

«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` կենսաթոշակ նշանակելու համար դիմելու օր է համարվում կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում դիմում ներկայացնելու օրը: Դիմումին կցվում են օրենսդրությամբ սահմանված` կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերը:

i

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը դիմումն ընդունելուց հետո` տասը աշխատանքային օրվա ընթացքում, հիմք ընդունելով ներկայացված փաստաթղթերը և պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանի տվյալները, կայացնում է հետևյալ որոշումներից մեկը.

1) նշանակել կենսաթոշակ.

2) նշանակել կենսաթոշակ և տեղեկացնել կենսաթոշակը վերահաշվարկելու համար լրացուցիչ փաստաթուղթ ներկայացնելու անհրաժեշտության մասին.

3) մերժել կենսաթոշակ նշանակելը:

i

Նույն հոդվածի 7-րդ մասի համաձայն` կենսաթոշակ նշանակելը մերժելու մասին որոշում կայացվում է, եթե`

1) անձը չունի կենսաթոշակի իրավունք.

2) կենսաթոշակի իրավունք ունեցող անձը, ըստ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների, հաշվառված չէ Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեում.

3) ներկայացված փաստաթղթերը և պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանի տվյալները բավարար չեն անձին կենսաթոշակ նշանակելու համար.

4) անձն ունի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվող` նույն օրենքով կամ այլ օրենքներով սահմանված կենսաթոշակ ստանալու իրավունք:

i

Նույն հոդվածի 8-րդ մասի համաձայն` կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը կենսաթոշակ նշանակելը մերժելու կամ անձին կենսաթոշակ նշանակելու և լրացուցիչ փաստաթուղթ ներկայացնելու անհրաժեշտության մասին որոշում կայացնելու դեպքում հինգ աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին պատշաճ կարգով ծանուցում է կենսաթոշակ նշանակելու համար դիմած անձին` նշելով մերժելու պատճառները և որոշումը բողոքարկելու կարգը, իսկ նույն հոդվածի 7-րդ մասի 4-րդ կետում նշված դեպքում` նաև կենսաթոշակի տեսակը փոխելու նրա իրավունքի և դրա իրականացման կարգի վերաբերյալ:

Վերը նշված իրավական նորմերի վերլուծության արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացված որոշումներից մեկով եզրակացրել է, որ կենսաթոշակ նշանակելու վերաբերյալ վարույթն ունի որոշակի առանձնահատկություններ, որոնք կարգավորվում են «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով: Մասնավորապես, «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով սահմանվել է վարչական վարույթի ավելի կարճ` տասն աշխատանքային օրվա ժամկետ, սահմանվել է վարույթը եզրափակող վարչական ակտի` որոշման կայացման համար հիմք հանդիսացող հանգամանքների շրջանակը, այն է` ներկայացված փաստաթղթերը և պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանի տվյալները:

Բացի այդ, «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով սահմանվել է նաև, թե կենսաթոշակ նշանակելու համար դիմած անձի կողմից ներկայացված փաստաթղթերի և պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանի տվյալների հիման վրա կենսաթոշակ նշանակելու իրավասություն ունեցող մարմինն ինչպիսի որոշում կարող է ընդունել: ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ նշված որոշումներից մեկի ընդունմամբ ավարտվում է կենսաթոշակ նշանակելու դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթը:

Միաժամանակ, ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 7-րդ մասով սպառիչ կերպով սահմանված են դիմումը մերժելու հիմքերը, իսկ նույն հոդվածի 8-րդ մասով սահմանվել է կենսաթոշակ նշանակելու իրավասություն ունեցող մարմնի` կենսաթոշակ նշանակելու դիմումը մերժելու դեպքում հնգօրյա ժամկետում կենսաթոշակ նշանակելու համար դիմած անձին պատշաճ կարգով ծանուցելու պարտականությունը: Ընդ որում, նշված ծանուցումը պետք է պարունակի մերժման պատճառները և բողոքարկման կարգը:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ նշված կարգավորումն ինքնանպատակ չէ, այն հնարավորություն է տալիս կենսաթոշակ նշանակելու համար դիմած անձին, ով համաձայն չէ մերժման հետ, վարչական բողոք կամ դատարան հայց ներկայացնելով` գործնականում իրացնելու իր արդյունավետ իրավական պաշտպանության և դատարան դիմելու հիմնարար իրավունքները (տե՛ս, Սամսոն Խարազյանն ընդդեմ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության թիվ ՎԴ/4109/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.12.2016 թվականի որոշումը):

i

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացված որոշմամբ անդրադառնալով վարչական ակտի իրավաչափության կանխավարկածի հարցին, նշել է, որ ՀՀ Սահմանադրության ուժով վարչական ակտի չվիճարկման պայմաններում յուրաքանչյուր ոք պարտավոր է ելնել այն կանխավարկածից, որ վարչական ակտն ընդունվել է ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված վարչական մարմնի լիազորությունների շրջանակում, և այն ենթակա է կատարման: Դրա հետևանքով պետք է եզրակացնել, որ չվիճարկված վարչական ակտն իրավաչափ է, և որևէ անձ, այդ թվում` պետական մարմինը չի կարող կասկածի տակ դնել դրա իրավաչափությունը (տե՛ս, Երևանի քաղաքապետարանն ընդդեմ Հրաչյա Քարամյանի թիվ ՎԴ/2068/05/08 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.05.2009 թվականի որոշումը):

Վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բոլոր այն դեպքերում, երբ կենսաթոշակ նշանակելու իրավասություն ունեցող մարմնի` կենսաթոշակի նշանակումը մերժելու մասին որոշումը վարչական կամ դատական կարգով չի վիճարկվել, որևէ անձ, այդ թվում` դատարանը չի կարող կասկածի տակ դնել դրա իրավաչափությունը:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով կենսաթոշակ նշանակելու վերաբերյալ անձի դիմումը մերժելու մասին որոշումը չվիճարկելու պայմաններում անձի կողմից կրկին ներկայացված դիմումով հարուցվում է նոր վարույթ, որի պայմաններում կենսաթոշակ նշանակելու համար դիմելու օր պետք է համարվի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում կրկին դիմում ներկայացնելու օրը:

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն վարչական գործը հարուցվել է Սոնա Մարանգոզյանի հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է պարտավորեցնել Ծառայությանը կատարել որոշակի գործողություններ, այն է` հայցվորին նշանակել կենսաթոշակ սկսած 16.05.2018 թվականից, կատարել վերահաշվարկ և վճարել չվճարված 8 ամիսների համար:

Դատարանը մերժել է հայցն այն պատճառաբանությամբ, որ Սոնա Մարանգոզյանի կողմից կենսաթոշակի վերահաշվարկման Ծառայություն դիմելու օր պետք է համարվի Սոնա Մարանգոզյանի կողմից կրկին դիմում ներկայացնելու օրը, այն է` 11.01.2019 թվականը, քանի որ հայցվորի` դեռևս առաջին դիմումը ներկայացնելու արդյունքում Ծառայությունը մերժել է կենսաթոշակի նշանակումը, որպիսի վարչական ակտը հայցվորի կողմից բողոքարկվել է վերադասության կարգով և բողոքը մերժվել է, որից հետո հայցվորը որևէ կերպ միջոց չձեռնարկելով դիմելու դատական պաշտպանության` վիճարկելու կենսաթոշակ նշանակելու մերժումը, դիմել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` իրավաբանական նշանակություն ունեցող փաստի հաստատման պահանջով:

Վերաքննիչ դատարանը, բավարարելով վերաքննիչ բողոքը, նշել է, որ վարչական մարմինը պարտավոր էր Սոնա Մարանգոզյանին կենսաթոշակ նշանակելու համար դիմելու օր համարել 16.05.2018 թվականը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սոնա Մարանգոզյանը 16.05.2018 թվականին կենսաթոշակ նշանակելու դիմում է ներկայացրել Ծառայության Արաբկիրի սոցիալական ապահովության տարածքային բաժնին` դիմումին կից ներկայացնելով օրենքով սահմանված` կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերը:

i

Վճռաբեկ դատարանը, վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը, գտնում է, որ դրանք անհիմն են և հակասում են ՀՀ վճռաբեկ դատարանի ՎԴ/4109/05/14 վարչական գործով 02.12.2016 թվականի որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշմանը:

Այսպես, Սոնա Մարանգոզյանի 16.05.2018 թվականի դիմումը` կենսաթոշակ նշանակելու վերաբերյալ, Ծառայության կողմից 28.06.2018 թվականին մերժվել է, նշված մերժման դեմ ներկայացված վերադաս բողոքը Ծառայության կողմից 26.07.2018 թվականին ևս մերժվել է, որի արդյունքում վարչական վարույթն ավարտվել է, իսկ վերոնշյալ վարչական ակտերը դատական կարգով չեն վիճարկվել: Ավելին, ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կողմից թիվ ԵԴ/16752/02/18 քաղաքացիական գործով քննված դիմումը վերաբերել է իրավաբանական նշանակություն ունեցող փաստի հաստատման պահանջին: Այսինքն` Սոնա Մարանգոզյանի կողմից կենսաթոշակ նշանակելու համար Ծառայություն դիմելու օր պետք է համարվի վերջինիս կողմից կրկին դիմում ներկայացնելու օրը, այն է` 11.01.2019 թվականը, որպիսի պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության կողմից Սոնա Մարանգոզյանին 11.01.2019 թվականից կենսաթոշակ նշանակելն իրավաչափ է:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիմնավոր են վճռաբեկ բողոքի փաստարկները` Վերաքննիչ դատարանի կողմից «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի սխալ մեկնաբանման վերաբերյալ, և արձանագրում է, որ սույն գործով ներկայացված պահանջների և դրանք հիմնավորող ապացույցների շրջանակներում Դատարանի կողմից կայացվել է օրինական, հիմնավորված և պատճառաբանված դատական ակտ:

 

i

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 151-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

i

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

i

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտին օրինական ուժ տալիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ծառայությունը վճռաբեկ բողոքի համար վճարել է 20.000 ՀՀ դրամ պետական տուրքի գումար, և քանի որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, ուստի, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ծառայության կողմից նախապես վճարված պետական տուրքի գումարը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի հիմքով ենթակա է հատուցման Սոնա Մարանգոզյանի կողմից:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 23.09.2020 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ վարչական դատարանի 06.08.2019 թվականի վճռին:

2. Սոնա Մարանգոզյանից հօգուտ ՀՀ սոցիալական ապահովության ծառայության բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող Ռ. Հակոբյան

Զեկուցող Ն. Տավարացյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

 

Հրապարակվել է www.datalex.am կայքէջում` 22 փետրվարի 2022 թվական:

 

 

pin
Վճռաբեկ դատարան
22.02.2022
N ՎԴ/2730/05/19
Որոշում