ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵՔԴ/1173/02/09
դատարանի որոշում 2010 թ.
Քաղաքացիական գործ թիվ ԵՔԴ/1173/02/09
Նախագահող դատավոր` Կ. Չիլինգարյան
Դատավորներ` Ա. Պետրոսյան
Ա. Խառատյան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական
պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Ե. Խունդկարյանի
մասնակցությամբ դատավորներ Ա. Բարսեղյանի
Վ. Աբելյանի
Ս. Անտոնյանի
Վ. Ավանեսյանի
Մ. Դրմեյանի
Տ. Պետրոսյանի
Ե. Սողոմոնյանի
2010 թվականի հոկտեմբերի 01-ին
դռնբաց դատական նիստում, քննելով «ՏՈՆՏՈՆ» ինվեստիցիոն ՍՊԸ-ի (այսուհետ` Կազմակերպություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.05.2010 թվականի որոշման դեմ` ըստ հայցի «ԱՄՖ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) ընդդեմ Կազմակերպության, երրորդ անձ ՀՀ ֆինանսների նախարարության (այսուհետ` Նախարարություն)` պարտավորությունը 40.533.200 ՀՀ դրամի չափով ճանաչելու և նշված գումարը գերազանցող մասով պարտավորությունը դադարեցնելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է 11.05.2006 թվականին կնքված դրամական պարտավորությունների կարգավորման մասին համաձայնագրի, ինչպես նաև 16.05.2006 թվականին կնքված երաշխավորության պայմանագրի հիմքով Կազմակերպությանը փոխանցված Ընկերության պարտավորությունը ճանաչել 40.533.200 ՀՀ դրամի չափով, 40.533.200 ՀՀ դրամը գերազանցող մասով պարտավորությունը դադարեցնել, բացառությամբ` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված 40.533.200 ՀՀ դրամի նկատմամբ հաշվարկման ենթակա հնարավոր տոկոսների:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 19.10.2009 թվականի վճռով հայցը բավարարվել է:
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 06.05.2010 թվականի որոշմամբ Դատարանի 19.10.2009 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կազմակերպությունը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ընկերությունը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ կետը, 53-րդ հոդվածը, 219-րդ հոդվածի 2-րդ կետը, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 293-րդ հոդվածի 2-րդ կետը, 380-րդ հոդվածի 3-րդ կետը, որոնք պետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը 11.05.2006 թվականին կնքված համաձայնագրի 4-րդ կետը չի դիտարկել որպես ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 293-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված` վերացնող պայմանով գործարքի դրույթ, ըստ որի` եթե Ընկերությունը, նրա երաշխավորը կամ այլ անձ 01.11.2006 թվականի դրությամբ Նախարարությանը փողով վճարված կլինի 40.533.200 ՀՀ դրամ, ապա այդ դեպքում Նախարարությունը խոստացել է հրաժարվել պարտքի մնացորդը կազմող 15.301.417 ՀՀ դրամն Ընկերությունից բռնագանձելու իրավունքից:
Վերաքննիչ դատարանն անտեսել է 16.05.2006 թվականին կնքված երաշխավորության պայմանագրի 2.4 ենթակետը, որով նախատեսվել է, որ 40.533.200 ՀՀ դրամը Կազմակերպության կողմից Նախարարությանը վճարվելուց հետո 10 օրվա ընթացքում Նախարարությունը պարտավոր է Կազմակերպությանը հանձնել Ընկերության հանդեպ ունեցած իր պահանջը հավաստող փաստաթղթերը և փոխանցել պահանջն ապահովող իրավունքները: Անտեսելով երաշխավորության պայմանագրի 2.4 ենթակետը` Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել Նախարարության և Կազմակերպության միջև կազմված հանձնման-ընդունման ակտի նշանակությունը և դրանից բխող հետևանքները, քանզի հանձնման-ընդունման ակտում բառացիորեն նշվել է, որ «ի կատարումն ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության (այսուհետ` Հանձնող) և «Տոնտոն» ինվեստիցիոն ՍՊԸ-ի (այսուհետ` Ընդունող) միջև 16.05.2006 թ-ին կնքված երաշխավորության պայմանագրի 2.4 կետի, սույնով հանձնողը հանձնում է, իսկ ընդունողն ընդունում է «ԱՄՖ» ՍՊԸ նկատմամբ հանձնողի ունեցած ներքոհիշյալ պահանջները հիմնավորող փաստաթղթերը, իսկ այնուհետև նույն ակտի «ա», «բ» և «գ» կետերում թվարկվել են Նախարարության և Ընկերության միջև 11.05.2006 թվականին կնքված համաձայնագրի 1-ին կետի 1.1, 1.3 և 1.2 ենթակետերում նշված փաստաթղթերը, որոնցով հիմնավորվել են 55.834.617 ՀՀ դրամ պարտքը: Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել նշված ապացույցները:
Մինչդեռ Նախարարության և Ընկերության միջև 11.05.2006 թվականին կնքված համաձայնագրի, Նախարարության և Կազմակերպության միջև 16.05.2006 թվականին կնքված երաշխավորության պայմանագրի, ինչպես նաև Նախարարության և Կազմակերպության միջև կազմված հանձնման-ընդունման ակտի դրույթները հիմք են տալիս ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 380-րդ հոդվածի 3-րդ կետը կիրառելու համար:
Բացի այդ, Վերաքննիչ դատարանն անտեսել է թիվ ՎԴ/5552/05/08 վարչական գործով 09.12.2009 թվականին օրինական ուժի մեջ մտած ՀՀ վարչական դատարանի 08.10.2009 թվականի վճիռը, որով ի թիվս այլ հանգամանքների, հաստատվել է, որ Կազմակերպությունը, Նախարարությանը վճարելով 40.533.200 ՀՀ դրամ, ձեռք է բերել համաձայնագրից բխող Նախարարության բոլոր իրավունքները:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 06.05.2010 թվականի որոշումը և այն փոփոխել` հայցը մերժել:
2.1 Ընկերության վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
Ստորադաս դատարանի կողմից իրականացվել է գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն, ուստի չի կարող խոսք լինել դատական սխալի մասին:
Նախարարությունն ընդունել է կազմակերպության կողմից Ընկերության` 40.533.200 ՀՀ դրամ վճարելու պարտավորությունը ժամանակին կատարելու փաստը, ինչը հիմնավորվում է նաև Ընկերության նկատմամբ ունեցած պահանջի իրավունքը հավաստող փաստաթղթերը Կազմակերպությանը հանձնելու հանգամանքով: Այսինքն` Նախարարությունը ոչ թե ամբողջությամբ պահպանել է Համաձայնագրով ամրագրված 55.834.617 ՀՀ դրամ պահանջի իրավունքը, այլ ընդունելով Կազմակերպության կողմից 40.533.200 ՀՀ դրամի վճարումը` հրաժարվել է պարտքի մնացորդը բռնագանձելուց:
Բացի այդ Նախարարությունն Ընկերությանն ուղղված 09.09.2010 թվականի թիվ 1.1/9.2/6710-10 գրությամբ հայտնել է, որ Նախարարության և Հրանտ Ավագյանի միջև 22.10.2007 թվականին կնքվել է համաձայնագիր, որով վերջինս ընդունել է Նախարարության նկատմամբ 843.750 ՀՀ դրամի և 39.483 ԱՄՆ դոլարի պարտքը: Նշված պարտքը Հրանտ Ավագյանի կողմից մարվել է ամբողջությամբ, ինչը հաստատվել է ՀՀ Վարչական դատարանի 06.04.2010 թվականի թիվ ՎԴ/5073/05/09 վճռով:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1. Նախարարության և Ընկերության միջև 11.05.2006 թվականին կնքված «Դրամական պարտավորությունների կարգավորման մասին» համաձայնագրի (այսուհետ` Համաձայնագիր) 1-ին կետի 1.1, 1.2 և 1.3 ենթակետերի համաձայն` Նախարարության նկատմամբ Ընկերության պարտավորությունների հանրագումարը կազմել է 55.834.617 ՀՀ դրամ:
Համաձայնագրի 2-րդ կետի համաձայն` Պարտատերը համաձայնվում է ԴԱՀԿ ծառայությունից հետ վերցնել Պարտապանի մասով կատարողական թերթերը, եթե Պարտապանի նախաձեռնությամբ ներգրավված որևէ երրորդ անձ Պարտատիրոջ հետ կնքի երաշխավորության պայմանագիր, որով այդ երրորդ անձը կերաշխավորի Պարտապանի պարտքից 40.533.200 ՀՀ դրամի մարումը մինչև 2006 թվականի նոյեմբերի 1-ը` Պարտատիրոջ մոտ գրավադնելով Պարտատիրոջ գնահատմամբ բարձր իրացվելի համարժեք գումարի արժեթղթեր կամ համարժեք գումարի բանկային ոսկի կամ բարձր իրացվելի կրկնակի շուկայական գին ունեցող անշարժ գույք:
Համաձայնագրի 4-րդ կետի համաձայն` Պարտատերը պարտավորվում է երաշխավորի կամ Պարտապանի կամ Պարտապանի օգտին հանդես եկող որևէ երրորդ անձի կողմից 2006 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ 40.533.200 ՀՀ դրամ լրիվ վճարելու դեպքում հրաժարվել ընդհանուր պարտքի մնացորդի բռնագանձումից և հայտարարել, որ Պարտապանի նկատմամբ պահանջ չունի (հատոր 1-ին, գ.թ. 18):
2. Նախարարության և Կազմակերպության միջև 16.05.2006 թվականին կնքված երաշխավորության պայմանագրի 1-ին կետի 1.1 ենթակետի համաձայն` երաշխավորը պարտավորվում է պատասխանատվություն կրել Պարտատիրոջ առջև` Պարտատիրոջ և «ԱՄՖ» ՍՊԸ-ի միջև (այսուհետ` Պարտապան) 11.05.2006 թվականին կնքված Դրամական պարտավորությունների կարգավորման մասին համաձայնագրով Պարտապանի ստանձնած 40.533.200 ՀՀ դրամը Պարտատիրոջը վճարելու պարտավորությունների լրիվ ծավալով կատարման համար:
Երաշխավորության պայմանագրի 2-րդ կետի 2.3 ենթակետի համաձայն` երաշխավորը պարտավորվում է կատարել դրամական միջոցները Պարտատիրոջը վճարելու Պարտապանի պարտավորությունը` Պարտապանի կողմից այդ պարտավորությունը չկատարելու մասին Պարտատիրոջ հաղորդումը ստանալու պահից 2 օրվա ընթացքում: Իսկ 2.4 ենթակետի համաձայն` պարտավորությունը Երաշխավորի կողմից կատարելուց հետո 10 օրվա ընթացքում Պարտատերը պարտավոր է Երաշխավորին հանձնել Պարտապանի հանդեպ ունեցած իր պահանջը հավաստող փաստաթղթերը և այդ պահանջն ապահովող իրավունքները (հատոր 1-ին, գ.թ. 19):
3. Ընկերության, որպես Գրավատուի և Կազմակերպության, որպես Գրավառուի միջև 16.06.2006 թվականին կնքված բաժնետոմսերի գրավի պայմանագրի 1.1 կետի համաձայն` Գրավատուն ի ապահովում գրավառուի և ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության միջև 16.05.2006 թվականին կնքված երաշխավորության պայմանագրի պայմանների կատարման հետևանքով Գրավառուի առջև Գրավատուի առաջացած պարտավորությունների կատարման գրավադրում է սեփականության իրավունքով իրեն պատկանող Երևանի «Սպորտ» ԲԲԸ-ի 2.972 հատ հասարակ անվանական բաժնետոմսերը, յուրաքանչյուրը` 5.000 ՀՀ դրամ անվանական արժեքով, որոնք Երևանի «Սպորտ» ԲԲԸ-ի կանոնադրական կապիտալում կազմում են 56,2027 տոկոս (հատոր 1-ին, գ.թ. 42):
4. Նախարարության 02.11.2006 թվականի թիվ 3/8-03-466-12505 գրության համաձայն` Պարտապանի կողմից 01.11.2006 թվականի դրությամբ Համաձայնագրով ամրագրված պարտավորությունները չի կատարվել և սույն գրությամբ պահանջում ենք կատարել 16.05.2006 թվականին Պարտատեր ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության և Երաշխավոր` «ՏՈՆՏՈՆ» ինվեստիցիոն ՍՊԸ-ի միջև կնքված երաշխավորության պայմանագրով Երաշխավորի ստանձնած պարտավորությունները, այն է` սույն գրությունը ստանալուց հետո 2-օրյա ժամկետում 12.036.849 ՀՀ դրամ գումարը վճարել Կենտրոնական գանձապետարանի 900005016010 հաշվեհամարին և 28.496.351 ՀՀ դրամը (ընդամենը` 40.533.200 ՀՀ դրամ) վճարել ՀՀ կենտրոնական բանկում բացված 103004135705 հաշվեհամարին (հատոր 1-ին, գ.թ. 20):
5. Կազմակերպությունը 02.11.2006 թվականի թիվ 2/10 և թիվ 2/11 վճարման հանձնարարականներով համապատասխանաբար Կենտրոնական գանձապետարանի թիվ 900005016010 հաշվեհամարին վճարել է 12.036.849 ՀՀ դրամ, իսկ ՀՀ կենտրոնական բանկում բացված 103004135705 հաշվեհամարին` 28.496.351 ՀՀ դրամ: Ընդամենը` 40.533.200 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 45-46):
6. Նախարարության, որպես Հանձնողի և Կազմակերպության, որպես Ընդունողի միջև կազմված փաստաթղթերի հանձնման-ընդունման ակտի համաձայն` ի կատարումն ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության և «ՏՈՆՏՈՆ» ինվեստիցիոն ՍՊԸ-ի միջև 16.05.2006 թվականին կնքված երաշխավորության պայմանագրի 2.4 կետի, սույնով Հանձնողը հանձնում, իսկ Ընդունողն ընդունում է «ԱՄՖ» ՍՊԸ-ի նկատմամբ Հանձնողի ունեցած` հանձնման-ընդունման ակտի ա, բ, գ կետերում նշված պահանջները հիմնավորող փաստաթղթերը (հատոր 1-ին, գ.թ. 47):
7. Կազմակերպությունը 25.07.2010 թվականի նոր ապացույցներ ներկայացնելու մասին գրությամբ Վերաքննիչ դատարան է ներկայացրել ՀՀ վարչական դատարանի` 08.10.2009 թվականի օրինական ուժի մեջ մտած թիվ ՎԴ/5552/05/08 վճիռը և ՀՀ վճռաբեկ դատարանի 09.12.2009 թվականի որոշումը, որով որոշվել է վերադարձնել թիվ ՎԴ/5552/05/08 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի 08.10.2009 թվականի վճռի դեմ բերված «ԱՄՖ» ՍՊԸ-ի վճռաբեկ բողոքը (հատոր 2-րդ, գ.թ. 59-68, 69):
8. ՀՀ վարչական դատարանի 08.10.2009 թվականի վճռով մերժվել է «ԱՄՖ» ՍՊԸ-ի հայցն ընդդեմ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Նորք-Մարաշ բաժնի հարկադիր կատարող Գ. Սախոյանի, «Տոնտոն» ինվեստիցիոն ՍՊԸ-ի տնօրեն Գոռ Առաքելյանի` ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Կենտրոն և Նորք-Մարաշ բաժնի հարկադիր կատարող Գ. Սախոյանի կողմից թիվ 01/02-7725/06 կատարողական վարույթով 07.08.2008 թվականի կայացված «Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին» որոշումն անվավեր ճանաչելու, ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությանը` թիվ 01/02-7725/06 կատարողական վարույթով պարտապան «ԱՄՖ» ՍՊԸ-ից ընդհանուր 40.533.200 (քառասուն միլիոն հինգ հարյուր երեսուներեք հազար) ՀՀ դրամ գումարից (ներառյալ «Սպորտ» ԲԲԸ-ի բաժնետոմսերի օտարման գումարը) ավել գումարի բռնագանձման գործողություններից ձեռնպահ մնալուն պարտավորեցնելու պահանջների մասին:
Նշված վճռով հաստատվել են հետևյալ հանգամանքները.
«ՀՀ ֆինանսների նախարարության նկատմամբ «ԱՄՖ» ՍՊԸ-ի պարտքը կազմել է 55.834.617 ՀՀ դրամ, որից 38.448.900 ՀՀ դրամը հանդիսանում է հիմնական պարտքի գումար, իսկ 17.385.717 ՀՀ դրամը` տոկոսներ և տույժ»,
«Համաձայնագրի 4-րդ կետի դրույթով ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունն ըստ էության հայտարարել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 293-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված` վերացնող պայմանով գործարքի մասին, ըստ որի, եթե «ԱՄՖ» ՍՊԸ-ն, նրա երաշխավորը կամ այլ անձ 2006 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ նախարարությանը փողով վճարի 40.533.200 ՀՀ դրամը, ապա այդ դեպքում նախարարությունը խոստացել է հրաժարվել պարտքի մնացորդը կազմող 15.301.417 ՀՀ դրամը բռնագանձելու իր իրավունքից»,
«Երաշխավոր «ՏՈՆՏՈՆ» ինվեստիցիոն ՍՊԸ-ն չի պարտավորվել 40.533.200 ՀՀ դրամը ոչ ուշ քան 01.11.2006 թ. վճարել, այլ պարտավորվել է նշված գումարը սահմանված ժամկետում` 01.11.2006 թ., «ԱՄՖ» ՍՊԸ-ի կողմից չվճարվելու մասին նախարարության հաղորդումը ստանալու պահից 2 օրվա ընթացքում նախարարությանը վճարել պահանջված գումարը»,
«ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը «ԱՄՖ» ՍՊԸ-ի նկատմամբ պահպանել է համաձայնագրի 1-ին կետով ամրագրված բոլոր իրավունքները, այն է` 55.834.617 ՀՀ դրամ գումարի պարտատիրոջ իրավունքը, քանի որ չի կատարվել համաձայնագրով ամրագրված նախարարության պայմանը և համապատասխանաբար 01.11.2006 թ. դրությամբ նախարարությանը վճարված չի եղել ակնկալվող 40.533.200 ՀՀ դրամը: Այնուհետև, «ՏՈՆՏՈՆ» ինվեստիցիոն ՍՊԸ-ն, նախարարությանը վճարելով 40.533.200 ՀՀ դրամ, համապատասխանաբար ձեռք է բերել համաձայնագրից բխող նախարարության բոլոր իրավունքները, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 55.834.617 ՀՀ դրամ» (հատոր 2-րդ, գ.թ. 62-68):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` վերաքննիչ դատարանն իրավունք չունի նոր ապացույց ընդունելու և բողոքը քննելիս հիմնվում է միայն այն ապացույցների վրա, որոնք ներկայացվել են առաջին ատյանի դատարանին: Եթե առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ ապացույցը չի ներկայացվել կողմերի կամքից անկախ հանգամանքներով, ապա վերաքննիչ դատարանը բեկանում է գործը և այն ուղարկում համապատասխան առաջին ատյանի դատարան` նոր քննության, եթե գտնում է, որ ապացույցն էական նշանակություն ունի գործի լուծման համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 220-րդ հոդվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետի համաձայն` վերաքննիչ դատարանի որոշման մեջ պետք է նշվեն` գործով պարզված և վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը, ինչպես նաև այն օրենքը, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը և այլ իրավական ակտերը, որոնցով ղեկավարվել է վերաքննիչ դատարանը որոշում կայացնելիս:
Վճռաբեկ դատարանն իր որոշումներում բազմիցս անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին:
Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ որոշման իրավական հիմնավորումը:
Որոշման իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին:
Որոշման մեջ ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլ պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը:
Որոշման իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ նրա որոշման իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական որոշման օրինականությունը:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատարանը պետք է նշի ոչ միայն այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է վիճելի փաստերը հաստատելիս և արդյունքում որոշում կայացնելիս, այլև պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում: Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին (տես` Ռազմիկ Մարությանի հայցն ընդդեմ Ստեփան և Անահիտ Մարությանների, ՀՀ Կենտրոն նոտարական գրասենյակի` ժառանգական գույքի ընդունման փաստի ճանաչման և ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը մասնակի անվավեր ճանաչելու պահանջների մասին և Ստեփան և Անահիտ Մարությանների հակընդդեմ հայցի` սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան և հողամասի բաժանման պահանջի մասին Վճռաբեկ դատարանի 27.03.2008 թվականի թիվ 3-54(ՎԴ) որոշումը):
Սույն գործի փաստերի համաձայն` 25.07.2010 թվականին Կազմակերպությունը Վերաքննիչ դատարան է ներկայացրել ՀՀ վարչական դատարանի` 08.10.2009 թվականի օրինական ուժի մեջ մտած թիվ ՎԴ/5552/05/08 վճիռը: Նշված վճռով հաստատվել են հանգամանքներ այն մասին, որ «ՀՀ ֆինանսների նախարարության նկատմամբ «ԱՄՖ» ՍՊԸ-ի պարտքը կազմել է 55.834.617 ՀՀ դրամ», «Համաձայնագրի 4-րդ կետի դրույթով ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունն ըստ էության հայտարարել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 293-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված` վերացնող պայմանով գործարքի մասին, ըստ որի, եթե «ԱՄՖ» ՍՊԸ-ն, նրա երաշխավորը կամ այլ անձ 2006 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ նախարարությանը փողով վճարի 40.533.200 ՀՀ դրամը, ապա այդ դեպքում նախարարությունը խոստացել է հրաժարվել պարտքի մնացորդը կազմող 15.301.417 ՀՀ դրամը բռնագանձելու իր իրավունքից», «Երաշխավոր «ՏՈՆՏՈՆ» ինվեստիցիոն ՍՊԸ-ն չի պարտավորվել 40.533.200 ՀՀ դրամը ոչ ուշ քան 01.11.2006 թ. վճարել, այլ պարտավորվել է նշված գումարը սահմանված ժամկետում` 01.11.2006 թ., «ԱՄՖ» ՍՊԸ-ի կողմից չվճարվելու մասին նախարարության հաղորդումը ստանալու պահից 2 օրվա ընթացքում նախարարությանը վճարել պահանջված գումարը», «ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը «ԱՄՖ» ՍՊԸ-ի նկատմամբ պահպանել է համաձայնագրի 1-ին կետով ամրագրված բոլոր իրավունքները, այն է` 55.834.617 ՀՀ դրամ գումարի պարտատիրոջ իրավունքը, քանի որ չի կատարվել համաձայնագրով ամրագրված նախարարության պայմանը և համապատասխանաբար 01.11.2006 թ. դրությամբ նախարարությանը վճարված չի եղել ակնկալվող 40.533.200 ՀՀ դրամը: Այնուհետև, «ՏՈՆՏՈՆ» ինվեստիցիոն ՍՊԸ-ն, նախարարությանը վճարելով 40.533.200 ՀՀ դրամ, համապատասխանաբար ձեռք է բերել համաձայնագրից բխող նախարարության բոլոր իրավունքները, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 55.834.617 ՀՀ դրամ»:
Մինչդեռ սույն գործով Վերաքննիչ դատարանը քննարկման առարկա չի դարձրել ՀՀ վարչական դատարանի` 08.10.2009 թվականի օրինական ուժի մեջ մտած թիվ ՎԴ/5552/05/08 վճիռը և չի արտահայտել դիրքորոշում նշված վճռով հաստատված հանգամանքների վերաբերյալ:
Ինչ վերաբերում է վճռաբեկ բողոքում նշված մյուս փաստարկներին, ինչպես նաև Վճռաբեկ բողոքի պատասխանում ներկայացված փաստարկներին, ապա ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 220-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի խախտման պայմաններում Վճռաբեկ դատարանը դրանց չի անդրադառնում:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.05.2010 թվականի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:
2. Պետական տուրքի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Ե. Խունդկարյան
Դատավորներ` Ա. Բարսեղյան
Վ. Աբելյան
Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Մ. Դրմեյան
Տ. Պետրոսյան
Ե. Սողոմոնյան