Սեղմել Esc փակելու համար:
«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական                  Քաղաքացիական գործ

    դատարանի որոշում                           թիվ ՏԴ/0956/02/17

    Քաղաքացիական գործ թիվ ՏԴ/0956/02/17        2021 թ.

Նախագահող դատավոր` Մ. Հարթենյան

    Դատավորներ`        Կ. Չիլինգարյան

                       Ա. Սմբատյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող Գ. Հակոբյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Ս. Միքայելյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2021 թվականի նոյեմբերի 25-ին

գրավոր ընթացակարգով քննելով ըստ «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ի (այսուհետ` Բանկ) հայցի ընդդեմ Արթուր Լալայանի, Արտակ Ավալյանի, Կարեն Գրիգորյանի և Վարդան Գրիգորյանի (այսուհետ` Համապատասխանողներ)` գումար բռնագանձելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.06.2019 թվականի որոշման դեմ Բանկի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Բանկը պահանջել է Համապատասխանողներից համապարտության կարգով բռնագանձել 614.231,9 ՀՀ դրամ, ինչպես նաև սկսած 16.11.2017 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը վարկի գումարի մնացորդի և կուտակված տոկոսագումարի հանրագումարի` 606.919,7 ՀՀ դրամի նկատմամբ յուրաքանչյուր ուշացված օրվա համար հաշվարկել ու բռնագանձել սպառողական վարկի պայմանագրի 5.6 կետով նախատեսված օրական 0,2 տոկոսի չափով տուժանքը:

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ս. Իսկանդարյան) 07.02.2018 թվականի վճռով հայցը բավարարվել է:

Դիմելով դատարան` Բանկը պահանջել է տարաժամկետել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 07.02.2018 թվականի վճռի կատարումը:

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Օհանյան) (այսուհետ` Դատարան) 08.02.2019 թվականի «Դատական ակտի կատարումը տարաժամկետելու մասին» որոշմամբ Բանկի դիմումը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 04.06.2019 թվականի որոշմամբ Բանկի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 08.02.2019 թվականի «Դատական ակտի կատարումը տարաժամկետելու մասին» որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բանկը (ներկայացուցիչ Վահագն Մնացականյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում.

i

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 132-րդ և 163-րդ հոդվածները, սխալ է մեկնաբանել մինչև 04.08.2019 թվականը գործած խմբագրությամբ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասը:

Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել և կիրառել մինչև 04.08.2019 թվականը գործած խմբագրությամբ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի դրույթները` անտեսելով, որ նշված մասի երկրորդ նախադասությունը վերաբերում է այն դեպքերին, երբ դատական ակտի տարաժամկետման դիմումը ներկայացրել է ոչ թե պահանջատերը, այլ` պարտապանը: Նշված նորմով սահմանված նախապայմանների ապահովումը նպատակ ունի ապահովելու պահանջատիրոջ` օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատված իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը: Պահանջատիրոջ կողմից դատական ակտի տարաժամկետման դիմում ներկայացվելու դեպքում պարտապանի կողմից պահանջատիրոջը պահանջին համարժեք ապահովում տրամադրելուն պատրաստ լինելու և հարկադիր կատարման անհրաժեշտության բացակայության ակնհայտության վերաբերյալ պայմանների պարտադիր առկայության անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ պահանջատերը, որպես սեփականատեր, իրականացնում է իր տնօրինչական իրավունքները և վերջինս է կրում այդ իրավունքի իրացման կամ չիրացման ռիսկն ու բոլոր բացասական հետևանքները:

Վերաքննիչ դատարանը, անտեսելով, որ Դատարանի վճռով հաստատված Բանկի պահանջի իրավունքը իր սեփականությունն է, և Բանկն իրավունք ունի իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրեն պատկանող գույքը, այդ գույքի նկատմամբ կատարել օրենքին չհակասող և այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը չխախտող ցանկացած գործողություն, կայացրել է վերը նշված որոշումը` խախտելով ՀՀ Սահմանադրության, Կոնվենցիայի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի դրույթները, և ոչ իրավաչափ կերպով սահմանափակելով Բանկի, որպես սեփականատիրոջ, իրավունքների իրացումը:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 04.06.2019 թվականի որոշումը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Դատարանը 07.02.2018 թվականի վճռով Բանկի հայցը բավարարել է` Համապատասխանողներից համապարտության կարգով բռնագանձել է 614.231,9 ՀՀ դրամ, ինչպես նաև սկսած 16.11.2017 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը վարկի գումարի մնացորդի և կուտակված տոկոսագումարի հանրագումարի` 606.919,7 ՀՀ դրամի նկատմամբ յուրաքանչյուր ուշացված օրվա համար հաշվարկել ու բռնագանձել է սպառողական վարկի պայմանագրով նախատեսված օրական 0,2 տոկոսի չափով տուժանքը: Դատարանի 07.02.2018 թվականի վճիռը չի բողոքարկվել և 12.03.2018 թվականին մտել է օրինական ուժի մեջ (հատոր 1-ին, գ.թ. 62-66).

2) նշված վճռի հիման վրա 13.03.2018 թվականին Համապատասխանողներից յուրաքանչյուրի մասով տրվել են կատարողական թերթեր (հատոր 1-ին, գ.թ. 84-87).

3) պահանջատեր Բանկը դիմում է ներկայացրել Դատարան 07.02.2018 թվականի վճռի կատարումը տարաժամկետելու մասին` դրան կցելով պարտապաններից Արտակ Ավալյանի դիմում-պարտավորագիրը, որով վերջինս, ըստ էության, պատրաստակամություն է հայտնել վճարելու վճռում նշված վարկի գումարը ժամանակացույցին համապատասխան, ինչպես նաև խնդրել է կատարողական թերթը կատարման ներկայացված լինելու դեպքում դիմում ներկայացնել Դատարան` դատական ակտի կատարումը տարաժամկետելու համար: Միաժամանակ դիմումով Բանկը խնդրել է` դիմումը բավարարել, այն է` թիվ ՏԴ/0956/02/17 քաղաքացիական գործով 07.02.2018 թվականին կայացված դատական ակտի չկատարված մասը` 376.793 (երեք հարյուր յոթանասունվեց հազար յոթ հարյուր իննսուներեք) ՀՀ դրամ գումարը (վարկի մայր գումար) պատասխանողներ Արթուր Սամվելի Լալայանից, Արտակ Սիրազի Ավալյանից, Կարեն Հրաչիկի Գրիգորյանից և Վարդան Հրաչիկի Գրիգորյանից համապարտության կարգով հօգուտ «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ի բռնագանձել հետևյալ ժամանակացույցի համաձայն`

03/12/2018-14/01/2019 թ.-ը` 30.000 (երեսուն հազար) ՀՀ դրամ,

15/01/2019-04/02/2019 թ.-ը` 30.000 (երեսուն հազար) ՀՀ դրամ,

05/02/2019-04/03/2019 թ.-ը` 30.000 (երեսուն հազար) ՀՀ դրամ,

05/03/2019-03/04/2019 թ.-ը` 30.000 (երեսուն հազար) ՀՀ դրամ,

04/04/2019-06/05/2019 թ.-ը` 30.000 (երեսուն հազար) ՀՀ դրամ,

07/05/2019-04/06/2019 թ.-ը` 30.000 (երեսուն հազար) ՀՀ դրամ,

05/06/2019-02/07/2019 թ.-ը` 30.000 (երեսուն հազար) ՀՀ դրամ,

03/07/2019-05/08/2019 թ.-ը` 30.000 (երեսուն հազար) ՀՀ դրամ,

06/08/2019-04/09/2019 թ.-ը` պարտքի մնացած ողջ գումարը (հատոր 1-ին, գ.թ. 105, 106):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

 

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայությամբ, այն է`

i

1) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում մինչև 04.08.2019 թվականը գործած խմբագրությամբ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 22-րդ հոդվածի 1-ին մասի վերաբերյալ արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար,

i

2) Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.

 

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ այն հարցին, թե արդյո՞ք անհրաժեշտ է Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով դատական ակտի կատարումը տարաժամկետելու մասին դիմումի հետ միաժամանակ ներկայացնել պարտապանների` պահանջին համարժեք ապահովում տրամադրելու մասին պատրաստակամությունը և հարկադիր կատարման անհրաժեշտության բացակայության ակնհայտ լինելը հիմնավորող ապացույցներն այն դեպքում, երբ դատական ակտի կատարումը տարաժամկետելու մասին դիմումը ներկայացրել է պահանջատերը:

 

i

Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կատարողական թերթ տված դատարանը պահանջատիրոջ կամ պարտապանի դիմումով իրավունք ունի հետաձգելու կամ տարաժամկետելու դատական ակտի կատարումը, փոփոխելու դրա կատարման եղանակն ու կարգը:

Դատարանը կարող է հետաձգել կամ տարաժամկետել դատական ակտի կատարումը, եթե պարտապանը պահանջատիրոջը պատրաստ է տրամադրելու պահանջին համարժեք ապահովում, և ակնհայտ է, որ բացակայում է հարկադիր կատարման անհրաժեշտությունը, քանի որ ողջամիտ ժամկետում դատական ակտը կկատարվի կամովին:

Նշված հոդվածի վերլուծությունից բխում է, որ օրենսդիրը պահանջատիրոջը և պարտապանին իրավունք է վերապահել ներկայացնելու ինչպես դատական ակտի կատարումը հետաձգելու կամ տարաժամկետելու, այնպես էլ` դրա կատարման կարգն ու եղանակը փոփոխելու մասին դիմում: Միևնույն ժամանակ օրենսդիրը նախատեսել է, որ դատական ակտի կատարումը հետաձգելու կամ տարաժամկետելու դիմումը բավարարելու համար անհրաժեշտ է հետևյալ երկու պայմանների միաժամանակյա առկայությունը` պահանջատիրոջը` նրա պահանջին համարժեք ապահովում տրամադրելու վերաբերյալ պարտապանի (պարտապանների) պատրաստակամությունը, և դատական ակտի հարկադիր կատարման անհրաժեշտության բացակայությունը` պայմանավորված այն ողջամիտ ժամկետում կատարվելու ակնհայտությամբ:

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերության տառացի մեկնաբանությունից հետևում է, որ պահանջատիրոջը` նրա պահանջին համարժեք ապահովում տրամադրելու վերաբերյալ պարտապանի պատրաստակամությունը և հարկադիր կատարման անհրաժեշտության բացակայության ակնհայտ լինելը հանդիսանում են պարտադիր վավերապայմաններ և՛ պարտապանի, և՛ պահանջատիրոջ կողմից դատական ակտի կատարումը հետաձգելու կամ տարաժամկետելու դիմում ներկայացնելու դեպքերում:

i

Բացի այդ, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի համաձայն` նորմատիվ իրավական ակտի նորմը մեկնաբանվում է` հաշվի առնելով նորմատիվ իրավական ակտն ընդունելիս այն ընդունող մարմնի նպատակը` ելնելով դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից, ամբողջ հոդվածի, գլխի, բաժնի կարգավորման համատեքստից, այն նորմատիվ իրավական ակտի դրույթներից, ի կատարումն որի ընդունվել է այդ ակտը, տվյալ նորմատիվ իրավական ակտով սահմանված սկզբունքներից, իսկ այդպիսի սկզբունքներ սահմանված չլինելու դեպքում` տվյալ իրավահարաբերությունը կարգավորող իրավունքի ճյուղի սկզբունքներից:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում բացահայտել Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի իրավական նորմի բովանդակությունը` ելնելով օրենսդրի կամքից և նորմի ընդունման նպատակից: Այսպես, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ` դատական ակտերի հարկադիր կատարման տարաժամկետումը պարտապանին տրվող հնարավորությունն է` ուղղված դատական ակտի հիման վրա առաջացած պարտավորությունը կատարողական թերթում նշված ժամկետից տարբերվող ժամկետներում կատարելուն: Նման հնարավորություն տալու նպատակներից է, օրինակ, պահանջատերերի և պարտապանների իրավունքների ու օրինական շահերի հավասարակշռությունն ապահովելն այնպես, որ դատարանի վճռի կատարման այդ կարգը համապատասխանի համաչափության պահանջին:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված պայմանները հանդիսանում են պահանջատիրոջ պահանջների բավարարման լրացուցիչ երաշխիքներ այն դեպքում, երբ դատական ակտի կատարումը տարաժամկետելու դիմումը ներկայացրել է պարտապանը: Մինչդեռ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այդ երաշխիքների տրման անհրաժեշտությունը բացակայում է բոլոր այն դեպքերում, երբ Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասում նշված դիմումը ներկայացնում է պահանջատերը հետևյալ պատճառաբանությամբ.

i

ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականության իրավունքն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք:

i

Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` սեփականության իրավունքը սուբյեկտի` օրենքով և այլ իրավական ակտերով ճանաչված ու պահպանվող իրավունքն է` իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրեն պատկանող գույքը:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` գործին մասնակցող անձն իրականացնում է իր դատավարական իրավունքները, տնօրինում է դատական պաշտպանության միջոցները և եղանակները սեփական հայեցողությամբ` օրենքով սահմանված կարգով:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ` Եվրոպական դատարան) տվել է Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի իմաստով «սեփականություն» հասկացության ընդլայնված մեկնաբանություն` օգտագործելով «օրինական սպասելիք» հասկացությունը: Մասնավորապես, Եվրոպական դատարանն արձանագրել է, որ պահանջի իրավունքը ստանում է «սեփականություն» որակումն այն պահից, երբ անձն ունենում է «օրինական սպասելիք» իր իրավունքներն իրականացնելու համար (տե՛ս, Pressos Compania Naviera S.A. and others v. Belgium գործով Եվրոպական դատարանի 20.11.1995 թվականի վճիռը, 31-րդ կետ): «Օրինական սպասելիքն» առկա է բոլոր այն դեպքերում, երբ անձինք ունեն բավականաչափ իրավական հիմքեր վստահելու այն իրավական ակտերի իրավաչափ լինելուն, որոնք ուղղված են իրենց համար որոշակի իրավունքներ առաջացնելուն, անձի մոտ ստեղծում են իրավաչափ իրավական ակտի տպավորություն և վերաբերում են սեփականության իրավունքին (տե՛ս, Kopecky v. Slovakia գործով Եվրոպական դատարանի 28.09.2004 թվականի վճիռը, կետեր 53-61):

Ըստ Եվրոպական դատարանի իրավական դիրքորոշման` պահանջի իրավունքը Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի իմաստով կարող է ընկալվել որպես գույքային իրավունք, եթե բավարար չափով հիմնավորված է, որ այն կարող է իրավաբանորեն իրացվել (տե՛ս, Burdov v. Russia գործով Եվրոպական դատարանի 07.05.2002 թվականի վճիռը, 40-րդ կետ):

i

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ արձանագրել է, որ դատական պաշտպանության իրավունքի իրացման հիմնական սկզբունքներից է տնօրինչականության (դիսպոզիտիվության) սկզբունքը, որն անձին հնարավորություն է տալիս սեփական հայեցողությամբ տնօրինելու իր նյութական և դատավարական իրավունքներն ու դրանց պաշտպանության եղանակները: Տնօրինչականության (դիսպոզիտիվության) սկզբունքն անձանց հնարավորություն է տալիս ինքնուրույն որոշել` դիմել, թե չդիմել դատարան իրենց իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պաշտպանության համար, այսինքն` իրականացնել, թե չիրականացնել իրենց դատական պաշտպանության հիմնական իրավունքը (տե՛ս, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն ընդդեմ «Գորիս-Ապակի» ՍՊԸ-ի թիվ ՍԴ3/0055/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2014 թվականի որոշումը):

Վերոնշյալ դիրքորոշումների լույսի ներքո Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատական ակտի հիման վրա ծագած պահանջի իրավունքը ևս Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի իմաստով դիտվում է որպես սեփականություն` «օրինական սպասելիք», ուստի պահանջատիրոջ կողմից դատական ակտի տարաժամկետման դիմում ներկայացվելու դեպքում դատարանը պետք է առաջնորդվի բացառապես պահանջատիրոջ դիրքորոշմամբ, քանի որ պահանջատերը` որպես սեփականատեր, իրականացնում է իր տնօրինչական իրավունքները և կրում այդ իրավունքի իրացման կամ չիրացման բացասական հետևանքները, այդ թվում` տարաժամկետման ժամանակացույցով դատական ակտի կատարման հնարավոր բացասական հետևանքների ռիսկը:

i

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդրի կողմից ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 09.07.2019 թվականի թիվ ՀՕ-126-Ն օրենքով (ուժի մեջ է մտել 04.08.2019 թվականին) Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությունը փոփոխվել է: «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասն այլևս ունի հետևյալ շարադրանքը. «Կատարողական թերթ տված դատարանը պահանջատիրոջ կամ պարտապանի դիմումով իրավունք ունի հետաձգելու կամ տարաժամկետելու դատական ակտի կատարումը, փոփոխելու դրա կատարման եղանակն ու կարգը: Դատարանը կարող է պարտապանի դիմումով հետաձգել կամ տարաժամկետել դատական ակտի կատարումը, եթե պարտապանը պահանջատիրոջը պատրաստ է տրամադրելու պահանջին համարժեք ապահովում, և ակնհայտ է, որ բացակայում է հարկադիր կատարման անհրաժեշտությունը, քանի որ ողջամիտ ժամկետում դատական ակտը կկատարվի կամովին»:

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի վերլուծությունից ելնելով` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ փաստորեն, օրենսդիրը, հաշվի առնելով Օրենքի 22-րդ հոդվածի նպատակը, Օրենքի վերոգրյալ փոփոխությունից հետո այլևս չի նախատեսել պարտապանի` պահանջատիրոջը պահանջին համարժեք ապահովում տրամադրելու պատրաստակամությունը և հարկադիր կատարման անհրաժեշտության բացակայության ակնհայտ լինելը համարելու մասին պահանջները` պարտատիրոջ կողմից համապատասխան դիմում ներկայացնելու համար:

i

Այսինքն` Վճռաբեկ դատարանի գնահատմամբ` պարտատիրոջ կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածով սահմանված տնօրինչականության սկզբունքից ելնելով միայն դատական ակտի կատարումը տարաժամկետելու մասին դիմումը ինքնին բավարար է` այն բավարարելու համար, եթե դատական ակտը ներկայացվել է հարկադիր կատարման:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ դատական ակտի կատարումը հետաձգելու կամ տարաժամկետելու մասին դիմումը պահանջատիրոջ կողմից ներկայացվելու դեպքում դիմումի հետ միաժամանակ պարտապանների` պահանջին համարժեք ապահովում տրամադրելու մասին պատրաստակամությունը և հարկադիր կատարման անհրաժեշտության բացակայության ակնհայտ լինելը հիմնավորող ապացույցներ ներկայացնելու մասին պարտադիր կանոնը կիրառելի չէ:

 

Վճռաբեկ դատարանի վերը նշված իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

 

Տվյալ դեպքում Բանկը, Դատարանի 07.02.2018 թվականի վճռի հիման վրա` յուրաքանչյուր պարտապանի մասով տրված կատարողական թերթերի հիմքով հանդիսանալով պահանջատեր, դիմում է ներկայացրել Դատարան 07.02.2018 թվականի վճռի կատարումը տարաժամկետելու մասին` նշելով, որ պարտապան Արտակ Ավալյանը դիմում-պարտավորագիր է ներկայացրել Բանկին` պարտավորության կատարումը տարաժամկետելու համար, որի հիման վրա Բանկը դադարեցրել է վարկի մայր գումարի և տոկոսագումարի վրա հաշվեգրվող տուժանքի հետագա հաշվարկը (այդ մասով պահանջը ներվել է): Միաժամանակ Բանկը կցել է պարտապան Արտակ Ավալյանի դիմում-պարտավորագիրը:

Պարտապան Արտակ Ավալյանի` Բանկին հասցեագրված դիմում-պարտավորագրի հետազոտումից հետևում է, որ վերջինս խնդրել է նաև հնարավորություն տալ վճարելու վճռում նշված վարկի գումարը դիմումում ներկայացված ժամանակացույցին համապատասխան, ինչպես նաև` կատարողական թերթը կատարման ներկայացված լինելու դեպքում դիմում ներկայացնել Դատարան դատական ակտի կատարումը տարաժամկետելու նպատակով:

Դատարանը, պատճառաբանելով, որ Դատարան է ներկայացվել միայն Արտակ Ավալյանի ստորագրած դիմում-պարտավորագրի պատճենը և չի ներկայացվել որևէ այլ ապացույց, որով կհիմնավորվի պարտապանի (պարտապանների) կողմից պահանջին համարժեք ապահովում տրամադրելու փաստը, ինչպես նաև` դատական ակտը կամովին կատարվելու ակնհայտությունն ու հարկադիր կատարման անհրաժեշտության բացակայությունը, գտել է, որ միայն այդ հիմքերի առկայության պարագայում է, որ Դատարանը կարող է հետաձգել կամ տարաժամկետել դատական ակտի կատարումը, ու որոշում է կայացրել դիմումը մերժելու մասին:

Վերաքննիչ դատարանը, Դատարանի դատական ակտն թողնելով օրինական ուժի մեջ, պատճառաբանել է, որ Բանկը դիմումին կից ներկայացրել է միայն պարտապան Արտակ Ավալյանի դիմում-պարտավորագիրը, մինչդեռ Դատարանի 07.02.2018 թվականի վճռով պարտապաններ են նաև Արթուր Լալայանը, Կարեն Գրիգորյանը և Վարդան Գրիգորյանը, այսինքն` տվյալ դեպքում բացակայել են դատական ակտի կատարումը տարաժամկետելու օրենքով սահմանված հիմքերը, հետևաբար դատական ակտի կատարումը տարաժամկետելու դիմումը մերժելու վերաբերյալ Դատարանի եզրահանգումը իրավաչափ է: Միևնույն ժամանակ Վերաքննիչ դատարանը նաև պատճառաբանել է, որ Բանկի կողմից ներկայացվել է Արտակ Ավալյանի դիմում-պարտավորագրի պատճենը, որը բովանդակում է «իսկականի հետ ճիշտ է» նշում և անհայտ անձի կողմից կատարված ստորագրություն, մինչդեռ դիմում-պարտավորագրի պատճենը չի կարող ծառայել որպես դատական ակտի կատարումը տարաժամկետելու մասին դիմումը բավարարելու համար օրենսդրորեն սահմանված պայմանների միաժամանակյա առկայության հիմնավորմանը, քանի որ պատճեն է, իսկ «իսկականի հետ ճիշտ է» գրառումը հաստատող ստորագրությունը կատարվել է անհայտ անձի կողմից, դիմում-պարտավորագրի պատճենի բովանդակությունից հնարավոր չէ հետևություն անել ինչպես պարտապանի կողմից պահանջատիրոջը պահանջին համարժեք ապահովում տրամադրելու պատրաստակամության, այնպես էլ ողջամիտ ժամկետում դատական ակտը կամովին կատարվելու ողջամիտ հնարավորությամբ պայմանավորված հարկադիր կատարման անհրաժեշտության բացակայության ակնհայտության մասին:

Վերը նշված իրավական դիրքորոշումների համատեքստում գնահատելով Վերաքննիչ դատարանի վերը նշված հիմնավորումները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը սխալ է կիրառել Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասը և ոչ իրավաչափորեն է մերժել Բանկի վերաքննիչ բողոքը, անտեսելով, որ վերջինս, որպես կատարողական թերթում նշված պահանջատեր դիմում է ներկայացրել կատարողական թերթ տված դատարան` դատական ակտի կատարումը տարաժամկետելու մասին: Ընդ որում պահանջատեր Բանկն իր դիմումին կցել է նաև համապարտ պարտապաններից Արտակ Ավալյանի դիմումը, որով Արտակ Ավալյանը պատրաստակամություն է հայտնել վճարելու վճռում նշված վարկի գումարը ժամանակացույցին համապատասխան, ինչպես նաև պահանջատիրոջ դիմումը, որով վերջինս հայտնել է վարկի մայր գումարի և տոկոսագումարի վրա հաշվեգրվող տուժանքի հետագա հաշվարկը դադարեցնելու, այդ մասով պահանջը ներված լինելու մասին:

Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Բանկի վրա չպետք է դրվեր պարտականություն ներկայացնելու Արտակ Ավալյանի դիմում-պարտավորագրի բնօրինակը, ինչպես նաև ապացույցներ առ այն, որ սույն գործով համապարտ պարտապանների (Համապատասխանողներ) մոտ առկա է դատական ակտը ողջամիտ ժամկետում կամովին կատարելու մտադրություն, քանի որ Բանկը, տվյալ իրավահարաբերությունում պահանջատեր լինելու հանգամանքով պայմանավորված, իրականացրել է իր տնօրինչական իրավունքը` հնարավորություն տալով Համապատասխանողներին պարտավորությունը կատարել տարաժամկետ կարգով` առանց պարտավորության բարեխիղճ կատարումը ապահովող լրացուցիչ իրավական միջոցներ նախատեսելու:

Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությանը, որ Բանկը դիմումին կից ներկայացրել է միայն պարտապան Արտակ Ավալյանի դիմում-պարտավորագիրը, մինչդեռ Դատարանի 07.02.2018 թվականի վճռով պարտապաններ են նաև Արթուր Լալայանը, Կարեն Գրիգորյանը և Վարդան Գրիգորյանը, ուստի տվյալ դեպքում բացակայել են դատական ակտի կատարումը տարաժամկետելու օրենքով սահմանված հիմքերը, ապա այդ մասով Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 360-րդ հոդվածի համաձայն` այն դեպքում, երբ պարտավորությանը մասնակցում են մի քանի պարտատեր կամ մի քանի պարտապան, պարտատերերից յուրաքանչյուրն իրավունք ունի պահանջել կատարելու պարտավորությունը, իսկ պարտապաններից յուրաքանչյուրը պարտավոր է այն կատարել մյուսների հետ հավասար բաժնով, եթե այլ բան չի բխում օրենքից, այլ իրավական ակտերից կամ պարտավորության պայմաններից:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` համապարտ պարտականությունը (պատասխանատվությունը) կամ համիրավ պահանջը ծագում է, եթե պարտականության համապարտությունը կամ պահանջի համիրավությունը նախատեսված է պայմանագրով կամ սահմանված է օրենքով, մասնավորապես, եթե անբաժանելի է պարտավորության առարկան:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 362-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պարտապանների համապարտ պարտականության դեպքում պարտատերն իրավունք ունի, ինչպես բոլոր պարտապաններից համատեղ, այնպես էլ յուրաքանչյուրից պահանջել կատարելու պարտավորությունն ինչպես լրիվ, այնպես էլ պարտքի մի մասով:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 362-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` համապարտ պարտապաններից մեկից լրիվ բավարարում չստացած պարտատերն իրավունք ունի չստացած մասը պահանջել մյուս համապարտ պարտապաններից, իսկ նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` համապարտ պարտապանները պարտական են մնում այնքան ժամանակ, քանի դեռ պարտավորությունը լրիվ չի կատարվել:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 364-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պարտապաններից մեկի կողմից համապարտ պարտականությունը լրիվ կատարելը մնացած պարտապաններին ազատում է պարտատիրոջ հանդեպ պարտականությունը կատարելուց:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 424-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պատշաճ կատարումը դադարեցնում է պարտավորությունը:

Տվյալ դեպքում, ինչպես արդեն վերը նշվեց, Դատարանը վճռով որոշված գումարը Համապատասխանողներից բռնագանձել է համապարտության կարգով, որպիսի հանգամանքը Վճռաբեկ դատարանի համար հիմք է արձանագրելու, որ սույն գործով կողմերի միջև կնքված պայմանագրերի ուժով պարտավորությանը մասնակցել են մի քանի համապարտ պարտապաններ, ուստի տվյալ իրավահարաբերությունում որպես պարտատեր հանդես եկող Բանկն իրավունք ուներ, ինչպես բոլոր պարտապաններից համատեղ, այնպես էլ յուրաքանչյուրից պահանջել կատարելու պարտավորությունն ինչպես լրիվ, այնպես էլ պարտքի մի մասով:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Համապատասխանողների պարտավորությունն այնուամենայնիվ միանձնյա կատարելու պատրաստակամություն է հայտնել միայն Արտակ Ավալյանը: Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերջինիս կողմից պարտավորությունը լրիվ կատարվելու դեպքում մյուս համապարտ պարտապանների (Համապատասխանողների) համար Բանկի հանդեպ պարտավորությունը կդադարի:

Հաշվի առնելով վերոգրյալը և դրանք համադրելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների հետ` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Բանկը, օգտվելով Օրենքի 22-րդ հոդվածով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 360-362-րդ հոդվածներով, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածով սահմանված տնօրինչականության սկզբունքից, ներկայացրել է իրավաչափ դիմում, որը ենթակա էր բավարարման, ինչն անտեսվել է և~ Դատարանի, և~ Վերաքննիչ դատարանի կողմից:

 

i

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

i

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

i

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պետական տուրքի գանձման օբյեկտները, պետական տուրքի չափը և վճարման կարգը սահմանվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` պետական տուրքի վճարումից ազատելու, պետական տուրքի վճարումը հետաձգելու, պետական տուրքը և դրա դրույքաչափը նվազեցնելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն: (...)

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են սույն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան:

i

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի «թ» կետի առաջին պարբերության համաձայն` դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են ոչ առևտրային կազմակերպությունների և ֆիզիկական անձինք` գործը կարճելու կամ հայցն առանց քննության թողնելու մասին դատարանի որոշումը բեկանելու, վճիռների կատարումը հետաձգելու կամ տարաժամկետելու, վճիռների կատարման եղանակը և կարգը փոփոխելու, հայցերի ապահովման կամ ապահովման մի տեսակը մեկ այլ տեսակով փոխարինելու վերաբերյալ հայցերով:

i

Նկատի ունենալով, որ սույն գործով վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ Վերաքննիչ դատարանի դատական ակտը` բեկանման և փոփոխման, ինչի արդյունքում Բանկի դիմումը ենթակա է բավարարման, որպիսի պայմաններում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար նախապես վճարված պետական տուրքի գումարները փոխհատուցելու պարտականությունը պետք է կրեն Համապատասխանողները (պարտապանները), միաժամանակ, նկատի ունենալով, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի «թ» կետի առաջին պարբերության հիմքով` Համապատասխանողները (պարտապանները) ազատված են պետական տուրքի վճարումից, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նման պայմաններում վերջիններս չեն կարող կրել պետական տուրքի փոխհատուցման պարտականություն, որի պայմաններում այդ հարցը պետք է համարել լուծված:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.06.2019 թվականի որոշումը և այն փոփոխել` «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ի դիմումը բավարարել, այն է` թիվ ՏԴ/0956/02/17 քաղաքացիական գործով 07.02.2018 թվականին կայացված դատական ակտի չկատարված մասը` 376.793 (երեք հարյուր յոթանասունվեց հազար յոթ հարյուր իննսուներեք) ՀՀ դրամ գումարը (վարկի մայր գումար) պատասխանողներ Արթուր Սամվելի Լալայանից, Արտակ Սիրազի Ավալյանից, Կարեն Հրաչիկի Գրիգորյանից և Վարդան Հրաչիկի Գրիգորյանից համապարտության կարգով հօգուտ «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ի բռնագանձել հետևյալ ժամանակացույցի համաձայն`

03/12/2018-14/01/2019 թ.-ը` 30.000 (երեսուն հազար) ՀՀ դրամ,

15/01/2019-04/02/2019 թ.-ը` 30.000 (երեսուն հազար) ՀՀ դրամ,

05/02/2019-04/03/2019 թ.-ը` 30.000 (երեսուն հազար) ՀՀ դրամ,

05/03/2019-03/04/2019 թ.-ը` 30.000 (երեսուն հազար) ՀՀ դրամ,

04/04/2019-06/05/2019 թ.-ը` 30.000 (երեսուն հազար) ՀՀ դրամ,

07/05/2019-04/06/2019 թ.-ը` 30.000 (երեսուն հազար) ՀՀ դրամ,

05/06/2019-02/07/2019 թ.-ը` 30.000 (երեսուն հազար) ՀՀ դրամ,

03/07/2019-05/08/2019 թ.-ը` 30.000 (երեսուն հազար) ՀՀ դրամ,

06/08/2019-04/09/2019 թ.-ը` պարտքի մնացած ողջ գումարը:

2. Պետական տուրքի հարցը համարել լուծված:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող Ռ. Հակոբյան

Զեկուցող Գ. Հակոբյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Ս. Միքայելյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից թիվ ՏԴ/0956/02/17 քաղաքացիական գործով 25.11.2021 թվականին

կայացված որոշման վերաբերյալ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), գրավոր ընթացակարգով քննելով «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ի (այսուհետ` Բանկ) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.06.2019 թվականի որոշման դեմ` ըստ Բանկի հայցի ընդդեմ Արթուր Լալայանի, Արտակ Ավալյանի, Կարեն Գրիգորյանի և Վարդան Գրիգորյանի (այսուհետ` Համապատասխանողներ)` գումար բռնագանձելու պահանջի մասին, 2021 թվականի նոյեմբերի 25-ին որոշել է «Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.06.2019 թվականի որոշումը և այն փոփոխել` «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ի դիմումը բավարարել, այն է` թիվ ՏԴ/0956/02/17 քաղաքացիական գործով 07.02.2018 թվականին կայացված դատական ակտի չկատարված մասը` 376.793 (երեք հարյուր յոթանասունվեց հազար յոթ հարյուր իննսուներեք) ՀՀ դրամ գումարը (վարկի մայր գումար) պատասխանողներ Արթուր Սամվելի Լալայանից, Արտակ Սիրազի Ավալյանից, Կարեն Հրաչիկի Գրիգորյանից և Վարդան Հրաչիկի Գրիգորյանից համապարտության կարգով հօգուտ «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ի բռնագանձել հետևյալ ժամանակացույցի համաձայն`

03/12/2018-14/01/2019 թ.-ը` 30.000 (երեսուն հազար) ՀՀ դրամ,

15/01/2019-04/02/2019 թ.-ը` 30.000 (երեսուն հազար) ՀՀ դրամ,

05/02/2019-04/03/2019 թ.-ը` 30.000 (երեսուն հազար) ՀՀ դրամ,

05/03/2019-03/04/2019 թ.-ը` 30.000 (երեսուն հազար) ՀՀ դրամ,

04/04/2019-06/05/2019 թ.-ը` 30.000 (երեսուն հազար) ՀՀ դրամ,

07/05/2019-04/06/2019 թ.-ը` 30.000 (երեսուն հազար) ՀՀ դրամ,

05/06/2019-02/07/2019 թ.-ը` 30.000 (երեսուն հազար) ՀՀ դրամ,

03/07/2019-05/08/2019 թ.-ը` 30.000 (երեսուն հազար) ՀՀ դրամ,

06/08/2019-04/09/2019 թ.-ը` պարտքի մնացած ողջ գումարը»:

i

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորներ Ս. Անտոնյանս, Ա. Բարսեղյանս, Տ. Պետրոսյանս համաձայն չլինելով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից 25.11.2021 թվականին թիվ ՏԴ/0956/02/17 քաղաքացիական գործով կայացված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով, շարադրում ենք մեր հատուկ կարծիքը նույն որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ:

 

Դիմելով դատարան` Բանկը պահանջել է Համապատասխանողներից համապարտության կարգով բռնագանձել 614.231,9 ՀՀ դրամ, ինչպես նաև սկսած 16.11.2017 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը վարկի գումարի մնացորդի և կուտակված տոկոսագումարի հանրագումարի` 606.919,7 ՀՀ դրամի նկատմամբ յուրաքանչյուր ուշացված օրվա համար հաշվարկել ու բռնագանձել սպառողական վարկի պայմանագրի 5.6 կետով նախատեսված օրական 0,2 տոկոսի չափով տուժանքը:

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ս. Իսկանդարյան) 07.02.2018 թվականի վճռով հայցը բավարարվել է:

Դիմելով դատարան` Բանկը պահանջել է տարաժամկետել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 07.02.2018 թվականի վճռի կատարումը:

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Օհանյան) (այսուհետ` Դատարան) 08.02.2019 թվականի «Դատական ակտի կատարումը տարաժամկետելու մասին» որոշմամբ Բանկի դիմումը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 04.06.2019 թվականի որոշմամբ Բանկի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 08.02.2019 թվականի «Դատական ակտի կատարումը տարաժամկետելու մասին» որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բանկը (ներկայացուցիչ Վահագն Մնացականյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվել է հետևյալ հիմքերի սահմաններում.

i

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 132-րդ և 163-րդ հոդվածները, սխալ է մեկնաբանել մինչև 04.08.2019 թվականը գործած խմբագրությամբ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասը:

Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել և կիրառել մինչև 04.08.2019 թվականը գործած խմբագրությամբ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի դրույթները` անտեսելով, որ նշված մասի երկրորդ նախադասությունը վերաբերում է այն դեպքերին, երբ դատական ակտի տարաժամկետման դիմումը ներկայացրել է ոչ թե պահանջատերը, այլ` պարտապանը: Նշված նորմով սահմանված նախապայմանների ապահովումը նպատակ ունի ապահովելու պահանջատիրոջ` օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատված իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը: Պահանջատիրոջ կողմից դատական ակտի տարաժամկետման դիմում ներկայացվելու դեպքում պարտապանի կողմից պահանջատիրոջը պահանջին համարժեք ապահովում տրամադրելուն պատրաստ լինելու և հարկադիր կատարման անհրաժեշտության բացակայության ակնհայտության վերաբերյալ պայմանների պարտադիր առկայության անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ պահանջատերը, որպես սեփականատեր, իրականացնում է իր տնօրինչական իրավունքները և վերջինս է կրում այդ իրավունքի իրացման կամ չիրացման ռիսկն ու բոլոր բացասական հետևանքները:

Վերաքննիչ դատարանը, անտեսելով, որ Դատարանի վճռով հաստատված Բանկի պահանջի իրավունքը իր սեփականությունն է, և Բանկն իրավունք ունի իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրեն պատկանող գույքը, այդ գույքի նկատմամբ կատարել օրենքին չհակասող և այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը չխախտող ցանկացած գործողություն, կայացրել է վերը նշված որոշումը` խախտելով ՀՀ Սահմանադրության, Կոնվենցիայի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի դրույթները, և ոչ իրավաչափ կերպով սահմանափակելով Բանկի, որպես սեփականատիրոջ, իրավունքների իրացումը:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 04.06.2019 թվականի որոշումը:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական են համարվել հետևյալ փաստերը`

1) Դատարանը 07.02.2018 թվականի վճռով Բանկի հայցը բավարարել է` Համապատասխանողներից համապարտության կարգով բռնագանձել է 614.231,9 ՀՀ դրամ, ինչպես նաև սկսած 16.11.2017 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը վարկի գումարի մնացորդի և կուտակված տոկոսագումարի հանրագումարի` 606.919,7 ՀՀ դրամի նկատմամբ յուրաքանչյուր ուշացված օրվա համար հաշվարկել ու բռնագանձել է սպառողական վարկի պայմանագրով նախատեսված օրական 0,2 տոկոսի չափով տուժանքը: Դատարանի 07.02.2018 թվականի վճիռը չի բողոքարկվել և 12.03.2018 թվականին մտել է օրինական ուժի մեջ (հատոր 1-ին, գ.թ. 62-66).

2) նշված վճռի հիման վրա 13.03.2018 թվականին Համապատասխանողներից յուրաքանչյուրի մասով տրվել են կատարողական թերթեր (հատոր 1-ին, գ.թ. 84-87).

3) պահանջատեր Բանկը դիմում է ներկայացրել Դատարան 07.02.2018 թվականի վճռի կատարումը տարաժամկետելու մասին` դրան կցելով պարտապաններից Արտակ Ավալյանի դիմում-պարտավորագիրը, որով վերջինս, ըստ էության, պատրաստակամություն է հայտնել վճարելու վճռում նշված վարկի գումարը ժամանակացույցին համապատասխան, ինչպես նաև խնդրել է կատարողական թերթը կատարման ներկայացված լինելու դեպքում դիմում ներկայացնել Դատարան` դատական ակտի կատարումը տարաժամկետելու համար: Միաժամանակ դիմումով Բանկը խնդրել է` դիմումը բավարարել, այն է` թիվ ՏԴ/0956/02/17 քաղաքացիական գործով 07.02.2018 թվականին կայացված դատական ակտի չկատարված մասը` 376.793 (երեք հարյուր յոթանասունվեց հազար յոթ հարյուր իննսուներեք) ՀՀ դրամ գումարը (վարկի մայր գումար) պատասխանողներ Արթուր Սամվելի Լալայանից, Արտակ Սիրազի Ավալյանից, Կարեն Հրաչիկի Գրիգորյանից և Վարդան Հրաչիկի Գրիգորյանից համապարտության կարգով հօգուտ «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ի բռնագանձել հետևյալ ժամանակացույցի համաձայն`

03/12/2018-14/01/2019 թ.-ը` 30.000 (երեսուն հազար) ՀՀ դրամ,

15/01/2019-04/02/2019 թ.-ը` 30.000 (երեսուն հազար) ՀՀ դրամ,

05/02/2019-04/03/2019 թ.-ը` 30.000 (երեսուն հազար) ՀՀ դրամ,

05/03/2019-03/04/2019 թ.-ը` 30.000 (երեսուն հազար) ՀՀ դրամ,

04/04/2019-06/05/2019 թ.-ը` 30.000 (երեսուն հազար) ՀՀ դրամ,

07/05/2019-04/06/2019 թ.-ը` 30.000 (երեսուն հազար) ՀՀ դրամ,

05/06/2019-02/07/2019 թ.-ը` 30.000 (երեսուն հազար) ՀՀ դրամ,

03/07/2019-05/08/2019 թ.-ը` 30.000 (երեսուն հազար) ՀՀ դրամ,

06/08/2019-04/09/2019թ.-ը` պարտքի մնացած ողջ գումարը (հատոր 1-ին, գ.թ. 105, 106):

 

i

Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայությամբ, այն է`

1) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտել է, որ տվյալ դեպքում մինչև 04.08.2019 թվականը գործած խմբագրությամբ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 22-րդ հոդվածի 1-ին մասի վերաբերյալ արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար,

2) Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը

Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերության տառացի մեկնաբանությունից հետևում է, որ պահանջատիրոջը` նրա պահանջին համարժեք ապահովում տրամադրելու վերաբերյալ պարտապանի պատրաստակամությունը և հարկադիր կատարման անհրաժեշտության բացակայության ակնհայտ լինելը հանդիսանում են պարտադիր վավերապայմաններ և՛ պարտապանի, և՛ պահանջատիրոջ կողմից դատական ակտի կատարումը հետաձգելու կամ տարաժամկետելու դիմում ներկայացնելու դեպքերում:

i

Բացի այդ, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի համաձայն` նորմատիվ իրավական ակտի նորմը մեկնաբանվում է` հաշվի առնելով նորմատիվ իրավական ակտն ընդունելիս այն ընդունող մարմնի նպատակը` ելնելով դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից, ամբողջ հոդվածի, գլխի, բաժնի կարգավորման համատեքստից, այն նորմատիվ իրավական ակտի դրույթներից, ի կատարումն որի ընդունվել է այդ ակտը, տվյալ նորմատիվ իրավական ակտով սահմանված սկզբունքներից, իսկ այդպիսի սկզբունքներ սահմանված չլինելու դեպքում` տվյալ իրավահարաբերությունը կարգավորող իրավունքի ճյուղի սկզբունքներից:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարել բացահայտել Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի իրավական նորմի բովանդակությունը` ելնելով օրենսդրի կամքից և նորմի ընդունման նպատակից: Այսպես, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ` դատական ակտերի հարկադիր կատարման տարաժամկետումը պարտապանին տրվող հնարավորությունն է` ուղղված դատական ակտի հիման վրա առաջացած պարտավորությունը կատարողական թերթում նշված ժամկետից տարբերվող ժամկետներում կատարելուն: Նման հնարավորություն տալու նպատակներից է, օրինակ, պահանջատերերի և պարտապանների իրավունքների ու օրինական շահերի հավասարակշռությունն ապահովելն այնպես, որ դատարանի վճռի կատարման այդ կարգը համապատասխանի համաչափության պահանջին:

Վճռաբեկ դատարանը գտել է, որ Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված պայմանները հանդիսանում են պահանջատիրոջ պահանջների բավարարման լրացուցիչ երաշխիքներ այն դեպքում, երբ դատական ակտի կատարումը տարաժամկետելու դիմումը ներկայացրել է պարտապանը: Մինչդեռ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ այդ երաշխիքների տրման անհրաժեշտությունը բացակայում է բոլոր այն դեպքերում, երբ Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասում նշված դիմումը ներկայացնում է պահանջատերը հետևյալ պատճառաբանությամբ.

i

ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականության իրավունքն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք:

i

Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` սեփականության իրավունքը սուբյեկտի` օրենքով և այլ իրավական ակտերով ճանաչված ու պահպանվող իրավունքն է` իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրեն պատկանող գույքը:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` գործին մասնակցող անձն իրականացնում է իր դատավարական իրավունքները, տնօրինում է դատական պաշտպանության միջոցները և եղանակները սեփական հայեցողությամբ` օրենքով սահմանված կարգով:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ` Եվրոպական դատարան) տվել է Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի իմաստով «սեփականություն» հասկացության ընդլայնված մեկնաբանություն` օգտագործելով «օրինական սպասելիք» հասկացությունը: Մասնավորապես, Եվրոպական դատարանն արձանագրել է, որ պահանջի իրավունքը ստանում է «սեփականություն» որակումն այն պահից, երբ անձն ունենում է «օրինական սպասելիք» իր իրավունքներն իրականացնելու համար (տե՛ս, Pressos Compania Naviera S.A. and others v. Belgium գործով Եվրոպական դատարանի 20.11.1995 թվականի վճիռը, 31-րդ կետ): «Օրինական սպասելիքն» առկա է բոլոր այն դեպքերում, երբ անձինք ունեն բավականաչափ իրավական հիմքեր վստահելու այն իրավական ակտերի իրավաչափ լինելուն, որոնք ուղղված են իրենց համար որոշակի իրավունքներ առաջացնելուն, անձի մոտ ստեղծում են իրավաչափ իրավական ակտի տպավորություն և վերաբերում են սեփականության իրավունքին (տե՛ս, Kopecky v. Slovakia գործով Եվրոպական դատարանի 28.09.2004 թվականի վճիռը, կետեր 53-61):

Ըստ Եվրոպական դատարանի իրավական դիրքորոշման` պահանջի իրավունքը Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի իմաստով կարող է ընկալվել որպես գույքային իրավունք, եթե բավարար չափով հիմնավորված է, որ այն կարող է իրավաբանորեն իրացվել (տե՛ս, Burdov v. Russia գործով Եվրոպական դատարանի 07.05.2002 թվականի վճիռը, 40-րդ կետ):

i

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ արձանագրել է, որ դատական պաշտպանության իրավունքի իրացման հիմնական սկզբունքներից է տնօրինչականության (դիսպոզիտիվության) սկզբունքը, որն անձին հնարավորություն է տալիս սեփական հայեցողությամբ տնօրինելու իր նյութական և դատավարական իրավունքներն ու դրանց պաշտպանության եղանակները: Տնօրինչականության (դիսպոզիտիվության) սկզբունքն անձանց հնարավորություն է տալիս ինքնուրույն որոշել` դիմել, թե չդիմել դատարան իրենց իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պաշտպանության համար, այսինքն` իրականացնել, թե չիրականացնել իրենց դատական պաշտպանության հիմնական իրավունքը (տե՛ս, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն ընդդեմ «Գորիս-Ապակի» ՍՊԸ-ի թիվ ՍԴ3/0055/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2014 թվականի որոշումը):

Վերոնշյալ դիրքորոշումների լույսի ներքո Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատական ակտի հիման վրա ծագած պահանջի իրավունքը ևս Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի իմաստով դիտվում է որպես սեփականություն` «օրինական սպասելիք», ուստի պահանջատիրոջ կողմից դատական ակտի տարաժամկետման դիմում ներկայացվելու դեպքում դատարանը պետք է առաջնորդվի բացառապես պահանջատիրոջ դիրքորոշմամբ, քանի որ պահանջատերը` որպես սեփականատեր, իրականացնում է իր տնօրինչական իրավունքները և կրում այդ իրավունքի իրացման կամ չիրացման բացասական հետևանքները, այդ թվում` տարաժամկետման ժամանակացույցով դատական ակտի կատարման հնարավոր բացասական հետևանքների ռիսկը:

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենսդրի կողմից ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 09.07.2019 թվականի թիվ ՀՕ-126-Ն օրենքով (ուժի մեջ է մտել 04.08.2019 թվականին) Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությունը փոփոխվել է: «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասն այլևս ունի հետևյալ շարադրանքը. «Կատարողական թերթ տված դատարանը պահանջատիրոջ կամ պարտապանի դիմումով իրավունք ունի հետաձգելու կամ տարաժամկետելու դատական ակտի կատարումը, փոփոխելու դրա կատարման եղանակն ու կարգը: Դատարանը կարող է պարտապանի դիմումով հետաձգել կամ տարաժամկետել դատական ակտի կատարումը, եթե պարտապանը պահանջատիրոջը պատրաստ է տրամադրելու պահանջին համարժեք ապահովում, և ակնհայտ է, որ բացակայում է հարկադիր կատարման անհրաժեշտությունը, քանի որ ողջամիտ ժամկետում դատական ակտը կկատարվի կամովին»:

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի վերլուծությունից ելնելով` Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ փաստորեն, օրենսդիրը, հաշվի առնելով Օրենքի 22-րդ հոդվածի նպատակը, Օրենքի վերոգրյալ փոփոխությունից հետո այլևս չի նախատեսել պարտապանի` պահանջատիրոջը պահանջին համարժեք ապահովում տրամադրելու պատրաստակամությունը և հարկադիր կատարման անհրաժեշտության բացակայության ակնհայտ լինելը համարելու մասին պահանջները` պարտատիրոջ կողմից համապատասխան դիմում ներկայացնելու համար:

Այսինքն` Վճռաբեկ դատարանի գնահատմամբ` պարտատիրոջ կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածով սահմանված տնօրինչականության սկզբունքից ելնելով միայն դատական ակտի կատարումը տարաժամկետելու մասին դիմումը ինքնին բավարար է` այն բավարարելու համար, եթե դատական ակտը ներկայացվել է հարկադիր կատարման:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ դատական ակտի կատարումը հետաձգելու կամ տարաժամկետելու մասին դիմումը պահանջատիրոջ կողմից ներկայացվելու դեպքում դիմումի հետ միաժամանակ պարտապանների` պահանջին համարժեք ապահովում տրամադրելու մասին պատրաստակամությունը և հարկադիր կատարման անհրաժեշտության բացակայության ակնհայտ լինելը հիմնավորող ապացույցներ ներկայացնելու մասին պարտադիր կանոնը կիրառելի չէ:

 

Սույն գործով Բանկը, Դատարանի 07.02.2018 թվականի վճռի հիման վրա` յուրաքանչյուր պարտապանի մասով տրված կատարողական թերթերի հիմքով հանդիսանալով պահանջատեր, դիմում է ներկայացրել Դատարան 07.02.2018 թվականի վճռի կատարումը տարաժամկետելու մասին` նշելով, որ պարտապան Արտակ Ավալյանը դիմում-պարտավորագիր է ներկայացրել Բանկին` պարտավորության կատարումը տարաժամկետելու համար, որի հիման վրա Բանկը դադարեցրել է վարկի մայր գումարի և տոկոսագումարի վրա հաշվեգրվող տուժանքի հետագա հաշվարկը (այդ մասով պահանջը ներվել է): Միաժամանակ Բանկը կցել է պարտապան Արտակ Ավալյանի դիմում-պարտավորագիրը:

Պարտապան Արտակ Ավալյանի` Բանկին հասցեագրված դիմում-պարտավորագրի հետազոտումից հետևում է, որ վերջինս խնդրել է նաև հնարավորություն տալ վճարելու վճռում նշված վարկի գումարը դիմումում ներկայացված ժամանակացույցին համապատասխան, ինչպես նաև` կատարողական թերթը կատարման ներկայացված լինելու դեպքում դիմում ներկայացնել Դատարան դատական ակտի կատարումը տարաժամկետելու նպատակով:

Դատարանը, պատճառաբանելով, որ Դատարան է ներկայացվել միայն Արտակ Ավալյանի ստորագրած դիմում-պարտավորագրի պատճենը և չի ներկայացվել որևէ այլ ապացույց, որով կհիմնավորվի պարտապանի (պարտապանների) կողմից պահանջին համարժեք ապահովում տրամադրելու փաստը, ինչպես նաև` դատական ակտը կամովին կատարվելու ակնհայտությունն ու հարկադիր կատարման անհրաժեշտության բացակայությունը, գտել է, որ միայն այդ հիմքերի առկայության պարագայում է, որ Դատարանը կարող է հետաձգել կամ տարաժամկետել դատական ակտի կատարումը, ու որոշում է կայացրել դիմումը մերժելու մասին:

Վերաքննիչ դատարանը, Դատարանի դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ, պատճառաբանել է, որ Բանկը դիմումին կից ներկայացրել է միայն պարտապան Արտակ Ավալյանի դիմում-պարտավորագիրը, մինչդեռ Դատարանի 07.02.2018 թվականի վճռով պարտապաններ են նաև Արթուր Լալայանը, Կարեն Գրիգորյանը և Վարդան Գրիգորյանը, այսինքն` տվյալ դեպքում բացակայել են դատական ակտի կատարումը տարաժամկետելու օրենքով սահմանված հիմքերը, հետևաբար դատական ակտի կատարումը տարաժամկետելու դիմումը մերժելու վերաբերյալ Դատարանի եզրահանգումը իրավաչափ է: Միևնույն ժամանակ Վերաքննիչ դատարանը նաև պատճառաբանել է, որ Բանկի կողմից ներկայացվել է Արտակ Ավալյանի դիմում-պարտավորագրի պատճենը, որը բովանդակում է «իսկականի հետ ճիշտ է» նշում և անհայտ անձի կողմից կատարված ստորագրություն, մինչդեռ դիմում-պարտավորագրի պատճենը չի կարող ծառայել որպես դատական ակտի կատարումը տարաժամկետելու մասին դիմումը բավարարելու համար օրենսդրորեն սահմանված պայմանների միաժամանակյա առկայության հիմնավորմանը, քանի որ պատճեն է, իսկ «իսկականի հետ ճիշտ է» գրառումը հաստատող ստորագրությունը կատարվել է անհայտ անձի կողմից, դիմում-պարտավորագրի պատճենի բովանդակությունից հնարավոր չէ հետևություն անել ինչպես պարտապանի կողմից պահանջատիրոջը պահանջին համարժեք ապահովում տրամադրելու պատրաստակամության, այնպես էլ ողջամիտ ժամկետում դատական ակտը կամովին կատարվելու ողջամիտ հնարավորությամբ պայմանավորված հարկադիր կատարման անհրաժեշտության բացակայության ակնհայտության մասին:

Վերը նշված իրավական դիրքորոշումների համատեքստում գնահատելով Վերաքննիչ դատարանի վերը նշված հիմնավորումները` Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ Վերաքննիչ դատարանը սխալ է կիրառել Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասը և ոչ իրավաչափորեն է մերժել Բանկի վերաքննիչ բողոքը, անտեսելով, որ վերջինս, որպես կատարողական թերթում նշված պահանջատեր դիմում է ներկայացրել կատարողական թերթ տված դատարան` դատական ակտի կատարումը տարաժամկետելու մասին: Ընդ որում պահանջատեր Բանկն իր դիմումին կցել է նաև համապարտ պարտապաններից Արտակ Ավալյանի դիմումը, որով Արտակ Ավալյանը պատրաստակամություն է հայտնել վճարելու վճռում նշված վարկի գումարը ժամանակացույցին համապատասխան, ինչպես նաև պահանջատիրոջ դիմումը, որով վերջինս հայտնել է վարկի մայր գումարի և տոկոսագումարի վրա հաշվեգրվող տուժանքի հետագա հաշվարկը դադարեցնելու, այդ մասով պահանջը ներված լինելու մասին:

Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանը գտել է, որ Բանկի վրա չպետք է դրվեր պարտականություն ներկայացնելու Արտակ Ավալյանի դիմում-պարտավորագրի բնօրինակը, ինչպես նաև ապացույցներ առ այն, որ սույն գործով համապարտ պարտապանների (Համապատասխանողներ) մոտ առկա է դատական ակտը ողջամիտ ժամկետում կամովին կատարելու մտադրություն, քանի որ Բանկը, տվյալ իրավահարաբերությունում պահանջատեր լինելու հանգամանքով պայմանավորված, իրականացրել է իր տնօրինչական իրավունքը` հնարավորություն տալով Համապատասխանողներին պարտավորությունը կատարել տարաժամկետ կարգով` առանց պարտավորության բարեխիղճ կատարումը ապահովող լրացուցիչ իրավական միջոցներ նախատեսելու:

Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությանը, որ Բանկը դիմումին կից ներկայացրել է միայն պարտապան Արտակ Ավալյանի դիմում-պարտավորագիրը, մինչդեռ Դատարանի 07.02.2018 թվականի վճռով պարտապաններ են նաև Արթուր Լալայանը, Կարեն Գրիգորյանը և Վարդան Գրիգորյանը, ուստի տվյալ դեպքում բացակայել են դատական ակտի կատարումը տարաժամկետելու օրենքով սահմանված հիմքերը, ապա այդ մասով Վճռաբեկ դատարանն արձանագրել է հետևյալը.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 360-րդ հոդվածի համաձայն` այն դեպքում, երբ պարտավորությանը մասնակցում են մի քանի պարտատեր կամ մի քանի պարտապան, պարտատերերից յուրաքանչյուրն իրավունք ունի պահանջել կատարելու պարտավորությունը, իսկ պարտապաններից յուրաքանչյուրը պարտավոր է այն կատարել մյուսների հետ հավասար բաժնով, եթե այլ բան չի բխում օրենքից, այլ իրավական ակտերից կամ պարտավորության պայմաններից:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` համապարտ պարտականությունը (պատասխանատվությունը) կամ համիրավ պահանջը ծագում է, եթե պարտականության համապարտությունը կամ պահանջի համիրավությունը նախատեսված է պայմանագրով կամ սահմանված է օրենքով, մասնավորապես, եթե անբաժանելի է պարտավորության առարկան:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 362-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պարտապանների համապարտ պարտականության դեպքում պարտատերն իրավունք ունի, ինչպես բոլոր պարտապաններից համատեղ, այնպես էլ յուրաքանչյուրից պահանջել կատարելու պարտավորությունն ինչպես լրիվ, այնպես էլ պարտքի մի մասով:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 362-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` համապարտ պարտապաններից մեկից լրիվ բավարարում չստացած պարտատերն իրավունք ունի չստացած մասը պահանջել մյուս համապարտ պարտապաններից, իսկ նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` համապարտ պարտապանները պարտական են մնում այնքան ժամանակ, քանի դեռ պարտավորությունը լրիվ չի կատարվել:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 364-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պարտապաններից մեկի կողմից համապարտ պարտականությունը լրիվ կատարելը մնացած պարտապաններին ազատում է պարտատիրոջ հանդեպ պարտականությունը կատարելուց:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 424-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պատշաճ կատարումը դադարեցնում է պարտավորությունը:

Տվյալ դեպքում, ինչպես արդեն վերը նշվեց, Դատարանը վճռով որոշված գումարը Համապատասխանողներից բռնագանձել է համապարտության կարգով, որպիսի հանգամանքը Վճռաբեկ դատարանի համար հիմք է արձանագրելու, որ սույն գործով կողմերի միջև կնքված պայմանագրերի ուժով պարտավորությանը մասնակցել են մի քանի համապարտ պարտապաններ, ուստի տվյալ իրավահարաբերությունում որպես պարտատեր հանդես եկող Բանկն իրավունք ուներ, ինչպես բոլոր պարտապաններից համատեղ, այնպես էլ յուրաքանչյուրից պահանջել կատարելու պարտավորությունն ինչպես լրիվ, այնպես էլ պարտքի մի մասով:

Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ սույն գործով Համապատասխանողների պարտավորությունն այնուամենայնիվ միանձնյա կատարելու պատրաստակամություն է հայտնել միայն Արտակ Ավալյանը: Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վերջինիս կողմից պարտավորությունը լրիվ կատարվելու դեպքում մյուս համապարտ պարտապանների (Համապատասխանողների) համար Բանկի հանդեպ պարտավորությունը կդադարի:

Հաշվի առնելով վերոգրյալը և դրանք համադրելով որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների հետ` Վճռաբեկ դատարանը փաստել է, որ Բանկը, օգտվելով Օրենքի 22-րդ հոդվածով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 360-362-րդ հոդվածներով, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածով սահմանված տնօրինչականության սկզբունքից, ներկայացրել է իրավաչափ դիմում, որը ենթակա էր բավարարման, ինչն անտեսվել է և՛ Դատարանի, և՛ Վերաքննիչ դատարանի կողմից:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտել է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտել է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

i

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտել է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունել որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

Հատուկ կարծիքի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանի որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի հետ համաձայն չենք հետևյալ պատճառաբանությամբ.

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքն ուղղված լինելով Հայաստանի Հանրապետության իրավակարգի առանցքային ինստիտուտի` օրինական ուժի մեջ մտած դատական ակտի պարտադիրությանը և կատարման ապահովմանը, կատարողական վարույթում պարտատեր և պարտապան հանդիսացող անձանց համար հնարավորություն է տվել դիմել դատարան` հետաձգելու, տարաժամկետելու, փոփոխելու կատարման ենթակա դատական ակտի կատարման կարգն ու եղանակը: Ընդ որում, այդպիսի դիմումի քննարկումը օրենսդիրը վերապահել է յուրաքանչյուր դեպքում հարկադիր կատարման ենթակա դատական ակտի վերաբերյալ կատարողական թերթ տված դատարանին, քանի որ կախված այդ հանգամանքից է որոշվում է համապատասխան (քաղաքացիական, վարչական, քրեական) դատավարության օրենսգրքով սահմանված դիմումի քննության կարգը և ծավալը: Այսինքն` դատական ակտի հետաձգման կամ տարաժամկետման դեպքում դատարանի կողմից առաջնահերթ ենթակա է պարզման հետևյալ հարցը` արդյո՞ք դատական ակտի կատարման հետաձգումը հնարավոր է մինչև կատարողական թերթը կատարման ներկայացնելը և կատարողական վարույթ հարուցելը: Նման իրավակարգավորումն ինքնանպատակ չէ, քանի որ ի տարբերություն քրեադատավարական օրենքով նախատեսված դատական ակտի կայացման փուլում դրա կատարման հետաձգման, քաղաքացիական և վարչական դատավարության օրենսգրքերը նման հնարավորություն չեն նախատեսել դատական ակտի կատարման փուլում, սակայն թույլ են տվել կատարողական վարույթում` կատարողական վարույթում կնքված հաշտության քննարկման վարույթ, որի արդյունքում կարող է փոփոխվել հարկադիր կատարման ենթակա դատական ակտը:

Սույն գործի փաստերից հետևում է, որ մինչև օրինական ուժի մեջ մտած դատական ակտի հիման վրա կատարողական թերթը կատարման ներկայացնելը քաղաքացիական գործով հայցվորը և համապարտ պարտապաններից մեկը` համաձայնության են եկել դատական ակտի կատարման` օրինական ուժի մեջ մտած վճռի պայմաններից տարբերվող պայմանով: Ստացված կատարողական թերթը դատարան ներկայացված չլինելու և ի սկզբանե դատական ակտի կատարումը հետաձգված չլինելու պայմաններում ի վերջո բաց է մնում ստացված կատարողական թերթը կատարման ներկայացնելու մեկ տարվա ժամկետի հարցը, քանի որ դատական ակտի կատարման տարաժամկետումն ինքնաբերաբար չի երկարացնում կատարողական թերթը կատարման ներկայացնելու ժամկետը: Հետևաբար քաղաքացիական դատավարության օրենսգրքի` դատական ակտին վերաբերող իրավակարգավորումներից և «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի իրավակարգավորումներից եզրակացնում ենք, որ քաղաքացիական գործով կայացված դատական ակտի կատարման հետաձգում` դատական ակտի կայացման փուլում, ինչպես նաև մինչև կատարման ներկայացնելն օրենքով նախատեսված չէ, հետևաբար կատարողական թերթի կատարման ներկայացնելու մեկ տարվա սահմանված ժամկետը գործելու պայմաններում ակնհայտ է դառնում, որ քաղաքացիական դատավարության կարգով կայացված դատական ակտի կատարման հետաձգումը, տարաժամկետումը կամ կատարման կարգի ու եղանակի փոփոխումը կարող է քննարկվել բացառապես հարուցված կատարողական վարույթի պայմաններում: Ինչ վերաբերվում է քաղաքացիական իրավունքների իրականացման և պաշտպանության տնօրինչականության սկզբունքին, ապա պետք է նկատենք, որ ստորադաս դատարանների կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով ամրագրված սկզբունքի խախտում չի կատարվել, քանի որ առկա չէ դատական ակտով որոշված պարտավորության կատարման փոփոխություն ի վնաս պահանջատիրոջ կամ վերջինիս կողմից հրաժարված պահանջի իրավունքի պայմաններում այդ ծավալով պարտավորության հարկադիր կատարում:

Վճռաբեկ դատարանը, որոշման եզրափակիչ մասում, բեկանելով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշումը և դիմումը բավարարելով, սահմանել է պարտավորության տարաժամկետ կատարման ժամանակացույց 2019 թվականի ժամանակահատվածի համար, չունենալով որևէ հիմնավորում կամ ապացույց այն մասին թե ի վերջո տվյալ դատական ակտը կամավոր կամ հարկադիր կատարվել է, թե ոչ, կամ արդյոք դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու օրվանից հետո մեկ տարվա ընթացքում ի վերջո կատարողական թերթը ներկայացվել է կատարման թե ոչ: Նման պայմաններում բացառված չէ նաև, որ տարաժամկետվել է արդեն իսկ կատարված դատական ակտը:

Վերոգրյալի հիման վրա գտնում ենք, որ վճռաբեկ բողոքը պետք է մերժել, իսկ Վերաքննիչ դատարանի դատական ակտը պետք է անփոփոխ թողնել` փոփոխելով դատական ակտի պատճառաբանությունները:

 

Դատավորներ` Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Տ. Պետրոսյան

 

Հրապարակվել է www.datalex.am կայքէջում` 25 նոյեմբերի 2021 թվական:

 

 

pin
Վճռաբեկ դատարան
25.11.2021
N ՏԴ/0956/02/17
Որոշում