ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քրեական ԵԿԴ/0184/11/14
դատարանի որոշում
Գործ թիվ ԵԿԴ/0184/11/14
Նախագահող դատավոր` Կ. Ղազարյան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Դ. Ավետիսյանի
մասնակցությամբ դատավորներ Հ. Ասատրյանի
Ս. Ավետիսյանի
Ե. Դանիելյանի
Ա. Պողոսյանի
Ս. Օհանյանի
քարտուղարությամբ Հ. Պետրոսյանի
2015 թվականի օգոստոսի 28-ին
դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2014 թվականի նոյեմբերի 24-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հր. Բադալյանի վճռաբեկ բողոքը,
ՊԱՐԶԵՑ
Գործի դատավարական նախապատմությունը.
1. 2014 թվականի ապրիլի 15-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Վայոց ձորի մարզի քննչական բաժնում հարուցվել է թիվ 35100414 քրեական գործը` ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 1-ին մասով:
2014 թվականի հուլիսի 3-ին Ա. Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-296-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, իսկ Հ.Մարտիրոսյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:
Քննիչ Ա. Հարությունյանի (այսուհետ նաև` Քննիչ) 2014 թվականի սեպտեմբերի 3-ի որոշմամբ Ա. Սարգսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 38-296-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և Հ. Մարտիրոսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով իրականացվող քրեական հետապնդումը դադարեցվել է` արարքներում հանցակազմի բացակայության հիմքով, և քրեական գործի վարույթը կարճվել է:
Քննիչի 2014 թվականի սեպտեմբերի 3-ի որոշման օրինականության ստուգման արդյունքներով Վայոց ձորի մարզի դատախազ Ն. Ավագյանը (այսուհետ նաև` Դատախազ) 2014 թվականի սեպտեմբերի 9-ի որոշմամբ հիշյալ որոշումը վերացրել է:
2. 2014 թվականի սեպտեմբերի 18-ին Հ. Մարտիրոսյանի և Ա. Սարգսյանի պաշտպան Ս. Ջաղինյանը ՀՀ գլխավոր դատախազին ներկայացրել է միջնորդություն (այսուհետ նաև` Միջնորդություն)` 2014 թվականի սեպտեմբերի 9-ի որոշումը վերացնելու մասին դատախազ Ն. Ավագյանին ցուցում տալու վերաբերյալ:
Վերոնշյալ միջնորդությանը ՀՀ գլխավոր դատախազության հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Ա. Հարությունյանը պատասխանել է 2014 թվականի սեպտեմբերի 24-ի գրությամբ:
3. 2014 թվականի հոկտեմբերի 10-ին Ս. Ջաղինյանը բողոք է ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան)` խնդրելով վերականգնել պաշտպանական կողմի խախտված իրավունքները, այն է` պարտավորեցնել ՀՀ գլխավոր դատախազությանն իր կողմից հարուցված միջնորդության կապակցությամբ ընդունել պատճառաբանված որոշում:
Առաջին ատյանի դատարանի 2014 թվականի հոկտեմբերի 17-ի որոշմամբ պաշտպան Ս. Ջաղինյանի բողոքը բավարարվել է, արձանագրվել է Հ. Մարտիրոսյանի և Ա. Սարգսյանի իրավունքների խախտումը, և սահմանվել է միջնորդության կապակցությամբ որոշում կայացնելու ՀՀ գլխավոր դատախազության պարտականությունը:
4. Դատախազի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2014 թվականի նոյեմբերի 24-ի որոշմամբ բողոքը մերժել է, Առաջին ատյանի դատարանի 2014 թվականի հոկտեմբերի 17-ի որոշումը` թողել օրինական ուժի մեջ:
5. Վերաքննիչ դատարանի 2014 թվականի նոյեմբերի 24-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հր. Բադալյանը:
Վճռաբեկ դատարանի 2015 թվականի ապրիլի 28-ի որոշմամբ վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ:
Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
6. Հ. Մարտիրոսյանի և Ա. Սարգսյանի պաշտպան Ս. Ջաղինյանի միջնորդության կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազության հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Ա. Հարությունյանը 2014 թվականի սեպտեմբերի 29-ի թիվ 15/15/1111-14 գրությամբ (այսուհետ նաև` Գրություն) հայտնել է, որ. «(...) դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի որոշումը վերացնելու ցուցում տալու դեպք օրենքով նախատեսված չէ: Միաժամանակ հայտնում եմ նաև, որ դատախազի կողմից իր կայացրած որոշումը իր իսկ կողմից վերացնելու դատավարական կարգ օրենսդրությամբ նախատեսված չէ» (տե՛ս նյութեր, հատոր 1, էջ 5):
7. Առաջին ատյանի դատարանն իր դատական ակտում փաստել է, որ. «(...) քրեական գործի նկատմամբ դատավարական հսկողություն իրականացնող անձի` դատախազի կողմից դրսևորվել է գործի նախաքննության տվյալ փուլի համար ոչ իրավաչափ գործողություն, այն է` պատճառաբանված որոշում կայացնելու փոխարեն վերջինս միջնորդություն հարուցած անձին պատասխանել է ընդամենը գրությամբ, որը խախտում է միջնորդություն հարուցած անձի իրավունքները օրենքով սահմանված դատավարական որոշման դեմ բողոք բերելու, ուստի և արդյունավետ պաշտպանություն իրականացնելու տեսանկյունից:
(...) Դատարանն արձանագրում է, որ ամեն դեպքում, եթե նույնիսկ ներկայացվել է ակնհայտ մերժման ենթակա որևէ միջնորդություն, իրավասու մարմինը պարտավոր է տվյալ որոշման վերաբերյալ կայացնել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի պահանջներից բխող` պատճառաբանված, բողոքարկման ենթակա որոշում:
(...) վերը շարադրված դատավարական խախտումները բավարար են ՀՀ գլխավոր դատախազության հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Ա.Հարությունյանի 24.09.2014 թ-ի թիվ 15/15/1111-14 գրությամբ արձանագրված` անձի իրավունքները խախտելու փաստն արձանագրելու համար, ուստի դատարանը գտնում է, որ ներկայացված բողոքը ենթակա է բավարարման» (տե՛ս նյութեր, հատոր 1, էջեր 42-48):
8. Վերաքննիչ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 52-53-րդ և 102-րդ հոդվածների կարգավորումները և մեջբերելով Առաջին ատյանի դատարանի դիրքորոշումը, հանգել է այն հետևության, որ Առաջին ատյանի դատարանի որոշումն օրինական է, հիմնավորված և պատճառաբանված, բողոքը քննության առնելիս Դատարանի կողմից թույլ չեն տրվել նյութական և դատավարական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք կհանգեցնեին դատական սխալի և հիմք կհանդիսանային Առաջին ատյանի դատարանի դատական ակտը բեկանելու համար (տե՛ս նյութեր, հատոր 2, էջեր 40-48):
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի ու հիմնավորումների սահմաններում.
9. Բողոքաբերը նշել է, որ ստորադաս դատարանը, դատական ակտը չպատճառաբանելով, թույլ է տվել դատական սխալ, այն է` քրեադատավարական օրենքի էական խախտում` նախատեսված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 3-րդ մասի 10-րդ կետով, որն ազդել է գործի ելքի վրա:
Բողոք բերած անձը, մասնավորապես, վկայակոչելով և վերլուծելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 1-ին և 6-րդ հոդվածների որոշ դրույթներ, իր բողոքում նշել է, որ Առաջին ատյանի դատարանի կողմից անտեսվել է, որ ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված միջնորդությունը` ստորադաս դատախազի կողմից իր իսկ կայացրած որոշումը վերացնելու ցուցում տալու վերաբերյալ, ակնհայտ անօրինական է, դուրս է քրեական գործով վարույթի կարգից, հետևաբար միջնորդությունը քննարկելու և դրա վերաբերյալ որոշում կայացնելու անհրաժեշտությունը բացակայում է:
Միջնորդություն հարուցած անձի` դատավարական որոշումը բողոքարկելու իրավունքը խախտված լինելու մասին հետևության հանգելիս ստորադաս դատարանների կողմից հաշվի չի առնվել, որ ակնհայտ անօրինական միջնորդության ներկայացմամբ, անձն օբյեկտիվորեն չի կարող օրինական, իրավաչափ և իր համար բարենպաստ դատավարական արդյունքի հասնել: Հետևաբար, տվյալ միջնորդության վերաբերյալ որոշում չկայացնելը անձի իրավունքը խախտող անգործություն չէ, քանի որ այդ իրավունքն ինքնին իրացված է քրեական գործով վարույթի կարգին անհամապատասխան: Ակնհայտ է, որ Ս. Ջաղինյանի կողմից ներկայացված միջնորդությունն ակնհայտ անօրինական է, և միջնորդության վերաբերյալ որոշում չկայացնելը որևէ կերպ անձի իրավունքը խախտել, հետևաբար, ոչ իրավաչափ անգործություն որակվել չի կարող:
Բացի այդ, դատարանի կողմից անտեսվել է, որ Ս. Ջաղինյանի միջնորդությունը քրեական գործով վարույթի կարգից դուրս և ակնհայտ անհիմն է նաև այն պատճառաբանությամբ, որ ՀՀ գլխավոր դատախազը ստորադաս դատախազին նրա իսկ կողմից կայացված որոշումը վերացնելու ցուցում տալու լիազորություն չունի:
10. Բողոքաբերը նաև փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանը, ըստ էության չանդրադառնալով բողոքի հիմքերին, գտել է, որ պաշտպան Ս. Ջաղինյանի ներկայացրած միջնորդության վերաբերյալ որոշում չկայացնելու հետևանքով միջնորդություն հարուցած անձի իրավունքը խախտված լինելու մասին Առաջին ատյանի դատարանի եզրահանգումը հիմնավոր է:
11. Վերոնշյալից ելնելով բողոքաբերը խնդրել է բեկանել և փոփոխել Առաջին ատյանի դատարանի 2014 թվականի հոկտեմբերի 17-ի և Վերաքննիչ դատարանի 2014 թվականի նոյեմբերի 24-ի որոշումները, մերժել պաշտպան Ս. Ջաղինյանի կողմից ներկայացված բողոքը` իր միջնորդության կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազությանը որոշում ընդունելը պարտավորեցնելու վերաբերյալ:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
12. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ քրեական դատավարության մասնակցի կողմից միջնորդություն ներկայացնելու և վարույթն իրականացնող իրավասու մարմնի կողմից դրա կապակցությամբ որոշում կայացնելու դատավարական կարգի (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդված) մեկնաբանության կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառություն ապահովելու խնդիր: ՈՒստի, անհրաժեշտ է արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկան ճիշտ ձևավորելու համար:
13. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. օրինական և հիմնավորված է արդյոք ստորադաս դատարանների հետևությունը` պաշտպան Ս. Ջաղինյանի Միջնորդության կապակցությամբ որոշում կայացնելու ՀՀ գլխավոր դատախազության պարտականությունը սահմանելու վերաբերյալ:
14. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 34-րդ կետի համաձայն` միջնորդությունը կողմի կամ դիմողի խնդրանքն է` ուղղված քրեական վարույթն իրականացնող մարմնին, իսկ նույն հոդվածի 16-րդ կետի համաձայն` «կողմ» հասկացությունը ներառում է այն մարմիններին և անձանց, որոնք քրեական դատավարությունում մրցակցային հիմունքներով իրականացնում են քրեական հետապնդում կամ պաշտպանություն:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի համաձայն`
«1. Կողմերի միջնորդությունները (...) պետք է մտցվեն դատական նիստի կամ այլ դատավարական գործողության արձանագրության մեջ, իսկ գրավոր միջնորդությունները (...)` կցվեն քրեական գործի նյութերին:
2. Միջնորդությունները (...) պետք է քննության առնվեն և լուծվեն դրանք հայտարարելուց անմիջապես հետո, եթե սույն օրենսգրքի դրույթներով այլ կարգ սահմանված չէ: Միջնորդության լուծումը կարող է հետաձգվել քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից մինչև միջնորդության վերաբերյալ որոշում ընդունելու համար էական հանգամանքների պարզումը: Սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում ոչ ժամանակին հարուցված միջնորդությունը թողնվում է առանց քննության:
3. Միջնորդության (...) վերաբերյալ ընդունված որոշումները պետք է լինեն պատճառաբանված: (...)
4. Միջնորդության (...) մերժումը չի խոչընդոտում դրա կրկին ներկայացնելուն քրեական դատավարության հետագա փուլերում կամ քրեական վարույթն իրականացնող այլ մարմնին: Քրեական դատավարության նույն փուլում կամ քրեական վարույթն իրականացնող նույն մարմնին միջնորդության (...) կրկին ներկայացում հնարավոր է, եթե դրանք հիմնավորելու համար բերվում են նոր փաստարկներ, կամ քրեական դատավարության ընթացքում հաստատվել է դրանց բավարարման անհրաժեշտությունը»:
15. Մեջբերված նորմերի վերլուծությունից հետևում է, որ միջնորդությունների հարուցումը քրեական դատավարության այն մասնակիցների կողմից, ովքեր քրեական գործի առնչությամբ սեփական կամ ներկայացվող շահ ունեն (օրինակ` կասկածյալ, մեղադրյալ, տուժող, պաշտպան), հանդես է գալիս որպես անձի իրավունքների և օրինական շահերի պաշտպանության կարևորագույն երաշխիք, կառուցակարգ, և ըստ այդմ` մասնավոր շահի ապահովման եղանակ: Այս առումով միջնորդությունն անձի իրավունքների առավել լիարժեք իրացման նպատակով քրեական գործով վարույթն իրականացնելու իրավասություն ունեցող պետական մարմնին կամ պաշտոնատար անձին ուղղված դիմում-խնդրանք է` դատավարական գործողություններ իրականացնելու կամ այդպիսիք կատարելուց ձեռնպահ մնալու կամ դատավարական որոշումներ կայացնելու մասին: Անձի իրավունքների պաշտպանության խնդրի իրացման նպատակով էլ օրենսդիրը նախատեսել է միջնորդության կապակցությամբ պատճառաբանված որոշում կայացնելու վարույթն իրականացնող մարմնի պարտականություն:
16. Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քրեական դատավարության մասնակցի միջնորդությունը գործով վարույթի ընթացակարգի մասը կազմող դատավարական գործողություն է, հետևաբար և՛ բովանդակային, և՛ ձևական առումներով այն պետք է համապատասխանի քրեադատավարական օրենքով սահմանված որոշակի պահանջների: Քրեական դատավարության մասնավոր մասնակիցների կողմից միջնորդություններ ներկայացնելու սուբյեկտիվ իրավունքը` որպես անձի մասնավոր շահերի պաշտպանության գործուն կառուցակարգ, կարող է ծառայել իր առջև դրված` անձի իրավունքների և օրինական շահերի ապահովման խնդրին, եթե պահպանվել են այդ իրավունքի իրացման պայմանները: Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ իրավասու պետական մարմնի կամ պաշտոնատար անձի` համապատասխան միջնորդությունը լուծելու, այսինքն` այն ըստ էության քննության առնելու և մերժելու կամ բավարարելու մասին պատճառաբանված որոշում կայացնելու պարտականությունը ծագում է, եթե միջնորդությունը վերաբերում է կոնկրետ քրեական գործին, ներկայացվել է քրեադատավարական օրենքով սահմանված կարգի պահպանմամբ, այն ներկայացնելու իրավասություն ունեցող անձի կողմից, այդ միջնորդությունը քննության առնելու լիազորություն ունեցող պետական մարմնին և (կամ) պաշտոնատար անձին:
Ընդ որում, պահանջն առ այն, որ պետական մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով (ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի 2-րդ մաս), պետք է կանխորոշող նշանակություն ունենա ներկայացվող միջնորդության բովանդակության համար: Այլ կերպ` միջնորդությունը պետք է պարունակի քրեադատավարական օրենքով նախատեսված գործողություններ կատարելու կամ որոշումներ կայացնելու կամ դրանից ձեռնպահ մնալու պահանջ:
Այսպիսով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի համատեքստում` դատավարության մասնակիցը պետք է ներկայացնի այնպիսի միջնորդություն (խնդրանք), որի բավարարման հնարավորությունը նախատեսված է ՀՀ օրենսդրությամբ: Վերոնշյալ պահանջի խախտմամբ ակնհայտ անօրինական միջնորդություն ներկայացնելու դեպքում անձը վարույթն իրականացնող մարմնից չի կարող ողջամտորեն ակնկալել այն մերժելու կամ բավարարելու վերաբերյալ պատճառաբանված որոշում:
Վճռաբեկ դատարանի վերոնշյալ դիրքորոշումը հիմնավորվում է նաև նրանով, որ միջնորդությունների ներկայացման կարգին և դրանց բովանդակությանը ներկայացվող դատավարական պահանջները պահպանված լինելուց անկախ` վարույթն իրականացնող մարմնի` այդ միջնորդությունները քննության առնելու և դրանց կապակցությամբ պատճառաբանված որոշում կայացնելու պարտականություն սահմանելն անձի կողմից միջնորդություն հարուցելու սուբյեկտիվ իրավունքի չարաշահման նախադրյալներ է պարունակում: Միջնորդություններ ներկայացնելու և վարույթն իրականացնող իրավասու մարմնի կողմից դրանք քննության առնելու դատավարական կարգի նման մեկնաբանությունը անհամաչափորեն կծանրաբեռնի վարույթն իրականացնող մարմնին, ինչն էլ իր հերթին կարող է հանգեցնել քրեական գործի քննության բնականոն ընթացքի ապահովման իրավաչափ հանրային շահի անտեսման:
17. Սույն գործի փաստերից հետևում է, որ Քննիչի 2014 թվականի սեպտեմբերի 3-ի որոշմամբ Ա. Սարգսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 38-296-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և Հ. Մարտիրոսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով իրականացվող քրեական հետապնդումը դադարեցվել է` արարքներում հանցակազմի բացակայության հիմքով, և քրեական գործի վարույթը կարճվել է: Ապա` հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող Դատախազի 2014 թվականի սեպտեմբերի 9-ի որոշմամբ հիշյալ որոշումը վերացվել է (տե՛ս սույն որոշման 1-ին կետը):
Հ. Մարտիրոսյանի և Ա. Սարգսյանի պաշտպան Ս. Ջաղինյանը ՀՀ գլխավոր դատախազին միջնորդություն է ներկայացրել Դատախազի` 2014 թվականի սեպտեմբերի 9-ի որոշումը վերացնելու մասին Դատախազին ցուցում տալու վերաբերյալ (տե՛ս սույն որոշման 2-րդ կետը): ՀՀ գլխավոր դատախազության հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Ա. Հարությունյանը, ի պատասխան վերոհիշյալ միջնորդությանը, 2014 թվականի սեպտեմբերի 29-ի գրությամբ պարզաբանել է, որ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի որոշումը վերացնելու ցուցում տալու և դատախազի կայացրած որոշումն իր իսկ կողմից վերացնելու դատավարական կարգ օրենսդրությամբ նախատեսված չէ (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը):
Առաջին ատյանի դատարանի 2014 թվականի հոկտեմբերի 17-ի որոշմամբ Ա. Սարգսյանի և Հ. Մարտիրոսյանի շահերի պաշտպան Ս. Ջաղինյանի բողոքը բավարարվել է, արձանագրվել է Հ. Մարտիրոսյանի և Ա. Սարգսյանի իրավունքների խախտումը, և սահմանվել է նրանց պաշտպան Ս. Ջաղինյանի միջնորդության կապակցությամբ որոշում կայացնելու ՀՀ գլխավոր դատախազության պարտականությունը (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը): Վերաքննիչ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 52-53-րդ և 102-րդ հոդվածների կարգավորումները և մեջբերելով Առաջին ատյանի դատարանի դիրքորոշումը, գտել է, որ այն օրինական է, հիմնավորված և պատճառաբանված (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը):
18. Սույն գործերի փաստերի համատեքստում բարձրացված իրավական հարցին պատասխանելու համար Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ նաև այն հարցին` արդյոք ՀՀ օրենսդրությամբ վերադաս դատախազը լիազորված է հսկող դատախազին ցուցում տալ վերացնելու իր իսկ կայացրած որոշումը:
18.1. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. «(...) Քննիչի և հետաքննության մարմնի աշխատակցի գործողությունները և որոշումները կարող են բողոքարկվել համապատասխան դատախազին, դատախազի որոշումները և գործողությունները` վերադաս դատախազին, դատարանինը` վերադաս դատարան»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետի համաձայն. «Նախաքննության և հետաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնելով` դատախազի բացառիկ լիազորությունն է` (...) վերացնել հետաքննության մարմնի կամ քննիչի որոշումը քրեական գործով վարույթը կարճելու մասին, ինչպես նաև նրանց այլ որոշումներ` սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում»:
i
«Դատախազության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն` «Վերադաս դատախազն իրավասու է վերացնելու կամ փոփոխելու ստորադաս դատախազի ընդունած ակտերը, բացառությամբ սույն օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքի»:
i
«Դատախազության մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելիս դատախազն ինքնուրույն է և գործում է առանց վերադաս դատախազի թույլտվության և համաձայնության: Վերադաս դատախազն իրավասու չէ վերացնելու կամ փոփոխելու հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի ակտերը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի»:
18.2. Վերոշարադրյալ նորմերի վերլուծությունից բխում է, որ օրենսդիրը, ելնելով դատախազության համակարգի կենտրոնացված բնույթից, նախատեսում է հսկող դատախազի գործողությունները (անգործությունը) և որոշումները վերադասության կարգով բողոքարկելու հնարավորություն` օրենքով նախատեսված դեպքերում: Միաժամանակ օրենսդիրը չի նախատեսում որևէ նորմ, որը թույլ կտար հսկող դատախազին վերացնելու իր իսկ կայացրած որոշումը: Ըստ այդմ, վերադաս դատախազը չունի և չի կարող ունենալ հսկող դատախազի կայացրած որոշումն իր իսկ կողմից վերացնելու ցուցում տալու լիազորություն:
19. Այսպիսով, նախորդ կետում արտահայտված իրավական դիրքորոշումը կիրառելով սույն որոշման 17-րդ կետում շարադրված փաստական հանգամանքների նկատմամբ` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պաշտպան Ս. Ջաղինյանը ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված միջնորդությամբ խնդրել է կատարել այնպիսի գործողություն, որը չի բխում ՀՀ գլխավոր դատախազի` որպես վերադաս դատախազի լիազորություններից և նախատեսված չէ օրենքով: Հետևաբար վարույթն իրականացնող մարմինը, հաշվի առնելով, որ Ս. Ջաղինյանը միջնորդել է կատարել օրենքով չնախատեսված գործողություն, որն ակնհայտորեն դուրս է միջնորդության հասցեատիրոջ լիազորությունների շրջանակից, իրավացիորեն, գրությամբ համապատասխան պարզաբանում է տվել միջնորդություն ներկայացրած անձին:
20. Հաշվի առնելով սույն որոշման 14-16-րդ և 18.2-19-րդ կետերում արտահայտված դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ ստորադաս դատարանների հետևությունը` պաշտպան Ս. Ջաղինյանի Միջնորդության կապակցությամբ որոշում կայացնելու ՀՀ գլխավոր դատախազության պարտականությունը սահմանելու վերաբերյալ, օրինական և հիմնավորված չէ:
Հիմք ընդունելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները դատական ակտ կայացնելիս թույլ են տվել դատական սխալ` դատավարական օրենքի էական խախտում, այն է` խախտել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի պահանջները:
21. Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Քրեադատավարական օրենքի էական խախտումներ են դատական քննության ժամանակ սույն օրենսգրքի սկզբունքների և այլ ընդհանուր դրույթների խախտումները, որոնք գործին մասնակցող անձանց` օրենքով երաշխավորված իրավունքներից զրկելու կամ դրանցում սահմանափակելու կամ այլ ճանապարհով խոչընդոտել են գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմանը, ազդել են կամ կարող էին ազդել գործով ճիշտ որոշում կայացնելու վրա»:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով ստորադաս դատարանների կողմից թույլ տրված, այն է` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի պահանջների խախտումը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով քրեադատավարական օրենքի էական խախտում է, հետևաբար հիմք է Առաջին ատյանի դատարանի 2014 թվականի հոկտեմբերի 17-ի որոշումը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի 2014 թվականի նոյեմբերի 24-ի որոշումը բեկանելու և պաշտպան Ս. Ջաղինյանի բողոքը մերժելու մասին նոր դատական ակտ կայացնելու համար:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Հովհաննես Արշավիրի Մարտիրոսյանի և Արշավիր Օնիկի Սարգսյանի պաշտպան Սամվել Ջաղինյանի միջնորդության կապակցությամբ որոշում կայացնելու ՀՀ գլխավոր դատախազության պարտականությունը սահմանելու վերաբերյալ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2014 թվականի հոկտեմբերի 17-ի որոշումը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2014 թվականի նոյեմբերի 24-ի որոշումը բեկանել և պաշտպան Սամվել Ջաղինյանի բողոքը մերժել:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Դ. Ավետիսյան
Դատավորներ` Հ. Ասատրյան
Ս. Ավետիսյան
Ե. Դանիելյան
Ա. Պողոսյան
Ս. Օհանյան