(ուժը կորցրել է 08.09.2021 թիվ 1440-Ն որոշում)
i
040.0941.140705
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«14» հուլիսի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
23 հունիսի 2005 թվականի N 941-Ն
ԱՆՎԱՆ ՓՈԽՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Քաղաքացիական կացության ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 58-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել անվան փոխման կարգն ու պայմանները` համաձայն հավելվածի:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 12-ԻՆ
Հավելված
i
ՀՀ կառավարության
2005 թվականի հունիսի 23-ի
N 941-Ն որոշման
ԱՆՎԱՆ ՓՈԽՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
1. 16 տարին լրացած անձն իրավունք ունի սահմանված կարգով փոխելու իր անունը, որը ներառում է անունը, հայրանունը և ազգանունը:
i
2. Անվան փոխման համար անունը փոխել ցանկացող չափահաս անձն անձամբ դիմում է ՔԿԱԳ մարմին:
(2-րդ կետը փոփ. 28.11.2019 թիվ 1699-Ն որոշում)
3. 16-18 տարեկան անձը դիմում է ՔԿԱԳ մարմին անձը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում և ծնողների գրավոր համաձայնությամբ:
4. Մինչև 16 տարեկան երեխաների անվան փոխման մասին դիմումը տրվում է նրա ծնողի (ծնողների) կամ օրինական ներկայացուցիչների կողմից: 10 տարին լրացած երեխայի անվան փոխման դեպքում անհրաժեշտ է նրա համաձայնությունը:
Մինչև 16 տարեկան երեխաների անվան փոխումը կատարվում է նրանց ծննդյան ակտային գրանցման մեջ համապատասխան փոփոխություն մտցնելու միջոցով, ծննդյան ակտի գրառման մեջ գրանցվում է փոփոխման ժամանակը, այն հաստատվում է ՔԿԱԳ-ի մարմնի կնիքով և ՔԿԱԳ-ի մարմնի ղեկավարի ստորագրությամբ:
5. (5-րդ կետն ուժը կորցրել է 28.11.2019 թիվ 1699-Ն որոշում)
i
6. Անվան փոխման մասին դիմումի հետ միաժամանակ պետք է ներկայացվեն`
i
ա) դիմողի անձը հաստատող փաստաթուղթը.
բ) ՔԿԱԳ-ի այն վկայականները, որոնք փոխվելու են անվան փոխման հետևանքով.
գ) (գ ենթակետն ուժը կորցրել է 21.04.11 թիվ 448-Ն որոշում)
դ) տեղեկանք բնակության մասին, եթե անձնագրում բացակայում է հաշվառման
մասին նշումը.
ե) 16 տարին չլրացած անձի ծնողների կամ օրինական ներկայացուցիչների համաձայնությունն անվան փոխման մասին:
է) (է ենթակետն ուժը կորցրել է 21.04.11 թիվ 448-Ն որոշում)
ը) (ը ենթակետն ուժը կորցրել է 21.04.11 թիվ 448-Ն որոշում)
Զինծառայողները ներկայացնում են նաև զորամասից (զինվորական կառավարման մարմնից) ծառայության մասին տեղեկանք:
Անհրաժեշտության դեպքում ՔԿԱԳ-ի մարմինն իրավասու է պահանջելու լրացուցիչ փաստաթղթեր:
ՔԿԱԳ-ի մարմնի ղեկավարը պարտավոր է դիմողին բացատրել այն հետևանքների մասին, որոնք կարող են առաջանալ անվան փոխման դեպքում:
(6-րդ կետը փոփ. 21.04.11 թիվ 448-Ն որոշում)
i
7. Անվան փոխման մասին դիմումը ՔԿԱԳ մարմնի կողմից քննության է առնվում դիմումը տալու օրվանից մեկամսյա ժամկետում:
(7-րդ կետը փոփ. 28.11.2019 թիվ 1699-Ն որոշում)
8. Մինչև 16 տարեկան երեխաների անվան, հայրանվան և ազգանվան փոփոխման գրանցում կատարել թույլատրվում է հետևյալ հարգելի պատճառների առկայության դեպքում`
ա) անվան, ազգանվան անբարեհնչունության.
բ) անվան, ազգանվան արտասանության դժվարության.
i
գ) ծնողների համաձայնությամբ մյուս ծնողի ազգանուն կրելու.
դ) եթե ծնունդ գրանցելիս երեխային ազգանուն կամ անուն է տրվել առանց ծնողների ցանկությունը հաշվի առնելու.
ե) եթե երեխան փաստացի կրում է իր ծննդյան գրանցման մեջ նշված անունից տարբերվող անուն` ելնելով երեխայի շահերից.
զ) եթե ծննդի գրանցման մեջ նշված է երեխայի թերի անունը (փաղաքշական, կրճատ, փոքրացնող):
(8-րդ կետը փոփ. 15.10.09 թիվ 1171-Ն որոշում)
9. 16 տարեկանից բարձր անձանց անվան, հայրանվան և ազգանվան փոխման գրանցում կատարել թույլատրվում է հետևյալ հարգելի պատճառների առկայության դեպքում`
ա) անվան, հայրանվան, ազգանվան անբարեհնչունության.
բ) անվան, հայրանվան, ազգանվան արտասանության դժվարության.
i
գ) ամուսնու ցանկության` մյուս ամուսնու հետ միասին մեկ ընդհանուր ազգանուն կրելու.
դ) մինչամուսնական ազգանունը կրելու ցանկության.
ե) երեխաների հետ միասին ընդհանուր ազգանուն կրելու ցանկության, եթե ամուսինը մահացել է, իսկ դիմողը եղել է մինչամուսնական ազգանունով.
զ) դիմողի` փաստորեն դաստիարակող անձի անունով հայրանուն և ազգանուն կրելու ցանկության.
է) դիմողի ազգությանը համապատասխան ազգանուն և անուն կրելու ցանկության.
ը) դիմողի տոհմական ազգանունը կրելու ցանկության.
թ) եթե անձը փաստացի կրում է իր ծննդյան գրանցման մեջ նշված անունից տարբերվող անուն:
Մյուս դեպքերում անվան փոխում թույլատրվում է միայն բացառության կարգով` յուրաքանչյուր դեպքում հաշվի առնելով քաղաքացու խնդրանքը հիմնավորող փաստաթղթերը:
(9-րդ կետը փոփ. 15.10.09 թիվ 1171-Ն որոշում)
i
10. Ընդունելով անվան փոխման մասին դիմումը` ՔԿԱԳ մարմինը քաղաքացիական կացության ակտերի պահպանման վայրերի ՔԿԱԳ մարմիններից ստանում է այն գրառումները, որոնցում անվանափոխման կապակցությամբ անհրաժեշտ է կատարել փոփոխություններ, եթե դրանք առկա չեն քաղաքացիական կացության ակտերի գրանցման միասնական կառավարման էլեկտրոնային համակարգում: Անվան փոխման մասին դիմումի հետ կապված փաստաթղթաշրջանառությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանով սահմանված կարգով:
(10-րդ կետը փոփ. 28.11.2019 թիվ 1699-Ն որոշում)
11. Եթե կորել են քաղաքացիական կացության ակտերի այն գրառումները, որոնցում անհրաժեշտ է փոփոխություններ կատարել, ապա անվան փոխման գրանցում իրականացվում է միայն սահմանված կարգով քաղաքացիական կացության ակտերի գրառումները վերականգնելուց հետո:
12. Եթե անվան փոխման մասին դիմումի հետ միասին ներկայացված փաստաթղթերում և ստացված քաղաքացիական կացության ակտերի գրառումների պատճեններում առկա են տեղեկությունների անհամապատասխանություններ, ապա նման անհամապատասխանությունները պետք է վերացվեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
13. Անուն փոխել ցանկացող` 16 տարեկանից բարձր տարիք ունեցող անձի դիմումը մյուս փաստաթղթերի հետ միասին ուղարկվում է նրա մշտական բնակության վայրի ոստիկանություն` եզրակացություն ստանալու նպատակով: Եզրակացության մեջ պետք է նշվեն անունը փոխել ցանկացող անձի նկատմամբ քրեական գործ հարուցված լինելու, քրեական պատիժ կրելու, նրա դատվածության և հետախուզման մեջ գտնվելու մասին:
14. Դիմումի մեջ նշված և իրենց հավաստի լինելու մեջ կասկած հարուցող փաստաթղթերում եղած փաստերն ու տեղեկություններն ուսումնասիրվում են ՔԿԱԳ-ի մարմնի կողմից` համապատասխան կազմակերպություններին հարցումներ ուղարկելու միջոցով:
15. Ներկայացված փաստաթղթերի և ստուգման արդյունքների հիման վրա ՔԿԱԳ-ի մարմինն անվան փոխման մասին իր եզրակացության հետ միասին կազմում է գործ և ներկայացնում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ՔԿԱԳ-ի գործակալություն:
16. Անվան փոխման գրանցման վերաբերյալ ՔԿԱԳ-ի մարմնի եզրակացությունը կազմվում է 2 օրինակից: Առաջին օրինակը մնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում, երկրորդ օրինակը` գործի հետ միասին ուղարկվում է եզրակացությունը կազմող ՔԿԱԳ-ի մարմին:
17. Անվան փոխման գրանցման վերաբերյալ ՔԿԱԳ-ի մարմնի եզրակացությունը հաստատվում կամ մերժվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ՔԿԱԳ-ի գործակալության պետի կողմից, որի մասին նշվում է եզրակացության վերին աջ անկյունում «Հաստատում եմ» կամ «Մերժում եմ» մակագրությամբ:
18. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ՔԿԱԳ-ի գործակալության պետը ՔԿԱԳ-ի մարմնի կողմից ներկայացված գործի նյութերը ոչ լրիվ լինելու դեպքում կարող է դրանք վերադարձնել լրացուցիչ ուսումնասիրության` գրավոր նշելով գործում առկա թերությունները, փաստաթղթերում տեղ գտած տեղեկությունների անհամապատասխանությունները և այլն:
i
19. Անվան փոխման գրանցումը ՔԿԱԳ-ի մարմինների կողմից մերժվում է, եթե ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում «Քաղաքացիական կացության ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, սույն կարգի և այլ իրավական ակտերի պահանջներին, անունը փոխել ցանկացող անձի նկատմամբ հարուցված է քրեական գործ, կրում է քրեական պատիժ, ունի դատվածություն:
(19-րդ կետը փոփ. 15.10.09 թիվ 1171-Ն որոշում)
20. ՔԿԱԳ-ի մարմինը 10-օրյա ժամկետում անվան փոխման համար դիմած անձին գրավոր տեղեկացնում է նրա խնդրանքը բավարարելու կամ մերժելու մասին:
21. Այն դեպքում, երբ փոփոխություններ պետք է կատարվեն մեկ այլ ՔԿԱԳ-ի մարմնում գտնվող ակտային գրանցումներում, ապա անվան փոխման եզրակացությունը կազմող ՔԿԱԳ-ի մարմնի ղեկավարը կնիքով հաստատված եզրակացության պատճենը հաղորդման հետ միասին ուղարկում է համապատասխան ՔԿԱԳ-ի մարմին:
22. Քաղաքացիական կացության ակտերի գրանցումների գտնվելու վայրի ՔԿԱԳ-ի մարմինը դրանցում անհրաժեշտ փոփոխություններ է կատարում և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ՔԿԱԳ-ի գործակալության հանրապետական արխիվ հաղորդում ուղարկում գրանցումների երկրորդ օրինակներում փոփոխություններ կատարելու մասին:
Քաղաքացիական կացության ակտերի գրանցումներում փոփոխություններ կատարելուց հետո նշվում է փոփոխություն կատարելու ժամանակը և հիմքը, որը հաստատվում է ՔԿԱԳ-ի մարմնի կնիքով և պետի ստորագրությամբ:
23. Անվան փոխման խնդրանքը բավարարելու դեպքում քաղաքացին պարտավոր է մեկ ամսվա ընթացքում ներկայանալ ՔԿԱԳ-ի մարմին` անվան փոխման գրանցումը կատարելու համար: Նշված ժամկետը բաց թողնելու դեպքում քաղաքացու կրկնակի միջնորդությունը ՔԿԱԳ-ի մարմնի կողմից ընդունվում և քննարկվում է ընդհանուր կարգով:
Անվան փոխման մասին պետական գրանցում կատարելուց հետո քաղաքացու անձնագրի առաջին էջում դրվում է դրոշմակ` «Անձնագիրը ենթակա է փոխման»` նշելով փոխման դիմում տալու վերջնաժամկետը` 15 օր:
24. Անվան փոխման գրանցումը մերժելու մասին ՔԿԱԳ-ի մարմնի կողմից քաղաքացուն տրվում է գրավոր պարզաբանում մերժման պատճառների մասին: Քաղաքացուն բացատրվում է մերժումը բողոքարկելու կարգը և նրա կողմից ներկայացված փաստաթղթերի բնօրինակները վերադարձվում են իրեն, իսկ լուսապատճենները և դիմումը պահվում են ՔԿԱԳ-ի մարմնում:
Անվան փոխման գրանցման մերժումը կարող է բողոքարկվել դատական կարգով:
Դիմողի խնդրանքն անունը փոխելու մասին նույն հիմքով երկրորդ անգամ քննարկվում է միայն անվան փոխումը մերժելու որոշման դեմ դատական կարգով բերված բողոքի բավարարումից հետո:
Նախազորակոչային և զորակոչային տարիքի քաղաքացիների, ինչպես նաև զինծառայողների անունը փոխելու դեպքում ՔԿԱԳ-ի մարմինը մեկշաբաթյա ժամկետում դրա մասին տեղյակ է պահում նրանց գրանցման (գրանցում չունեցողներինը` փաստացի բնակության) վայրի զինվորական կոմիսարիատ:
25. Անվան փոխման ակտի գրառման հիման վրա անունը փոխած անձի վերաբերյալ նախկինում կատարված քաղաքացիական կացության ակտերի գրառումների մեջ սահմանված կարգով կատարվում են փոփոխություններ, և դրանց հիման վրա տրվում են քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման նոր վկայականներ: Փոփոխություններ են կատարվում հետևյալ գրանցումներում`
ա) ամուսնության մեջ չգտնվող անձի կողմից ազգանունը փոխելիս` դիմողի ծննդի գրանցման մեջ.
բ) այն դեպքերում, երբ անձը նախկինում ամուսնացած է եղել, որը, ազգանվան փոփոխությունը գրանցելու պահին, լուծված է եղել, փոփոխություններ կատարվում են`
եթե ամուսնալուծությունից հետո ամուսինը մնացել է մինչամուսնական ազգանունով` ծննդի գրանցման մեջ և ամուսնալուծության գրանցման մեջ,
եթե ամուսինն ամուսնալուծությունից հետո մնացել է մյուս ամուսնու ազգանունով կամ նախկին ամուսնության ամուսնու ազգանունով` ամուսնալուծության գրանցման մեջ.
գ) երբ ամուսնալուծության կապակցությամբ ազգանունը փոխվել է մինչամուսնական ազգանվամբ` ամուսնալուծության գրանցման մեջ.
դ) ամուսնության մեջ գտնվող անձի կողմից ազգանունը, այդ թվում` մինչամուսնական ազգանունը` ամուսնության գրանցման մեջ.
ե) ամուսնության մեջ գտնվող անձի կողմից ազգանունը փոխելիս, եթե այդ անձն ամուսնությունը գրանցելուց հետո մնացել է մինչամուսնական ազգանունով` ծննդի գրանցման մեջ և ամուսնության գրանցման մեջ.
զ) ամուսնության մեջ գտնվող անձի կողմից ազգանունը փոխելիս, եթե այդ անձն ամուսնությունը գրանցելուց հետո մնացել է նախորդ ամուսնության ամուսնու ազգանունով` ամուսնության գրանցման մեջ.
է) ամուսնության մեջ գտնվող անձի կողմից մինչամուսնական ազգանունն ամուսնու ազգանունով փոխելիս` ամուսնության գրանցման մեջ.
ը) անունը կամ հայրանունը փոխելիս` ծննդի գրանցման մեջ, իսկ ամուսնության մեջ գտնվող անձանց նկատմամբ նաև ամուսնության գրանցման մեջ:
Սույն կետի «բ»-»ը» ենթակետերում թվարկված դեպքերում, եթե դիմողը գտնվում է ոչ առաջին ամուսնության մեջ, ապա ամուսնության նախորդ գրանցումներում, ինչպես նաև ամուսնալուծության գրանցումներում փոփոխություններ չեն կատարվում:
Ծնողների կողմից անվան փոխման դեպքում անչափահաս երեխայի ծննդի ակտի գրառման մեջ փոխվում են ծնողների մասին տեղեկությունները:
Չափահաս երեխայի ծննդի ակտի գրառման մեջ նրա ծնողների մասին տեղեկությունները փոխվում են տվյալ անձի դիմումի հիման վրա` քաղաքացիական կացության ակտերի գրառումներում ուղղումներ կամ փոփոխություններ կատարելու համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Ծնողների կողմից ազգանվան և հոր կողմից անվան փոխման դեպքում 16 տարին չլրացած երեխայի ծննդի ակտի գրառման մեջ ծնողների համաձայնությամբ փոխվում են երեխայի ազգանունը և հայրանունը:
26. Անվան փոխման գրանցում կատարվում է դրանցում եղած տեղեկությունները ջնջելու` վրան հորիզոնական գիծ քաշելու և գրանցումների համապատասխան սյունակներում նոր տեղեկություններ լրացնելու միջոցով: Գիծը քաշվում է այնպես, որպեսզի նախկին տեղեկությունները հնարավոր լինի կարդալ:
27. Ծնողների ազգանունների և հոր անվան փոխման կապակցությամբ չափահաս երեխաների ազգանվան և հայրանվան փոխումն իրականացվում է անվան փոխման պետական գրանցման համար սահմանված կարգով:
28. Անչափահաս երեխայի ծննդի ակտի գրառման մեջ կատարված փոփոխությունների հիման վրա տրվում է ծննդյան նոր վկայական:
29. Անվան փոխման գրանցման համար գանձվում է պետական տուրք` օրենքով սահմանված կարգով և չափով:
(հավելվածը փոփ. 28.11.2019 թիվ 1699-Ն որոշում)
---------------------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - 28.11.2019 թիվ 1699-Ն որոշման 1-ին կետի 5-րդ ենթակետի
համաձայն հավելվածի ամբողջ տեքստում «ՔԿԱԳ տարածքային մարմին»
բառերը և դրանց հոլովաձևերը պետք է փոխարինվեր
«ՔԿԱԳ մարմին» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով:
Սակայն հավելվածում «ՔԿԱԳ տարածքային մարմին» բառերի փոխարեն
առկա էին «ՔԿԱԳ-ի տարածքային մարմին» բառերը, որոնք և
ԻՐՏԵԿ-ը փոխարինել է «ՔԿԱԳ-ի մարմին» բառերով:
---------------------------------------------------------------------