i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վարչական վերաքննիչ Վարչական գործ
դատարանի որոշում թիվ ՎԴ/4502/05/15
Վարչական գործ թիվ ՎԴ/4502/05/15 2018 թ.
Նախագահող դատավոր` Ա. Սարգսյան
Դատավորներ` Ա. Աբովյան
Ա. Բաբայան
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող Ռ. Հակոբյան
զեկուցող Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Ե. Խունդկարյան
Գ. Հակոբյան
Ս. Միքայելյան
Տ. Պետրոսյան
Է. Սեդրակյան
Ն. Տավարացյան
2018 թվականի նոյեմբերի 30-ին,
դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Բուսաբանության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի (այսուհետ` Կազմակերպություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 07.06.2017 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Վարազդատ Մկրտչյանի ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ` Կադաստր) Երևանի տարածքային ստորաբաժանման, երրորդ անձ Կազմակերպության` վարչական ակտի առ ոչինչ լինելը մասնակիորեն ճանաչելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Վարազդատ Մկրտչյանը պահանջել է մասնակիորեն` Երևանի Ավան թիվ 63 հասցեի շենքերի և շինությունների մասով, ճանաչել Կազմակերպության անվամբ թիվ 1-1 մատյանի թիվ 000046 գրանցման թերթում կատարված սեփականության իրավունքի պետական գրանցման առ ոչինչ լինելը:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Մ. Մելքումյան) (այսուհետ` Դատարան) 14.07.2016 թվականի որոշմամբ վարչական գործի վարույթը կարճվել է:
ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 07.06.2017 թվականի որոշմամբ Վարազդատ Մկրտչյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 14.07.2016 թվականի «Վարչական գործի վարույթը կարճելու մասին» որոշումը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կազմակերպությունը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Վարազդատ Մկրտչյանի ներկայացուցիչ Ռուդոլֆ Հունանյանը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
i
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ սույն վարչական գործի վարույթը ենթակա էր կարճման, քանի որ առկա է նույն անձանց միջև նույն առարկայի մասին և միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռ, այն է` թիվ ՎԴ/2237/05/10 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի 11.10.2010 թվականի վճիռը: Նշված գործով և սույն գործով դատավարության մասնակիցները նույն անձինք են, այդ երկու գործերով վեճի առարկան նույնն է` Երևանի Ավան թիվ 63 հասցեի շենքերի և շինությունների մասով Կազմակերպության անվամբ թիվ 1-1 մատյանի թիվ 000046 գրանցման թերթում կատարված սեփականության իրավունքի պետական գրանցման առոչինչ լինելը ճանաչելը: Համընկնում է նաև թիվ ՎԴ/2237/05/10 վարչական գործով և սույն գործով վեճի փաստական հիմքը:
i
Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ հայցվորը սույն գործով ներկայացված հայցադիմումում որպես իրավական հիմք նշել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետը, իսկ թիվ ՎԴ/2237/05/10 վարչական գործով` նույն օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետը, ապա թե՛ նախկին, թե՛ ներկայիս ՀՀ վարչական դատավարության օրենսգրքերով նախատեսված է, որ կիրառման ենթակա օրենսդրությունը պարզում է վարչական դատարանը, որը կաշկանդված չէ բացառապես հայցվորի վկայակոչած նորմերով: Հետևաբար թիվ ՎԴ/2237/05/10 վարչական գործով և սույն գործով վեճի իրավական հիմքը նույնն է:
Բացի այդ, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ սույն գործի վարույթը չկարճվելու և գործը քննվելու դեպքում տեղի է ունենում արդեն իսկ մեկ անգամ լուծված գործի կրկնակի քննություն, որի հետևանքով խախտվում է իրավական որոշակիության սկզբունքը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 07.06.2017 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի «Վարչական գործի վարույթը կարճելու մասին» 14.07.2016 թվականի որոշմանը:
2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
Վերաքննիչ դատարանը բողոքարկվող որոշմամբ անդրադարձել է բողոքով բարձրացված բոլոր հարցադրումներին և դրանց տվել է ճիշտ իրավական գնահատականներ: Միաժամանակ սույն գործով հաստատվում է, որ վիճելի շենք-շինություններն ամբողջությամբ համարվում են պետական սեփականություն, որոնց նկատմամբ չէր կարող գրանցվել Կազմակերպության սեփականության իրավունքը: Վերաքննիչ դատարանը ճիշտ է կիրառել նյութական և դատավարական իրավունքի նորմերը և ղեկավարվելով ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումներով` հանգել է ճիշտ եզրակացության: Հետևաբար Վերաքննիչ դատարանի որոշումը պետք է թողնվի ուժի մեջ:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստը.
Ըստ հայցի Վարազդատ Մկրտչյանի ընդդեմ Կադաստրի Ավանի տարածքային ստորաբաժանման, երրորդ անձ Կազմակերպության` Երևանի Ավան թիվ 63 հասցեի շենքերի և շինությունների մասով Կազմակերպության անվամբ թիվ 1-1 մատյանի թիվ 000046 գրանցման թերթում կատարված սեփականության իրավունքի պետական գրանցման առ ոչինչ լինելը ճանաչելու պահանջի մասին թիվ ՎԴ/2237/05/10 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի կողմից 11.10.2010 թվականին կայացված` օրինական ուժի մեջ մտած վճռով Վարազդատ Մկրտչյանի հայցը մերժվել է: Ընդ որում, Կազմակերպության անվամբ թիվ 1-1 մատյանի թիվ 000046 գրանցման թերթում կատարված սեփականության իրավունքի պետական գրանցման առ ոչինչ լինելը մասնակիորեն ճանաչելու պահանջի հիմքում թիվ ՎԴ/2237/05/10 վարչական գործով հայցվորի կողմից դրված է եղել այն փաստարկը, որ Կազմակերպությանը սեփականության իրավունքով շենք կամ շինություն չի հատկացվել: Իսկ որպես հայցի իրավական հիմք վկայակոչված է եղել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետը (հատոր 1-ին, գ.թ. 97-102):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
i
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է վճռաբեկ բողոքը ներկայացնելու և վարույթ ընդունելու պահին գործող խմբագրությամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` նույն անձանց միջև նույն առարկայի մասին և միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած վճռի առկայության հիմքով վարչական ակտի առ ոչինչ լինելը ճանաչելու հայցապահանջով հարուցված գործի վարույթը կարճելու առանձնահատկությունների վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:
Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցին. արդյո՞ք միևնույն վարչական ակտի առոչինչ լինելը ճանաչելու վերաբերյալ հայցապահանջների հիման վրա հարուցված երկու գործերով վեճի իրավական հիմքերը նույնական են, եթե այդ գործերով հայցվորի կողմից վկայակոչվել են տվյալ վարչական ակտի առոչնչության` օրենքով սահմանված տարբեր հիմքեր:
i
2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
i
2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
i
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք (...):
i
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` վարչական դատարանը մերժում է հայցադիմումի ընդունումը, եթե նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և նույն հիմքերով առկա է դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռ:
i
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` դատարանը գործի քննության ցանկացած փուլում կարճում է գործի վարույթը, եթե նույն անձանց միջև նույն առարկայի մասին և միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ առկա է դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռ:
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ դատարան դիմելու կամ արդարադատության մատչելիության իրավունքը մարդու` սահմանադրաիրավական և միջազգային իրավական նորմերով երաշխավորված դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնարար իրավունքների կարևորագույն բաղադրիչն է:
i
ՀՀ սահմանադրական դատարանը, մի շարք որոշումներով (10.12.2013 թվականի թիվ ՍԴՈ-1127, 10.02.2015 թվականի թիվ ՍԴՈ-1190, 03.03.2015 թվականի թիվ ՍԴՈ-1192, 16.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1220, 26.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1222, 10.03.2016 թվականի թիվ ՍԴՈ-1257 և այլն) անդրադառնալով արդարադատության մատչելիության, արդար և արդյունավետ դատաքննության իրավունքների երաշխավորման սահմանադրական իրավաչափության խնդիրներին, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ, ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում, դատարանի (արդարադատության) մատչելիությունը կարող է ունենալ որոշակի սահմանափակումներ, որոնք չպետք է խաթարեն այդ իրավունքի բուն էությունը:
i
Թեև դատարանի մատչելիության իրավունքն ուղղակիորեն ամրագրված չէ Կոնվենցիայի 6-րդ հոդվածում, սակայն Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ` Եվրոպական դատարան) այն ճանաչել է որպես արդար դատաքննության իրավունքի անբաժանելի տարր: Այսպես, Եվրոպական դատարանի կողմից դատարանի մատչելիության իրավունքի վերաբերյալ ձևավորված կայուն նախադեպային իրավունքի համաձայն` Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը երաշխավորում է անձի իրավունքներին և պարտականություններին առնչվող հայցով դատարան դիմելու իրավունքը: Այդ դրույթը մարմնավորում է դատարան դիմելու, այն է` դատարանում հայց հարուցելու իրավունքը, որը հնարավորություն է տալիս օգտվելու Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետում նախատեսված մյուս երաշխիքներից: Դատական վարույթի արդար, հրապարակային և արագ բնութագրիչները, անշուշտ, արժեք չեն ունենա, եթե այդ գործընթացներին ընթացք չի տրվում: Դժվար է պատկերացնել իրավունքի գերակայություն արդարադատություն իրականացնելիս, եթե դատարան դիմելու իրավունքը չի ապահովվում (տե՛ս, Kreuz v. Poland (28249/95) գործով Եվրոպական դատարանի 19.06.2001 թվականի վճիռը, 52-րդ կետ):
Այնուամենայնիվ, Եվրոպական դատարանի տեսանկյունից` դատարանի իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ, և այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Սակայն դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը (տե՛ս, Tolstoy Miloslavsky v. The United Kingdom (18139/91) գործով Եվրոպական դատարանի 13.07.1995 թվականի վճիռը, 59-րդ կետ): Ըստ Եվրոպական դատարանի` դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն չի հետապնդում իրավաչափ նպատակ, և եթե առկա չէ ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև` համաչափության առումով (տե՛ս Khalfaoui v. France (34791/97) գործով Եվրոպական դատարանի 14.12.1999 թվականի վճիռը, 36-րդ կետ):
Մեկ այլ վճռով Եվրոպական դատարանը նշել է, որ դատարանի մատչելիությունն օրենսդրական կարգավորումների առարկա է, և դատարանները պարտավոր են կիրառել դատավարական համապատասխան կանոնները` խուսափելով ինչպես գործի արդարացի քննությանը խոչընդոտող ավելորդ ձևականություններից (ֆորմալիզմից), այնպես էլ չափազանց ճկուն մոտեցումից, որի դեպքում օրենքով սահմանված դատավարական պահանջները կկորցնեն իրենց նշանակությունը: Ըստ Եվրոպական դատարանի` դատարանի մատչելիության իրավունքը խաթարվում է այն դեպքում, երբ օրենսդրական նորմերը դադարում են ծառայել իրավական որոշակիության ու արդարադատության պատշաճ իրականացման նպատակներին և խոչընդոտում են անձին հասնել իրավասու դատարանի կողմից իր գործի ըստ էության քննությանը (տե՛ս, Dumitru Gheorghe v. Romania (33883/06) գործով Եվրոպական դատարանի 12.04.2016 թվականի վճիռը, 28-րդ կետ):
i
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ արդարադատության մատչելիության իրավունքը սերտորեն փոխկապակցված է հայց հարուցելու իրավունքի այն ընդհանուր բացասական նախադրյալի հետ, որը վերաբերում է նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և նույն հիմքերով դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի առկայությանը: Այսպես, օրենսդիրը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում սահմանել է, որ դատարանը պարտավոր է մերժել հայցադիմումի ընդունումը, եթե առկա է նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և նույն հիմքերով դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռ, իսկ նույն օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում սահմանել է, որ դատարանը պարտավոր է գործի քննության ցանկացած փուլում կարճել գործի վարույթը, եթե առկա է նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և նույն հիմքերով դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռ: Փաստորեն, նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և նույն հիմքերով դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի առկայությունը հանգեցնում է հայց հարուցելու իրավունքի բացակայության:
Ըստ Վճռաբեկ դատարանի` վերոգրյալ դատավարական կարգավորումները բխում են դատական ակտերի պարտադիրության res judicata հանրաճանաչ իրավական սկզբունքի էությունից, որը համարվում է իրավունքի գերակայության անկյունաքարային սկզբունքի` իրավական որոշակիության կարևորագույն բաղադրիչներից մեկը:
i
Այսպես, Եվրոպական դատարանն իր նախադեպային իրավունքում ձևավորել է այն կայուն իրավական դիրքորոշումը, որի համաձայն` Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված արդար դատաքննության իրավունքն անհրաժեշտ է մեկնաբանել Կոնվենցիայի նախաբանի լույսի ներքո, որը Պայմանավորվող պետությունների ընդհանուր ժառանգության մաս է հռչակում, ի թիվս այլնի, նաև իրավունքի գերակայությունը: Ըստ Եվրոպական դատարանի` իրավունքի գերակայության հիմնարար հայեցակետերից մեկն իրավական որոշակիության սկզբունքն է, որը, inter alia, պահանջում է, որ դատարանի կողմից որևէ հարցի կապակցությամբ կայացված վերջնական դատական ակտը չպետք է կասկածի տակ դրվի: Եվրոպական դատարանը միաժամանակ նշել է, որ իրավական որոշակիությունը ենթադրում է res judicata (դատական ակտերի վերջնական լինելու) սկզբունքի պահպանում: Այդ սկզբունքն ընդգծում է, որ կողմերից ոչ մեկը իրավունք չունի պահանջելու վերջնական և պարտադիր դատական ակտի վերանայում` միայն գործի կրկնակի քննության և գործով նոր որոշման կայացման նպատակով: Այսինքն` հարցի առնչությամբ երկու կարծիքի առկայության հնարավորությունը չպետք է հիմք հանդիսանա արդեն իսկ լուծված գործի կրկնակի քննության համար: Նահանջն այդ սկզբունքից արդարացված է միայն այն դեպքում, երբ դա անհրաժեշտ է էական և անհերքելի բնույթ ունեցող հանգամանքների ուժով (տե՛ս, Ամիրխանյանն ընդդեմ Հայաստանի (22343/08) գործով Եվրոպական դատարանի 03.12.2015 թվականի վճիռը, 33-րդ կետ):
i
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ Եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադարձել է իրավական որոշակիության սկզբունքին և այդ սկզբունքի շրջանակներում` օրինական ուժի մեջ մտած դատական ակտի պարտադիրության հատկանիշին: Մասնավորապես` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ արդար դատաքննության իրավունքը պահպանված է համարվում այն դեպքում, երբ անձը հնարավորություն ունի ստանալու որոշակի, հաստատուն որոշում` կապված իր իրավունքների և պարտականությունների հետ, ու կարող է համոզված լինել, որ որոշ ժամանակ անց այդ որոշումը չի վերացվի:
ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ իրավական որոշակիության սկզբունքի բովանդակության մեջ ներառվում են, ի թիվս այլնի, նաև հետևյալ դրույթները.
- դատարանների կողմից կայացված վերջնական, այսինքն` օրինական ուժի մեջ մտած որոշումները ենթակա չեն վերանայման,
- անթույլատրելի է դատարանի կողմից արդեն մեկ անգամ լուծված գործի կրկնակի քննություն,
- կողմերից ոչ մեկը չի կարող պահանջել վերջնական, այսինքն` օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի վերանայում միայն կրկնակի քննության իրականացման և նոր ակտի կայացման նպատակով,
- վերանայումը չի կարող լինել բողոքարկման քողարկված ձև, իսկ գործի նկատմամբ կողմերի հակադիր հայացքների առկայությունն ինքնին չի կարող հիմք ծառայել վերջնական դատական ակտի վերանայման համար (տե՛ս, Գայանե Վարդանյանն ընդդեմ Վարդան Վարդանյանի և մյուսների թիվ ԱՐԴ/0062/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը):
i
Վերոգրյալի համատեքստում ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ հավելել է, որ իրավական որոշակիության սկզբունքը, ըստ էության, երաշխավորում է օրինական ուժի մեջ մտած դատական ակտի կայունությունը, ինչը, ի թիվս այլ հատկանիշների (անհերքելիություն, բացառիկություն, նախադատելություն), ենթադրում է այդպիսի դատական ակտի պարտադիրությունը: Դատական ակտի պարտադիրության հատկանիշը նշանակում է, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, իրավաբանական անձինք և քաղաքացիներն իրենց գործունեության ընթացքում պարտավոր են հաշվի առնել օրինական ուժի մեջ մտած դատական ակտը և իրավունք չունեն տվյալ դատական ակտով կայացված հարցի վերաբերյալ կայացնելու նոր որոշում (տե՛ս, Լուսինե Խլղաթյանն ընդդեմ Վահան Խլղաթյանի և մյուսների թիվ ԼԴ/0916/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):
i
Եվրոպական դատարանի և ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից արտահայտված վերոգրյալ իրավական դիրքորոշումները վկայում են այն մասին, որ նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և նույն հիմքերով դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի առկայության պայմաններում անձը չի կարող ունենալ դատարանի մատչելիության իրավունք, քանի որ այդ պարագայում դատական գործի հարուցումն ըստ էության վերածվում է նախկինում քննված գործի քողարկված վերաբացման, ինչն անթույլատրելի է արդար դատաքննության իրավունքի տեսանկյունից: Այդ իսկ պատճառով ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը սահմանել է, որ անձը կարող է իրացնել դատարանի մատչելիության իր իրավունքը միայն այն դեպքում, երբ առկա չէ նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և նույն հիմքերով դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռ:
i
ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով գործի վարույթը կարճելու` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված հիմքի վերլուծությանը, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ նշված իրավադրույթի համաձայն գործի վարույթը կարող է կարճվել միայն այն դեպքում, երբ նույնն են օրինական ուժի մեջ մտած վճռով լուծված և տվյալ վարչական գործերի`
1. կողմերը, այսինքն` վարչական դատարանի վարույթում հակադիր շահերով օժտված անձինք,
2. հայցի առարկան, այսինքն` հայցվորի կողմից պատասխանողին ուղղված նյութաիրավական պահանջը,
3. հայցի հիմքը, այսինքն` այն հանգամանքները, որոնց վրա հիմնվում են հայցապահանջները:
Հետևաբար վերը նշված պայմաններից որևէ մեկի բացակայության դեպքում վարչական գործի վարույթը կարճվել չի կարող (տե՛ս, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Գորիսի տարածքային հարկային տեսչությունն ընդդեմ անհատ ձեռնարկատեր Արսեն Եսայանի թիվ ՎԴ1/0223/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դատարանը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիմքով կարճել է սույն գործի վարույթը` պատճառաբանելով, որ առկա է նույն անձանց միջև նույն առարկայի մասին և միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած վճիռ, այն է` ըստ հայցի Վարազդատ Մկրտչյանի ընդդեմ Կադաստրի Ավանի տարածքային ստորաբաժանման, երրորդ անձ Կազմակերպության` Երևանի Ավան թիվ 63 հասցեի շենքերի և շինությունների մասով Կազմակերպության անվամբ թիվ 1-1 մատյանի թիվ 000046 գրանցման թերթում կատարված սեփականության իրավունքի պետական գրանցման առ ոչինչ լինելը ճանաչելու պահանջի մասին թիվ ՎԴ/2237/05/10 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի 11.10.2010 թվականին կայացրած և 12.11.2010 թվականին օրինական ուժի մեջ մտած վճիռը:
Վերաքննիչ դատարանը, բավարարելով Վարազդատ Մկրտչյանի վերաքննիչ բողոքը, բեկանել է Դատարանի 14.07.2016 թվականի «Վարչական գործի վարույթը կարճելու մասին» որոշումը և գործն ուղարկել է նոր քննության: Վերաքննիչ դատարանը գտել է, որ տվյալ դեպքում գործի վարույթը կարճելու` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված հիմքն առկա չէր, քանի որ թիվ ՎԴ/2237/05/10 վարչական գործով և սույն գործով ներկայացված հայցի իրավական հիմքերը տարբերվում են միմյանից: Այսպես, եթե թիվ ՎԴ/2237/05/10 վարչական գործով Կազմակերպության անվամբ թիվ 1-1 մատյանի թիվ 000046 գրանցման թերթում կատարված սեփականության իրավունքի պետական գրանցման առ ոչինչ լինելը մասնակիորեն ճանաչելու պահանջի հիմքում Վարազդատ Մկրտչյանի կողմից դրված էր «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետը, ապա սույն գործով արդեն հայցապահանջի հիմքում դրված է վկայակոչված օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետը:
Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
Նախ` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործով և թիվ ՎԴ/2237/05/10 վարչական գործով դատավարության մասնակիցների կազմը նույնն է: Թե՛ սույն գործով, թե՛ թիվ ՎԴ/2237/05/10 վարչական գործով հայցվորը Վարազդատ Մկրտչյանն է, պատասխանողը միևնույն վարչական մարմինն է` Կադաստրը, իսկ Կազմակերպությունը երկու գործով էլ հանդես է գալիս երրորդ անձի կարգավիճակով:
Սույն վարչական գործի վարույթը կարճելու համար անհրաժեշտ` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված մյուս երկու պայմանների առկայության կամ բացակայության հարցը պարզելու համար Վճռաբեկ դատարանը հարկ է համարում վերահաստատել իր կողմից նախկինում արտահայտված այն իրավական դիրքորոշումները, որ հայցի տարրերը նրա բաղկացուցիչ մասերն են, որոնք որոշում են նրա բովանդակությունը, նրա իրավական բնույթը և հնարավորություն են տալիս անհատականացնելու հայցը, այն տարբերելու նույնական հայցերից, հետևաբար և լուծելու նույն կողմերի միջև, նույն տարրերով հարուցվող հայցերը կրկին անգամ վարույթ չընդունելու հարցը (տե՛ս, Անիկ Մնացականյանն ընդդեմ Ռուբիկ Ասատրյանի թիվ ԵԷԴ/0466/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.10.2011 թվականի որոշումը):
i
Փաստորեն, հայցն անհատականացվում է իր այս երկու տարրերի` հայցի հիմքի և առարկայի շնորհիվ: Ընդ որում, հայցի հիմքի և առարկայի էության ու հասկացության վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից արտահայտված իրավական դիրքորոշումները հավասարապես կիրառելի են թե՛ քաղաքացիական դատավարությունում և թե՛ վարչական դատավարությունում (տե՛ս, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Գորիսի տարածքային հարկային տեսչությունն ընդդեմ անհատ ձեռնարկատեր Արսեն Եսայանի թիվ ՎԴ1/0223/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում նշված` «(...) նույն առարկայի մասին (...)» արտահայտությունը վերաբերում է հայցի առարկային, այսինքն` պատասխանողին ուղղված նյութաիրավական պահանջին (տե՛ս, mutatis mutandis Լարիսա Բաբասյանն ընդդեմ Ալբերտ Հունանյանի թիվ ԵԷԴ/1373/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 11.05.2011 թվականի որոշումը): Իսկ հայցի առարկան այն նյութաիրավական պահանջն է, որը հայցվորը ներկայացնում է պատասխանողի դեմ, և որի վերաբերյալ դատարանը դատական ակտ է կայացնում:
Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը հանգում է այն եզրակացության, որ սույն գործի և թիվ ՎԴ/2237/05/10 վարչական գործի հիմքում ընկած վեճի առարկան նույնն է. երկու գործով էլ հայցվորի պահանջը մասնակիորեն` Երևանի Ավան թիվ 63 հասցեի շենքերի և շինությունների մասով, Կազմակերպության անվամբ թիվ 1-1 մատյանի թիվ 000046 գրանցման թերթում կատարված սեփականության իրավունքի պետական գրանցման առ ոչինչ լինելը ճանաչելն է:
Փաստորեն, վերոգրյալով հիմնավորվում է սույն վարչական գործի վարույթը կարճելու համար անհրաժեշտ` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված երեք պայմաններից երկուսի առկայությունը: Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում քննարկել նշված իրավադրույթով նախատեսված երրորդ պայմանի, այն է` սույն գործով և թիվ ՎԴ/2237/05/10 վարչական գործով վեճի հիմքերի նույնության հարցը:
i
Նախկինում կայացված որոշումներում ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ հայցի փաստական հիմքն այն հանգամանքներն են, որոնց հետ նյութական իրավունքի նորմը կապում է իրավահարաբերությունների առաջացումը, փոփոխումը կամ դադարումը: Հայցի փաստական հիմքն ըստ էության իրավաբանական փաստերն են, հանգամանքները, որոնք հիմք են հանդիսացել հայցվորի պահանջի համար: ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ հայցի փաստական հիմքից բացի հայցի տարրերի մեջ ներառվում է նաև հայցի իրավական հիմքը, որը վիճելի իրավահարաբերությունը կարգավորող իրավական նորմերի համակցությունն է (տե՛ս, ՀՀ առողջապահության նախարարությունն ընդդեմ «Ռեվերդի» ՍՊԸ-ի թիվ ՎԴ/3271/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2014 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թե՛ թիվ ՎԴ/2237/05/10 վարչական գործով, թե՛ սույն գործով Վարազդատ Մկրտչյանի ներկայացրած ճանաչման հայցերի փաստական հիմքը նույնական է և հանգում է հետևյալին. Կազմակերպությանն իրավասու մարմինների կողմից սեփականության իրավունքով շենք կամ շինություն երբևէ չի հատկացվել:
Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ թիվ ՎԴ/2237/05/10 վարչական գործով, որպես Կազմակերպության անվամբ թիվ 1-1 մատյանի թիվ 000046 գրանցման թերթում կատարված սեփականության իրավունքի պետական գրանցման առ ոչինչ լինելը մասնակիորեն ճանաչելու պահանջի իրավական հիմք, վկայակոչված է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետը, իսկ սույն գործով` նույն օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետը:
i
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` առ ոչինչ է այն վարչական ակտը, որում առկա են, մասնավորապես` հետևյալ ակնառու կոպիտ սխալները.
ա) ակտից հստակ չի երևում կամ միանշանակ պարզ չէ, թե որ վարչական մարմինն է դա ընդունել.
բ) ակտն ընդունել է ոչ իրավասու վարչական մարմինը.
գ) ակտից պարզ չէ, թե դա որոշակիորեն ում է հասցեագրված, կամ հայտնի չէ, թե ինչ հարց է կարգավորում.
դ) ակտով դրա հասցեատիրոջ վրա դրվում է ակնհայտ ոչ իրավաչափ պարտականություն, կամ նրան տրամադրվում է ակնհայտ ոչ իրավաչափ իրավունք:
i
Թիվ ՎԴ/2237/05/10 վարչական գործի քննության ժամանակ գործող` 28.11.2007 թվականին ընդունված ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի (ուժը կորցրել է 07.01.2014 թվականին) 68-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` ճանաչման հայցով հայցվորը կարող է պահանջել ճանաչելու վարչական ակտն առ ոչինչ լինելը:
i
Ներկայումս գործող ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` ճանաչման հայցով հայցվորը կարող է պահանջել ճանաչել վարչական ակտի առ ոչինչ լինելը:
i
Վերոգրյալ իրավական նորմերի համադրված վերլուծությունից հետևում է, որ թե՛ նախկինում, թե՛ ներկայումս գործող ՀՀ վարչական դատավարության օրենսգրքերով սահմանված է, որ ճանաչման հայցատեսակով անձը կարող է դատարանից պահանջել ճանաչել վարչական ակտի առ ոչինչ լինելը: Իսկ վարչական ակտի առոչնչության հիմքերը Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում սահմանված են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «ա», «բ», «գ», «դ» կետերում: Փաստորեն, նախկինում գործող ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ մասով և ներկայումս գործող համանուն օրենսգրքի 69-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ճանաչման հայցի շրջանակներում վարչական ակտի առ ոչինչ լինելը կարող է ճանաչվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «ա», «բ», «գ», «դ» կետերում նշված հիմքերից որևէ մեկի առկայության պայմաններում:
Վճռաբեկ դատարանի գնահատմամբ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի բովանդակությունից հետևում է, որ առ ոչինչ վարչական ակտերն ընդունվում են այնպիսի ակնհայտ կոպիտ խախտումներով, որ դրանք, որպես այդպիսին, իրավունքի տեսանկյունից գոյություն չունեն և իրենց ընդունման պահից սկսած չեն կարող առաջացնել իրավական հետևանքներ:
i
ՀՀ սահմանադրական դատարանը 04.02.2014 թվականի թիվ ՍԴՈ-1137 որոշմամբ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ վարչական ակտի առ ոչինչ լինելու հանգամանքը պայմանավորված է ակնառու կոպիտ սխալներով, որոնք ի հայտ են գալիս առանց տվյալ վարչական ակտի իրավաչափությունը հատուկ ընթացակարգով ստուգելու և գնահատելու անհրաժեշտության և բացառում են տվյալ ակտի առ ոչինչ լինելու վերաբերյալ հնարավոր վեճերը: Ըստ ՀՀ սահմանադրական դատարանի` առ ոչինչ վարչական ակտերն այդպիսին են հանդիսանում հենց օրենքի ուժով, ինչն իրավունքի սուբյեկտին չի պարտադրում բողոքարկել նման վարչական ակտերը և դրա արդյունքում ունենալ վարչական ակտի առ ոչինչ լինելու հանգամանքի հաստատման վերաբերյալ իրավասու մարմինների կողմից կայացված որոշում, իսկ առ ոչինչ վարչական ակտի կատարումը կամ կիրառումն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն:
i
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թիվ ՎԴ/2237/05/10 վարչական գործի քննության ժամանակ գործող` 28.11.2007 թվականին ընդունված ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի (ուժը կորցրել է 07.01.2014 թվականին) 72-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետը սահմանում էր, որ հայցադիմումը պետք է բովանդակի նաև հայցվորի պահանջի իրավական հիմքերը: Հետևաբար նախկին ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումների ուժով հայցվորը պարտավոր էր հայցադիմումում նշել այն իրավական նորմերը, որոնց վրա հիմնվում է հայցապահանջը: Չնայած ներկայումս գործող ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը հայցվորից չի պահանջում հայցադիմումում նշել այն իրավական նորմերը, որոնց վրա հիմնվում է հայցապահանջը, այնուամենայնիվ, հայցվորը կարող է հայցադիմումում վկայակոչել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի այն կոնկրետ կետը, որն իր կարծիքով հիմք է հանդիսանում վարչական ակտի առ ոչինչ լինելը ճանաչելու համար:
Միևնույն ժամանակ ասվածը չի նշանակում, որ վարչական դատարանը վարչական ակտի առոչնչության հարցը պարզելիս կաշկանդված է միայն հայցվորի մատնանշած կոնկրետ իրավական հիմքով: Ընդհակառակը` վարչական ակտի առ ոչինչ լինելը ճանաչելու հայցապահանջի հիման վրա հարուցված գործի շրջանակներում վարչական դատարանը պարտավոր է քննարկել այն հարցը, թե առկա է արդյոք այն ակնառու կոպիտ սխալներից որևէ մեկը, որոնք նախատեսված են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «ա», «բ», «գ», «դ» կետերում: Փաստորեն, վարչական ակտի առ ոչինչ լինելը ճանաչելու հայցապահանջի հիման վրա հարուցված գործի շրջանակներում վարչական դատարանը պարտավոր է քննարկման առարկա դարձնել վարչական ակտի առոչնչության` «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «ա», «բ», «գ», «դ» կետերում սահմանված բոլոր հիմքերի առկայության կամ բացակայության հարցը` անկախ հայցվորի կողմից այդ հիմքերից մեկը, մի քանիսը կամ բոլորը վկայակոչված լինելուց կամ չլինելուց:
Վերոգրյալ դատողության համար Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե («ex officio») պարզելու` վարչական դատավարության առանձնահատուկ սկզբունքը:
i
Այսպես, թիվ ՎԴ/2237/05/10 վարչական գործի քննության ժամանակ գործող` 28.11.2007 թվականին ընդունված ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի (ուժը կորցրել է 07.01.2014 թվականին) 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործի փաստերը վարչական դատարանը պարզում է ի պաշտոնե («ex officio»):
i
Ներկայումս գործող ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործի փաստական հանգամանքները դատարանը պարզում է ի պաշտոնե («ex officio»):
i
Գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե («ex officio») պարզելու` վարչական դատարանին ուղղված օրենսդրական պահանջը նպատակաուղղված է վարչական արդարադատության առջև դրված առանձնահատուկ խնդիրների լուծմանը և հանրային իրավահարաբերություններից ծագող վեճերից բխող գործերի քննության ու լուծման միջոցով ֆիզիկական ու իրավաբանական անձանց իրավունքների արդյունավետ պաշտպանության միջոցի կենսագործունեության ապահովմանը: Վարչադատական գործընթացում գործի փաստերն ի պաշտոնե պարզելու սկզբունքի իրավական ամրագրումը հետապնդում է դատավարությունում ֆիզիկական ու իրավաբանական անձանց նկատմամբ հանրային-իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտների ունեցած փաստացի առավելությունները վերացնելու նպատակ: Քննարկվող իրավական սկզբունքը հանրային իրավահարաբերություններից ծագող վեճերից բխող գործերի քննության ընթացքում վարչական դատարանին օժտում է ակտիվ դերակատարությամբ, ինչը հնարավորություն է տալիս արդյունավետորեն ապահովելու իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտների ընդունած իրավական ակտերի, գործողությունների ու անգործությունների դեմ ֆիզիկական և իրավաբանական անձանց հանրային սուբյեկտիվ իրավունքների դատական պաշտպանության իրացումը (տե՛ս, Ալեքսանդր Կարալովն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/4315/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ առ ոչինչ վարչական ակտերն այդպիսին են հանդիսանում հենց օրենքի ուժով, իսկ վարչական դատարանն ընդամենը ճանաչում է այդ վարչական ակտերի առ ոչինչ լինելը: Հետևաբար վարչական ակտի առ ոչինչ լինելը ճանաչելու հայցապահանջի հիման վրա հարուցված գործի շրջանակներում վարչական դատարանը պարտավոր է ձեռնարկել համարժեք միջոցներ վարչական ակտի առոչնչության` օրենքով սահմանված բոլոր հիմքերի առկայությունը պարզելու ուղղությամբ և դրանցից որևէ մեկը հայտնաբերելու պայմաններում պարտավոր է վճիռ կայացնել այդ վարչական ակտի առ ոչինչ լինելը ճանաչելու մասին` անկախ հայցվորի կողմից վկայակոչված իրավական հիմքի առկայությունից կամ բացակայությունից:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե («ex officio») պարզելու սկզբունքից բխում է, որ վարչական ակտի առ ոչինչ լինելը ճանաչելու հայցապահանջի հիման վրա հարուցված գործի շրջանակներում վարչական դատարանը պարտավոր է պարզել վարչական ակտի առոչնչության` օրենքով սահմանված բոլոր հիմքերի առկայության կամ բացակայության հարցը` անկախ այն հանգամանքից, թե այդ հիմքերից կոնկրետ որն է հայցվորը վկայակոչել որպես իր պահանջի իրավական հիմք: Հակառակ պարագայում կարող է առաջանալ այնպիսի իրավիճակ, երբ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «ա», «բ», «գ», «դ» կետերում նախատեսված ակնառու կոպիտ սխալներից որևէ մեկով ընդունված, այսինքն` օրենքի ուժով առ ոչինչ համարվող վարչական ակտի առ ոչինչ լինելը դատարանի կողմից կարող է չճանաչվել` հայցվորի կողմից ոչ ճիշտ իրավական հիմք ընտրված լինելու պատճառով: Մինչդեռ նման իրավիճակի առաջացումը գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե («ex officio») պարզելու սկզբունքի համատեքստում անթույլատրելի է:
Ավելին, Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում ուշադրություն դարձնել այն դատավարական կարգավորումների վրա, որոնց համաձայն` յուրաքանչյուր գործով կիրառման ենթակա իրավական նորմերն ի վերջո որոշում է դատարանը դատական ակտ կայացնելիս:
i
Այսպես, թիվ ՎԴ/2237/05/10 վարչական գործի քննության ժամանակ գործող` 28.11.2007 թվականին ընդունված ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի (ուժը կորցրել է 07.01.2014 թվականին) 113-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` վարչական դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս` որոշում է տվյալ գործով կիրառման ենթակա օրենքները և այլ իրավական ակտերը:
i
Ներկայումս գործող ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` վարչական դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս` որոշում է տվյալ գործով կիրառման ենթակա օրենքները և այլ իրավական ակտերը, ինչպես նաև այն իրավական ակտերը, որոնք պետք է կիրառվեին տվյալ գործով, սակայն օրենքին հակասելու պատճառով կիրառման ենթակա չեն:
Վկայակոչված իրավադրույթների բովանդակությունից հետևում է, որ վարչական ակտի առ ոչինչ լինելը ճանաչելու հայցապահանջի հիման վրա հարուցված գործի շրջանակներում վարչական դատարանի իրավասությանն է վերապահված վարչական ակտի առոչնչության` «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «ա», «բ», «գ», «դ» կետերում նախատեսված կոնկրետ հիմքի` տվյալ գործով կիրառելիության հարցի լուծումը: Այլ կերպ ասած, թե՛ նախկին, թե՛ ներկայումս գործող ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի համաձայն` վարչական դատարանն է որոշում, թե վարչական ակտի առոչնչության իրավական հիմքերը սահմանող «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «ա», «բ», «գ», «դ» կետերից որն է ենթակա կիրառման տվյալ գործով:
Վերոգրյալ իրավական վերլուծությունների արդյունքում Վճռաբեկ դատարանը հանգում է այն եզրակացության, որ թիվ ՎԴ/2237/05/10 վարչական գործով և սույն գործով վարչական դատարանի առջև բարձրացված վեճերի իրավական հիմքերը նույնական են. դրանք չեն կարող տարբերվել միմյանցից, քանի որ թե՛ թիվ ՎԴ/2237/05/10 վարչական գործով, թե՛ սույն գործով Վարազդատ Մկրտչյանի կողմից ներկայացված ճանաչման հայցերով պահանջվել է մասնակիորեն` Երևանի Ավան թիվ 63 հասցեի շենքերի և շինությունների մասով, ճանաչել Կազմակերպության անվամբ թիվ 1-1 մատյանի թիվ 000046 գրանցման թերթում կատարված սեփականության իրավունքի պետական գրանցման առ ոչինչ լինելը: Իսկ վարչական ակտի առ ոչինչ լինելը ճանաչելու հայցապահանջի հիման վրա հարուցված գործի շրջանակներում վարչական դատարանը քննարկման առարկա է դարձնում այդ վարչական ակտի առոչնչության` օրենքով սահմանված բոլոր իրավական հիմքերի առկայության կամ բացակայության հարցը` անկախ հայցվորի կողմից վկայակոչված իրավական հիմքերի բովանդակությունից ու ծավալից: Հետևաբար անկախ այն հանգամանքից, որ Վարազդատ Մկրտչյանը Կազմակերպության անվամբ թիվ 1-1 մատյանի թիվ 000046 գրանցման թերթում կատարված սեփականության իրավունքի պետական գրանցման առ ոչինչ լինելը մասնակիորեն ճանաչելու պահանջի իրավական հիմքում թիվ ՎԴ/2237/05/10 վարչական գործով դրել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետը, իսկ սույն գործով` նույն օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ թիվ ՎԴ/2237/05/10 վարչական գործով և սույն գործով վարչական դատարանի առջև բարձրացված վեճերի իրավական հիմքերը նույնական են:
i
Ամփոփելով վերոգրյալ իրավական վերլուծությունները` Վճռաբեկ դատարանը հանգում է այն եզրակացության, որ տվյալ դեպքում առկա է նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և նույն հիմքերով դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռ, այն է` թիվ ՎԴ/2237/05/10 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի կողմից 11.10.2010 թվականին կայացված և 12.11.2010 թվականին օրինական ուժի մեջ մտած վճիռը: Ըստ այդմ` Վճռաբեկ դատարանը հաստատված է համարում սույն վարչական գործի վարույթը կարճելու համար անհրաժեշտ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված երեք պայմանների միաժամանակյա առկայությունը: Վճռաբեկ դատարանի գնահատմամբ սույն գործով հայցի ներկայացումը հետապնդում է ոչ թե արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի իրացման, այլ նախկինում քննված և վերջնական լուծում ստացած մեկ այլ դատական գործի (թիվ ՎԴ/2237/05/10 վարչական գործի) քողարկված վերանայման, վերաբացման նպատակ, ինչն անթույլատրելի է իրավունքի գերակայության բաղադրիչ հանդիսացող դատական ակտերի վերջնականության res judicata սկզբունքի, ինչպես նաև գործող դատավարական իրավակարգավորումների տեսանկյունից: Հետևաբար Դատարանը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիմքով կարճելով սույն գործի վարույթը, կայացրել է ըստ էության ճիշտ դատական ակտ, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:
Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հերքվում են վերոգրյալ պատճառաբանություններով:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
i
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր է, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
Դատական ակտին օրինական ուժ տալիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը: Միաժամանակ նկատի ունենալով, որ ստորադաս դատարանի գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտը թերի է պատճառաբանված, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ դատական ակտին պետք է օրինական ուժ տալ` սույն որոշման պատճառաբանություններով:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.
i
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
i
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:
i
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դատական ծախսերի հատուցման պարտականությունը դրվում է հայցվորի վրա, եթե գործի վարույթը կարճվում է (...):
i
Նախկինում կայացրած որոշումներից մեկում ՀՀ վճռաբեկ դատարանը հայտնել է այն իրավական դիրքորոշումը, որ վարչական դատավարությունում երրորդ անձինք որոշակի բացառություններով հանդերձ օգտվում են կողմի իրավունքներից, իսկ իր կրած դատական ծախսերի հատուցում ստանալը կողմի` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված դատավարական իրավունք է: Հետևաբար երրորդ անձինք ևս օգտվում են նշված իրավունքից, և նրանց նկատմամբ նույնպես կիրառելի են ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված կանոնները (տե՛ս, Տիգրան Սանասարյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/3477/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2014 թվականի որոշումը):
Տվյալ դեպքում սույն գործով երրորդ անձ Կազմակերպությունը վճռաբեկ բողոքի համար վճարել է 20.000 ՀՀ դրամ պետական տուրք, և քանի որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, այսինքն` այդ ծավալով վճարված պետական տուրքն անհրաժեշտ է եղել վճռաբեկ բողոք բերող անձի դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար, ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ երրորդ անձ Կազմակերպության կողմից նախապես վճարված պետական տուրքի գումարը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի հիմքով ենթակա է հատուցման հայցվոր Վարազդատ Մկրտչյանի կողմից:
Բացի այդ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վարազդատ Մկրտչյանի կողմից բերված վերաքննիչ բողոքի համար սահմանված պետական տուրքի վճարումը Վերաքննիչ դատարանի 09.09.2016 թվականի որոշմամբ հետաձգվել է (հատոր 2-րդ, գ.թ. 11): Հաշվի առնելով, որ սույն գործով Կազմակերպության վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, որպիսի պայմաններում Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանվում է և օրինական ուժ է տրվում գործի վարույթը կարճելու մասին Դատարանի որոշմանը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վարազդատ Մկրտչյանի վերաքննիչ բողոքի համար վճարման ենթակա և Վերաքննիչ դատարանի կողմից հետաձգված պետական տուրքի գումարը` 10.000 ՀՀ դրամի չափով, ենթակա է վճարման Վարազդատ Մկրտչյանի կողմից:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 07.06.2017 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ վարչական դատարանի 14.07.2016 թվականի «Վարչական գործի վարույթը կարճելու մասին» որոշմանը` սույն որոշման պատճառաբանություններով:
2. Վարազդատ Մկրտչյանից ՀՀ պետական բյուջե բռնագանձել 10.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար սահմանված և ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 09.09.2016 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար:
Վարազդատ Մկրտչյանից հօգուտ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Բուսաբանության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:
Նախագահող Ռ. Հակոբյան
Զեկուցող Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Ե. Խունդկարյան
Գ. Հակոբյան
Ս. Միքայելյան
Տ. Պետրոսյան
Է. Սեդրակյան
Ն. Տավարացյան