ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2020 թվականի մայիսի 6-ին
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգիրքը (այսուհետ` Օրենսգիրք) լրացնել հետևյալ բովանդակությամբ 47.18-47.26-րդ հոդվածներով.
«Հոդված 47.18. էլեկտրոնային առողջապահության համակարգին չմիանալը, պարտադիր վարման ենթակա բժշկական (այդ թվում` էլեկտրոնային) փաստաթղթեր չվարելը կամ դրանց լրացման կամ շրջանառության պահանջները խախտելը
1. Էլեկտրոնային առողջապահության համակարգին չմիանալը`
առաջացնում է տուգանք` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից հիսնապատիկի չափով:
2. Պարտադիր վարման ենթակա բժշկական (այդ թվում` էլեկտրոնային) փաստաթղթեր չվարելը`
առաջացնում է տուգանք` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև վաթսունապատիկի չափով:
3. Պարտադիր վարման ենթակա բժշկական (այդ թվում` էլեկտրոնային) փաստաթղթերի լրացման կամ շրջանառության պահանջները խախտելը`
առաջացնում է տուգանք` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև երեսնապատիկի չափով:
4. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքը կրկին կատարելը վարչական տույժի միջոց կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում`
առաջացնում է տուգանք` սահմանված նվազագույն աշխատավարձի յոթանասունապատիկից հարյուրապատիկի չափով:
Հոդված 47.19. Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողի կողմից ժամանակավոր անաշխատունակության թերթիկի լրացման ու տրամադրման կարգը խախտելը
1. Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողի կողմից ժամանակավոր անաշխատունակության թերթիկի լրացման ու տրամադրման կարգը խախտելը`
առաջացնում է տուգանք` նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկից երկուհարյուրապատիկի չափով։
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը կրկին կատարելը վարչական տույժի միջոց կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում`
առաջացնում է տուգանք` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրհիսնապատիկից երեքհարյուրապատիկի չափով:
Հոդված 47.20. Պացիենտին կամ նրա օրինական ներկայացուցչին իրազեկման թերթիկ չտրամադրելը
1. Օրենքով սահմանված պահանջներին համապատասխան` պացիենտին կամ նրա օրինական ներկայացուցչին իրազեկման թերթիկ չտրամադրելը`
առաջացնում է տուգանք` նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը կրկին կատարելը վարչական տույժի միջոց կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում`
առաջացնում է տուգանք` նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև յոթանասունապատիկի չափով:
Հոդված 47.21. Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից արտակարգ իրավիճակներում կամ Հայաստանի Հանրապետության նկատմամբ օտարերկրյա պետության կողմից իրականացված ռազմական գործողությունների կամ ահաբեկչական գործողությունների արդյունքում տուժած անձանց բժշկական օգնության և սպասարկման իրականացման պահանջները չկատարելը կամ խախտելը
1. Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից օրենքով նախատեսված դեպքում արտակարգ իրավիճակներում կամ Հայաստանի Հանրապետության նկատմամբ օտարերկրյա պետության կողմից իրականացված ռազմական գործողությունների կամ ահաբեկչական գործողությունների արդյունքում տուժած անձանց բժշկական օգնության և սպասարկման իրականացմանը ներկայացվող պահանջները չկատարելը կամ խախտելը`
առաջացնում է տուգանք` նվազագույն աշխատավարձի հազարապատիկից մինչև հազարհինգհարյուրապատիկի չափով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը կրկին կատարելը վարչական տույժի միջոց կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում`
առաջացնում է տուգանք` նվազագույն աշխատավարձի հազարվեցհարյուրապատիկից մինչև հազարութհարյուրապատիկի չափով:
Հոդված 47.22. Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողի կողմից օրենքով նախատեսված պաշտոնական ինտերնետային կայքէջ չունենալը կամ օրենքին համապատասխան պաշտոնական ինտերնետային կայքէջ չունենալը
1. Հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողի կողմից օրենքով նախատեսված պաշտոնական ինտերնետային կայքէջ չունենալը`
առաջացնում է տուգանք` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով:
2. Արտահիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողի կողմից օրենքով նախատեսված պաշտոնական ինտերնետային կայքէջ չունենալը`
առաջացնում է տուգանք` նվազագույն աշխատավարձի ութսունապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:
3. Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողի պաշտոնական ինտերնետային կայքէջում ծառայությունների կամ գնացուցակի կամ բուժանձնակազմի վերաբերյալ տվյալների կամ մասնագիտական ծառայություններ մատուցողների հետ հետադարձ կապի հնարավորության բացակայությունը`
առաջացնում է տուգանք` նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև վաթսունապատիկի չափով:
4. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ կամ 3-րդ մասով նախատեսված արարքները կրկին կատարելը վարչական տույժի միջոց կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում`
առաջացնում է տուգանք` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով:
Հոդված 47.23. Բժշկական հաստատություն տեղափոխված պացիենտի (ինչպես նաև մահացած անձի) վերաբերյալ ոստիկանություն հաղորդում չներկայացնելը կամ դրա ներկայացնելու կարգը խախտելը
1. Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողի կողմից բժշկական հաստատություն տեղափոխված պացիենտի (ինչպես նաև մահացած անձի) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով համապատասխան հաղորդում չներկայացնելը կամ դրա ներկայացնելու կարգը խախտելը`
առաջացնում է տուգանք` նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը կրկին կատարելը վարչական տույժի միջոց կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում`
առաջացնում է տուգանք` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրհիսնապատիկից մինչև երեքհարյուրհիսնապատիկի չափով:
Հոդված 47.24. Մասնագիտական էթիկայի կանոնների խախտման հիմքով արգելված դեպքերում բուժաշխատողի կողմից մասնագիտական գործունեություն իրականացնելը
1. Բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոնների խախտման հիմքով օրենքի համաձայն արգելված դեպքերում բուժաշխատողի կողմից մասնագիտական գործունեություն իրականացնելը`
բուժաշխատողի համար առաջացնում է տուգանք` նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով.
բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողի համար առաջացնում է տուգանք` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրհիսնապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքները կրկին կատարելը վարչական տույժի միջոց կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում`
առաջացնում է տուգանք` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրհիսնապատիկից մինչև չորսհարյուրապատիկի չափով:
Հոդված 47.25. Բժշկական արտադրատեսակների շրջանառության ոլորտում սահմանված պահանջները խախտելը
1. Բժշկական արտադրատեսակների շրջանառության ոլորտում սահմանված պահանջները խախտելը`
առաջացնում է տուգանք` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև հազարապատիկի չափով:
Հոդված 47.26. Առանց օտարերկրացի բուժաշխատողների մասնագիտական կարճաժամկետ գործունեության թույլտվության` օտարերկրացի բուժաշխատողի կողմից բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելը
1. Առանց օտարերկրացի բուժաշխատողների մասնագիտական կարճաժամկետ գործունեության թույլտվության` օտարերկրացի բուժաշխատողի կողմից բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելը բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողի համար առաջացնում է տուգանք` սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրհիսնապատիկից հինգհարյուրապատիկի չափով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը կրկին կատարելը վարչական տույժի միջոց կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում`
առաջացնում է տուգանք` սահմանված նվազագույն աշխատավարձի յոթհարյուրապատիկից մինչև ութհարյուրապատիկի չափով:»:
i
Հոդված 2. Օրենսգրքի 230-րդ հոդվածը «7-9-րդ մասերով,» բառերից հետո լրացնել «47.18-47.26-րդ,» բառերով:
i
Հոդված 3. Օրենսգրքի 244.14-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2020 թ. մայիսի 20 Երևան ՀՕ-269-Ն
|
|