ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ
i
ՌՈՒԴԻԿ ԽՈՋՈՅԱՆԻ ԵՎ ԱՐՏՅՈՄ ԽՈՋՈՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 1087.2-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 9-ՐԴ ՄԱՍԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
16 հունիսի 2020 թ. |
Սահմանադրական դատարանը` կազմով. Հ. Թովմասյանի (նախագահող), Ա. Գյուլումյանի, Ա. Դիլանյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի (զեկուցող), Ա. Խաչատրյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,
մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)`
դիմողներ Ռուդիկ Խոջոյանի և Արտյոմ Խոջոյանի ներկայացուցիչ` Ա. Կիվիրյանի,
գործով որպես պատասխանող կողմ ներգրավված` Ազգային ժողովի ներկայացուցիչ` Ազգային ժողովի աշխատակազմի իրավական ապահովման և սպասարկման բաժնի պետ Կ. Մովսիսյանի,
համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետի, 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 22, 40 և 69-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Ռուդիկ Խոջոյանի և Արտյոմ Խոջոյանի դիմումի հիման վրա` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1087.2-րդ հոդվածի 9-րդ մասի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը (այսուհետ` Օրենսգիրք) Ազգային ժողովի կողմից ընդունվել է 1998 թվականի մայիսի 5-ին, Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել` 1998 թվականի հուլիսի 28-ին և ուժի մեջ է մտել 1999 թվականի հունվարի 1-ից:
Օրենսգրքի` «Հիմնարար իրավունքների խախտման և անարդարացի դատապարտման հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի հատուցման կարգը և պայմանները» վերտառությամբ 1087.2-րդ հոդվածի 9-րդ մասը սահմանում է.
«Ոչ նյութական վնասի հատուցման պահանջը դատարան կարող է ներկայացվել ինչպես սույն օրենսգրքի 162.1 հոդվածի 2-րդ մասով սահմանված իրավունքի խախտումը հաստատելու պահանջի հետ` խախտման մասին անձին հայտնի դառնալու պահից, այնպես էլ այդ իրավունքի խախտումը հաստատող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո կամ ոչ արդարացնող հիմքով քրեական գործի հարուցումը մերժելու կամ քրեական հետապնդում չիրականացնելու կամ քրեական գործով վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին քննիչի կամ դատախազի կայացրած` չվերացված կամ չբողոքարկված որոշման մասին այդ անձին հայտնի դառնալու պահից մեկ տարվա ընթացքում»:
Օրենսգրքի հիշյալ հոդվածը փոփոխությունների է ենթարկվել 2014 թվականի մայիսի 19-ի ՀՕ-21-Ն, 2015 թվականի դեկտեմբերի 21-ի ՀՕ-184-Ն և 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-241-Ն Հայաստանի Հանրապետության օրենքներով:
Գործի քննության առիթը Ռուդիկ Խոջոյանի և Արտյոմ Խոջոյանի` 2020 թվականի հունվարի 20-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:
Ուսումնասիրելով դիմումը և կից ներկայացված փաստաթղթերը, պատասխանողի գրավոր բացատրությունը, գործում առկա մյուս փաստաթղթերը, ինչպես նաև Օրենսգրքի վերաբերելի դրույթները` Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Դիմողների դիրքորոշումները
i
Ըստ դիմողների, «ոչ նյութական վնասը` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 162.1 հոդվածի իմաստով ոչ ֆիզիկական կամ հոգեկան տառապանք է»:
Նրանց կարծիքով նշված նորմը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում ներառելով` օրենսդիրը նպատակ է ունեցել պաշտպանության առարկա դարձնել ոչ միայն անձի գույքային իրավունքները, այլ նաև անձի հետ կապված ոչ գույքային իրավունքները: Սա իր հերթին նշանակում է, որ պետությունը պետք է նախատեսի տվյալ իրավունքների պատշաճ պաշտպանության մեխանիզմներ:
Անդրադառնալով օրենքի նշանակությանը` դիմողները գտնում են, որ այն կոչված է արտահայտելու և պաշտպանելու անձի իրավունքները: Այլ կերպ` օրենքը պետք է բխի մարդու իրավունքներից և ոչ թե սահմանափակի դրանք:
Անդրադառնալով վիճարկվող դրույթին` դիմողները նշում են, որ, ի տարբերություն ոչ նյութական վնասի հատուցման համար նախատեսված մեկամյա ժամկետի, նյութական վնասի փոխհատուցման պահանջ ներկայացնելու համար գործում է հայցային վաղեմության եռամյա ընդհանուր ժամկետը: Դիմողներից մեկը նշում է, որ օրենսդիրը նախատեսել է ոչ միայն ոչ նյութական վնասի փոխհատուցման պահանջ ներկայացնելու ժամկետ, այլ նաև այն «ստորադասել է» նյութական վնասի հատուցման պահանջ ներկայացնելու համար նախատեսված դատավարական ժամկետին:
Այս կապակցությամբ դիմողները ցանկանում են քննարկման առարկա դարձնել ոչ նյութական վնասի փոխհատուցման պահանջ ներկայացնելու համար սահմանված հայցային վաղեմության ժամկետի իրավաչափությունը, քանի որ այն հանգեցնում է իրավական անորոշության` միաժամանակ խախտելով անձի` իր խախտված իրավունքները դատական կարգով պաշտպանելու իրավունքը:
Դիմողները գտնում են, որ ոչ նյութական վնասի փոխհատուցման պահանջ ներկայացնելու համար նախատեսված մեկամյա ժամկետը ողջամիտ և արդարացված չէ:
Դիմողները նշում են, որ մինչև մեկ տարվա ժամկետ սահմանելը օրենսդրի կողմից 1087.2-րդ հոդվածով սահմանված է եղել վեցամսյա ժամկետ, և, դրական գնահատելով այդ հանգամանքը, այնուամենայնիվ, ըստ դիմողների` այն բավարար չափով չի ապահովում անձի` դատարան դիմելու, պատշաճ դատական պաշտպանություն ստանալու իրավունքները, ուստի հակասում է Սահմանադրությանը:
Ըստ դիմողների` միջազգային պրակտիկան զարգանում է ճիշտ հակառակ ուղղությամբ: Մի շարք պետություններում ոչ նյութական վնասի հատուցման պահանջի ներկայացման համար որևէ դատավարական ժամկետ նախատեսված չէ, իսկ այն պետությունները, որտեղ այն առկա է, կանգնած են իրավակիրառ պրակտիկայի միջոցով այն բացառելու ճանապարհին: Նպատակը մեկն է` պաշտպանել անձի հոգևոր անձեռնմխելիությունը` առանց նրան անհարկի դատավարական ժամկետներով ծանրաբեռնելու:
Այդ առումով դիմողները կարծում են, որ ոչ նյութական վնասը հոգեկան տառապանք է, իսկ «հոգեկան տառապանքը չի կարող կարգավորվել իմպերատիվ նորմերով և խիստ դատավարական ժամկետներով, քանի որ հոգեկան տառապանքը դրա կրման ժամանակահատվածը, դա հաղթահարելու ժամկետները խիստ անհատական են»:
Բացի դրանից, դիմողներն անդրադառնում են Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի նախադեպային պրակտիկային, ըստ որի` Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 13-րդ հոդվածը սահմանում է պետության` Կոնվենցիայի 1-ին հոդվածով ամրագրված պարտավորության անմիջական նկարագիրը, այն է` առաջին հերթին պաշտպանել մարդու իրավունքները և հետո միայն իրենց սեփական իրավական համակարգը:
i
Ելնելով վերոգրյալից` դիմողները խնդրում են Սահմանադրական դատարանին Օրենսգրքի 1087.2-րդ հոդվածի 9-րդ մասն այնքանով, որքանով սահմանում է անձին պատճառված ոչ նյութական վնասի փոխհատուցման պահանջ ներկայացնելու համար մեկամյա ժամկետ` ճանաչել Սահմանադրության 1-ին, 3, 60, 61, 62, 63, 75, 78, 80 և 81-րդ հոդվածներին հակասող և անվավեր:
2. Պատասխանողի դիրքորոշումները
Պատասխանողը նշում է, որ դատական պաշտպանության իրավունքի իրականացումը հիմնված է տնօրինչականության (դիսպոզիտիվության) սկզբունքի վրա, որն անձի` օրենքով սահմանված հնարավորությունն է սեփական հայեցողությամբ տնօրինելու իր նյութական ու դատավարական իրավունքները և դրանց պաշտպանության եղանակները, այսինքն` անձն ինքն է որոշում իր իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պաշտպանության համար դիմել, թե՞ չդիմել դատարան, իրացնել, թե՞ չիրացնել իր դատական պաշտպանության իրավունքը, ինքնուրույն որոշել հարուցված հայցով, մասնավորապես, իր պահանջների առարկան, ծավալը, հիմքը: Միաժամանակ, անձն իր դատական պաշտպանության հիմնարար իրավունքն իրացնելիս, ինչպես նաև դատարաններն արդարադատություն իրականացնելիս պետք է առաջնորդվեն դատական պաշտպանության տվյալ ձևի համար օրենսդրությամբ սահմանված կարգով:
i
Հղում կատարելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումներին` պատասխանողը նշում է, որ դատական պաշտպանության իրավունքը, որի մի մասն էլ կազմում է դատարանի մատչելիության իրավունքը, բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Սահմանափակումը «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխանող կհամարվի, եթե այն հետապնդում է իրավաչափ նպատակ, և եթե կիրառված միջոցների և հետապնդվող նպատակի միջև առկա է համաչափության ողջամիտ հարաբերակցություն:
Ըստ պատասխանողի` ժամկետային սահմանափակումները, որոնք սահմանվում են պետության կողմից, հետապնդում են որոշակի կարևոր նպատակներ, մասնավորապես` իրավական որոշակիության երաշխավորումը, հավանական պատասխանողի պաշտպանությունը ժամկետանց հայցերից, որի դեպքում դժվար կլինի կանխել անարդարությունը, որը կարող է առաջանալ, եթե դատարաններից պահանջվի քննել այնպիսի դեպքեր, որոնք տեղի են ունեցել հեռավոր անցյալում այն ապացույցների հիման վրա, որոնք կարող են լինել ոչ արժանահավատ և ոչ ամբողջական` բավականաչափ ժամանակահատված անցած լինելու պատճառով:
Անդրադառնալով հայցային վաղեմության իրավական նշանակությանը` պատասխանողը նշում է, որ անձին, որի իրավունքները խախտվել են, տրամադրվում է խիստ որոշակի, բայց, միաժամանակ, բավարար ժամանակահատված իր իրավունքների դատական պաշտպանության համար:
Պատասխանողը նշում է նաև, որ դատարանի մատչելիության իրավունքը նույնպես կարող է որոշակի պայմաններում ենթարկվել այնպիսի իրավաչափ սահմանափակումների, ինչպիսիք են վաղեմության ժամկետները, դատական ծախսերի ապահովման վերաբերյալ որոշումները կամ իրավաբանական ներկայացուցչության պահանջը:
Հղում կատարելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային պրակտիկային` պատասխանողը կարծիք է հայտնում, որ ժամկետային սահմանափակումների առումով պետությունները հայեցողական լիազորություն ունեն որոշելու, թե դատարանի մատչելիությունն ինչպես պետք է սահմանափակվի: Ընդ որում, նման մոտեցումն ինքնանպատակ չէ և բխում է համաչափության սկզբունքից, քանի որ կոչված է հավասարակշռելու դատավարության կողմերի հավասարազոր իրավունքները, ուստի սահմանադրական իրավունքների ոչ իրավաչափ սահմանափակման մասին խոսք լինել չի կարող: Հայցային վաղեմության որոշակի ժամկետների սահմանման և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արդար դատաքննության իրավունքի միջև հակասություն առկա չէ: Պետություններն իրենք են ներպետական օրենսդրությամբ սահմանում հայցային վաղեմության կոնկրետ ժամկետները, ինչը միանգամայն համահունչ է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի էությանը:
Բացի դրանից, պատասխանողը գտնում է, որ վիճարկվող դրույթը բավարարում է նաև իրավական օրենքին ներկայացվող պահանջները` հաշվի առնելով, որ այն բավարար չափով կանխատեսելի է, համապատասխանում է իրավական որոշակիության սկզբունքին, այսինքն` ձևակերպված է բավարար աստիճանի հստակությամբ:
Ելնելով վերոգրյալից` պատասխանողը գտնում է, որ Օրենսգրքի 1087.2-րդ հոդվածի 9-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանը:
3. Գործի շրջանակներում պարզման ենթակա հանգամանքները
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դիմողները վիճարկում են Օրենսգրքի 1087.2-րդ հոդվածի 9-րդ կետով նախատեսված` ոչ նյութական վնասի հատուցման պահանջը մեկ տարվա ընթացքում դատարան ներկայացնելու հնարավորությունը, Սահմանադրական դատարանը կանդրադառնա միայն հիշյալ ժամկետի սահմանադրականությանը:
Այդ կապակցությամբ Սահմանադրական դատարանը հարկ է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրումներին.
i
1) արդյոք ոչ նյութական վնասի հատուցման պահանջ ներկայացնելու համար ժամկետ սահմանելը խախտում է Սահմանադրության 62-րդ հոդվածով ամրագրված` վնասի հատուցման հիմնական իրավունքը,
i
2) արդյոք վիճարկվող դրույթով նախատեսված մեկամյա ժամկետը ոչ նյութական վնասի հատուցման հիմնական իրավունքի արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ ընթացակարգ է Սահմանադրության 75-րդ հոդվածի տեսանկյունից` փոխկապակցված Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված` դատական պաշտպանության հիմնական իրավունքի հետ:
4. Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները
i
4.1. Սահմանադրության 62-րդ հոդվածը սահմանում է.
«1. Յուրաքանչյուր ոք ունի պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց ոչ իրավաչափ գործողություններով կամ անգործությամբ, իսկ օրենքով սահմանված դեպքերում` նաև իրավաչափ վարչարարությամբ պատճառված վնասի հատուցման իրավունք: Վնասի հատուցման պայմանները և կարգը սահմանվում են օրենքով:
2. Եթե հանցանք կատարելու համար օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված անձն արդարացվել է այն հիմքով, որ նոր կամ նոր երևան եկած որևէ հանգամանք ապացուցում է նրա դատապարտման ոչ իրավաչափ լինելը, ապա այդ անձն ունի օրենքին համապատասխան հատուցում ստանալու իրավունք, եթե չի ապացուցվում, որ այդ հանգամանքի ժամանակին բացահայտումը լիովին կամ մասամբ կախված էր տվյալ անձից»:
Սահմանադրության հիշյալ հոդվածի ուսումնասիրությունը վկայում է, որ Սահմանադրության ուժով վնասի հատուցում պահանջելու իրավունքը` որպես հիմնական իրավունք, ներառում է նաև ոչ իրավաչափ քրեական հետապնդման, ինչպես նաև ոչ իրավաչափ դատապարտման հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի հատուցման իրավազորությունները:
Սահմանադրության պահանջներին համապատասխան` վնասի, այդ թվում` ոչ նյութական, հատուցման պայմանները և կարգը սահմանվում են օրենքով:
Վնասի հատուցման կարգի բաղադրիչ է նաև այն հատուցելու համար պահանջ ներկայացնելու ժամկետը: Ըստ այդմ` օրենսդիրը սահմանել է ոչ նյութական վնասի հատուցման համար պահանջ ներկայացնելու ժամկետ` մեկ տարի: Միևնույն ժամանակ, հաշվի առնելով ոչ նյութական վնասի առանձնահատկությունները, ինչպես նաև այդ վնասի արդյունավետ հատուցումն ապահովելու անհրաժեշտությունը` Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում առավել մանրամասն անդրադառնալ ոչ նյութական վնասի բնույթին և հատուցման իրավակարգավորումներին:
i
Սահմանադրական դատարանն իր` 05.11.2013 թ. ՍԴՈ-1121 որոշման մեջ նշել է, որ «.... բարոյական վնասը և բարոյական վնասի նյութական հատուցման հնարավորությունը բխում են մարդու իրավունքների պաշտպանության հարցում որդեգրված սահմանադրաիրավական մոտեցումներից: Այսպես, ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ «Մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները և ազատությունները բարձրագույն արժեքներ են»: Այս կապակցությամբ սահմանադրական դատարանը գտնում է, որ մարդու արժանապատվության առանցքային բաղադրատարրերից մեկը, ի թիվս այլնի, հանդիսանում է անհատական հատկանիշներով պայմանավորված բարոյական տառապանքներից զերծ մնալը»:
Ելնելով վերոգրյալից` Սահմանադրական դատարանը սույն գործի շրջանակներում կարևորում է այն հարցադրումը, թե արդյոք ոչ նյութական վնասը որոշելիս հաշվի են առնվում միայն քրեական հետապնդման ժամանակահատվածում անձին պատճառված ֆիզիկական և բարոյական տառապանքները:
Օրենսգրքի 1087.2-րդ հոդվածով նախատեսվում են անարդարացի դատապարտման հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի հատուցման կարգը և պայմանները: Ըստ այդմ` ոչ նյութական վնասի հատուցման չափը որոշելիս դատարանը հաշվի է առնում ֆիզիկական կամ հոգեկան տառապանքի բնույթը, աստիճանը և տևողությունը, պատճառած վնասի հետևանքները, վնասը պատճառելիս մեղքի առկայությունը, ոչ նյութական վնաս կրած անձի անհատական հատկանիշները, ինչպես նաև այլ վերաբերելի հանգամանքներ: Այսինքն, բոլոր այն հանգամանքները, որոնք ի վերջո հիմք են հանդիսացել անձի բարոյական տառապանքների համար և ազդել են այդ տառապանքների խորության վրա:
Ինչ վերաբերում է միջազգային փորձին, ապա Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը «Պողոսյանը և Բաղդասարյանն ընդդեմ Հայաստանի» գործով կայացրած վճռում (գանգատ թիվ 22999/06, 12.06.2012 թ.) նշել է. «...Դատարանը գտնում է, որ Թիվ 7 արձանագրության 3-րդ հոդվածի նպատակը ոչ միայն սխալ մեղադրական դատավճիռ կայացնելու դեպքում նյութական վնասի վերականգնումն է, այլ նաև արդարադատության ոչ պատշաճ իրականացման հետևանքով դատապարտված անձին ցանկացած ոչ նյութական վնասի մասով, օրինակ` տագնապի, անհանգստության, անհարմարության և կյանքի նկատմամբ հետաքրքրության կորստի համար փոխհատուցման տրամադրումն է»:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիային (այսուհետ` նաև Կոնվենցիա) կից Թիվ 7 Արձանագրության բացատրական զեկույցում նույն Արձանագրության 3-րդ հոդվածի մեկնաբանությունը հետևյալն է. «...փոխհատուցումը վճարվում է ներպետական օրենսդրության կամ պրակտիկայի համաձայն»:
Ելնելով վերոգրյալից` Սահմանադրական դատարանը գտնում է, որ հատուցման ենթակա ոչ նյութական վնասն անձին պատճառվում է քրեական հետապնդման շրջանակներում: Միաժամանակ, պատճառված հոգեկան տառապանքները կարող են ունենալ շարունակական բնույթ և հաշվի առնվեն արդարացի հատուցում սահմանելու համար, ինչը չի ենթադրում, որ ոչ նյութական վնասը պատճառվում է նաև քրեական հետապնդումը դադարեցնելուց հետո:
Ինչ վերաբերում է վնասի հատուցման կարգին, ապա վնասի հատուցման ընթացակարգը, վնասի հատուցման պահանջ ներկայացնելու կառուցակարգը և ժամկետները Սահմանադրական դատարանի գնահատմամբ Սահմանադրության 62-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ նախադասության իմաստով ակնհայտորեն վնասի հատուցման կարգի տարրեր են, որոնք, ըստ Սահմանադրության այդ դրույթի, պետք է սահմանվեն օրենք(ներ)ով:
i
4.2. Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է. «Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք», իսկ Սահմանադրության 75-րդ հոդվածի համաձայն` «Հիմնական իրավունքները և ազատությունները կարգավորելիս օրենքները սահմանում են այդ իրավունքների և ազատությունների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր»:
i
Վիճարկվող դրույթի համաձայն` անարդարացի դատապարտման հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի հատուցման պահանջը դատարան կարող է ներկայացվել մեկ տարվա ընթացքում: Այսինքն` դատական կարգով հատուցում պահանջելու հնարավորությունը սահմանափակված է հայցային վաղեմության ժամկետով: Իրավունքի իրականացման ժամկետային սահմանափակման կապակցությամբ Սահմանադրական դատարանն իր` 06.12.2019 թ. ՍԴՈ-1495 որոշման մեջ նշել է. «....քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված ժամկետներն .... նպատակ ունեն ոչ միայն ժամանակի առումով կանոնակարգելու քաղաքացիական շրջանառությունը, այլ նաև ապահովելու քաղաքացիական հարաբերությունների սուբյեկտների կողմից իրենց իրավունքների իրացման հնարավորությունը, դրդելու անձանց կատարելու իրենց պարտականությունները, ինչպես նաև խթանելու խախտված իրավունքների ժամանակին պաշտպանությունը»:
i
Իր 08.10.2013 թ. ՍԴՈ-1119 որոշման մեջ վերլուծելով դեռևս 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրության 18-րդ հոդվածը` Սահմանադրական դատարանը հանգել է հետևության, որ «.... օրենսդրական մակարդակում չպետք է սահմանվեն այնպիսի իրավական կառուցակարգեր, որոնք առաջին հայացքից հանդես են գալիս որպես երաշխիքներ տվյալ իրավական կառուցակարգի իրացման համար, սակայն կարգավորումների մանրամասներում փաստացիորեն իմաստազրկում են կամ սահմանափակում այդ իրավական կառուցակարգերը»: Միևնույն ժամանակ Սահմանադրական դատարանը գտել է, որ «.... օրենսդրորեն կարող են առաջադրվել որոշակի պահանջներ կամ .... իրավունքների իրացման կարգերը կարող են պարունակել որոշակի ձևական պայմաններ, որոնք, սակայն, չպետք է լինեն այն ծավալով, որ անարդյունավետ դարձնեն այդ իրավունքների իրացումը, խեղաթյուրեն դրանց էությունը....»:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը դատարանի մատչելիությունը ճանաչել է որպես արդար դատաքննության իրավունքի անբաժանելի տարր, ձևավորել` կայուն նախադեպային պրակտիկա դատարանի մատչելիության իրավունքի առնչությամբ, որի համաձայն` Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը երաշխավորում է անձի իրավունքներին և պարտականություններին առնչվող հայցով դատարան դիմելու իրավունք: Այդ դրույթը մարմնավորում է դատարան դիմելու, այն է` դատարանում հայց հարուցելու իրավունքը, որը հնարավորություն է տալիս օգտվել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետում նախատեսված մյուս երաշխիքներից: Դատական վարույթի արդարության, հրապարակայնության և արագության բնութագրիչները, անշուշտ, արժեք չեն ունենա, եթե այդ գործընթացները չխթանվեն:
Ինչ վերաբերում է ժամկետային սահմանափակումներին, ապա Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արձանագրել է, որ ժամկետային սահմանափակումները, որոնք սահմանվում են պետության կողմից, հետապնդում են որոշակի կարևոր նպատակներ, մասնավորապես` իրավական որոշակիության երաշխավորումը, հավանական պատասխանողի պաշտպանությունը ժամկետանց հայցերից, որի դեպքում դժվար կլինի կանխել անարդարությունը, որը կարող է առաջանալ, եթե դատարաններից պահանջվի քննել այնպիսի դեպքեր, որոնք տեղի են ունեցել հեռավոր անցյալում այն ապացույցների հիման վրա, որոնք կարող են լինել ոչ արժանահավատ և ոչ ամբողջական` բավականաչափ ժամանակահատված անցած լինելու պատճառով: ժամկետային սահմանափակումների առումով պետությունները նույնպես հայեցողական լիազորություն ունեն որոշելու, թե դատարանի մատչելիությունն ինչպես պետք է սահմանափակվի (Stubbings and Others v. The United Kingdom թիվ 22083/93, 22095/93, 22/10/1996 վճիռ):
Մեկ այլ որոշմամբ հիշյալ դատարանը նշել է, որ «միայն այն փաստը, որ դիմումատուի պահանջները պետք է ենթարկվեն վաղեմության ժամկետին, խնդիր չի առաջանցում «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի տեսանկյունից» (Zolotas v. Greece թիվ 66610/09, 29/01/2013 վճիռ):
4.3. Սահմանադրական դատարանը փաստում է, որ համաձայն Օրենսգրքի` հայցային վաղեմության ընդհանուր ժամկետը երեք տարի է: Մյուս կողմից` հենց Օրենսգրքի 333-րդ հոդվածը, որը վերաբերում է հայցային վաղեմության հատուկ ժամկետներին, սահմանում է, որ պահանջների որոշ տեսակների համար օրենքով կարող են սահմանվել հայցային վաղեմության ընդհանուր ժամկետի համեմատությամբ կրճատ կամ ավելի երկար հատուկ ժամկետներ:
Օրենսդիրը հիմնարար իրավունքների խախտման և անարդարացի դատապարտման հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի հատուցման պահանջ ներկայացնելու համար սահմանել է ընդհանուր ժամկետի համեմատ ավելի կարճ` մեկամյա հատուկ ժամկետ: Այս առումով մեկամյա ժամկետն անհրաժեշտ է դիտարկել դատարանի մատչելիության և դատական պաշտպանության հիմնական իրավունքի իրականացման օրենսդրական-կազմակերպական նախադրյալների համարժեքության տեսանկյունից:
Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ վիճարկվող դրույթի համաձայն` հիմնարար իրավունքների խախտման կամ անարդարացի դատապարտման հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի հատուցման պահանջը դատարան կարող է ներկայացվել Օրենսգրքի 162.1-ին հոդվածի 2-րդ մասով սահմանված իրավունքի խախտումը (այն է` կյանքի իրավունքը, խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի չենթարկվելու իրավունքը, անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքը, արդար դատաքննության իրավունքը, անձնական և ընտանեկան կյանքը հարգելու, բնակարանի անձեռնմխելիության իրավունքը, մտքի, խղճի և կրոնի ազատության, սեփական կարծիքն ազատ արտահայտելու իրավունքը, հավաքների և միավորման ազատության իրավունքը, իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքը և սեփականության իրավունքը) հաստատելու պահանջի հետ` խախտման մասին անձին հայտնի դառնալու պահից, ինչպես նաև այդ իրավունքի խախտումը հաստատող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո կամ ոչ արդարացնող հիմքով քրեական գործի հարուցումը մերժելու կամ քրեական հետապնդում չիրականացնելու կամ քրեական գործով վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին քննիչի կամ դատախազի կայացրած` չվերացված կամ չբողոքարկված որոշման մասին այդ անձին հայտնի դառնալու պահից` մեկ տարվա ընթացքում:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հատուցում ստանալու պահանջ ներկայացնելու համար սահմանված մեկամյա ժամկետի հաշվարկը սկսվում է որոշակի հանգամանքների մասին հատուցում պահանջող անձին հայտնի դառնալուց հետո, նման պահանջ ձևակերպելու և դատարան ներկայացնելու համար նախատեսված ժամկետը ողջամիտ է:
i
Բացի դրանից, ըստ Օրենսգրքի` «Հայցային վաղեմության ժամկետը վերականգնելը» վերտառությամբ 342-րդ հոդվածի` «Բացառիկ դեպքերում, երբ դատարանը հայցվորի անձի հետ կապված հանգամանքների (ծանր հիվանդության, անօգնական վիճակի, անգրագիտության և այլն) հաշվառմամբ հարգելի է ճանաչում հայցային վաղեմության ժամկետի բացթողումը, քաղաքացու խախտված իրավունքը ենթակա է պաշտպանության: Հայցային վաղեմության ժամկետի բացթողման պատճառները կարող են ճանաչվել հարգելի, եթե դրանք տեղի են ունեցել հայցային վաղեմության ժամկետի վերջին վեց ամսում....»:
Այսպիսով, նաև մեկամյա ժամկետը բաց թողնելու` օրենքով սահմանված առանձին դեպքերում, որոնց ցանկը սպառիչ չէ, թույլատրվում է դրա վերականգնումը:
Այսպիսով` Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ վիճարկվող դրույթով դատարանին ոչ նյութական վնասի հատուցման պահանջ ներկայացնելու համար մեկամյա հատուկ ժամկետ սահմանելը չի կարող մեկնաբանվել որպես Սահմանադրությամբ երաշխավորված` վնասի հատուցման, դատական պաշտպանության հիմնական իրավունքների, ինչպես նաև դրանցից ածանցվող` դատարանի մատչելիության իրավունքի արդյունավետ իրականացման համար Սահմանադրության 75-րդ հոդվածով սահմանված պահանջների խախտում:
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետը, 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը, 170-րդ հոդվածի 1-ին, 4-րդ մասերը, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 69-րդ հոդվածները` Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
i
1. Քաղաքացիական օրենսգրքի 1087.2-րդ հոդվածի 9-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանը:
i
2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
ՆԱԽԱԳԱՀՈՂ Հ. ԹՈՎՄԱՍՅԱՆ
16 հունիսի 2020 թվականի
ՍԴՈ-1545
Հրապարակվել է պաշտոնական կայքէջում՝ 17 հունիսի 2020 թվական: