040.0639.070603
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«7» հունիսի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
22 մայիսի 2003 թվականի N 639-Ն
ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 19-րդ հոդվածին և 121-րդ հոդվածի հինգերորդ մասի 18-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել ջրային ռեսուրսների մոնիտորինգի իրականացման և հաշվետվությունների գրանցման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 5-ԻՆ
Հավելված
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2003 թվականի
մայիսի 22-ի N 639-Ն որոշման
ԿԱՐԳ
ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ
1. Սույն կարգով կանոնակարգվում են ջրային ռեսուրսների մոնիտորինգի իրականացման, օպերատիվ տվյալների հավաքագրման, մշակման և ամփոփման, հաշվետվությունների գրանցման, ինչպես նաև պետական լիազորված մարմինների կողմից նշված գործառույթների իրականացման հետ կապված իրավահարաբերությունները:
2. Ջրային ռեսուրսների մոնիտորինգը ներառում է`
ա) մոնիտորինգի իրականացման առաջադրանք,
բ) կանխատեսումներ,
գ) իրականացում,
դ) օպերատիվ տվյալների մշակում և ամփոփում,
ե) հաշվետվությունների կազմում և հրատարակում,
զ) ջրերի պետական կադաստրում համապարփակ տվյալների գրանցում:
3. Ջրային ռեսուրսների մոնիտորինգի իրականացման առաջադրանքը ձևավորում է Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությունը` ելնելով ջրի ազգային քաղաքականության հիմնադրույթների և ջրի ազգային ծրագրի իրականացման պահանջներից:
Մոնիտորինգի իրականացման առաջադրանքը բովանդակում է`
ա) քանակական ցուցանիշներ`
ջրային ռեսուրսների հիդրոլոգիական, հիդրոերկրաբանական դիտարկումները և պաշարների գնահատումը,
հիդրոլոգիական դիտակետերի, հիդրոերկրաբանական դիտահորերի ցանկը և տեղաբաշխման սխեման,
դիտակետերում և հիդրոերկրաբանական դիտահորերում ջրային ռեսուրսների չափման մեթոդները և չափման հաճախականությունը,
քանակական մոնիտորինգի մասին հաշվետվությանը ներկայացվող պահանջները.
բ) որակական ցուցանիշներ`
ջրային ռեսուրսների հիդրոֆիզիկական, հիդրոքիմիական դիտարկումները, ջրային էկոհամակարգերի վրա վնասակար ազդեցությունների գնահատումը,
նմուշառման կետերի ցանկը (տեղաբաշխման սխեման),
ըստ դիտակետերի և հիդրոերկրաբանական դիտահորերի պարտադիր ու յուրահատուկ ուսումնասիրման ենթակա վնասակար նյութերի ցանկը, աղտոտվածության աստիճանը, ինչպես նաև այդ ուսումնասիրությունների հաճախականությունը և իրականացման մեթոդները,
որակական մոնիտորինգի մասին հաշվետվությանը ներկայացվող պահանջները.
գ) կանխատեսումներ`
ջրային ռեսուրսների վիճակի կայունության,
ջրային համակարգերի անվտանգության,
մթնոլորտի ջերմաստիճանային ռեժիմի,
ջրային բնագավառում աղետալի իրավիճակների առաջացման հնարավորության և ռիսկի տարածքների:
Մոնիտորինգի իրականացման առաջադրանքը ներառում է նաև այլ պահանջներ` պայմանավորված ջրային ռեսուրսների վերականգնման, կառավարման, ջրաէկոհամակարգերի պահպանման խնդիրներով, ինչպես նաև ստորերկրյա ջրերի տարածաշրջանային (տարածաշրջանային ցանցի միջոցով) և լոկալ (հանքավայրերի շահագործման պաշարների մոնիտորինգի կապտաժային դիտակետերի միջոցով) մոնիտորինգի առանձնահատկություններով:
Հայաստանի Հանրապետության մակերևութային և ստորերկրյա ջրերի մոնիթորինգի դիտակետերի ցանկը հաստատում է ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության պետական լիազորված մարմինը:
(3-րդ կետը փոփ. 18.07.2019 թիվ 898-Ն, 10.10.2019 թիվ 1442-Ն որոշումներ)
4. Մակերևութային ջրային ռեսուրսների մոնիտորինգն իրականացնում է Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության առանձնացված համապատասխան ստորաբաժանումը` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:
Մակերևութային ջրային ռեսուրսների մոնիտորինգի իրականացման գործառույթներն են`
ա) Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 19-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջի կատարումը,
բ) սույն կարգի 3-րդ կետով սահմանված մակերևութային ջրերի մասով` ջրային ռեսուրսների մոնիտորինգի իրականացման առաջադրանքի կատարումը,
գ) մակերևութային ջրերի քանակական և որակական մոնիտորինգի կարճաժամկետ ու երկարաժամկետ կանխատեսումների համար տվյալների հավաքագրումն ու կանխատեսումների կազմումը,
դ) վարարումներից, սելավներից և սողանքներից պաշտպանվելու համար կանխատեսումների կազմումը,
ե) հիդրոլոգիական դիտակետերում չափումների իրականացումը, օպերատիվ տվյալների հավաքագրումը, մշակումը և ամփոփումը,
զ) ամփոփ տվյալների հիման վրա հաշվետվությունների կազմումը և դրանք ջրային պետական կադաստր ներկայացնելը:
(4-րդ կետը փոփ. 10.10.2019 թիվ 1442-Ն որոշում)
5. Ստորերկրյա ջրային ռեսուրսների մոնիտորինգն իրականացնում է Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության առանձնացված համապատասխան ստորաբաժանումը` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:
Ստորերկրյա ջրային ռեսուրսների մոնիտորինգի իրականացման գործառույթներն են`
ա) Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 19-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջի կատարումը,
բ) սույն կարգի 3-րդ կետով սահմանված ստորերկրյա ջրային ռեսուրսների մասով` մոնիտորինգի իրականացման առաջադրանքի կատարումը,
գ) ստորերկրյա ջրերի բնական ու խախտված ռեժիմների և դրանց ձևավորման օրինաչափությունների ուսումնասիրությունները,
դ) ստորերկրյա ջրերի ռեժիմի կարճաժամկետ ու երկարաժամկետ կանխատեսումների համար տվյալների հավաքագրումը և կանխատեսումների կազմումը,
ե) ստորերկրյա ջրերի աղտոտման և սպառման աստիճանի գնահատման մասին հենակետային տվյալների ստացումը,
զ) ստորերկրյա ջրերի որակի փոփոխման կանխատեսումների կազմումը,
է) հիդրոերկրաբանական դիտահորերում հիդրոերկրաբանական, հիդրոքիմիական և հիդրոֆիզիկական չափումների իրականացման, ստորերկրյա ջրերի պաշարների գնահատման մասին օպերատիվ տվյալների հավաքագրումը, մշակումն ու ամփոփումը,
ը) ամփոփ տվյալների հիման վրա հիդրոերկրաբանական հաշվետվությունների ու քարտեզների կազմումը և դրանք ջրային պետական կադաստր ներկայացնելը:
(5-րդ կետը փոփ. 10.10.2019 թիվ 1442-Ն որոշում)
6. Ջրային ռեսուրսների մոնիտորինգի իրականացման մասին հաշվետվությունները գրանցվում են ջրային պետական կադաստրում` փաստաթղթերի գրանցման և տեղեկատվության տրամադրման կարգի պահանջներին համապատասխան:
7. Ջրային պետական կադաստրում գրանցված մոնիտորինգային տվյալները հայտատուներին տրամադրվում են ջրային պետական կադաստրում փաստաթղթերի գրանցման, տեղեկատվության տրամադրման կարգի համաձայն:
8. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող ջրային ռեսուրսների մոնիտորինգի շրջանակներից դուրս մնացած ջրային ռեսուրսներից ջրօգտագործման հայտի դեպքում տվյալ ջրային ռեսուրսի կամ դրա հատվածի դիտարկումներն իրականացվում են սույն կարգի 3-րդ կետի պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության կամ համապատասխան լիցենզիա ունեցող կազմակերպության կողմից` հայտատուի դիմումի համաձայն` նրա միջոցների հաշվին:
(8-րդ կետը փոփ. 10.10.2019 թիվ 1442-Ն որոշում)